Մ Ա Ս Ն Ե Ր Կ Ր Ո Ր Դ
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐ
Արգոնավորդների արշավանքի առասպելները հիմնականում շարադրված են ըստ Ապոլոն Հռոդոսցու «Արգոնավտիկա» պոեմի
ՓՐԻՔՍՈՍ ԵՎ ՀԵԼԼԱ
Հինավուրց Մինիական Օրքոմենոսում, որ գտնվում էր Բեովտիայում (1), իշխում էր հողմերի աստված Էոլոսի որդին՝ Աթամասը: Ամպերի աստվածուհի Նեփելեից երկու զավակ ուներ նա. տղան՝ Փրիքսոսը, և դուստրը՝ Հելլան: Դավաճանեց Նեփելեին Աթամասը և ամուսնացավ Կադմոսի դստեր՝ Ինոյի հետ: Ատեց Ինոն իր ամուսնու առաջին կնոջ երեխաներին և մտադրվեց կործանել նրանց։ Նա համոզում էր օրքոմենուհիներին չորացնել ցանքսի սերմացուն: Ցանեցին օրքոմենցիները չորացած սերմերը իրենց դաշտերում, բայց ոչինչ չբուսնեց նրանց բարեբեր արտերում: Քաղցը սպառնում էր օրքոմենցիներին: Այդ ժամանակ Աթամասը վճռեց դեսպանություն ուղարկել սրբազան Դելփիք, նետաձիգ Ապոլոնի պատգամախոսից արտերի անբերրիության պատճառն իմանալու։ Կաշառեց նենգամիտ Ինոն դեսպաններին և նրանք, վերադառնալով Դելփիքից, բերին պատգամախոսի կեղծ ու պատիր պատասխանը։
- Ահա թե ինչ պատասխան տվեց Պիթիա գուշակուհին, - ասացին կաշառված դեսպանները Աթամասին, - աստվածներին զոհիր քո որդի Փրիքսոսին, և նրանք կրկին արտերը բերրի կդարձնեն:
Օրքոմենոսին սպառնացող սոսկալի աղետից խուսափելու համար Աթամասը վճռեց զոհաբերել իր սիրասուն որդուն: Ցնծում էր Ինոն. նրան հաջողվել էր Փրիքսոսին կործանելու ծրագիրը:
Արդեն ամեն ինչ պատրաստ էր զոհաբերության համար: Քուրմի դանակի հարվածից պիտի ընկներ Փրիքսոսը, բայց հանկարծ հայտնվեց ոսկեգեղմ ոչխարը, Հերմես աստծո շնորհը: Ոչխարն ուղարկել էր Փրիքսոսի մայրը՝ Նեփելե աստվածուհին, որպեսզի փրկի իր զավակներին: Փրիքսոսն իր քրոջ՝ Հելլայի հետ նստեց ոսկեգեղմ ոչխարի վրա, և նա երեխաներին թռցրեց դեպի հյուսիս:
Արագ սլանում էր ոչխարը: Հեռվում, ներքևում, փռվում էին դաշտերն ու անտառները, իսկ նրանց մեջ գալարվում էին արծաթափայլ գետերը: Լեռներից էլ բարձր էր սլանում ոչխարը: Ահա և ծովը: Ծովի վրայով է սլանում ոչխարը: Վախեցավ Հելլան, սարսափից չկարողացավ իրեն պահել ոչխարի վրա: Ծովն ընկավ Հելլան և ծովի շառաչուն ալիքները կլանեցին նրան: Չկարողացավ փրկել քրոջը Փրիքսոսը: Զոհվեց Հելլան: Այդ ժամանակից ի վեր ծովը, որին զոհ էր գնացել Հելլան, կոչվեց Հելեսպոնտոս (Հելլայի ծով, այժմյան Դարդանելի նեղուցը):
Ավելի ու ավելի հեռուն էր սլանում ոչխարը Փրիքսոսի հետ և վերջապես իջավ հեռավոր Կողքիսի Փասիս(2) գետի ափերին, ուր իշխում էր Հելիոս աստծո որդին՝ կախարդ Էյետոսը: Դաստիարակեց Էյետոսը Փրիքսոսին, իսկ երբ նա հասակ առավ, ամուսնացրեց իր դստեր՝ Քալկիոպեի հետ: Իսկ Փրիքսոսին փրկող ոսկեգեղմ ոչխարը զոհաբերեցին ամպահալած մեծն Զևսին: Ոչխարի ոսկեգեղմը(3) Էյետոսը կախեց պատերազմի աստված Արեսի սրբազան անտառում: Գեղմը հսկեր պիտի սոսկալի, հուր ժայթքող վիշապը, որի աչքերը երբեք չէին փակվում քնից:
Ոսկեգեղմի համբավը տարածվեց բովանդակ Հունաստանում: Փրիքսոսի հոր՝ Աթամասի սերունդները գիտեին, որ իրենց ցեղի փրկությունն ու բարգավաճումը կախված է գեղմին տիրելուց և ուզում էին ինչ գնով էլ լինի ձեռք բերել այն:
ՅԱՍՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Կապուտակ ծովախորշի ափին, Թեսալիայում (4) Աթամաս արքայի եղբայրը՝ Կրեթևսը, կառուցեց Յոլքոս քաղաքը: Բարգավաճեց Յոլքոսը, նրա բերրի դաշտերը, առևտուրն ու ծովագնացությունը հարստացրին քաղաքը: Երբ Կրեթևսը մեռավ, Յոլքոսում իշխել սկսեց նրա եղբայր Էսոնը, բայց նրա մոր կողմից հարազատ եղբայրը, Պոսեյդոնի որդին՝ Պելիասը, հափշտակեց նրա իշխանությունը և Էսոնն ստիպված եղավ ապրել քաղաքում, իբրև հասարակ քաղաքացի:
Շուտով Էսոնը արու զավակ ունեցավ, սքանչելի մի տղա: Վախեցավ Էսոնը, որ ամբարտավան ու դաժան Պելիասը կսպանի իր զավակին, որ իրավունք ուներ Յոլքոս քաղաքի վրա իշխելու, և վճռեց թաքցնել նրան: Նա հայտարարեց, թե մանուկը մեռել է ծնվելուն պես և նույնիսկ առատ հոգեհաց տվեց. իսկ ինքը որդուն տարավ Պելիոն լեռան լանջերը, կենտավրոսներից ամենաիմաստունի՝ Քիրոնի մոտ: Այնտեղ, անտառում, քարանձավի մեջ, մեծացավ տղան, և դաստիարակեցին նրան Քիրոնը, սրա մայրը՝ Փիլիրեն և կինը՝ Քարիկլոն: Իմաստուն Քիրոնը տղայի անունը դրեց Յասոն: Ամեն ինչ սովորեցրեց Քիրոնը Յասոնին. սուր ու նիզակ բանեցնել, նետ արձակել պիրկ ձգված աղեղից, երաժշտություն սովորեցրեց և այն ամենը, ինչ ինքը գիտեր։ Ոչ ոք չէր կարող հավասարվել Յասոնին ճարպկությամբ, ուժով ու քաջությամբ, իսկ գեղեցկությամբ նա հավասարվում էր երկնի բնակիչներին:
Քսան տարի ապրեց Յասոնը Քիրոնի մոտ: Վերջապես նա վճռեց թողնել Պելիոնի մեկուսացած լանջերը, գնալ Յոլքոս և Պելիասից պահանջել, որ իրեն տա Յոլքոսի իշխանությունը:
ՅԱՍՈՆԸ ՅՈԼՔՈՍՈՒՄ
Շարադրված է ըստ Պինդարոսի ոտանավորների (Պիթոնյան ձոն):
Երբ Յասոնը եկավ Յոլքոս, նա անմիջապես քայլեց դեպի հրապարակը, բոլոր բնակիչների հավաքատեղին: Զարմանքով էին նայում Յոլքոսի բնակիչները պերճ պատանուն: Նա այնքան գեղեցիկ էր, որ բոլորը կարծում էին, թե նա կամ Ապոլոնն է, կամ էլ Հերմեսը: Յասոնը հագնված էր ոչ այնպես, ինչպես Յոլքոսի բոլոր բնակիչները: Նրա ուսերին գցված էր հովազի խայտաբղետ մորթին և միայն աջ ոտքին էր հագել սանդալը (5): Յասոնի փարթամ գանգուրները թափված էին ուսերին, նա փայլում էր երիտասարդ աստծո գեղեցկությամբ և ուժով։ Երկու նիզակի վրա հենված, նա հանգիստ կանգնել էր իրենով միացող քաղաքացիների ամբոխի մեջ։
Այդ ժամանակ իր շքեղ երկանվով հրապարակ եկավ նաև Պելիասը: Նայեց նա պատանուն և ցնցվեց՝ նկատելով, որ պատանու միայն մի ոտքին սանդալ կա: Վախեցավ Պելիասը. չէ՞ որ պատգամախոսը մի ժամանակ գուշակել էր, որ նրան մահ է սպառնում մի մարդուց, որ Յոլքոս կգա լեռներից և սանդալ կունենա միայն մի ոտքին. այդ մարդը, Էսոնի որդին, պիտի ուժով կամ խորամանկությամբ կործանի Պելիասին, և այդ կործանումն անխուսափելի է։
Թաքցրեց Պելիասն իր երկյուղը և գոռոզաբար հարցրեց անծանոթ պատանուն.
- Ո՞րտեղացի ևս, պատանի, և ո՞ր ցեղին ևս պատկանում: Միայն թե ճիշտ պատասխան տուր, քեզ մի՛ պղծիր ստով, ես արգահատելի խաբեության թշնամին եմ:
Հանգիստ պատասխան տվեց Յասոնը Պելիասին.
- Իմաստուն Քիրոնը միայն ճշմարտություն և ազնվություն է սովորեցրել ինձ, և ես միշտ հավատարիմ եմ` նրա խրատներին: Ամբողջ քսան տարի ապրել եմ Քիրոնի քարանձավում և ոչ մի անգամ չեմ խախտել ճշմարտությունը, և ոչ մի անգամ չեմ մեղանչել նրա դեմ: Ես այստեղ տուն՝ իմ հայրենի Յոլքոսն եմ վերադարձել, իմ հոր՝ Էսոնի մոտ։ Ես պահանջում եմ, որ ինձ տրվի Յոլքոսում իշխելու իմ իրավունքը: Այդ իշխանությունը ինչպես լսել եմ, իմ հորից խլել է նենգ Պելիասը: Քաղաքացինե՛ր, տարեք ինձ իմ մեծ նախնիների տունը: Օտար չեմ ես ձեզ: Ես ծնվել եմ այստեղ, Յոլքոսում։ Ես Յասոնն եմ. Էսոնի որդին:
Յոլքոսի բնակիչները ցույց տվին Յասոնին նրա հոր տունը: Երբ Յասոնը տուն մտավ, հայրն իսկույն ճանաչեց որդուն: Ուրախության արցունքներ երևացին ձեր էսոնի աչքերին. նա ցնծում էր. տեսնելով, որ իր որդին դարձել է զորեղ ու չքնաղ պատանի: Արագ հասավ Յասոնի գալստյան լուրը Էսոնի եղբայրների՝ Փերեի թագավոր Փերեսի և Մեսենիացի Ամփաոնեսի մոտ: Շուտով նրանք էլ իրենց որդիների՝ Ադմետոսի և Մելամպոդոմեսի հետ հասան Էսոնի մոտ: Հինգ օր ու գիշեր Էսոնը և որդին նրա՝ Յասոնը, մեծարեցին նրանց խնջույքներով: Զրույցի ժամանակ Յասոնը հայտնեց նրանց` իր ցանկությունը՝ վերադարձնել Յոլքոսի իր իշխանությունը: Հավանություն տվին նրանք Յասոնի այդ ցանկությանը և նրա հետ միասին գնացին Պելիասի մոտ։ Յասոնը պահանջեց, որ Պելիասը վերադարձնի իշխանությունը և խոստացավ նրան թողնել այն ամբողջ հարստությունը, որ նա խլել էր Էսոնից: Պելիասը վախեցավ մերժել Յասոնին:
- Լա՛վ, ես համաձայն եմ, - պատասխան տվեց Պելիասը, - միայն մի պայման կդնեմ քո առաջ. դու պարտավոր ես նախ ստորերկրյա աստվածների գութը շարժել: Հեռավոր Կողքիսում մեռած Փրիքսոսի ուրվականը աղերսում է, որ գնանք Կողքիս և տիրենք ոսկեգեղմին: Այդ գաղտնիքը բացեց ինձ Փրիքսոսի ուրվականը՝ երազիս մեջ: Ինքը նետաձիգ Ապոլոնը, Դելփիքում, պատվիրեց ճանապարհ ընկնել դեպի Կողքիս: Ես ծեր եմ և անկարող նման մեծ սխրագործության. դու երիտասարդ ես, լի ուժերով, արա՛ այդ սխրագործությունը, և քեզ կտամ Յոլքոսի քո իշխանությունը:
Այդպես պատասխանեց Պելիասը Յասոնին՝ սրտի խորքում թաքցնելով ոխը: Նա համոզված էր, որ կկործանվի Յասոնը, եթե վճռի Կողքիս գնալ՝ ոսկեգեղմը բերելու։
ՅԱՍՈՆԸ ՈՒՂԵԿԻՑՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿՈՂՔԻՍ ԱՐՇԱՎԵԼ
Պելիասի հետ ունեցած խոսակցությունից անմիջապես հետո Յասոնն սկսեց Կողքիս արշավելու պատրաստություն տեսնել: Նա շրջեց ողջ Հունաստանը և ամենուրեք կոչ արեց իրենց սխրագործություններով հայտնի դարձած հերոսներին՝ Կողքիս արշավել՝ ոսկեգեղմը բերելու։ Բոլոր մեծահամբավ հերոսները արձագանքեցին նրա կոչին: Արշավանքին մասնակցելու համաձայնություն տվեց հերոսներից մեծագույնը՝ Հերակլեսը, Զևսի որդին: Բոլոր հերոսները հավաքվեցին Յոլքոս քաղաքում: Ո՛վ ասես, որ չկար նրանց մեջ, այստեղ էին և՛ Աթենքի հպարտությունը՝ Թեսևսը, և Զևսի ու Լեդայի որդիները՝ Կաստորն ու Պոլիդեքեսը իրենց ընկերների՝ Իդասի և Լինքեոսի հետ, և՛ Բորեասի ու Օրփեոսի որդիները՝ թևավոր Կալաիսն ու Զեթեսը, և՛ Մելեագրոսը՝ Կալիդոնից, և՛ հզոր Անքեոսն ու Ադմետոսը, և՛ Տելամոնը և շատ ուրիշները: Հերոսների մեջ էր նաև երգիչ Օրփեոսը: Դեռ չէր տեսել Հունաստանը հերոսների այդպիսի մի հավաք: Հզոր ու չքնաղ՝ աստվածների նման, նրանք իրենց վրա էին հրավիրել Յոլքոս քաղաքի ողջ բնակչության հիացմունքով լի հայացքները: Ի՞նչ խոչընդոտ կկանգնեցներ նրանց: Ո՞վ կարող էր դիմագրավել նրանց: Ի՞նչը կսարսափեցներ նրանց:
Պատրաստ էր նաև հերոսների նավը: Այդ նավը շինել էր Արեստորասի որդին՝ Արգոսը, ինքը աստվածուհի Աթենասն էր օգնում նրան: Նա նավախելի մեջ էր ամրացրել Զևսի՝ Դոդոնեի պատգամախոսի անտառից սրբազան կաղնու մի կտոր: Սքանչելի էր «Արգո» անունով այդ նավը: Նա թեթև էր ու ճեպընթաց. ճայի նման սլանում էր ծովի ալիքների վրայով: «Արգո» նավի անունով կոչեցին նաև արշավանքին մասնակցող հերոսներին՝ արգոնավորդներ («Արգոյի» նավաստիներ): Միայն Աթենասը չէ, որ հովանավորում էր արգոնավորդներին. նրանց իր պաշտպանության տակ էր առել նաև Հերան: Նա այրող ատելությամբ էր լցված Պելիասի դեմ, որ իրեն զոհ չէր մատուցել: Յասոնը, սակայն, վայելում էր Հերայի հատուկ շնորհը։ Մի անգամ, պատանի հերոսին փորձելու համար, նա զառամյալ պառավի կերպարանքով հայտնվեց Յասոնին լեռնային գետակի ափին և արցունքն աչքերին խնդրեց մյուս ափն անցկացնել իրեն: Զգուշությամբ բարձրացրեց հերոսը նրան իր ուսերին և անցկացրեց կատաղի գետի միջով: Միայն ձախ ոտքի սանդալը կորցրեց Յասոնը, գետն անցնելիս: Այդ օրվանից սիրեց նրան Հերան և ամեն ինչով սկսեց օգնել նրան: Նետաձիգ Ապոլոնը ևս հովանավորում էր արգոնավորդներին. չէ՞ որ նա ինքն էր դրդել հերոսներին նախաձեռնել այդ արշավանքը և հենց ինքն էլ կանխագուշակել նրանց երջանկություն և հաջողություն:
Յոլքոսում հավաքված հերոսներն ուզում էին իրենց առաջնորդ ընտրել Հերակլեսին, բայց նա հրաժարվեց և առաջարկեց ընտրել Յասոնին: «Արգոյի» ղեկապետ ընտրվեց Տիփիսը, իսկ նավաքթին կանգնեց Լինքեոսը, որի աչքից ոչինչ չէր վրիպում ոչ միայն երկրի երեսին, այլ նույնիսկ գետնի տակ:
Ամեն ինչ պատրաստ էր ծով դուրս գալու: Ջուրն իջեցրած «Արգոն» հանդարտ օրորվում էր ալիքների վրա, արդեն բարձված էին սննդամթերքի և ջրի պաշարները, մատուցվել էին Ապոլոնի և մյուս աստվածների զոհերը: Զոհաբերությունը երջանիկ կանխագուշակություն էր ցույց տվել Երեկոյան ուրախ խնջույք էին արել: Արդեն ժամանակն էր հեռավոր, վտանգներով լի նավարկության:
Հենց որ երկրի ծայրը բռնկվեց արշալույսի ծիրանի լույսով, ղեկապետ Տիփիսը արթնացրեց արգոնավորդներին: Արգոնավորդները մտան նավը և նստեցին թիակների մոտ՝ ամեն նստարանին Երկուական մարդ, Համերաշխ թափով սեղմեցին թիակները հզոր թիավարները: Հպարտորեն լողաց «Արգոն» նավահանգստից դեպի բաց ծով: Լողորդները պարզեցին ձյունաճերմակ առագաստը և թեթև նավը արագ սլացավ ախորժալուր աղմկող ալիքների վրայով: Ահա՛ ձյունաճերմակ ձիերը լծած երկանվով երկինք բարձրացավ արևի ճաճանչափայլ աստված Հելիոսը: Վարդագունեց «Արգոյի» առագաստը, և ծովի ալիքները փայլեցին արևի վաղորդյան ճառագայթներից:
Զարկեց Օրփեոսը ոսկե կիթառի լարերին, և նրա սքանչելի երգը տարածվեց լայնածավալ ծովում: Հափշտակվեցին երգով հերոսները: Իսկ ծովի խորքից դուրս լողացին ձկներն ու արագաշարժ դելփինները. Օրփեոսի երգով գերված, լողում էին նրանք ալիքների վրայով արագ սլացող «Արգոյի» հետևից, նման այն հոտին, որ սրինգի ախորժալուր հնչյուններին ունկնդիր՝ հետևում է հովվին:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԼԵՄՆՈՍՈՒՄ
Կարճատև երջանիկ նավարկությունից հետո արգոնավորդները հասան ծաղկող Լեմնոս կղզին: Այնտեղ իշխում էր երիտասարդ թագուհի Հիպսիպիլեն: Ոչ մի տղամարդ չկար Լեմնոսում: Բոլոր ամուսիններին սպանել էին լեմնուհիները՝ նրանց դավաճանության համար: Միայն Հիպսիպիլեի հայրը՝ Փոանտես (6) արքան էր փրկվել մահից: Նրան փրկել էր իր դուստրը:
Երբ արգոնավորդները մոտեցան Լեմնոսի ափին և լրաբեր ուղարկեցին քաղաք, լեմնուհիները խորհրդի հավաքվեցին քաղաքային հրապարակում և դեռատի Հիպսիպիլեն խորհուրդ տվեց քաղաք չթողնել արգոնավորդներին: Նա վախենում էր, որ հերոսները կիմանան այն չարագործության մասին, որ գործել էին լեմնուհիները: Բայց պառավ Պոլուքսոն առարկեց թագուհուն: Նա պնդում էր, որ հարկավոր է քաղաք թողնել արգոնավորդներին:
- Ո՞վ պիտի պաշտպանի ձեզ, - ասում էր Պոլուքսոն, - եթե Լեմնոսի վրա հարձակվեն թշնամիները: Ո՞վ պիտի ձեր մասին հոգ տանի, երբ դուք ծերանաք, երբ մնաք մեն-մենակ: Ո՛չ, քաղաք թողեք այդ օտարերկրացիներին, թող նրանք մնան այստեղ:
Լսեցին լեմնուհիները պառավ Պոլուքսոյին: Անմիջապես ուղարկեցին լեմնուհիներից մեկին «Արգոյից» եկած լրաբերի հետ, հերոսներին խնդրելու, որ քաղաք մտնեն:
Հագավ Յասոնն իր ճոխ ծիրանի զգեստը, որ ինքը՝ Աթենաս-Պալլասն էր գործել նրա համար, և գնաց քաղաք: Պատվով ընդունեց նրան Հիպսիպիլեն և առաջարկեց ապաստանել իր պալատում: Քաղաք եկան մյուս արգոնավորդները ևս: Միայն մի քանի մարդ, Հերակլեսի հետ միասին, մնացին «Արգոյի» վրա:
Զվարճություն ու բերկրանք էր տիրում կղզում: Ամենուրեք, խարույկների վրա, զոհեր էին մատուցվում աստվածներին, տոնախմբություններին հաջորդում էին տոնախմբությունները, խնջույքներին՝ խնջույքները: Կարծես թե հերոսները մոռացել էին այն մեծ սխրագործության մասին, որ սպասում էր նրանց: Անհոգ կերուխում էին անում նրանք հարուստ Լեմնոսում։ Վերջապես Հերակլեսը` արգոնավորդներին թաքուն ափ կանչեց, ուր կանգնած էր «Արգոն»: Զայրացած կշտամբեց նրանց հերոսներից վսեմագույնը, որ հանուն հաճույքների, ուրախ ու անհոգ կյանքի՝ մոռացել են մեծագործությունների մասին: Կանգնել էին ամոթահար հերոսները՝ լսելով տեղին արված այդ նախատինքները: Նրանք վճռեցին իսկույն ևեթ թողնել Լեմնոսը: Անմիջապես «Արգոն» պատրաստվեց ճանապարհ ընկնելու։ Արդեն պատրաստվում էին հերոսները նավը մտնելու և թիակներն առնելու, երբ խմբով եկան լեմնուհիները: Նրանք աղաչում էին հերոսներին չլքել, մնալ իրենց հետ: Բայց հերոսներն անդրդվելի էին: Արցունքն աչքերին հրաժեշտ տվին նրանց լեմնուհիները: Մտան հերոսները «Արգոն», համերաշխ թափով մղեցին թիակները, փրփրեցին ալիքները հզոր թիավարների հարվածներից, և թռչնի նման դեպի անծայրածիր ծովը սուրաց «Արգոն»:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԿԻԶԻԿՈՍ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ
Երբ արգոնավորդները նավում էին դեպի Պրոպոնտիս (7) ծովը՝ ճանապարհին դեմ առան Կիզիկոս թերակղզուն: Այստեղ դոլիոններն էին ապրում՝ Պոսեյդոնի հետնորդները: Նրանց վրա Կիզիկոս թագավորն էր իշխում: Կիզիկոս թերակղզուց ոչ հեռու գտնվում էր Արջասարը, որտեղ վեցբազկանի հսկաներ էին ապրում: Պոսեյդոնի պաշտպանության շնորհիվ էր, որ դոլիոնները կարողանում էին կողք-կողքի ապրել այդպիսի հարևանների հետ: Կիզիկոս թագավորը պատվով ընդունեց արգոնավորդներին, և ամբողջ օրը նրանց հետ անցկացրեց խնջույքի սեղանի շուրջը: Դեռ լույսը չէր բացվել, որ արգոնավորդները ճանապարհը շարունակելու պատրաստություն տեսան: Նոր էին բարձրացել «Արգոյի» վրա, երբ հանկարծ նեղուցի հանդիպակաց ափին երևացին վեցբազկանի հսկաները: Նրանք ծովն էին նետում վիթխարի քարաբեկորներ, ահագին ժայռեր էին պոկում ու դարսում իրար վրա, որպեսզի արգոնավորդներին խանգարեն ծովախորշից բաց ծով դուրս գալ։ Ձեռքն առավ Հերակլեսն իր պիրկ աղեղը և իրար հետևից մահաբեր նետեր արձակեց հսկաների վրա: Վահաններով պատսպարվելով, նիզակները ձեռքներին՝ արգոնավորդները նետվեցին դեպի հսկաները: Երկար չտևեց մարտը: Հսկաները մեկը մյուսի հետևից գետին ընկան կամ ծովը թափվեցին, բոլորը ջախջախվեցին. նրանցից և ոչ մեկը չփրկվեց:
Ճամփա ընկան արգոնավորդները: Համընթաց քամին ուռեցնում էր առագաստը, և ամբողջ օրը «Արգոն» հանգիստ լողում էր ալիքների վրա: Իջավ երեկոն, արևի աստված Հելիոսն իջավ երկնքից, գիշերը խավարով պատեց երկինքն ու երկիրը: Քամին փոխեց ուղղությունը և արդեն «Արգոյին» ետ էր քշում դեպի այն ափերը, որ դեռ նոր էին լքել: Գիշերային խավարի մեջ արգոնավորդները դեմ առան Կիզիկոսին: Չճանաչեցին նրանց Կիզիկոսի բնակիչները, ծովահենների տեղ ընդունեցին և, իրենց պատանի թագավորի գլխավորությամբ, հարձակվեցին նրանց վրա։ Սկսվեց գիշերային մի ահավոր ճակատամարտ: Լիակատար խավարում հերոսները կռիվ էին մղում իրենց երեկվա բարեկամների դեմ։ Իր սրածայր նիզակով խոցեց հզոր Յասոնը պատանի արքա Կիզիկոսի կուրծքը և սա, հառաչանք արձակելով, գետին տապալվեց: Բայց արշալույսի աստվածուհի Էոսի ճառագայթները բոսորագույն ներկեցին արևելքը: Լույսը բացվում էր: Մարտիկները ճանաչեցին միմյանց և սարսափահար եղան։ Բարեկամները կռվելիս են եղել բարեկամների դեմ։ Երեք օր արգոնավորդները և Կիզիկոսի բնակիչները սպանվածների պատվին մահվան խնջույք (8) արեցին, երեք օր ողբացին պատանի արքայի մահը: Իսկ նրա կինը՝ գեղանի Կլեյտոն, Մերոպեի դուստրը, չդիմացավ ամուսնու մահվան վշտին և սուրսայր սրով խոցեց իր կուրծքը:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ՄԻՍԻԱՅՈՒՄ
Կարճատև նավարկումից հետո արգոնավորդները հասան Միսիայի (9) ափերը: Կանգ առան ափի մոտ ջրի և ուտելիքի պաշար վերցնելու: Հզոր Հերակլեսը գնաց առափնյա անտառը, որպեսզի իր ջարդված թիակի փոխարեն նորը պատրաստի: Նա մի բարձր եղևնի գտավ, իր հզոր բազուկներով բռնեց ու արմատախիլ արեց: Հզոր հերոսը եղևնին ուսին էր դրել ու գալիս էր դեպի ծովափ: Հանկարծ, նրան ընդառաջ վազեց նրա ընկեր Պոլիփեմոսը և պատ մեջ, թե հենց նոր լսել է պատանի Հիլասի ձայնը, որ կանչում էր իրենց: Հերակլեսը փութաց փնտրել Հիլասին, բայց ոչ մի տեղ չգտավ նրան: Տխրեց Հերակլեսը: Պոլիփեմոսի հետ միասին ամենուրեք փնտրեց Հիլասին, բայց ապարդյուն։
Հենց որ երկնքում երևաց այգաբացը նախագուշակող ճաճանչափայլ լուսաստղը, ճանապարհ ընկան արգոնավորդները, լուսադեմի մթնշաղի մեջ չնկատելով, որ իրենց հետ չեն ո՛չ Հերակլեսը, ո՛չ Պոլիփեմոսը: Տրտմեցին հերոսները, երբ առավոտյան տեսան, որ չկան իրենց երկու պանծալի ընկերները: Գլխահակ նստել էր վշտահար Յասոնը: Նա կարծես չէր լսում իր ուղեկիցների տրտունջը, կարծես չէր նկատում Հերակլեսի և Պոլիփեմոսի բացակայությունը։ Հերակլեսի հավատարիմ ընկերը՝ Տելամոնը, մոտեցավ Յասոնին և, հանդիմանություններ թափելով նրա գլխին ասաց.
- Միայն դո՛ւ ես նստել այդպես հանգիստ: Այժմ կարող ես ուրախանալ: Այլևս մեզ հետ չի Հերակլեսը, և չկա մեկը, որ ստվերի քո փառքը։ Ո՛չ, չեմ գա ես ձեզ հետ, եթե չվերադառնաք ու չփնտրեք Հերակլեսին ու Պոլիփեմոսին:
Նետվեց Տելամոնը դեպի նավավար Տիփիսը, կամենալով, ստիպել, որ նա ետ դարձնի «Արգոն»: Զուր էին փորձում հանգստացնել նրան Բորեասի որդիները, ոչ ոքի չէր ուզում լսել մոլեգնած Տելամոնը, բոլորին մեղադրում էր նա, որ նրանք Հերակլեսին ու Պոլիփեմոսին դիտմամբ են թողել Միսիայում:
Հանկարծ, ծովի ալիքների միջից երևաց ծովային գուշակ աստված Գլավքոսի ջրիմուռներով պատած գլուխը: Բռնեց նա «Արգոյի» ողնուցը, կանգնեցրեց նավը և ասաց.
- Ամպրոպային մեծն Զևսի կամքով են Հերակլեսն ու Պոլիփեմոսը մնացել Միսիայում, Հունաստան պիտի վերադառնա Հերակլեսը և Էվրիսթևսին ծառայելիս տասներկու մեծ սխրագործություն պիտի անի: Իսկ Պոլիփեմոսը քալիբների երկրում պիտի հիմնադրի Քիոս փառավոր քաղաքը: Իսկ հերոսները Միսիայում են մնացել, քանի որ փնտրում են չքնաղ Հիլասին, որին հափշտակել էին հավերժահարսները:
Ասաց ու նորից ծովը սուզվեց Գլավքոսը և անհետացավ արգոնավորդների աչքից:
Հանգստացան հերոսները: Տելամոնը հաշտվեց Յասոնի հետ։ Թիակներն առան հերոսները, և «Արգոն» զորեղ թիավարների համերաշխ մղումով սուրաց ծովի հարթության վրա:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԲԻԹԻՆԻԱՅՈՒՄ (10) (ԱՄԻԿՈՍ)
Հաջորդ օրը առավոտյան արգոնավորդները մոտեցան Բիթինիայի ափին: Նրանց այնպես սիրալիր չընդունեցին, ինչպես Կիզիկոսում: Բիթինիայում, ծովի ափին, ապրում էին բեբրիկները, որոնց վրա իշխում էր Ամիկոս արքան: Նա հպարտանում էր իր ահռելի ուժով և անպարտելի բռնցքամարտիկի փառքով: Անողորմ արքան բոլոր օտարերկրացիներին ստիպում էր կռվել իր հետ և դաժանորեն սպանում էր նրանց բռունցքի զորեղ հարվածով: Ծաղր ու ծանակով դիմավորեց Ամիկոսը արգոնավորդներին, թափառաշրջիկներ անվանեց նա մեծ հերոսներին և մարտի հրավիրեց նրանցից ամենաուժեղին, եթե միայն նրանցից որևէ մեկը սիրտ կանի ուժով չափվել իր հետ: Զայրացան հերոսները: Նրանցից առաջ եկավ Զևսի ու Լեդայի որդին՝ պատանի Պոլիդևքեսը: Նա անվրդով ընդունեց բեբրիկների արքայի մարտահրավերը: Ահավոր Տիփոնի նման Պոլիդևքեսի առաջ կանգնել էր Ամիկոսը իր սև թիկնոցով և հսկայական մահակը ուսին, մռայլ հայացքով նայում էր նա Պոլիդևքեսին. իսկ նա կանգնել էր Ամիկոսի առաջ, աստղի նման շողալով իր գեղեցկությամբ: Մարտի պատրաստվեցին ռազմիկները: Հատակին նետեց Ամիկոսը բռունցքների փոկերը (11): Առանց ընտրության վերցրեց Պոլիդևքեսը ամենամոտիկ ընկած փոկերը և փաթաթեց ձեռքը: Սկսվեց մարտը: Կատաղած ցուլի նման հարձակվեց բեբրիկների արքան Պոլիդևքեսի վրա: Ճարպկորեն վերադարձնում էր նրա հարվածները Պոլիդևքեսը, ոչ մի քայլ չնահանջելով Ամիկոսի ճնշման տակ: Ընդհատվեց մարտը մի ակնթարթ, որպեսզի շունչ առնեն ռազմիկները: Ահա նորից են մենամարտում նրանք և մեկը մյուսի հետևից տեղում են հարվածները: Վրա բերեց Ամիկոսը բռունցքը և արդեն ուզում էր մի սոսկալի հարված հասցնել Պոլիդևքեսի գլխին, բայց մի կողմ թեքվեց պատանի հերոսը և այնպիսի մի հարված հասցրեց Ամիկոսի ականջին, որ փշրեց գանգոսկրը: Հոգեվարքի ցնցումներով գետին տապալվեց Ամիկոսը: Բարձրաձայն կանչերով ողջունեցին արգոնավորդները հաղթողին:
Երբ բերրիկները տեսան, որ սպանված է իրենց արքան՝ հարձակվեցին Պոլիդևքեսի վրա: Առաջին երկուսին ինքը՝ Պոլիդևքեսը գետին տապալեց բռունցքի հարվածով: Զենքերն առան արգոնավորդները և կռվի նետվեցին բեբրիկների դեմ։ Հողմի նման սուլում էր Անքեոսի սակրը, մեկը մյուսի հետևից հարվածում էր նրանց Կաստորը՝ իր փայլուն սուսերով։ Առյուծների նման կռվում են հերոսները: Փախուստի դիմեցին բեբրիկները: Հերոսները երկար հետապնդում էին նրանց: Հարուստ ավարով նրանք ծովափ վերադարձան: Ամբողջ գիշերը կերուխում էին անում հաղթողները ծովափին, և բարձր հնչում էր Օրփեոսի հաղթական երգը: Իր ոսկե կիթառի հնչյուններով փառաբանում էր նա բեբրիկների արքա Ամիկոսին հաղթողին՝ ամպրոպային Զևսի չքնաղ որդուն՝ Պոլիդևքեսին:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ՓԻՆԵՎՍԻ (12) ՄՈՏ
Հաջորդ օրվա առավոտյան արգոնավորդները շարունակեցին իրենց ճանապարհը: Շուտով հասան Թրակիայի (13) ափերը: Հերոսները ափ դուրս եկան պաշարները լրացնելու Ծովափին նրանք մի տուն տեսան և գնացին դեպի այդ տունը: Տնից արգոնավորդներին ընդառաջ եկավ մի կույր ծերունի: Նա հազիվ էր կանգնում ոտքերի վրա և ուժահատությունից ցնցվում էր ամբողջ մարմնով: Հասնելով իր տան շեմին, ծերունին ուժասպառ վայր ընկավ։ Վեր առան արգոնավորդները նրան և կարեկցանքը համակեց նրանց։ Ծերունու խոսքերից նրանք իմացան, որ նա Փինևսն է՝ Ագենորի որդին, Թրակիայի նախկին թագավորը, բայց Ապոլոնը պատժել էր Փինևսին, որովհետև նա չարաշահել էր Ապոլոնից շնորհած գուշակելու ձիրքը և մարդկանց առաջ բաց արել Զևսի գաղտնիքները: Ապոլոնը կուրացնում է Փինևսին, իսկ աստվածները Փինևսի մոտ են ուղարկում Հարպիաներին՝ կեսդև-կեսթռչուններին, որոնք թռչում գալիս էին նրա տուն, խժռում ամբողջ ուտելիքը և գարշահոտությամբ լցնում ամբողջ տունը: Աստվածները իմաց էին տվել Փինևսին, որ այդ պատժից նա կազատվի այն ժամանակ միայն, երբ նրա մոտ գան արգոնավորդները, որոնց մեջ կլինեն Բորեասի երկու թևավոր որդիները՝ Զեթեսը և Կալադիեսը: Փինևսն սկսեց աղաչել հերոսներին, որ ազատեն իրեն այդ աղետից, Բորեասի որդիներին աղերսում էր արտաքսել հարպիաներին. չէ՞ որ օտար չէր նա Բորեասի որդիներին՝ նա ամուսնացել էր նրանց քրոջ Կլեոպատրայի հետ:
Համաձայնեցին հերոսները օգնել Փինևսին, նրանց ճոխ սեղան բաց արին, բայց հենց որ Փինևսը թիկնեց (14) սեղանի մոտ, որ քաղցը հագեցնի, իսկույն թռան-եկան հարպիաները և, ուշադրություն չդարձնելով արգոնավորդների ճիչերին, խժռեցին ողջ ուտելիքը, սոսկալի գարշահոտություն տարածելով տանը, և հետ թռան-հեռացան Փինևսի տանից: Իրենց հզոր թևերով նրանց հետևից ճախրեցին Բորեասի որդիները: Երկար հետապնդեցին նրանք հարպիաներին և վերջապես հասան նրանց Պլոտիյան կղզիներում: Բորեասի որդիները մերկացրին իրենց սրերը, և արդեն ուզում էին հարվածել հարպիաներին, երբ հանկարծ բարձր Օլիմպոսից իր վարդագույն թևերով սլացավ աստվածների պատգամաբեր Իրիսը: նա կանգնեցրեց Բորեասի որդիներին և ասաց, որ աստվածները պատվիրել են հարպիաներին այլևս չվերադառնալ Փինևսի մոտ: Նորից դեպի Թրակիա թռան Բորեասի որդիները:
Այդ օրվանից Պլոտիյան ժայռերը կոչվեցին Ստրոփադես (15) կղզիներ, այսինքն վերադարձի կղզիներ:
Հենց որ Բորեասի որդիներից հետապնդվող հարպիաները թռան, արգոնավորդները Փինևսի համար նորից ճոխ սեղան բաց արին և ծերունին վերջապես կարողացավ հագեցնել իր սոսկալի քաղցը: Կերուխումի ժամանակ Փինևսը արգոնավորդներին հայտնեց, թե ինչ վտանգներ են սպասում նրանց Կողքիս տանող ճանապարհին և խորհուրդներ տվեց, թե ինչպես պիտի հաղթահարել դրանք: Փինևսը հերոսներին խորհուրդ տվեց նաև, որ Կողքիս հասնելուն պես օգնության կանչեն ոսկեշող Ափրոդիտեին, քանի որ նա միայն կարող է օգնել Յասոնին՝ ձեռք բերելու ոսկեգեղմը: Ուշադիր ականջ դրին արգոնավորդները իմաստուն ծերունուն, ջանալով լավ հիշել ծերունու խոսքերը։
Շուտով վերադարձան նաև Բորեասները և պատմեցին, թե ինչպես էին հետապնդել հարպիաներին: Ուրախացավ զառամած Փինևսը, որ վերջնականապես ազատվել է հարպիաներից:
ՍԻՄՊԼԵԳԱԴՆԵՐ (16):
Երկար չմնացին արգոնավորդները Փինևսի մոտ: Նրանք շտապում էին շարունակել ճամփան: Արագ սլանում էր «Արգոն» ծովի ալիքների վրայով: Հանկարծ, հեռավոր մի աղմուկ լսվեց առջևում, Ավելի ու ավելի հստակ և ուժգին էր ելնում աղմուկը, որ նման էր մոտեցող փոթորկի մռնչյունին, որ երբեմն-երբեմն խլանում էր որոտի դղրդյունից: Ահա և երևացին Սիմպլեգադյան ժայռերը: Հերոսները տեսան, թե ինչպես հեռանում և նորից, մի սոսկալի դղրդյունով իրար են բախվում ժայռերը: Ծովն ալեկոծվում էր նրանց շուրջը, ջրի շիթերը բարձր թռչում էին նրանց յուրաքանչյուր բախյունից: Իսկ երբ հեռանում էին ժայռերը, ալիքները նրանց միջև պտտվում էին խելահեղ շրջապտույտի մեջ:
Մտաբերեցին հերոսները Փինևսի խորհուրդը՝ նախ մի աղավնի բաց թողնել ժայռերի միջով. եթե թռչի անցնի աղավնին, ապա «Արգոն» ևս անվնաս կանցնի Սիմպլեգադների մոտով: Մի նոր ուժով գործի դրին թիակները արգոնավորդները: Արդեն ժայռերի մոտ են նրանք: Դղրդոցով իրար բախվեցին ժայռերը և նորից հեռացան իրարից: Այդ ժամանակ Էվփեմոսը բաց թողեց աղավնին: Նետի նման սլանում է աղավնին երկու ժայռերի միջով: Ահա նորից բախվեցին ժայռերը, այնպիսի դղրդոցով, որ կարծես երկինքը ցնցվեց: Աղի ջրի ցայտքերը թրջեցին արգոնավորդներին, իսկ «Արգոն» հողմի բերանն ընկածի նման պտտվեց ալիքների մեջ: Անվնաս թռավ-անցավ աղավնին ժայռերի արանքից, միայն պոչի ծայրը պոկեցին իրար բախվող ժայռերը: Ուրախացած աղաղակեցին արգոնավորդները և բոլորը միասին ծովին տվին թիակները: Հեռացան ժայռերը: Հսկայական, փրփրաբաշ մի ալիք հափշտակեց «Արգոն» և նետեց նրան դեպի նեղուցը: Դեմ-հանդիման է վազում մի ուրիշ ալիք, որ ետ է շպրտում «Արգոն»: Ալիքները եռում են, փրփրում շուրջը: Կորանում են թիակները, «Արգոն» ճռճռում է, կարծես սուզվում է ալիքների ճնշումից: Ահա բարձրացավ ևս մի լեռնաչափ ալիք. նա փուլ եկավ «Արգոյի» վրա և նավը խարխուլ մակույկի նման պտտվեց տեղում: Արդեն մոտենում են ժայռերը, ուր որ է կբախվեն նրանք: Կործանումն անխուսափելի է: Այդ ժամանակ արգոնավորդներին օգնության հասավ Զևսի սիրելի դուստրը, ինքը Աթենաս-Պալլասը։ Հզոր ձեռքով նա պահեց ժայռերից մեկը, իսկ մյուսով այնպես ուժգին հրեց «Արգոն», որ նավը նետի պես դուրս նետվեց նեղուցից: Միայն ղեկի ծայրը փշրեցին բախվող ժայռերը: Նորից հեռացան ժայռերը և կանգ առան, ընդմիշտ անշարժացած նեղուցի երկու կողմերում, Կատարվեց ճակատագրի կամքը, որ Սիմպլեգադները կանշարժանան միայն այն ժամանակ, երբ նրանց միջով մի նավ կանցնի: Ուրախացան արգոնավորդները. նրանք խույս էին տվել ամենասոսկալի վտանգից: Այժմ արդեն կարող էին վստահ լինել, որ երջանիկ վախճան կունենա իրենց արշավանքը:
ԱՐԵՏԻԱՍ ԿՂԶՈՒ ԵՎ ԿՈՂՔԻՍ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երկար նավում էին արգոնավորդները Էվքսինյան Պոնտոսի (17) ափերով: Վերջապես հեռվում երևաց մի կղզի: «Արգոն» արագորեն մոտենում էր կղզուն, արդեն հեռու չէր ափը: Հանկարծ, թևերը արևի շողերի մեջ փայլեցնելով, կղզուց վեր ճախրեց մի մեծ թռչուն. նա թռավ «Արգո» նավի գլխավերևը և իր փետուրներից մեկը գցեց հերոսներից մեկի` Օիլևսի վրա։ Փետուրը նետի նման խրվեց Օիլևսի ուսի մեջ, արյունը ժայթքեց վերքից, և թիակն ընկավ վիրավոր հերոսի ձեռքից: Օիլևսի ընկերները դուրս քաշեցին նետը վերքից: Զարմանքով նայում ու տեսնում են արգոնավորդները, որ փետուրը մետաղից է և նետի նման սուր: Ահա կղզուց վեր ճախրեց մի ուրիշ թռչուն և թռավ դեպի «Արգոն», բայց նրան արդեն աղեղը ձեռքին սպասում էր հերոս Կլիթիոսը. Հենց որ թռչունը մոտեցավ Արգոյին, Կլիթիոսը աղեղը ձգեց, նետն արձակեց և սպանված թռչունն ընկավ ծովը։ Մետաղյա փետուրներով այդ թռչուններին տեսնելուն պես արգոնավորդները հասկացան, որ դրանք Ստիմփալոսյան թռչուններն են, իսկ այն կղզին, ուր ապրում են նրանք, Արետիաս կղզին է: Ամփիդամանտոսը խորհուրդ տվեց հերոսներին հագնել զրահները և ծածկվել վահաններով։ Մինչև ափ հասնելը արգոնավորդները սկսեցին աղաղակել, նիզակներով ու սրերով խփել վահաններին։ Թռչունների մի հսկայական երամ սավառնեց կղզուց, թռավ «Արգոյից» շատ բարձր, և փետուր - նետերի անձրև տեղաց հերոսների վրա։ Այդ նետերից հերոսները պաշտպանվեցին վահաններով: Իսկ թռչունները, մի շրջան անելով «Արգոյի» վերևում, շուտով անհետացան հեռու հորիզոնի հետևը։
Արգոնավորդները Արետիասի ափը դուրս եկան և արդեն ուզում էին հանգիստ առնել, երբ նրանց դեմ ելան չորս պատանի։ Պատանիները սոսկալի հյուծված էին, ցնցոտիները հազիվ էին ծածկում նրանց մարմինը: Դրանք Փրիքսոսի որդիներն էին։ Նրանք եկել էին Կողքիսից, որ վերադառնան Օրքոմենոս, բայց գիշերը փոթորիկը խորտակել էր նրանց նավը, միայն երջանիկ պատահականությամբ ալիքները նրանց նետել էին Արետիաս կղզին, որտեղ և գտան նրանց արգոնավորդները: Հերոսներին ուրախություն պատճառեց այդ հանդիպումը . հատկապես ուրախ էր Յասոնը. չէ՞ որ պատանիները նրա հարազատներն էին: Կերակրեցին արգոնավորդները պատանիներին, նոր հագուստներ տվին նրանց և պատմեցին, որ գնում են Էյեթոսի թագավորությունը ոսկեգեղմը բերելու: Պատանիներից ավագը՝ Արգոսը, խոստացավ օգնել արգոնավորդներին, բայց նախազգուշացրեց նրանց, որ Էյեթոս արքան՝ Հելիոսի որդին, հզոր ու դաժան է, և ոչ ոքի չի խնայում: Բայց ոչինչ չէր կարող ետ պահել արգոնավորդներին մեկ անգամ արդեն ընդունված՝ ոսկեգեղմը ձեռք բերելու վճռից։Հաջորդ առավոտյան արգոնավորդները շարունակեցին ճանապարհը: Երկար նավում էին նրանք: Վերջապես հեռվում, հորիզոնում հավաքված ամպերի նման, կապտին տվին Կովկասի բարձունքները: Այժմ արդեն հեռու չէր Կողքիսը։
«Արգոն» արագ սլանում էր համաչափ թիավարումից, Արդեն ծածկվում էր արևը՝ իջնելով դեպի ծովը։ Մթնշաղի ստվերները սահեցին ալիքների վրայով: «Արգոյից» շատ բարձր, թևերի զորավոր բախյունի ձայն լսվեց: Մի հսկայական արծիվ էր ճախրում դեպի այն ժայռը, որին գամված էր տիտան Պրոմեթևսը: Քամի բարձրացավ ծովի վրա՝ արծվի հսկայական թևերի բախյունից։ Արծիվն անհետացավ հեռվում և արգոնավորդներին հասան Պրոմեթևսի ծանր հառաչանքները, որ երբեմն խլանում էին թիակների ճողփյունի ձայնից:
Արդեն հեռու չէր ափը: Ահա և Փասիսի գետաբերանը: Արգոնավորդները թիավարելով բարձրացան հոսանքն ի վեր և խարիսխ ձգեցին եղեգնապատ գետախորշում: Յասոնը երախտագիտության մաղթանք արեց աստվածներին և դիմեց Կողքիսի աստվածներին և մեռած հերոսների որդիներին, որ օգնեն իրեն այդ վտանգավոր գործում։ Խաղաղ քնով քնեցին հերոսները` «Արգոյի» վրա: Նրանք հասել էին իրենց նպատակին, արդեն Կողքիսում էին, Էյեթոս արքայի մայրաքաղաքի մոտ, բայց դեռ շատ վտանգներ էին սպասում նրանց։
ՀԵՐԱՆ ԵՎ ԱԹԵՆԱՍԸ ԱՓՐՈԴԻՏԵԻ ՄՈՏ
Երբ արգոնավորդները հասան Կողքիս, մեծ աստվածուհի Հերան և աստվածուհի Աթենասը խորհուրդ էին անում` բարձրաբերձ Օլիմպոսի վրա, թե ինչպես օգնեն Յասոնին՝ ձեռք բերելու ոսկեգեղմը: Վերջապես դիցուհիները վճռեցին գնալ սիրո աստվածուհու՝ Ափրոդիտեի մոտ և խնդրել, որ նա հրամայի իր որդուն՝ Էրոսին, ոսկե նետով խոցել Էյեթոսի դստեր՝ Մեդեայի սիրտը և սեր ներշնչել նրան դեպի Յասոնը: Գիտեին դիցուհիները, որ կախարդ Մեդեան միայն կարող է օգնել Յասոնին՝ վտանգներով լեցուն սխրանքի ժամին:
Երբ երկու աստվածուհիները եկան Ափրոդիտեի մոտ, նա տանը մենակ էր. նստած էր իր փառահեղ ոսկե գահին և ոսկե սանրով սանրում էր իր փարթամ գանգուրները: Ափրոդիտեն` տեսավ ներս մտնող դիցուհիներին, նրանց ընդառաջ գնաց և սիրալիր ողջույն տվեց: Աստվածուհիներին նստեցնելով Հեփեստոսի շինած ոսկե նստարանին, սիրո աստվածուհին հարցրեց նրանց այցելության պատճառը: Դիցուհիները պատմեցին, թե ինչպես են ուզում օգնել Յասոնին և խնդրեցին Ափրոդիտեին, որ պատվիրի Էրոսին խոցել Մեդեայի սիրտը: Համաձայնեց Ափրոդիտեն: Հրաժեշտ տվին աստվածուհիները Ափրոդիտեին, և նա գնաց փնտրելու իր չարաճճի որդուն: Էրոսն այդ ժամանակ վեգ էր խաղում Գանիմեդեսի հետ։ Տարել էր խաղի մեջ Էրոսը պարզամիտ Գանիմեդեսին և բարձրաձայն ծիծաղում էր նրա վրա: Այդ պահին նրանց մոտեցավ Ափրոդիտեն: Նա գրկեց իր որդուն և ասաց.
- Ականջ դիր, չարաճճի՛: Քեզ մի գործ եմ ուզում հանձնարարել: Շուտ վերցրո՛ւ քո աղեղն ու նետերը և թռիր երկիր: Այնտեղ, Կողքիսում, խոցիր Էյեթոսի դստեր՝ Մեդեայի սիրտը, թող նա սիրի հերոս Յասոնին: Եթե ի կատար ածես դա, ես քեզ կնվիրեմ այն խաղալիքը, որ Ադրաստեան շինել էր փոքրիկ Զևսի համար: Միայն թե իսկույն թռիր, դա հարկավոր է շո՛ւտ անել։
Էրոսը մորը խնդրեց խաղալիքը տալ հենց հիմա, բայց մայրը ճանաչում էր խորամանկ որդուն, չհամաձայնեց տալ խաղալիքը, մինչև չկատարի հանձնարարությունը: Համոզվելով, որ ոչինչ չի ստանա մորից, մինչև որ չկատարի նրա հանձնարարությունը, Էրոսը վերցրեց աղեղն ու նետերը և արևի շողերի տակ փայլեցնելով իր ոսկեղեն թևերը, բարձրաբերձ Օլիմպոսից սլացավ դեպի Կողքիս:
ՅԱՍՈՆԸ ԷՅԵԹՈՍԻ ՄՈՏ
Առավոտ վաղ արթնացան արգոնավորդները: Խորհուրդ արին նրանք ու վճռեցին, որ Յասոնը Փրիքսոսի որդիների հետ պիտի գնա Էյեթոսի մոտ և խնդրի, որ արգոնավորդներին տա ոսկեգեղմը, իսկ եթե մերժի գոռոզ արքան, այն ժամանակ միայն պիտի դիմել ուժի:
Խաղաղության ցուպը ձեռքին Յասոնը ճանապարհվեց դեպի Էյեթոսի պալատը: Անթափանց ամպերով ծածկեց Յասոնին և նրա ուղեկիցներին Հերա դիցուհին, որ չվիրավորեն հերոսներին Կողքիսի բնակիչները: Երբ հերոսները մոտեցան պալատին, ամպերը ցրվեցին և նրանք տեսան Էյեթոսի պալատը: Փառահեղ մի ապարանք էր դա Բարձր պատեր և բազմաթիվ երկնասլաց աշտարակներ ուներ նա: Մարմարազարդ լայն դարպասները տանում էին պալատ: Ճերմակ սյունաշարերը փայլփլում էին արևի տակ՝ սյունազարդ մի նախասրահ կազմելով:
Այն ամենը, ինչ կար Էյեթոսի պալատում, նրա ապարանքի շքեղ կահույքը շինել էր Հեփեստոսը իբրև երախտագիտություն Էյեթոսի հորը՝ արևի աստված Հելիոսին, որը իր ոսկեղեն կառքով Փլեգրեյան դաշտից փախցրել էր գիգանտների հետ ունեցած կռվում ուժասպառ եղած Հեփեստոսին: Արքունիքը շրջապատված էր բազմաթիվ ապարանքներով: Ամենափառահեղ ապարանքում ապրում էր Էլեթոսն իր կնոջ հետ, մյուսում՝ նրա որդին՝ Աբսիրտոսը: Կողքիսցիները Աբսիրտոսին գեղեցկության պատճառով կոչում էին Փաեթոն (շողշողուն): Մյուս ապարանքում ապրում էին Էյեթոսի աղջիկները՝ Քալկիոպեն, հանգուցյալ Փրիքսոսի կինը և Էյեթոսի կրտսեր դուստրը՝ Հեկատե աստվածուհուն սպասարկող ամենազոր կախարդ Մեդեան:
Երբ Յասոնն իր ուղեկիցների հետ Էյեթոսի պալատի բակը մտավ, իր ապարանքից դուրս եկավ Մեդիան: Նա գնում էր Քալկիոպեին այցելության: Զարմանքից ճչաց Մեդեան, տեսնելով օտարերկրացիներին: Նրա ձայնի վրա դուրս եկավ Քալկիոպեին և տեսավ իր որդիներին: Նրանց վերադարձով ուրախացած՝ Քալկիոպեն մոտ վազեց տղաներին: Նա գրկում, համբուրում էր իր զավակներին, որոնց տեսնելու հույս չուներ այլևս Աղմուկի վրա դուրս եկավ Էյեթոսը: Նա պալատ հրավիրեց օտարերկրացիներին, և սպասավորներին կարգադրեց ճոխ խնջույքի պատրաստություն տեսնել: Երբ Յասոնը ողջույններ էր փոխանակում Էյեթոսի հետ, բարձրաբերձ Օլիմպոսից իր ոսկե թևերով ցած սուրաց Էրոսը Սյան հետևը թաքնված, պրկեց իր աղեղի լարը և հանեց ոսկեձույլ նետը: Հետո բոլորին անտեսանելի, կանգնեց Յասոնի հետևում և բաց թողեց նետը ուղիղ դեպի Մեդեայի սիրտը: Խոցեց նրա սիրտը նետը, և նա անմիջապես սիրեց Յասոնին:
Յասոնն իր ուղեկիցների հետ մտավ Էյեթոսի պալատը: Այն. տեղ Կողքիսի արքան հրավիրեց նրանց թեք ընկնել խնջույքի սեղանի մոտ: Խնջույքի ժամանակ Արգոսը Էյեթոսին պատմեց, թե ինչպես են նավաբեկության մատնվել ինքն ու եղբայրները, ինչ-պես են կատաղի ալիքները Արետիաս կղզին գցել նրանց և թե ինչպես են արգոնավորդները գտել իրենց՝ սովամահ եղողներին: Արգոսն ասաց նաև, թե ինչու են Յասոնը և մյուս հերոսները եկել Կողքիս։ Հենց որ Էյեթոսն իմացավ, որ Յասոնն ուզում է ձեռք բերել ոսկեգեղմը, զայրույթից փայլատակեցին նրա աչքերը և նա ահեղորեն կիտեց հոնքերը: Չէր հավատում Էյեթոսը, թե ոսկեգեղմի համար են նավել ու այդտեղ հասել հերոսները։ - Արդյոք ողջ Կողքիսի իշխանությանը տիրելու չե՞ն եկել Փրիքսոսի որդիները, և դրա համար չե՞ն բերել հույն հերոսներին, - մտածում էր նա Էյեթոսը հանդիմանություններ է թափում Յասոնի վրա, նա ուզում է վռնդել նրան արքունիքից, սպառնում մահապատժով: Արդեն պատրաստվում էր ցասումնալից խոսքերով պատասխանել Տելամոնը արքայի սպառնալիքներին, բայց Յասոնը կասեցրեց նրան: Նա ջանում էր հանգստացնել Էյեթոսին, համոզում էր նրան, որ միայն ոսկեգեղմի համար են եկել Կողքիս, և խոստանում էր արքային ամեն տեսակի ծառայություն, ի կատար ածել կամեցած հանձնարարությունը, միայն թե իբրև պարգև արքան իրեն տա ոսկեգեղմը: Միտք արեց` Էյեթոսը: Վերջապես, վճռելով կործանել Յասոնին, ասաց.
- Լա՛վ, դու կստանաս գեղմը, միայն թե նախ կատարիր հետևյալ հանձնարարությունը. վարիր Արեսին նվիրաբերած դաշտը իմ երկաթե գութանով, իսկ գութանին լծիր պղնձոտն, հրաշունչ ցուլերին. այդ դաշտում վիշապի ժանիքներ ցանիր, և երբ այդ վիշապի ժանիքներից դուրս կգան զրահակուռ ռազմիկներ, կռվիր և ջարդիր նրանց: Եթե կատարես այդ՝ քո՛նը կլինի գեղմը:
Յասոնը հապաղեց պատասխան տալ Էյեթոսին. վերջապես այսպես խոսեց.
- Համաձա՛յն եմ, Էյեթոս, բայց դո՛ւ էլ կատարիր տվածդ խոստումը: Գիտես, որ ես չեմ կարող հրաժարվել տվածդ գործը կատարելուց, քանի որ կամոքն ճակատագրի եկել եմ այստեղ, Կողքիս։
Ասաց ու հեռացավ Յասոնը՝ իր ուղեկիցների հետ։
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԵԴԵԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
Երբ Յասոնը վերադարձավ «Արգո» նավը, պատմեց ընկերներին Էյեթոսի պալատում տեղի ունեցածի մասին և ասաց, թե ի՛նչ հանձնարարություն է տվել արքան: Մտքի մեջ ընկան արգոնավորդները: Ի՞նչ անել, ինչպե՞ս իրագործել Էյեթոսի հանձնարարությունը: Վերջապես Արգոսն ասաց.
- Բարեկամնե՛ր, Էյեթոսի պալատում է ապրում նրա դուստրը՝ Մեդեան: Նա հզոր կախարդ է, և միայն նա կարող է օգնել մեզ: Ես կգնամ մորս խնդրելու, որ համոզի Մեդեային օգնել ձեզ: Եթե օգնի Մեդեան, ապա ոչ մի վտանգ սարսափելի չէ մեզ համար:
Խոսեց Արգոսը թե չէ՝ «Արգոյի» վերևում սլացավ մի աղավնի, որին հետապնդում էր ուրուրը: Աղավնին թռավ Յասոնի մոտ և թաքնվեց նրա թիկնոցի ծալքերում, իսկ ուրուրն ընկավ «Արգոյի» վրա։
- Սա երջանիկ վախճանի կանխանշանն է աստվածների, - բացականչեց իմաստուն Մոփսոսը, - իրենք աստվածներն են հրամայում դիմել Մեդեայի օգնությանը: Տեսե՛ք, Ափրոդիտեին նվիրաբերած թռչունը փրկություն գտավ Յասոնի կրծքի վրա: Մտաբերեցեք, թե ի՜նչ էր ասում Փինևսը: Մի՞թե մեզ խորհուրդ չէր տալիս, որ դիմենք Ափրոդիտեի օգնությանը: Դե, աղերսեցե՛ք դիցուհուն, նա կօգնի մեզ: Թող Արգոսը փութա մոր մոտ, և նա կհամոզի Մեդեային, որ մեզ օգնություն ցույց տա։
Լսեցին իմաստուն Մոփսոսին արգոնավորդները: Զոհ մատուցեցին Ափրոդիտեին, և Արգոսն շտապեց դեպի Էյեթոսի պալատը՝ մոր մոտ։
Այդ միջոցին Էյեթոսը հրապարակում հավաքել էր բոլոր կողքիսցիներին: Նա ասաց ժողովրդին օտարերկրացիների գալստյան մասին և կարգադրեց հսկել «Արգոյին», որ արգոնավորդներից ոչ ոք չազատվի փախուստով: Էյեթոսը վճռել էր այրել «Արգոն» հերոսներով հանդերձ, երբ Յասոնն արդեն զոհված կլիներ Արեսին նվիրաբերած դաշտում. իսկ Փրիքսոսի որդիներին վճռել էր տանջալից պատժի ենթարկել:
Վրա հասավ գիշերը: Խոր քուն մտավ Էյեթոսի մայրաքաղաքը: Ամենուրեք անդորրն էր թագավորում: Միայն Մեդիան է անհանգիստ։ Նրա գլխավերևում իրար հետևից սահում են երազները, մեկը մյուսից տագնապալի։ Մերթ տեսնում է Մեդեան, թե Յասոնը մարտնչում է ցուլերի հետ, իսկ հերոսի հաղթանակի պարգևը ինքն է՝ Մեդեան: Մերթ էլ տեսնում է, թե ինքն է կռվի բռնվել հրաշունչ ցուլերի հետ և հեշտությամբ հաղթում է նրանց: Մերթ էլ տեսնում է, թե ինչպես ծնողները հրաժարվում են իրեն կնության տալ Յասոնին` չէ՞ որ Յասոնը չի հաղթել ցուլերին։ Վեճ է բռնկում Յասոնի և Էյեթոսի միջև, և Մեդեան պիտի լուծի այդ վեճը: Իսկ երբ նա այդ վեճը լուծում է հօգուտ Յասոնի, ապա զայրանում է հայրը և ահեղորեն սաստում իրեն: Արցունքն աչքերին արթնացավ Մեդեան. ուզում էր վազել Քալկիոպեի մոտ, բայց ամաչում էր: Երեք անգամ բռնեց դռան բռնակը, բայց ամեն անգամ էլ ետ դարձավ: Ընկավ Մեդեան իր մահճի վրա և հեկեկաց։ Մեդեայի ստրուկներից մեկը լսեց այդ հեկեկանքը և հայտնեց Քալկիոպեին։ Քալկիոպեն շտապեց քրոջ մոտ և տեսավ, որ իր մահճում պառկած հեծկլտում է նա:
- Օ, քույր իմ, - ասաց Քալկիոպեն, - այդ ինչո՞ւ ես լալիս։ Իմ զավակների բախտի համար չե՞ս արցունք թափում արդյոք։ Չե՞ս լսել, արդյոք, որ նրանց ուզում է կործանել մեր Հայրը:
Ոչինչ չասաց Մեդեան ի պատասխան Քալկիոպեին, չէ՞ որ նրա զավակների համար չէր լալիս ինքը, բայց, վերջապես, ասաց.
- Չարագուշակ երազներ եմ տեսել, քույր իմ: Մահ է սպառնում քո որդիներին և օտարերկրացուն, որի հետ նրանք վերադարձել են: Օ՜, եթե աստվածներն ինձ ուժ տային նրանց օգնելու։
Սարսափից ցնցվեց Քալկիոպեն, լսելով Մեդեայի խոսքերը, և գրկելով նրան, աղերսեց օգնել նրանց: Քալկիոպեն գիտեր, որ Մեդեան կարող է իր կախարդանքով օգնել Յասոնին: Եվ ասաց Մեդեան Քալկիոպեին.
- Լսի՛ր, քույր իմ, ես կօգնեմ օտարերկրացուն: Թող նա լուսադեմին գա Հեկատեի տաճարը և ես նրան կտամ մի թալիսման, որ կօգնի նրան սխրանքը գործելիս: Միայն թե խոստացիր գաղտնի պահել այս բոլորը, ապա թե ոչ մեզ բոլորիս կկործանի հայրս։
Գնաց Քալկիոպեն: Մեդեան մնաց մենակ: Իրարամերժ երկու զգացմունք էին կռվում նրա մեջ: Նա մերթ վախենում էր դեմ գնալ հոր կամքին, մերթ էլ՝ վճռում օգնել Յասոնին, որին այնպես սիրում էր: Նա նույնիսկ ուզում էր անձնասպան լինել՝ թույն ընդունելով: Մեդեան արդեն ձեռքն էր առել թույնի տուփը, բաց արել այն, բայց աստվածուհի Հերան նրան ապրելու անզուսպ ցանկություն ներշնչեց: Հեռու վանեց Մեդեան թույնի տուփը, մոռացավ իր բոլոր կասկածները. միայն Յասոնի մասին էր մտորում նա և վճռեց օգնել նրան:
Հենց որ արշալույսը բացվեց, և վաղորդյան լույսով ողողվեցին Կովկաս լեռան հեռավոր ձյունապատ գագաթները, Արգոսը եկավ արգոնավորդների մոտ և հաղորդեց, որ Մեդեան խոստացել է օգնել Յասոնին և խնդրել, որ գնա Հեկատեի տաճարը: Երբ արևը դուրս եկավ, Յասոնը Արգոսի և իմաստուն գուշակ Մոփսոսի հետ գնաց դեպի Հեկատեի տաճարը: Հերա դիցուհին այնքան էր գեղեցկացրել Յասոնին, որ նրա տեսքով նույնիսկ արգոնավորդներն էին հիանում:
Իսկ Մեդեան առավոտը վաղ արթնացավ և, վերցնելով կախարդական յուղերով լի տուփը, նրա միջից հանեց մի յուղ, որ կոչվում էր «Պրոմեթևսի յուղ»: Դա պատրաստված էր Պրոմեթևսի արյունից աճած բույսերի արմատների հյութից: Նա, ով իր մարմնին էր քսում այդ յուղը, դառնում էր անկիզելի և անխոցելի՝ երկաթի ու պղնձի հանդեպ: Անհաղթահարելի ուժ էր ձեռք բերում նա և մի օրվա ընթացքում անպարտելի էր լինում։ Մեդեան հենց այդ յուղը պիտի տար Յասոնին: Կանչեց Մեդեան իր ստրկուհիներին և մեկնեց Հեկատեի տաճարը: Նրա սիրտը լի էր բերկրանքով, նա մոռացել էր իր բոլոր տագնապները և մտածում էր միայն Յասոնի հետ տեսակցելու մասին:
Ահա և Հեկատեի տաճարը: Ներս մտավ Մեդեան: Յասոնը դեռ չէր եկել: Շուտով եկավ և Յասոնը: Նայեց նրան Մեդեան և սիրտը ուժգին տրոփեց կրծքի տակ: Մեդեան անկարող է մի խոսք իսկ արտասանել:
Երկար կանգնել էին լուռ Յասոնն ու Մեդեան: Վերջապես լռությունը խախտեց հերոսը: Առավ Մեդեայի ձեռքը և ասաց.
- Գեղուհի, ինչո՞ւ ես խոնարհել հայացքդ: Ինչո՞ւ ես վախենում ինձնից: Մի՞թե կարծում ես, որ ես չար դիտավորություն ունեմ: Ո՛չ, ես չար նպատակով չեմ եկել այստեղ: Ես եկել եմ օգնությո՛ւն հայցելու քեզնից: Միայն, աղաչում եմ, ասա՛ ճշմարիտը. հիշի՛ր, որ խաբեությունը չի հանդուրժի Հեկատեն իր սրբավայրում, չի հանդուրժի նաև Զևսը՝ բոլոր օգնություն աղերսողների պաշտպանը: Ասա, կօգնե՞ս ինձ: Եթե օգնես ինձ, ապա քո անունը կհռչակեն բովանդակ Հունաստանում ինձ հետ Կողքիս եկած հերոսները: Հիշի՛ր, թե ի՞նչ փառավոր անուն ունի Մինոսի դուստր Արիադնեն, որ օգնեց Թեսևսին:
Լուռ էր Մեդեան. միայն սիրատոչոր հայացքով նայում էր Յասոնին: Չքնաղ էր նա իր շփոթության մեջ: Դողացող ձեռքերով հանեց նա գոտու տակից իր պատրաստած յուղը և տվեց Յասոնին: Հազիվ լսելի՝ շշնջաց Մեդեան.
- Լսի՛ր, Յասոն, ահա թե ո՛րը կլինի իմ օգնությունը. գիշերը սև զգեստներ հագած լողացիր գետում, ափին մի փոքր փոս փորիր և նրա վրա Հեկատեին զոհաբերիր մի սև խոյ՝ վրան մեղր լցնելով: Հետո վերադարձիր քո նավը, բայց տես՝ ետ չնայես։ Դու ձայներ և շան կատաղի հաչոց կլսես, բայց դու ուղիղ գնա ու մի վախենա: Առավոտյան օծիր մարմինդ, նիզակդ, վահանդ ու սուսերդ այդ յուղով: Անպարտելի ուժ կտա քեզ յուղը և կկատարես Էյեթոսի հանձնարարությունը: Հիշիր միայն. հենց որ գետնից դուրս կգան ռազմիկները, նրանց վրա քար նետիր և երբ կսկսեն կռվել իրար դեմ՝ հարձակվի՛ր նրանց վրա: Վերցրու յուղը, սրա օգնությամբ դու ձեռք կբերես գեղմը: Ձեռք բեր, և տար ուր ուզում ես:
Լռեց Մեդեան: Յասոնից բաժանվելու միտքը թախիծով էր մշուշել նրա աչքերը: Գլուխը հակած՝ կանգնել էր Մեդիան վշտահար, և, վերջապես, ասաց նա.
- Կմեկնես քո հայրենիքը, Յասո՛ն, բայց ինձ չմոռանա՛ս, գեթ երբե՛մն մտաբերիր Մեդեային. չէ՞ որ ե՛ս եմ փրկում քեզ:
Հարցրեց Մեդեան, թե որտեղից է սերում Յասոնը: Յասոնը պատմեց Յոլքոսի և այն ծաղկուն հովտի մասին, ուր գտնվում է քաղաքը: Նա խնդրում է Մեդեային իր հետ Հունաստան գնալ: Մեծամեծ հարգ ու պատիվ է խոստանում, ասում է, որ Յոլքոսում աստվածուհու նման կմեծարեն նրան:
- Օ՜, եթե Էյեթոսը համաձայնի բարեկամության դաշն կապել ինձ հետ, - բացականչեց Յասոնը, - Օ՜, թե թողներ ինձ հետ իմ հայրենիքը տանել քեզ:
- Ո՛չ, չի լինի դա, - վշտալից հառաչանքով ասաց Մեդեան, - դաժան ու անողոք է իմ հայրը: Մենակ վերադարձիր հայրենիք, միայն թե մի մոռանա ինձ: Օ՜, որքան ուրախ կլինեի ես, եթե մոլեգին քամին իր թևերի վրա Յոլքոս տաներ ինձ, որ ես կարողանայի հիշեցնել քեզ իմ մասին, երբ դու մոռացության մատնես ինձ, մոռանաս, որ ե՛ս եմ եղել քո փրկարարը:
Մեդեայի աչքերը լցվեցին արցունքով: Նայում է նրան Յասոնը և սիրով համակվում դեպի Մեդեան: Նա աղերսում է Մեդեային գաղտնաբար լքել հոր տունը և իր հետ Յոլքոս փախչել: Մեդեան պատրաստ է լքել Կողքիսը: Յասոնից անջատվելը վախեցնում է նրան, երկյուղ է կրում, որ չդիմանա այդ անջատմանը: Լալիս է Մեդեան Յասոնից բաժանվելու մտքից: Հերան Յասոնին ամենուրեք՝ հետևելու ցանկություն ներշնչեց նրան: Աստվածուհին կամենում է, որ Մեդեան գնա Յոլքոս. այնտեղ, նրա օգնությամբ Հերան ուզում է կործանել իրեն ատելի Պելիասին:
Հրաժեշտ տվեց Մեդեան Յասոնին. և խոստացավ նորից գալ Հեկատեի տաճարը, որ նորից հանդիպի նրան ու վճռեն, թե ի՜նչ պիտի անեն:
Ուրախ սրտով տուն էր վերադառնում Մեդեան իր երկանվով. գիտեր, որ Յասոնը սիրում է իրեն:
ՅԱՍՈՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԷՅԵԹՈՍԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրա հասավ գիշերը: Սև զգեստներ հագնելով, Յասոնը գնաց Փասիս գետի ափը և գիշերվա կեսին լողացավ նրա արագահոս ալիքներում: Հետո մի խոր փոս փորեց և, ինչպես Մեդեան էր պատվիրել, նրա վրա զոհ մատուցեց Հեկատեին: Հենց որ զոհը մատուցեց, գետինը ցնցվեց և հայտնվեց մեծն Հեկատեն՝ մխացող ջահերը ձեռքին: Սոսկալի հրեշները և բերանից հուր ժայթքող վիշապները շրջապատել էին Հեկատեին, հաչում ու կաղկանձում էին նրա շուրջը դժոխքի սոսկալի շները: Շրջապատում եղած ոգիները բարձրաձայն ճիչով հեռու փախան՝ տեսնելով Հեկատեին: Սարսափը տիրեց Յասոնին, բայց մտաբերելով Մեդեայի խոսքերը, նա առանց շուռ գալու գնաց դեպի «Արգոն», ուր նրան սպասում էին ընկերները:
Հենց որ լույսը բացվեց՝ արգոնավորդները Տելամոնին և Մելեագրոսին ուղարկեցին Էյեթոսի մոտ՝ վիշապի ժանիքները բերելու: Էյեթոսը նրանց տվեց Կադմոսի սպանած վիշապի ժանիքները և պատրաստվեց Արեսի դաշտը մեկնելու, որ տեսնի, թե Յասոնը ինչպես կկատարի իր հանձնարարությունը: Էյեթոսը հագավ իր զրահները, գլուխը ծածկեց արևի պես շողացող սաղավարտով, ձեռքն առավ նիզակն ու վահանը, որոնք ծանրությամբ միայն Հերակլեսին կհարմարեին, և նստեց երկանիվը, որ վարում էր որդին՝ Աբսիրտոսը: Արգոնավորդները ևս պատրաստվեցին Արեսի դաշտը մեկնելու:
Յասոնը կախարդական յուղով օծեց նիզակը, սուսերն ու վահանը, ապա նույն յուղով օծվեց և ինքը: Այդ պահին ահավոր մի ուժ զգաց իր մարմնում։ Մկանունքը կարծես պողպատից լինեին, մարմինը՝ երկաթակոփ: Երբ արգոնավորդները իրենց ճեպընթաց «Արգո» նավով եկան դեպի Արեսի դաշտը, Էյեթոսն արդեն սպասում էր նրանց, իսկ դաշտի շուրջը, լեռնալանջերին, հավաքվել էին կողքիսցիները: Յասոնն ափ իջավ՝ իր զրահները ճաճանչափայլ աստղի նման փայլեցնելով: Դաշտ դուրս գալով՝ այնտեղ գտավ երկաթե գութանը և պղնձե լուծը, վահանով պատսպարված՝ գնաց փնտրելու կրակ ժայթքող ցուլերին: Հանկարծ կիրճից դուրս վազեցին երկու ցուլ և կատաղի մռնչոցով հարձակվեցին հերոսի վրա: Կրակ էր ժայթքում նրանց երախներից: Վահանով սատարված՝ հերոսն սպասում էր նրանց: Ահա վրա վազեցին սոսկալի թափով` եղջյուրներով հարվածեցին հերոսի Վահանին: Ոչ ոք չէր դիմանա այդ հարվածին, բայց անսասան ժայռի նման կանգնած մնաց Յասոնը: Նորից ու նորից են կատաղի մռնչոցով հարձակվում ցուլերը՝ փոշու ամպեր բարձրացնելով։ Մեկին, ապա և մյուսին իր հզոր ձեռքերով բռնեց Յասոնը և մոտեցրեց գութանին: Ցուլերն աշխատում են դուրս պրծնել, կիզում են Յասոնին հրով, բայց նա անվնաս է մնում: Եվ չեն կարող դուրս պրծնել նրա ձեռքից կատաղի ցուլերը, Կաստորի և Պոլիդևքսի օգնությամբ Յասոնը գութանին լծեց նրանց: Նիզակով քշելով նրանց, Յասոնը վարեց Արեսի ողջ ռազմադաշտը և ցանեց վիշապի ժանիքները: Վարուցանքը վերջացնելուց հետո լծից հանեց ցուլերին, սպառնալից գոռաց նրանց վրա և խփեց իր նիզակով։ Խելացնոր սուրացին ցուլերը և անհետացան խոր կիրճում: Աշխատանքի առաջին կեսն արված էր, այժմ հարկավոր էր սպասել, թե ռազմիկները երբ դուրս կգան ռազմադաշտ: Փասիսի ափը գնաց Յասոնը, սաղավարտով ջուր առավ գետից և հագեցրեց ծարավը:
Բայց երկար չտևեց Յասոնի հանգիստը: Ահա դաշտում երևաց նիզակի սուր ծայրը, ապա հաջորդը, էլի և էլի. ամբողջ դաշտն ասես պատել էր պղնձե թեփուկներով: Կարծես շարժվեց հողը և նրա տակից երևացին ռազմիկների սաղավարտներն ու գլուխները: Ահա ամբողջ դաշտը լցվեց փայլուն զրահավոր ռազմիկներով. Մտաբերելով Մեդեայի խոսքերը, Յասոնը մի հսկայական քար առավ ձեռքը, չորս ամենաուժեղ հերոսներ միասին շարժել չէին կարող այդ քարը, բայց Յասոնը մի ձեռքով բարձրացրեց և նետեց հեռու, դեպի վիշապի ժանիքներից ծնված ռազմիկների խումբը: Հափշտակեցին զենքերը ռազմիկները և արյունահեղ մի ճակատամարտ սկսվեց նրանց մեջ։ Սուրբ ձեռքին նրանց վրա հարձակվեց Յասոնը: Մեկը մյուսի հետևից խողխողեց նրանց, և շուտով ողջ դաշտը ծածկվեց սպանված ռազմիկներով. ոչ մեկը կենդանի չմնաց, բոլորն ընկան Յասոնի հզոր բազկից։
Ամբողջ դաշտը պատվեց նրանց մարմիններով, ինչպես սուր մանգաղից կտրված հասկերն են պատում բարեբեր հողը: Սխրագործությունն ավարտված էր: Ապշած նրան էր նայում Էյեթոսը, զարմանք կտրած նրա անմարդկային ուժից: Սպառնագին կիտեց հոնքերն արքան, ցասմամբ փայլեցին նրա աչքերը: Առանց մի բառ իսկ ասելու, նա իր երկանվով քաղաք սլացավ, մտածելով միայն մի բանի մասին՝ ինչպես կործանել զարմանալի օտարերկրացուն: Իսկ Յասոնը, վերադառնալով «Արգո» նավը, հանգիստ էր առնում իր սխրագործությունը` փառաբանող ընկերների շրջանում:
ՄԵԴԵԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՅԱՍՈՆԻՆ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՈՍԿԵԳԵՂՄԸ
Պալատ վերադառնալուն պես Էյեթոսը խորհրդի կանչեց Կողքիսի նշանավոր բնակիչներին։ Մինչև կեսգիշեր խորհրդակցում էր արքան նրանց հետ, թե ինչպես կործանեն արգոնավորդներին: Էյեթոսը կռահում էր, որ միայն Մեդեայի օգնությամբ կարող էր Յասոնը կատարել այդ սխրագործությունը: Զգում էր Մեդեան, որ մեծ վտանգ է սպառնում և՛ իրեն, և՛ Յասոնին: Նա հանգիստ չէր գտնում իր շքեղ ապարանքում: Քունը հեռու էր փախչում նրա աչքերից: Գիշերը վեր կացավ իր մահճից և անաղմուկ լքեց Էյեթոսի պալատը: Միայն իրեն հայտնի արահետներով գնում է դեպի Փասիսի ափը, այնտեղ, ուր բոցկլտում էր արգոնավորդների վառած պայծառ խարույկը: Մոտ գնալով խարույկին՝ կանչեց Յասոնին և Փրիքսոսի կրտսեր որդուն՝ Փրոնտիսին: Մեդեան ասաց Յասոնին, թե ինչ չարագուշակ մտքեր են տանջում իրեն, և համոզեց նրան գնալ գեղմը բերելու: Յասոնը հագավ զրահները և գնաց Արեսի սրբազան անտառը։ Շուրջն ամեն ինչ կորել էր խավարի մեջ, սրբազան ծառից կախված գեղմն էր միայն, որ անտառում շողշողում էր ոսկու պես: Երբ Մեդեան ու Յասոնը մտան անտառ, վեր կացավ տեղից հուր ժայթքող սոսկալի վիշապը: Մեդեան կանչեց քնի հզոր աստծուն՝ Հիպնոսին: Սարսափելի նզովքներ էր շշնջում նա և գետին սփռում կախարդական բույսեր: Գետին տապալվեց վիշապը, կրկին բարձրացրեց իր թուլացած գլուխը, բայց Մեդեան նրա վրա քնաբեր խոտեր ցանեց. փակվեց վիշապի երախը, փակվեցին հրափայլ աչքերը և քնով արբած, փռվեց նա այն ծառի տակ, որից կախված էր գեղմը: Յասոնը հանեց գեղմը և փութաց վերադառնալ «Արգո» նավը:
Զարմացած հավաքվել էին հերոսները Յասոնի ու Մեդեայի շուրջը և նայում էին ոսկեգեղմին: Բայց դանդաղելու ժամանակ չէր, հարկավոր էր լքել Կողքիսը, քանի դեռ Էյեթոսը չէր իմացել գեղմը հափշտակելու մասին: Կտրտեց Յասոնը «Արգոն» ափին կապող բոլոր պարանները, թիակներն առան հերոսները, և նետի նման սլացավ «Արգոն» Փասիս գետի հոսանքն ի վար՝ դեպի ծովը: Ահա և ծովը: Ամբողջ ուժով հերոսները ծովին են տալիս թիակները, և թռչնի նման սուրում է «Արգոն», ավելի ու ավելի հեռու է մնում Կողքիսը։
Առավոտը վաղ Էյեթոսն առավ գեղմը հափշտակելու լուրը և իմացավ, որ Մեդեան փախել է արգոնավորդների հետ միասին: Մոլեգնեց Էյեթոսը: Նա կողքիսցիներին ծովափ հավաքեց։ Բայց արդեն հեռու էր «Արգոն», էլ չէր երևում ծովի ալիքների վրա էյեթոսը կողքիացիներին հրամայեց հետապնդել նրանց: Մահվան սպառնալիք էր տալիս, եթե նրանք չհասնեին արգոնավորդներին: Կողքիսցիները ծով իջեցրին իրենց նավերը և Էյեթոսի որդու՝ Աբսիրտոսի գլխավորությամբ, սկսեցին հետապնդել արգոնավորդներին:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Երբ «Արգոն» բաց ծով դուրս եկավ, համընթաց քամի բարձրացավ: Հերոսները պարզեցին առագաստները և «Արգոն» սուրաց Էվքսինյան Պոնտոսի ալիքների վրայով։ Երեք օր նավեցին հերոսները: Վերջապես հեռվում երևացին Սկյութիայի ափերը։ Արգոնավորդները վճռեցին նավել Իստրոս գետի հոսանքն ի վեր, որպեսզի հետո, նրա գետաբազուկներից մեկով, իջնեն Ադրիատիկ ծովը (18): Երբ արգոնավորդները նավեցին դեպի Իստրոսի գետաբերանը, տեսան, որ ամբողջ գետաբերանը և կղզիները լեփ-լեցուն են կողքիսցիների զորքերով, որոնք իրենց նավերով եկել էին ամենակարճ ճանապարհով: Տեսնելով կողքիսցիների մեծաքանակ զորքերը, հերոսները համոզվեցին, որ անկարող են հաղթել նրանց. իրենք շատ փոքրաթիվ էին, որպեսզի հանդգնեին մարտի բռնվել հազարավոր զինավառ, ռազմատենչ կողքիսցիների հետ։ Արգոնավորդները վճռեցին խորամանկության դիմել: Նրանք բանակցություններ սկսեցին թշնամու բանակի առաջնորդ Աբսիրտոսի հետ և խոստացան Մեդեային բանտարկել տաճարում և նրանց ձեռքը տալ, եթե հարևան քաղաքի արքան վճռի, որ Մեդեան պետք է վերադառնա Կողքիս, իսկ ոսկեգեղմը պիտի մնա արգոնավորդների մոտ, քանի որ Յասոնը իրոք սխրագործություն է արել, որի համար էյեթոսը նրան խոստացել էր գեղմը։ Բայց բոլոր այդ բանակցությունները վարում էին միայն ժամանակ շահելու համար: Իսկ Մեդեան Յասոնին խոստացավ` Արսիրտոսին հրապուրել և բերել կղզիներից մեկի տաճարը:
Յասոնը Աբսիրտոսին` ուղարկեց, իբր Մեդեայի կողմից, հարուստ ընծաներ, և պատվիրեց խնդրել նրան, որ գա մեկուսի մի տաճար՝ Մեդեայի հետ տեսակցելու։ Աբսիրտոսը եկավ տաճար, բայց հենց որ երևաց դռներում, Յասոնը մերկացրած սրով հարձակվեց վրան, և Աբսիրտոսը անշնչացած գետին տապալվեց։ Սոսկալի ոճիր գործեցին Յասոնն ու Մեդեան. նրանք տաճարում սպանեցին անզեն Աբսիրտոսին: Աբսիրտոսի մարմինը կտոր-կտոր արեց Յասոնը և նետեց Իստրոսի ալիքների մեջ: Սոսկումը պատեց կողքիսցիներին, նրանք շտապեցին ի մի հավաքել իրենց առաջնորդի մարմնի մասերը, իսկ արգոնավորդները արագ նավեցին Իստրոսի հոսանքն ի վեր:
Երկար նավում էին արգոնավորդները: Վերջապես, Իստրոսի գետաբազուկներից մեկով, իջան Ադրիատիկ ծովը, Իլլիրիայի ափերի մոտ: Այնտեղ սոսկալի փոթորիկ բարձրացավ, Լեռնանում են փրփրաբաշ ալիքները: Քամիները շղթայազերծ սուրում են ծովի վրայով ու պոկում «Արգոյի» առագաստները: Տնքում է «Արգոն» ալիքների ճնշումից, ծռվում են նավակողերը, կոտրվում են թիակները զորեղ թիավարողների ձեռքին: Տաշեղի նման ճոճվում է «Արգոն» ալիքների վրա: Արգոնավորդներին կործանում էր սպառնում» Այդ ժամանակ մի ձայն հնչեց նավախելից: Ձայնը, որ հնչում էր «Արգոյի» նավախելին ամրացված Դոդոնայում աճած սրբազան կաղնու կտորից, հրամայում էր արգոնավորդներին գնալ կախարդ Կիրկեի մոտ, որպեսզի նա Յասոնին ու Մեդեային մաքրագործի Աբսիրտոսի սպանության պղծությունից: Հենց որ արգոնավորդները «Արգոն» դեպի հյուսիս ուղղեցին, փոթորիկը դադարեց և բոլորը հասկացան, որ դա աստվածների կամքն էր: Էրիդանոս և ապա Հռոդանոս (19) գետերով արգոնավորդներից իջան Տիրենյան ծովը, և երկար նավում էին, մինչև որ հասան Էյեթոսի քրոջ՝ Կիրկեի կախարդական կղզուն: Կիրկեն մաքրագործեց նրանց սպանության պղծությունից: Նա զոհ մատուցեց Զևսին, որ մաքրագործում էր սպանության ապականությունից, Յասոնի ձեռքերը թրջեց զոհի արյամբ և զոհասեղանի մոտ հմայեց Էրինիներին, որ իրենց զայրույթով չհետապնդեն մարդասպաններին: Կիրկեն չհրաժարվեց Մեդեային սոսկալի չարագործությունից մաքրագործել, քանի որ նրա աչքերի փայլից կռահեց կախարդուհին, որ Մեդեան, ինչպես և ինքը, ծագում է արևի աստծուց՝ Հելիոսից:
Արգոնավորդները շարունակեցին իրենց ճանապարհը: Նրանք ստիպված էին դեռ շատ դժվարություններ հաղթահարել: Նրանք նավեցին Սկիլլայի ու Քարիբդիսի միջով, ուր նրանց անխուսափելի մահ էր սպառնում, եթե չլիներ մեծն Հերան: Նավեցին նաև Սիրենների կղզու ափով և լսեցին նրանց հրապուրիչ երգը, որ անդիմադրելի ուժով ձգում էր նրանց սիրենների մոտ: Բայց երգիչ Օրփեոսը խփեց իր ոսկե կիթառի լարերին, և նրա երգը հաղթեց սիրենների երգի թովչանքը: Վերջապես արգոնավորդները հասան Պլանկտե նեղուցին, որի վրա կամարաձև բարձրանում էին հսկայական ժայռեր։ Ծովը մոլեգնում էր ժայռերի մեջ, սոսկալի հորձանուտի մեջ պտույտ էին գալիս ալիքները, որ երբեմն հասնում էին մինչև կամարի գագաթը: Նույնիսկ Զևսին ամբրոսիա (20) տանող աղավնիները անվնաս չէին անցնում այդ կամարից և ամեն օր նրանցից մեկը ոչնչանում էր: Բայց այս անգամ էլ Հերան օգնեց արգոնավորդներին նա խնդրեց Ամփիտրիտեին զսպել Պլանկտեի ալիքները, և արգոնավորդները անվնաս խույս տվին նրանցից:
Երկար ճանապարհ կտրելուց հետո արգոնավորդները հասան Փեակցիների կղզին։ Այնտեղ նրանց սրտաբաց ընդունեց Ալքինոոս արքան: Ճանապարհի վտանգներից կարող էին հանգստանալ արգոնավորդները, բայց երկու օր էլ չէին մնացել փեակների մոտ, երբ կղզու մոտ հայտնվեց կողքիսցիների նավատորմը. նրանք պահանջեցին իրենց հանձնել Մեդեային։ Արյունահեղ մարտ կսկսվեր, եթե Ալքինոոսը չբաժաներ թշնամիներին իրարից: Ալքինոոսը վճռեց, որ Մեդեային պիտի վերադարձնել կողքիսցիներին, եթե նա Յասոնի կինը չէ։ Գիշերը Ալքինոոսի կինը՝ Արետեն, բանբեր ուղարկեց Յասոնի մոտ, որպեսզի հայտնի նրան Ալքինոոսի վճիռը: Հենց նույն գիշերը Յասոնն ու Մեդեան պսակադրության արարողություն կատարեցին, և հաջորդ օրը Յասոնը հավաքված փեակցիների և կողքիսցիների առաջ հանդիսավոր երդում տվեց, որ Մեդեան իր կինն է: Այդ ժամանակ Ալքինոոսը վճռեց, որ Մեդեան պիտի մնա ամուսնու հետ, և կողքիսցիները ստիպված եղան Էյեթոսի մոտ վերադառնալ առանց Մեդեայի։
Հյուրասեր փեակցիների մոտ հանգստանալուց հետո արգոնավորդները նորից ճանապարհ ընկան: Երկար նավեցին անվթար։ Ահա ծովի կապույտ հեռաստանում երևում են արդեն Պելոպոնեսի ափերը: Հանկարծ սոսկալի մրրիկ բարձրացավ և քշեց տարավ «Արգոն»: Երկար քշում էր մրրիկը «Արգոն» անծայրածիր ծովի միջով: Եվ, վերջապես, նավը նետեց մի ամայի ափ, «Արգոն» խոր նստեց ծովածոցի տիղմում, որ ամբողջովին ծածկված էր ջրիմուռներով: Հուսահատությունը տիրեց արգոնավորդներին: Ղեկապետ Լինքեոսը, Հունաստան վերադառնալու հույսը կորցրած, գլուխը վար` հակած, նստել էր նավախելին: Արգոնավորդները տխուր-տրտում թափառում էին՝ ափին, կարծես կորցրել էին բոլոր ուժերն ու արիությունը: Բոլորն առերես տեսնում էին իրենց կործանումը: Յասոնին օգնության հասան հավերժահարսները: Նրանք հայտնեցին Յասոնին, որ մրրիկը «Արգոն» հասցրել է Լիբիա (21) և որ արգոնավորդները իրենց ուսերին առած «Արգոն» պիտի անցկացնեն Լիբիական անապատով՝ նավը տիղմից հանելով այն ժամանակ միայն, երբ Ամփիտրիտեն արձակի կառքի ձիերը: Բայց ե՞րբ կարձակեր Ամփիտրիտեն իր կառքի ձիերը՝ չգիտեին արգոնավորդները: Հանկարծ տեսան նրանք, որ ծովից դուրս վազեց մի ձյունաճերմակ ձի և արագ սլացավ անապատով: Հասկացան արգոնավորդները, որ դա Ամփիտրիտեի ձին է: Ուսերին առան «Արգոն» և տասներկու օր տարան անապատով, տառապելով տապից ու ծարավից։ Վերջապես նրանք հասան Հեսպերիդների երկիրը: Այնտեղ Հեսպերիդները ցույց տվին այն աղբյուրը, որ Հերակլեսը` բխեցրել էր ժայռից: Հերոսները հագեցրին իրենց ծարավը, ջրի պաշարը վերցրին և ճանապարհ ընկան դեպի հայրենիք: Բայց արգոնավորդները ոչ մի կերպ չէին կարողանում ելք գտնել դեպի ծով: Նրանք գտնվում էին ոչ թե ծովում, այլ Տրիտոն լճում: Օրփեոսի խորհրդով նրանք` եռոտանի նվիրաբերեցին լճի աստծուն: Արգոնավորդների առաջ հայտնվեց մի սքանչելի պատանի: Նա հերոս Էվփեմոսին հողի մի գունդ տվեց, իբրև հյուրընկալության նշան, և արգոնավորդներին ցույց տվեց ելքը դեպի ծով: Արգոնավորդները մի ոչխար զոհաբերեցին: «Արգոյի» առաջ հայտնվեց ինքը՝ Տրիտոն աստվածը և «Արգոն» Սպիտակ ժայռերի մոտով ու ջրապտույտի միջով անցկացրեց և բաց ծով դուրս բերեց: Տրիտոն կղզուց արգոնավորդները նավելով հասան Կրետե կղզին և ուզում էին ջրի պաշար վերցնել հետագա նավարկության համար: Բայց նրանց Կրետեի ափը չթողեց պղնձե Հսկա Տալոսը, որին ինքը՝ ամպրոպային Զևսն էր նվիրել Մինոսին: Տալոսը շրջում էր ողջ կղզին և պահպանում Մինոսի տիրապետությունը: Բայց Մեդեան իր կախարդանքով քնեցրեց Տալոսին: Տալոսը գետին տապալվեց, և վայր ընկավ պղնձե մեխը, որ պահում էր Տալոսի միակ արյունատար երակը. հալված կապարի նման հոսեց Տալոսի արյունը, և մեռավ հսկան: Այժմ արդեն արգոնավորդները անարգել կարող էին ափ դուրս գալ և ջրի պաշար տեսնել:
Կրետեից Հունաստան նավելու ճանապարհին հերոս Էվփեմոսը վայր գցեց Տրիտոնի տված հողի գունդը և այդ հողակույտից գոյացավ մի կղզի, որին արգոնավորդները Կալիստե անունը տվին: Հետագայում այդ կղզում բնակություն հաստատեցին Եվփեմոսի հետնորդները և կղզին սկսեց Թերա(22) կոչվել:
Դրանից հետո վրա հասավ փոթորիկը: Գիշերվա խավարում մոլեգնում էր փոթորիկը։ Արգոնավորդները ամեն պահ վախենում էին ջրասույզ քարերի կամ առափնյա ժայռերի դիպչել փշրվելուց: Հանկարծ ծովի վրա վառ լույսով փայլատակեց մի ոսկե նետ և լուսավորեց ողջ շրջակայքը, ապա՝ երկրորդը, երրորդը: Այդ Ապոլոն աստվածն էր իր նետերով լուսավորում արգոնավորդների ճանապարհը: Նրանք Անափե (23) կղզին ելան և սպասեցին, որ փոթորիկը հանդարտվի։ Վերջապես հանդարտվեց փոթորիկը, խաղաղվեցին ծովի ալիքները, և համընթաց քամի փչեց: «Արգոն» հանգիստ սահեց կապուտակ ծովի վրայով: Այլևս վտանգների չհանդիպեցին արգոնավորդներն իրենց ճանապարհին և, վերջապես, իրենց բաղձալի նավահանգիստը՝ Յոլքոս:
Երբ արգոնավորդները Յոլքոս հասան, նրանք առատ զոհ մատուցեցին աստվածներին, որոնք օգնել էին վտանգավոր նավարկության ժամանակ: Ցնծում էին բոլորը Յոլքոսում և տոնում էին արգոնավորդների վերադարձը. բոլորը փառաբանում էին մեծ հերոսներին և նրանց առաջնորդ Յասոնին, որ ձեռք էր բերել ոսկեգեղմը։
ՅԱՍՈՆԸ ԵՎ ՄԵԴԵԱՆ ՅՈԼՔՈՍՈՒՄ: ՊԵԼԻԱՍԻ ՄԱՀԸ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Խարդախ Պելիասը չպահեց իր խոսքը և Յասոնին չվերադարձրեց նրա նախնիների իշխանությունը: Թաքցրեց վիրավորանքը Յասոնը և վճռեց դաժանորեն վրեժ լուծել Պելիասից։ Այստեղ էլ նրան օգնության հասավ Մեդեան: Շուտով վրեժ առնելու առիթն էլ ներկայացավ: Յասոնի զառամած հայրը՝ Էսոնը, իմանալով, որ Մեդեան ամենազոր կախարդ է, կամեցավ, որ նա վերադարձնի իր երիտասարդությունը: Յասոնն էր խնդրել Մեդեային իր հորը երիտասարդացնել: Եվ Մեդեան խոստացավ կատարել այդ խնդրանքը, եթե միայն իրեն օգնի Հեկատեն:
Երբ լիալուսինը ելավ, կեսգիշերին, Մեդեան դուրս եկավ տանից՝ սև զգեստներով, ոտաբոբիկ, հերարձակ, Շուրջը ամեն ինչ ընկղմված էր խոր քնի մեջ, ամենուրեք քար լռություն էր տիրում: Լուսնի լույսով ողողված, լուռ ու մունջ քայլում է Մեդեան: Ապա կանգ առավ այնտեղ, ուր երեք ճանապարհները բաժանվում են իրարից, ձեռքը վեր կարկառեց և երեք անգամ բարձրաձայն գոչեց: Նա ծնկի եկավ և սկսեց հմայման խոսքեր շշնջար Նա հմայում էր գիշերը, երկնային լուսատուներին, լուսնին, հողին, քամիները, լեռներն ու գետերը: Նա խնդրում էր, որ հայտնվեն անտառների և գիշերվա աստվածները: Նա աղերսում էր մեծն Հեկատեին լսել և օգնել իրեն: Լսեց նրան Հեկատեն և Մեդեային հայտնվեց իր երկանվով, որին լծված էին թևավոր վիշապներ։ Ինն օր ու գիշեր Մեդեան այդ կառքով կախարդական խոտեր ու արմտիք հավաքեց սարերում, անտառներում և գետերի ու ծովերի ափերին: Երբ նա Էսոնի տունն էր վերադառնում, երկու զոհասեղան կանգնեցրեց, մեկը՝ Հեկատեի, մյուսը` երիտասարդության աստվածուհու համար: Զոհասեղանների առաջ երկու փոս փորեց և նրանց վրա խավարի ու կախարդանքի մռայլ աստվածուհուն՝ Հեկատեին, զոհաբերեց սևաթույր խոյեր՝ մեղր ու կաթ հեղելով նրանց վրա: Դիմեց Մեդեան ստորերկրյա աստվածներին՝ Հադեսին և Պերսեփոնեին, և աղերսեց չխլել ծեր Էսոնի կյանքը: Հետո պատվիրեց բերել Էսոնին: Կախարդանքով քնեցրեց Էսոնին և դրեց կախարդական խոտերի վրա: Պղնձե կաթսայում եփեց կախարդական բուժախոտը: Եռաց խոտը և ծածկվեց սպիտակ փրփուրով: Դարավոր ծառի չորացած ճյուղով խառնում էր բուժախոտը Մեդեան: Եվ ճյուղը կանաչեց, տերևակալեց և կանաչ պտուղներ տվեց: Ամենուրեք, ուր որ կաթում էր բուժախոտի փրփուրը՝ ծաղիկներ ու խոտեր էին բուսնում: Երբ տեսավ, որ բուժախոտն արդեն պատրաստ է, Մեդեան սրով կտրեց ծերունի Էսոնի կոկորդը և բաց թողեց նրա ծերունական արյունը: Բացված լայն վերքից նա Էսոնի երակների մեջ լցրեց կախարդական բուժախոտը: Եվ, ո՜վ զարմանք, ծերունու մազերը, որ առաջ ճերմակ էին ձյունի պես՝ սևացան, վերացան կնճիռներն ու ծերունական վտիտությունը, նորից հայտնվեց այտերի կարմիրը: Արթնացավ Էսոնը և նորից տեսավ իրեն երիտասարդ, ուժեղ ու կայտառ:
Երբ Մեդեային հաջողվեց վերադարձնել Էսոնի երիտասարդությունը, նա մի նենգ պլան կազմեց, որոշելով վրեժ լուծել ծեր Պելիասից, քանի որ նա խաբել էր Յասոնին և չէր վերադարձրել Յոլքոսի իշխանությունը:
Մեդեան համոզեց Պելիասի դուստրերին՝ վերադարձնել նրանց հոր երիտասարդությունը, և որպեսզի ավելի հաստատ հավատան իր կախարդանքին, նա բերեց մի ոչխար, մորթեց և գցեց բուժախոտով լցված կաթսան: Հենց որ մորթված ոչխարը սուզվեց Կաթսայի մեջ, անմիջապես կաթսայից դուրս թռավ մի կայտառ գառնուկ: Զարմացան Պելիասի դուստրերը այդ հրաշքի վրա և համաձայնեցին հոր երիտասարդությունը վերադարձնելու փորձ անել։
Մեդեան պատրաստեց բուժախոտը, բայց ոչ այնպիսին, որ պատրաստել էր Յասոնի հոր համար: Կախարդական ուժ չկար այդ բուժախոտի մեջ: Քնեցրեց Մեդեան իր կախարդանքով Պելիասին, բերեց դուստրերի ննջարանը և պատվիրեց կտրել հոր կոկորդը։ Բայց աղջիկները չէին համարձակվում:
- Փոքրոգինե՛ր, - գոչեց Մեդեան, - շո՛ւտ մերկացրեք սրերը, բաց թողեք ձեր հոր երակներից ծերունական արյունը, իսկ ես երիտասարդ արյուն կլցնեմ դրա փոխարեն:
Չեն համարձակվում Պելիասի աղջիկները մահացու հարված հասցնել քնած հորը: Վերջապես, շուռ եկան նրանք և մեկը մյուսի հետևից սկսեցին սրի հարվածներ հասցնել հորը: Արթնացավ Պելիասը մահացու վիրավոր, գլուխը բարձրացրեց մահճից և թուլացող ձեռքերը աղջիկներին պարզելով հառաչանքով բացականչեց.
- Օ՜, դուստրեր իմ, այս ի՞նչ եք անում: Ի՞նչը ստիպեց ձեռք բարձրացնել ձեր հոր վրա:
Սարսափից թուլացած կախվեցին Պելիասի աղջիկների ձեռքերը: Գունատված կանգնել են նրանք, գիտակցությունը լքել է նրանց: Իսկ Մեդեան վազում է դեպի Պելիասի մահիճը, նրա կոկորդն է մխրճում իր դանակը, կտոր-կտոր անում մարմինը և գցում եռացող կաթսայի մեջ: Պելիասի ննջարանում հայտնվեց թևավոր վիշապներ լծած մի երկանիվ, որին բազմած անհետանում է Մեդեան Պելիասի խելակորույս աղջիկների աչքից:
Պելիասի որդին՝ Ադրաստոսը, ճոխ թաղում կազմակերպեց, իսկ թաղումից հետո խաղեր՝ ի պատիվ զոհվածի։ Այդ խաղերին մասնակցում էին Հունաստանի ամենաանվանի հերոսները: Խաղերի դատավորն էր ինքը Հերմեսը: Կաստորը, Պոլիդևքեսը և Էվփեմոսը մրցում էին կառարշավի մեջ, Ադմետոսն ու Մոփսոսը՝ բռնցքամարտում, Ատլանտոսն ու Պելևսը՝ ըմբշամարտում: Վազքի մեջ բոլորին հաղթեց Իփիկլոսը:
Բայց չհաջողվեց Յասոնին ստանալ Յոլքոսի իշխանությունը: Ադրաստոսը թույլ չտվեց նրան մնալ Յոլքոսում, նա Յասոնին ար-տաքսեց Յոլքոսից՝ բանն որ կինը՝ Մեդեան սպանել էր Պելիասին: Լքեց հայրենիքը Յասոնը և Մեդեայի հետ գնաց Կորնթոս:
ՅԱՍՈՆԸ ԵՎ ՄԵԴԵԱՆ ԿՈՐՆԹՈՍՈՒՄ։ ՅԱՍՈՆԻ ՄԱՀԸ
Շարադրված է ըստ Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգության։
Պելիասի սպանությունից հետո, Յոլքոսից արտաքսված Յասոնն ու Մեդեան բնակություն հաստատեցին Կորնթոսում՝ Կրեոն արքայի մոտ: Երկու արու զավակ ունեցավ Մեդեան: Թվում էր, թե 315
1 - Մարզ միջին Հունաստանում, որի գլխավոր քաղաքն է Թեբեն։
2 - Փասիս - այժմյան Ռիոնը՝ Կովկասում։ Հույները Կողքիս էին անվանում Անդրկովկասի սևծովյան ափերը:
3 - Գեղմ - բուրդ։
4 - Մարզ Հյուսիսային Հունաստանի արևելքում:
5 - Թե ինչու Յասոնի միայն աջ ոտքին սանդալ կար՝ տես հաջորդ բաժնում։
6 - Կարծում եմ այստեղ Կունը սխալվել է, Հիպսիպիլեի հոր անունը Թոաս (հուն. Θόας, լատ. Thoas) էր։ Տես Ապոլոնիոս Ռոդոսացի – «Արգոնավորդների արշավանքը» գիրք Ա։
7 - Այժմյան Մարմարա ծովը:
8 - Հոգեհաց և մարտական մրցություն՝ մեռածի պատվին։
9 - Մարզ Փոքր Ասիայի արևմուտքում, Պերգամոն գլխավոր քաղաքով:
10 - Մարզ Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում։
11 - Բռնցքամարտի ժամանակ հույները ձեռքերը մինչև արմունկը փաթաթում էին փոկով, որոնց վրա հաճախ ամրացնում էին պղնձե ուռուցիկ թիթեղիկներ: Այսպիսով, հարվածը կարող էր մահացու լինել:
12 - Փինևսի առասպելը մի ուրիշ վերսիայով, որ բերում է պատմաբան Դիոդորոսը, Էնգելսն օգտագործել է իբրև մայրիշխանության վերապրուկի օրինակ իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» գրքում: Էնգելսը գրում է. «... արգոնավորդները Հերակլեսի առաջնորդությամբ ափ են իջնում Թրակիայում և այնտեղ տեսնում են, որ Փինևսը, իր նոր կնոջ դրդմամբ, սաստիկ տանջում է իր երկու որդիներին, որոնց նա ունեցել էր իր մերժված կնոջից՝ Բորեասի դուստր Կլեոպատրայից։ Բայց արգոնավորդների մեջ կային նաև Բորեասի որդիները, Կլեոպատրայի եղբայրները, ուրեմն՝ կեղեքվողների քեռիները: Սրանք իսկույն ևեթ պաշտպան են կանգնում իրենց քեռորդիներին: Սպանում են պահակներին և ազատում նրանց» (Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, «Ընտիր երկեր», Հայպետհրատ, 1950, էջ 367).
13 - Երկիր Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում:
14 - Հույները սովորաբար ոչ թե նստում էին սեղանի առաջ, այլ թիկն էին տալիս՝ մի ձեռքով հենված բարձին։
15 - Ստրոփադես - երեք փոքր կղզիներ, որոնք ընկած էին Հունաստանի հարավում, Մեսենիայի արևմտյան ծովափի հանդիման։
16 - Սիմպլեգադներ կամ Սիմպլեգադյան ժայռեր, հայերեն թարգմանվում է «իրար բախվող ժայռեր», հույների պատկերացմամբ գտնվում էին Սև ծովի մուտքի մոտ։
17 - Էվքսինյան Պոնտոս - այսինքն՝ հյուրընկալ ծով, այդպես անվանեցին հույները Սև ծովը, ծանոթանալով նրա բարեբեր, հյուրընկալ ափերի հետ, իսկ առաջ անվանում էին Աքսինյան՝ այսինքն անհյուրընկալ, որովհետև նրանց վախեցնում էին այդ ծովի փոթորիկները:
18 - Հույները, լավ ծանոթ չլինելով՝ Եվրոպայի աշխարհագրությանը, կարծում էին, որ Իստրոս գետը (այժմյան Դանուբը) հատուկ մի գետաբազկով կապվում է Ադրիատիկ ծովի հետ:
19 - Էրիդանոսն այժմյան Պո, իսկ Հռոդանոսը այժմյան Հռոնա գետերն են Հասկանալի է, որ Պո գետից նավով ոչ մի կերպ հնարավոր չէ ընկնել Հռոնա գետը: Դա ցույց է տալիս, թե այն ժամանակ, երբ ստեղծվում էր արգոնավորդների առասպելը, հույները որքան վատ գիտեին Եվրոպայի աշխարհագրությունը։
20 - Ուտեստ, որ հավերժական երիտասարդություն և անմահություն էր տալիս աստվածներին.
21 - Լիբիա՝ հույները կոչում էին` Աֆրիկայի ափը՝ Եգիպտոսից` արևմուտք:
22 - Այժմյան Սանտորին կղզին:
23 - Այժմյան Անափի կղզին: