ՄԻ ՕՐ

     Մի օր առավոտ կանուխ, մենության մեջ մտորելուց հոգնած, դուրս եկա իմ կացարանից և գնացի կյանքի ետնախորշերում դեգերողների մոտ, որ տեսնեմ՝ իրենք էլ են մեզ նմա՞ն, և ցավով պարզեցի, որ ոչ թե իրենք մեզ, այլ մենք ենք իրենց նման, և շարունակելով ընթացքս կեսօրին հասա հոգեբուժարան, և աշխարհից մերժվածները ինձ գրկաբաց՝ որպես յուրային ընդունեցին, և ես տեսա, որ մեր ու իրենց տարբերությունը միայն թղթի վրա է, և, երբ արդեն վերջնականապես մտերմացել էինք, եկավ հոգեբուժարանի վերակացուն և ախտորոշումս հավաստող փաստաթղթերի բացակայության պատճառաբանությամբ դուրս հրավիրեց, և մտամոլոր քայլերս երեկոյան տարան ինձ շքեղ դղյակները, և ես նրանց բնակիչների հետ սեղան նստեցի, գինի խմեցի և պարզեցի, որ իրենք ու մենք նույնն միս ու արյունից ենք, պարզապես մեր դավանած Կուռք-Աստվածներն են տարբեր, և կեսգիշերին վերադարձա իմ մենավոր խուցն ու բարոյականության մասին անավարտ մենագրությունս տեղավորեցի դարակում վաղուց փոշեկոլոլ մյուս հորինվածքներիս կողքը և լուսաբացի սպասումում աչքերս փակեցի:

2024 Հունիս