ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ՎԵՐԵԼՔ
1759 - 1793
1759 թվականի մայիսի 31 - ին Ժոզեֆ Ֆուշեն, բնավ դեռ ոչ Օթրանտի դուրս, ծնվեց նավահանգստային քաղաք Նանտում։ Նրա ծնողները պատկանում էին ծովայինների և առևտրականների ընտանիքի, նրա նախնիները եղել են ծովայիններ, դրա համար ինքնին ենթադրվում էր, որ նրանց ժառանգն էլ կլինի ծովերում թափառող ծովագնաց, առևտրական, կամ նավապետ։ Բայց արդեն վաղ տարիներից նկատելի է դառնում, որ այդ նիհար, բարձրահասակ, սակավարյուն, դյուրագրգիռ, տգեղ տղան ընդունակ չէ այդքան ծանր և այդ ժամանակներում դեռ իսկապես հերոսական մասնագիտությունների։ Ծովից դեռ երկու մղոն հեռավորության վրա նա սկսում էր տառապել ծովային հիվանդությամբ. հենց մի կես ժամ վազում կամ խաղում էր ընկերների հետ, հոգնում էր։ Ի՞նչ անել այդպիսի փափկասունի հետ՝ իրենց հարց էին տալիս ծնողները։ Նրանք մտահոգված էին, քանզի 1770 թվականին Ֆրանսիայում դեռևս բավարար լայնարձակություն չկար արդեն հոգեպես արթնացող և անհամբեր իր համար ճանապարհ բացող բուրժուազիայի համար։ Դատարաններում է գրասենյակներում, ամեն հիմնարկությունում յուղալի կտորները հասնում էին ազնվականությանը։ Պալատական ծառայության համար պետք էր կոմսի զինանշան կամ խոշոր կալվածք, նույնիսկ բանակային ծառայության մեջ ալեհեր դարձած բուրժուան վեր չէր բարձրանում կապրալի չինից։ Երրորդ դասին դեռևս ոչ մի տեղ չեն տալիս վատ կառավարվող, շվայտացած թագավորության մեջ. զարմանալի չէ, որ քառորդ դար անց նա կսկսի բռունցքներով հասնել նրան, ինչում չափից ավելի երկար ժամանակ մերժում էին նրա հեզ պարզած ձեռքը։
Մնում էր միայն եկեղեցին։ Աշխարհը ճանաչելու մեջ բոլոր տիրակալներին մշտապես գերազանցող այդ հազարամյա տերությունը ավելի խելոք էր, դեմոկրատորեն ու լայն էր դատում։ Նա միշտ տեղ էր գտնում ընդունակների համար և ընդունում իր անտեսանելի թագավորության մեջ ամենացածր դասերի ներկայացուցիչներին։ Որքանով որ Ժոզեֆը դեռ երեխա հասակից, օրատորիականների դպրոցական նստարանին, աչքի էր ընկնում ջանասիրությամբ, երբ ավարտեց ուսումը, վանականները նրան սիրով տրամադրեցին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի ամբիոն, վերակացուի և տեսուչի պաշտոն։ Հազիվ էր քսան տարեկան դարձել, նա այդ օրդենում, որը ճիզվիտների վտարման ժամանակից ղեկավարում էր կաթոլիկական դաստիարակությունը ամբողջ Ֆրանսիայում, ստանում է պաշտոն և կոչում, իհարկե խղճուկ, բարձրացման համար առանց հատուկ հույսի ու հեռանկարի, բայց և այնպես նույն դպրոցում, որտեղ նա դաստիարակում է նաև ինքն իրեն, որտեղ սովորեցնելով, սովորում է նաև ինքը։
Նա կարող էր նաև առաջ գնալ, դառնալ պատեր, հնարավոր է, ինչ-որ ժամանակ նույնիսկ եպիսկոպոս կամ կարդինալ, եթե վանական երդում տար։ Բայց Ժոզեֆ Ֆուշեի համար տիպական է, որ արդեն այդ առաջին, իր կարիերայի ամենացածր աստիճանում երևում էր նրա էության բնորոշ գիծը՝ անդարձ, ամբողջությամբ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի իրեն կապել չցանկանալը։ Նա կրում է քահանայական զգեստ և կուլակ, մյուս պատերների հետ բաժանում է վանական ռեժիմը, օրատորիականների մոտ իր ամբողջ գործունեության տասը տարիների ընթացքում ոչ արտաքինով, ոչ ներքինով, նա ոչնչով չի տարբերվում հոգևորականից։ Բայց ձեռնադրում չի ընդունում, երդում չի տալիս։ Ինչպես միշտ, բոլոր վիճակներում, նա չի փակում իր նահանջի ճանապարհները, պահպանում էր իր կողմնորոշումը փոխելու հնարավորությունը։ Նա եկեղեցուն էլ տրվել է միայն ժամանակավորապես, ոչ ամբողջությամբ, այնպես, ինչպես հետագայում նա տրվեց հեղափոխությանը, դիրեկտորիային, կոնսուլությանը, կայսրությանը կամ թագավորությանը. նույնիսկ աստծուն, առավել ևս մարդուն Ժոզեֆ Ֆուշեն ամբողջ կյանքում հավատարմության երդում չի տալիս։
Տասը տարի, կյանքի քսանից մինչև երեսուն տարին, այդ գունատ, ինքնամփոփ կիսավանականը թափառում է վանքի միջանցքներում և լուռ սեղանատներում: Նա դասավանդում է Նիորում, Սոմյուրում, Վանդոմում, Փարիզում, հազիվ զգալով տեղի փոփոխությունը, քանզի վանական ուսուցչի կյանքը բոլոր քաղաքներում ընթանում է միանման խաղաղությամբ, աղքատությամբ ու աննկատելի, միշտ մունջ պատերի հետևում, հեռու իրադարձություններից։ Լատիներեն, մաթեմատիկա և ֆիզիկա սովորող քսան, երեսուն, քառասուն դպրոցականներ՝ գունատ, սև հագնված տղաներ, որոնց պատարագի են տանում ու հսկողության տակ պահում ննջասրահներում, գիտական գրքերի միայնակ ընթերցանություն, աղքատիկ ճաշեր, խղճուկ վարձատրություն, մաշված սև հագուստ, վանական համեստ գոյություն։ Կարծես քարացման, իրականությունից, ժամանակից ու տարածությունից դուրս, ապարդյուն ու անկիրք անցան այդ տասը լուռ ու ստվերածածկ տարիները։
Սակայն վանական դպրոցի այդ տասը տարիները Ժոզեֆ Ֆուշեին շատ բան սովորեցրին, որը օգտակար եղավ ապագա դիվանագետին, գլխավորապես լռելու տեխնիկային, իր մտքերը թաքցնելու կարևորագույն արվեստին, հոգեկան աշխարհն ու հոգեբանությունը ճանաչելու վարպետությանը։ Նրանով, որ ամբողջ կյանքում, նույնիսկ կրքոտ պոռթկումների րոպեներին, նա տիրապետում է իր դեմքի ամեն մի մկանին, նրանով, որ նրա անշարժ, կարծես լուռ քարացած դեմքին չի հաջողվում տեսնել բարկության, զայրույթի, հուզմունքի նշաններ, նրանով, որ նա միանման հավասար միատոն ձայնով հանգիստ արտասանում է և' ամենասովորական, և' ամենասարսափելի խոսքերը, և միանման, մունջ քայլերով մտնում է և' կայսրի ննջարանը, և' մոլեգնող ժողովրդական ժողովը. նմանը չունեցող այդ զսպվածությամբ ու ինքնատիրապետմամբ նա պարտական է վանական սեղանատներին. համաշխարհային բեմահարթակի կամրջակին կանգնելուց դեռ շատ առաջ նրա կամքը դաստիարակված էր Լոյոլլայի հետևորդների կարգապահական վարժություններով, և նրա խոսքը հղկված էր քարոզների ու կրոնական վիճաբանությունների հազարամյա արվեստով։ Հնարավոր է պատահական չէ, որ ֆրանսիական հեղափոխության բոլոր երեք մեծ դիվանագետները՝ Թալեյրանը, Սիյեսը և Ֆուշեն, դուրս են եկել վանական դպրոցից, մինչև ամբիոնի վրա երևալը դառնալով մարդկանց ճանաչելու, վարպետներ։ Նրանց անձնական ճակատագրերի սահմաններից դուրս եկող հնագույն ընդհանուր ավանդույթը վճռական մոմենտներին նրանց այնքա՜ն հակադիր բնավորություններին տալիս է հայտնի նմանություն։ Ֆուշեի մոտ դրան ավելանում է նաև երկաթյա, սպարտական ինքնակարգապահությունը, զզվանքը փարթամության ու պերճության նկատմամբ, իր անձնական կյանքն ու զգացմունքները թաքցնելու կարողությունը. ո'չ, վանքի կիսամութ միջանցքներում Ֆուշեի անցկացրած տարիներն իզուր չկորան, նա անսահման շատ բան սովորեց, երբ ուսուցիչ էր։
Վանքի պատերից ներս, ամենախիստ մեկուսացման մեջ, դաստիարակվում ու զարգանում է այդ յուրօրինակ ճկուն և անհանգիստ ոգին, բարձր վարպետության հասնելով մարդկային հոգեբանության ըմբռնման մեջ։ Երկար տարիներ նա ստիպված է աննկատ գործել վանական ամենանեղ շրջապատում, բայց Ֆրանսիայում արդեն 1778 թվականին սկսվեց այն հասարակական փոթորիկը, որը թափանցեց նաև վանքի պատերից ներս։ Օրատորիականների վանական խուցերում նույնպես վիճում են մարդու իրավունքների մասին, ինչպես մասոնական ակումբներում, իր որակով նոր հետաքրքրասիրությունը վանականներին ձգում է դեպի բուրժուան այնպես, ինչպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչի հետաքրքրասիրությունը ձգում է դեպի այն ժամանակվա զարմանալի հայտնագործությունները, դեպի մոնգոլֆիերները առաջին թռչող մեքենաները, էլեկտրականության և բժշկության բնագավառի հրաշալի գյուտերը։ Հոգևորականությունը մերձեցում է փնտրում կրթված հասարակության հետ, և ահա Արրասում այն իրականացվում է շատ յուրօրինակ շրջապատում, որը կոչվում էր «Ռոզատի», «Շլարաֆֆի» նման ինչ-որ բան, որում քաղաքի մտավորականությունը միանում է անկաշկանդ ուրախության պայմաններում։ Այդ հավաքներում առանձին մի երևելի բան չկա. համեստ բուրժուաները արտասանում են իրենց ոտանավորները կամ ճառ են ասում գրական թեմաներով, զինվորականները խառնվում են քաղաքացիների հետ, և այստեղ հաճույքով են ընդունում վանական ուսուցիչ Ժոզեֆ Ֆուշեին, քանզի նա կարող է շատ բան պատմել ֆիզիկայի նորագույն նվաճումների մասին։ Նա հաճախ է այնտեղ ժամանակ անցկացնում ընկերների շրջանում և լսում է, թե ինչպես, օրինակ, ինժեներական զորքերի կապիտան Լազար Կառնոն կարդում էր իր հորինած ծիծաղաշարժ ոտանավորները կամ դալուկ նրբաշուրթ փաստաբան Մաքսիմիլիան դը Ռոբեսպիերը (նա այն ժամանակ դեռ հպարտանում էր իր ազնվականությամբ) սեղանի շուրջը գունագեղ ճառ է ասում ի պատիվ «Ռոզատի» հասարակության։ Քանի որ գավառներում դեռևս բավականություն են ստանում փիլիսոփայող տասնութերորդ դարի վերջին շնչից, պարոն դը Ռոբեսպիերը մահվան դատավճիռների փոխարեն հանգիստ գրում է գեղեցիկ բանաստեղծություններ, շվեյցարական բժիշկ Մարատը շարադրում է ոչ թե սուր կոմունիստական մանիֆեստներ, այլ քաղցր-մեղցր սենտիմենտալ վեպ, իսկ փոքրիկ լեյտենանտ Բոնապարտը ինչ-որ տեղ գավառում աշխատում է նովելի վրա՝ նմանվելով Վերթերին։ Բոլոր ամպրոպները դեռևս տեսանելի չեն հորիզոնից այն կողմ։
Ճակատագրի ինչպիսի՜ խաղ, ամենից շատ հենց այդ դալկադեմ, դյուրագրգիռ, անզուսպ փառասեր փաստաբան դը Ռոբեսպիերի հետ բարեկամացավ վանական ուսուցիչը. նրանց միջև նույնիսկ արդեն սպասվում է հարազատացում, քանզի Շարլոտա Ռոբեսպիերը՝ Մաքսիմիլիանի քույրը, պատրաստվում է օրատորիականների դպրոցի ուսուցչին շեղել հոգևոր աստիճանի մտքից. ամեն տեղ շատախոսում են նրանց նշանդրեքի մասին։ Ինչ-որ պատճառով ի վերջո այդ ամուսնությունը չկայացավ, ինչո՞ւ` գաղտնիք է մնում, բայց, հնարավոր է, հենց այստեղ է թաքնված այն սարսափելի, պատմական նշանակություն ստացած փոխադարձ ատելության արմատը այդ երկու մարդկանց, որոնք մի ժամանակ բարեկամություն են արել, իսկ այնուհետև մտել են մահու ու կենաց պայքարի մեջ։ Բայց այդ ժամանակ նրանք դեռ չգիտեին ո'չ յակոբինիզմի, ո'չ ատելության մասին։ Ընդհակառակը, երբ Մաքսիմիլիան դը Ռոբեսպիերին ուղարկում են Վերսալ որպես Գլխավոր նահանգների դեպուտատ, որպեսզի մասնակցի Ֆրանսիայի նոր պետական կարգի նախագիծը կազմելուն, ապա կիսավանական Ժոզեֆ Ֆուշեն է փող պարտք տալիս սակավարյուն փաստաբան դը Ռոբեսպիերին ճանապարհի և նոր կոստյում ի համար։ Հատկանշական է, որ Ֆուշեն բռնում է նրա, ինչպես հետագայում շատ ուրիշների, ասպանդակը, երբ նա թռիչքի է պատրաստվում համաշխարհային պատմության մեջ։ Բայց հենց նա էլ վճռական պահին կծախի իր նախկին ընկերոջը և անգթորեն կտապալի նրան։
Շուտով, Գլխավոր նահանգների ժողովին Ռոբեսպիերի մեկնելուց հետո, ժողով, որը ցնցեց Ֆրանսիայի ամբողջ հիմքերը, օրատորիականները Արրասում կազմակերպում են իրենց փոքրիկ հեղափոխությունը։ Քաղաքականությանը թափանցում է վանական սեղանատները, և խելացի, քամու ամեն մի փոփոխությունը կռահող Ժոզեֆ Ֆուշեն, բացում է առագաստները։ Նրա առաջարկությամբ Ազգային ժողով է ուղարկվում պատվիրակություն, որպեսզի երրորդ դասին հայտնի հոգևորականության համակրանքը։ Բայց սովորաբար այնքա՜ն զգույշ Ֆուշեն այս անգամ մի քիչ շտապեց։ Ղեկավարությունը հնարավորություն չունենալով նրան լավ պատժելու, որպես տույժ, նրան փոխադրում է Նանտ, նույնանման դպրոց, որտեղ նա դեռ երեխա ժամանակ սովորել էր գիտության և մարդկային ճանաչողության հիմունքները։ Բայց այժմ նա փորձված է ու հասունացած, նրան արդեն չի գրավում անչափահասներին բազմապատկման աղյուսակներ, երկրաչափություն ու ֆիզիկա դասավանդելը։ Քամիների այդ գիտակը նախազգում էր, որ երկրին սպառնում է սոցիալական փոթորիկը, որ քաղաքականությունը իշխում է աշխարհի վրա. և այդպես՝ գլխովին քաղաքականության մեջ։ Մի շարժումով նա դեն է նետում փարաջան, թողնում է գլխի գագաթի մազերն աճեն և այլևս չի դասավանդում աշակերտներին, այլ քաղաքական քարոզներ է կարդում Նանտի պատվավոր բուրժուաներին։ Բացվում է ակումբ, - քաղաքական գործիչների կարիերան սկսվում է ճարտասանական արվեստի այդպիսի փորձնական ամբիոնից և ահա արդեն մի քանի շաբաթ հետո Ֆուշեն Նանտի «Amis de la Constitution» (1) ընկերության պրեզիդենտն է։ Նա գովում է առաջադիմությունը, բայց շատ զգույշ, շատ լիբերալորեն, քանզի քաղաքական ծանրաչափը այդ առևտրական քաղաքում կանգնած է «չափավորի» վրա. Նանտում չեն սիրում ռադիկալիզմը, որովհետև զգուշանում են պարտքերից և ամենից առաջ հոգ են տանում լավ առևտրի մասին։ Գաղութներից ստանալով առատ շահույթ, այնտեղ չեն հանդուրժում ստրուկների ազատագրման նման ֆանտաստիկ նախագծեր, դրա համար Ժոզեֆ Ֆուշեն Կոնվենտին հղում է պաթետիկ ուղերձ ընդդեմ ստրուկներով առևտուր անելու ոչնչացման, որի համար նա, ճիշտ է, Բրիսսոյից ծեծ կերավ, բայց դա նրան չնվաստացրեց բուրժուական շատ նեղ շրջանների աչքում։ Որպեսզի իր քաղաքական դիրքը ժամանակին ամրապնդի բուրժուազիայի մեջ (ապագա ընտրողների), նա շտապում է կնության վերցնել մի հարուստ առևտրականի աղջկա, այլանդակ մի կույսի, բայց լավ օժիտով, նա ձգտում է արագ և ամբողջությամբ դառնալ բուրժուա մի դարաշրջանում, երբ երրորդ դասը կդառնա իշխող, նա դա կանխատեսում է։
Այդ բոլորն արդեն նախապատրաստություն էր հիմնական նպատակին հասնելու համար։ Հազիվ էին հասցրել հայտարարել Կոնվենտի ընտրությունների մասին, երբ նախկին վանական ուսուցիչը առաջադրում է իր թեկնածությունը։ Ինչպե՞ս է վարվում ամեն թեկնածու։ Նա ամենից առաջ իր բարյացակամ ընտրողներին խոստանում է այն բոլորը, ինչ նրանք կուզեին լսել։ Եվ այսպես, Ֆուշեն երդվում է հոգալ առևտրի մասին, պաշտպանել սեփականությունը, հարգել օրենքները. նա ավելի շատախոսությամբ հարձակվում է անկարգություն հրահրողների վրա (քանզի քամին Նանտում ուժեղ է փչում աջից, քան ձախից), քան հին ռեժիմի։ Եվ ահա, իսկապես, 1792 թվականին նրան ընտրում են Կոնվենտի դեպուտատ, և դեպուտատի եռագույն կոկարդը երկար ժամանակ փոխարինում է թաքցրած, բայց գաղտնի պահվող վանականի թասակին։
Ընտրությունների ժամանակ լրացավ Ժոզեֆ, Ֆուշեի երեսուներկու տարին։ Նրան ամենևին չի կարելի գեղեցիկ տղամարդ համարել։ Նիհար, չորացած, համարյա անկերպարան մարմին, այլանդակ ու տհաճ ցայտուն դիմագծերով նեղ, ոսկրոտ դեմք, սուր քիթ, խիստ ընդգծված բարակ, միշտ սեղմված շուրթեր, քնկոտ, ծանր թերթերունքների տակ ձկան սառած աչքեր, գորշ, կատվային բիբեր՝ նման ապակու կլոր կտորի։ Այդ դեմքի վրա, այդ մարդու մեջ ամեն ինչ կարծես տառապում է կենդանի մարմնի թերություններով. նրա տեսքը նման է գազի լույսի տակ երևացող մարդու՝ թոշնած, կանաչավուն։ Աչքերում փայլ չկա, շարժումներում՝ ուժի զգացում, ձայնի մեջ՝ մետաղայնություն։ Նուրբ մազափնջեր, շիկակարմրավուն, հազիվ նկատելի հոնքեր, մոխրագույն, դալուկ այտեր։ Թվում է, թե ներկ չի եղել նրա դեմքին առողջ գույն տալու համար. այդ ամուր, անսովոր աշխատունակ մարդը միշտ թողնում է հոգնած հիվանդի, ուժասպառի տպավորություն։
Ամեն մեկին, ով նայում է նրան, թվում է, թե նրա երակներում չի կարող լինել տաք, կարմիր, հոսող արյուն։ Եվ իսկապես, նա բնավորությամբ էլ պատկանում է սառնարյունների տեսակին: Նրան հայտնի չեն կոպիտ, կրքերի ուշադրություն գրավող պոռթկումներ, նրան չեն գայթակղում ո'չ կանայք, ո'չ մոլի խաղերը, նա գինի չի խմում, չի սիրում շռայլություն, չի ճաշակել մարմնամարզության՝ սպորտի հաճույքը. նա ապրում է վավերագրերով ու թղթերով լեցուն սենյակներում։ Նա երբեք զայրույթ չի դրսևորում, երբեք նրա դեմքին չի թրթռում ոչ մի մկան։ Միայն հազվադեպ նկատելի ժպիտը, երբեմն հարգալից, երբեմն ծաղրական, խաղում է այդ սուր, անարյուն շուրթերի վրա։ Այդ գորշ, կավագույն, թորշոմած կեղծ դիմակի տակ ոչ ոք չի կարող նկատել իսկական հուզմունքի նշաններ, բորբոքված ծանր կոպերի տակ թաքնված աչքերը երբեք չեն մատնում ոչ նրա մտադրությունները, ոչ նրա մտքերի մի շարժումը։
Այդ աներեր սառնարյունության մեջ էր Ֆուշեի հիմնական ուժը։ Նյարդերը չեն իշխում նրան, զգացմունքները նրան չեն գայթակղում, նրա կրքերի լիցքավորումն ու լիցքաթափումը թաքցված են ճակատի անթափանցիկ պատով։ Նա գերազանցորեն տիրապետում է իր ուժերին և դրա հետ միասին արթուն հսկում է ուրիշների սխալներին, նա ուրիշներին հնարավորություն է տալիս կրքերով ուժասպառ անելու իրենց և համբերությամբ սպասում է, մինչև նրանք կուժասպառվեն, կամ, կորցնելով ինքնատիրապետումը, ի հայտ կբերեն թույլ տեղը, և այն ժամանակ նա հասցնում է անողոք հարվածը։ Սարսափելին նրա անտարբեր համբերության գերազանցությունն է. նա, ով կարող է այդպես սպասել և թաքնվել, նա կհաղթի նաև ամենահմուտ հակառակորդին։ Ֆուշեն ունակ է լինելու խոնարհ ծառա, առանց աչքը թարթելու լսում է նա ամենակոպիտ վիրավորանքները, սառը ժպիտով տանում է ամենախայտառակ ստորացումները. նրա սառնությունը չեն կարող տատանել ոչ սպառնալիքները, ոչ զայրույթը։ Ռոբեսպիեր և Նապոլեոն՝ երկուսն էլ ջարդվում են այդ քար հանգստությանը զարնվելով, ինչպես քամին ժայռին. երեք սերունդ, ամբողջ մի ժողովուրդ փոթորկում է կրքերի մակընթացությունների և խաղաղվում՝ տեղատվությունների մեջ, իսկ նա սառնարյուն և հպարտ, մնում է միակը, որն անխռով է։
Այդ սառնարյունության մեջ է Ֆուշեի իսկական հանճարը։ Նրա արյունը ոչ զսպում, ոչ ոգևորում է նրան, այն ուղղակի մասնակցում է հոգու հանդուգն խաղերին։ Ո'չ արյունը, ո'չ գգացմունքները, ո'չ հոգին, իսկական մարդու գիտակցությանն ու զգացողությանը հուզմունք բերող այդ տարրերից ոչ մեկը նշանակության չունի այդ գաղտնի, մոլի խաղացողի համար, որի ամբողջ կրքերը կենտրոնացված են ուղեղում։ Որովհետև այդ չոր գրասենյակային մարդու մեջ ապրում է արատավոր հակումը դեպի ավանտյուրաները, նրա գլխավոր կիրքը ինտրիգն է։ Բայց նա այն հագեցնում է միայն խելքի խաղով, և այն սահմռկելի բավականությունը, որը նրան պատճառում են խառնակչությունն ու խռովությունը, նա բոլորից հանճարեղորեն ու բոլորից լավ թաքցնում է բարեխիղճ ու գործարար չինովնիկի արտաքինի տակ, այդ դիմակով նա քողարկվում է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Գրասենյակի խորքից նա տարածում է սարդի ոստայնը, թաքնվելով վավերագրերի և գրասենյակային տեղեկագրերի հետևում, նա մահացու հարվածներ է հասցնում անսպասելի ու աննկատ. դրանում է նրա տակտիկան։ Պետք է շատ ակնապիշ ու խոր նայել պատմության մեջ, որպեսզի հեղափոխության նախօրյակին, Նապոլեոնի լեգենդար փայլատակման մեջ ընդհանրապես նկատել նրա ներկայությունը, նա այնքա՜ն համեստ ու ենթարկվող է թվում, այն ժամանակ երբ իրականում նրա գործունեությունը եղել է համապարփակ ու դարաշրջանը բնորոշող։ Ամբողջ կյանքում նա մնում է ստվերի մեջ, բայց դրա փոխարեն ապրում է երեք սերունդ։ Դեռ շատ երկար ժամանակ նրանից հետո, երբ ընկան Պատրոկլեսը, Հեկտորն ու Աքիլլեսը, ապրում է խորամանկամիտ Ոդիսևսը։ Նրա տաղանդը հաղթեց հանճարին նրա սառնասրտությանը երկարակյաց է կրքերից։
Սեպտեմբերի 21-ի առավոտյան Կոնվենտի հենց նոր ընտրված անդամները առաջին անգամ են մտնում դահլիճ։ Ընդունելությունն արդեն այնքան հանդիսավոր ու շքեղ չէ, ինչպես երեք տարի առաջ առաջին օրենսդրական ժողովի ժամանակ։ Այն ժամանակ դահլիճի մեջտեղը դեռևս դրված էր շքեղ բազկաթոռ՝ ծածկված ասեղնագործ սպիտակ շուշաններով մետաքսով. դա թագավորի տեղն էր։ Երբ նա ներս եկավ, ամբողջ ժողովը հարգալից կանգնելով, ողջունեց գահակալի երևալը։ Այժմ նրա ամրոցները՝ Բաստիլիան և Թյուիլրին, կործանված են, և Ֆրանսիայում այլևս թագավոր չկա. պարզապես ինչ-որ գեր պարոն՝ Լյուդովիկոս Կապետը, ինչպես նրան անվանում են բանտային կոպիտ հսկիչները և դատավորները, Թամպլում թախծում է որպես հասարակ քաղաքացի և սպասում է դատավճռի։ Նրա փոխարեն այժմ երկրում իշխում են նրա սեփական տունը տեղափոխված յոթ հարյուր հիսուն մարդիկ։ Նախագահական սեղանի հետևում կախված է օրենքի նոր հուշատախտակ՝ հսկայական տառերով գրված Սահմանադրության տեքստը. դահլիճի պատերը զարդարում է չարագուշակ նշանակը՝ թիկնապահների մահակների տրցակը և մահաբեր կացինը։
Ժողովուրդը հավաքվում է պատշգամբասրահներում և հետաքրքրությամբ դիտում իր ներկայացուցիչներին։ Կոնվենտի յոթ հարյուր հիսուն անդամները դանդաղ մտնում են թագավորական պալատ։ Բոլոր դասերի և պրոֆեսիաների տարօրինակ խառնուրդ՝ անգործ փաստաբաններ՝ փայլուն փիլիսոփաների կողքին, փախստական վանականներ՝ զինվորականների կողքին, սնանկացած արկածախնդիրներ՝ նշանավոր մաթեմատիկոսների և նրբակիրթ բանաստեղծների կողքին. ինչպես բաժակի հատակի թափահարած նստվածքը, այնպես էլ Ֆրանսիայում հեղափոխությունը ամեն ինչ վեր էր բարձրացրել, ինչ կար հատակում։ Այժմ եկել էր խառնաշփոթության մեջ կարգ մտցնելու ժամանակը։
Դեպուտատների տեղավորման մեջ արդեն երևաց կարգ հաստատելու առաջին փորձը։ Ամֆիթատրոնի ձև ունեցող դահլիճում, որն այնքան նեղ էր, որ հակառակորդները ճակատներով խփվում էին դիմացինին, միմյանց վրա թափելով թշնամական ճառերի տաք շնչառությունը, ներքևում նստած է հանգիստ, կրթյալ, զգույշ marais-ը՝ ճահիճը, այսպես են ծաղրաբար անվանում նրանց, ովքեր ամեն հարց վճռելիս պահպանում են անվրդովություն։ Պոռթկունները, անհամբերները, ռադիկալները տեղ են զբաղեցնում ամենավերջին նստարանների՝ «լեռան» վրա, որոնց վերջին շարքերը հարում են պատշգամբին, կարծես դրանով խորհրդանշելով, որ իրենց թիկունքում կանգնած են մասսաները, ժողովուրդը, պրոլետարիատը։
Այս երկու ուժերը չեն զիջում միմյանց։ Նրանց միջև, մակընթացության և տեղատվության ժամանակ, փոթորկում է հեղափոխությունը։ Բուրժուազիայի համար, չափավորների համար հանրապետության ստեղծումը արդեն ավարտված է սահմանադրության նվաճմամբ, թագավորի և ազնվականության հեռացմամբ, իրավունքները երրորդ դասին հանձնելով, նրանք հաճույքով կամբարտակեին և կկանգնեցնեին ներքևից աճող հոսանքը, որպեսզի պաշտպանեն այն, ինչն արդեն ձեռք է բերված։ Նրանց առաջնորդները՝ Կոնդորսեն, Ռոլանը, ժիրոնդիստները մտավորականության և միջին դասի ներկայացուցիչներն են։ Բայց «լեռան» մարդիկ ուզում են, որ հզոր հեղափոխական ալիքը ավելի առաջ ընթանար, որպեսզի ավլեր-տաներ ամբողջ հետամնացությունը, հին կարգերից մնացած ամեն ինչը. նրանք՝ Մարատը, Դանտոնը, Ռոբեսպիերը, պրոլետարիատի այս առաջնորդները ձգտում են la révolution, Intégrale-ի լրիվ արմատական հեղափոխության, աթեիզմի և կոմունիզմի։ Տապալելով թագավորին, նրանք ուզում են տապալել փողն ու աստծուն՝ պետության հին հենարանին։ Կշեռքի նժարները տագնապով տատանվում են երկու կուսակցությունների միջև։ Եթե հաղթանակեն ժիրոնդիստները, չափավորները, հեղափոխությունն աստիճանաբար կվերածվի ռեակցիայի, սկզբից լիբերալի, իսկ հետո՝ պահպանողականի։ Եթե հաղթանակեն ռադիկալները, նրանք կնետվեն անարխիայի ճահճուտի և ջրապտույտի մեջ։ Առաջին ժամի հանդիսավոր ներդաշնակությունը չի խաբում ճակատագրական դահլիճում եղած ներկաներից ոչ մեկին, ամեն մեկը գիտի, որ այստեղ շուտով կսկսվի կենաց ու մահու, մտքերի և ուժի պայքար։ Եվ այն, թև ինչպիսի տեղ է զբաղեցնում դեպուտատը՝ ներքևում, հովտում, կամ վերևում «լեռան» վրա, արդեն նախապես խոսում է նրա որոշման մասին։
Թագազերծված թագավորի դահլիճը հանդիսավոր մուտք գործող յոթ հարյուր հիսունի թվում մտնում է ժողովրդական ներկայացուցիչների եռագույն շարֆը ուսովը գցած Ժոզեֆ Ֆուշեն՝ Նանտ քաղաքի դեպուտատը։ Ածիլված գագաթի մազերն աճել են, հոգևորական զգեստավորումը վաղուց դեն է նետված. ինչպես այստեղ բոլորը, նա կրում է առանց որևէ զարդարանքի քաղաքացիական հագուստ։
Որտե՞ղ տեղ կզբաղեցնի Ժոզեֆ Ֆուշեն։ Ռադիկալների մե՞ջ` «լեռան» վրա, թե՞ չափավորների հետ՝ հարթավայրում։ Ժոզեֆ Ֆուշեն քիչ է մտորում։ Նա ճանաչում է միայն մեկ կուսակցություն, որին մինչև վերջ հավատարիմ է մնում, այն, որն ավելի ուժեղ է, մեծամասնության կուսակցությունը։ Այս անգամ էլ նա ինքն իրեն ծանրութեթև է անում և հաշվում ձայները։ Նա տեսնում է, որ տվյալ պահին ուժը դեռևս ժիրոնդիստների կողմն է, չափավորների կողմը։ Դրա համար էլ նա նստում է նրանց նստարանին Կոնդորսի, Ռոլանի, Սերվանի հետ միասին։ Նրանց հետ, ովքեր զբաղեցնում են մինիստրական պաշտոն, ազդում են բոլոր որոշումների վրա և բաշխում են շահույթները։ Նրանց միջավայրում նա իրեն վստահ է զգում, նրանց մեջ էլ նա տեղ է զբաղեցնում։
Բայց երբ նա պատահաբար հայացքը հառում է վեր, որտեղ տեղ են զբաղեցրել իրենց հակառակորդները՝ ռադիկալները, հանդիպում է խիստ, անբարյացակամ հայացքի։ Նրա ընկերը՝ Արրասի փաստաբան Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, այնտեղ հավաքել է իր զինակիցներին, հպարտանալով իր աննկունությամբ, ոչ մեկին չներելով տատանման ու թուլության համար, սառն ու քամահրանքով լոռնետով դիտում է օպորտունիստին։ Այդ ակնթարթին հօդս ցնդեց նրանց բարեկամության մնացորդը։ Այդ պահից ամեն մի ժեստի, ամեն մի արարքի ժամանակ Ֆուշեն թիկունքին զգում է այդ մշտական մեղադրողի, անողոք խստակյացի դաժանորեն փորձող, խստորեն զննող հայացքը և լավ է հիշում, որ պետք է զգույշ լինել։
Զգույշ լինել. հազիվ թև որևէ մեկը այնքան զգույշ լինի, որքան նա։ Առաջին ամիսների նիստերի արձանագրություններում բոլորովին չի հանդիպում Ժոզեֆ Ֆուշեի անունը։ Այդ ժամանակ, երբ Կոնվենտի բոլոր անդամները խելահեղորեն ու փառամոլությամբ խռնվում են ամբիոնի շուրջը, առաջարկություններ են մտցնում, կրակոտ ճառեր են ասում, մեղադրում ու հարձակվում են մեկմեկու վրա, Նանտի դեպուտատը երբեք չի ելնում այդ բարձունքի վրա։ Իբր թե թույլ ձայնը նրան խանգարում է հանդես գալ հրապարակայնորեն, այդպիսին են նրա բացատրությունները իր ընկերներին և ընտրողներին։ Եվ որքանով որ ուրիշները իրար խոսք կտրելով, ագահորեն ու անհամբերությամբ խոսք են պահանջում, այդ կեղծ պարկեշտի լռությունը միայն համակրանք է առաջացնում։
Բայց իրականում համեստությունը հաշվարկ է։ Նախկին ֆիզիկոսը հաշվարկում է ուժերի զուգահեռակողմերը, նա դիտում է, նա չի շտապում արտահայտել իր տեսակետը, տեսնելով, որ կշեռքի նժարները դեռևս տատանվում են։ Նա շրջահայացորեն հետաձգում է իր վճռական ելույթը մինչև այն րոպեն, քանի դեռ վերջնականապես չի պարզվել, թե ում կողմն է գերակշռությունը։ Գլխավորը՝ չբացահայտել իրեն, ժամանակից շուտ երևան չհանել իր դիրքը։ իրեն չկապել ընդմիշտ։ Չէ' որ դեռ պարզ չէ, թե առաջ կշարժվի հեղափոխությունը, թե արագորեն հետ կնահանջի, ծովայինի իսկական որդին սպասում է համընթաց քամու, որպեսզի ելնի ալիքների կատարը, և ժամանակավորապես իր նավը պահում է նավահանգստում։
Բացի դրանից, դեռևս Արրասում, վանքի պատերի ներսում, նա դիտում էր, թե ինչքան արագ է մաշվում հանրաճանաչությունը հեղափոխության դարաշրջանում, ինչպես է ժողովրդի ձայնը «օսաննայից» արագ անցնում «նրա նսեմացմանը»։ Բոլորը, կամ համարյա բոլորը նրանցից, ովքեր առաջ են քաշվել Գլխավոր նահանգների և Օրենսդիր ժողովի ժամանակաշրջանում, այսօր մոռացված են կամ ատելություն են առաջացնում։ Միրաբոյի աճյունը, որ երեկ դեռ հանգչում էր պանթեոնում, այսօր խայտառակորեն հեռացված է այնտեղից։ Լաֆայետը, որ դեռ մի քանի շաբաթ առաջ հանդիսավորությամբ հռչակվեց հայրենիքի հայր, այսօր արդեն հայտարարված է դավաճան, Կյուստինը, Պետիոնը, որ մի քանի շաբաթ սրանից առաջ շրջապատված էին ցնծացող ամբոխով, այժմ երկչոտաբար թաքնվում են ստվերի մեջ։ Ո'չ, միայն թե ժամանակից շուտ շատ առաջ չշարժվել, շատ շուտ որոշակի չդառնալ, սկզբից ուրիշներին թողնել հյուծվելու ու սպառվելու։ Ամեն հեղափոխության մեջ, և նա, իր տարիքի համեմատ փորձառու, դա գիտի՝ հաղթանակը հասնում է ոչ թե առաջինին, ոչ թե սկսողին, այլ միշտ միայն վերջինին, այն վերջացնողին և որպես ավար զավթողին։
Եվ այսպես, այդ խելոքը գիտակցաբար թաքնվում է ստվերում: Նա մերձենում է իշխանություն ունեցողների հետ, բայց խուսափում է ամեն մի հասարակական, տեսանելի իշխանությունից։ Փոխանակ ամբիոնից կամ թերթերում աղմկելու, նա նախընտրում է, որ իրեն ընտրեն կոմիտեներում և հանձնաժողովներում, որտեղ կարելի է գործերի վիճակն իմանալ և ազդել իրադարձությունների վրա՝ մնալով ստվերում, խուսափելով վերահսկողությունից և ատելությունից։ Եվ իսկապես, նրա համառ, նպատակասլաց աշխատունակությունը նրա նկատմամբ համակրանք է առաջացնում, իսկ նրա աննկատելի մնալը նրան պաշտպանում է նախանձից։ Իր աշխատասենյակից որոշ ժամանակ նա կարող է սպասելով հանգիստ դիտել, թե ինչպես են իրար ծվատում լեռան վագրերը և ժիրոնդիստ հովազները, ինչպես Վեռնյոյի, Կոնդորսեի, Դեմուլենի, Դանտոնի, Մարատի և Ռոբեսպիերի նման մեծ ու կրքերով համակված նշանավոր մարդիկ միմյանց հասցնում են մահացու վերքեր։ Նա հետևում է նրանց ու սպասում, քանզի գիտի՝ միայն նրանից հետո, երբ կրքերով համակվածները կոչնչացնեն մեկմեկու, կգա նրա ժամը, ով կարողացել է սպասել և ով եղել է շրջահայաց։ Ֆուշեն այսուհետև էլ վերջնական որոշում է ընդունելու միայն այն ժամանակ, երբ արդեն նախորոշված կլինի պայքարի ելքը։
Ստվերում մնալու արվեստին Ֆուշեն հավատարիմ է մնում մինչև կյանքի վերջը։ Երբեք բացահայտորեն մոտ չկանգնել իշխանությանը, բայց և այնպես տիրել այն, բոլոր թելերը ձեռքում պահել և երբեք պատասխանատու չհամարվել։ Մշտապես կանգնել տիրակալի թիկունքին, քողարկվել նրանով, առաջ մղել նրան, և երբ նա չափից ավելի հեռու է գնում, լքել նրան վճռական րոպեին։ Դա նրա սիրած դերն է։ Եվ նա, քաղաքական ասպարեզի այդ ամենակատարյալ բանսարկուն, միանման վարպետությամբ խաղում է այդ դերը քսան տարբերակներով, անթիվ դրվագներում, հանրապետականների, թագավորների և կայսրերի շրջանում։
Երբեմն առիթ է ներկայանում, և դրա հետ առաջանում է համաշխարհային խաղի մեջ հիմնական, գլխավոր դերն իր վրա վերցնելու գայթակղություն։ Բայց նա շատ խելոք է, որպեսզի լրջորեն ձգտի դրան։ Նա հիշում է իր այլանդակ, վանող տեսքը, որին մի փոքր անգամ սազական չեն մեդալներն ու խորհրդանշանները, շքեղությունն ու հանրաճանաչությունը և որին հերոսական ոչինչ չի տա ճակատի դափնեպսակը։ Նա հիշում է իր ճղճղան, թույլ ձայնի մասին, որը լավ է նրա համար, որ շշնջա, թունավորի, կասկածանք ներշնչի, բայց երբեք չի կարող կրակոտ ճառով բոցավառել մասսաներին։ Նա գիտի, որ ինքն ամենից շատ ուժեղ է իր աշխատասենյակի գրասեղանի մոտ, փակ դռան հետևը, ստվերում։ Այնտեղից նա կարող է հետևել և սովորել, դիտել և համոզել, հյուսել ու քանդել բանսարկության թելերը, մնալով անթափանցելի ու անորսալի։
Սրանում է Ժոզեֆ Ֆուշեի հզորության վերջին գաղտնիքը։ Նա միշտ ձգտում է իշխանության, ավելին՝ ամենաբարձր իշխանության, բայց, հակառակ մեծամասնության, նա բավարարվում է իշխանության գիտակցությամբ. նրան պետք չեն նրա արտաքին տարբերանշանները և շքանշանները։ Ֆուշեն վերին աստիճանի փառասեր է, բայց սնապարծ չէ. նա ձգտում է իշխանության, բայց չի գայթակղվում երևութականով։ Որպես քաղաքական բանսարկության իսկական ավարտուն վարպետ, նա գնահատում է միայն իշխանության իրական հնարավորությունները, այլ ոչ նրա արտաքին տարբերանշանները։ Թիկնապահի մականը, թագավորական գայիսոնը, կայսերական թագը նա հանգիստ թողնում է ուրիշին՝ դա ուժեղ մարդ լինի, թե մարիոնետ, միևնույն է, նա հաճույքով զիջում է նրան շքեղությունն ու ժողովրդի սիրելին լինելու կասկածելի երջանկությունը։ Նա բավարարվում է նրանով, որ գիտի գործերի վիճակը, ազդում է մարդկանց վրա, իսկապես ղեկավարում է աշխարհի երևակայական տիրակալին և, իրեն ռիսկի չենթարկելով, կատարում է բոլոր խաղերի մեջ ամենամոլեգինը՝ վիթխարի քաղաքական խաղը։ Այն ժամանակ, երբ ուրիշները կաշկանդված են իրենց համոզմունքներով, իրենց հրապարակային ճառերով ու գործողություններով, նա, խուսափելով լույսից, իր թաքստոցում պահպանում է ներքին ազատությունը և իրադարձությունների վազքի մեջ մնում է անշարժ բևեռ։ Ժիրոնդիստներին տապալեցին, Ֆուշեն մնում է, յակոբինյաններին քշեցին, Ֆուշեն մնում է, դիրեկտորիան, կոնսուլությունը, կայսրությունը, թագավորությունը և նորից կայսրությունը չքանում ու կործանվում են՝ միայն Ֆուշեն միշտ մնում է՝ շնորհիվ իր ապշեցուցիչ զսպվածության, շնորհիվ իր հանդուգն արիության, որով նա լրիվ պահպանում է իր անհաստատակամությունն ու համոզմունքների մշտական բացակայությունը։
Սակայն հեղափոխության համաշխարհային պատմական շարժման մեջ հասնում է մի օր, մի եզակի օր, որը չի հանդուրժում տատանումները, օր, երբ ամեն մեկը պետք է ասի այո' կամ ո'չ, իր ձայնը տա թեր կամ դեմ, խաղա զույգ կամ կենտ, դա 1793 թվականի հունվարի 16-ն էր։ Հեղափոխության ժամացույցի սլաքը մոտեցավ կեսօրին, հետևում էր կես ճանապարհը, քայլ առ քայլ կրճատվում էր թագավորական իշխանությունը։ Բայց Լյուդովիկոս XVI-ը դեռ կենդանի է. նա բանտարկված է Թամպլում, բայց կենդանի է։ Չհաջողվեց (ինչպես հույս ունեին չափավորները) կազմակերպել նրա փախուստը, չհաջողվեց (ինչպես գաղտնի ցանկանում էին ռադիկալները) նրան ոչնչացնել զայրացած ժողովրդի ձեռքերով՝ պալատի վրա գրոհելու ժամանակ։ Նրան ստորացրին, զրկեցին ազատությունից, անունից ու տիտղոսից, բայց նա դեռևս շնչում է, արյան ժառանգական իրավունքով նա դեռևս թագավոր է, նա Լյուդովիկոս XIV-ի թոռն է, և այժմ չնայած նրան հակակրանքով անվանում են ոչ այլ կերպ, քան Լուի Կապետ, բայց նա դեռևս վտանգավոր է երիտասարդ հանրապետության համար։ Եվ ահա Կոնվենտը, հունվարի 15-ին դատելով նրան, հարց է դնում պատժելու մասին, հարց՝ կենաց ու մահու մասին։ Անվճռական, վախկոտ, զգույշ և Ժոզեֆ Ֆուշեի նման մարդիկ զուր հույսեր էին փայփայում՝ գաղտնի քվեարկության օգնությամբ խույս տալ հայտնի դառնալուց, իրենց դիրքերի հրապարակային բացահայտումից։ Ռոբեսպիերը անողոքորեն ստիպում է, որպեսզի ֆրանսիական ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ժողովում արտահայտվի թեր կամ դեմ, կենաց կամ մահու կողմ, որպեսզի ժողովուրդն ու նրա սերունդները իմանան, թե ում շարքը դասեն ամեն մեկին՝ աջերի՞, թե ձախերի, հեղափոխության մակընթացությա՞ն, թև տեղատվության։
Ֆուշեի դիրքորոշումը հունվարի 15-ին արդեն լրիվ պարզ է։ Ժիրոնդիստներին պատկանելը, իր արտակարգ չափավոր ընտրողների ձգտումը նրան պարտավորեցնում են պահանջել՝ ներել թագավորին։ Նա հարցուփորձ է անում ընկերներին, ամենից առաջ Կոնդորսեին, և տեսնում է, որ նրանք միաձայն հակված են այդ անուղղելի որոշումից` մահապատժից խուսափելուն։ Եվ որքանով որ մեծամասնությունը սկզբունքորեն դեմ էր մահապատժին, Ֆուշեն, հասկանալի է, կանգնում է նրանց կողմը. դեռ նախօրեի երեկոյան, հունվարի 15-ին նա ընկերներից մեկին կարդում է Կոնվենտում իր արտասանելիք ճառի տեքստը՝ ներման խնդրանքի հիմնավորումով։ Երբ արդեն, նստած ես չափավորների նստարանին, դա պարտավորեցնում է չափավորություն, և քանի որ մեծամասնությունը ըմբոստանում է ամեն տեսակ ռադիկալիզմի դեմ, ապա այն մերժում է նաև Ժոզեֆ Ֆուշեն, իրեն չծանրաբեռնելով ոչ մի համոզմունքով։
Բայց հունվարի 15-ի երեկոյի և 16-ի առավոտի միջև դեռևս կար գիշեր՝ անհանգիստ ու տագնապալի։ Ռադիկալները անգործության չէին մատնված, նրանք շարժման մեջ դրին ժողովրդական զայրույթը, որը հրաշալի կառավարել գիտեին։ Արվարձաններում լսվեց ազդանշանային թնդանոթի որոտը, բաժանմունքները թմբկահարությամբ հավաքում են ժողովրդին՝ ստվերում մնացած տեռորիստների կողմից միշտ գրգռվող խռովարարների անկարգ գումարտակները, որպեսզի հարկադրեն ընդունելու այս կամ այն քաղաքական որոշումը. գարեջրագործ Սանթերը մատի մի շարժումով մի քանի ժամում նրանց շարժման մեջ է դնում։ Արվարձանների ագիտատորների, ձկնավաճառների և արկածախնդիրների այդ գումարտակները հայտնի են դեռևս Բաստիլիայի փառահեղ գրավումից, նրանց գիտեն սեպտեմբերյան սարսափելի կոտորածների ժամանակներից։ Ամեն անգամ, երբ պետք է ճեղքել օրենքների պատնեշը, զոռով վեր են բարձրացնում այդ հսկայական ժողովրդական ալիքը, և միշտ այն անհաղթահարելիորեն տանում է իր հետ ամեն ինչ, և վերջինը նրանց, որոնց նա մակերես է հանել սեփական խորքից։
Արդեն կեսօրին հոծ ամբոխները՝ մերկացրած կրծքով ու սարսափազդու նիզակները ձեռքներին տղամարդիկ, ծաղրող ալ կարմիր կարմանոլներով աղմկող կանայք, ազգային գվարդիայի զինվորները և ուղղակի փողոցի մարդիկ շրջապատում են ձիամարզարանը և Թյուիլրին։ Նրանց միջից դուրս են գալիս խռովության կազմակերպիչները՝ ամերիկացի Ֆուրնյեն, իսպանացի Հուսմանը, Թերուան դը Մերիկուրը, որը կարծես Ժաննա դը Արկի պատմական ծաղրապատկերն էր։ Երբ անցնում են այն դեպուտատները, որոնց կասկածում են ներելու համար ձայն տալու պատրաստակամության մեջ, նրանց վրա, ինչպես կեղտաջրի տակառից, հայհոյանքների տարափ են թափում, ժողովրդի ներկայացուցիչներին ահաբեկում են բռունցքներով, սպառնալով հաշվեհարդարով. տեռորի և բռնի ուժի բոլոր միջոցները գործի են դրվում, որպեսզի վախեցնեն դեպուտատներին, որպեսզի նրանց ստիպեն թագավորին ուղարկելու կառափնարան։
Եվ այդ ահաբեկումը ազդում է բոլոր փոքրոգիների վրա։ Այդ ձմեռային գորշ մթնշաղերին մոմերի կայծկլտացող լույսի տակ հավաքվում են սարսափած ժիրոնդիստները։ Դեռ երեկ նրանք պատրաստ էին քվեարկելու թագավորի մահապատժի դեմ, որպեսզի խուսափեն Եվրոպայի հետ կործանարար պատերազմից, իսկ այժմ, ժողովրդական ապստամբության սարսափելի ճնշման տակ նրանք բռնվել են տագնապով ու տարաձայնություններով։ Վերջապես, ուշ երեկոյան սկսվում է անվանական քվեարկությունը, և ճակատագրի ծաղրով առաջինը խոսք պիտի ասի ժիրոնդիստների առաջնորդ Վեռնյոն, որի՝ միշտ այնքան կրակոտ ձայնը, չէ որ հռետորը հարավցի է, մուրճի պես ցնցում էր պատերը։ Բայց այդ պահին նա, հանրապետության առաջնորդը, վախենում է, որ բավական հետևողական հանրապետական չի երևա, եթե խնայի թագավորի կյանքը։ Եվ նա, սովորաբար միշտ պոռթկուն ու մոլեգին, ամոթահար իջեցնելով մեծ գլուխը, դանդաղ, ծանր քայլերով բարձրանում է ամբիոն և ցածր արտասանում՝ «La mort» - մահ:
Այդ բառը, ինչպես կամերտոնի ձայն, տարածվում է դահլիճում։ Ժիրոնդիստներից առաջինը նահանջեց։ Մնացածների մեծ մասը հավատարիմ է իրեն. յոթ հարյուր ձայնից երեք հարյուրը տրվում է ներման օգտին, չնայած բոլորը գիտակցում են, որ այժմ քաղաքական չափավորությունը պահանջում է շատ ավելի խիզախություն, քան կեղծ վճռականություն։ Երկար տատանվում են կշեռքի նժարները. մի քանի ձայնը կարող է ամեն ինչ վճռել։ Վերջապես կանչում են Ժոզեֆ Ֆուշեին, Նանտի դեպուտատին, հենց նրան, որը դեռ նախօրյակին համոզում էր ընկերներին, որ կրակոտ ճառով պաշտպանելու է թագավորի կյանքը, որը դեռևս տասը ժամ առաջ վճռականների մեջ խաղում էր ամենավճռականի դերը։ Բայց այդ ժամանակամիջոցում մաթեմատիկայի նախկին ուսուցիչը, լավ կալկուլյատոր Ֆուշեն հաշվեց ձայները և տեսավ, որ ինքը ռիսկ է անում ընկնելու ոչ ցանկալի կուսակցության մեջ, միակ կուսակցության մեջ, որին երբեք չի միանալու՝ փոքրամասնության կուսակցության մեջ։ Մունջ քայլվածքով նա արագ բարձրանում է ամբիոն, և նրա գունատ շուրթերից դանդաղ թռչում է «La mort» - մահ բառը:
Օթրանտի դուքսը հետագայում կարտասանի ու կգրի հարյուր հազար բառ, որպեսզի հանձն առնի, որ այդ մի բառը, սրի Ժոզեֆ Ֆուշեին դարձրեց régicide արքայասպան, սխալմունք էր։ Բայց բառն ասված էր հրապարակայնորեն և տպագրված էր «Moniteur»-ում (2), այն պատմությունից չես ջնջի, այն առհավետ հիշելի կմնա նաև նրա անձնական կյանքի պատմության մեջ։ Քանզի այն Ժոզեֆ Ֆուշեի առաջին հրապարակային անկումն էր։ Նա խարդախորեն թիկունքից հարձակվեց իր ընկերների՝ Կոնդորսեի և Դոնի վրա, հիմարացրեց նրանց ու խաբեց։ Բայց պատմության առջև դրա համար նրանք չեն կարմրի, չէ՛ որ ուրիշներն էլ, ավելի ուժեղները՝ Ռոբեսպիերն ու Կառնոն, Լաֆայետը, Բարրասն ու Նապոլեոնը, իրենց դարաշրջանի ամենահզոր մարդիկ, բաժանելու են նրանց բախտը, անհաջողության պահին նա դավաճանելու է նրանց։
Այդ պահին, բացի դրանից, Ժոզեֆ Ֆուշեի բնավորության մեջ առաջին անգամ երևում է նաև վառ արտահայտվող և էական մի գիծ՝ նրա անամոթությունը։ Դավաճանաբար լքելով իր կուսակցությունը, նա երբեք զգույշ ու դանդաղաշարժ չի լինում, գողունի դուրս գալով նրա շարքերից, նա շփոթված չի թաքնվում։ Ոչ, օրը ցերեկով, սառը քմծիծաղով, զարմանալի, ջախջախիչ ինքնավստահությամբ նա ուղիղ գծով անցնում է երեկվա հակառակորդի կողմը և սեփականում է նրա բոլոր խոսքերն ու փաստարկները։ Ինչ են մտածում ու ասում նրա մասին իր կուսակցության նախկին ընկերները, ի՛նչ է մտածում ամբոխն ու հասարակայնությունը, նրա համար ոչ մի նշանակություն չունի։ Նրա համար կարևոր է միայն մի բան. միշտ լինել հաղթողների թվում, ոչ թե հաղթվածների։ Նրա կերպարանափոխման կայծակնայնության և դավաճանությունների անսահման ցինիզմի մեջ դրսևորվում է հանդգնություն, ակամա շշմեցնող, վրդովեցուցիչ զարմանք։ Նրան բավական է քսանչորս ժամ, երբեմն մեկ ժամ, երբեմն միայն մի ակնթարթ, որպեսզի բոլորի աչքի առջև ուղղակի դեն շպրտի իր համոզմունքների դրոշը և աղմուկով պարզի մի ուրիշը։ Նա հետևում է ոչ թե գաղափարներին, այլ ժամանակին, և որքան արագ է սլանում այն, այնքան ճարպկությամբ է նա հասնում նրա հետևից։
Նա գիտի՝ Նանտի ընտրողները զայրանալու են, վաղը «Moniteur»-ում կարդալով, թե ինչի համար է նա ձայն տվել։ Նշանակում է պետք է նրանց շշմեցնել. դա ավելի ճիշտ է, քան համոզելը։ Եվ հենց նույն շշմեցուցիչ հանդգնությամբ, նույն լկտիությամբ, որն այդպիսի պահերին քիչ է մնում վեհ տեսք տա նրան, նա չի սպասում զայրույթի, պոռթկման, այլ զգուշանում է հարձակումից։ Քվեարկությունից արդեն մեկ օր հետո Ֆուշեն հրապարակում է մանիֆեստ, որում նա աղմուկով որպես իր ներքին համոզմունք է ներկայացնում այն, ինչը իրականում նրան պառլամենտում տապալվելու սարսափ էր ներշնչել. նա իր ընտրողներին ժամանակ չի թողնում մտորելու և հաշվարկներ անելու համար, այլ շեշտակիորեն ու կոպիտ ձևով տեռորի է ենթարկում ու վախեցնում նրանց։
Ոչ Մարատը, ոչ էլ ամենաթունդ յակոբինյանները, դիմելով իրենց բուրժուական ընտրողներին, չէին կարող գրել ավելի արյունռուշտորեն, քան դեռ երեկ այդ չափավոր դեպուտատը։ «Բռնակալի հանցագործությունները դարձել են ակնհայտ և բոլոր սրտերը լցրել են զայրույթով. եթե նրա գլուխը անհապաղ չընկնի գիլյոտինի դանակի տակ, բոլոր ավազակներն ու մարդասպանները կարող են ազատ դեգերել փողոցներում և մեզ կսպառնա սարսափելի քաոսը։ Ժամանակն աշխատում է մեր օգտին և աշխարհի բոլոր թագավորների դեմ»։ Այդպես մահապատժի անհրաժեշտության ու անխուսափելիության է կոչում նա, ով դեռ երեկ սերթուկի գրպանում կրում էր նույնքան համոզիչ մի մանիֆեստ՝ ընդդեմ այդ մահապատժի։
Եվ իսկապես, խելոք մաթեմատիկոսը ճիշտ էր հաշվարկել։ Լինելով օպորտունիստ, նա հրաշալի գիտե վախկոտության ամենակործան ուժը. նա գիտե, որ երբ քաղաքական ասպարեզ են մտնում մասսաները, համարձակությունը բոլոր հաշվարկներում դառնում է վճռող հայտարար։ Եվ նա ճիշտ է դուրս գալիս, բարեկանոն, պահպանողական բուրժուան երկչոտաբար խոնարհվում է այդպիսի լկտի, անսպասելի մանիֆեստի առջև։ Մոլորեցված ու շփոթված, նրանք շտապում են հաստատել այն որոշումը, որին հոգու խորքում բոլորովին համաձայն չեն։ Ոչ ոք չի համարձակվում հակառակվել։ Եվ հենց այդ օրվանից Ժոզեֆ Ֆուշեն ձեռքում պահում է այն կոշտ, սառը լծակը, որը նրան հնարավորություն է տալիս դուրս պրծնելու բոլոր հանգամանքներում. դա արհամարհանքն է մարդկանց նկատմամբ։
Այդ օրվանից, հունվարի 16 - ից, քամելեոն Ժոզեֆ Ֆուշեն ընտրում է (միառժամանակ) կարմիր գույնը, մեկ օրում չափավորը դառնում է ծայրահեղորեն անհաշտ ռադիկալ և գերտեռորիստ։ Մի ոստյունով նա նետվեց հակառակորդների ճամբարը և նույնիսկ նրանց շարքերում ծայրահեղ, ամենաձախ, ամենառադիկալ թևում էր։ Սարսափելի շտապողականությամբ, միայն թե հետ չմնա ուրիշներից, այդ սառը ուղեղը, այդ կաբինետային սթափ մարդը յուրացնում է տեռորիստների արնախում ժարգոնը։ Նա պահանջում է վճռական միջոցներ էմիգրանտների, հոգևորականության դեմ. նա գրգռում է, որոտում, մոլեգնում, նա սպանում է բառերով ու ժեստերով: Իսկն ասած, նա կարող էր նորից ընկերանալ Ռոբեսպիերի հետ և նստել նրա կողքին։ Բայց այդ անկաշառ, խիստ բողոքականի խղճմտանքով օժտված մարդը չի սիրում ռենեգատներին, կրկնապատկված անվստահությամբ նա երես է թեքում փախստականից, Ֆուշեի աղմկոտ ռադիկալիզմը նրան ավելի կասկածելի է թվում նրա նախկին սառնարյունությունից։
Ֆուշեն իր սուր զգացողությամբ կռահում է այդ հսկողության վտանգը, նա կանխատեսում է կրիտիկական օրերի գալուստը։ Ամպրոպը դեռ չէր վերացել ժողովի վրայից, իսկ քաղաքական հորիզոնում արդեն խտանում են ողբերգական պայքարի ամպերը հեղափոխության առաջնորդների միջև, Դանտոնի և Ռոբեսպիերի, Էբերի և Դեմուլենի միջև, և այստեղ, ռադիկալների շրջանում, պետք էր ինչ-որ մեկի կողմն անցնել, բայց Ֆուշեն չի սիրում կապանք դնել իրեն, մինչև որ դիրքորոշումները չդառնան անվտանգ ու շահավետ։ Նա գիտի, որ դիվանագետի իմաստնությունը նրանում է, որ վճռական, ժամին հեռու լինի այլ իրավիճակներից։ Եվ ահա նա որոշում է մեկընդմիշտ թողնել կոնվենտի քաղաքական պայքարի արենան, որպեսզի վերադառնա, երբ վեճը լուծված կլինի։ Այդպիսի նահանջի համար, բարեբախտաբար, ներկայանում է պատվավոր առիթ, քանզի Կոնվենտը իր կազմից երկու հարյուր պատվիրակներ է ընտրում, որպեսզի օկրուգներում կարգ պահպանի։ Նա իրեն վատ է զգում ժողովների դահլիճի հրաբխային մթնոլորտում, և Ֆուշեն ամբողջ ջանքերը գործադրում է, որպեսզի ընկնի գործուղվող պատվիրակների թվի մեջ։ Նրան ընտրում են։ Նրան շունչ առնելու հնարավորություն է տրված։ Թող այդ ժամանակ մյուսները պայքարեն, թող ոչնչացնեն մեկը մյուսին, թող նրանք՝ կրքոտները, տեղ մաքրեն փառասերի համար։ Միայն թե այդ ժամանակ ինքը չլինի, ստիպված չլինի ընտրելու կուսակցություններից մեկը։ Մի քանի ամիսը, մի քանի շաբաթը քիչ բան չի համաշխարհային ժամացույցի կատաղի վազքի դարաշրջանում։ Երբ նա վերադառնա, պայքարի ելքը արդեն վճռված կլինի, և այն ժամանակ նա կարող է հանգիստ ու անվտանգ միանալ հաղթողին, իր անփոփոխ կուսակցությանը՝ մեծամասնությանը։
Ֆրանսիական հեղափոխության պատմաբանները սովորաբար քիչ ուշադրություն են հատկացնում պրովինցիաների իրադարձություններին։ Բոլոր նկարագրությունները կարծես գամված են Փարիզի թվատախտակին, միայն նրա վրա է տեսանելի ժամանակի ընթացքը։ Բայց այդ ընթացքը կարգավորող ճոճանակը պետք է փնտրել նաև երկրում և բանակում։ Փարիզը լոզունգ է, նախաձեռնություն, սկզբնական շարժառիթ, իսկ հսկայական երկրում կենտրոնացված են գործողությունն ու վճռական շարժիչ ուժը։
Կոնվենտը ճիշտ ժամանակին հասկացավ, որ հեղափոխության տեմպերը քաղաքում և գյուղում չեն համընկնում. գյուղերում, գյուղակներում ու լեռներում այնքան արագ չեն ըմբռնում, ինչպես մայրաքաղաքում, գաղափարները նրանք շատ դանդաղ ու զգույշ են ընկալում և դրանք յուրացնում են ըստ սեփական հասկացողության։ Այն, ինչ Կոնվենտում մեկ ժամվա ընթացքում դառնում է օրենք, միայն դանդաղ և կաթիլներով է ներծծվում գյուղ և մեծ մասամբ թափանցում է այնտեղ՝ գավառական ռոյալիստ չինովնիկների և հոգևորականության հին կարգի մարդկանց ջանքերով, աղավաղված ու ջրիկացած։ Դրա համար էլ գյուղական օկրուգները Փարիզից հետ են մնում մի ամբողջ դարաշրջանով։ Երբ Կոնվենտում իշխում են ժիրոնդիստները, պրովինցիաներում դեռևս թագավորին պաշտպանող ձայներ են լսվում, երբ հաղթանակում են յակոբինյանները, պրովինցիան նոր միայն սկսում է մոտենալ ժիրոնդայի գաղափարներին։ Դրա համար իզուր են բոլոր վերամբարձ դեկրետները, քանի որ տպագիր խոսքը այն ժամանակ դանդաղ ու անվճռականորեն էր իր համար ճանապարհ հարթում դեպի Օվերն ու Վանդեա։
Դա Կոնվենտին ստիպեց պրովինցիա ուղարկել կենդանի խոսքի գործարար մարդկանց, որպեսզի արագացնի հեղափոխության ռիթմը ամբողջ Ֆրանսիայում, ընկճի գյուղական օկրուգների զարգացման տատանվող, գրեթե հակահեղափոխական տեմպը։ Նա իր միջից ընտրում է երկու հարյուր դեպուտատների, որոնք պարտավոր էին կատարել նրա կամքը և օժտում է նրանց համարյա անսահմանափակ իշխանությամբ։ Ով կրում է եռագույն շարֆ և փետուրներով կարմիր գլխարկ, նա ունի դիկտատորի իրավունքներ։ Նա կարող է հարկեր գանձել, դատավճիռներ կայացնել, զինակոչիկներ հավաքագրել, պաշտոնանկ անել գեներալների. ոչ մի գերատեսչություն չի կարող հակադրվել նրան, ով իր օրհնյալ անձով սիմվոլիկ ձևով ներկայացնում է Կոնվենտի կամքը։ Նրա իրավունքները սահմանափակված չեն, ինչպես մի ժամանակ Հռոմի պրոկոնսուլների իրավունքները, որոնք նվաճված բոլոր երկրներում կատարում էին սենատի կամքը. նրանցից յուրաքանչյուրը դիկտատոր է, ինքնիշխան տիրակալ. նրա որոշումները ենթակա չեն բողոքարկման և վերանայման։
Այդ ընտրովի պրոկոնսուլների հզորությունը հսկայական է, բայց հսկայական է և պատասխանատվությունը։ Նրանցից յուրաքանչյուրը իրեն վստահված մարզում հանդիսանում է թագավոր, կայսր, անսահմանափակ ինքնակալ։ Բայց միաժամանակ նրա թիկունքին փայլատակում է գիլյոտինը, քանզի Հասարակական փրկության կոմիտեն հետևում է ամեն մի բողոքի և յուրաքանչյուրից դաժանորեն պահանջում է ամենաճշգրիտ հաշվետվություն նրան տրված դրամական գումարների ծախսումների մասին։ Ով բավականաչափ խիստ չէր, նրա հետ խիստ էին վարվում, և ընդհակառակը, ով չափից ավելի վայրագություն էր անում, նրան պատիժ էր սպասում։ Եթե ընդհանուր ուղղությունը հակվում է դեպի տեռորը, ճիշտ են տեռորիստական միջոցառումները, եթե ծանրանում է կշեռքի գթասրտության նժարը, նրանք սխալ են դուրս գալիս։ Լինելով ամբողջ մարզերի թվացյալ տերեր, նրանք իրականում Հասարակական փրկության կոմիտեի ստրուկներ են, ենթակա քաղաքական իրադրության փոփոխություններին, դրա համար էլ նրանք ակնդետ նայում են Փարիզի կողմը, ունկնդրում նրա ձայնին, որպեսզի իշխելով ուրիշների կյանքին ու մահին, պահպանեն իրենց կյանքը։ Թեթև պաշտոն չեն վերցրել նրանք իրենց վրա. այնպես են, ինչպես հեղափոխության գեներալները թշնամու դեմ դիմաց, նրանք գիտեն, որ իրենց ներել և մերկացրած սրից փրկել կարող է միայն մի բան՝ հաջողությունը։
Այնժամ, երբ Ֆուշեն նշանակվեց պրոկոնսուլ, ռադիկալների ժամն էր։ Դրա համար էլ Ֆուշեն ներքին Լուարայի իր դեպարտամենտում՝ Նանտում, Նևերում և Մուլենում մոլի ռադիկալ է։ Նա ջախջախում է չափավորներին, պրովինցիան հեղեղում է մանիֆեստներով, նա խիստ պատիժներով սպառնում է հարուստներին, բոլոր տատանվողներին և անվճռականներին. կիրառելով հոգեկան ու ֆիզիկական հարկադրանք, նա գյուղերում հավաքում է կամավորների ամբողջ գնդեր և նրանց ուղարկում է թշնամու դեմ։ Որպես կազմակերպիչ և իրադրությունը արագ ըմբռնող մարդ, նա ամենաքիչը հավասար է իր ընկերներին, հանդուգն ճառերով նա գերազանցում է նրանց բոլորին։ Որովհետև, և դա պետք է հիշել, Ժոզեֆ Ֆուշեն, ի տարբերություն հեղափոխության նախաձեռնող Ռոբեսպիերի և Դանտոնի, որոնք դեռևս մասնավոր սեփականությունը հարգալից հայտարարում են «անձեռնմխելի», կրոնի և մասնավոր սեփականության հարցերում հանդես չի բերում զգուշություն, նա կազմում է համարձակ, ռադիկալ-սոցիալիստական, բոլշևիկյան ծրագիր։ Նոր ժամանակի առաջին բացահայտ կոմունիստական մանիֆեստը, ըստ էության, եղել է ոչ Կարլ Մարքսի հռչակավոր մանիֆեստը և ոչ էլ Գևորգ Բյուխների «Hessische Landbote»-ն (3), այլ սոցիալիստական տարեգրության մեջ համարյա չհիշատակված Լիոնի «Հրահանգը», որը չնայած միասին ստորագրել են Կոլլո դը Էրբուան և Ֆուշեն, բայց անկասկած գրել է միայն Ֆուշեն։ Այդ ազդու, ժամանակի հարցադրումներից հարյուր տարով առաջ անցած փաստաթուղթը՝ հեղափոխության փաստաթղթերից ամենահետաքրքիրը։ արժանի է, որ հանվի մոռացության խավարից, թեպետ դրա պատմական արժեքը փոքրանում է նրանով, որ հետագայում Օթրանտի դուքսը կատաղաբար հերքում էր այն ամենը, ինչը որ նա ինքը մի ժամանակ պահանջում էր որպես քաղաքացի Ժոզեֆ Ֆուշե, այնուամենայնիվ, ժամանակակից տեսանկյունով, նրա այն ժամանակվա հավատի այդ սիմվոլը ստիպում է Ֆուշեին համարել հեղափոխության առաջին բացահայտ սոցիալիստն ու կոմունիստը։ Ոչ Մարատը և ոչ էլ Շոմետն են ձևակերպել ֆրանսիական հեղափոխության ամենահամարձակ պահանջները, այլ Ժոզեֆ Ֆուշեն. այդ փաստաթուղթը ցանկացած նկարագրությունից վառ ու ցայտուն է լուսավորում ստվերում մշտապես թաքնվող նրա կերպարը։
«Հրահանգը» համարձակորեն սկսվում է ցանկացած խիզախության անսխալականության հռչակումով. «Ամեն ինչ թույլատրելի է նրանց, ովքեր գործում են հեղափոխական ոգով։ Հանրապետականի համար վտանգ չկա, բացի հանրապետության օրենքների պոչից քարշ գալու վտանգից։ Ով լոք տալով կանցնի նրանց վրայով, ով, թվում է թե, նպատակակետից առաջ կանցնի, նա հաճախ դեռ հեռու է ավարտից։ Քանի դեռ երկրի վրա գոյություն ունի թեկուզ մի դժբախտ, ազատությունը պետք է միշտ ընթանա առաջ ու առաջ»։
Այդ եռանդուն և արդեն բավական մաքսիմալիստական նախաբանից հետո Ֆուշեն այսպես է բացատրում հեղափոխական ոգու էությունը, «Հեղափոխությունը կատարված է ժողովրդի համար, բայց այդ անվան տակ չպետք է հասկանալ իր հարստության շնորհիվ արտոնյալ, կյանքի ամբողջ ուրախությունը և հասարակական ամբողջ ունեցվածքը սեփականած դասին։ Ժողովուրդը ֆրանսիական քաղաքացիների միագումարն է և ամենից առաջ մեր հայրենիքի սահմանները պաշտպանող ու աշխատանքով հասարակությանը կերակրող աղքատների հսկայական դասը։ Հեղափոխությունը կլիներ քաղաքական ու հոգեկան անկարգություն, եթե այն հոգ տաներ մի քանի հարյուր մարդկանց բարօրության համար և աղքատության մեջ մնար քսանչորս միլիոնը։ Այն վիրավորական խաբկանք կլիներ մարդկության համար, եթե ամբողջ ժամանակ մենք խոսեինք հավասարության մասին այն ժամանակ, երբ բարօրության ահռելի տարբերությունները մի մարդուն բաժանում են մյուսից»։ Այս ներածական խոսքերից հետո Ֆուշեն զարգացնում է իր սիրած տեսությունը, որ հարուստը, mauvais riche, չի կարող լինել իսկական հեղափոխական, չի կարող լինել իսկական, ազնիվ հանրապետական, որ, հետևաբար, ունեցվածքի տարբերությունը պահպանող ամեն մի իսկապես բուրժուական հեղափոխություն անխուսափելիորեն կվերասերվի նոր բռնակալության, «որովհետև հարուստները իրենց միշտ կհամարեն մարդկանց առանձնահատուկ տեսակ»։ Դրա համար Ֆուշեն ժողովրդից պահանջում է հանդես բերել մեծագույն եռանդ և իրականացնել կատարյալ «ինտեգրալ» հեղափոխություն։ «Մի խաբեք ձեզ. իսկապես հանրապետական լինելու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իր մեջ հեղափոխություն կատարի, այնպիսի հեղափոխություն, որը վերափոխի Ֆրանսիայի դեմքը։ Ոչ մի ընդհանուր բան չպիտի մնա բռնակալների հպատակների և ազատ երկրի բնակիչների միջև։ Ձեր բոլոր գործողությունները, ձեր զգացմունքները, ձեր սովորությունները պետք է փոխվեն։ Ձեզ կեղեքում են, ուրեմն դուք պետք է ոչնչացնեք ձեզ կեղեքողներին, դուք եղել եք եկեղեցական նախապաշարումների ստրուկներ, այժմ ձեր միակ պաշտամունքը թող լինի ազատության պաշտամունքը... Ամեն մեկը, ում օտար է այդ խանդավառությունը, ով այլ ուրախություն, այլ հոգսեր ունի, բացի ժողովրդի երջանկությունը, ով իր հոգին բացում է սառը շահերի համար, ով հաշվում է, թե ինչ շահ կտա իրեն իր կոչումը, պաշտոնն ու տաղանդը, և դրանով մի պահ կանջատվի ընդհանուր գործից, ում արյունը չի եռում կեղեքում ու փարթամություն տեսնելիս, ով համակրությամբ արցունքներ է հեղում ժողովրդի թշնամիների դժբախտության վրա և իր ամբողջ զգայունակությունը չի պահում ազատության նահատակների համար, նա ստում է, եթե համարձակվում է իրեն համարել հանրապետական։ Թող նա հեռանա մեր երկրից, այլապես նրան կճանաչեն, նրա կեղտոտ արյունը կոռոգի ազատության հողը։ Հանրապետությունն ուզում է իր սահմաններում տեսնել միայն ազատ մարդկանց, նա որոշել է ոչնչացնել մնացած բոլորին, և նա իր զավակներն է համարում միայն նրանց, ովքեր ուզում են ապրել, պայքարել և մեռնել նրա համար»։ Երրորդ պարագրաֆից հեղափոխական դեկլարացիան սկսում է դառնալ մերկացած, բացահայտ կոմունիստական մանիֆեստ (առաջին բավական բացահայտը 1793 թվականից հետո): «Յուրաքանչյուրը, ում ունեցվածքը շատ է ամենաանհրաժեշտից, պետք է ներգրավվի այդ արտակարգ կարևոր գործին, և մուծումները պետք է համապատասխանեն հայրենիքի մեծ պահանջներին. դրա համար դուք պետք է ամենալայն չափերով, իսկական հեղափոխական ձևով սահմանեք, թե յուրաքանչյուրը ինչքան պետք է մուծի ընդհանուր գործի համար։ Այստեղ խոսքը գնում է ոչ թե մաթեմատիկական սահմանման մասին և ոչ էլ այն երկչոտ ու զգույշ մեթոդի մասին, որը սովորաբար կիրառվում է հարկային ցուցակներ կազմելու համար, այդ առանձնահատուկ միջոցառումը պետք է համապատասխանի հանգամանքների բնույթին։ Դրա համար էլ գործեք ազատ ու համարձակ, վերցրեք ամեն մի քաղաքացուց այն ամենը, որի կարիքը նա չունի, քանզի ամեն տեսակ ավելցուկ (le superflu) ժողովրդի իրավունքների բացահայտ անարգանք է։ Հազվագյուտ անհատը միայն կարող է ի չարը գործադրել իր ավելցուկները։ Դրա համար թողեք միայն անպայման անհրաժեշտը, մնացած բոլորը պատերազմի ժամանակ պատկանում է Հանրապետությանը և նրա բանակին»։
Այդ մանիֆեստում Ֆուշեն հատկապես ընդգծում է, որ չի կարելի բավարարվել միայն դրամով։ «Բոլոր առարկաները, - շարունակում է նա, - որոնք որպես ավելցուկ ունեն քաղաքացիները, և որոնք կարող են օգտակար լինել հայրենիքի պաշտպաններին, այսուհետև պատկանում են հայրենիքին։ Կան մարդիկ, որոնք ունեն հսկայական քանակությամբ կտավ ու շապիկ, գործվածք ու կոշիկ։ Այդ բոլոր իրերը պետք է դառնան հեղափոխական բռնագրավման առարկա»։ Նույն ձևով նա պահանջում է, որ ազգային գանձարանին հանձնվեն ոսկին ու արծաթը, métaux vils et corrupteurs, (4), արհամարհելի բան իսկական հանրապետականի համար. «հանրապետության տարբերանշանով զարդարված, կրակով մաքրված, դրանք կդառնան հասարակության օգտակար սեփականություն։ Հանրապետության հաղթանակի համար մեզ պետք են միայն պողպատ ու երկաթ»։ Դիմումը վերջանում է անողոք լինելու սարսափելի կոչով։ «Մենք ամբողջ խստությամբ պահելու ենք մեզ հանձնված լիազորությունները, մենք պատժելու ենք որպես չար մտադրություն այն բոլորը, որն այլ պայմաններում կարող էր կոչվել թողտվություն, թուլություն և դանդաղկոտություն։ Կիսատ-պռատ ձեռնարկումների և ներելու ժամանակն անցել է։ Օգնեցե՛ք մեզ հասցնելու հզոր հարվածներ, այլապես դրանք կթափվեն հենց ձեզ վրա։ Ազատությո՜ւն կամ մա՛հ, ընտրեցեք»։
Այդ սկզբունքային փաստաթուղթը հնարավորություն է տալիս հասկանալու Ժոզեֆ Ֆուշեի գործունեության մեթոդները պրոկոնսուլի դերում։ ներքին Լուարայի դեպարտամենտում, Նանտում, Նևերում և Մուլենում նա համարձակվում է պայքարի մեջ մտնել Ֆրանսիայի ամենահզոր ուժերի մասնավոր սեփականության և եկեղեցու դեմ, որոնց առջև զգույշ նահանջում են նույնիսկ Ռոբեսպիերն ու Դանտոնը։ Նա գործում է արագ ու վճռական égalisation des fortunes-ի (5) ուղղությամբ և հնարում է այսպես կոչված «ֆիլանտրոպիական կոմիտեներ», որոնց հարուստ մարդիկ պարտավորվում են նվերներ տանել, նրանց չափերը սահմանելով իբր թե իրենց հայեցողությամբ։ Որպեսզի բավականին լավ հասկանալի դառնա, նա անմիջապես նուրբ ցուցում է տալիս. «Եթե հարուստը չի օգտագործում ազատության ռեժիմը սիրո արժանի դարձնելու իր իրավունքը, հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում գրավելու նրա ունեցվածքը»։ Նա չի հանդուրժում ավելցուկները և եռանդուն ձևով ընդլայնում է superflu հասկացողությունը, հաստատելով, որ «հանրապետականին պետք են միայն զենք, հաց և քառասուն էկյուի եկամուտ»։ Ֆուշեն ախոռներից հանում է ձիերը, պարկերից՝ ալյուրը. վարձակալները կյանքով են հատուցում իրենց տրված կարգադրությունները չկատարելու համար. նա կարգադրում է օգտագործել ցածրորակ հաց, ինչպիսին հետագայում եղավ նաև համաշխարհային պատերազմի հացը, և արգելում է ամեն տեսակ թխվածքները սպիտակ ալյուրից։ Այդ ձևով ամեն շաբաթ նա դուրս էր բերում հինգ հազար զորակոչիկ՝ համալրված ձիերով, կոշիկներով, հանդերձանքով ու զենքով։ Նա ֆաբրիկաներին ստիպում է աշխատել, և ամեն ինչ ենթարկվում է նրա երկաթյա կամքին։ Փողերը հոսում - կուտակվում են` հարկեր, տուրքեր ու նվիրատվություններ, մատակարարումներ և աշխատանքային պարհակներ, երկու ամիս հետո նա Կոնվենտին հպարտությամբ գրում է. «Ont rougit ici d'être» - «Այստեղ ամաչում են հարուստ հռչակվել»։ Բայց իրականում նա պետք է ասեր. «Այստեղ վախենում են հարուստ լինել»։
Հանդես գալով որպես ռադիկալ և կոմունիստ, Ժոզեֆ Ֆուշեն, որ հետագայում դառնում է միլիոնատեր ու Օթրանտի դուքս և երկրորդ անգամ թագավորի օրհնանքով պսակվում է եկեղեցում, այդ ժամանակ իրեն դրսևորեց որպես կրքոտ մարտիկ ընդդեմ քրիստոնեության, «Այդ կեղծ պաշտամունքը պետք է փոխարինվի հավատով դեպի հանրապետությունն ու բարոյականությունը»՝ որոտում է նա իր այրող ուղերձում, և նրա առաջին միջոցառումները, որպես կայծակի հարվածներ, թափվում են եկեղեցիների և տաճարների վրա։ Օրենք օրենքի հետևից, դեկրետ դեկրետի հետևից. «Հոգևորականությունը իրավունք ունի իր զգեստը կրելու միայն ծիսակատարությունների ժամանակ», նրա բոլոր արտոնությունները վերացվում են, քանզի «ժամանակն է, - բացատրում է նա, - այդ ամբարտավան դասին վերադարձնել հին քրիստոնեության մաքրության և նրան դարձնել պետության քաղաքացի»։ Շուտով Ժոզեֆ Ֆուշեին չի բավարարում բարձր զինվորական իշխանություն կրողի, արդարադատության բարձր տնօրինողի, անսահմանափակ դիկտատորի դրությունը, նա սեփականում է նաև եկեղեցու բոլոր ֆունկցիաները։ Նա ոչնչացնում է հոգևորականության ամուրիությունը, հոգևորականներին կարգադրում է, որ մեկ ամսվա ընթացքում բոլորն ամուսնանան կամ երեխա որդեգրեն, նա ինքը շուկաների հրապարակներում կնքում կամ լուծում է ամուսնությունները, նա բարձրանում է բեմ (որտեղից ջանադրությամբ հեռացված են խաչերն ու եկեղեցական զարդերը) և արտասանում է աթեիստական քարոզներ, որոնցում հերքում է աստծո անմահությունն ու գոյությունը։ Վերացվում են քրիստոնեական ծիսակատարությունները թաղումների ժամանակ, և, որպես սփոփանք, գերեզմանոցային եկեղեցիներում փորագրվում է «Մահը հավերժական քուն է» մակագրությունը։ Նևերում նորահայտ պապը առաջին անգամ երկրում կատարում է իր աղջկա քաղաքացիական կնունքի ծիսակատարությունը, որին դեպարտամենտի պատվին կոչում են Նիևր։ Ազգային գվարդիան հանդես է գալիս թմբկահարությամբ ու երաժշտությամբ, և շուկայի հրապարակում նա առանց եկեղեցու մասնակցության երեխային անուն է տալիս։ Մուլենում՝ ձի հեծած, մի ամբողջ թափորի գլուխ անցած, նա մուրճը ձեռքին անցնում է քաղաքով և ջարդում է խաչերը, խաչելությունները և կրոնական պատկերները, մոլեռանդության «ամոթալի» վկայությունները։ Հափշտակված խույրերն ու գահական ծածկոցները շպրտում են խարույկի մեջ և, մինչև բարձրանում են վառ բոցերը, ցնծացող խաժամուժը պարում է աթեիստական հրադատության շուրջը։ Բայց վայրագություն անել, ջարդելով մեռած առարկաներ, անպաշտպան քարե ֆիգուրներ և փխրուն խաչեր, Ֆուշեի համար կլիներ մասնակի հաղթանակ։ Նրան իսկական հաղթանակ բերեց արքեպիսկոպոս Ֆրանսուա Լորանը, որը նրա ճառերից հետո վրայից դեն շպրտեց զգեստը և հագավ կարմիր գլխարկ, իսկ երբ երեսուն հոգևորականներ բերկրանքով հետևեցին նրա օրինակին, այդ հաջողության լուրը, ինչպես հրդեհ, տարածվեց ամբողջ Ֆրանսիայում։ Եվ Ֆուշեն հպարտորեն պարծենում է իր անհաջողակ աթեիստ-գործակիցների առջև, որ ինքը ոչնչացրել է մոլեռանդությունը, իրեն վստահված մարզում արմատախիլ է արել քրիստոնեությունը, ինչպես և հարստությունը։
Կարող է թվալ, որ այդ բոլորը խելագարի, կատաղած մոլեռանդի և ֆանտազյորի արարքներ են։ Բայց իրականում Ժոզեֆ Ֆուշեն նույնիսկ կեղծ կրքոտության մեջ մնում է սթափ կալկուլյատոր և ռեալիստ։ Նա գիտի, որ պարտավոր է հաշիվ տալ Կոնվենտի առջև, գիտի, որ հայրենասիրական ֆրազների և նամակների կուրսը ընկնում է նույն արագությամբ, ինչպես ասիգնացիաներինը, դրա համար, եթե ուզում ես զարմանք առաջացնել, պետք է խոսել երկաթի լեզվով։ Եվ իր հավաքած գնդերը ուղարկելով սահմանի մոտ, եկեղեցիները թալանելու ժամանակ ամբողջ ձեռք բերածը նա ուղարկում է Փարիզ։ Արկղ արկղի հետևից ոսկե նվիրատվություններով, ջարդած-ձուլած արծաթե մոմակալներով, ծանրակշիռ խաչելություններով և թանկարժեք քարերով բերում են դեպի Կոնվենտ։ Նա գիտի, Հանրապետությանը ամենից առաջ անհրաժեշտ է դրամ, և նա առաջինն է, միակը, որ պրովինցիայից դեպուտատներին ուղարկում է այդպիսի պերճախոս ավար։ Սկզբում նրանք զարմացած են այդ չտեսնված եռանդով, ապա ողջունում են նրան որոտալից ծափահարություններով։ Այդ ժամից Կոնվենտում գիտեն և կրկնում են հանրապետությունում երկաթյա մարդու, ամենաանվախ, ամենահամառ հանրապետականի՝ Ֆուշեի անունը։
Երբ Ֆուշեն, կատարելով իր առաքելությունը, վերադարձավ Կոնվենտ, նա արդեն նման չէր այն անհայտ, աննշան դեպուտատին, ինչպիսին 1792 թվականին էր։ Մարդուն, որ դուրս էր բերել տասը հազար զորակոչիկ, որը հարյուր հազար Մարկ ոսկի, հազար երկու հարյուր ֆունտ կանխիկ դրամ, հազար ձուլակտոր արծաթ էր քամել, երբեք չդիմելով Rasoir national-ին (6), գիլյոտինին, Կոնվենտը արդարև չի կարող հիացմունք չարտահայտել նրա եռանդի համար՝ pour sa vigilance: Ուլտրայակոբինյան Շոմետը հիմն է հրատարակում ի պատիվ նրա գործունեության։ «Քաղաքացի Ֆուշեն, - գրում է նա, - գործել է այն հրաշքները, որոնց մասին ես պատմել եմ։ Նա մեծարել է ծերերին, պաշտպանել է թույլերին, ուշադրություն է ցույց տվել թշվառներին, կործանել է մոլեռանդությունը, ոչնչացրել ֆեդերալիզմը։ Նա վերականգնել է երկաթի արտադրությունը, կալանավորել կասկածելիներին, օրինակելի կերպով պատմել է ամեն մի հանցագործություն, հետապնդել ու բանտ է նստեցրել շահագործողներին»։ Մեկ տարի հետո այն ժամանակից, երբ նա զգույշ նստեց չափավորների նստարանին, Ֆուշեն հռչակվեց ամենառադիկալը ռադիկալների մեջ, և երբ Լիոնի ապստամբությունը պահանջեց հատուկ եռանդի, անողորմ, տատանումներ չիմացող մարդու նշանակում, ո՞վ կարող էր ավելի հարմար լինել այդ կամ ինչ-որ մի ուրիշ հեղափոխության ստեղծած ամենասարսափելի հրովարտակի կատարման համար։ «Հեղափոխությանը արդեն քո մատուցած ծառայությունները, - պերճաշուք ժարգոնով իր կարգադրության մեջ գրում է նրան Կոնվենտը, - գրավական են ծառայում այն բաների, որը դու դեռ կանես։ Դու պետք է Ville affranchie (Lyon)-ում (7) նորից վառես քաղաքացիական ոգու մարող ջահը։ Ավարտիր հեղափոխությունը, վերջ դիր արիստոկրատների պատերազմին, և թող ավերակները, որոնք տապալված իշխանությունը ձգտում է վերականգնել, փլվեն նրանց վրա և ճզմեն նրանց»։
Եվ վրիժառուի ու կործանողի, Mitrailleur de Lyon-ի (8) այդ կերպարում առաջինը հանդես է գալիս Ժոզեֆ Ֆուշեն, հետագայում, համաշխարհային պատմության մեջ, միլիոնատեր ու Օթրանտի հերցոգ։
1 «Սահմանադրության բարեկամներ» (ֆրանս.)։
2 Ֆրանսիական թերթ, կառավարական պաշտոնական օրգան։
3 «Հեսսենի լրաբեր» (գերմ.)։
4 Արատավոր և շվայտացնող մետաղներ (ֆրանս.)։
5 Ունեցվածքի հավասարեցում (ֆրանս.)։
6 Ազգային ածելի (ֆրանս,):
7 Ազատագրված քաղաքում (Լիոնում) (ֆրանս.):
8 Լիոնի դահճի (ֆրանս.)