ՇՈՒՆԸ ՄԵՂՔ Է
(Էնվեր շունը)
Էրզրումից գաղթած գյուղի տացուները ամեն օր, ձեռնափայտերը տկտկացնելով, գայթել շորորալով, գնում շարվում էին Նազերի խանութի պատի տակի նստարան քարերին և քննարկում թերթերում գիր-կապ անելով կարդացած վերջին լուրերը, վիճաբանում, համաձայնում, մերժում, իրար վրա գոռգոռում, հետո հանգստանում, և ջրաղացպան Հայկազունը թութունի քսակը դնում էր սեղան ծառայող տափակ քարին, և բոլորը, թերթերից հավասարաչափ, ուղղանկյուն կտրված թղթերում «պապիլոզ» էին փաթաթում և Հայկազունի սարթ թութունի ու արճճահամ թղթերում փաթաթված ծխախոտի դառը ծխից, հազից խեղդվելով, «էրթանք ուշ է» ասելով, վեր կենում ու տոտի-տոտի գնում էին տուն:
Եվ գյուղամեջը դատարկվում էր:
Իսկ Աղո տացուս թերթ չէր կարդում, գյուղամեջ չէր գնում, մյուս տացուների հետ աշխարհի հարցերը չէր քննում, ինքն էր, իր Էնվեր շունն ու մենք, որ ամբողջ օրը աթարի ամրոցներում պահմտոցի էինք խաղում իսկ ինքը՝ Աղո տացուս նստում էր բոստանի պատի տակ, փափախը քաշում աչքերին, ննջում և երազներով գնում մանկություն և երբ խռմփոցներին խառնվում էին հոգոցները Էնվեր շունը շուլալվում էր տիրոջ ոտքերին, լպստում ձեռքերը, Աղո տացուս արթնանում էր շնորհակա՜լ շոյում շան գլուխը և շունը ուրախ կլանչելով, արձագանքում էր տիրոջ փաղաքշանքին: Աղո տացուս ու Էնվեր շունը միշտ իրար հետ էին, ցերեկները բակ մտած օտար հավերին էին քշում, երեկոները՝ դիմավորում արոտից վերադարձող ոչխարի սուրուն և կարմիր ներկով նշված ոչխարներին նախրքաշից ուղղորդում դեպի իրենց գոմը, իսկ, երբ գոմի էրթիքին խսիրների վրա՝ ջրաղաց տանելու համար չորացող ցորենի զայրա էին փռում, Էնվերն ինքնակամ դիրքավորվում էր խսիրի վրա չորացող աղունի կողքը և քշում ցորենի հատիկ փախցնել փորձող օտար ու տան հավերին, իսկ Աղո տացուս աթարի ամրոցին հենված, նայում ու հրճվում էր իր սիրելի ընկեր շնով, բայց երբ մի անգամ Էնվեր շունը մեր ներկայությամբ ոտքը բարձրացրեց ու փորձեց Միզել աթարի ամրոցին, Աղո տացուս նրա արարքը անպարկեշտ գտնելով, ճիպոտով դաղեց մեջքը և կաղկանձելով գոմի էրթիքը փախած Էնվերն այնքան վնգստաց, մինչև տերը ներեց ու կանչեց մոտը փաղաքշեց ու շոյեց ճիպոտահար մեջքը և մեր զարմացական հայացքների առաջ Էնվեր շունն ու Աղո տացուս փարվեցին իրար:
Իսկ տարիներ անց, երբ ոչ Էնվեր շունը կա, ոչ էլ Աղո տացուս աթարի ամրոցների կողքով անցնելուց հստակ լսում եմ մեր մանկության ուրախ ու անհոգ ծղրտոցները, և, երբ արդեն գիտեմ, թե մի ամբողջ կյանք, ում անունն էր կրում բարի ու թախծոտ աչքերով շունը, նոր միայն հասկանում եմ, թե ինչու Էրզրումից գաղթական տացուները ամեն անգամ Էնվեր շանը տեսնելիս ասում էին՝ «Աղոն լավ բան չի էրել, գիզալմ շան անունը Էնվեր է դրել, ախր շունը մեղք է, չէ.՞.»:
2024 Ապրիլ