ԱԿՎԱՐԻՈՒՄ

     Խանութի դռները հաճախորդների առաջ ավտոմատ ու լայն են բացվում, ապրանքները տեսակավորված ու կանոնավոր շարված են դարակների վրա իսկ «կենդանի ձուկ» ակվարիումը մսի բաժնում է և պատերը մամռակալած են ու մեջի ջուրը պղտոր, որովհետև ջուրը ջրաչափով է, իսկ խանութի տիրոջ փորը կախվել, հասել է ծնկներին և ինքը ֆսսալով է շնչում, ծնոտն էլ միշտ թաց է, իսկ ակվարիումում նեղվածք է, և ձկները խեղդվում են օդի պակասից, որոշներն էլ արդեն շուռ եկել մեջքի վրա և սպիտակ փորիկները դեպի վեր՝ անշարժացել են իսկ այն մուգ մաշկով ու կարմիր պուտիկներով ձուկը, որի փորը մեծ է ու կախ ընկած, իր առանցքի շուրջը պտտվում և գլխով հարվածում է ակվարիումի պատերին, ինքը՝ ծոցվոր ձուկ է, և փնտրում է լիճ թափվող գետակի գետաբերանը, որ հոսանքին հակառակ լողալով գնա, հասնի ակունքի սառնորակ ջրերին ու ձվադրի, որովհետև ձվիկները հասունացել, ուզում են դուրս գալ և ցավացնում են փորիկը, իսկ ինքը՝ մայրացու ձուկը, չի կարող պղտոր ջրում ձվադրել և հուսահատ պտույտներ է գործում: Ես խղճում եմ իրեն ու վաճառող, քթին կպած աչքերով տղամարդուն մատնացույց եմ անում այդ ձուկը, և նա, երկաթե օղակի վրա հարմարեցված որսացանցը վարժ պտտեցնելով, իրար սեղմված ձկների միջից որսում, ակվարիումից դուրս բերում մուրճով հարվածում է բերանը բաց ու խուփ անող ձկան գլխին և ձուկը մի քանի անգամ պոչով ճղաձիգ հարվածում սեղանին ու անշարժանում է, իսկ իմ՝ գիշերվանից սկսված գլխացավը սաստկանում է, ես գլխացավի հաբ եմ խմում: Չի օգնում: Անընդհատ սեղանին իրար կողքի ընկած անշարժացած ձկանը ու մուրճին եմ նայում և մտածում, որ, եթե տակն էլ կարմիր կտոր լիներ՝ տեղով նատյուրմորտ էր: Ակամա դեմքս ծամածռվում է, իսկ վաճառող նեղճակատը, ակնապիշ աչքերիս նայելով, ձուկը տեղավորում տոպրակում և բերանը մի քանի հանգույցով է կապում, երևի, որ չփախչի: Գլխացավս չի անցնում, օդի պակասից նեղվում և շտապ հեռանում եմ մահվան դատապարտված ձկների ակվարիումից: Խանութի դռան մոտ մուրացող շունը բոլոր տոպրակներով դուրս եկողներին հարցական հայացքով է դիմավորում, ինձ նույնպես, և, ես հայացքս փախցնում եմ, որովհետև իր համար էսօր էժան սպիտակ թոք չեմ վերցրել, և շունը հիասթափված, հաջորդ դուրս եկողի սպասումում գլուխը դնում է առաջ մեկնած թաթերին , իսկ ես շտապում եմ տուն, ձուկը մաքրում, բաժանում եմ կտորների, և, երբ դանակը կպնում է ողնաշարին պոչը շարժվում է, և ձուկը վերջնականապես մահանում է, իսկ ես փորոտիքն ու ձվիկները տանում եմ բակի նոր ծննդաբերած անտուն կատվին ու իր երկու ձագուկներին, և նրանք, երախտապարտ ինձ նայում ու մռմռալով, ուտում են ձկան փորոտիքն ու հարյուրավոր ձկնկիթները, ճաշկերույթի ավարտին կատու մայրիկը ինքնագոհ, կատվավարի, նստում է ետևի թաթերի ու պոչի վրա և լպստում բերանը, ես մտածում եմ, թե արդյոք կատուն գիտի՞, որ ինքն ու իր ձագուկները կերան ուրիշ մեկի հարյուրավոր ծնվելիք ձագուկներին: Չգիտեմ: Իսկ ես հաստատ գիտեմ, ու միևնույն է՝ այսօր մեր ճաշի սեղանին Արքայական ձկնապուր է մատուցվելու:

2024 Ապրիլ - Մայիս