ԿԵԿՐՈՊՍ (1), ԷՐԻՔԹՈՆԻՈՍ ԵՎ ԷՐԵՔԹԵՎՍ(2)

     Մեծ Աթենքի և նրա Ակրոպոլիսի հիմնադիրը երկրածին Կեկրոպսն է: Երկիրը նրան ծնել է իբրև կես մարդ ու կես օձ: Նրա մարմինն ավարտվում է օձային վիթխարի պոչով: Կեկրոպսը Աթենքը հիմնադրեց Ատտիկայում այն ժամանակ, երբ ամբողջ երկրի իշխանության համար վեճի մեջ էին ծովի աստված երկրասասան Պոսեյդոնը և ռազմաշունչ աստվածուհի Աթենասը՝ Զևսի սիրելի դուստրը: Այդ վեճը լուծելու համար բոլոր աստվածները, իրեն՝ մեծն շանթարձակ Զևսի գլխավորությամբ, հավաքվեցին աթենական Ակրոպոլիսում: Աստվածների և մարդկանց տիրակալը դատի կանչեց նաև Կեկրոպսին, որպեսզի նա վճռի, թե ո՛ւմ է պատկանելու Ատտիկայի իշխանությունը: Օձոտն Կեկրոպսը ներկայացավ դատի: Աստվածները վճռեցին Ատտիկայի իշխանությունը տալ նրան, ով երկրին առավել բարձրարժեք պարգև կտա։ Հարվածեց ապառաժին երկրասասան Պոսեյդոնն իր եռաժանիով և ապառաժից ծովային աղի ջրի աղբյուր հորդեց, իսկ Աթենասը երկրի մեջ մխրճեց իր շողշողուն նիզակը և հողից արգասաբեր ձիթենի բուսնեց: Եվ այդ ժամանակ խոսեց Կեկրոպսը.
     - Օլիմպոսի լուսապայծառ աստվածնե՛ր, ամենուրեք ծփում են անծայրածիր ծովի աղի ջրերը, բայց ոչ մի տեղ առատ պտուղներ տվող ձիթենի չկա: Աթենասին է պատկանում ձիթենին, որ հարստություն կտա բովանդակ երկրին և բնակիչներին կմղի դեպի երկրագործի աշխատանքը, արգասաբեր հողի մշակումը: Մեծագույն բարիք է տալիս Աթենասն Ատտիկային, ուրեմն՝ թող նրա՛ն պատկանի ողջ երկրի իշխանությունը:
     Օլիմպացի աստվածները Աթենաս-Պալլասին վերապահեցին Կեկրոպսի հիմնադրած քաղաքի և բովանդակ Ատտիկայի իշխանությունը Եվ այդ ժամանակից ի վեր Կեկրոպսի հիմնած քաղաքը, Զևսի սիրելի դստեր պատվին, սկսեց Աթենք կոչվել: Կեկրոպսը Աթենքում կանգնեցրեց առաջին սրբավայրը՝ նվիրված քաղաքի պաշտպան Աթենասին և նրա հորը՝ Զևսին, Կեկրոպսի դուստրերը եղան Աթենքի առաջին քրմուհիները: Կեկրոպսն աթենացիներին օրենքներ տվեց և հիմնեց ամբողջ պետությունը: Նա՛ եղավ Ատտիկայի առաջին արքան:
     Կեկրոպսի փոխանորդը Էրիքթոնիոսը եղավ՝ կրակի աստված Հեփեստոսի որդին: Նա էլ, ինչպես Կեկրոպսը, երկրի ծնունդ էր: Գաղտնիքներով լի է նրա ծնունդը: Երբ ծնվեց, Աթենաս աստվածուհին նրան առավ իր հովանավորության ներքո, և նա աճեց ու հասունացավ աստվածուհու սրբավայրում: Նորածին Էրիքթոնիոսին Աթենասը դրեց հյուսած զամբյուղի մեջ, որ ամուր փակվող կափարիչ ուներ: Երկու օձ պիտի պահպանեին Էրիքթոնիոսին: Պահպանում էին նաև Կեկրոպսի դուստրերը: Աթենասը խիստ արգելել էր նրանց վեր առնել զամբյուղի կափարիչը. նրանք չպիտի տեսնեին երկրից խորհրդավոր կերպով ծնունդ առած նորածին մանկանը: Հետաքրքրությունը տանջում էր Կեկրոպսի աղջիկներին, նրանք ուզում էին գեթ մեկ անգամ նայել Էրիքթոնիոսին:
     Մի անգամ Աթենասը հեռացել էր Ակրոպոլիսի իր սրբավայրից, որպեսզի Պալենեից բերի այն լեռը, որ նա վճռել էր Ակրոպոլիսի մոտ դնել նրա պաշտպանության համար: Երբ աստվածուհին լեռը բերում էր դեպի Աթենք՝ նրան ընդառաջ ճախրեց մի ագռավ և հայտնեց, որ Կեկրոպսի դուստրերը բաց են արել էրիքթոնիոսի զամբյուղը և նայել խորհրդավոր նորածնին: Ահեղորեն զայրացավ Աթենասը. դեն նետեց լեռը և մի ակնթարթում հայտնվեց Ակրոպոլիսի իր սրբավայրում: Աթենասը դաժանորեն պատժեց Կեկրոպսի դուստրերին. սրանք ցնորվեցին և, փախչելով սրբավայրից, ցած նետվեցին Ակրոպոլիսի ուղղադիր ժայռերից և ջարդ ու փշուր եղան: Այդ ժամանակից ի վեր Աթենասն ինքն էր հսկում Էրիքթոնիոսին, Իսկ այն լեռը, որ Աթենասը դեն էր նետել, այդպես էլ մնաց նույն այդ տեղում, ուր ագռավն աստվածուհուն իմաց էր արել Կեկրոպսի դուստրերի վատթար արարքի մասին. հետագայում այդ լեռը Լիկարետոս անունը ստացավ: Առնացավ Էրիքթոնիոսը, դարձավ Աթենքի արքան և իշխեց այնտեղ բազում տարիներ: Նա հիմնեց հնագույն տոնախմբությունը Աթենասի պատվին՝ Պանաթենականքը (3):
     Էրիքթոնիոսն առաջինն էր, որ նժույգներ լծեց երկանվին և երկանվի մրցախաղի օրինակ տվեց Աթենքում:
     Էրիքթոնիոսի հետնորդը եղավ Աթենքի արքա Էրեքթևսը:
     Նրան վիճակվեց ծանր պատերազմ մղել ընդդեմ Էլևսիս քաղաքի, որին օգնության էր հասել` թրակիական Էվմոլպոս արքայի որդին՝ Իմմարադոսը:
     Այդ պատերազմը տարաբախտ վախճան ունեցավ Էրեքթևսի համար: Իմմարադոսը և թրակիացիները նրան ավելի ու ավելի էին նեղում: Ի վերջո Էրեքթևսը վճռեց դիմել Դելփիքում գտնվող Ապոլոնի գուշակին՝ իմանալու, թե ի՛նչ գնով կարող է հաղթանակի հասնել: Ահավոր պատասխան տվեց Պիթիան: Ասաց Էրեքթևսին, որ Իմմարադոսի դեմ հաղթանակ կտանի այն դեպքում միայն, երբ աստվածներին զոհաբերի իր դուստրերից որևէ մեկին: Էրեքթևսը Դելփիքից վերադարձավ այդ սոսկալի պատասխանով: Արքայի դեռատի դուստրը՝ Քթոնիան, տոգորված հայրենիքի սիրով, իմանալով Պիթիայի պատասխանը, հայտարարեց, որ պատրաստ է զոհաբերել` իր կյանքը` հանուն հարազատ` Աթենքի: Խորապես վշտացած դստեր ճակատագրով, Էրեքթևսը նրան զոհաբերեց աստվածներին: Միայն Աթենքը` փրկելու տենչանքն էր, որ նրան ստիպեց դիմել այդպիսի զոհաբերության:
     Քթոնիային զոհաբերելուց շատ չանցած՝ տեղի ունեցավ ճակատամարտը։ Մարտի թեժ պահին դեմ առ դեմ ելան Էրեքթևսն ու Իմմարադոսը և մենամարտի բռնվեցին: Երկար մարտնչեցին հերոսները: Նրանք չէին զիջում միմյանց ո՛չ զորությամբ, ո՛չ զենք բանեցնելով, ո՛չ էլ խիզախությամբ: Վերջապես հաղթանակ տարավ Էրեքթևսը և իր նիզակով մահացու վերք հասցրեց Իմմարադոսին: Տրտմեց Իմմարադոսի հայրը՝ Էվմոլպոսը, և Պոսեյդոն աստծուն աղերսեց վրեժխնդիր լինել էրեքթևսից՝ որդու սպանության համար: Ծովի փոթորկածուփ ալիքների վրայով Պոսեյդոնն իր երկանվով սուրաց Ատտիկա: Ճոճեց իր եռաժանին և սպանեց Էրեքթևսին: Այդպես, իր հայրենիքը պաշտպանելիս զոհվեց Էրեքթևսը: Զոհ գնացին նաև Էրեքթևսի բոլոր զավակները: Նրա դուստրերից միայն մեկը՝ Կրեուսան, կենդանի մնաց, միայն նրան խնայեց անագորույն ճակատագիրը:

ԿԵՓԱԼՈՍ ԵՎ ՊՐՈԿՐԻՍ

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Կեփալոսը Հերմես աստծու և Կեկրոպսի դստեր՝ Հերսեի որդին էր: Բովանդակ Հունաստանում հեռու էր տարածվել Կեփալոսի հրաշք գեղեցկության համբավը։ Նա նաև անխոնջ որսորդի փառք էր վայելում: Վաղ առավոտյան, դեռ արևը չծագած, նա լքում էր իր պալատն ու դեռատի կնոջը՝ Պրոկրիսին, և որսի գնում Հիմետոսի լեռները:
     Մի անգամ սիրունատես Կեփալոսին նկատեց արշալույսի բոսորամատն Էոսը, հափշտակեց նրան ու Աթենքից հեռու տարավ, դեպի երկրի ամենահեռավոր ծայրամասը: Իսկ Կեփալոսը միայն Պրոկրիսին էր սիրում, միայն նրա մասին էր մտածում։ Պրոկրիսի անունը չէր իջնում նրա շուրթերից: Անհունորեն կարոտում էր կնոջը և Էոս դիցուհուն աղերսում թողնել իրեն, որ կրկին Աթենք գնա։ Զայրացավ Էոսը և այսպես ասաց Կեփալոսին.
     - Լա՛վ, ե՛տ գնա Պրոկրիսի մոտ, այլևս մի՛ տրտնջա ճակատագրիցդ, կգա ժամանակ և դու կզղջաս, որ Պրոկրիսը քո կինն է, կզղջաս մինչև իսկ նրան ճանաչած լինելուդ համար: Օ՜, ես կանխատեսում եմ, որ այդպես էլ կլինի:
     Էոսն ազատ արձակեց Կեփալոսին։ Հրաժեշտ տալով՝ նա համոզեց նրան փորձել կնոջ հավատարմությունը: Աստվածուհին փոխեց Կեփալոսի արտաքինը և նա, առանց ճանաչվելու, վերադարձավ Աթենք: Խորամանկությամբ իր տուն թափանցեց Կեփալոսը՝ և կնոջը` գտավ խորունկ վշտով համակված: Անգամ վշտի մեջ գեղեցիկ էր Պրոկրիսը: Կեփալոսը խոսեց կնոջ հետ և երկար թախանձեց մոռացության տալ ամուսնուն, լքել նրան և իր կինը դառնալ: Չճանաչեց Պրոկրիսն իր ամուսնուն: Երկար ժամանակ լսել անգամ չէր ուզում անծանոթին և կրկնում էր շարունակ.
     - Ես միայն Կեփալոսին եմ սիրում և հավատարիմ կմնամ նրան: Ո՛ւր էլ որ լինի, կենդանի թե մեռած, ես հավիտյա՜ն հավատարիմ կմնամ նրան:
     Ի վերջո, մեծամեծ պարգևներով Կեփալոսը վարանմունքի մեջ գցեց նրան: Պրոկրիսն արդեն` պատրաստ էր ենթարկվել նրա աղերսանքներին: Եվ այդ ժամանակ, իր իսկական կերպարանքն ընդունելով, գոչեց Կեփալոսը.
     - Անհավատարիմ կի՛ն: Ես քո ամուսինն եմ, Կեփալոսը: Ի՛նքս եմ քո անհավատարմության վկան։
     Պրոկրիսը` ոչինչ չպատասխանեց ամուսնուն: Ամոթանքից գլուխը մինչև գետին խոնարհած, նա լքեց Կեփալոսի տունը և գնաց անտառապատ լեռները: Այնտեղ Արտեմիս աստվածուհու ուղեկցորդը դարձավ: Դիցուհուց նա նվեր ստացավ մի զարմանահրաշ նիզակ, որ մշտապես նպատակին էր դիպչում ու կրկին ետ թռչում նետողի մոտ, և Լայլապոս անունով մի շուն, որից ոչ մի վայրի գազան փրկություն չուներ:
     - Կեփալոսն ուժ չունեցավ` երկար` դիմանալու Պրոկրիսից անջատ ապրելուն: Անտառների մեջ փնտրեց կնոջը, գտավ ու հորդորեց ետ գալ: Վերադարձավ Պրոկրիսն ամուսնու մոտ, և նրանք երկար ժամանակ երջանիկ կյանք վարեցին: Իր զարմանահրաշ նիզակը և Լայլապոս շունը Պրոկրիսը նվիրեց ամուսնուն, որն առաջվա պես, դեռ արևը չծագած, որսի էր գնում։ Մեն-մենակ, առանց ուղեկցորդների, որս էր անում Կեփալոսը: Օգնականների պետք չուներ, քանի որ իր հետ էին զարմանահրաշ նիզակն ու Լայլապոս շունը: Մի անգամ վաղ առավոտից որսի էր ելել Կեփալոսը. կեսօրին, երբ վրա հասավ կիզիչ տապը, նա սկսեց ապաստան որոնել այդ անտանելի տապից: Դանդաղաքայլ գնում էր Կեփալոսը ու երգում.
     - Օ՜, քաղցր հովիկ, շուտ ինձ մոտ արի, զովացրո՛ւ իմ բաց կուրծքը: Փութա ինձ մոտ, երանելի՛ զով, և ցրի՛ր կիզիչ տապը: Օ՜, երկնային, դո՜ւ ես իմ խնդությունը, դո՜ւ ես կենդանություն տալիս ինձ և ամրացնում: Օ՜, թույլ տուր ըմպել քո ախորժելի շունչը։
     Աթենացիներից մեկը, լսելով` Կեփալոսի երգը և չկռահելով դրա իմաստը, Պրոկրիսին հաղորդեց լսածը, թե ինչպես է նրա ամուսինն անտառում կանչում ինչ-որ Հովիկ հավերժահարսի: Տրտմեց Պրոկրիսը, կարծեց, թե Կեփալոսն այլևս իրեն չի սիրում, մեկ ուրիշի սիրույն մոռացության է տվել իրեն: Մի անգամ, երբ Կեփալոսը որսի էր գնացել, Պրոկրիսը գաղտագողի գնաց անտառ և փարթամորեն աճած թփուտներում թաքնված, սպասեց, թե ե՛րբ կերևա ամուսինը: Ահա և Կեփալոսը հայտնվեց ծառերի միջև: Նա էլի երգում էր բարձրաձայն.
     - Օ՜, քնքշալի հովիկ, արի՜ և ի չիք դարձրու իմ հոգնությունը:
     Հանկարծ սառավ տեղում ` Կեփալոսը, նրա ականջին հասավ մի ծանրագին հառաչանք: Ականջ դրեց Կեփալոսը, բայց ոչ մի շշուկ չէր լսվում անտառում, կեսօրվա տապին ոչ մի տերև չէր տատանվում: Եվ կրկին երգեց Կեփալոսը.
     - Փութա՛ ինձ մոտ, բաղձալի՛ հովիկ։
     Հենց որ կրկին հնչեց այս խոսքը, ինչ-որ խշխշոց եկավ թփուտների միջից: Կեփալոսը, կարծելով, թե որևէ վայրի գազան է թաքնվել այնտեղ, դեպի թփուտները նետեց իր անվրեպ նիզակը: Բարձր ճչաց կրծքից խոցված Պրոկրիսը: Կեփալոսը ճանաչեց նրա ձայնը: Նետվեց թփուտների մեջ և այնտեղ գտավ իր կնոջը: Կուրծքը` ողողվել էր արյամբ, մահացու էր սոսկալի վերքը: Կեփալոսը փութաց կապել վերքը, բայց ամեն ինչ իզուր էր: Վախճանվում էր Պրոկրիսը: Մահվանից առաջ նա ասաց ամուսնուն.
     - Օ՜, Կեփալոս, հանուն մեր ամուսնական կապերի սրբության, հանուն Օլիմպոսի և ստորերկրյա աստվածների, որոնց մոտ ես հիմա իջնում եմ, հանուն իմ սիրո, թույլ մի՛ տուր, որ մեր տունը մտնի նա, որին դու հիմա կանչում էիր:
     Մահամերձ Պրոկրիսի խոսքից կռահեց Կեփալոսը, թե ի՛նչն է մոլորության մեջ գցել կնոջը: Նա շտապում է Պրոկրիսին` հասկացնել ճակատագրական սխալը: Ուժերը լքում են Պրոկրիսին, մահը մթագնում է աչքերը, քնքշագին ժպտալով Կեփալոսին՝ նա վախճանվում է ամուսնու ձեռքերի վրա: Վերջին համբույրի պահին նրա հոգին` թռավ դեպի Հադեսի խավարչտին թագավորությունը:
     Երկար ժամանակ անսփոփ մնաց Կեփալոսը: Իբրև սպանություն գործած՝ լքեց հայրենի Աթենքը և ապաստանեց յոթնադուռն Թեբեում: Այնտեղ նա օգնեց Ամփիտրիոնին որսալ տավտեսյան աղվեսին, որ անորսալի էր համարվում: Իբրև պատիժ, այդ աղվեսին Պոսեյդոնն էր ուղարկել թեբեցիներին: Յուրաքանչյուր ամիս այդ աղվեսին մի պատանյակ էին զոհաբերում, որպեսզի մի կերպ մեղմեն նրա կատաղությունը: Կեփալոսն աղվեսի վրա բաց թողեց իր Լայլապոս շանը: Սա հավերժորեն հետապնդելիս կլիներ աղվեսին, եթե ամպրոպային Զևսը քար չդարձներ և՛ աղվեսին, և՛ Լայլապոսին: Տավտեսյան աղվեսի որսից հետո Կեփալոսը մասնակցեց տելեբոյների դեմ Ամփիտրիոնի մղած պատերազմին, և իր խիզախության շնորհիվ նվաճեց Կեփալենիայի իշխանությունը, մի կղզի, որ այդպես կոչվեց նրա անունով, և այնտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը:

ՊՐՈԿՆԵ ԵՎ ՓԻԼՈՄԵԼԵ

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Աթենական արքա Պանդիոնը, Էրիքտոնիոսի հետնորդը, պատերազմ էր մղում իր քաղաքը պաշարած բարբարոսների դեմ: Նրա համար դժվար կլիներ Աթենքը պաշտպանել բարբարոսների մեծաքանակ զորաբանակից, եթե նրան օգնության չհասներ Թրակիայի թագավոր Թերևսը: Եվ նա հաղթանակ տարավ բարբարոսների դեմ ու քշեց Ատտիկայի սահմաններից։ Դրա համար Պանդիոնը` Թերևս արքային, որպես պարգև, կնության տվեց իր դստերը՝ Պրոկնեին: Իր երիտասարդ կնոջ հետ Թերևսը վերադարձավ Թրակիա: Շատ չանցած Թերևսն ու Պրոկնեն մի որդի ունեցան Թվում էր, թե մոյրաները` երջանկություն էին կանխատեսել Թերևսին ու նրա կնոջը:
     Թերևսի ամուսնությունից անցավ հինգ տարի: Մի անգամ Պրոկնեն աղերսանքով դիմեց ամուսնուն.
     - Եթե դու դեռ սիրում ես ինձ, ապա թույլ տուր, որ տեսնվեմ քրոջս հետ, կամ նրա՛ն մեզ մոտ բեր: Աթենք մեկնիր՝ քրոջս հետևից, խնդրիր իմ հորը, որ բաց թողնի նրան և խոստացիր, որ նա շուտ կվերադառնա: Քրոջ տեսնելն ինձ համար մեծագույն երջանկություն կլինի:
     Թերևսը պատրաստեց նավերը հեռավոր նավարկության համար, և շատ չանցած, հեռացավ Թրակիայից: Բարեհաջող հասավ Ատտիկայի ափերը: Փեսային հրճվանքով դիմավորեց Պանդիոնը և իր պալատը տարավ: Թերևսը դեռ չէր էլ հասցրել Աթենք` գալու նպատակի մասին խոսել, երբ պալատ մտավ Փիլոմելեն՝ Պրոկնեի քույրը, որ գեղեցկությամբ չէր զիջում չքնաղ հավերժահարսներին: Փիլոմելեի գեղեցկությունը շշմեցրեց` Թերևսին, համակեց կրքոտ սիրով դեպի չքնաղ աղջիկը: Եվ նա սկսեց աղերսել Պանդիոնին, որ` դստերը բաց թողնի քրոջ՝ Պրոկնեի մոտ հյուրընկալելու: Փիլոմելեի հանդեպ տածած սերն առավել համոզիչ էր դարձնում Թերևսի խոսքը: Իսկ Փիլոմելեն, չկռահելով, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրեն, նույնպես խնդրեց հորը, որ թույլ տա Պրոկնեի մոտ մեկնել: Վերջապես Պանդիոնը տվեց իր համաձայնությունը: Աղջկան ճանապարհելով դեպի հեռավոր Թրակիա, նա այսպես ասաց Թերևսին.
     - Քեզ եմ վստահում, Թերևս, դստերս: Անմահ աստվածների անունով երդվեցնում եմ քեզ, սատա՛ր եղիր նրան հոր նման: Շո՛ւտ ետ ուղարկիր Փիլոմելեին, չէ՞ որ նա է զառամյալիս միակ սփոփանքը:
     Պանդիոնը դիմեց նաև Փիլոմելեին.
     - Դո՛ւստր իմ, եթե սիրում ես քո զառամյալ հորը, շուտ ետ արի, ինձ միայնակ մի՛ թողնիր:
     Արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Պանդիոնն իր դստերը. թեև ծանր նախազգացումները տանջում էին նրան, այնուամենայնիվ, նա անկարող եղավ մերժել Թերևսին ու Փիլոմելեին:
     Պանդիոնի գեղանի դուստրն արդեն նավի վրա էր: Համերաշխ թափով թիավարները ծովը սուզեցին թիակները և նավն արագորեն բաց ծով դուրս եկավ: Ատտիկայի ափերն ավելի ու ավելի հեռու մնացին: Ցնծում է Թերևսը: Ցնծագին գոչում էր նա.
     - Ես հաղթանա՛կ տարա: Այստե՛ղ, ինձ հետ նավի վրա է իմ սրտի ընտրյալը, գեղանի Փիլոմելեն:
     Թերևսն աչքը չէր կտրում Փիլոմելեից և նրանից չէր հեռանում նավարկության ամբողջ ընթացքում: Ահա և երևացին Թրակիայի ափերը, տեղ հասան: Թրակիայի արքան Փիլոմելեին չտարավ իր պալատը: Նա աղջկան բռնությամբ մթին անտառը տարավ, հովվի հյուղակը, և պահեց այնտեղ գերության մեջ: Փիլոմելեի արցունքն ու աղերսանքը չշարժեցին նրա գութը: Տառապում էր Փիլոմելեն գերության մեջ, բազում անգամ կոչում իր քրոջն ու հորը, բազում անգամ դիմում մեծ օլիմպացի աստվածներին, բայց ապարդյուն անցան նրա աղերսանքներն ու գանգատները: Փիլոմելեն հուսահատության մեջ փետում էր վարսերը, կոտրատում ձեռքերը և ողբում իր ճակատագիրը.
     - Օ՜, անողորմ բարբարոս, - գոչեց նա, - քո գութը չշարժեցին ո՛չ հորս խնդրանքներն ու արտասուքը, ո՛չ էլ քրոջս հոգատարությունն իմ հանդեպ: Դու չպահեցիր քո ընտանեկան օջախի սրբությունը: Առ ուրեմն, Թերևս, իմ կյանքը, բայց իմացած եղիր՝ քո հանցագործ արարքին ականատես եղան մեծ աստվածները և, եթե նրանք դեռ զորություն ունեն, ապա դու արժանի հատուցում կստանաս: Ինքս կհայտնեմ այն ամենի մասին, ինչ գործեցիր: Ի՛նքս կգնամ ժողովրդի մեջ: Իսկ եթե ինձ այդ թույլ չտան այստեղ անել ինձ շրջապատող անտառները՝ ես հենց անտառնե՛րը կլցնեմ իմ գանգատներով. թող իմ բողոքին ունկնդի՛ր լինի երկնային հավերժական եթերը, թող աստվածնե՛րը լինեն ունկնդիր:
     Ահեղ զայրույթով լցվեց Թերևսն այդ սպառնալիքները լսելով: Դուրս քաշեց իր սուրը, ձեռքն առավ Փիլոմելեի վարսերը, կապեց նրան ու կտրեց լեզուն, որպեսզի Պանդիոնի տարաբախտ դուստրը ոչ ոքի չկարողանա տեղյակ պահել իր մեղսագործության մասին: Իսկ ինքը՝ Թերևսը, վերադարձավ Պրոկնեի մոտ: Սա հարցրեց ամուսնուն, թե որտեղ է քույրը, իսկ Թերևսն ասաց, թե քույրը վախճանվել է: Երկար ողբաց Պրոկնեն իբր թե մեռած Փիլոմելեին:
     Անցավ մի ամբողջ տարի: Տանջվում էր Փիլոմելեն գերության մեջ՝ անկարող իմաց տալու հորը կամ քրոջը, թե ո՛րտեղ է կալանել իրեն Թերևսը: Վերջապես նա գտավ Պրոկնեին իմաց տալու հնարը: Նստեց ջուլհակի հաստոցի առաջ, հյուսեց ծածկոցի վրա իր ամբողջ ահասարսուռ պատմությունը և այդ ծածկոցը գաղտնաբար Պրոկնեին ուղարկեց: Պրոկնեն բաց արեց այն և վրան հյուսված տեսավ քրոջ ահավոր պատմությունը: Սոսկումը պատեց նրան: Բայց արցունք չի գալիս Պրոկնեի աչքերից, ասես ինքնամոռացման մեջ ընկած, որպես խելակորույս, թափառում է նա պալատում և մտորում միայն այն այն, թե ինչպես պես պիտի վրեժխնդիր լինի Թերևսից:
     Հենց այն օրերն էին, երբ Թրակիայի կանայք անց էին կացնում Դիոնիսոսի տոնախմբությունը: Նրանց հետ միասին Պրոկնեն էլ անտառ մտավ: Լեռների լանջերին, սաղարթախիտ անտառում որոնեց ու գտավ այն հյուղակը, ուր ամուսինը Փիլոմելեին պահում էր գերության մեջ: Պրոկնեն ազատեց քրոջը և գաղտնաբար պալատ բերեց:
     - Հիմա արցունքի ժամանակը չէ, Փիլոմելե՛, - ասաց Պրոկնեն, - արցունքը մեզ օգնական չի՛ լինի: Մենք ոչ թե արցունքով, այլ սրո՛վ պետք է գործենք: Ես պատրաստ եմ ամենասոսկալի չարագործության, միայն թե վրեժխնդիր լինենք Թերևսից և՛ ինձ, և՛ քեզ պատճառած չարիքների համար: Ես պատրաստ եմ ամենաահավոր մահվան մատնել նրան:
     Հենց այն պահին, երբ Պրոկնեն ասում էր այս խոսքը, ներս մտավ նրա որդին:
     - Օ՜, որքա՜ն նման ես հորդ, - բացականչեց Պրոկնեն որդուն նայելով:
     Հանկարծ նա լռեց՝ հոնքերը դաժանորեն կիտելով: Մի սոսկալի չարագործություն հղացավ Պրոկնեն: Կրծքի տակ եռացող ցասումն էր նրան չարագործության մղում: Իսկ որդին վստահորեն մոտեցավ նրան, թաթիկներով գրկեց և ձգվեց դեպի մայրը՝ համբուրելու համար: Մի ակնթարթ գութը զարթնեց Պրոկնեի սրտում, աչքերում արցունքներ ցոլացին. նա փութաց ետ քաշվել որդուց, բայց քրոջը նայելուն պես կրծքի տակ կրկին պոռթկաց մոլեգին ցասումը: Եվ Պրոկնեն բռնեց որդու ձեռքից և տարավ պալատի հեռավոր սենյակը: Այնտեղ ձեռքն առավ սուրսայր սուրը, և երեսը դարձնելով, մխրճեց որդու կուրծքը: Պրոկնեն և Փիլոմելեն կտոր-կտոր արին տարաբախտ տղայի մարմինը, մի մասը եփեցին կաթսայի մեջ, մյուսը խորովեցին շշերի վրա շարած, և Թերևսի համար մի սոսկումնալի սեղան գցեցին: Ինքը՝ Պրոկնեն էր սպասարկում Թերևսին, իսկ սա, ոչինչ չկասկածելով, կերավ սիրասուն զավակի մարմնից պատրաստված ուտելիքը: Հացկերույթի ժամին Թերևսը մտաբերեց որդուն և հրամայեց իր մոտ կանչել նրան: Իսկ Պրոկնեն, հրճվելով իր վրեժխնդրությամբ, պատասխան տվեց.
     - Նա, ում կանչում ես, քո՛ մեջ է:
     Չհասկացավ նրա խոսքը Թերևսը, շարունակեց պնդել, որ իր մոտ կանչեն որդուն: Եվ այդ պահին վարագույրի հետևից հանկարծ դուրս եկավ Փիլոմելեն և Թերևսի երեսին շպրտեց որդու արնաթաթավ գլուխը: Սոսկումից ցնցվեց Թերևսը, կռահեց, թե ի՜նչ ահավոր է եղել իր հացկերույթը, Եվ նզովեց կնոջն ու Փիլոմելեին: Սեղանը ետ մղելով իրենից, վեր թռավ տեղից և, սուրը մերկացնելով, ընկավ Պրոկնեի ու Փիլոմելեի հետևից, որպեսզի սեփական ձեռքերով լուծի որդու սպանության վրեժը: Բայց Թերևսը չկարողացավ հասնել նրանց հետևից։ Թևեր աճեցին քույրերի վրա, նրանք թռչուններ դարձան: Փիլոմելեն՝ ծիծեռնակ, իսկ Պրոկնեն՝ սոխակ: Ծիծեռնակ-Փիլոմելեի կրծքին մնացել է և այն արյան բիծը, որ Թերևսի որդու արյունն է թողել: Իսկ Թերևսը հոպոպ դարձավ, գլխին մի մեծ կատար: Ինչպես ռազմաշունչ Թերևսի սաղավարտի վրա, հոպոպի գլխին ճոճվող կատարը ևս փետուրից է:

ԲՈՐԵԱՍ ԵՎ ՕՐԻԹԻԱ


     Ահավոր է Բորեասը, հյուսիսային անզսպելի քամու աստվածը: Մոլեգնաբար սուրում է երկրների ու ծովերի վրայով, իր ընթացքի մեջ առաջ բերելով ամենակործան փոթորիկներ: Մի անգամ, Ատտիկայի վրայով սուրալիս, Բորեասը տեսավ Էրեքթևսի դուստր Օրիթիային և սիրեց նրան։ Բորեասն աղերսեց Օրիթիային իր կինը դառնալ և թույլ տալ, որ տանի իր թագավորությունը՝ հեռավոր հյուսիս: Համաձայն չեղավ Օրիթիան. վախենում էր ահեղ ու անողորմ աստծուց։ Բորեասին մերժեց և Օրիթիայի հայրը՝ Էրեքթևսը: Բորեասի բոլոր խնդրանքները, բոլոր աղերսանքները ապարդյուն անցան։ Զայրացավ ահեղ աստվածը և գոչեց.
     - Ես արժանի՞ եմ այդպիսի ստորացման: Ես մոռացության էի տվել իմ ահեղ, մոլեգին ուժը: Վայե՞լ է ինձ հլու-հնազանդ աղերսել որևէ մեկին: Ես միայն ուժով է, որ պիտի գործեմ: Ե՛ս եմ հալածում երկնքով մեկ ամպրոպաբեր ամպերը, ե՛ս եմ լեռնակուտակ ալիքներ` բարձրացնում ծովի վրա, ե՛ս եմ արմատախիլ անում` դարավոր կաղնիները, ինչպես չորացած ցողուններ, ես եմ կարկտահար անում երկիրը, քարի պես կարծր սառույցը ջուր դարձնում, և ե՞ս պիտի աղերսեմ անուժ մահկանացուի պես: Երբ ես մոլեգին սլացքով թռչում եմ` երկրի վրայով՝ ցնցվում է ամբողջ երկիրը, ցնցվում է մինչև անգամ` Հադեսի ստորերկրյա թագավորությունը: Եվ ես աղերսո՛ւմ եմ Էրեքթևսին, ասես նրա ծառան լինեմ: Ես չպիտի՛ աղերսեմ, որ ինձ կնության տա Օրիթիային, այլ ուժո՛վ պիտի խլեմ:
     Եվ թափահարեց Բորեասն իր հզոր թևերը: Կատաղի փոթորիկ բարձրացավ բովանդակ երկրում: Եղեգնի պես կռացան դարավոր անտառները, ծովի վրայով թավալվեցին փրփրաբաշ ալիքները, մթին ամպերը պատեցին ողջ երկինքը: Լեռներից էլ վեր փռվեց Բորեասի սևաթույր թիկնոցը և դրանից հյուսիսային սարսռեցնող ցուրտ փչեց: Ամենայն ինչ կործանելով իր ճանապարհին, Բորեասը Աթենք սուրաց, վեր առավ Օրիթիային, գալարվելով խոյացավ դեպի վեր և նրա հետ միասին ճախրեց հյուսիս՝ դեպի իր թագավորությունը:
     Այնտեղ Օրիթիան դարձավ Բորեասի կինը: Եվ նրա համար երկվորյակ զավակներ ունեցավ՝ Զեթեսին ու Կալաիսին, երկուսն էլ թևավոր՝ հոր նման: Մեծ հերոսներ դարձան Բորեասի զավակները, երկուսն էլ մասնակից եղան արգոնավորդների արշավանքին դեպի Կողքիս` ոսկեգեղմը բերելու, և բազում մեծամեծ սխրանքներ գործեցին:

ԻՈՆ

Շարադրված է ըստ Եվրիպիդեսի «Իոն» ողբերգության:


     Մի անգամ հեռահար նետաձիգ Ապոլոն աստվածը Աթենքի պարիսպների մոտ տեսավ Էրեքթևսի գեղանի դստերը՝ Կրեուսային: Աղջիկը՝ անհոգ, գարնանային բուրումնավետ ծաղիկներ էր քաղում: Լետոյի որդին սիրեց գեղեցկուհի Կրեուսային, սա էլ nuկեգանգուր աստծուն սիրեց: Հորից ծածուկ՝ Կրեուսան Ապոլոնի կինը դարձավ և մի որդի ունեցավ: Երկյուղ կրելով հոր ցասումից, Կրեուսան թաքցրեց իր զավակին: Նորածնին փաթաթեց բարուրի մեջ, վիզն անցկացրեց զույգ օձի կերպարանքով ոսկե մի զարդ, մանկանը դրեց զամբյուղի մեջ և անձավ տարավ:
     Ապոլոնը` չլքեց իր զավակին: Գնաց իր եղբայր Հերմեսի մոտ և խնդրեց նրան.
     - Օ՜, եղբայր իմ, գնա Աթենքի հողածին ժողովրդի մոտ, դու հո գիտես ռազմուհի Աթենաս-Պալլասի պանծալի քաղաքը, այնտեղ, անձավում, զամբյուղի մեջ նորածին մի մանչուկ է պառկած: Վերցրու մանկանը զամբյուղով, բեր Դելփիք և իմ տաճարի դարպասի մոտ դիր: Մնացածը ինքս կհոգամ: Իմացի՛ր, եղբայր իմ, այդ մանուկն իմ որդին է:
     Հերմեսը` շուտափույթ Աթենք սուրաց, վերցրեց զամբյուղը՝ մանուկը միջին, բերեց Դելփիք, դրեց տաճարի մոտ և կափարիչը բաց արեց, որպեսզի տաճար մտնողներն իսկույն տեսնեն մանկանը: Վաղ առավոտյան, երբ ճաճանչափայլ Հելիոսը ելնում էր երկինք, որ շառագունել էր արդեն Էոս աստվածուհու բոսորագույն լույսից, գուշակուհի Պիթիան մտավ Ապոլոնի տաճարը։ Մեծ եղավ նրա զարմանքը, երբ տաճարի շեմին զամբյուղի մեջ դրված մի փոքրիկ տղա տեսավ: Պիթիան հենց այն է, ուզում էր հրամայել, որ տանեն նրան, որովհետև կարծում էր, թե մանուկը լքված կլինի դելփիքյան կանանցից որևէ մեկի կողմից, բայց հանկարծ կարեկցանք զգաց փոքրիկ տղայի հանդեպ և վճռեց իր մոտ պահել նրան: Ապոլոնը հոգում էր որդու մասին, և թույլ չտվեց, որ նա արտաքսվի հոր տանից: Պիթիան չէր կարծում, թե դաստիարակության է առել Ապոլոն աստծու զավակին:
     Եվ այդպես դաստիարակվում էր տղան Դելփիքի տաճարում: Ոչ ոք չգիտեր, թե նա ում երեխան է: Իհարկե, ինքը մանուկն էլ չգիտեր, թե ովքեր են իր ծնողները: Անհոգ խաղում էր նա հոր զոհասեղանի մոտ՝ մանկության տարիներին: Իսկ երբ առնացավ տղան, սրբազան Դելփիքի բնակիչները նրան տաճարի գանձարանի պահապան ընտրեցին:
     Ապոլոնի որդին մնաց ապրելու հոր տանը, և ապրում էր մաքուր, անեղծ կյանքով:
     Մինչ այդ, Կրեուսան դարձավ կինը` քամիների աստված Էոլոսի որդու՝ Կսութոս հերոսի, որ Կրեուսայի հորը՝ էրեքթևսին օգնել էր Էվբեային տիրող քալկոդոնների դեմ մղած կռվում։ Այդ օգնության համար Էրեքթևսն իր դստերը կնության տվեց Կսութոսին: Իսկ երբ Էրեքթևսը զոհ գնաց Պոսեյդոն աստծո ձեռքով, Աթենքում` սկսեց Կսութոսն իշխել: Երջանիկ կյանք էին վարում Կսութոսն ու Կրեուսան. նրանց վշտացնում էր լոկ այն, որ զավակ չունեն: Ի վերջո, նրանք վճռեցին բռնել Դելփիքի ճամփան և Ապոլոնի պատգամախոսին հարցում անել, թե աստվածներն արդյոք իրենց զավակներ չե՞ն ընծայի: Այդ միտքը նրանց Ապոլոնն էր ներշնչել, քանի որ վճռել էր որդուն ետ տալ Կրեուսային և իր որդու՝ Էրեքթևսի թոռան ձեռքը տալ Աթենքի իշխանությունը:
     Կսութոսը և նրա կինը մեկնեցին Դելփիք: Վաղ առավոտյան Կրեուսան իր աղախինների հետ մտավ սրբազան քաղաքը: Իսկ նրա ամուսինը Դելփիքի ճանապարհին այցելեց Տրոփոնիոսի (5) գուշակավայրը և մի փոքր ավելի ուշ պետք է գար Ապոլոնի գուշակավայրը: Երբ Կրեուսան մոտենում էր Ապոլոնի տաճարին, նրա որդին կարգի էր բերում տաճարը: Դափնեճյուղերով սրբում էր տաճարի հատակը, դարպասները զարդարում ճյուղերով ու ծաղկաշղթաներով և տաճարի տանիքներից ու զոհասեղաններից` քշում էր թռչուններին: Տաճարի մոտ հանդիպելով պատանուն, Կրեուսայի աղախիններից մեկը հարցրեց, թե կարո՞ղ են արդյոք տաճար մտնել: Պատանին թույլ չտվեց, քանի որ օրը դեռ նոր էր բացվում և քրմերից ոչ մեկը տաճարում չէր: Աղախինների հետ խոսելիս պատանին ուշադրություն դարձրեց նրանց միջև կանգնած Կրեուսային: Առաջին իսկ հայացքից պատանին կռահեց, որ նա մի անվանի կին է: Նրան զարմացրին կնոջ աչքերում երևացող վշտի արցունքները և նա հարցրեց.
     - Ասա՜ ինձ, ինչո՞ւ ես արցունք հեղում, երբ գալիս ես Ապոլոնի սրբավայրը: Այդ ի՞նչ վիշտ է տանջահար անում քեզ: Չէ՞ որ սովորաբար բոլորն էլ ուրախանում են այստեղ գալով, իսկ դու լալիս ես, և արցունքի կաթիլներն իրար հետևից գլորվում են քո աչքերից:
     Կրեուսան պատասխան տվեց նրան.
     - Օ՜, օտարական: Ես հասկանում եմ, որ քեզ զարմացնում են իմ արցունքները, բայց ասեմ պիտի, որ Ապոլոնի տաճարը տեսնելուն պես մտաբերեցի անցած գնացած մի եղելություն: Իմ մտքերը դարձյալ իմ հայրենիքում են, թեև կանգնած եմ այստեղ: Օ՛, տարաբախտ կին եմ ես: Օ՜, ինքնակամ աստվածնե՛ր: Ինչ պիտի անենք մենք: Էլ ո՞ւմ գանգատվենք, եթե մեզ կործանման են տանում հենց իրենք՝ գոռոզամիտ աստվածները:
     Պատանին չհասկացավ Կրեուսայի միտքը, կնոջ խոսքի իմաստը պարզ չեղավ նրա համար: Կրեուսան էլ չկամեցավ բացատրել իր խոսքը: Պատանու այն հարցին, թե ո՞վ է ինքը, Կրեուսան պատասխանեց, որ ինքը Աթենքի զոհված արքայի՝ Էրեքթևսի դուստրն է և իր ամուսնու՝ Կսութոսի հետ, որ այժմ իշխում է Աթենքում, եկել է հարցնելու Ապոլոնի պատգամախոսին, թե արդյոք զավակներ կունենա՞ն իրենք:
     - Օ՜, թշվառ, - գոչեց պատանին, - մի՞թե դու երբեք զավակներ չես ունեցել, գուցեև մեռե՞լ են քո երեխաները: Տարաբա՜խտ: Իսկ ես, տեսնելով քո հարստությունը, կարծում էի, թե երջանիկ ես:
     - Ասա՛ ինձ, ո՞վ ես դու, - հարցրեց Կրեուսան:
     - Ես ոչ հայր եմ տեսել, ոչ մայր, - տրտմագին պատասխան տվեց պատանին, - ինձ այստեղ տաճարում Պիթիան է դաստիարակություն տվել:
     Կրեուսան կարեկցանքով լցվեց անծնող ու անտոհմ պատանու հանդեպ: Հարցուփորձ արեց նրան, թե ի՛նչ կյանք է վարում տա. ճարում, բայց պատանին ընդհատեց նրան և հարցրեց, թե ի՞նչ է ուզում Ապոլոնից: Կրեուսան չկամեցավ իր գաղտնիքը հայտնել տաճարի սպասավորին և իբրև պատասխան ասաց.
     - Ես մի ընկերուհի ունեի: Նրան ինքը՝ Ապոլոն աստվածն էր սիրում: Եվ ընկերուհիս աստծուց երեխա ունեցավ։ Երկյուղ կրելով հոր ցասումից, քանի որ առանց նրա համաձայնության էր դարձել Ապոլոնի կինը, ընկերուհիս մի ամայի տեղ թաքցրեց որդուն: Իսկ նրա որդին խորհրդավոր կերպով անհայտացավ, և ոչ ոք չգիտե, թե ո՛րտեղ է նա: Եվ ահա ես Դելփիք եմ եկել Ապոլոն աստծուն հարցում անելու ընկերուհուս որդու ճակատագրի մասին և իմանալու, թե արդյոք ո՞ղջ է նա: Չէ՞ որ նա հիմա քո հասակակիցը կլիներ:
     - Բայց ինչպե՞ս կարող է աստվածը հայտնել քեզ այն, որ ինքն է թաքցրել բոլորից, - պատասխան տվեց պատանին Կրեուսային։ - Տես, որ չշարժես Ապոլոնի զայրույթը քո այդ հարցումով: Քեզ ոչ ոք պատասխան չի տա Ապոլոնի կամքին հակառակ:
     Կսութոսի գալստյամբ այստեղ ընդհատվեց Կրեուսայի և պատանու խոսակցությունը: Նա հրճվալից լուր էր բերել Տրոփոնիոսի պատգամախոսից, որ ասել էր նրան, թե իրենք առանց զավակի ետ չեն դառնա Դելփիքից: Կսութոսն ուրախ-ուրախ գնաց Ապոլոնի տաճարը, իսկ Կրեուսան մնաց աղոթելու աստվածների զոհասեղանների մոտ տաճարի մոտակայքում:
     Կսութոսը երկար չմնաց Ապոլոնի տաճարում: Նա պատասխան էր ստացել, թե նա՛, ով առաջինը կհանդիպի նրան տաճարից ելնելիս՝ իր որդին է: Երբ Կսութոսը դուրս ելավ տաճարից, առաջինը նրան հանդիպեց տաճարի պատանի սպասավորը: Կսութոսը ցնծագին ողջունեց նրան՝ իբրև զավակի, բայց պատանին զարմանքով էր նայում արքային. չէր կամենում նրան հայր կոչել: Միայն այն ժամանակ, երբ Կսութոսը պատմեց պատանուն, որ ինքը՝ Ապոլոն աստվա՜ծն է մատնացույց արել նրան իբրև իր որդու, պատանին հնազանդվեց աստծո կամքին: Իսկ ո՞վ է նրա մայրը: Պատանին հարցրեց Կսութոսին, թե ո՞վ է իր մայրը, բայց Կսութոսը ինքն էլ չգիտեր:
     Հիմա ինչպե՞ս պիտի հայտնի Կրեուսային, որ որդի են գտել: Դա կվշտացնի նրան. նրա համար դժվար կլինի իր տան մեջ առնել մեկ ուրիշ կնոջ զավակի: Ուստի և Կսութոսը վճռեց պատանուն, որին Իոն անունն էր տվել, Աթենք տանել իբրև հյուրի, իսկ հետո աստիճանաբար նախապատրաստել Կրեուսային և հայտնել ճշմարտությունը միայն այն ժամանակ, երբ նա ընտելացած, գուցեև սիրելիս կլինի Իոնին: Իսկ այժմ Կսութուն ուզում էր տոնականորեն նշել այն ուրախալի օրը, երբ աստվածը ետ տվեց իր որդուն: Նա խնդրեց Իոնին` խնջույքի` կանչել Դելփիքի բոլոր ` բնակիչներին, իսկ ինքը գնաց օլիմպական բոլոր աստվածներին՝ իսկ ամենից առաջ Ապոլոնին, երախտագիտության զոհեր մատուցելու բարձրագահ Պառնասի վրա:
     Փառաբանելով աստծուն, Կսութուն ու Իոնը հեռացան՝ սպասուհիներին արգելելով Կրեուսային պատմել իրենց լսածը:
     Կսութոսի և Իոնի գնալուն պես Կրեուսան տաճար` վերադարձավ: Նրան ուղեկցում էր ծեր սպասավորը: Պատրաստվելով տաճար մտնել, Կրեուսան դիմեց սպասավորներին՝ հարցնելով, թե չգիտե՞ն արդյոք, թե Պիթիան ինչ պատասխան է տվել ամուսնուն: Սպասուհիները` ոչինչ չէին խոսում, սիրտ չէին անում` Կրեուսային պատասխանել. չէ՞ որ Կսութոսը մահվան սպառնալիքով արգելել էր գաղտնիքը բաց անել: Վերջապես, սպասուհիներից մեկը հանդգնեց խոսել:
     - Օ՜, տիրուհի: Պատրաստ եմ երկու անգամ մեռնելու, - ասաց նա, - բայց ի՛նչ էլ լինի՝ կասեմ քեզ ճշմարտությունը: Դու երբեք ձեռքերիդ` երեխա չես մեծացնի, երբեք երեխա չի լինի քո գրկին: Ինքը արծաթաղեղ աստվածն է զավակ պարգևել քո ամուսնուն։ Հիմա նա երջանիկ է: Աստված քո ամուսնուն որդի է պարգևել, նրա՛ն՝ ում արքան առաջինն է հանդիպել տաճարից ելնելիս: Ամուսնուդ առաջին պատահողը այն պատանին եղավ, որին դու ինքդ տեսար այստեղ, տաճարի մոտ: Այդ պատանին է նրա որդին: Կսութոսը նրան Իոն անվանեց: Ո՞վ է նրա մայրը՝ չգիտեմ:
     Խորապես վշտացավ Կրեուսան: Հիմա նրա տանը ուրիշի զավակը պիտի ապրի, նա՛ է ժառանգելու իր նախնիների իշխանությունը, նրա՛ն կտա Կսութոսն իր ամբողջ սերը, իսկ ինքը, բոլորից մոռացված, կապրի իր պալատում: Կրեուսայի վիշտն ավելի է խորացնում ծեր սպասավորը, որ սպասավորելիս է եղել և նրա հորը: Նա Կրեուսային ասաց, թե Կսութոսը խաբել է նրան, թե Իոն հավանորեն ստրկուհու զավակ է, որ դաստիարակվել է տաճարում Կսութոսի հանձնարարությամբ: Սպասավորը համոզեց Կրեուսային, թե Կսութոսը` դիտումնավոր կերպով կնոջը Դելփիք է բերել, որպեսզի այստեղ խաբեություն բանեցնի և իր տուն տանի ստրկուհու զավակին: Տանջվում էր Կրեուսան, կարծում էր, թե ծանր բախտ է բաժին ընկնելու իրեն: Մի՞թե իրեն վիճակված է կորցնել Աթենքի ամբողջ իշխանությունը, որը իրավամբ իրե՛ն՝ Էրեքթևսի դստերն է պատկանում: Ծեր սպասավորն էլ չէր ուզում, որ Էրեքթևսի իշխանությունն օտարերկրացու ձեռքն ընկնի, համոզում էր Կրեուսային, որ խնջույքի ժամին թունավորի Իոնին: Կրեուսան երկար չվարանեց. համաձայնեց թունավորել Իոնին, և ծերունուն գորգոնի թունավոր արյան կաթիլ տվեց, որ հորից էր ստացել և մշտապես հետն էր ման ածում: Ծերունին, թույնն առած, մտավ վրանը, որ Իոնն էր խփել խնջույքի համար:
     Թանկագին կտորներով շքեղորեն զարդարված վրանում արդեն հավաքվել էին Դելփիքի բնակիչները: Վաղուց էր արդեն, ինչ վրանը լցվել էր հյուրերով, որոնք բոլորվել էին ոսկե ու արծաթե ամանեղենով պատած ճոխ սեղանների շուրջը: Երբ հյուրերը հագեցան պես-պես խորտիկներով՝ վրան մտավ ծեր սպասավորը: Նա սկսեց հյուրերին անուշաբույր ջուր մատուցել՝ ձեռքները լվալու համար, ախորժելի բուրմունք ծխեցրեց և հյուրերի գավաթները գինի լցրեց: Ավելի ու ավելի ցնծալից էր դառնում խրախճանքը: Իսկ երբ հնչեցին սրինգներն ու քնարները, ծերունին ասաց սպասավորներին.
     - Հավաքեցեք բոլոր փոքր գավաթները և մեծերը բերեք: Հյուրերի սիրտը թող ավելի շուտ լցվի հրճվանքով:
     Սպասավորները` բերեցին ոսկեհուռ և արծաթահուռ խոշոր գավաթներ: Ծերունին ընտրեց դրանցից ամենաշքեղը, բերնեբերան լցրեց կայծկլտացող գինով և, բոլորից աննկատ, գորգոնի թունավոր արյան կաթիլը խառնեց գինուն: Այդ գավաթը նա Իոնին մատուցեց: Հենց այն է, Իոնը պիտի հեղում կատարեր ի պատիվ աստվածների և մինչև մրուրը դատարկեր գավաթը, երբ սպասավորներից մեկը բերնից մի անզգույշ խոսք թռցրեց: Իոնը, որ աճել ու առնացել էր տաճարում, դաստիարակվել Պիթիայի կողմից, իսկույն կռահեց, որ դա վատ նշան է: Իսկույն գինին թափեց գետնին, հյուրերին էլ խորհուրդ տվեց իր օրինակին հետևել, իսկ ծառաներին հրամայեց վերստին գինի լցնել: Մինչ ծառաները գինի կլցնեին, ձեռնասուն աղավնիները, որ ճախրում էին վրանում, ցած իջան և սկսեցին խմել թափած գինին: Հանկարծ Իոնի թափած գինուց խմող աղավնին սկսեց պատեպատ ընկնել, թռչել տանջալից ձայներ արձակելով, ճախրեց վրանով մեկ և անշնչացած վայր ընկավ: Հյուրերը զարմանք կտրած նայում էին աղավնուն: Իոնը սոսկումով վեր թռավ տեղից, վրայից պոկեց թիկնոցը և, ձեռքերը հյուրերի կողմը կարկառելով, գոչեց.
     - Ո՞վ էր ուզում ինձ սպանած լինել, ասա՛, ծերունի: Դու ինձ այնպիսի՛ հոգացությամբ էիր սպասարկում, չէ՞ որ քո ձեռքերից առա մահաբեր գավաթը:
     Կրեուսայի ծեր սպասավորը երկար ժամանակ ուրանում էր իր հանցանքը, բայց վերջապես խոստովանեց: Ասաց, որ թույնն իր տիրուհին էր տվել՝ Կրեուսան, և հրամայել է թունավորել Իոնին: Այսպես տխուր վախճան ունեցավ ուրախ խնջույքը:
     Իոնն իսկույն ևեթ հյուրերին առած գնաց Դելփիքի ավագների մոտ և նրանց առջև մեղադրեց Կրեուսային, որ իրեն թունավորելու մտադրություն է ունեցել: Ավագները Կրեուսային սոսկալի պատժի դատապարտեցին, նրան պետք է ցած նետեին ժայռի վրայից:
     Այդ ամենի լուրը արագորեն Կրեուսային հասավ։ Իմանալով, թե ինչպիսի մահվան են դատապարտել իրեն՝ նա գնաց պաշտպանություն գտնելու Ապոլոնի զոհասեղանի վրա: Հենց նոր էր նստել զոհասեղանի վրա, երբ Իոնը վրա հասավ: Նա ամենուրեք որոնել էր Կրեուսային և հիմա ուզում էր բռնել նրան, թեև նա գտնվում էր աստծու պաշտպանության ներքո, և տանել պատիժ տալու: Այդ պահին եկավ Պիթիան: Նա ձեռքին բերում էր նույն այն զամբյուղը, որով մի ժամանակ Հերմեսը Դելփիք էր բերել Իոնին: Երկար ժամանակ Պիթիան պահել էր զամբյուղը, իսկ հիմա Իոնին էր տալիս, որպեսզի նա, լքելով Դելփիքը, զամբյուղի օգնությամբ կարողանա գտնել իր ծնողներին: Ինքը՝ Ապոլոնն էր Պիթիային հրամայել, որ այդպես վարվի: Զամբյուղն Իոնի ձեռքին տեսնելուն պես, Կրեուսան ցած իջավ զոհասեղանի վրայից և Իոնի մոտ վազեց: Իսկ Իոնը, կարծելով, թե Կրեուսան ուզում է փախուստով խույս տալ մահից, հրամայեց բռնել նրան: Բայց Կրեուսան ասում էր, որ դա հենց այն զամբյուղն է, որով մի ժամանակ իր նորածին մանկանն անձավ է տարել և թողել այնտեղ, բայց հետո որդին խորհրդավոր կերպով անհայտացել է: Զարմանք կտրեց Իոնը: Մի՞թե իր մայրն է կանգնած առաջին: Կասկածելով, նա վճռեց փորձել Կրեուսային և հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք ասել, թե ի՛նչ իրեր կան փակ զամբյուղի մեջ: Առանց միտք անելու Կրեուսան տվեց զամբյուղում գտնվող բոլոր իրերի անունները: Այնտեղ մի ծածկոց կա, որի վրա գորգոնի գլուխ կա գործած, - դա Կրեուսան է գործել աղջիկ ժամանակ, - այնտեղ կա և մի ոսկե զարդ՝ երկու օձի կերպարանքով, դրանով էին զարդարում Էրեքթևսի բոլոր նորածին ժառանգներին: Զամբյուղի հատակին մի պսակ կա՝ հյուսված Աթենաս դիցուհու սրբազան ձիթենու ճյուղերից. պսակը պիտի դալար լինի, քանի որ նրա սրբազան ճյուղերն անթառամ` են: Ամեն ինչ ասաց Կրեուսան, և համոզվեց Իոնը, որ առջևում կանգնածն իր մայրն է, որին այնքան տենչում էր գտնել: Հրճվանքով գրկում է Իոնին մայրը. նրա համար` զավակն ավելի պայծառ է շողում, քան արևը, մոր համար որդին ավելի թանկ է, քան կյանքը: Նա սոսկում է այն մտքից, որ քիչ առաջ ուզում էր մահվան մատնել իր որդուն: Ցնծում էր և Իոնը, ուզում էր կանչել Կսութոսին, բայց Կրեուսան հայտնեց որդուն, որ նրա հայրը Կսութոսը չէ, այլ ինքը՝ արծաթագեղ Ապոլոն աստվածը և, իբրև վկա, Կրեուսան կոչեց ամպրոպային Զևսի սիրելի դստերը՝ Աթենաս աստվածուհուն:
     Հայտնվեց մեծն աստվածուհի Աթենասն Իոնի և նրա մոր առաջ, հրամայեց Կրեուսային՝ որդուն առած Աթենք փութալ և խոստացավ նրան ամբողջ Ատտիկայի իշխանությունը, որ նրա նախնիներին է պատկանել: Մեծ փառք գուշակեց Աթենասն Իոնի համար: Չորս որդի կունենա Իոնը, նրանցից պիտի սկիզբ առնեն Ատտիկայի մեծ տոհմերը (հելեոններ, հոպլետներ, արգադներ և այսիքորներ) (6): Հզոր կլինեն Իոնի հետնորդները, նրանց` Իոնի անունով Իոնյանք կկոչեն, բազում երկրներ ու կղզիներ կբնակեցնեն նրանք:
     - Բայց առայժմ թող Կսութոս արքան չիմանա, թե ի՜նչ է տեղի ունեցել, - ասաց Աթենասը, - որպեսզի չդառնացնի Կրեուսայի ուրախությունը՝ իմանալով, որ Իոնը ոչ թե իր, այլ Ապոլոն աստծու զավակն է:
     Մեծն Ապոլոն աստվածը չհանդուրժեց, որ իր որդին ապրի անհայտության մեջ, ամբողջ կյանքում մնալով լոկ իբրև դելփիքյան տաճարի սպասավոր: Աստվածը նախնիների իշխանությունը վերադարձրեց նրան: Ի կատար ածվեց նաև մեծ աստվածուհու կանխագուշակությունը. Իոնը դարձավ իոնյանների պանծալի տոհմի նախահայրը:

ԴԵԴԱԼՈՍ ԵՎ ԻԿԱՐՈՍ (7)

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի:


     Աթենքի մեծագույն նկարիչը, քանդակագործն ու ճարտարապետը Դեդալոսն էր, Էրեքթևսի հետնորդը: Պատմում էին, որ ձյունաճերմակ մարմարից նա այնպիսի զարմանահրաշ արձաններ էր կերտում, որ թվում է, թե կենդանություն են առել, տեսնում են ու շարժվում: Շատ գործիքներ էր հնարել Դեդալոսն իր աշխատանքի համար, նա էր հնարել նաև կացինն ու շաղափը: Հեռուներն էր տարածվել Դեդալոսի փառքը:
     Այդ մեծ արվեստագետը մի ազգական ուներ Տալոս անունով, որ նրա քրոջ՝ Պերդիկեի որդին էր: Տալոսն իր հորեղբոր աշակերտն էր: Դեռ վաղ պատանեկությունից` նա ապշեցնում էր բոլորին իր տաղանդով ու հնարագիտությամբ: Կարելի էր կանխատեսել, որ նա մեծապես կգերազանցի իր ուսուցչին: Դեդալոսը նախանձում էր քրոջ որդուն և վճռեց սպանել նրան: Մի անգամ, Դեդալոսը նրա հետ կանգնել էր բարձրաբերձ աթենական Ակրոպոլիսում, ապառաժի ծայրագույն եզրին: Շուրջը ոչ ոք չկար: Տեսնելով, որ իրենք մենակ են, Դեդալոսը քրոջ որդուն ցած նետեց ժայռի վրայից: Վստահ էր Դեդալոսը, որ իր չարագործությունն անպատիժ կմնա: Ժայռի կատարից ընկնելով, Տալոսը ջախջախվեց: Դեդալոսը փութաց իջնել Ակրոպոլիսից, վեր առավ Տալոսի մարմինը և հենց այն է, ուզում էր ծածկաբար թաղել նրան, երբ աթենացիները վրա հասան ու բռնեցին նրան՝ շիրիմը փորելիս: Դեդալոսի չարագործությունը հայտնի դարձավ բոլորին: Արեոպագոսը նրան մահվան դատապարտեց:
     Խույս տալով մահից, Դեդալոսը փախավ Կրետե, Մինոս հզորազոր արքայի՝ Զևսի ու Եվրոպայի որդու մոտ: Մինոսը հաճությամբ իր պաշտպանության տակ առավ Հունաստանի մեծ արվեստագետին: Արվեստի բազում հրաշք - ստեղծագործություններ կերտեց Դեդալոսը` Կրետեի արքայի համար: Կառուցեց նաև աշխարհահռչակ Լաբիրինթոս պալատը՝ այնպիսի խճողված ուղիներով, որ մի անգամ այնտեղ մտնողն այլևս անկարող էր ելք գտնել: Այդ պալատում Մինոս արքան կալանեց իր կնոջ՝ Պասիփայեի որդուն՝ ահռելի Մինոտավրոսին, որ մարդկային մարմին ուներ և ցուլի գլուխ:
     Բազում տարիներ` Դեդալոսն ապրեց Մինոսի մոտ: Արքան չէր կամենում նրան բաց թողնել Կրետեից: Միայն ինքն էր ուզում օգտագործել մեծ արվեստագետի ձիրքը: Մինոսը գերու պես էր պահում Դեդալոսին Կրետե կղզում: Երկար միտք արեց Դեդալոսը փախչելու մասին և, վերջապես, գտավ գերությունից ազատվելու հնարը։
     - Եթե ես չկարենամ, - գոչեց Դեդալոսը, - ազատվել Մինոսի իշխանությունից ո՛չ ցամաքային, ո՛չ ծովային ճանապարհով, ապա չէ՞ որ փախուստի համար բաց է երկինքը: Ահա իմ փախուստի ուղին: Ամեն ինչի վրա իշխում է Մինոսը, օ՛դն է լոկ, որ ազատ է նրա բռնությունից:
     Եվ Դեդալոսը գործի անցավ։ Փետուրներ ժողվեց, միմյանց կցեց վուշի թելերով ու մեղրամոմով և սկսեց չորս խոշոր թևեր պատրաստել: Մինչ Դեդալոսն աշխատում էր, նրա որդին՝ Իկարոսը, խաղ էր անում հոր մոտ. մեկ քամուց քշված փետուրներն էր բռնում, մեկ էլ ձեռքի մեջ տրորում մեղրամոմը: Պատանյակն անհոգ խայտում էր, հոր աշխատանքը նրան միայն զվարճություն էր պատճառում:
     Վերջապես Դեդալոսն ավարտեց իր աշխատանքը: Թևերը պատրաստ էին. Դեդալոսը թևերը կապեց մեջքին, ձեռքերն անցկացրեց նրանց վրա շինված օղակների միջով: Թափահարեց թևերը և թեթևասահ օդ բարձրացավ: Ապշահար նայում էր Իկարոսը վիթխարի թռչունի պես օդում ճախրող իր հորը: Դեդալոսն իջավ գետին և ասաց իր որդուն:
     - Լսի՛ր ինձ, Իկարոս, հիմա մենք պիտի թռչենք Կրետե կղզուց: Զգո՛ւյշ կլինես թռիչքի ժամանակ: Ծովի վրա շատ ցած չիջնես, որպեսզի ալիքների աղի ցայտքերը չթրջեն թևերդ: Շատ էլ չբարձրանաս դեպի արևը. տաքը կարող է հալեցնել մեղրամոմը, և փետուրները ցրիվ կգան: Ճախրիր իմ հետևից, ինձնից ետ չմնա՛ս։
     Հայր ու որդի հագան թևերը և ճախրեցին թեթևորեն: Բարձր երկնքում նրանց թռիչքը տեսնողները այնպես էին կարծում, թե երկու աստվածներ են, որ սավառնում են կապուտակ երկնքով: Դեդալոսն ստեպ-ստեպ շուռ էր գալիս դեպի ետ, որպեսզի տեսնի, թե ինչպես է թռչում որդին: Նրանք արդեն հետևում թողեցին Դելոս ու Պարոս կղզիները և ավելի ու ավելի հեռու էին սավառնում։
     Սրընթաց թռիչքը զվարճացնում էր Իկարոսին, գնալով ավելի համարձակ էր թևածում պատանին: Նա մոռացության տվեց հոր պատվերները, այլևս նրան չէր հետևում: Ուժգնորեն թևածելով, նա խոյացավ դեպի վեր, հասավ երկնակամարը, ճաճանչափայլ արևի մոտ: Արևի կիզիչ ճառագայթները հալեցրին թևերի փետուրները պահող մեղրամոմը: Փետուրները դուրս թափվեցին և, հողմահալած, ցրիվ եկան օդի մեջ: Կրկին ճոճեց Իկարոսն իր ձեռքերը, բայց այլևս թևեր չուներ նա: Եվ ահավոր բարձրությունից ահագնաթափ ծովն ընկավ Իկարոսը ու զոհ գնաց նրա ալիքներին:
     Դեդալոսը շուռ եկավ, նայեց չորսբոլորը: Չկա՛ր Իկարոսը: Բարձրաձայն կանչում էր որդուն.
     - Իկարո՜ս, Իկարո՜ս, որտե՞ղ ես դու: Ձա՛յն տուր, Իկարո՛ս։
     Պատասխան չկա: Դեդալոսը ծովի ալիքների վրա տեսավ որդու թևերից ընկած փետուրները և կռահեց, թե ինչ է կատարվել: Ինչպիսի՜ ատելությամբ լցվեց Դեդալոսն իր արվեստի հանդեպ, ինչպե՜ս էր նզովում այն օրը, երբ Կրետեից օդի միջով փախչելու միտք հղացավ:
     Իսկ Իկարոսի մարմինը տարուբերվեց ալիքների վրա այն ծովի, որ այդ ժամանակից ի վեր նրա ալիքներին զոհ գնացածի անունով Իկարյան է կոչվում (8): Ի վերջո, նրա դիակը ալիքները դեպի կղզու ափը քշեցին: Այնտեղ նրա դին գտավ Հերակլեսը և հողին հանձնեց:
     Իսկ Դեդալոսը` շարունակեց սավառնել և, վերջապես, Սիցիլիա հասավ: Այնտեղ նա ապաստան գտավ Կոկալոս արքայի մոտ. Մինոսն իմացավ, թե ո՛րտեղ է թաքնվել Դեդալոսը, մի մեծ զորաբանակ` առած ուղևորվեց Սիցիլիա և պահանջեց, որ Կոկալոսը իր ձեռքը մատնի նրան:
     Կոկալոսի դուստրերը չէին ուզում զրկվել Դեդալոսի նման արվեստագետից և նրանք խորամանկության դիմեցին: Համոզեցին իրենց հորը համաձայնել Մինոսի պահանջին և, իբրև հյուր, ընդունել նրան պալատում: Երբ Մինոսը` լոգանք էր ընդունում, Կոկալոսի դուստրերը` նրա գլխին եռացող ջուր լցրեցին, և Մինոսը մեռավ ահավոր տառապանքների մեջ: Դեդալոսը երկար ժամանակ ապրեց Սիցիլիայում: Իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրեց հայրենի Աթենքում. այնտեղ նա դարձավ Դեդալիդների, աթենական պանծալի արվեստագետների նախահայրը:

ԹԵՍԵՎՍ (9)

Շարադրված է ըստ Պլուտարքոսի «Թեսևս» կենսագրության:

ԹԵՍԵՎՍԻ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ


     Պանդիոնի որդին՝ Էգևսն էր իշխում Աթենքում՝ իր եղբայրների հետ միասին` Մետիոնի որդիներին Ատտիկայից քշելուց հետո: Սրանք Պանդիոնի ազգականներն էին, որոնք հանիրավի զավթել էին իշխանությունը: Բազում տարիներ Էգևսը իշխեց երջանկորեն: Նրա տրտմության միակ պատճառը զավակ չունենալն էր: Ի վերջո Էգևսն ուղևորվեց Դելփիք, Ապոլոնի գուշակավայրը, և այնտեղ հարցրեց լուսաճաճանչ աստծուն, թե ինչո՛ւ աստվածներն իրեն զավակներ չեն տալիս: Պատգամախոսն անորոշ պատասխան տվեց Էգևսին: Երկար միտք արեց նա՝ ջանալով գտնել այդ պատասխանի նվիրական իմաստը, բայց անկարող եղավ կռահել: Վերջ ի վերջո, Էգևսը վճռեց մեկնել Տրոյզեն (10) քաղաքը, Արգոլիսի իմաստուն արքա Պիտթևսի մոտ, որպեսզի նա՛ բաց անի Ապոլոնի պատասխանի գաղտնիքը: Պիտթևսն իսկույն մեկնեց պատասխանի իմաստը: Նա կռահեց, որ Էգևսը պետք է մի որդի ունենա, որ պիտի դառնա Աթենքի հերոսներից մեծագույնը: Պիտթևսը կամենում էր, որ մեծ հերոսի հայրենիքը լինելու պատիվը Տրոյզեն քաղաքին պատկանի: Ուստի և իր Էթրե դստերը կնության տվեց Էգևսին: Եվ ահա, Էգևսի կինը դառնալով, Էթրեն մի տղա ունեցավ, բայց դա ոչ թե Էգևսի, այլ Պոսեյդոն աստծու զավակն էր: Նորածնին Թեսևս անունը տվեցին: Թեսևսի ծնունդից շատ չանցած Էգևս արքան պետք է լքեր Տրոյզենը և Աթենք վերադառնար: Հեռանալիս, Էգևսն առավ իր սուրն ու սանդալները, Տրոյզենի մերձակա լեռներում մի ժայռի տակ դրեց և այսպես ասաց Էթրեին.
     - Երբ իմ որդին՝ Թեսևսը, այս ժայռը տեղից շարժելու և իմ սուրն ու սանդալները հանելու զորություն ունենա, այն ժամանակ նրան ինձ մոտ՝ Աթենք ուղարկիր: Իմ սրով ու սանդալներով ես կճանաչեմ նրան:
     Մինչև տասնվեց տարին լրանալը Թեսևսը դաստիարակություն ստացավ իր պապի՝ Պիտթևսի տանը: Իր իմաստուն խելքով հռչակված Պիտթևսը հոգում էր թոռան դաստիարակության գործը և հրճվում տեսնելով, որ նա ամեն ինչում գերազանցում է հասակակիցներին: Բայց ահա լրացավ Թեսևսի տասնվեց տարին։ Այդ տարիքում արդեն ոչ ոք չէր կարող նրա հետ համեմատվել ո՛չ ուժով, ո՛չ ճարպկությամբ, ո՛չ էլ զենք բանեցնելով:
     Գեղեցիկ էր Թեսևսը, հաղթահասակ էր ու բարեկազմ, սքանչելի աչքերի ջինջ հայացք ուներ և թուխ գանգուրներ, որոնք օղակ-օղակ փարթամորեն թափվում էին ուսերին. իսկ առջևի՝ ճակատի կողմից, գանգուրները կտրված էին, քանի որ պատանի հերոսը դրանք նվիրաբերել էր Ապոլոնին: Հերոսի պատանեկան մկանուտ մարմինը նրա հզոր ուժի պերճախոս վկայությունն էր:

ԹԵՍԵՎՍԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԹԵՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


     Երբ տեսավ Էթրեն, որ իր որդին ուժով գերազանցում է բոլոր հասակակիցներին, նրան բերեց այն ժայռի մոտ, որի տակ թաղված էին Էգևսի սուրն ու սանդալները, և ասաց.
     - Որդի՛ս, այստե՛ղ, այս ժայռի տակն են քո հոր՝ Աթենքի տիրակալ Էգևսի սուրն ու սանդալները: Տեղից շարժիր ժայռը, վերցրու սուրն ու սանդալները: Եվ դրանք այն նշանները կդառնան, որոնց շնորհիվ հայրդ կճանաչի քեզ:
     Թեսևսը հրեց ժայռը և դյուրությամբ տեղահան արեց: Ձեռքն առավ սուրն ու սանդալները, հրաժեշտ տվեց մորն ու պապին և բռնեց Աթենքի հեռավոր ճամփան: Թեսևսը չլսեց մորը և պապին, որոնք աղերսում էին ավելի անվտանգ՝ ծովային ճանապարհն ընտրել: Նա վճռեց Աթենք գնալ ցամաքով, Իսթմոսով:
     Դժվար ճանապարհ էր դա: Թեսևսին վիճակվեց բազում վտանգներ հաղթահարել իր ճանապարհին, բազում սխրանքներ գործել: Տրոիսենի և Էպիդավրոսի (11) սահմանագլխին արդեն հերոսը հանդիպեց հսկա Պերիփետեսին՝ Հեփեստոս աստծո որդուն: Հսկա Պերիփետեսը` կաղ էր, ինչպես և նրա հայրը՝ Հեփեստոս աստվածը, բայց հուժկու բազուկներ ուներ և վիթխարի մարմին: Ահեղ էր Պերիփետեսը: Դեռ ոչ մի ճամփորդ չէր անցել այն լեռներով, ուր բնակություն էր հաստատել Պերիփետեսը: Հսկան սպանում էր բոլորին՝ իր` երկաթե գուրզով: Բայց Թեսևսը դյուրությամբ պարտության մատնեց Պերիփետեսին: Դա հերոսի առաջին մեծագործությունն էր և նա, ի նշանավորումն հաղթանակի, վերցրեց սպանված Պերիփետեսի երկաթե գուրզը:
     Իր ճանապարհը, մինչև Իսթմոս, Թեսևսը շարունակեց առանց վտանգների ենթարկվելու: Իսթմոսում, Պոսեյդոն աստծուն նվիրաբերված եղևնու անտառում Թեսևսը հանդիպեց եղևնիներ կռացնող Սինիսին: Սա մի կատաղի ավազակ էր: Ահավոր մահվան էր մատնում բոլոր ճամփորդներին: Եղևնիները կռացնելով այնպես, որ նրանց կատարները հասնեն միմյանց, Սինիսը տարաբախտ ճամփորդին կապում էր այդ ծառերին ու բաց թողնում: Ահռելի ուժով շտկվում էին եղևնիները և պատառոտում թշվառականի մարմինը: Թեսևսը վրեժխնդիր եղավ բոլոր այն ճամփորդների փոխարեն, որոնց Սինիսը կորստյան էր մատնել: Նա կապոտեց ավազակին, իր զորեղ բազուկներով երկու վիթխարի եղևնի կռացրեց, Սինիսին կապեց դրանց վրա ու եղևնիները բաց թողեց: Մոլեգին ավազակը` մատնվեց նույնպիսի մահվան, որին մատնել էր բազում անմեղ ճամփորդների: Հիմա արդեն Իսթմոսի ճանապարհն ազատ էր: Իսկ ավելի ուշ, ի հիշատակ իր այդ հաղթության, Թեսևսը իսթեմական խաղեր (12) հիմնեց հենց այն վայրում, ուր պարտության էր մատնել Սինիսին:
     Թեսևսի հետագա ուղին անցնում էր Կրոմիոնի (13) միջով: Չորս բոլորն, ամբողջ շրջակայքն ամայացրել էր մի վիթխարի վայրի վարազ, որ Տիփոնի և Էքիդնայի ծնունդն էր: Կրոմիոնի բնակիչներն աղերսեցին պատանի հերոսին, որ իրենց փրկի այդ հրեշից: Թեսևսը հասավ վարազի հետևից և խողխողեց նրան իր սրով:
     Թեսևսը շարունակեց ճամփան: Իսթմոսի ամենավտանգավոր տեղում, Մեգարայի (14)սահմանների մոտ, այնտեղ, ուր պատի պես երկինք էին խոյացել երկնամբարձ ժայռերը, որոնց ստորոտում ահեղորեն շառաչում էին ծովային փրփրաբաշ ալիքները, Թեսևսը մի նոր վտանգի հանդիպեց: Ժայռի ամենածայրին բնակվում էր ավազակ Սկիրոնը: Մոտակայքով անցնող բոլոր մարդկանց ստիպում էր լվալ իր ոտքերը: Բայց հենց որ ճամփորդը կռանում էր Սկիրոնի ոտքերը լվանալու, դժնահոգի ավազակը ոտքի ուժգին հարվածով տարաբախտին ժայռի վրայից նետում էր ծովի մրրկածուփ ալիքների մեջ, որտեղ նա ջախջախվում էր ջրի միջից ցցված սրածայր քարերին զարնվելով, իսկ նրա մարմինը խժռում էր հրեշավոր կրիան: Երբ Սկիրոնն ուզում էր Թեսևսին էլ ցած գցել ժայռից, հերոսը բռնեց ավազակի ոտքից ու նետեց ծովի կատաղի ալիքների մեջ:
     Էլևսինից ոչ այնքան հեռու Թեսևսին վիճակվեց կռվի բռնվել Կերկիոնի հետ, այնպես, ինչպես որ Հերակլեսին էր վիճակվել պայքարի մեջ մտնել Անթեոսի հետ: Մեծազոր Կերկիոնը շատերին էր կորստյան մատնել, բայց Թեսևսը, ոսոխին առնելով գրկի մեջ, սեղմեց նրան երկաթակուռ մամլակի պես, և սպանեց: Այսպիսով Թեսևսն ազատություն պարգևեց նաև Կերկիոնի դստերը՝ Ալոպեին, իսկ Կերկիոնի երկրի իշխանությունը հերոսը հանձնեց Ալոպեի և Պոսեյդոնի որդուն՝ Հիպոթոոնին:
     Անցնելով Էլևսինը և մոտենալով Կեփիսոս գետի հովտին, որ արդեն Ատտիկայում էր գտնվում, Թեսևսը եկավ ավազակ Դամաստեսի մոտ, որին սովորաբար Պրոկրուստես (ձգող-երկարացնող) էին կոչում: Այս ավազակն էլ խոշտանգման մի շատ տանջալից հնար էր գտել իր մոտ եկող մարդկանց համար: Պրոկրուստեսը մի մահիճ ուներ, որի վրա ստիպում էր մեկնվել բոլոր նրանց, ովքեր ձեռքն էին ընկնում: Եթե մահիճը շատ երկար էր գալիս, Պրոկրուստեսը տարաբախտին ձգում-երկարացնում էր այնքան, մինչև որ զոհի ոտքերը հասնեն մահճի ծայրը: Իսկ եթե մահիճը կարճ էր գալիս, ապա Պրոկրուստեսը կտրում էր դժբախտի ոտքերը:
     Թեսևսը հենց իրեն՝ Պրոկրուստեսին, գլորեց մահճի վրա, բայց մահիճը, իհարկե, չափազանց կարճ եկավ հսկա Պրոկրուստեսին, և Թեսևսը նրան սպանեց այնպես, ինչպես չարագործն էր սպանում ճամփորդներին:
     Այդ եղավ Թեսևսի վերջին սխրագործությունն Աթենքի ճանապարհին: Թեսևսը չկամեցավ Աթենք գնալ Սինիսի, Սկիրոնի, Պրոկրուստեսի և մյուսների արյամբ պղծված (15): Եվ նա խնդրեց փիտալիդներին (16) կրոնական հատուկ ծեսերով մաքրագործել իրեն Զևս Մելիքիոսի (17) զոհասեղանի մոտ: Փիտալիդները հրճվանքով հյուրընկալեցին պատանի հերոսին: Նրանք ի կատար ածեցին Թեսևսի խնդիրքը և մաքրագործեցին նրան հեղած արյան պղծությունից: Այժմ արդեն Թեսևսը կարող էր գնալ Աթենք, իր հոր՝ Էգևսի մոտ:

ԹԵՍԵՎՍՆ ԱԹԵՆՔՈՒՄ


     Իոնական երկարափեշ զգեստը հագին, շողալով իր գեղեցկությամբ Թեսևսն ընթանում էր Աթենքի փողոցներով: Փարթամ գանգուրները փռվել էին ուսերին: Պատանի հերոսն իր երկար զգեստով ավելի աղջկա էր հիշեցնում, քան այդքան մեծ սխրանքներ գործած հերոսի։ Թեսևսին վիճակվեց անցնել Ապոլոնի կառուցվող տաճարի մոտով, որի վրա շինարարներն արդեն տանիք էին գցում: Տեսան շինարարները պատանի հերոսին, նրան աղջկա տեղ դրին և սկսեցին ծանակել նրան: Ծիծաղելով, ձայն էին տալիս շինարարները.
     - Մի տեսե՜ք, մեն-մենակ, առանց ուղեկիցների, ինչ-որ աղջիկ է թրև գալիս քաղաքում: Տեսե՜ք, թե բոլորին ցույց տալու համար վարսերը ո՜նց է շաղ տվել, իսկ երկար զգեստի փեշերով ո՜նց է սրբում փողոցի փոշին:
     Զայրագնած շինարարների ծաղր ու ծանակից, Թեսևսը մոտ վազեց եզներ լծած սայլին, արձակեց եզները, վեր առավ սայլը և նետեց այնքան բարձր, որ թռավ տաճարի տանիքին կանգնած շինարարների գլխի վրայով։ Տեսնելով, որ նա աղջիկ չէ, այլ հուժկու զորության տեր պատանի հերոս՝ սոսկումով լցվեցին Թեսևսին ծանակող շինարարները: Կարծում էին, թե ուր որ է հերոսը դաժանորեն վրեժ կլուծի իրենցից ծաղր ու ծանակի համար, բայց Թեսևսն անվրդով շարունակեց իր ճամփան։
     Վերջապես, Թեսևսը եկավ Էգևսի պալատը: Իր զառամած Հորը միանգամից չհայտնեց, թե ով է ինքը, այլ ասաց, թե պաշտպանություն որոնող մի օտարերկրացի է: Էգևսը չճանաչեց որդուն, բայց դրա փոխարեն կախարդ Մեդեան ճանաչեց: Կորնթոսից Աթենք փախչելով նա դարձել էր Էգևսի կինը: Խորամանկ Մեդեան Էգևսին խոստացել էր կախարդանքով ետ տալ նրա երիտասարդությունը և տեր ու տնօրինություն էր անում Աթենքի արքայի տանը, իսկ Էգևսն ամեն բանում հնազանդվում էր նրան: Իսկույն կռահեց իշխանություն սիրող Մեդիան, թե ի՜նչ վտանգ է սպառնում իրեն, թե ո՛վ է իր պալատում հյուրընկալած սիրունատես օտարերկրացին: Իշխանությունից չզրկվելու համար նա վճռեց կործանել հերոսին: Համոզեց Էգևսին, որ Թեսևսին թունավորեն, զառամյալ թագավորին հավատացնելով, թե այդ պատանին թշնամու կողմից ուղարկված լրտես է: Հալից ընկած, ուժահատ էգևսը, երկյուղ կրելով իր իշխանությունը կորցնելուց, համաձայն եղավ չարագործությանը:
     Հացկերույթի ժամանակ Մեդեան Թեսևսի առաջ դրեց թունավորված գինով լեցուն գավաթը: Հենց այդ պահին ինչ-որ պատճառով Թեսևսը դուրս քաշեց իր սուրը: Էգևսն իսկույն ճանաչեց այն սուրը, որ ինքն էր տասնվեց տարի առաջ դրել ժայռի տակ Տրոյզեն քաղաքի մոտ: Հայացքը գցեց Թեսևսի ոտքերին և տեսավ իր սանդալները: Այժմ արդեն հասկացավ, թե ո՛վ է օտարերկրացին։ Թունավորված գինով լի բաժակը շուռ տալով, Էգևսը գրկեց Թեսևսին՝ իր զավակին։ Մեդեան վտարվեց Աթենքից: Նա իր որդու՝ Մեդոնոսի հետ միասին Մեդիա փախավ:
     Ի լուր աթենական ժողովրդի, Էգևսը հանդիսավորությամբ հայտարարեց որդու գալուստը և պատմեց այն մեծ սխրանքների մասին, որ նա գործել էր Տրոյզենից Աթենք ընկած ճանապարհին: Ցնծում էին աթենացիները՝ Էգևսի հետ միասին, և բարձրագոչ աղաղակներով ողջունում իրենց ապագա արքային:
     Այն լուրը, որ Էգևսի որդին ժամանել է Աթենք, հասավ նաև Էգևսի եղբոր՝ Պալանտոսի որդիներին: Թեսևսի գալստյամբ մարեց Էգևսի մահից հետո Աթենքում իշխելու նրանց հույսը. չէ՞ որ նա հիմա արդեն օրինական ժառանգ ուներ: Դժնահոգի պալանյանները չէին կամենում զրկվել Աթենքի իշխանությունից: Եվ նրանք վճռեցին բռնությամբ տիրել Աթենքին:
     Իրենց հոր գլխավորությամբ բոլոր տասնհինգ պալանյաններն արշավեցին Աթենքի վրա: Գիտենալով Թեսևսի վիթխարի ուժը, նրանք հետևյալ խորամանկությանը դիմեցին. պալանյանների մի մասն ակնհայտորեն շարժվեց դեպի Աթենքի պարիսպները, իսկ մյուս մասը դարան մտավ, որպեսզի անսպասելի հարձակում գործի Էգևսի վրա: Բայց պալանյանների բանբեր Լեոսը նրանց ծրագիրը մատնեց Թեսևսին: Պատանի հերոսն իսկույնևեթ վճռեց, թե ինչպես պիտի գործել: Նախ հարձակվեց դարանամուտ պալանյանների վրա և բոլորին կոտորեց. նրանց չփրկեց ո՛չ ուժը, ո՛չ էլ քաջությունը: Երբ Աթենքի պարիսպների տակ կանգնած պալանյաններն առան իրենց եղբայրների կործանման լուրը, մի այնպիսի սարսափ պատեց նրանց, որ նրանք ամոթալի փախուստի դիմեցին: Այժմ արդեն, որդու պաշտպանության ներքո, Էգևսը կարող էր հանգիստ իշխել Աթենքում:
     Թեսևսը չմնաց Աթենքում պորտաբույծ կյանք վարելու: Նա վճռեց Ատտիկան փրկել վայրի ցուլից, որ ամայացնում էր Մարաթոնի շրջակայքը: Էվրիսթևսի հրամանով այդ ցուլը Հերակլեսն էր Կրետեից Միկենե բերել ու ազատ արձակել այնտեղ: Ցուլն այնտեղից Ատտիկա էր փախել և այդ ժամանակից ի վեր չարիք դարձել բոլոր երկրագործների համար: Թեսևսն աներկյուղ գնաց այդ նոր մեծագործությունն ի կատար ածելու: Մարաթոնի ճանապարհին նա հանդիպեց մի պառավ կնոջ՝ Հեկալեին: Սա ընդունեց հերոսին իբրև հյուրի և խորհուրդ տվեց սխրագործությունը կատարելուց առաջ զոհ մատուցել Զևս-Փրկարարին, որպեսզի նա պահապան լիներ հերոսին հրեշավոր ցուլի հետ վտանգավոր կռիվ մղելիս: Թեսևսը լսեց Հեկալեի խորհուրդը: Շատ չանցած՝ Թեսևսը գտավ ցուլին: Նետվեց ցուլը հերոսի վրա, բայց նա բռնեց ցուլի եղջյուրներից: Թափ տվեց իրեն ցուլը, բայց անկարող եղավ դուրս պրծնել Հերոսի հզոր ձեռքերից: Թեսևսը ցուլի գլուխը կռացրեց գետնին, կապեց նրան, հնազանդեցրեց և տարավ Աթենք: Վերադարձի ճանապարհին նրան չվիճակվեց կենդանի տեսնել Հեկալեին. նա վախճանվել էր արդեն: Թեսևսը մեծամեծ պատիվներ մատուցեց հանգուցյալին այն խորհրդի ու հյուրընկալության համար, որ այնքան մոտիկ անցյալում նա ցույց էր տվել իրեն: Ցուլն Աթենք բերելով, Թեսևսը նրան իբրև զոհ մատուցեց Ապոլոնին:

ԹԵՍԵՎՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԿՐԵՏԵ


     Երբ Թեսևսն Աթենք եկավ՝ ամբողջ Ատտիկան համակված էր խորունկ վշտով: Երրորդ անգամն էր արդեն, որ Կրետեից՝ հզորազոր թագավոր Մինոսի կողմից, դեսպաններ էին գալիս հարկ պահանջելու: Ծանրագին ու ամոթալի էր այդ հարկը: Յուրաքանչյուր ինը տարին մեկ աթենացիները պետք է Կրետե ուղարկեին յոթ պատանի և յոթ աղջիկ: Այնտեղ նրանց կալանում էին Լաբիրինթոսի հսկայական պալատում, և ապա նրանց խժռում էր ահասարսուռ հրեշ Մինոտավրոսը, որ մարդկային մարմին ուներ և ցուլի գլուխ: Մինոսն այդ հարկն աթենացիների վրա էր դրել, որովհետև նրանք էին սպանել իր Անդրոգեոս որդուն: Արդեն երրորդ անգամն էր, որ աթենացիները ստիպված էին լինում Կրետե ուղարկել այդ սոսկալի հարկը: Նրանք արդեն սև առագաստներ էին կախել նավի վրա իբրև Մինոտավրոսի մատաղահաս զոհերի սգո նշան:
     Ականատես լինելով այդ համընդհանուր վշտին, պատանի հերոս Թեսևսը վճռեց աթենացի պատանիների ու աղջիկների հետ ուղևորվել Կրետե, ազատ արձակել նրանց և վերջ տալ այդ սոսկալի հարկատվությանը: Իսկ հարկատվության վերջը տալու համար մի ելք կար միայն՝ սպանել Մինոտավրոսին: Ուստի և Թեսևսը վճռեց մարտնչել Մինոտավրոսի դեմ. սպանել նրան կամ կորստյան մատնվել: Ծայր զառամության հասած Էգևսը լսել անգամ չէր ուզում իր միակ որդու ուղևորության մասին, բայց Թեսևսը հաստատ կանգնած էր իր վճռի վրա: Նա զոհ մատուցեց Դելփիքյան Ապոլոնին՝ ծովագնացության հովանավորին, իսկ Դելփիքից մեկնելուց քիչ առաջ, նրան գուշակություն արվեց, որ այդ մեծագործության մեջ նա իր համար հովանավոր ընտրի սիրո դիցուհի Ափրոդիտեին։ Օգնության կոչ անելով Ափրոդիտեին և զոհ մատուցելով նրան, Թեսևսը ճանապարհ ընկավ։
     Նավը բարեհաջող Կրետե կղզին հասավ: Աթենացի պատանիներին ու աղջիկներին տարան Մինոսի մոտ: Սիրունատես պատանի հերոսը գրավեց Կրետեի հզորազոր թագավորի ուշադրությունը: Հերոսին նկատեց նաև Արիադնե արքայադուստրը, իսկ Թեսևսի հովանավոր Ափրոդիտեն Արիադնեի սրտում ուժգին սեր զարթնեցրեց Էգևսի պատանի որդու հանդեպ: Մինոսի դուստրը վճռեց օգնել Թեսևսին. նրա մտքովն իսկ չէր կարող անցնել, որ պատանի Հերոսը կարող է Լաբիրինթոսում զոհ գնալ Մինոտավրոսին:
     Մինոտավրոսի դեմ կռվի գնալուց առաջ Թեսևսին վիճակվեց ևս մի սխրագործություն: Մինոսն անարգանք հասցրեց աթենացի աղջիկներից մեկին: Թեսևսը պաշտպան կանգնեց աղջկան, բայց իր ծագմամբ հզոր Կրետեի արքան սկսեց ծանակել Թեսևսին: Զայրացել էր, որ մի ինչ-որ աթենացի հանդգնում է հակառակվել իրեն՝ Զևսի որդուն: Թեսևսը հպարտ պատասխան տվեց արքային.
     - Դու հպարտանում ես, որ Զևսից ես սերում, բայց ես էլ Հասարակ մահկանացուի զավակ չեմ: Իմ հայրը մեծն երկրասասան Պոսեյդոնն է, ծովի աստվածը:
     - Եթե դու իրոք Պոսեյդոն աստծու որդին ես, ապա ուրեմն ապացույց տուր և այս մատանին դուրս բեր ծովի հորձանուտից, - պատասխանեց Մինոսը Թեսևսին և ծովը նետեց ոսկե մատանին։
     Կոչ անելով իր հորը՝ Պոսեյդոնին, Թեսևսն աներկյուղ ծովի ալիքների մեջ նետվեց բարձրադիր ծովափից: Ուժգնորեն դեպի վեր ցայտեցին ծովի աղի ջրերը, և Թեսևսն անհետացավ ծովի ալիքների մեջ: Սոսկումնահար նայում էին բոլորը հերոսին կլանող ծովին, և համոզված էին, որ նա էլ ետ չի դառնա: Հուսահատությամբ լեցուն կանգնել էր Արիադնեն. նա էլ էր համոզված, որ Թեսևսը զոհ է գնացել հորձանուտին:
     Իսկ Թեսևսին, հենց որ ալիքները միացան իրար նրա գլխավերևը, բռնեց Տրիտոն աստվածը և մի ակնթարթում հասցրեց Պոսեյդոնի ստորջրյա պալատը: Իր կախարդական ստորջրյա պալատում Պոսեյդոնը հրճվանքով ողջունեց որդուն և նրան տվեց Մինոսի մատանին, իսկ Պոսեյդոնի կինը՝ Ամփիտրիտեն, սքանչացած հերոսի գեղեցկությամբ ու կորովով, Թեսևսի փարթամ գանգուրներին ոսկեհուռ պսակ դրեց:
     Տրիտոնը կրկին առավ Թեսևսին և ծովափ բերեց հենց այնտեղ, որտեղից հերոսը ծովն էր նետվել: Թեսևսն ապացուցեց Մինոսին, որ ինքը Պոսեյդոնի՝ ծովի տիրակալի զավակն է: Ցնծում էր Մինոսի դուստրը՝ Արիադնեն, որ Թեսևսը ողջ առողջ ետ է եկել ծովի հորձանուտից։
     Բայց առավել վտանգավոր սխրագործությունը դեռ առջևում էր. պետք էր սպանել Մինոտավրոսին: Այստեղ Թեսևսին օգնության հասավ Արիադնեն: Հորից ծածուկ Թեսևսին տվեց մի կտրուկ սուր և թելի մի կծիկ: Երբ Թեսևսին և մյուս բոլոր դատապարտյալներին տարան Լաբիրինթոս, ուր նրանց պիտի պատառոտեր Մինոտավրոսը, Թեսևսը պալատի մուտքի մոտ կապեց կծիկի ծայրը և առաջ գնաց Լաբիրինթոսի խճճված, անվերջանալի անցուղիներով, որոնց միջից անհնար էր ելք գտնել: Աստիճանաբար արձակում էր կծիկը, որպեսզի թելի օգնությամբ գտնի վերադարձի ճամփան: Ավելի ու ավելի հեռուն էր գնում Թեսևսը և, վերջապես, հասավ այնտեղ, ուր Մինոտավրոսն էր գտնվում: Ահեղ մռնչյունով, վիթխարի սուրսայր եղջյուրներով զարդարուն գլուխը կռացրած՝ Մինոտավրոսը նետվեց պատանի հերոսի վրա և մի ահավոր կռիվ բռնկվեց: Մոլեգնահար Մինոտավրոսը մի քանի անգամ նետվեց Թեսևսի վրա, բայց սա ետ մղեց նրան իր սրով: Վերջապես Թեսևսը բռնեց Մինոտավրոսի եղջյուրներից և իր կտրուկ սուրը կուրծքը մխրճեց: Մինոտավրոսին սպանելով, Թեսևսը կծիկի թելի օգնությամբ դուրս եկավ Լաբիրինթոսից՝ իր հետ բերելով նաև աթենացի բոլոր պատանիներին ու աղջիկներին: Մուտքի մոտ նրանց ընդառաջ եկավ Արիադնեն: Նա հրճվանքով ողջունեց Թեսևսին: Ցնծում էին Թեսևսի փրկած պատանիներն ու աղջիկները: Վարդե պսակներով զարդարված, հերոսին ու նրա հովանավոր Ափրոդիտեին՝ փառաբանելով, նրանք խնդագին շուրջպար բռնեցին:
     Այժմ պետք էր հոգալ Մինոսի ցասումից փրկվելու մասին, Թեսևսը շուտափույթ կարգի բերեց իր նավը և, կրետեցիների ափ դուրս բերած բոլոր նավերի հատակը ճեղքելուց հետո շտապեց բռնել իր վերադարձի ճամփան դեպի Աթենք: Արիադնեն հետևից Թեսևսին, որին ջերմագին սիրում էր:
     Վերադարձի ճանապարհին Թեսևսը Նաքսոսի ափը դուրս եկավ: Երբ Թեսևսն ու նրա ուղեկիցները հանգիստ էին առնում, Թեսևսին երազում հայտնվեց գինու աստված Դիոնիսոսը և հաղորդեց հերոսին, որ նա պիտի լքի Արիադնեին Նաքսոսի ամայի ափին, քանի որ աստվածները նրան կնության են կանխատեսել իրեն՝ Դիոնիսոս աստծու համար: Արթնացավ Թեսևսը և, վշտով համակված, փութաց ճանապարհ ընկնել. չհանդգնեց հակառակ գնալ աստվածների կամքին: Դիցուհի դարձավ Արիադնեն՝ Դիոնիսոսի կինը լինելով: Բարձրագոչ աղաղակներով ողջունեցին Արիադնեին Դիոնիսոսի ուղեկիցները և երգեցողությամբ փառաբանեցին մեծ աստծո կնոջը:
     Իսկ Թեսևսի նավը սև առագաստներով սուրաց լազուր` ծովի վրայով։ Ահա արդեն հեռու-հեռվում երևաց Ատտիկայի ափը: Արիադնեի կորստյան վշտով տարված՝ Թեսևսը մոռացավ Էգևսին տված խոստումը՝ սև առագաստները սպիտակով փոխարինել, եթե նա, հաղթանակ տանելով Մինոտավրոսի դեմ, բարեհաջող Աթենք վերադառնա: Էգևսն սպասում էր որդուն: Աչքերը հառած ծովի հեռուներին՝ նա կանգնել էր առափնյա բարձրադիր` ժայռի գագաթին: Ահա հեռվում մի սև կետ երևաց, որ ափին մոտենալով աճում էր շարունակ: Այդ նրա որդու նավն էր, որ ավելի ու ավելի էր մոտենում ափին: Էգևսը նայում էր ակնդետ, տեսողությունը լարելով, - ի՞նչ գույնի են առագաստները: Ո՛չ, արևի տակ չեն փայլում ճերմակ առագաստները, սև են առագաստները: Ուրեմն, կործանվել է Թեսևսը: Հուսակորույս Էգևսը` ժայռից ծովը նետեց իրեն և զոհ գնաց ծովի ալիքներին. նրա անշունչ մարմինն էր լոկ, որ ալիքները նետեցին ափ: Այդ ժամանակից ի վեր Էգեյան է կոչվում այն ծովը, որին զոհ գնաց Էգևսը:
     Իսկ Թեսևսը հասավ Ատտիկայի ափերը և արդեն երախտիքի զոհաբերություններ` պիտի մատուցեր` աստվածներին, երբ հանկարծ սոսկումով իմացավ, որ ի՛նքն է եղել հոր մահվան ակամա պատճառը։ Եվ վշտահար Թեսևսը մեծագույն պատիվներով հողին հանձնեց հոր դին, իսկ թաղումից հետո ընդունեց Աթենքի` իշխանությունը:

ԹԵՍԵՎՍԸ ԵՎ ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐԸ


     Թեսևսն իմաստուն կերպով իշխում էր Աթենքում: Բայց նա հանգիստ կյանք չէր վարում, հաճախ էր լքում քաղաքը Հունաստանի հերոսների` մեծագործությունների մասնակիցը դառնալու համար: Այսպես, Թեսևսը մասնակցեց կալիդոնյան որսին, արգոնավորդների արշավանքին դեպի Կողքիս և Հերակլեսի արշավանքին՝ ընդդեմ ամազոնուհիների: Երբ նվաճեց ամազոնուհիների Թեմիսկիրա քաղաքը, Թեսևսը, որպես քաջության պարգև, իր հետ առավ ամազոնուհիների թագուհի Անտիոպեին։ Աթենքում - Անտիոպեն` Թեսևսի կինը` դարձավ: Հերոսը ճոխ տոնախմբությամբ նշանավորեց իր հարսանիքը` ամազոնուհիների թագուհու հետ:
     Իսկ ամազոնուհիները մտադրվեցին վրեժխնդիր լինել հույներից իրենց քաղաքն ավերելու համար և փրկել Անտիոպեին, ինչպես իրենք էին կարծում՝ ծանրագին գերությունից: Ամազոնուհիների մեծ զորաբանակը հրոսեց Ատտիկա: Աթենացիք ստիպված եղան ռազմաշունչ ամազոնուհիների ճնշման տակ ապաստան գտնել քաղաքի պարիսպների` հետևում: Ամազոնուհիները մինչև իսկ քաղաք խուժեցին և բնակիչներին ստիպեցին թաքնվել անմատչելի Ակրոպոլսում։ Ամազոնուհիները ճամբար խփեցին աերոպագոսի բլրի վրա և պաշարեցին աթենացիներին: Նրանք մի քանի անգամ փորձեցին քաղաքի միջից դուրս գալ գրոհի և հալածել ահարկու ռազմուհիներին: Վերջապես տեղի ունեցավ վճռական ճակատամարտը:
     Անտիոպեն ևս Թեսևսի կողքին մարտնչում էր նույն այն ամազոնուհիների դեմ, որոնց թագուհին էր առաջ: Անտիոպեն չէր ուզում լքել իր հերոս ամուսնուն, որին ջերմորեն սիրում էր: Այդ ահեղ ճակատամարտում Անտիոպեին կործանում էր վիճակված: Օդի մեջ փայլատակեց ամազոնուհիներից մեկի նետած նիզակը, որի մահաբեր ծայրը մխրճվեց Անտիոպեի կուրծքը, և նա անշնչացած ընկավ իր ամուսնու ոտքերի մոտ: Երկու զորաբանակներն էլ սոսկումով էին նայում մեռած Անտիոպեին: Վշտահար Թեսևսը խոնարհվեց կնոջ դիակի վրա: Արյունահեղ ճակատամարտն ընդհատվեց: Խորին վշտով համակված՝ ամազոնուհիներն ու աթենացիները հողին հանձնեցին երիտասարդ թագուհուն: Ամզոնուհիները թողին Ատտիկան և ետ դարձան իրենց հեռավոր հայրենիքը: Աթենքում դեռ երկար ժամանակ ողբում էին անժամանակ զոհված գեղանի Անտիոպեի կորուստը:

ԹԵՍԵՎՍ ԵՎ ՊԵՐԻԹՈՈՍ


     Թեսալիայում ապրում էր ռազմաշունչ լապիթների (18) ցեղը, որին իշխում էր մեծազոր հերոս Պերիթոոսը: Նրան հասել էր անպարտելի Թեսևսի մեծ ուժի ու խիզախության հռչակը, և նա կամենում էր` չափվել նրա հետ: Թեսևսին մարտի կանչելու համար Պերիթոոսը ուղևորվեց Մարաթոն և այնտեղի փարթամ արոտավայրերից հափշտակեց Թեսևսին պատկանող ցուլերի նախիրը: Այդ լուրն առնելուն պես Թեսևսը փութաց հետապնդել հափշտակողին և շատ չանցած, հասավ հետևից:
     Երկու հերոսները ելան դեմ-հանդիման: Շողշողուն սպառազինությամբ, ասես ահեղ ու անմահ աստվածներ, նրանք կանգնել էին իրար դիմաց: Երկուսն էլ ապշել էին միմյանց վսեմությամբ, երկուսն էլ՝ հավասարապես կորովի, երկուսն էլ՝ հզոր ու գեղեցիկ: Նրանք նետեցին զենքերը և, իրար ձեռք մեկնելով, միմյանց հետ սերտ ու անխախտ դաշն կնքեցին և, ի նշան դրա, զենքերը փոխանակեցին: Այսպես ընկերներ դարձան երկու մեծ հերոսները՝ Թեսևսը և Պերիթոոuը:
     Այդ հանդիպումից շատ չանցած Թեսևսը ուղևորվեց Թեսալիա իր ընկերոջ՝ Պերիթոոսի և Հիպոդամիայի հարսանիքին` մասնակից լինելու: Շքեղ էր հարսանիքը: Շատ պանծալի հերոսներ էին հավաքվել Հունաստանի բոլոր ծայրերից: Հարսանիքին հրավիրված էին նաև վայրի կենտավրոսները՝ կես մարդու և կես ձիու կերպարանքով: Ճոխ էր հարսանեկան խրախճանքը: Արքայական պալատը լի էր հյուրերով, որոնք թեք էին ընկել խնջույքի սեղանների շուրջը, իսկ հյուրերի մի մասը, - քանի որ հարսանիքի եկած բոլոր հյուրերի համար պալատում բավականաչափ տեղ չկար, - խրախճանք էր անում մի մեծ ու զովաշունչ անձավում: Անուշահոտություն էր ծխում, հնչում էին հարսանեկան հիմներն ու երաժշտությունը, խրախճանք անողների ցնծագին կանչերը: Բոլորը փառաբանում էին փեսային ու հարսնացուին, որը երկնային աստղի պես շողում էր բոլորի մեջ իր գեղեցկությամբ: Ուրախ խրախճանք էին անում հյուրերը: Գետի պես հոսում էր գինին: Ավելի ու ավելի ուժգին էին հնչում` խրախճանքի կանչերը: Մեկ էլ հանկարծ, գինով արբեցած, տեղից վեր թռավ կենտավրոսներից ամենազորեղն ու վայրին՝ Էվրիտոսը, և նետվեց հարսնացուի վրա: Խլեց նրան իր հուժկու բազուկներով և ուզեց հափշտակել: Այդ տեսնելով, մյուս կենտավրոսներն էլ նետվեցին հարսանիքի եկած մյուս կանանց վրա: Ամեն մեկն ուզում էր իր ավարն ունենալ: Խրախճանքի սեղաններից ելան Թեսևսը, Պերիթոոսը և հունական մյուս հերոսները, կռվի նետվեցին ի պաշտպանություն կանանց:
     Խնջույքն ընդհատվեց, սկիզբ առավ մոլեգին կռիվը: Զենքով չէ, որ հերոսները կռիվ էին տալիս կենտավրոսների հետ: Նրանք անզեն էին եկել խրախճանքի: Ամեն ինչ զենքի տեղ էր ծառայում այդ մարտի ընթացքում. ծանրագին գավաթներ, գինու մեծ սափորներ, ջարդված սեղանների ոտքեր, եռոտանիներ, որոնց վրա քիչ առաջ ախորժալի բուրմունք էր ծխում, - ամեն, ամեն ինչ գործի դրվեց: Քայլ առ քայլ հերոսները խրախճանքի սրահներից դուրս էին մղում կենտավրոսներին, բայց մարտը շարունակվում էր նաև դուրսը: Հունական հերոսները հիմա արդեն մարտնչում էին զենքը և վահանը ձեռքներին: Իսկ կենտավրոսները` ծառեր էին արմատախիլ անում, ահագին ժայռեր` պոկում ու նետում հերոսների վրա: Հերոսների առջևից մարտնչում էին Թեսևսը, Պերիթոոսը, Պելևսը, Նեստորը՝ Պելևսի որդին: Կենտավրոսների դիակների արնաթաթավ բլուրն ավելի ու ավելի էր կուտակվում: Իրար հետևից գետին էին տապալվում` կենտավրոսները: Վերջապես ` չդիմացան նրանք և փախուստի դիմեցին, - թաքնվեցին բարձրաբերձ Պելիոնի անտառներում:
     Հունաստանի հերոսները պարտության մատնեցին վայրի կենտավրոսներին. ահավոր այդ մարտում նրանցից քչերը փրկություն գտան։

ՀԵՂԻՆԵԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ։ ԹԵՍԵՎՍԸ ԵՎ ՊԵՐԻԹՈՈՍԸ ՎՃՌՈՒՄ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ ՊԵՐՍԵՓՈՆԵԻՆ։ ԹԵՍԵՎՍԻ ՄԱՀԸ։


     Երկար կյանք չունեցավ Պերիթոոսի գեղանի կինը՝ Հիպոդամիան. վախճանվեց իր գեղեցկության ծաղկման ժամանակ: Զրկվելով ամուսնուց, Պերիթոոսը ողբաց կնոջ կորուստը և, մի որոշ ժամանակ անց, վճռեց կրկին ամուսնանալ: Ուղևորվեց Աթենք, իր ընկերոջ՝ Թեսևսի մոտ: Նրանք վճռեցին առևանգել գեղանի Հեղինեին: Սա տակավին դեռատի աղջիկ էր, բայց գեղեցկության փառքը թնդում էր բովանդակ Հունաստանում: Ընկերները ծածուկ Լակոնիա հասան և առևանգեցին Հեղինեին, երբ նա իր ընկերուհիների հետ միասին ուրախ-ուրախ պարում էր Արտեմիսի տոնախմբությանը։ Թեսևսը և Պերիթոոսը հափշտակեցին Հեղինեին և շուտափույթ Արկադիայի լեռները տարան, իսկ այնտեղից, Կորնթոսի ու Իսթմոսի միջով բերին Ատտիկա, Աթենքի միջնաբերդը: Սպարտացիները նետվեցին հետապնդելու, բայց անկարող եղան հասնել առևանգողներին: Հեղինեին թաքցնելով Աթենքում, ընկերները վիճակ գցեցին, թե ում պիտի պատկանի հրաշք գեղեցկուհին: Վիճակն ընկավ Թեսևսին: Բայց դեռ առաջուց ընկերները միմյանց երդում էին տվել, որ նա, ում կհասնի գեղագանգուր Հեղինեն, պետք է օգնի մյուսին կին գտնել:
     Երբ Հեղինեն վիճակվեց Թեսևսին, Պերիթոոսը պահանջեց ընկերոջից, որ նա օգնի իրեն կնության առնելու Պերսեփոնեին՝ ահեղ Հադես աստծու, հանգուցյալների ստվերների թագավորության տիրակալի կնոջը: Սոսկումը պատեց Թեսևսին, բայց ի՞նչ կարող էր անել: Երդում էր տվել, անկարող էր խախտել տված երդումը: Ստիպված եղավ ուղեկցել Պերիթոոսին դեպի հանգուցյալների թագավորությունը: Աթենքից ոչ հեռու, Կոլոնոս գյուղի մոտ գտնվող մթին կիրճի միջով ընկերներն իջան ստորերկրյա թագավորությունը: Այնտեղ, սոսկումների թագավորության մեջ, երկու ընկերները կանգնեցին Հադեսի հանդիման և պահանջեցին իրենց տալ Պերսեփոնեին: Ահեղորեն զայրացավ հանգուցյալների թագավորության դժնադեմ տիրակալը, բայց թաքցրեց ցասումը և հերոսներին առաջարկեց նստել գահին, որ փորված էր մեռյալների թագավորության ճիշտ մուտքի մոտ գտնվող ժայռի մեջ: Գահին նստելուն պես հերոսները կպան նրանից և այլևս չկարողացան տեղներից շարժվել: Հադեսն այդպես պատժեց հերոսներին՝ նրանց անարգ պահանջի համար:
     Մինչ Թեսևսը մնում էր Հադեսի թագավորության մեջ, գեղեցիկ Հեղինեի եղբայրները՝ Կաստորը և Պոլիդևկեսը, ամենուրեք փնտրում էին իրենց քրոջը: Ի վերջո, նրանք իմացան, թե ո՛րտեղ է թաքցրել Թեսևսը Հեղինեին: Իսկույն ևեթ պաշարեցին Աթենքը: Անառիկ բերդը չդիմացավ պաշարմանը: Կաստորն ու Պոլիդևկեսը առան բերդը, ազատեցին իրենց քրոջը և իրենց հետ գերի տարան Թեսևսի մորը՝ Էթրեին: Իսկ Աթենքի և բովանդակ Ատտիկայի իշխանությունը Կաստորն ու Պոլիդևկեսը հանձնեցին Մենեսթևսին՝ Թեսևսի հին թշնամուն: Թեսևսը երկար մնաց Հադեսի թագավորության մեջ: Ծանրագին տառապանքներ կրեց այնտեղ, մինչև որ, վերջապես, ազատեց նրան Հերակլեսը՝ հերոսներից վսեմագույնը:
     Թեսևսը կրկին լույս աշխարհ դուրս եկավ, բայց դա նրան հրճվանք չբերեց: Անառիկ Աթենքն ավերված էր, Հեղինեն՝ ազատված, մայրը Սպարտայում տանջալից գերության մեջ էր, զավակները՝ Դեմոփոնը և Ակամանթոսն ստիպված էին եղել փախչել Աթենքից, իսկ ամբողջ իշխանությունը գտնվում էր ատելի Մենեսթևսի ձեռքին: Եվ Թեսևսը լքեց Ատտիկան ու հեռացավ Էվբեա կղզին, ուր նա հողեր ուներ: Հիմա արդեն դժբախտությունն էր դարձել Թեսևսի ուղեկիցը։ Սկիրոսի թագավոր` Լիկոմեդեսը` չկամեցավ Թեսևսին տալ նրա ունեցվածքը. նա մեծ հերոսին խաբեությամբ տարավ բարձրաբերձ ապառաժի վրա և այնտեղից հրեց ու ծովը նետեց: Այսպես, դավաճան ձեռքով զոհ գնաց Ատտիկայի մեծագույն հերոսը: Միայն շատ տարիներ անց, երբ Մենեսթևսն արդեն վախճանվել էր, Թեսևսի որդիները վերադարձան Աթենք՝ դեպի Տրոյա կատարած արշավանքից հետո: Այնտեղ, Տրոյայում Թեսևսի որդիները գտան նրա մորը՝ Էթրեին: Նրան, իբրև ստրուկի, այնտեղ էր տարել Պրիամոսի որդի Պարիսը՝ առևանգած Հեղինեի հետ միասին:

ՄԵԼԵԱԳՐՈՍ (19)


     Կալիդոնի (20) արքա Օյնևսը՝ Մելեագրոս հերոսի հայրը, շարժել էր մեծ դիցուհի Արտեմիսի զայրույթը: Մի անգամ, իր այգիներում տոնելով բերքահավաքը` մեծամեծ զոհեր է մատուցել օլիմպական աստվածներին և միայն Արտեմիսին է, որ զոհաբերություն չէր արել: Դրա համար` Արտեմիսը` պատժեց Օյնևսին: Նրա երկիրն ուղարկեց մի ահեղ վարազ: Վիթխարի վարազը կատաղորեն ամայացնում էր Կալիդոնի ամբողջ շրջակայքը: Հրեշավոր ժանիքներով` արմատախիլ էր անում ծառերը, ոչնչացնում խաղողի այգիները և քնքուշ ծաղիկներով պատած խնձորենիները։ Վարազը մարդկանց էլ չէր խնայում, եթե նրանք պատահում էին նրա ճանապարհին: Սուգ էր տիրում` Կալիդոնի չորսբոլորը: Եվ այդ ժամանակ` Օյնևսի որդին՝ Մելեագրոսը, ականատես լինելով բոլորին համակած վշտին, վճռեց շուրջկալի մեջ առնել վարազին ու սպանել: Այդ վտանգավոր որսին նա ձեռնամուխ եղավ, հավաքելով Հունաստանի շատ հերոսների: Որսին մասնակից եղան Սպարտայից՝ Կաստորն ու Պոլիդևկեսը, Աթենքից՝ Թեսևսը, Փերեից՝ Ադմետոս արքան, Յոլքոսից՝ (21) Յասոնը, Թեբեից՝ Իոլայոսը, Թեսալիայից՝ Պերիթոոսը, Փտեոտիսից՝ Պելևսը (22), Սալամիս (23) կղզուց՝ Տելամոնը և բազում ուրիշ հերոսներ: Որսին ներկայացավ նաև Արկադիայից եկած Ատլանտեն՝ արագավազ, ինչպես ամենաարագոտն եղնիկը: Նա լեռներում էր առել իր դաստիարակությունը: Նրա ծնվելուց հետո հայրն իսկույն հրամայել էր լեռները տանել մանկանը, քանի որ չէր կամենում աղջիկ զավակ ունենալ: Այնտեղ, կիրճի մեջ, նրան արջն էր սնուցել, նա որսորդների մեջ էր մեծացել: Իբրև որսորդ, Ատլանտեն հավասար էր` մինչև իսկ Արտեմիսին:
     Ինն օր հավաքված հերոսները խրախճանք արին հյուրասեր Օյնևսի տանը: Վերջապես գնացին վարազին որսալու: Շրջակա լեռները` թնդացին շների մեծաթիվ ոհմակների հաչոցներից։ Շները` բնահան արին վարազին և հետապնդեցին գազանին: Ահա երևաց շներից հալածվող վարազը քամու պես սուրալիս։ Որսորդներն ընկան հետևից։ Նրանցից յուրաքանչյուրն շտապում էր խոցել վարազին իր նիզակով, բայց դժվար էր կռվել հրեշավոր վարազի դեմ, որսորդներից շատերն էին տեսել նրա ահավոր ժանիքների ուժը: Վարազն իր ժանիքներով մահացու վերք հասցրեց աներկյուղ որսորդ՝ Արկադիայից եկած Անքեոսին, երբ նա, ճոճելով իր երկսայր տապարը, ուզում էր սպանել վարազին: Այդ ժամանակ Ատլանտեն լարեց իր պիրկ աղեղը և իր սուրսայր նետն արձակեց վարազի վրա։ Այդ պահին վրա հասավ նաև Մելեագրոսը: Նիզակի հուժկու հարվածով նա սպանեց վիթխարի վարազին: Ավարտվեց որսը: Բոլորն ուրախ էին այդ հաջողությամբ:
     Բայց ո՞ւմ պիտի հասնի պարգևը: Բազում հերոսներ էին մասնակցել որսին: Նրանցից շատերն էին վարազին վիրավորել սուրսայր նիզակներով: Վեճ սկսվեց պարգևի համար, իսկ Արտեմիս աստվածուհին, զայրացա՛ծ Մելեագրոսի վրա՝ իր վարազին սպանելու համար, ավելի բորբոքեց երկպառակությունը:
     Պառակտությունը, ի վերջո, պատերազմ առաջ բերեց` էտոլացիների՝ Կալիդոնի բնակիչների և կուրետների, հարևան՝ Պլևրոն, քաղաքի բնակիչների միջև: Քանի դեռ Մելեագրոսը մարտնչում էր էտոլացիների կողմում՝ հաղթանակը նրանցն էր:
     Ինչպես պատահեց, մարտի թոհուբոհի մեջ, Մելեագրոսն սպանեց իր մոր՝ Ալփեայի եղբորը: Վշտացավ Ալփեան սիրասուն եղբոր մահվան լուրն առնելով: Մոլեգին ցասում համակեց նրան, երբ իմացավ, որ եղբայրը զոհ է գնացել որդու՝ Մելեագրոսի ձեռքով: Ցասումով լցված որդու հանդեպ՝ Ալփեան աղերսեց խավարադեմ Հադես աստծուն ու նրա կնոջը՝ Պերսեփոնեին, որ պատժեն Մելեագրոսին: Զայրույթից խելակորույս՝ նա վրիժառու Էրինիներին կոչ էր անում լսել իր աղերսանքները: Մելեագրոսը` զայրացավ, իմանալով, որ հարազատ մայրը իր որդու՝ Մելեագրոսի կործանմանն է ձգտում և հեռու քաշվեց ճակատամարտից: Տրտմաթախիծ գլուխը ձեռքին հակած՝ նստել էր նա իր կնոջ՝ գեղանի Կլեոպատրայի օթարանում: Հենց որ Մելեագրոսը` դադարեց էտոլացիների շարքերում մարտնչելուց՝ հաղթանակն այլևս ուղեկից չեղավ նրանց: Հիմա էլ կուրետներն էին հաղթողը: Նրանք արդեն պաշարել էին մեծահարուստ Կալիդոնը: Կործանում էր սպառնում Կալիդոնին: Ջուր էին Կալիդոնի ծերերն աղերսում Մելեագրոսին, որ ռազմի դաշտ վերադառնա: Հերոսին մեծ պարգև խոստացան, բայց նա չլսեց նրանց խոսքը: Մինչև իսկ Մելեագրոսի զառամյալ հայրը՝ Օյնևսը, եկավ Մելեագրոսի կնոջ՝ Կլեոպատրայի օթարանը. ծեծեց օթարանի փակ դուռը և որդուն պաղատեց մոռացության տալ զայրույթը. չէ՞ որ նրա հարազատ Կալիդոնն էր կործանվում: Հորն էլ չլսեց Մելեագրոսը: Նրա օգնությունն աղերսեցին և՛ քույրը, և՛ մայրը, և՛ սիրելի ընկերները, բայց Մելեագրոսն անդրդվելի էր:
     Մինչ այդ, կուրետներն արդեն տիրել էին Կալիդոնի պարիսպներին: Արդեն հրի էին մատնում քաղաքի տները, ձգտելով ամենայն ինչ հրո ճարակ դարձնել: Վերջապես հարվածներից ցնցվեցին նաև այն օթարանի պատերը, ուր Մելեագրոսն էր գտնվում: Եվ նրա դեռատի կինը, սոսկումնահար, ծնկաչոք նետվեց ամուսնու առաջ և պաղատեց, որ քաղաքը փրկի կործանումից: Աղերսեց միտք անել այն չար ճակատագրի մասին, որ կվիճակվի և՜ քաղաքին, և՛ պարտվածներին, հիշել, որ հաղթողները կանանց ու երեխաներին տանջալի ստրկության կտանեն: Մի՞թե նա ուզում է, որ նույն ճակատագիրը վիճակվի և իրեն: Հզորազոր Մելեագրոսը անսաց կնոջ պաղատանքին: Փութաջան վրան առավ շողշողուն զենք ու զրահը, գոտևորվեց սրով, ձեռքն առավ իր վիթխարի վահանն ու նիզակը: Եվ մխրճվեց Մելեագրոսը ճակատամարտի մեջ, ետ մղեց կուրետներին, փրկեց հայրենի Կալիդոնը: Բայց կործանում էր սպառնում նաև իրեն՝ Մելեագրոսին: Հանգուցյալների ստվերների` թագավորության աստվածները լսեցին Ալփեայի նզովքները: Ընկավ Մելեագրոսը՝ մահացու վերք ստացած Ապոլոն աստծու ոսկեձույլ նետից, և Մելեագրոսի հոգին սավառնեց դեպի ստվերների վշտալի թագավորությունը (24):

ԿԵԻԿՈՍ ԵՎ ԱԼՔԻՈՆԵ


     Կեիկոսը՝ լուսաստղի աստված Ֆոսֆորի որդին, Տրաքինեի (25) արքան էր: Նրա կինը` գեղանի Ալքիոնեն էր, քամու աստված Էոլոսի դուստրը: Մի անգամ, վախեցած ահեղ կանխանշաններից, Կեիկոսը վճռեց ուղևորվել Դելփիքյան սրբավայրը՝ Ապոլոն աստծուց հարցում անելու ապագայի մասին: Կեիկոսը չէր կարող ցամաքային ճամփով գնալ, քանի որ այդ ճանապարհը բռնել էին փլեգրիացիները (26), և վճռեց ծովով գնալ: Երբ Կեիկոսն իր վճիռը հայտնեց կնոջը՝ Ալքիոնեին, ապա սոսկումը տիրեց նրան: Զուր էր Ալքիոնեն աղերսում ամուսնուն, որ տանը մնա, իր բախտը չապավինի ծովին ու ծովային քամիներին: Էոլոսի դուստրը գիտեր, թե որքա՜ն ահեղ են անծայրածիր ծովում` մոլեգնող քամիները: Ջուր էր աղերսում, որ իրեն էլ տանի, եթե Կեիկոսն իրոք վճռել է հեռավոր նավարկություն սկսել: Նա ուզում էր ամուսնու բախտակիցը լինել, ամուսնու հետ կրել այն ամենը, ինչ որ ճակատագիրը` ծովագնացության ընթացքում կվիճակի նրան: Բայց Կեիկոսը չփոխեց իր վճիռը. միայն խոստում տվեց կնոջը՝ վերադառնալ ավելի վաղ, քան լուսինը` երկու անգամ` նորած կլինի:
     Նավը ծովն իջեցրին: Կեիկոսն արդեն ուզում էր ճանապարհ ընկնել, բայց Ալքիոնեն չէր կարողանում բաժանվել ամուսնուց. նա մեծ տարաբախտություն էր կանխազգում: Լալիս էր Ալքիոնեն Կեիկոսին գիրկն առած: Վերջապես քնքշությամբ ազատվեց կնոջ գրկից ու վերջին անգամ ասաց նրան.
     - Մնաս բարո՜վ:
     - Մնաս բարո՜վ, - հազիվ լսելի շշնջաց վշտով լեցուն Ալքիոնեն:
     Կեիկոսը նավ ելավ: Համերաշխ թափով թիակները շարժեցին երիտասարդ թիավարները. արագորեն սուրաց նավը ծովի ալիքների վրայով։ Արցունքով լի աչքերով հետևում էր նրան Ալքիոնեն և տեսնում, թե Կեիկոսն ինչպես է նավի վրայից իր վերջին ողջույնը հղում: Հեծկլտալով, Ալքիոնեն պալատ մտավ:
     Ավելի ու ավելի հեռու էր ընթանում նավը: Համընթաց քամին փքում էր` առագաստները: Ծովը թեթևակի հուզվում էր: Կարծես թե ամեն ինչ երջանիկ նավարկություն էր գուշակում: Վրա հասավ գիշերը: Ճանապարհի կեսը կտրել էին արդեն: Հանկարծ ծովի վրա փչեց հարավային մոլեգին քամին: Սևակնեց ծովը, և գլորվեցին փրփրաբաշ ալիքները: Նավավարը զուր էր առագաստներն ամրացնելու հրաման տալիս. չէին լսվում նրա հրամանները, փոթորկի շառաչը` խլացնում էր նրա ձայնը: Ավելի ու ավելի ուժգին էին դառնում քամու պոռթկումները: Բոլոր կողմերից վրա էին հասնում` քամիները և մոլեգնաբար սուրում ծովի վրայով: Եռում, ոռնում էր կատաղի հողմը: Ավելի ու ավելի վեր էին խոյանում ալիքները, ասես ուզում էին երկինք հասնել: Իսկ երկինքը պատած էր սև ամպերով: Խավարը գնալով թանձրանում էր. խավարը ճեղքում էին կայծակի փայլատակումները՝ մի պահ լուսավորելով ահեղ ալիքները: Անձրևի հեղեղը հորդաց սև ամպերից։ Նավն անկարող էր դիմագրավել ահավոր փոթորկին, ջուրը լցվում էր նրա մեջ: Կործանումն այլևս անխուսափելի էր: Կեիկոսն ականատես էր դրան, բայց միայն Ալքիոնեի մասին էր մտածում նա, միայն նրա անունն էին շշնջում նրա շուրթերը: Ահեղորեն խոյացավ մի վիթխարի ալիք, փուլ եկավ նավի վրա և փշուր-փշուր արեց այն: Կեիկոսը հազիվ հասցրեց կպչել նավի բեկորից, բայց դա էլ չփրկեց նրան, ծովային ալիքները կլանեցին նրան:
     Երկար սպասեց Ալքիոնեն Կեիկոսի վերադարձին, օլիմպական աստվածներին աղերսեց երջանիկ նավարկություն շնորհել ամուսնուն, Հերային էլ պաղատեց, որ ամուսնուն ետ դարձնի երջանիկ ու քաջառողջ: Իսկ Հերան չէր ուզում, որ Ալքիոնեն իրեն աղերսանք աներ զոհված մարդու համար: Ամպրոպային Զևսի մեծանուն ամուսինն իր մոտ կանչեց Իրիսին և հրամայեց թռչել քնի աստված Հիպնոսի մոտ և ասել, որ Ալքիոնեին երազի մեջ հայտնի դարձնի Կեիկոսի կործանման եղելությունը:
     Իր ծիածանային թևերով սուրաց Իրիսը ծայրագույն արևմուտք, Հիպնոսի կացարանը: Իսկույն հասավ խորունկ անձավին, ուր երբեք չէր թափանցում արևի ճառագայթը։ Լռություն էր տիրում և՛ անձավում, և՛ նրա շուրջը: Անձավի մուտքի մոտ մի առվակ էր կամացուկ խոխոջում և այդ խոխոջյունը` քնով էր համակում ունկնդիրներին: Անձավի մոտ փարթամորեն աճել էին կակաչն ու քնաբեր բույսերը: Ամենուրեք քուլա-քուլա սևամած մառախուղ էր, չորսբոլորն ամեն ինչ ընկղմված էր թանձր աղջամուղջի մեջ։ Իրիսը մտավ մթին անձավը և շողաց իր ծիածանային փայլով: Անձավում քուն էր մտել Հիպնոսը, իսկ նրա շուրջը երազներ էին լցված, և այնքան շատ, ինչպես անտառի տերևները, ինչպես բերրի` արտի՝ հասկերը: Իր սև մահճի վրայից մի թեթև բարձրացավ Հիպնոսը, դժվարությամբ բաց արեց իր փակ աչքերը և հարցրեց Իրիսին, թե ինչու է եկել: Հաղորդեց Իրիսը մեծն Հերայի արձակած հրամանը: Քնի աստվածն իր մոտ կանչեց իր Մորփեոս որդուն և Հրամայեց, որ նա ի կատարածի Հերայի կամքը:
     Գիշերվա խավարում շուտափույթ դեպի Տրաքինե սուրաց Մորփեոսն իր անշշուկ թևերով։ Առավ Կեիկոսի կերպարանքը ու թեքվեց Ալքիոնեի մահճի վրա։ Երազի մեջ դժգունացած կանգնել էր Կեիկոսի ուրվականը Ալքիոնեի առջևում, մորուքից ու վարսերից կաթում էր ծովային դառնաղի ջուրը: Նա հաղորդեց կնոջը, որ ինքը զոհվել է ծովային հորձանուտում։ Քնի մեջ դեպի ամուսինը կարկառեց Ալքիոնեն իր ձեռքերը և շշնջաց հեռացող ուրվականին.
     - Մի՛ գնա, դեպի ո՞ւր ես ձգտում դու Միասին գնանք:
     Արթնացավ Ալբիոնեն: Փնտրում էր Կեիկոսին, բայց շուրջը ոչ ոք չկա: Կռահեց, որ ամուսինը զոհվել է: Վիշտը ճմլեց Ալքիոնեի սիրտը, նա չէր ուզում ապրել առանց ջերմորեն սիրած ամուսնու։
     Հազիվ էր լույսը բացվել, երբ Ալքիոնեն դուրս եկավ պալատից և, հուսահատությամբ համակված, գնաց դեպի ծովափնյա ժայռը: Ակնդետ նայում էր ծովի ալիքներին, որոնք նրանից խլել էին ամուսնուն: Այն ավելի ու ավելի էր բացվում, արդեն առավոտ էր, և պարզ երևում էր ծովային հեռաստանը: Եվ ահա Ալքիոնեն տեսավ, որ ալիքները կամացուկ դեպի ծովափ են մղում ջրահեղձի դին: Հայացքով զննում էր Ալքիոնեն խեղդվածին և հանկարծ ճանաչեց Կեիկոսին: Ձեռքերը դեպի ամուսնու դին կարկառած՝ Ալքիոնեն բարձրադիր ծովափից նետվեց ծովի ալիքների մեջ։
     Թևերով ալիքների կատարներին դիպչելով, ճախրում է ծովի վրայով թռչուն դարձած Ալքիոնեն: Հեռու էր տարածվում նրա տրտմաթախիծ կանչը: Կեիկոսի անշունչ մարմնին է հպվել ձկնկուլ-Ալքիոնեն, ասես իր թևերով գրկել է նրան ու համբուրում է կտուցով: Զգաց Կեիկոսը կնոջ համբույրները։ Եվ աստվածները նրան էլ ձկնկուլ դարձրին: Ծովի ալիքների վրայից երկու ձկնկուլներ պոկվեցին և, թևերը փայլեցնելով, դեպի ծովափ սավառնեցին: Վերստին անբաժան են Կեիկոսն ու Ալբիոնեն, դարձյալ ուժեղ է նրանց սերը՝ միմյանց հանդեպ:
     Երբ ձկնկուլ-Ալքիոնեն ջրերի վրա կախված իր բնում նստած է լինում ձվերի վրա՝ հանդարտվում են ծովային ալիքները: Էոլոսը՝ Ալքիոնեի հայրը, զսպում է քամիներին, թույլ չի տալիս, որ մոլեգնեն. հայրը հանգստություն է տալիս դստերը:

ԿԻՊԱՐԻՍ

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Կեոս կղզու (27) Կարթեյան հովտում հավերժահարսներին նվիրաբերված մի եղջերու կար: Գեղեցիկ էր այդ եղջերուն: Բազմաճյուղ եղջյուրները ոսկեզօծ էին, մարգարտաշար մանյակը զարդարում էր նրա պարանոցը, իսկ ականջներից կախ էին ընկած թանկագին զարդեր: Եղջերուն իսպառ մոռացության էր տվել երկյուղը մարդկանց հանդեպ: Մտնում էր մարդկանց տները, հաճությամբ պարանոցը երկարում նրա առաջ, ով կուզենար փաղաքշել նրան:
     Բոլոր բնակիչները սիրում էին եղջերուին, իսկ ամենքից առավել՝ Կեոսի թագավորի պատանի որդին՝ Կիպարիսը, նետաձիգ Ապոլոնի սիրելի ընկերը: Կիպարիսը, երջերուին հյութալի խոտով պատած արոտավայրերն էր տանում ու խոխոջացող գետակները, նրա հզոր եղջյուրները զարդարում բուրումնավետ ծաղկեպսակներով: Հաճախ էլ, խաղալով եղջերուի հետ, պատանի Կիպարիսը քրքջալով ոստնում էր նրա մեջքին և սուրում Կարթեյան ծաղկավետ հովտով:
     Ամառային շոգ կեսօր էր, արևը կիզում էր, սաստիկ տոթ էր: Կեսօրվա տոթից խուսափելով, եղջերուն մեկնվեց թփուտների մեջ: Պատահաբար, Կիպարիսը որս էր անում հենց այնտեղ, ուր պառկած էր եղջերուն: Պատանի որսորդը չճանաչեց իր սիրելի եղջերուին, քանի որ ծածկված էր տերևներով, նետեց իր սուր նիզակը և մահացու վերք տվեց եղջերուին: Սոսկաց Կիպարիսը տեսնելով, որ իր սիրելի եղջերուին է սպանել: Վշտահար պատանին ուզում էր մեռնել նրա հետ: Ապոլոնը զուր էր սփոփում նրան: Անսփոփ էր Կիպարիսի վիշտը, և նա խնդրեց արծաթաղեղ աստծուն, որ իրեն հավերժ անմար վիշտ տա։ Ապոլոնը կատարեց նրա տենչանքը։ Պատանին ծառ դարձավ: Գանգուրները մուգ կանաչավուն փշատերև դարձան, մարմինը կեղևապատվեց: Իբրև բարձրուղեշ կիպարիս ծառ, կանգնել էր նա Ապոլոնի առաջ, կատարը նետի պես երկինք մխրճած: Վշտակեզ հառաչանք արձակեց Ապոլոնը և մրմնջաց.
     - Հավե՜րժ թախծեմ պիտի քեզ համար, գեղեցիկ պատանի, դո՛ւ ևս պիտի թախծես ուրիշի վշտով: Ուրեմն, հավերժ վշտացյալների հետ եղիր:
     Այդ ժամանակից ի վեր այն տների դռներին, ուր հանգուցյալ է լինում, Հույները` կիպարիսի ճյուղ են կախում, նրա փշատերևով զարդարում թաղման խարույկները, որոնց վրա այրում էին մեռածներին, և կիպարիս տնկում շիրիմների մոտ:

ՕՐՓԵՈՍ ԵՎ ԵՎՐԻԴԻԿԵ

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։

ՕՐՓԵՈՍԸ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ


     Մեծ երգիչ Օրփեոսը՝ գետային աստված Էագրոսի ու մուսա Կալիոպեի որդին, ապրում էր հեռավոր Թրակիայում: Օրփեոսի կինը գեղանի հավերժահարս Եվրիդիկեն էր: Երգիչ Օրփեոսը ջերմորեն սիրում էր նրան: Բայց Օրփեոսը իր կնոջ հետ երջանիկ կյանքը երկար չվայելեց: Մի անգամ, հարսանիքից շատ չանցած, գեղանի` Եվրիդիկեն` դեռատի, աշխույժ ընկերուհի հավերժահարսների հետ գարնանային ծաղիկներ էր փնջում հովտում: Փարթամ խոտերի մեջ Եվրիդիկեն չնկատեց օձին և ոտքը դրեց վրան: Օձը խայթեց Օրփեոսի դեռատի կնոջ ոտքը: Բարձր ճիչ արձակեց Եվրիդիկեն և ընկավ մոտ եկած ընկերուհիների` ձեռքերին: Գունատվեց Եվրիդիկեն, փակվեցին աչքերը: Օձի թույնը կտրեց նրա կյանքի թելը։ Սոսկումը պատեց Եվրիդիկեի ընկերուհիներին և հեռու տարածվեց նրանց ողբաձայն լացը, հասավ Օրփեոսի ականջին: Երգիչը փութաց հովիտ և տեսավ կաթոգին սիրած կնոջ սառը դիակը: Հուսահատությունը տիրեց Օրփեոսին: Անկարող էր հաշտվել այդ կորստի հետ։ Երկար ողբաց իր Եվրիդիկեին և, նրա վշտալի երգին ունկնդիր, ողբաց նաև բովանդակ բնությունը:
     Վերջապես Օրփեոսը վճռեց իջնել մեռյալների ստվերների խավարչտին թագավորությունը, որպեսզի Հադես տիրակալին և նրա կնոջը՝ Պերսեփոնեին, խնդրի ետ տալ իր կնոջը: Տենարոսի (28) մթին քարայրով Օրփեոսն իջավ Ստիքս սրբազան գետի ափերը:
     Կանգնել է Օրփեոսը Ստիքսի ափին: Ինչպե՞ս անցնի մյուս ափը, այնտեղ, ուր գտնվում է Հադես տիրակալի մռայլ թագավորությունը: Օրփեոսի չորսբոլորը խռնվում են հանգուցյալների ստվերները: Հազիվ են լսվում նրանց հառաչանքները՝ նման ուշ աշնանը` անտառում թափվող տերևների շրշյունին: Ահա՛, հեռվից թիակների ճողփյունի ձայն է լսվում: Հանգուցյալների հոգին տեղափոխող Քարոնի նավակն է, որ մոտենում է: Քարոնն ափ հասավ: Օրփեոսը խնդրեց, որ ստվերների հետ միասին իրեն էլ մյուս ափը տանի, բայց անողորմ Քարոնը մերժեց նրան: Որքան էլ աղերսեց Օրփեոսը, միայն մի պատասխան ստացավ՝ «ո՛չ»:
     Եվ այդ ժամանակ Օրփեոսը զարկեց իր ոսկեղեն կիթառի լարերին, և, ալիք տալով մռայլ Ստիքսի ափերով, լայնորեն տարածվեցին նրա լարերի հնչյունները: Իր երաժշտությամբ Օրփեոսը հմայեց Քարոնին: Հենված թիակին՝ Քարոնն ունկնդրում էր Օրփեոսի նվագը: Երաժշտության հնչյունների ուղեկցությամբ Օրփեոսը նստեց նավակը, Քարոնն իր թիակով ափից ետ վանեց այն, և նավակը լողաց Ստիքսի մռայլ ջրերի միջով: Քարոնը մյուս ափը հասցրեց` Օրփեոսին: Նա դուրս ելավ նավակից և ոսկեղեն կիթառի վրա նվագելով, կիթառի հնչյունների վրա եկած ու իրեն շրջապատած հոգիների ուղեկցությամբ, հանգուցյալների հոգիների թագավորության միջով քայլեց դեպի Հադես աստծո գահը:
     Նվագելով կիթառի վրա, Օրփեոսը մոտեցավ Հադեսի գահին և խոնարհվեց նրա առաջ: Ավելի ուժգին զարկեց լարերին ու երգեց. երգեց Եվրիդիկեի հանդեպ տածած իր սերը և այն, թե ինչ երջանիկ է եղել իր կյանքը կնոջ հետ՝ գարնան լուսավոր, ջինջ օրերին: Բայց վաղանցուկ եղան երջանկության օրերը: Զոհ գնաց Եվրիդիկեն: Իր խորունկ վիշտը, փշրված սերը, հանգուցյալի հանդեպ իր կարո՛տը երգեց Օրփեոսը: Հադեսի ամբողջ թագավորությունն ունկնդիր էր Օրփեոսի երգին, բոլորին հմայեց նրա երգը: Գլուխը կրծքին խոնարհած՝ Հադես աստվածն ականջ էր դնում Օրփեոսին: Գլուխն ամուսնու ուսին հակած՝ Պերսեփոնեն ևս ունկնդիր էր երգին. վշտի արցունքները թրթռում էին նրա թարթիչների վրա։ Հմայված երգի հնչյուններով՝ Տանտալոսը մոռացության էր մատնել իրեն տանջահար անող քաղցը և ծարավը: Սիզիփոսն ընդհատեց իր ծանրագին, ապարդյուն աշխատանքը, նստեց այն քարին, որ գլորում էր սարն ի վեր, և խորասուզվեց մտքերի մեջ: Հմայված երգեցողությամբ՝ կանգ էին առել նաև դանայուհիները, մոռացության էին տվել իրենց անհատակ կարասը։ Մինչև իսկ եռադեմ ահեղ աստվածուհի Հեկատեն ձեռքերով ծածկել էր իր երեսը, որպեսզի աննկատ մնան աչքերի արցունքները: Արցունքներ էին շողում նաև անողորմ` էրինիների աչքերին, մինչև անգամ նրա՛նց էլ հուզել էր Օրփեոսն իր երգով: Բայց ահա գնալով ավելի մեղմ են հնչում ոսկեղեն կիթառի ձայները, ավելի կամացուկ է հնչում Օրփեոսի երգը, և ապա մարեց այն՝ նման թախծի հազիվ լսելի հառաչին:
     Խորունկ լռություն տիրեց չորսբոլորը: Լռությունը խախտեց Հադես աստվածը և հարցրեց Օրփեոսին, թե ինչո՛ւ է եկել իր թագավորությունը, ի՜նչ խնդիրք ունի իրենից: Երդվեց Հադեսը աստվածների անխախտ երդումով՝ Ստիքսի ջրերով, որ ի կատար կածի հրաշք երգչի խնդիրը: Օրփեոսն այսպես պատասխանեց Հադեսին.
     - Օ՜, հզոր տիրակալդ Հադես, մեզ բոլորիս՝ մահկանացուներիս, ընդունում ես քո թագավորությունը, երբ սպառվում են մեր կյանքի օրերը: Չե՛մ եկել այստեղ քո թագավորությունը լցնող սոսկումները տեսնելու, չե՛մ եկել, Հերակլեսի նման, տանելու քո թագավորության պահապան եռագլուխ Կերբերոսին: Եկել եմ աղերսելո՛ւ քեզ, որ իմ Եվրիդիկեին ազատ արձակես դեպի երկիր: Վերստին կյանքի կոչիր նրան, տեսնում ես, թե ինչպե՜ս եմ տառապում նրա համար: Մտածիր, տիրակալ, եթե քեզնից խլեին քո Պերսեփոնեին, դո՛ւ էլ կտառապեիր: Չէ՞ որ ընդմիշտ չէ, որ ետ պիտի տաս Եվրիդիկեին: Նա կրկին ետ կգա քո թագավորությունը: Կարճատև է մեր կյանքը, Հադես տիրակալ: Օ՜, Եվրիդիկեին թույլ տուր վայելել կյանքի հրճվանքը, նա քո թագավորությունն է իջել այնքա՜ն դեռատի:
     - Մտքերի մեջ ընկավ Հադես աստվածը և, վերջապես, պատասխան տվեց Օրփեոսին.
     - Լա՛վ, Օրփեոս: Կվերադարձնեմ քո Եվրիդիկեին: Ե՛տ տար նրան դեպի կյանք, դեպի արևի լույսը: Բայց դու պիտի մի պայման կատարես. դու առաջ կգնաս Հերմես աստծո հետքերով, նա կառաջնորդի քեզ, իսկ քո հետևից կգա Եվրիդիկեն: Բայց ստորերկրյա թագավորության միջով գնալիս դու ետ չպիտի նայես: Իմացի՛ր, ետ նայես թե չէ՝ Եվրիդիկեն կլքի քեզ, և ընդմիշտ կմնա իմ թագավորության մեջ:
     Ամեն ինչի համաձայն էր Օրփեոսը: Շտապում էր որքան կարելի է շուտ բռնել վերադարձի ճամփան: Մտքի պես սրաթռիչ Հերմեսը Եվրիդիկեի ստվերը բերեց Օրփեոսի մոտ: Սքանչացած՝ Օրփեոսը նայում էր կնոջը, ուզում էր գիրկն առնել նրա ստվերը, բայց Հերմեսը կասեցրեց նրան, ասելով.
     - Օրփեոս, դա լոկ ստվերն է, որ ուզում ես գրկել: Փութանք առաջ, դժվա՛ր է մեր ուղին:
     Ճանապարհ ընկան: Առջևից Հերմեսն էր` ընթանում, նրա հետևից` Օրփեոսը, որին հետևում էր Եվրիդիկեն: Նրանք արագորեն անցնում էին Հադեսի թագավորության միջով։ Քարոնն իր նավակով նրանց անցկացրեց Ստիքս գետի մյուս ափը: Ահա և այն արահետը, որ տանում էր երկրի մակերեսը: Դժվար էր նրանց ուղին։ Արահետը որ լեցուն էր քարերով, կտրուկ վեր էր բարձրանում: Չորսբոլորը թաղված էր թանձր աղջամուղջի մեջ: Առջևից ընթացող Հերմեսի կերպարանքը հազիվ էր նշմարվում: Բայց ահա հեռո՜ւ-հեռվում մի լույս երևաց: Դա ելքն էր: Ահա և շուրջը կարծես ավելի էր լուսավորվում։ Եթե Օրփեոսը շուռ գար՝ Եվրիդիկեին կարող էր տեսնել: Իսկ նա արդյո՞ք հետևում էր իրենց: Չմնա՞ց արդյոք հանգուցյալների հոգիների խավարչտին թագավորության մեջ: Գուցեև ետ էր ընկել, չէ՞ որ այնքան դժվարին է ճանապարհը։ Ետ է ընկել և դատապարատված կլինի հավետ թափառել խավարի մեջ: Օրփեոսը դանդաղեցրեց քայլերը, ականջ դրեց: Ոչինչ չէր լսվում: Բայց կարո՞ղ էին արդյոք լսելի լինել անմարմին ստվերի քայլերը։ Տագնապում էր Օրփեոսը Եվրիդիկեի համար և տագնապն ավելի ու ավելի էր համակում նրան. Ավելի հաճախ էր կանգ առնում Օրփեոսը, իսկ շուրջը գնալով լուսավորվում էր: Հիմա արդեն Օրփեոսը` պարզորոշ կտեսներ կնոջ ստվերը: Վերջապես մոռացության մատնելով ամեն ինչ, նա կանգնեց ու շուռ եկավ: Գրեթե կողքին տեսավ Եվրդիկեի ստվերը: Ձեռքը երկարեց նրան, բայց ստվերը ետ սահեց ավելի ու ավելի հեռու և սուզվեց խավարի մեջ: Ասես քար կտրած՝ կանգնել էր հուսահատ Օրփեոսը: Եվ նրան վիճակվեց կրկին անգամ ապրել Եվրիդիկեի մահվան վիշտը, իսկ այդ երկրորդ մահվան մեղավորը հենց ինքն էր:
     Այդպես երկար կանգնած մնաց Օրփեոսը: Թվում էր, թե կյանքը լքել էր նրան, թվում էր, թե կանգնած մարմարե մի արձան է նա: Վերջապես կամացուկ շարժվեց Օրփեոսը, մի քայլ արեց, ապա՝ երկրորդը, ետ գնաց դեպի մռայլ Ստիքսի ափերը: Նա վճռել էր կրկին վերադառնալ Հադեսի գահի մոտ, կրկին աղերսել, որ ետ տա Եվրիդիկեին: Բայց ծեր Քարոնն իր` խարխուլ նավակով այլևս Ստիքսի մյուս ափը չտարավ նրան: Օրփեոսը զուր էր աղերսում նրան: Երգչի աղերսները չշարժեցին անողորմ Քարոնի գութը: Յոթ օր ու գիշեր նստեց տրտմաթախիծ Օրփեոսը` Ստիքսի ափին՝ վշտի արցունք հեղելով, մոռացած և՛ կերակուր, և՛ ամենայն ինչ, գանգատվելով հանգուցյալների հոգիների խավարչտին թագավորության աստվածներից: Միայն ութերորդ օրը նա վճռեց լքել Ստիքսի ափերը և Թրակիա վերադառնալ:

ՕՐՓԵՈՍԻ ՄԱՀԸ


     Չորս տարի էր անցել Եվրիդիկեի մահվանից, բայց Օրփեոսն առաջվա պես հավատարիմ էր նրան: Չէր ուզում Թրակիայի և ոչ մի կնոջ հետ ամուսնացած լինել: Մի անգամ, վաղ գարնանը, երբ ծառերի վրա երևաց առաջին կանաչը, մեծ երգիչը նստել էր մի ցածրադիր բլրի վրա: Ոսկեղեն կիթառը դրված էր ոտքերի մոտ: Կիթառը վեր առավ երգիչը, մեղմորեն զարկեց լարերին ու երգեց։ Բովանդակ բնությունն ունկնդրում էր նրա երգին։ Այնպիսի մեծ ուժ էր հնչում Օրփեոսի երգի մեջ, այնպես էր հնազանդեցնում բոլորին ու ձգում դեպի երգիչը, որ նրա շուրջը հմայվածների պես խռնվել էին ` վայրի գազանները՝ լքած շրջակայքի լեռներն անտառները: Թռչունները հավաքվեցին երգչին լսելու: Մինչև անգամ ծառերը տեղահան եղան և շրջապատեցին Օրփեոսին. կաղնին ու բարդին, բարձրուղեշ կիպարիսներն ու լայնատերև սոսիները, եղևնիներն ու սոճիները` խռնվել էին չորսբոլորը և լսում էին երգչին. մի ճյուղ, մի տերև անգամ չէր տատանվում նրանց վրա: Ողջ բնությունը հմայված էր զարմանահրաշ երգեցողությամբ և Օրփեոսի կիթառի հնչյուններով: Մեկ էլ հանկարծ հեռվից լսվեցին բացականչություններ, տիմպանների ձայներ ու քրքիջ: Այդ կիկոնյան կանայք էին, որ տոնում էին աղմկասեր Բաքոսի տոնը: Ավելի ու ավելի մոտ էին գալիս բաքոսուհիները: Ահա նկատեցին Օրփեոսին և նրանցից մեկը բարձր ճիչ արձակեց.
     - Ահա նա՛, որ ատում է կանանց:
     Բաքոսուհին տարավ-բերեց թիրսոսը և նետեց Օրփեոսի վրա: Բայց թիրսոսը պարուրող բաղեղը փրկեց երգչին: Մյուս բաքոսուհին քար նետեց Օրփեոսի վրա, բայց քարը, կախարդական երգից ազդված, ընկավ Օրփեոսի ոտքերի մոտ՝ ասես ներումն աղերսելով: Գնալով ավելի ուժգին էին հնչում բաքոսուհիների ճիչերը երգչի շուրջը, ավելի զիլ էին հնչում շվիներն ու թնդում տիմպանները: Բաքոսի տոնախմբության աղմուկը խլացրեց Օրփեոսի երգը։ Բաքոսուհիները շրջապատեցին երգչին և գիշատիչ թռչունների պես նետվեցին նրա վրա: Կարկտի պես երգչի վրա էին թափվում թիրսոսներն ու քարերը: Զուր էր աղերսում Օրփեոսը, որ խնայեն իրեն. նրա՛ն, որի ձայնին հնազանդ էին մինչև իսկ ծառերն ու ժայռերը, չէին լսում մոլեգնահար բաքոսուհիները: Արյան բոսորով ներկված, գետին տապալվեց Օրփեոսը, հեռու սավառնեց նրա հոգին, իսկ բաքոսուհիներն իրենց արնաթաթավ ձեռքերով պատառոտեցին մարմինը: Օրփեոսի գլուխն ու կիթառը Եբրոս (29) գետի արագահոս ջրերը նետեցին: Եվ, ո՞վ հրաշք, գետի ալիքներով քշվող կիթառի լարերը հնչում էին մեղմորեն, ասես ողբում երգչի կորուստը, և նրանց տխուր-տրտում արձագանք էին տալիս գետի ափերը: Բովանդակ բնությունը ողբում էր Օրփեոսի մահը. լալիս էին ծառերն ու ծաղիկները, լալիս էին գազաններն ու թռչունները, մինչև իսկ համր ապառաժներն էին լալիս. և գետերն ավելի հորդառատ դարձան նրանց հեղած արցունքներից: Հավերժահարսներն ու դրիադները, ի նշան սգի, արձակեցին իրենց վարսերը և սևեր հագան: Եբրոսի ալիքներն ավելի ու ավելի առաջ էին մղում երգչի գլուխն ու կիթառը դեպի լայնարձակ ծովը, իսկ ծովի ալիքները կիթառը քշեցին դեպի Լեսբոսի (30) ափերը: Այդ ժամանակից ի վեր Լեսբոսում զարմանահրաշ երգեր են հնչում։ Իսկ Օրփեոսի ոսկեղեն կիթառին աստվածները հետագայում տեղ տվին երկնքում, համաստեղությունների կողքին (31):
     Օրփեոսի հոգին իջավ ստվերների թագավորությունը և կրկին տեսավ այն վայրերը, ուր մի ժամանակ փնտրում էր իր Եվրիդիկեին: Մեծ երգիչը կրկին հանդիպեց Եվրիդիկեի ստվերին և կաթոգին սիրով իր գիրկն առավ նրան: Այլևս արդեն նրանք կարող էին անբաժան լինել: Եվ Օրփեոսի ու Եվրիդիկեի ստվերները թափառում են ասփոդելներով պատած մշուշային դաշտերով։ Հիմա արդեն Օրփեոսն աներկյուղ կարող է շուռ գալ տեսնելու, թե արդյոք Հետևո՞ւմ է իրեն Եվրիդիկեն:

ՀԻԱԿԻՆԹՈՍ (ՀԻԱՑԻՆՏ)

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Սիրունատես, իր գեղեցկությամբ մինչև իսկ օլիմպական աստվածներին հավասար Հիակինթոսը՝ Սպարտայի թագավորի պատանի որդին, նետաձիգ աստված Ապոլոնի ընկերն էր: Ապոլոնը հաճախ էր հայտնվում Սպարտայում՝ Եվրոտաս գետի ափերին, գալիս իր ընկերոջ մոտ և հետը ժամանակ անցկացնում լեռնալանջերի սաղարթախիտ անտառներում որս անելով կամ տարվելով մարմնամարզությամբ, որի մեջ սպարտացիներն այնքան հմուտ էին:
     Մի անգամ, երբ արդեն մոտ էր շուտ կեսօրը, Ապոլոնն ու Հիակինթոսը մրցում էին ծանրագին սկավառակը նետելու մեջ: Բրոնզե սկավառակը ավելի ու ավելի բարձր էր թռչում դեպի երկինք: Ահա, ուժերը լարելով, սկավառակը նետեց մեծազոր աստված Ապոլոնը։ Բարձր, մինչև ամպերը հասավ սկավառակը և, աստղի պես շողալով, ցած էր ընկնում: Հիակինթոսը վազեց այնտեղ, ուր պետք է ընկներ սկավառակը: Շտապում էր շուտափույթ վեր առնել ու նետել այն, որպեսզի ցույց տա Ապոլոնին, որ ինքը՝ պատանի ատլետը, աստծո՛ւն անգամ չի զիջի սկավառակը նետելու արվեստի մեջ: Գետին ընկավ սկավառակը, նա թռավ անկման հարվածից և ահավոր ուժով դիպավ մոտ վազող Հիակինթոսի գլխին: Հիակինթոսը հառաչելով վայր ընկավ: Բոսոր արյունը հորդեց վերքից ու ներկեց գեղեցիկ պատանու թուխ գանգուրները:
     Մոտ վազեց վախեցած Ապոլոնը: Կռացավ ընկերոջ վրա, թեթևակի բարձրացրեց նրան, արնաթաթավ գլուխը դրեց ծնկներին և ջանաց վերքից հորդացող արյան առաջն առնել: Բայց ամեն ինչ զուր էր անցնում: Գունատվում էր Հիակինթոսը: Մարում էին Հիակինթոսի աչքերը, որ մշտապես այնքան պայծառ էին, գլուխը հակվում էր անուժ՝ կեսօրվա կիզիչ արևի տակ թորշոմող ծաղկեպսակի նման: Հուսակտուր՝ գոչեց Ապոլոնը.
     - Դու մեռնում ես, իմ սիրասուն ընկեր: Օ՜, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, դու իմ ձեռքո՛վ կործանվեցիր: Ինչո՞ւ նետեցի սկավառակը: Օ՜, եթե ես կարենայի քավել իմ մեղքը և քեզ հետ միասին իջնել հանգուցյալների հոգիների անխնդում թագավորությունը։ Ինչո՞ւ եմ ես անմահ, ինչո՞ւ եմ անկարող մեռնել քեզ նման: Ապոլոնն ամուր գրկել էր մերձիմահ ընկերոջը և արցունքները թափվում էին Հիակինթոսի արնաներկ գանգուրներին: Մեռավ Հիակինթոսը, հոգին ճախրեց դեպի Հադեսի թագավորությունը։ Կանգնել էր Ապոլոնը վախճանված ընկերոջ դիակի մոտ և շշնջում էր կամացուկ.
     - Դու առհավետ կապրես իմ սրտում, գեղեցիկ Հիակինթոս: Ուրեմն, թող քո հիշատակը հավե՜րժ ապրի նաև մարդկանց մեջ։
     Եվ ահա, Ապոլոնի խոսքերի հետ, Հիակինթոսի արյունից աճեց բոսոր, բուրումնավետ մի ծաղիկ՝ հիակինթը, իսկ ծաղկաթերթերին սառավ Ապոլոն աստծո վշտի հառաչանքը: Հիակինթոսի հիշատակն ապրում է նաև մարդկանց մեջ, նրանք մեծարում են գեղեցիկ պատանու հիշատակը տոնախմբություններով՝ հիակինթյան օրերին (32):

ՊՈԼԻՓԵՄՈՍ, ԱԿԻՍ ԵՎ ԳԱԼԱՏԵԱ


     Գեղանի ներեիդ Գալատեան սիրում էր Սիմեփիսի որդուն՝ պատանի Ակիսին: Ակիսն էլ ներեուհուն էր սիրում։ Բայց Ակիսը չէր միայն, որ հմայված էր Գալատեայով: Վիթխարի կիկլոպ Պոլիփեմոսը մի անգամ տեսավ գեղանի Գալատեային, երբ սա լողալով դուրս էր գալիս կապուտակ ծովից՝ իր գեղեցկությամբ շողալով, և նրա հանդեպ լցվեց մոլեգին սիրով: Օ՜, որքան մեծ զորություն ունես դու, ոսկեշող Ափրոդիտե։ Մինչև իսկ այն դժնի կիկլոպը, որին ոչ ոք չէր կարող անպատիժ մերձենալ, որ ատում էր օլիմպացի աստվածներին, մինչև իսկ նրա՛ն սեր ես ներշնչում: Սիրո բոցերն այրում էին Պոլիփեմոսին: Նա մոռացության էր տվել իր ոչխարներն ու անձավները: Վայրենի կիկլոպը մինչև անգամ իր գեղեցկությամբ մտահոգվել սկսեց: Նա բրդոտ վարսերը սանրում էր քլունգով, իսկ երեսի խռիվ մազերը խուզում մանգաղով: Հիմա նույնիսկ այնքան էլ վայրենի չէր ու արյունռուշտ։
     Հենց այդ ժամանակ Սիցիլիայի ափերին մոտեցավ կանխագուշակ Տելեմոսը: Եվ նա պատգամախոսեց.
     - Քո ճակատին եղած միակ աչքը բնահան կանի Ոդիսևսը:
     Պատգամախոսին ի պատասխան բիրտ քրքջաց Պոլիփեմոսը և գոչեց.
     - Գուշակներից հիմարագո՛ւյնն ես դու: Ստո՛ւմ ես: Ուրի՛շն է արդեն տիրացել իմ աչքին:
     Հեռու, ծովի մեջ դուրս էր ցցվել մի ժայռապատ բլուր, որ կտրուկ զառիթափ իջնում էր հավերժածուփ ալիքների վրա: Պոլիփեմոսը, իր հոտն առած, հաճախ էր լինում այդ բլրի վրա: Նստում էր այնտեղ, նավի կայմի մեծության գավազանը դնելով ոտքերի մոտ, հանում իր շինած հարյուրեղեգն սրինգը և փչում ամբողջ զորությամբ: Պոլիփեմոսի սրինգի վայրենի հնչյունները հեռու էին տարածվում ծովով, լեռներով ու հովիտներով. հասնում էին նաև Ակիսին ու Գալատեային, որոնք հաճախ նստած էին լինում առափնյա մի զովաշունչ անձավում, որ հեռու չէր այդ բլրից: Նվագում էր Պոլիփեմոսն ու երգում: Մեկ էլ հանկարծ, կատաղած ցուլի պես տեղից վեր թռավ: Առափնյա անձավում նկատել էր Ակիսին ու Գալատեային: Եվ բղավեց Պոլիփեմոսն այնպիսի ամպրոպային ձայնով, որ Էտնա լեռը արձագանք տվեց.
     - Ես տեսնում եմ ձեզ: Լա՜վ, սա ձեր վերջի՛ն տեսակցությունը կլինի:
     Սոսկաց Գալատեան և իսկույն ծովը նետվեց: Պոլիփեմոսից նրան պաշտպանում էին հարազատ ծովի ալիքները: Սոսկումնահար Ակիսն ուզում էր փրկություն գտնել փախուստով: Ձեռքերը կարկառում էր դեպի ծովը և ձայն տալիս:
     - Օ՜, օգնի՛ր ինձ, Գալատեա: Ծնողներ իմ, փրկեցե՛ք ինձ, թաքցրե՜ք:
     Կիկլոպը հասավ Ակիսի հետևից: Լեռան վրայից մի ահագին ապառաժ պոկեց ու նետեց վրան: Ու թեև Պոլիփիմոսի նետած ապառաժի հազիվ միայն ծայրը դիպավ տարաբախտ պատանուն՝ հենց դրա տակն ընկավ ապերջանիկն ու ճզմվեց: Ապառաժի տակից գետի պես հոսում էր Ակիսի բոսոր արյունը: Հետզհետե կարմիր գույնը կորչում էր, ավելի ու ավելի բաց գույն էր ընդունում արյան հեղեղը: Ահա նա արդեն նմանվում էր տեղատարափ անձրևից պղտորված գետի, որ գնալով ավելի վճիտ ու թափանցիկ է դառնում: Հանկարծ ճեղքվեց Ակիսի վրա ընկած ապառաժը։ Մի դալար, սոսափող եղեգն բուսնեց ճեղքվածքի մեջ, եղեգնից արագահոս ու վճիտ գետ ցայտեց, իսկ միջից, մինչև գոտկատեղը, երևաց երկնագույն դեմքով մի պատանի՝ եղեգնապսակը գլխին դրած: Այդ պատանին Ակիսն էր, որ գետային աստված էր դարձել։

ԴԻՈՍԿՈՒՐՆԵՐ, ԿԱՍՏՈՐ ԵՎ ՊՈԼԻԴԵՎՔԵՍ


     Սպարտայի թագավոր Տինդարևսի կինը գեղանի Լեդան էր՝ Էտոլիայի արքա Թեստիոսի դուստրը։ Բովանդակ Հունաստանում հռչակված էր Լեդան իր հրաշք գեղեցկությամբ: Զևսի կինը դարձավ Լեդան և նրանից երկու զավակ ունեցավ՝ գեղեցիկ, որպես աստվածուհի, Հելենեն և մեծ հերոս Պոլիդևքեսը։ Տինդարևսից ևս Լեդան երկու զավակ ուներ. դուստրը՝ Կլիթեմենեստրան և որդին՝ Կաստորը:
     Պոլիդևքեսը հորից անմահություն ստացավ, իսկ նրա եղբայրը՝ Կաստորը, մահկանացու էր: Երկու եղբայրներն էլ Հունաստանի մեծանուն հերոսներն էին: Ոչ ոք չէր կարողանում Կաստորին գերազանցել երկանիվ վարելու արվեստում, նա զսպում էր ամենաանսանձ նժույգներին անգամ: Իսկ Պոլիդևքեսը հավասարը չունեցող հմուտ բռնցքամարտիկ էր: Հունաստանի հերոսների բազում մեծագործությունների էին մասնակից եղել եղբայրները: Մշտապես միասին էին լինում, ամենաանկեղծ սիրով էին կապված նրանք:
     Դիոսկուրները երկու հորեղբորորդի ունեին՝ Լինքեոսը և Իդասը, Մեսենիայի թագավոր Ափարևսի որդիները: Մեծազոր ռազմիկ էր Իդասը, իսկ նրա եղբայր Լինքեոսն այնպիսի սուր տեսողություն ուներ, որ թափանցում էր մինչև իսկ երկրի ընդերքը։ Ոչինչ չէր կարող վրիպել Լինքեոսի հայացքից: Բազում սխրանքներ գործեցին Դիոսկուրներն իրենց հորեղբորորդիների հետ:
     Մի անգամ, հանդուգն մի ասպատակության ժամանակ, նրանք Արկադիայից, քշեցին ցուլերի մի նախիր և վճռեցին ավարը բաժանել միմյանց միջև: Նախիրը բաժանողը պետք է Իդասը լիներ: Նա ուզեց եղբոր հետ տիրանալ ամբողջ ավարին և վճռեց խորամանկության դիմել: Իդասը չորս հավասար մասի բաժանեց ցուլը՝ իր եղբոր և Դիոսկուրների միջև և առաջարկեց նախրի մի կեսը տալ նրան, ով իր մասը առաջինը կուտի, իսկ երկրորդ կեսը՝ նրան, ով հաջորդը կուտի իր բաժինը: Իդասն իսկույն կերավ իր բաժինը և եղբորը՝ Լինքեոսին օգնեց, որ նրա բաժինն էլ ավարտեն:
     Տեսնելով, որ Իդասը խաբեց իրենց` Կաստորն ու Պոլիդևքեսը ահեղորեն զայրացան և վճռեցին վրեժխնդիր լինել հորեղբոր որդիներից, որոնց հետ մինչև այդ կապված էին անքակտելի բարեկամությամբ: Կաստորն ու Պոլիդևքեսը խուժեցին Մեսինա և փախցրին ոչ միայն Արկադիայից քշված նախիրը, այլև Իդասի և Լինքեոսի նախրի մի մասը: Բայց դրանով էլ չգոհացան Դիոսկուրները. նրանց հարսնացուներին էլ հափշտակեցին։
     Գիտեին Դիոսկուրները, որ այդ ամենն իրենց չեն ների Իդասն ու Լինքեոսը, և վճռեցին թաքնվել մի մեծ ծառի փչակում և սպասել, թե երբ կսկսեն հետամուտ լինել իրենց: Դիոսկուրներն ուզում էին անսպասելի հարձակում գործել նրանց վրա, որովհետև երկյուղ էին կրում կռվի բռնվելուց հզոր Իդասի հետ, որը հանդգնել էր մարտնչել մինչև իսկ Ապոլոնի դեմ, երբ արծաթաղեղ աստվածը վեճի մեջ էր մտել նրա հետ գեղանի Մարպեսայի (33) համար: Բայց Դիոսկուրներն անկարող եղան թաքնվել Լինքեոսի սրատես աչքերից: Բարձրաբերձ Տայիգետոսի վրայից Լինքեոսը տեսավ եղբայրներին ծառի փչակում։ Իդասն ու Լինքեոսը հարձակում գործեցին Դիոսկուրների վրա: Դեռ դարանից դուրս չէին եկել, երբ Իդասն իր նիզակով հարվածեց ծառին և խոցեց Կաստորի կուրծքը։ Պոլիդևքեսը նետվեց ախոյանների վրա։ Ափարևսի զավակները չդիմացան նրա ճնշմանը և փախուստի դիմեցին:
     Իդասի և Լինքեոսի հոր գերեզմանի մոտ Պոլիդևքեսը հասավ նրանց: Սպանեց Լինքեոսին, մահու և կենաց կռիվ սկսեց Իդասի հետ: Բայց Զևսը վերջ տվեց այդ մենամարտին. նետեց իր շողշողուն շանթը, դրանով մոխրացրեց և՛ Իդասին, և՛ Լինքեոսի դին:
     Պոլիդևքեսը վերադարձավ այնտեղ, ուր տապալվել էր մահացու վիրավոր Կաստորը: Դառնագին լալիս էր նա, տեսնելով, որ մահը եղբորն անջատում է իրենից: Եվ աղերսեց Պոլիդևքեսն իր հորը՝ Զևսին, խնդրեց, որ իրեն էլ մեռցնի եղբոր հետ միասին։ Շանթարձակը հայտնվեց իր որդուն և ընտրության հնար տվեց նրան. կա՛մ իբրև հավերժ պատանի ապրել Օլիմպոսում լուսավոր աստվածների կաճառի մեջ, կամ էլ եղբոր հետ միասին մեկ օր ապրել Հադեսի խավարչտին թագավորության մեջ, մյուս օրը՝ Լուսակերտ Օլիմպոսում։ Պոլիդևքեսը չկամեցավ բաժանվել եղբորից և նրա հետ ընդհանուր ճակատագիր ընտրեց: Այդ ժամանակից ի վեր եղբայրները մեկ օր թափառում էին մեռածների ստվերների թագավորության մթամած դաշտերում, իսկ հաջորդ օրը՝ աստվածների հետ ապրում են վահանակիր Զևսի ապարանքում։ Հույները մեծարում են Դիոսկուրներին՝ իբրև աստվածների: Նրանք պաշտպան են լինում բոլոր վտանգների ժամանակ, սատարում մարդկանց ճանապարհի վրա՝ և՛ օտարության մեջ, և՛ հայրենի երկրում

ԱՏՐԵՎՍ ԵՎ ԹԻԵՍՏԵՍ


     Մեծանուն հերոս Պելոպսի որդիներն էին Ատրևսը և Թիեստեսը: Մի ժամանակ Էնոմայոս արքայի կառապան Միրթիլոսը (34), որին նենգաբար սպանել էր Պելոպսը, նզովել էր և մեծամեծ չարագործությունների ու կործանման դատապարտել Պելոպսի ամբողջ սերունդը։ Միրթիլոսի նզովքը պատուհասեց նաև Ատրևսին և Թիեստեսին: Բազում չարիքներ գործեցին նրանք։ Կործանեցին նաև Քրիսիպոսին՝ Աքսինե հավերժահարսի և Պելոպսի որդուն։ Ատրևսի և Թիեստեսի մայրը Հիպոդամիան էր, որ համոզեց նրանց սպանել Քրիսիպոսին: Չարագործությունն ի կատար ածելուց հետո երկյուղ կրելով իրենց հոր՝ Պելոպսի ցասումից, փախան նրա տիրապետության սահմաններից և ապաստան գտան Միկենեի թագավոր Սթենելոսի մոտ, որը Պերսևսի որդին էր՝ ամուսնացած իրենց քրոջ՝ Նիկեպեի հետ: Երբ Սթենելոսը վախճանվեց, իսկ նրա որդի Էվրիսթեսը, որ գերի էր առնված Իոլայոսի կողմից, զոհ գնաց Հերակլեսի մոր՝ Ալքմենեի ձեռքով, Միկենեում իշխել սկսեց Ատրևսը, քանի որ Էվրիսթևսն իրենից հետո ժառանգ չէր թողել: Նախանձեց եղբորը Թիեստեսը և վճռեց ինչ գնով էլ լինի նրա ձեռքից խլել իշխանությունը։ Ատրևսի կնոջ՝ Աերոպեի օգնությամբ նրանից հափշտակեց այն ոսկեգեղմ ոչխարը, որ Հերմես աստվածն էր նվիրել նրան: Հափշտակեց, քանի որ այսպես էին ասել աստվածները. «Միկենեին կտիրի նա՛, ում պատկանի ոսկեգեղմ ոչխարը»: Ոչխարը հափշտակելով, Թիեստեսը նաև Միկենեի իշխանությունը պահանջեց. չէ՞ որ ոչխարն իր ձեռքին էր արդեն:
     Թիեստեսի վրա ահեղորեն զայրացավ շանթարձակ Զևսը և երկնային կանխանշաններով Միկենեի բնակիչներին իմացրեց, որ Թիեստեսն ապօրեն ճանապարհով ջանում է զավթել իշխանությունը: Միկենացիք հրաժարվեցին Թիեստեսի իշխանությունը ճանաչելուց և նա, եղբոր ցասումից երկյուղ կրելով, ստիպված եղավ փախչել Միկենեից: Վրեժխնդիր լինելով եղբորից, նա գաղտնաբար Միկենեից տարավ նրա որդուն՝ Պոլիսթենեսին:
     Օտարության մեջ Թիեստեսը դաստիարակեց Պոլիսթենեսին իբրև հարազատ որդու, և նրան այրող ատելություն ներշնչեց Ատրևսի հանդեպ: Նենգամիտ Թիեստեսն ուզում էր Պոլիսթենեսին օգտագործել իբրև վրեժխնդրության գործիք եղբոր դեմ։ Երբ Պոլիսթենեսն առնացավ, Թիեստեսը նրան Միկենե ուղարկեց՝ Ատրևսին սպանելու հանձնարարությամբ: Բայց պատանին զոհ գնաց հոր ձեռքով: Սարսափը տիրեց Ատրևսին, երբ իմացավ, թե ով է իր սպանած պատանին: Երդվեց վրեժխնդիր լինել եղբորից և մի նենգ ու գազանային դավ նյութեց: Ծրագիրն ի կատար ածելու համար ձևացավ, թե պատրաստ է հաշտվել Թիեստեսի հետ: Մարդ առաքեց եղբոր մոտ ու նրան Միկենե կանչեց: Երբ Թիեստեսը Միկենե վերադարձավ, նա կրկին սկսեց Ատրևսի կնոջ՝ Աերոպեի հետ դավեր նյութել ընդդեմ Ատրևսի, մտածելով միայն եղբորը սպանելու մասին: Ատրևսը գիտեր այդ, և դա ավելի ամրացրեց նենգամիտ եղբորից վրեժ լուծելու վճռականությունը: Հրամայեց գաղտնաբար հափշտակել Թիեստեսի տակավին պատանի զավակներին՝ Պոլիսթենեսին ու Տանտալոսին, և սպանել: Ապա նրանց մարմիններից մի սոսկումնալի ճաշկերույթ պատրաստեց եղբոր համար:
     Թիեստեսին խրախճանքի հրավիրեց և առաջը դրեց նրա զավակների մսից պատրաստած ուտեստեղենը: Զևսի որոտներն ահեղադղորդ գլորվեցին երկնքով: Զայրացել էր շանթարձակը Ատրևսի վրա՝ նրա գործած չարիքի համար: Սոսկումից ցնցվեց նաև արևի ճաճանչափայլ աստված Հելիոսը, շուռ տվեց իր երկանիվը և իր թևավոր նժույգներին ետ, դեպի արևելք քշեց, որպեսզի չտեսնի, թե հայրն ինչպես է հագենում իր զավակների մսով: Իսկ Թիեստեսը, ոչինչ չկասկածելով, սեղան էր նստել և հանգիստ ուտում էր: Հագեցավ Թիեստեսը: Հանկարծ անլուր դժբախտության պղտոր կանխազգացումը տիրեց նրան, և հարցրեց Ատրևսին, թե որտեղ են իր զավակները: Ատրևսը կանչեց ծառաներին և հրամայեց Թիեստեսին ցույց տալ նրա զավակների գլուխներն ու ոտքերը: Դառնորեն հեկեկաց Թիեստեսը՝ զավակների վախճանը տեսնելով: Աղերսում էր Ատրևսին, որ իրեն տա զավակների դիակները, որպեսզի հողին հանձնի: Բայց Ատրևսը եղբորը պատասխանեց, որ նա զավակներին թաղել է արդեն, բայց ոչ թե հողի, այլ հենց իր մեջ: Թիեստեսը սոսկումով կռահեց, թե ի՜նչ ուտելիք էր քիչ առաջ կերածը: Շուռ տվեց սեղանը և, ահավոր ողբ բարձրացնելով, թավալվեց հատակին: Ապա վշտից խելակորույս վեր թռավ, վերջապես, և նզովելով Ատրևսին ու նրա ամբողջ ցեղը, դուրս թռավ պալատից: Ոչինչ չմտաբերելով, ոչինչ չտեսնելով՝ փախավ Թիեստեսը Միկենեից և թաքնվեց անապատում: Երկար ժամանակ թաքնված մնաց այնտեղ, մինչև որ վերջապես, գնաց Էպիրոսի (35)արքա Թեսպրոտեսի մոտ, որը և ապաստան տվեց նրան։
     Զայրույթով էին լցված աստվածները Ատրևսի հանդեպ՝ գործած չարագործության պատճառով: Եվ Ատրևսին պատժելու համար անբերրի դարձրին բովանդակ Արգոլիսը։ Ոչինչ չէր աճում արգավանդ դաշտերում։ Սովն էր թագավորում Ատրևսի տիրապետության սահմաններում։ Հազարներով բնակիչներ էին կոտորվում: Պատգամախոսին դիմեց Ատրևսը՝ աղետի պատճառն իմանալու։ Պատասխան տվեց պատգամախոսը, թե աղետը վերջ կունենա այն ժամանակ, երբ Թիեստեսը Միկենե վերադառնա։ Երկար որոնեց Ատրևսը իր եղբորը բովանդակ Հունաստանում, բայց չկարողացավ ի հայտ բերել նրա ապաստանը: Վերջապես գտավ նրա փոքրահասակ որդուն՝ Էգիսթոսին: Ատրևսը իր պալատը բերեց Էգիսթոսին և դաստիարակեց իբրև հարազատ որդու։
     Շատ տարիներ անցան: Ատրևսի որդիները՝ Մենելաոսը և Ագամեմնոնը պատահաբար իմացան, թե որտեղ է Թիեստեսի թաքստոցը: Նրանց հաջողվեց բռնել Թիեստեսին և Միկենե բերել: Բայց Ատրևսը չհաշտվեց եղբոր հետ: Զնդանը նետեց Թիեստեսին և վճռեց սպանել տալ նրան։ Կանչեց Էգիսթոսին, կտրուկ սուրը տվեց ձեռքը, հրամայեց զնդան մտնել և սպանել կալանավորին: Չգիտեր Էգիսթոսը, թե ինչ ահավոր գործի է ուղարկում իրեն Ատրևսը, որին իր հայրն էր համարում: Հենց որ Էգիսթոսը զնդան մտավ` Թիեստեսը ճանաչեց որդուն: Ասաց, թե ո՛վ է ինքը, և հայր ու որդի զնդանում նյութեցին Ատրևսին կործանելու ծրագիրը: Էգիսթոսը պալատ վերադարձավ և Ատրևսին ասաց, թե կատարել է նրա հրամանը, սպանել է կալանավորին: Ուրախացավ Ատրևսը, որ վերջապես հաջողվել է կործանել եղբորը, և ծովափ փութաց՝ օլիմպացի աստվածներին զոհեր մատուցելու: Հենց այստեղ, զոհաբերության ժամին, Էգիսթոսը նրա թիկունքին մահացու հարված հասցրեց նույն այն սրով, որ Ատրևսն էր տվել իր հորն սպանելու համար: Էգիսթոսն ազատեց հորը զնդանից, Թիեստեսն ու նրա որդին տիրեցին Միկենեի իշխանությանը։ Ատրևսի որդիները՝ Մենելաոսը և Ագամեմնոնը, ստիպված եղան փախուստի դիմել՝ փրկվելու համար: Նրանք պաշտպանություն գտան Սպարտայի արքա Տինդարևսի մոտ: Այնտեղ նրանք կնության առան Տինդարևսի դուստրերին։ Մենելաոսը՝ Ափրոդիտե աստվածուհու պես գեղեցիկ Հեղինեին, իսկ Ագամեմնոնը՝ Կլիթեմնեստրային: Մի որոշ ժամանակ անց Ագամեմնոնը Միկենե վերադարձավ, սպանեց Թիեստեսին և սկսեց իշխել այնտեղ, ուր մի ժամանակ նրա հայրն էր իշխում: Իսկ Մենելաոսը Տինդարևսի մահից հետո դարձավ Սպարտայի արքան:

ԷՍԱՔՈՍ ԵՎ ՀԵՍՊԵՐԻԱ

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Էսաքոսը Տրոյայի արքա Պրիամոսի որդին էր, մեծ հերոս Հեկտորի եղբայրը։ Ծնվել էր Իդա լեռան անտառապատ լանջերին. նրա մայրը գեղանի հավերժահարս Ալեքսիրոեն էր, գետային աստված Գրանիկոսի դուստրը։ Հասակ առնելով լեռների գրկում, Էսաքոսը չէր սիրում քաղաքները, խուսափում էր իր հոր՝ Պրիամոսի շքեղ ապարանքում ապրելուց: Սիրում էր լեռների ու սաղարթախիտ անտառների մենությունը, ազատ ու արձակ դաշտերը:
     Հազվադեպ էր երևում Էսաքոսը Տրոյայում և տրոյացիների խորհրդում: Չնայած մենակյաց կյանքին, էսաքոսի խառնվածքը վայրենի ու կոպիտ չէր. սիրալիր էր նա, իսկ սրտին մատչելի էր սիրո զգացմունքը: Պրիամոսի պատանի զավակը անտառներում ու դաշտերում հաճախ էր հանդիպում գեղանի հավերժահարս Հեսպերիային: Բոցավառ սեր էր տածում հավերժահարսի հանդեպ: էսաքոսին՝ տեսնելուն պես թաքնվում էր Հեսպերիան:
     Մի անգամ, Կեբրեն գետի ափին, էսաքոսը տեսավ գեղեցկուհի Հեսպերիային՝ արևի տակ փարթամ վարսերը չորացնելիս: Հավերժահարսը` նկատեց պատանուն և փախուստի դիմեց: Էսաքոսն ընկավ նրա հետևից:
     Հանկարծ խոտերի մեջ թաքնված օձը խայթեց հավերժահարսի ոտքը, և օձի ատամների թույնը մնաց վերքի մեջ: Կյանքի հետ միասին եկավ նաև փախուստի վախճանը: Հեսպերիան ընկավ արդեն իրեն հասած էսաքոսի ձեռքերին: Գիրկն առնելով մեռնող Հեսպերիային, վշտից խելակորույս, գոչեց էսաքոսը.
     - Օ՜, վա՜յ ինձ, վա՜յ ինձ,։ Որքա՜ն ատելի է հիմա ինձ այս հետապնդումը: Մտադիր չէի հաղթել այսքան թանկ գնով: Մենք երկուսով սպանեցինք քեզ, Հեսպերիա։ Օձը քեզ մահացու վերը հասցրեց, և ե՛ս եմ դրա մեղավորը: Առավել նենգ կլինեմ ես, եթե իմ մահվամբ չհատուցեմ քո մահը:
     Եվ Էսաքոսը բարձրաբերձ ժայռից նետվեց ծովի փրփրաբաշ ալիքների մեջ, որոնք շառաչյունով բախվում էին ժայռի ստորոտին: Թետիսը գթաց՝ տարաբախտ պատանուն, քնքշանքով ընդունեց ալիքների մեջ և պատեց նրան փետուրներով` երբ պատանին ընկղմվում էր ծովի հորձանուտի մեջ: Եվ Պրիամոսի որդին մահ չգտավ, որ տենչում էր այնքան անձկությամբ։ Արդեն թռչուն դարձած՝ Էսաքոսը ծովի երես դուրս եկավ: Վրդովվեց, որ պիտի ապրի իր կամքին հակառակ: Հենց նոր աճած թևերով նա խոյանում է վեր և ահագնաթափ ծովը նետվում, բայց փետուրները պահպանում են նրան: Կրկին ու կրկին ծովն է նետվում էսաքոսը, ուզում է մահ գտնել ծովի հորձանուտում։ Բայց մահ չունի նա, միայն սուզվում է ծովի ալիքներում և մնում անվնաս։ Նիհարեց էսաքոսի մարմինը, ոտքերը բարակեցին, վիզը երկարեց և սուզաբաղ դարձավ Էսաքոսը: 279


1 Կեկրոպս - Աթենական Ակրոպոլիսի հիմնադիրը, կես մարդ, կես օձ, մարմինը օձային է: Էրիքթոնիոս - երկրածին է, նույնպես օձակերպ: Աթենացիք իրենց կեկրոպիդներ են կոչել, այսինքն՝ Կեկրոպսի հետնորդներ: Այստեղից էլ պարզ է, որ մի ժամանակ աթենացիք հավատացել են, թե իրենք սերում են օձից կամ օձի նախահորից։ Դա առասպելի հնության վկայությունն է:
2 Էրեքթևս սկզբում եղել է Էրիքթոնիոսի հոմանիշը: Միայն նոր էրայից առաջ հինգերորդ դարի վերջում է, որ Էրեքթևսը Եվրիպիդեսի ստեղծագործություններում հիշատակվում է իբրև ինքնուրույն առասպելական հերոս։
3 Պանաթենականք - Աթենքի գլխավոր տոնախմբությունը, որ տեղի էր ունենում մի քանի օր շարունակ Հեկատոմբայոնի՝ տարվա առաջին ամսվա մեջ, ըստ մեր հաշվի՝ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին: Չորս տարին մեկ անգամ էր տես դե ունենում մեծաշուք Պանաթենականքը, որ աչքի էր ընկնում մի առանձին հանդիսավորությամբ: Տոնախմբությունն սկսվում էր գիշերով՝ ջահակիրների հանդիսավոր վազքով: Լուսադեմին տեղի էր ունենում շքեղ երթ դեպի Ակրոպոլիս, որի ժամանակ ճոխ զարդարված նոր պեպլոս (վերնազգեստ) էր տարվում դիցուհուն: Պեպլոսը հագցվում էր Աթենասի արձանին, որ կանգնած էր Պարթենոնի տաճարում: Բացի այդ, Պանաթենականքի ընթացքում տեղի էին ունենում վազքի, ըմբշամարտի, սկավառակի նետման և մարմնամարզության ուրիշ ձևերի, ինչպես և երկանվի վազքի, բանաստեղծների, երգիչների ու երաժիշտների արվեստի մրցություններ: Մարմնամարզական մրցություններին և հատուկ հանդիսավոր պարին մասնակից էին լինում զինավառ տղաներ, պատանիներ և չափահաս քաղաքացիներ։ Իհարկե, տոնախմբությանն անմիջապես կարող էին մասնակցել միայն ունևոր քաղաքացիները, քանի որ դա մեծ ծախսեր էր պահանջում։
4 Կողքիս - այժմյան Կոլխիդան (Աբխազիա) (Ծ. Թ.):
5 Տրոփոնիոս - ըստ առասպելի, Դելփիքում Ապոլոնի առաջին տաճարի կառուցողը: Նրա զուշակավայրը գտնվում էր Բեովտիայում, Լեբադեա քաղաքի մոտ գտնվող անձավում:
6 - Աթենական արիստոկրատիան բաժանվում է տոհմերի, որոնց ձեռքին (մինչև ն. թ. ա. 5-րդ դարում կառավարման դեմոկրատական ձև ընդունելը) գտնվում էր ամբողջ իշխանությունը: Հնագույն տոհմերը համարվում էին հելեոնները, հոպլետները, արգադները և այսիքորները:
7 - Դեդալոսի և Իկարոսի առասպելը ցույց է տալիս, որ հնագույն անցյալում իսկ մարդիկ միտք են արել ոչ միայն երկրի վրայով ու ջրի միջով, այլև օդով շարժվելու հնարը գտնելու մասին: Հատկանշական է, որ առասպելական արվեստագետ Դեդալոսի մեծագույն նվաճումները համարվում էին ոչ նրա կերտած արձանները և կանգնեցրած շինությունները, այլ նրա պատրաստած թևերը: Դեդալոսի առասպելն ստեղծվել է Աթենքում՝ Հին Հունաստանի առևտրի, արդյունաբերության, արվեստի և գիտության կարևորագույն կենտրոնում:
8 - Էգեյան ծովի մի մասը, որ ընկած է Սամոս ու Պարոս կղզիների և Փոքր Ասիայի միջև:
9 Թեսևս - Աթենքի մեծագույն հերոսը, որ ընդհանուր շատ բան ունի Հերակլեսի հետ: Թեսևսը ռազմա-տոհմային արիստոկրատիայի հերոսն է, իսկ այնուհետև՝ հերոսը իշխող աթենական ստրկատիրական-հողատիրական արիստոկրատիայի, որը Թեսևսին է վերագրել Աթենքի` պետական հին կառուցվածքը: Նրան է վերագրվում, ամենից առաջ, բնակչության բաժանումը երեք դասի. «էվպատրիդներ» կամ ազնվազարմներ, «գեոմորներ» կամ հողատերեր և «դեմիուրգներ» կամ արհեստավորներ, ըստ որում պաշտոններ` գրավելու բացառիկ իրավունքը վերապահվել է միայն ազնվազարմներին։ Հատկանշական է և հետևյալ փաստը. պատմում էին, որ Մարաթոնյան ճակատամարտում (490 թ. ն. թ. ա.), որի ժամանակ հույները հաղթանակ տարան պարսիկների դեմ, շատ աթենացիներ` իբր թե տեսել են նրան սաղավարտը գլխին, նիզակ ու վահան առած, աթենացիների մարտաշարքի առջևում մարտնչելիս: Այդ առասպելական պատմություններն օգտագործեցին արիստոկրատները. նրանց ներկայացուցիչ Կիմոնը Սկիրոս կղզուց Աթենք բերել տվեց Թեսևսի մասունքները, որոնք, իհարկե, գոյություն չեն ունեցել, քանի որ Թեսևսն էլ իրականում գոյություն չի ունեցել։
10 - Քաղաք Պելոպոնեսյան Արգոլիսում։
11 - Քաղաք Արգոլիսի հյուսիս-արևմտյան ծովափին:
12 - Իսթեմական խաղեր համահունական տոնախմբություն, որ ամեն երկու տարին մեկ անգամ անց էր կացվում Կորնթական պարանոցում՝ Իսթմոսում: Մի քանի օր տևող այդ խաղերի ընթացքում տեղի էին ունենում ըմբշամարտի, վազքի, բռնցքամարտի, սկավառակի ու նիզակի նետման, ինչպես նաև երկանվի վազքի մրցություններ:
13 - Քաղաք Իսթմոսում, Կորնթոսից ոչ հեռու։
14 - Իսթմոսի հյուսիսում գտնվող մարզ, որ արևելքում սահմանակից է Ատտիկային։
15 - Հույները գտնում էին, որ թափած արյունը պղծում է մարդուն, ուստի և ամեն մի մարդասպան պետք է մաքրագործման հատուկ ծեսեր կատարեր որևէ աստծո զոհարանի մոտ:
16 - Հետնորդները Փիտալոս հերոսի, որն Էլևսինում հիմնել է միստերիաները՝ կրոնական հատուկ պաշտամունք ի պատիվ Դեմետրա աստվածուհու:
17 - Մելիքիոս նշանակում է ողորմած։
18 - Լապիթներ - առասպելական ժողովուրդ:
19 - Մելեագրոսի առասպելում հետաքրքրական է հետևյալը. հերոսի մայրը՝ Ալփեան, իմանալով, որ նա մարտի ժամանակ սպանել է իր՝ Ալփեայի եղբորը, աստվածներին աղերսում է պատժել որդուն, և Ապոլոնն սպանում է Մելեագրոսին: Մի՞թե Մելեագրոսի հանցանքն այնքան մեծ է, որ հարազատ մայրը նզովում և մահվան է դատապարտում իր միակ զավակին: Դա կարելի է բացատրել այն բանով, որ առասպելը` մայրական իրավունքի ժամանակաշրջանի վերապրուկ է, երբ մորեղբայրը մոր ամենամոտ բարեկամն էր, իսկ ամենամոտ բարեկամի սպանության համար պետք էր վրեժ լուծել: Մելեագրոսի առասպելը, իբրև ապացույց, որ հնագույն ժամանակներում հույների մեջ գոյություն է ունեցել մայրական իրավունքը, օգտագործել է Ֆ. Էնգելսը «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» աշխատության մեջ:
20 - Քաղաք Էվենոս գետի ափին՝ Էտոլիա մարզում (Միջին Հունաստանի արևմուտքում):
21 - Տես 2-րդ մասը՝ «Արգոնավորդներ»:
22 - Տես 2-րդ մասը՝ Տրոյական շարք, «Պելևս և Թետիս»:
23 - Կղզի Ատտիկայի ափերին, Սարոնիկյան նեղուցում: Հայտնի է հույն-պարսկական ծովային ճակատամարտով (ն. թ. ա. 480 թ.)։
24 - Մելեագրոսի մահվան մասին եղել է նաև հետևյալ պատմությունը. Մելեագրոսի ծնվելուն պես, մոր՝ Ալփեայի մոտ են գալիս ճակատագրի աստվածներ մոյրաները և նրանցից մեկն ասում է. «Քո որդին մահ կգտնի այն ժամանակ, երբ ահա այս խանձողն այրվի խարույկի մեջ: Լռելով այդ, Ալփեան իսկույն հանգցնում է խանձողը, պահում գզրոցի մեջ և խնամքով թաքցնում: Եվ ահա, երբ Մելեագրոսը ճակատամարտի ընթացքում սպանում է մորեղբորը, նա մտաբերում է մոյրաների կանխագուշակությունը: Զայրացած որդու վրա՝ դուրս է բերում խանձողը գզրոցից և այրում։ Հենց որ այրվում, մոխրանում է խանձողը՝ Մելեագրոսի մահը վրա է հասնում։
25 - Քաղաք Թեսալիայի հարավում, Մալեյան ծոցի ափին։
26 - Առասպելական ժողովուրդ:
27 - Էգեյան ծովի Կիկլասյան կղզիներից մեկը։
28 - Տենարոսը (ներկայումս՝ Մատապան հրվանդան) գտնվում է Պելոպոնեսի հարավային կողմում:
29 - Եբրոս - գետ Թրակիայում (ներկայումս՝ Մարիցա)։
30 - Կղզի Էգեյան ծովում, Փոքր Ասիայի ափերի մոտ (այժմյան Միթիլենան), Հետագայում այս կղզուց են սերել Հին Հունաստանի հռչակավոր բանաստեղծ Ալքեոսը և բանաստեղծուհի Սաֆոն (Սապփո )։
31 - Քնարի համաստեղությունը, որի մեջ է մտնում առաջին կարգի մեծության Վեգա աստղը։
32 - Հույները գտնում էին, որ վայրի հիակինթի թերթերին կարելի է կարդալ «այ - այ» արտահայտությունը, որ նշանակում է «վա՜յ - վա՜յ»։ Տոնախմբությունները, այսպես կոչված հիակինթականքը, ի պատիվ Հիակինթոսի, որ առաջ եղել է հովիվների աստվածությունը, անց էին կացնում հուլիս ամսին, գլխավորապես դորեացիաները Պելոպոնեսում, Փոքր Ասիայով, Իտալիայի հարավում, Սիցիլիայում, Սիրակուզայում:
33 - Իդասը Մարպեսային առևանգել էր Պոսեյդոնի տված թևավոր երկանվով: Ապոլոնն ուզում էր Մարպեսային խլել Իդասից և նրա հետ կռվի բռնվեց։ Զևսը դադարեցրեց այդ կռիվը և հրամայեց, որ Մարպեսան ինքն ամուսին ընտրի Մարպեսան Իդասին ընտրեց: Նա գիտեր, որ Ապոլոնը մինչև իր մահը չի սիրի իրեն. անմահ աստվածը մոռացության կտա իրեն, երբ ինքը ծերանա:
34 - Տե՛ս Պելոպսի առասպելը:
35 - Էպիրոս - Հյուսիսային Հունաստանի արևմտյան մարզը (Ծ. Թ.)