ՆԱԽԱԲԱՆ
Ժոզեֆ Ֆուշեին, ժամանակի ամենահզոր, բոլոր ժամանակների ամենանշանավոր մարդկանցից մեկին, չեն սիրել ժամանակակիցները և է'լ ավելի շատ են նրա մասին սխալ դատել սերունդները։ Նապոլեոնը սբ. Հեղինե կղզում, Ռոբեսպիերը յակոբինյաններին ուղղված կոչում, Կառնոն, Բարրասը, Թալեյրանը իրենց հուշերում, ֆրանսիական բոլոր պատմաբանները՝ ռոյալիստ, հանրապետական թե բոնապարտիստ, հազիվ հասած նրա անվանը, սկսում էին դրել մաղձով։ Էությամբ մատնիչ, խղճուկ ինտրիգան, ստորաքարշ շողոքորթ, պրոֆեսիոնալ դավաճան, ոստիկանական ստոր հոգի, քստմնելի, բարոյազուրկ մարդ, չկա մի այնպիսի խարանող, այնպիսի նախատական բառ, որ նրան չկպցնեին։ Ո'չ Լամարթինը, ո'չ Միշլեն, ո'չ Լուի Բլանը լուրջ փորձ չեն կատարում ուսումնասիրելու նրա բնավորությունը, կամ, ավելի ճիշտ, բնավորության հաստատակամ, ապշեցուցիչ բացակայությունը։ Նրա կերպարի իսկական ուրվապատկերը առաջին անգամ երևում է Լուի Մադլենի փառահեղ կենսագրության մեջ (որով այդ աշխատությունը, հավասարապես և մյուս ուսումնասիրությունները, որոնք նվիրված են այդ հարցին, մեծ մասամբ պարտական են փաստական նյութին), իսկ պատմությունը, միանգամայն հանգիստ, վերջին շարքերը մղեց այդ մարդու աննշան վիճակագիրներին, մարդ, որը երկու աշխարհների հերթափոխի դարաշրջանում ղեկավարեց բոլոր խմբակցությունները և այդ տարիների փոթորիկներում ողջ մնացած քաղաքագետների մեջ եղավ միակը, որը հոգեբանական մենամարտում հաղթեց այնպիսի անհատների, ինչպիսիք էին Նապոլեոնն ու Ռոբեսպիերը։ Նրա կերպարը երբեմն առկայծում է Նապոլեոնին նվիրված պիեսում կամ օպերետում, բայց մեծ մասամբ այնտեղ նա երևում է ոստիկանության հռչակավոր մինիստրի սխեմատիկ մաշված դիմակով՝ ասես Շերլոկ Հոլմսի նախատիպը. անդրկուլիսային գործչի դերը գռեհիկ արտացոլման մեջ միշտ վեր է ածվում երկրորդական դերի։
Միայն մի մարդ՝ սեփական մեծության բարձրությունից տեսավ նաև իր տեսակի մեջ այդ եզակի անձնավորության յուրօրինակ մեծությունը։ Դա Բալզակն էր։ Այդ մեծ և խորաթափանց մտածողը, որ տեսնում էր դարաշրջանի իրադարձությունների ոչ միայն արտաքին քողը, այլև անդրկուլիսները, Ֆուշեին համարեց հոգեբանական առումով իր դարի ամենահետաքրքիր մարդը։ Բալզակը, որ սովոր էր իր զգացումների քիմիայի մեջ տեսնելու բոլոր տեսակի կրքերը, ինչպես էլ դրանք կոչվեին՝ հերոսական թե անազնիվ, որպես միանգամայն հավասարարժեք էլեմենտներ, միանման չափով էր հետաքրքրվում և' Վոտրենի նման կատարյալ հանցագործով, և' Լուի Լամբերի նման բարոյականության հանճարով, տարբերակում չէր դնում բարոյականի և անբարոյականի միջև, բայց, մարդուն գնահատելով միայն ըստ նրա կամքի ուժի ու կրքերի լարվածության, հեղափոխության և կայսրության հենց այդ ամենանողկալի արհամարհելի գործչին հանեց ստվերից, որի տակ նա շինծուաբար թաքնվում էր։ Նա այդ singulier génie - ին (1) անվանում է Նապոլեոնի իսկական մինիստր և la plus forte tête gue je connaisse (2), իսկ մի այլ տեղում՝ «այն անհատականություններից մեկը, որոնց մոտ արտաքինի տակ թաքնված է այնպիսի խորություն, որ նրանք մնում են անթափանցելի, քանի իրենք գործում են, և հասկանալի են դառնում միայն վերջում»։ Սա բոլորովին նման չէ պատմաբանների բարոյախոսական քամահրական կարծիքներին։ Եվ իր «Une ténébreuse affaire» (3) վեպում նա այդ «մռայլ, խոր և անսովոր մտքին, որն այդքան քիչ է հայտնի», նվիրում է հատուկ էջ։ «Յուրօրինակ հանճարեղություն, - գրում է նա, - որն այնքան սարսափեցրել է Նապոլեոնին, Ֆուշեի մոտ միանգամից էի նկատվել։ Կոնվենտի այդ աննկատ անդամը, իր ժամանակի ամենանշանավոր և անհասկանալի մարդկանցից մեկը, կազմավորվել ու հասակ է առել հեղափոխության փոթորիկներում։ Դիրեկտորիայի ժամանակ նա հասավ այն բարձունքներին, որտեղից խոր մտքի տեր մարդիկ հնարավորություն են ստանում գուշակել ապագան, հենվելով անցյալի փորձի վրա, այնուհետև հանկարծ՝ ինչպես միջակ դերասանները, որոնք ինչ-որ բռնկվող կայծի ազդեցության տակ դառնում են հանճարներ, բրյումերի 18-ի կայծակնային հեղաշրջման ժամանակ հանդես բերեց ապշեցուցիչ ճարպկություն։ Այդ դալկադեմ մարդը, որ դաստիարակված էր վանական զսպվածության ոգով, հաղորդակից էր գաղտնիքներին մոնտանյարների, որոնց պատկանում էր, և գաղտնիքներին ռոյալիստների, որոնց վերջիվերջո հարեց, երկար ու աննկատելի ուսումնասիրեց մարդկանց, նրանց բարքերը և շահերի պայքարը քաղաքական ասպարեզում։ Նա թափանցեց Բոնապարտի մտադրությունների մեջ, նրան տվեց օգտակար խորհուրդներ և արժեքավոր տեղեկություններ։ Այդ ժամանակ նրա ո'չ նախկին, ո'չ նոր գործընկերները չէին էլ պատկերացնում նրա զուտ վարչական և, բառի ամենախոր իմաստով, պետական տաղանդի ամբողջ լայնությունը, այնքա՜ն մեծ էր համարյա անհավատալի խորաթափանցության և անսխալ կանխատեսության նրա ձիրքը»։ Այսպես է ասում Բալզակը։ Նրա գովեստները առաջինը գրավեցին իմ ուշադրությունը Ֆուշեի նկատմամբ, և շատ տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ ինձ զբաղեցնում էր ա'յն մարդու կերպարը, որով հիացած էր Բալզակը, ասելով, որ «նա մարդկանց վրա մեծ իշխանություն աներ, քան ինքը Նապոլեոնը»։ Բայց Ֆուշեն ինչպես կյանքում, այնպես էլ պատմության մեջ կարողանում էր մնալ հետին պլանում. նա տհաճությամբ է թույլատրում նայել իր աչքերի մեջ և խաղաթղթերին։ Նա համարյա միշտ իրադարձությունների կենտրոնում է, խմբակցությունների կենտրոնում։ Նա գործում է անտեսանելիորեն, թաքնված իր պաշտոնի անանուն քողի տակ, ինչպես ժամացույցի մեխանիզմը, միայն երբեմն, իրադարձությունների խառնաշփոթության մեջ, նրա ճանապարհների ամենախիստ ոլորաններում, հաջողվում է որսալ նրա դեմքի թռուցիկ ուրվանկարը։ Եվ ահա ինչն է է'լ ավելի տարօրինակ։ Առաջին հայացքից Ֆուշեի այս թռուցիկ որսած կերպարներից ոչ մեկը նման չէ մյուսին։ Որոշ դժվարությամբ պատկերացնում ես, որ այդ նույն մարդը, նույն մորթով և նույն մազերով, 1790 թվականին եղել է Վանական դպրոցի ուսուցիչ, իսկ արդեն 1792 թվականին բռնագրավել է եկեղեցու ունեցվածքը, 1793 թվականին եղել է կոմունիստ, իսկ հինգ տարի հետո դարձել է միլիոնատեր և տասը տարի հետո՝ Օթրանտի դուքս։ Բայց որքան համարձակ էր դառնում նա իր կերպարանափոխությունների մեջ, այնքան ինձ համար ավելի հետաքրքիր էր դառնում նոր ժամանակի այդ ամենակատարյալ մաքիավելիստի կամքը, ավելի ճիշտ, կամազրկությունը, այնքան ինձ գրավում էր հետին պլանում թաքնված և գաղտնիքներով պարուրված նրա ամբողջ քաղաքական կյանքը, ավելի յուրօրինակ, ինձ համար նույնիսկ դիվական էր դառնում նրա կերպարը։ Այդպես ինձ համար միանգամայն անսպասելի, զուտ հոգեբանական ուսումնասիրության հաճույքից մղված սկսեցի գրել Ժոզեֆ Ֆուշեի պատմությունը, հուսալով դրանով միաժամանակ ներդրում անել դիվանագետների՝ ժամանակի ամենավտանգավոր, այդ դեռ համարյա չուսումնասիրված հոգևոր ռասայի դեռևս գոյության չունեցող և միաժամանակ միանգամայն անհրաժեշտ կենսաբանության մեջ։
Ծայրեծայր անբարոյական, նույնիսկ այնքան յուրօրինակ և նշանավոր անձնավորության, ինչպես Ժոզեֆ Ֆուշեն է, նման կենսագրությունը, - ես ինքս էլ ընդունում եմ դա, - հակասում է մեր դարաշրջանի պահանջներին։ Նրան պետք են ու հաճելի հերոսական կենսագրություններ, որովհետև նրանում քիչ են քաղաքական առաջնորդների ստեղծագործական կերպարները, որոնք մղում են բարձր օրինակներ որոնելու անցյալում։ Եվ ես ամենևին չեմ նվազեցնում հերոսական կենսագրությունների ոգևորող, ամրապնդող, վեհացնող ազդեցությունը։ Պլուտարքոսի ժամանակներից նրանք անհրաժեշտ են աճող սերնդին, բոլոր դարաշրջանների պատանիներին։ Բայց հենց քաղաքական առումով նրանք թաքցնում են պատմությունն աղավաղելու վտանգ, ստեղծելով տպավորություն, որ այն վաղեմի, և բոլոր ժամանակներում ընդհանրապես, իսկական վեհ անհատականություններն են իբր որոշում աշխարհի բախտը։ Անկասկած, հերոսն իր գոյության արդեն իսկ փաստով ընդունակ է տասնյակ և հարյուրավոր տարիներ տիրելու մարդկանց հոգևոր կյանքին, բայց միայն հոգևոր կյանքին։ Իրական, իսկական կյանքում, քաղաքական ուժերի գործունեության բնագավառում վճռական նշանակություն ունեն և դա անհրաժեշտ է ընդգծել ամեն տեսակ քաղաքական դյուրահավատությունից նախազգուշացնելու համար, ոչ ականավոր մտածողները, ոչ անաղարտ գաղափարների կրողները, այլ շատ ավելի ստոր, բայց և շատ ճարպիկ տեսակները՝ անդրկուլիսային գործիչները։ 1914 և 1918 թվականներին մենք վկա եղանք, թե ինչպես համաշխարհային նշանակության հարցերի, պատերազմի և խաղաղության հարցերի լուծումը վճռվում էր ոչ թե խելքով և պատասխանատվության զգացումով, այլ անդրկուլիսներում թաքնվող մարդկանց, կասկածելի բարոյականության և ոչ մեծ խելքի տեր մարդկանց կողմից։ Եվ ամեն օր մենք նորից համոզվում ենք, որ կեղտոտ և հաճախ սրբապիղծ քաղաքական պայքարում, որին ժողովուրդները դեռևս պարզամտորեն վստահում են իրենց երեխաներին և իրենց ապագան, ղեկավարում են ոչ թե բարոյական լայն մտահորիզոնով մարդիկ, ոչ թե անսասան համոզմունքներով մարդիկ, այլ այն պրոֆեսիոնալ խաղամոլները, որոնց մենք անվանում ենք դիվանագետներ, ճարպիկները, որոնք տիրապետում են ձեռքի աճպարարության, դատարկաբանության և սառնասրտության։ Եթե իսկապես, ինչպես արդեն հարյուր տարի առաջ ասել է Նապոլեոնը, քաղաքականությունը դարձել է la fatalite moderne, ժամանակակից բախտ, ապա մենք, ինքնապաշտպանության նպատակով, փորձում ենք այդ ուժի հետևում տեսնել մարդկանց և հենց դրանով հասկանալ նրանց հզորության վտանգավոր գաղտնիքը։ Թոզ Ժոզեֆ Ֆուշեի այս կենսագրությունը ներդրում լինի քաղաքական գործչի տիպաբանության մեջ։
Զալցբուրգ
1929 թ. աշուն
1 Իր տեսակի մեջ միակ հանճարին (ֆրանս.)։
2 Ամենախելոք մարդը, որին ես գիտեմ (ֆրանս.):
3 «Մութ գործ» (ֆրանս)։