ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

MITRAILLEUR DE LYON

1793

     Ֆրանսիական հեղափոխության պատմության գրքում հազվադեպ են բացում նրա ամենաարյունոտ էջերից մեկը՝ Լիոնի ապստամբության մասին գլուխը։ Բայց և այնպես ոչ մի քաղաքում, նույնիսկ Փարիզում սոցիալական հակասությունները այնքան սուր չեն արտահայտվել, որքան այն ժամանակ դեռ մանրբուրժուական և ագրարային Ֆրանսիայի այդ առաջին արդյունաբերական քաղաքում, որը դարձավ մետաքսի արդյունաբերության հայրենիքը։ Դեռևս 1792 թվականի բուրժուական հեղափոխության եռուն շրջանում բանվորներն առաջին անգամ այնտեղ կազմում են որոշակի պրոլետարական մասսա, որը խիստ տարբերվում էր ռոյալիստորեն և կապիտալիստորեն տրամադրված ձեռնարկատերերից։ Զարմանալի ոչինչ չկա, որ այդ շիկացած հողի վրա ինչպես ռեակցիան, այնպես էլ հեղափոխությունը ընդունում են ամենաարյունոտ ու ֆանտաստիկական ձևեր։
     Յակոբինյանների կողմնակիցները, բանվորների ու գործազուրկների բազմությունները խմբվում են այն յուրօրինակ մարդկանց շուրջը, որոնց հանկարծակի մակերես է բարձրացնում ամեն մի համաշխարհային հեղաշրջում, բյուրեղյա մաքրության իդեալիստներից մեկին, որոնք, սակայն, իրենց հավատով ու իդեալիզմով առաջ են բերում շատ ավելի դժբախտություն և շատ ավելի արյունահեղություն են առաջացնում, քան ամենակոպիտ ռեալիստական քաղաքական գործիչները և ամենակատաղի տեռորիստները։ Սովորաբար հենց այդպիսի իսկական հավատացյալները, կրոնական, ամենաազնիվ մտադրություններով աշխարհը վերակառուցելու և բարելավելու ձգտումով հափշտակված բնավորությունները գրգռիչ շարժառիթ են տալիս սպանությունների ու դժբախտությունների, որոնք զզվելի են հենց իրենց համար։ Լիոնում այդպիսի մարդ էր կարգալույծ հոգևորական և նախկին առևտրական Շալյեն, որի համար հեղափոխությունը դարձել էր ճշմարիտ, իսկական քրիստոնեություն։ Նա հեղափոխությանը նվիրված էր սնոտիապաշտ ու ինքնամոռաց սիրով։ Մարդկության վերելքը դեպի բանականությունն ու հավասարությունը Ժան Ժակ Ռուսոյի այդ կրքոտ երկրպագուի համար նշանակում է հազարամյա թագավորության իրականացում, նրա կրակոտ ու մոլեռանդ մարդասիրությունը համաշխարհային հրդեհի մեջ տեսնում է նոր, անհատնում մարդկայնության արշալույսը։ Սրտառուչ ֆանտազյոր. երբ Բաստիլիան ընկավ, նա սեփական ձեռքերով ամրոցի պատից քար տարավ Լիոն. վեց օր ու գիշեր Փարիզից գնում է ոտքով և այդ քարից զոհասեղան է սարքում։ Նա պաշտում է բոցավառ, թունոտ պամֆլետիստ Մարատին ինչպես աստծո, ինչպես նոր Պյութիայի, նա անգիր գիտի նրա ճառերն ու հոդվածները և, ինչպես ոչ ոք Լիոնում, իր միստիկական ու միամիտ ճառերով բոցավառում է բանվորներին։ Ժողովուրդը բնազդաբար զգում է նրա կրակոտ ու կարեկցական մարդասիրությունը, իսկ Լիոնի ռեակցիոներները հասկանում են, որ այդ մաքուր հոգով, մարդասիրությամբ համակված մարդը շատ ավելի վտանգավոր է ամենաաղմկարար խռովություն հրահրողներից՝ յակոբինյաններից։
     Դեպի նա են ձգվում բոլոր սրտերը, նրա դեմ է ուղղված ամբողջ ատելությունը։ Եվ երբ քաղաքում բռնկում են առաջին հուզումները, որպես հրահրողի բանտ են նետում այդ նևրասթենիկ, մի քիչ ծիծաղելի ֆանտազյորին։ Շալյեի դեմ դժվարությամբ օգտագործելով մի կեղծ նամակ, թխում են մի ինչ-որ մեղադրանք և, որպես սարսափ մյուս ռադիկալների, մարտահրավեր նետելով Փարիզի Կոնվենտին, նրան դատապարտում են մահապատժի։
     Իզուր վրդովված Կոնվենտը սուրհանդակ սուրհանդակի հետևից ուղարկում է Լիոն, որպեսզի փրկի Շալյեին։ Նա հորդորում է, պահանջում, սպառնում է անհնազանդ մագիստրատին։ Բայց վճռելով, վերջապես, փարիզյան տեռորիստներին ցույց տալ մագիլները, քաղաքային խորհուրդը ինքնիշխան կերպով մերժում է բոլոր բողոքները։ Լիոնցիները ժամանակին դժկամությամբ բերել տվեցին տեռորի զենքը՝ գիլիոտինը և այն դրեցին սրահում. այժմ նրանք որոշել են դաս տալ տեռորի կողմնակիցներին, առաջին անգամ փորձելով հեղափոխության այդ այսպես կոչված մարդասիրական զենքը հեղափոխականի վրա։ Եվ քանի որ մեքենան փորձարկված չէր, իսկ դահիճը՝ անփորձ, Շալյեի մահապատիժը վեր է ածվում դաժան, նողկալի խոշտանգման։ Երեք անգամ իջնում է բութ դանակը, չկտրելով դատապարտյալի գլուխը։ Ժողովուրդը սարսափով նայում է, թե իր առաջնորդի շղթայված, արնաշաղախ, դեռևս կենդանի մարմինը ինչպես է տանջանքով ջղաձգվում ամոթալի խոշտանգումից, մինչև, վերջապես, դահիճը սրի գթասիրտ հարվածով դժբախտի գլուխն անջատում է մարմնից։
     Բայց նահատակի երեք անգամ կացնով ջախջախված այդ գլուխը շուտով դառնալու է վրեժի պալլադիում հեղափոխության համար և Մեդուզայի գլուխ՝ մարդասպանների համար։
     Կոնվենտն անհանգստացած է այդ հանցագործության լուրից։ Ֆրանսիական քաղաքը համարձակվում է միայնակ բացահայտ հանդես գալ Կոնվենտի դեմ։ Այդպիսի լկտի մարտահրավերը պետք է խեղդել արյան մեջ։ Բայց լիոնյան կառավարիչներն էլ հասկանում են, թե ինչ է իրենց սպասում։ Նրանք դիմադրությունից անցնում են բացահայտ խռովության. նրանք զորք են հավաքում, ամրություններ կառուցում իրենց համաքաղաքացիների, ֆրանսիացիների դեմ և բացահայտ դիմադրում են հանրապետական բանակին։ Այժմ զենքն է լուծելու Փարիզի և Լիոնի, ռեակցիայի և հեղափոխության միջև եղած վեճը։
     Տրամաբանության տեսակետից քաղաքացիական պատերազմը այդպիսի պահին ինքնասպանություն է երիտասարդ հանրապետության համար, քանզի երբեք նրա վիճակը չի եղել այդքան վտանգավոր, հուսահատական, անելանելի։ Անգլիացիները գրավեցին Տուլոնը, տիրեցին զինապահեստներն ու նավատորմը, սպառնում են Դյունկիրհենին. այդ նույն ժամանակ պրուսակներն ու ավստրիացիները առաջ են շարժվում Հռենոսի ափերի երկայնքով և Արդեններում, և ամբողջ Վանդեան բռնված է հրդեհով։ Մարտերն ու խռովությունները մի սահմանից մինչև մյուս սահմանը ցնցում են ամբողջ հանրա­պետությունը։ Բայց այդ նույն օրերը հիրավի Կոնվենտի հերոսական օրերն էին։ Հետևելով ահեղ ճակատագրական բնազդին, առաջնորդները որոշում են հաղթել վտանգին, նրան մարտահրավեր նետելով. Շալյեի մահապատժից հետո նրանք մերժում են ամեն տեսակ համաձայնություն նրա դահիճների հետ։ «Potius mori quam foedari» – «Լավ է մահը, քան համաձայնությունը», լավ է յոթ պատերազմ մղելով մեկն էլ սկսել, քան թուլությունը վկայող պայմանագիր կնքել։ Եվ հանդգնության այդ խելահեղ եռանդը, այդ անտրամաբանական, կատաղի կրքոտությունը մեծագույն վտանգի պահին փրկեցին ֆրանսիական հեղափոխությունը, այնպես, ինչպես հետագայում ռուսականը, որը միաժամանակ սեղմված էր արևմուտքից, արևելքից ու հյուսիսից անգլիացիների և ամբողջ աշխարհից հավաքված վարձկանների կողմից, իսկ երկրի ներսում՝ Վրանգելի, Դենիկինի և Կոլչակի հրոսակների կողմից։ Լիոնի ահաբեկված բուրժուազիան բացահայտորեն նետվում է ռոյալիստների գիրկը և իր զորքերը վստահում է թագավորական գեներալին, բայց դա նրան օգնել չի կարող. գյուղերից, արվարձաններից հորդում են պրոլետարական զինվորները և հոկտեմբերի 9-ին հանրապետական գնդերը գրոհով վերցնում են Ֆրանսիայի խռովությամբ բռնված երկրորդ մայրաքաղաքը։ Այդ օրը, հնարավոր է, ֆրանսիական հեղափոխության ամենամեծ հպարտությունն է։ Երբ Կոնվենտի նախագահը հանդիսավոր ձևով վեր է կենում իր տեղից և հայտնում Լիոնի կապիտուլյացիայի մասին, դեպուտատները վեր են թռչում նստարաններից, ցնծալով ու գրկելով միմյանց։ Մի պահ թվում է, որ հարթեցված են բոլոր վեճերը։ Հանրապետությունը փրկված է, ամբողջ երկրին, ամբողջ աշխարհին փառահեղ ապացույց է տրված հանրապետական բանակի անդիմադրելի հզորության, զայրույթի ու ճնշման ուժի մասին։ Բայց այդ խիզախության առաջացրած հպարտությունը ճակատագրական ձևով հաղթողներին քաշում է դեպի ամբարտավանությանը, իրենց հաղթանակը տեռորով ավարտելու ողբերգական ձգտումը: Ինչքան ահեղ է ձգտումը դեպի հաղթանակը, նույնքան էլ ահեղ պիտի լինի հաղթողների վրեժը։ «Պետք է օրինակ ցույց տալ այն բանի, թե ինչպես է Ֆրանսիական հանրապետությունը, երիտասարդ հեղափոխությունը շատ դաժանորեն պատժում նրանց, ովքեր ապստամբում են եռագույն դրոշի դեմ»։ Եվ ահա, մարդասիրության ջատագով Կոնվենտը ամբողջ աշխարհի առաջ իրեն խայտառակում է մի դեկրետով, որի առաջին պատմական օրինակները կարող են լինել Բարբարոսի վայրագ հարձակումը Միլանի վրա կամ խալիֆների սխրագործությունները։ Կոնվենտի նախագահը հոկտեմբերի 12-ին ձեռքն առավ այն սարսափելի թերթը, որում բովանդակված էր ոչ ավել, ոչ պակաս , Ֆրանսիայի երկրորդ մայրաքաղաքը կործանելու առաջարկությունը։ Այդ շատ քիչ հայտնի դեկրետը հնչում էր այսպես.
     «1. Ազգային Կոնվենտը Հասարակական փրկության կոմիտեի առաջարկությամբ նշանակում է արտակարգ հանձնաժողով հինգ անդամից, որպեսզի զենքի ուժով անհապաղ պատժեն Լիոնի հակահեղափոխական ուժերին։
     2. Լիոնի բոլոր բնակիչները պետք է զինաթափվեն և նրանց զենքը պիտի հանձնվի հանրապետության պաշտպաններին։
     3. Այդ զենքի մի մասը պիտի հանձնվի հարուստների և հակահեղափոխականների կողմից կեղեքված հայրենասերներին։
     4. Լիոն քաղաքը պետք է կործանվի։ Բոլոր տները, որոնցում ապրել են հարուստ մարդիկ, ոչնչացնել. կարող են պահպանվել միայն աղքատների տները, սպանված կամ դատապարտված հայրենասերների բնակարանները և արդյու­նաբերական, բարեգործական և մանկավարժական նպատակների ծառայող կառույցները։
     5. Լիոնի անունը ջնջվում է հանրապետության քաղաքների ցուցակից։ Այսուհետև մնացած տները միավորող գյուղը կոչվելու է Ville affranchie:
     6. Լիոնի փլատակների վրա բարձրացնել սյուն, որը գալիք սերունդներին պետք է հաղորդի ռոյալիստական քաղաքի հանցագործությունների և պատիժների մասին հետևյալ մակագրությամբ. «Լիոնը պայքարել է ազատության դեմ, Լիոնը այլևս չկա»։
     Ոչ ոք չի համարձակվում մերժել իր մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ քաղաքը փլատակների կույտի վերածելու խելահեղ առաջարկությունը։ Խիզախությունը ֆրանսիական Կոնվենտին լքել է այն ժամանակից, երբ գիլիոտինի դանակը չարագուժորեն փայլատակում է ամեն մեկի գլխին, ով համարձակվում է նույնիսկ շշուկով արտասանել «գթություն» կամ կարեկցություն» բառերը։ Իր տեռորից վախեցած Կոնվենտը միաձայն հաստատում է բարբարոսական որոշումը, և Կուտոնին՝ Ռոբեսպիերի ընկերոջը, հանձնարարվում է կատարել այն։
     Կուտոնը, Ֆուշեի նախորդը, անմիջապես ըմբռնում է սարսափելի, հանրապետության համար ինքնակործան, երկրի ամենամեծ արդյունաբերական քաղաքը նրա արվեստի բոլոր հուշարձաններով կանխամտածված ոչնչացնելու հետևանքները։ Եվ հենց առաջին պահից նա որոշում է սաբոտաժի ենթարկել Կոնվենտի հանձնարարությունը։ Այն իրականացնելու համար պետք է գործի դնել խորամանկ շինծու մի բան։ Դրա համար քաղաքը խնայելու իր գաղտնի մտադրությունը Կուտոնը թաքց­նում է խորամանկության տակ՝ նա չափից դուրս գովաբանում է այդ անմիտ դեկրետը։ «Քաղաքացի կոլեգաներ, - բացականչում է նա, - մենք հիացանք, կարդալով ձեր դեկրետը։ Այո', անհրաժեշտ է կործանել քաղաքը, և դա թող մեծ դաս ծառայի բոլորի համար, ովքեր կհամարձակվեն ապստամբել հայրենիքի դեմ։ Ազգային կոնգրեսի կիրառած ներգործության բոլոր մեծ ու հզոր միջոցառումներից մեզնից մինչև այժմ սպրդել է միայն մեկը՝ լրիվ կործանումը... բայց հանգիստ եղեք, քաղաքացի կոլեգաներ, և վստահեցրեք Կոնվենտին, որ մենք բաժանում ենք նրա հայեցակետը և ճշտորեն կկատարենք նրա դեկրետը»։ Սակայն, այդպիսի հիմնով ողջունելով իր վրա դրված հանձնարարությունը, Կուտոնը բոլորովին չի պատրաստվում այն կատարել, բավարարվում է միայն ցուցադրական միջոցառումներով, վաղահաս կաթվածը գամեց նրա ոտքերը, բայց նրա վճռականությունը հնարավոր չէ սասանել, նա հրամայում է պատգարակի վրա իրեն տանել Լիոնի շուկայի հրապարակը, արծաթյա մուրճի հարվածով սիմվոլիկորեն նշում է կործանման ենթակա տները և տրիբունալին տեղեկացնում է սարսափելի պատժի մասին։ Դրանով նա հանգստացնում է տաքացած ուղեղները։ Իսկ իրականում, բանվորական ձեռքի պակասի պատրվակով, նա ուղարկում է միայն մի քանի կանանց ու երեխաների, որոնք ձևի համար բահի մի տասնյակ ալարկոտ հարված են հասցնում, և ի կատար է ածում մահվան միայն մի քանի դատավճիռ։
     Քաղաքն արդեն թեթևացած շունչ է քաշում, այդպիսի դաժան որոշումներից հետո անսպասելի ողորմածությունից ուրախությամբ ապշած։ Բայց տեռորիստներն էլ չեն ննջում, աստիճանաբար նրանք սկսում են կռահել Կուտոնի ներողամիտ մտադրությունները և Կոնվենտին ուժով ստիպում են դիմելու բռնության։ Շալյեի արնաշաղախ, ջախջախված գլուխը որպես սրբություն բերում են Փարիզ, ճոխ հանդիսավորությամբ ցույց են տալիս Կոնվենտին և, ժողովրդին գրգռելու համար, այն դնում են Նոտր-դամ տաճարում։ Աճող անհամբերությամբ են նրանք մեղադրանք առաջադրում կունկտատոր Կուտոնի դեմ. նա չափազանց դանդաղաշարժ է, չափազանց ալարկոտ, չափազանց վախկոտ, այնքան խիզախ չէ, որպեսզի կարողանա իրականացնել այդպիսի օրինական վրեժը։ Այստեղ պետք է անողորմ, հուսալի և իսկական հեղափոխական, որը չի վախենում արյունից, ընդունակ է ծայրահեղ միջոցառումների, երկաթյա և կոփված մարդ։ Ի վերջո Կոնվենտը զիջում է նրանց պահանջներին և չափազանց ներողամիտ Կուտոնի տեղը ուղարկում է իր ամենավճռական տրիբուններին՝ պոռթկուն Կոլլո դը Էրբուային (որի մասին լեգենդը պատմում է, որ դերասան եղած ժամանակ Լիոնում նրան շվացրել են և եթե պետք է դաս տալ այդ քաղաքի քաղաքացիներին, դրա համար նա ամենահարմար մարդն է), իսկ նրա հետ՝ ամենառադիկալ պրոկոնսուլին, փառաբանված յակոբինյան և ծայրահեղ տեռորիստ Ժոզեֆ Ֆուշեին. նրանք պետք է դառնան դժբախտ քաղաքի դահիճները։
     Արյունոտ գործ կատարելու համար անակնկալ կանչված Ժոզեֆ Ֆուշեն իսկապե՞ս դահիճ էր, «արյունախում», ինչպես այն ժամանակ անվանում էին տեռորի առաջավոր մարտիկներին։ Դատելով նրա խոսքերից, դա այդպես է։ Հազիվ թե պրոկոնսուլներից որևէ մեկը իրեն հանձնարարված պրովինցիայում իրեն պահել է այնքան վճռական, եռանդուն, ռադիկալ, հեղափոխական ձևով, քան Ժոզեֆ Ֆուշեն. նա անողոքաբար բռնագրավում էր, թալանում եկեղեցիները, դատարկում սնդուկները և խեղդում էր ամեն մի դիմադրություն։ Սակայն դա էլ արտակարգ հատկանշական է նրա համար. միայն խոսքերի, հրամանների և վախեցնելու մեջ է դրսևորվում նրա տեռորը, քանի որ նրա իշխանության բոլոր տարիներին ոչ Նևերում, ոչ Կլամսում չի թափվել ոչ մի կաթիլ արյուն։ Այն ժամանակ, երբ Փարիզում գիլյոտինը աշխատում է ինչպես կարի մեքենա, երբ Կարյեն Նանտում հարյուրներով թաղում է «կասկածելիների», Լուարայում և ամբողջ երկրում գնդակահարություններ էին տեղի ունենում, մարդկանց սպանություն ու որս, Ֆուշեն իր օկրուգում ոչ մի քաղաքական մահապատիժ չի կատարում։ Նա գիտի, և դա նրա հոգեբանության լեյտմոտիվն է, մարդկանց մեծամասնության վախկոտությունը, նա գիտի, որ վայրենի, ուժեղ տեռորիստական ժեստը մեծ մասամբ ընդունակ է փոխարինելու տեռորին որպես այդպիսին, և երբ հետագայում, ռեակցիայի փարթամ ծաղկման դարաշրջանում, բոլոր պրովինցիաները մեղադրում են իրենց անցած տիրակալներին, ապա նրա օկրուգները կարող են հայտնել միայն այն մասին, որ նա միշտ սպառնացել է մահապատժով, բայց ոչ ոք չի կարող նրան մեղադրել ոչ մի մահապատժի հարցում։ Եվ այսպես, միանգամայն ակներև է, որ Լիոնի դահիճ նշանակված Ֆուշեն արյուն չի սիրում։ Այդ սառը, անզգա մարդը, այդ կալկուլյատորը և լրջմիտ խաղացողը ավելի շուտ աղվես է, քան վագր, արյան հոտի կարիք չի զգում նյարդերը գրգռելու համար։ Նա մոլեգնում և սպառնում է (ներքնապես մնալով հանգիստ) խոսքով, բայց երբեք մահապատիժ չի պահանջում մահվամբ բավականություն ստանալու համար, ինչպես նրանք, ովքեր տառապում են իշխանության տենչով։ Բնազդն ու ողջամտությունը (այլ ոչ մարդասիրությունը) նրան հարկադրում են հարգել մարդկային կյանքը, քանի դեռ իր սեփական կյանքը անվտանգության մեջ է. նա. մարդու կյանքին ու ճակատագրին սպառնում է միայն այն ժամանակ, երբ վտանգի տակ է դրվում իր սեփական կյանքը կամ շահը։
     Դրանում է համարյա բոլոր հեղափոխությունների և նրանց առաջնորդների ողբալի ճակատագրի գաղտնիքներից մեկը։ Նրանք բոլորը արյուն չեն սիրում, բայց և այնպես ստիպված են այն հեղել։ Դեմուլենը գրասեղանի մոտ նստած՝ փրփուրը բերանին դատ է պահանջում ժիրոնդիստների դեմ, բայց դատարանի դահլիճում լսելով քսաներկու մարդկանց մահվան դատավճիռը, որոնց ինքն էր նստեցրել մեղադրյալների նստարանին, նա վեր թռավ և դողալով, սոսկալի գունատ, հուսահատության մեջ դուրս վազեց դահլիճից. ո'չ, նա այդ չէր ուզում։ Իր ստորագրությունը հազարավոր ճակատագրական դեկրետների տակ դրած Ռոբեսպիերը, դրանից երկու տարի առաջ, Ազգային խորհրդում ապստամբեց մահապատժի դեմ և պատերազմը նշավակեց որպես հանցագործություն։ Դանտոնի հոգու խորքից դուրս թռավ, «Ավելի լավ է ինքս գիլյոտինի ենթարկվեմ, քան ուրիշներին գիլյոտինի ենթարկեմ» ասույթը, չնայած նա ինքն է եղել մահաբեր տրիբունալի ստեղծողը։ Նույնիսկ Մարատը, որն իր թերթում պահանջել էր երեք հարյուր հազար գլուխ, ճիգ էր թափում փրկելու մահվան դատապարտված ամեն մի առանձին մարդու։ Ֆրանսիական հեղափոխականների մեղքը նրանում չէ, որ նրանք հարբել էին արյան հոտից, այլ նրանց արյունռուշտ ճառերում. նրանք հիմարություններ էին կատարում միայն նրա համար, որպեսզի ոգևորեն ժողովրդին, նրա համար, որպեսզի իրենք իրենց ապացուցեն իրենց ռադիկալիզմը, նրանք ստեղծեցին արյունոտ ժարգոն և միշտ տարված էին դավաճաններով ու կառափնարանով։ Եվ երբ արբեցած, շշմեցված, այդ անմիտ գրգռող ճառերով համակված ժողովուրդը իսկապես պահանջում է այդ նույն «եռանդուն միջոցառումների» կիրառում, որոնց անհրաժեշտության մեջ նրան համոզել են, առաջնորդները խիզախություն չեն ունենում դիմադրություն ցույց տալու. նրանք պարտավոր են գիլյոտինի ենթարկել, որպեսզի խուսափեն գիլյոտինի մասին խոսակցությունների կեղծության մեջ մեղադրվելուց։ Նրանց գործողությունները ստիպված են սլանալ՝ հասնելու իրենց կատաղի ճառերի հետևից, և ահա սկսվում է սահմռկուն մրցույթ, քանզի ոչ մեկը չի համարձակվում մյուսից հետ մնալ ժողովրդական բարեհաճության հետամտությունից։ Ձգողականության օրենքի անզսպելի ուժով մի մահապատիժը իր հետևից ձգում է մյուսին արյունռուշտ բառերով խաղը վեր է ածվում մարդկային մահապատիժների վայրենի դեզի։ Եվ բնավ ոչ պահանջը, նույնիսկ կիրքը և ամենից քիչ վճռականությունը, այլ հենց անվճռականությունը, նույնիսկ ժողովրդի կամքին դիմադրելու խիզախություն չունեցող քաղաքագետների, կուսակցական գործիչների վախկոտությունը, վերջին հաշվով հենց վախկոտությունը նրանց հարկադրում է զոհել հազարավոր կյանքեր։ Ցավոք, համաշխարհային պատմությունը ո'չ միայն մարդկային խիզախության պատմություն է, ինչպես այն առավել հաճախ են պատկերում, այլև մարդկային երկչոտության պատմություն և քաղաքականությունը հասարակական կարծիքով ղեկավարվելը չէ, ինչպես մեզ ուզում են ներշնչել, այլ, ընդհակառակը՝ առաջնորդների ստրկական խոնարհումն է այն ինստանցիային, որը նրանք իրենք են ստեղծել և դաստիարակել իրենց ազդեցությամբ։ Այդպես են միշտ առաջանում պատերազմները՝ վտանգավոր բառերի հետ խաղալուց, ազգային կրքերի բորբոքումից. այդպես են առաջանում նաև քաղաքական հանցագործությունները։ Ոչ մի արատ, ոչ մի դաժանություն այնքան արյունահեղություն չի առաջացրել, որքան մարդկային երկչոտությունը։ Դրա համար էլ, եթե Ժոզեֆ Ֆուշեն Լիոնում դառնում է մասսայական դահիճ, ապա դրա պատճառը թաքնված է ոչ թե նրա հանրապետական կրքոտության մեջ (նա ոչ մի կիրք չունի), այլ միայն չափավոր հռչակվելու վախից։ Բայց պատմության մեջ մտքերը չեն վճռողը, այլ գործողությունները, և չնայած հազար անգամ նա առարկել է դրա դեմ, նրա նկատմամբ հաստատվել է Mitrailleur de Lyon մականունը, և հետագայում նույնիսկ դուքսի պատմուճանը չի կարող թաքցնել նրա ձեռքերի վրայի արյան հետքերը։
     Կոլլո դը Էրբուան Լիոն է ժամանում նոյեմբերի 7-ին, իսկ Ֆուշեն՝ 10-ին։ Նրանք անհապաղ գործի են անցնում։ Բայց մինչև իսկական ողբերգությունը, նախկին խեղկատակը և նրա օգնականը՝ նախկին հոգևորականը, ներկայացնում են մի փոքրիկ երգիծական պիես, թերևս ամենավրդովեցուցիչն ու ամենալկտին ամբողջ ֆրանսիական հեղափոխության ժամա­նակ. օրը ցերեկով սև պատարագի նման ինչ-որ մի բան։ Ազատության նահատակ Շալյեի հոգեհանգիստը առիթ է դառնում աթեիստական էքստազի այդ օրգիայի համար։ Նախեր­գանքը խաղացվում է առավոտյան ժամը ութին։ Բոլոր եկեղեցիներից դուրս են հանում պաշտամունքի առարկաների մնացորդները, սեղաններից պոկոտում են խաչելությունները, դուրս են շպրտում ծածկոցներն ու հանդերձանքը, հսկայական թափորը ամբողջ քաղաքով անցնում է դեպի Տերրոյի հրապարակը։ Փարիզից ժամանած չորս յակոբինյանները եռագույն գորգերով ծածկված պատգարակների վրա տանում են ծաղիկների կույտով ծածկված Շալյեի կիսանդրին, աճյունով սափորը և փոքրիկ մի վանդակ՝ աղավնիով, որը իբր նահատակի սփոփիչն է եղել բանտում։ Պատգամավորների հետևից հանդիսավոր ու լուրջ քայլում են երեք պրոկոնսուլներ, ուղղություն վերցնելով դեպի նոր ժամերգության վայրը, որն իր շքեղությամբ պետք է Լիոնի բնակչությանը վկայի ազատության նահատակ Շալյեի աստվածային լինելը, «Dieu saveur mort eux» (1): Բայց այդ առանց այն էլ արդեն տհաճ զգայացունց արարողությունը է'լ ավելի է սաստկացնում արտակարգ անհաջող, անմիտ, անճաշակ մի հնարանք. աղմկարար ամբոխը հրճվանքով, վայրենի մի պար բռնած, քարշ էր տալիս հափշտակած եկեղեցական սպասքը, սկահակներ, մասնատուփեր և եկեղեցական պատկերներ, իսկ հետևից սնգսնգալով վազում է մի ավանակ, որի ականջներին հմտորեն հագցրել էին եպիսկոպոսական խույր։ Խեղճ կենդանու պոչից կապել էին խաչ և աստվածաշունչ, և այդպես, ի զվարճություն ճչացող ամբոխի, փողոցի ցեխում քարշ է գալիս ավանակի պոչին կպած ավետարանը։
     Վերջապես, ռազմաշունչ շեփորները ժողովրդին կոչում են կանգ առնելու։ Մի մեծ տարածության վրա ճմահողով պատրաստված է զոհասեղան, նրա վրա հանդիսավորությամբ տեղակայում են Շալյեի կիսանդրին և աճյունը։ Ժողովրդական երեք ներկայացուցիչները ակնածանքով խոնարհվում են նոր սրբության առջև։ Առաջինը ձայն է վերցնում փորձված դերա­սան Կոլլո դը Էրբուան, իսկ նրանից հետո հանդես է գալիս Ֆուշեն։ Նա, որ համառորեն լռում էր Կոնվենտում, տիրապետելով իր ձայնին, դիմելով կավե կիսանդրուն, վերամբարձորեն կանչում է. «Շալյե՜, Շալյե՜, դու մեզ հետ չես։ Հանցագործները զոհել են քեզ՝ ազատության նահատակին, և թող այդ հանցագործների արյունը լինի քավության զոհ, որը կհանգստացնի քո զայրացած ստվերը։ Շալյե՜, Շալյե՜, քո պատկերի առջև մենք երդվում ենք վրեժ լուծել քո տանջանքների համար, և թող արիստոկրատների ծխացող արյունը քեզ համար խունկ լինի»։ Ժողովրդական երրորդ ներկայացուցիչը այնքան պերճախոս չէ, քան ապագա արիստոկրատ, Օթրանտի դուքսը։ Նա միայն հեզաբար համբուրում է կիսանդրին և որոտաձայն բացականչում է. «Մա՛հ արիստոկրատներին»։
     Այս երեք հանդիսավոր աղոթքից հետո վառվում է մի մեծ, խարույկ։ Ոչ վաղեմի վանական Ժոզեֆ Ֆուշեն և նրա գործընկերները լրջությամբ նայում են, թե ինչպես են ավետարանը արձակում ավանակի պոչից և նետում խարույկի մեջ, որպեսզի վառեն եկեղեցական հանդերձանքի, ծիսարանների, մասնատուփերի և սրբերի փայտյա պատկերների հետ։ Ապա ավանակին, որպես պարգև նրա սրբապիղծ ծառայության, օրհնված գավաթով հաղորդության ջուր են խմեցնում և, այդ տհաճ արարողությունը վերջանալուց հետո, չորս յակոբինյանները Շալյեի կիսանդրին ուսերին տանում են եկեղեցի, որտեղ հանդիսավորությամբ այն կանգնեցնում են բեմի վրա՝ Քրիստոսի ջարդված պատկերի տեղը։
     Այդ արժանավոր տոնակատարության անանցանելի հիշատակը հավերժացնելու համար դրան հետևած մի քանի օրում մեդալ հատեցին։ Այժմ այն ոչ մի տեղ գտնել չի լինի, հավանաբար այն պատճառով, որ հետագայում Օթրանտի դուքսը գնել է բոլոր օրինակները և ոչնչացրել դրանք, ինչպես և այն գրքերը, որոնք չափից ավելի մանրամասն են նկարագրել նրա ուլտրայակոբինյան և աթեիստական շրջանի վառ սխրագործությունները։
     Նա շատ լավ հիշողություն ուներ, բայց քրիստոնյա թագավորի Son Excellence Monseigneur le sénateur ministre (2) համար բոլորովին անհարմար ու տհաճ էր, որ ուրիշները հիշեն և կարողանան հիշեցնել լիոնյան այդ սև պատարագի մասին։
     Որքան էլ նողկալի էր Ժոզեֆ Ֆուշեի Լիոնում գտնվելու առաջին օրը, բայց դա դեռ միայն ներկայացում էր, անհեթեթ դիմակահանդես։ Դեռևս արյուն չէր հեղվել։ Բայց արդեն հաջորդ առավոտյան կոնսուլները փակվում են մի մեկուսացված, անմատչելի տան մեջ. զինված պահակախումբը պաշտպանում է այն կողմնակի մարդկանցից, դուռը փակված է, կարծես խորհրդանշորեն փակելով ամեն մի ներողամտության, ամեն խնդրանքի դուռ։ Ստեղծվում է հեղափոխական տրիբունալ, և նամակը Կոնվենտին հաղորդում է, թե ինչ ահավոր բարդուղիմեոսյան գիշեր են մտադրվել կատարել ժողովրդական թագավորներ Ֆուշեն և Կոլլոն։ «Մենք մեր առաքելությունը կկատարենք անսասան հանրապետականի եռանդով և մտադիր չենք իջնելու այն բարձրությունից, որին մեզ հասցրել է ժողովուրդը մի քանի քիչ թե շատ մեղավոր մարդկանց խղճուկ շահերը պաշտպանելու համար։ Մենք մեզնից հեռացրել ենք բոլորին, քանզի չենք ուզում ոչ ժամանակ կորցնել, ոչ գթություն հանդես բերել։ Մենք տեսնում ենք միայն հանրապետությունը, որը մեզ հրամայում է լիոնցիներին տալ օրինավոր ու հիշելի դաս։ Մենք լսում ենք միայն ժողովրդի ողբը, որը պահանջում է արագ ու սարսափելի վրեժ հայրենասերների մահապատժի համար, որպեսզի մարդկությունը այլևս արյան առվակներ չթափի։ Հավատացած լինելով, որ այս ստոր քաղաքում չկան այլ անմեղներ, բացի նրանցից, որոնց ժողովրդին սպանողները ճնշել ու բանտ են նստեցրել, մենք անվստահությամբ ենք վերաբերվում զղջման արցունքներին։ Ոչինչ չի կարող զինաթափել մեր խստությունը։ Պետք է ձեզ խոստովանենք, քաղաքացի կոլեգաներ, որ ներողամտությունը մենք դիտում ենք որպես վտանգավոր թուլություն, որն ընդունակ է նորից բոցավառել հանցագործ հույսերն այն պահին, երբ դրանք պետք է մեկընդմիշտ մարել։ Մի մարդուն ներողամտություն ցույց տալը նշանակում է այն ցույց տալ նրա նման բոլորին, և այն ժամանակ ձեր արդարադատության ազդեցությունը կլինի անզոր։ Կործանումը չափազանց դանդաղ է շարժվում, հանրապետական անհամբերությունը պահանջում է վճռական միջոցառումներ. միայն արկերի պայթյունը, բոցերի լափող աշխատանքը կարող են արտահայտել ժողովրդի ցասումնալից ուժը։ Նրա կամքի կատարումը չպետք է դանդաղի, ինչպես բռնակալների կամքի կատարումը, այն պետք է լինի կործանարար, ինչպես փոթորիկը»։
     Այդ փոթորիկը նախապես նշված պլանով բռնկում է դեկտեմբերի 4-ին, և նրա արձագանքները ահարկու ձևով տարածվում են ամբողջ Ֆրանսիայում։ Վաղ առավոտյան բանտից դուրս են բերում զույգ-զույգ կապկպած վաթսուն երիտասարդների։ Բայց նրանց չեն տանում, Ֆուշեի արտահայտությամբ, «չափից դուրս դանդաղ» աշխատող գիլյոտինի մոտ, այլ՝ Ռոն գետի մյուս ափը, Բրոտտոյի հարթավայրը։ Իրար զուգահեռ շտապ փորված խանդակները զոհերին հասկանալի են դարձնում իրենց սպասվող ճակատագիրը, իսկ նրանցից տասը քայլի վրա դրված թնդանոթները ցույց են տալիս այդ զանգվածային կոտորածի միջոցները։ Անպաշտպան մարդկանց հավաքում և կապում են ճչացող, դողացող, ոռնացող, մոլեգնած, ապարդյուն դիմադրող հուսահատ մարդկանց կծիկի մեջ։ Հնչում է հրամանը, և խիստ մոտիկ թնդանոթների փողաբերանից սարսափից դողացող մարդկային զանգվածի մեջ է խուժում կործանարար արճիճը։ Այդ առաջին կրակոցը չի սպանում բոլոր դատապարտյալներին, կտրված են ոմանց միայն ձեռքերն ու ոտքերը, մյուսների փորոտիքն է թափված, ոմանք նույնիսկ պատահականորեն կենդանի են մնացել։ Բայց դեռ արյան հորդ շիթերը հոսում են խանդակների մեջ, երբ հնչում է նոր հրամանը, և այս անգամ արդեն հեծյալներն են սրերով ու ատրճանակներով հարձակվում կենդանի մնացածների վրա, թրատում ու գնդակահարում են դողացող, տնքացող, ողբացող, անպաշտպան և փախչելու անկարող մարդկային ամբոխին, մինչև չի դադարում վերջին խռխռոցը։ Սպանության համար, որպես պարգև, դահիճներին թույլատրվում է հանել դեռ տաք վաթսուն դիակների հագուստն ու կոշիկները, մինչև նրանց ծվատված ու մերկացված մարմինները թաղելը։
     Դա Ժոզեֆ Ֆուշեի՝ քրիստոնյա թագավորի ապագա մինիստրի, նշանավոր թնդանոթային գնդակահարություններից առաջինն էր, և հաջորդ օրը նա մի կրակոտ պրոկլամացիայում հպարտորեն պարծենում է. «Ժողովրդական ներկայացուցիչները հաս­տատուն կմնան իրենց վստահված առաքելության կատարման մեջ, ժողովուրդը նրանց ձեռքն է տվել իր վրեժի կայծակները, և նրանք կպահեն դրանք, մինչև չոչնչացվեն ազատություն բոլոր թշնամիները։ Նրանք բավական խիզախություն ունեն հանգիստ քայլելու դավադիրների գերեզմանների երկար շարքերի երկայնքով, որպեսզի փլատակների վրայով քայլելով հասնեն ազգի երջանկությանն ու խաղաղության վերականգնմանը»։ Եվ հենց նույն օրը Բրոտտոյի հարթավայրում այդ տխուր «խիզախությունը» նորից հաստատվում է մահաբեր թնդանոթներով, այս անգամ նրանը առջև ավելի մեծ ամբոխ է։ Սպանդի ենթակա անասունների երկու հարյուր տասը գլուխ դուրս են բերում ձեռքերը մեջքներին կապած, և մի քանի րոպե հետո նրանց պառկեցնում են կարտեչն ու հետևակի համազարկը։ Արարողությունը մնում է նույնը, միայն այս անգամ մսագործների տհաճ աշխատանքը թեթևացնում են, այդքան հոգեմաշ կոտորածից հետո նրանց ազատում են գերեզմանափորի պարտականությունից։ Այդ անարգներին ինչի՞ են պետք գերեզմանները։ Արնաթաթախ սապոգները հանելով կծկված ոտքերից, մերկ, դեռևս ջղաձգվող մարմինը ուղղակի նետում են Ռոնի հոսող գերեզմանի մեջ։
     Բայց այդ զարհուրելի հաշվեհարդարն էլ, որը զզվանք է առաջացնելու ամբողջ երկրում և համաշխարհային պատմության մեջ, Ժոզեֆ Ֆուշեն պարուրում է հիացական բառերի ծածկույթով։ Նույնիսկ այն, որ Ռոնի ջրերը վարակվեցին դիակներից, նա փառաբանում է որպես քաղաքական խիզախություն, իբր, հոսանքով մինչև Տուլոն տարվելով, դրանք ցուցադրական օրինակ կծառայեն հանրապետականների անողոք սարսափելի վրեժի։ «Անհրաժեշտ է, - գրում է նա, - որ Ռոն նետված արնաշաղախ մարմինները երկու ափերի երկայնությամբ լողան մինչև գետաբերան, մինչև անարգ Տուլոնը. դրանք սարսափ կառաջացնեն վախկոտ ու կոպիտ անգլիացիների մոտ, կահաբեկեն նրանց և ցույց կտան ժողովրդական մեծազորության ուժը»։ Իսկ Լիոնում այդպիսի ահաբեկումն ավելորդ է, քանզի մահապատիժը շարունակում է հետևել մահապատժին, կոտորածը կոտորածին։ Տուլոնի գրավումը Ֆուշեն ողջունում է «ուրախության արցունքներով» և, ի փառս ուրախալի օրվա, «գնդակահարման է ուղարկում երկու հարյուր խռովարարների»։ Ներման մասին բոլոր աղերսանքները իզուր են։
     Երկու կանանց, որոնք չափից ավելի կրքոտ էին աղերսում ազատելու իրենց ամուսիններին, կապկպված դրեցին գիլյոտինի մոտ. ներողամտություն հայցողներից ոչ ոքի մոտ չեն թողնում նույնիսկ ժողովրդական ներկայացուցիչների տանը։ Բայց որքան մոլեգին են որոտում համազարկերը, այնքան բարձր են հնչում պրոկոնսուլների խոսքերը. «Այո՛, մենք համարձակվում ենք դա հաստատել, մենք քիչ կեղտոտ արյուն չենք թափել, բայց միայն հանուն մարդկայնության և պարտքի կատարման... Մենք ձեռքից բաց չենք թողնի այն կայծակը, որը դուք վստահել եք մեր ձեռքերին, մինչև որ դուք չհրամայեք դա։ Մինչ այդ մենք անընդմեջ կշարունակենք սպանել մեր թշնամիներին, մենք նրանց կոչնչացնենք ամենակատարյալ, ամենադաժան և ամենաարագ ձևով»:
     Եվ մի քանի շաբաթվա ընթացքում հազար վեց հարյուր մահապատիժները հաստատում են, որ այս անգամ, որպես բացառություն, Ժոզեֆ Ֆուշեն - ասել է ճշմարտությունը:
     Բայց, կազմակերպելով այդ սպանդը և դրա մասին կազմելով խանդավառ զեկույցներ, Ժոզեֆ Ֆուշեն և նրա գործընկերը չեն մոռանում Կոնվենտի մյուս անփառունակ հանձնարարության մասին: Ժամանման հենց առաջին օրը նրանք բողոք են ուղարկում Փարիզ, հաստատելով, որ քաղաքի ավերման կարգադրությունը «չափից դուրս դանդաղ» է կատարվել նրանց նախորդի կողմից, «այժմ ականները պիտի արագացնեն ավերման գործը. սակրավորները` արդեն աշխատանքի են անցել, և երկու օրվա ընթացքում Բելկուրի շենքերը կպայթեցվեն»: Լյուդովիկոս XIV-ի թագավորության ժամանակ սկսված, Մանսարի աշակերտի կողմից կառուցված այդ նշանավոր ֆասադները, որպես ամենակատարյալներ, առաջինն էին նախատեսված ոչնչացման: Բնակիչները կոպտորեն դուրս են վռնդվում տներից, և հարյուրավոր գործազուրկներ, կանայք տղամարդիկ, մի քանի շաբաթվա անմիտ աշխատանքով ճարտարապետության հիասքանչ ստեղծագործությունները վեր են ածում աղբի կույտի: Դժբախտ քաղաքը լցված է ողբ ու կականով, կրակոցների ճարճատյունով և փլվող շենքերի դղրդոցով. քանի դեռ de justice (3) կոմիտեն ոչնչացնում է մարդկանց, իսկ de démolition (4) կոմիտեն՝ տները, des subctances (5) կոմիտեն անց է կացնում ուտելիքի պաշարների, գործվածքեղենի և արժեքավոր իրերի անողոք բռնագրավում:
     Յուրաքանչյուր տուն խուզարկվում է նկուղից մինչև տանիք՝ թաքնված մարդկանց և թաքցրած թանկարժեք իրեր գտնելու համար. ամենուրեք թագավորում է երկուսի՝ Ֆուշեի և Կոլլոյի տեռորը, որոնք անտեսանելի ու անմատչելի էին պահակախմբի կողմից պահպանվող տանը: Լավագույն պալատներն արդեն ավերված են, բանտերը, չնայած միշտ համալրվում էին, բայց և այնպես կիսով չափ դատարկ են, խանութները մաքրազարդված են, և Բրոտտոյի դաշտերը ներծծվում էին հազարավոր մահապատժվածների արյունով. ի վերջո մի քանի քաղաքացիներ վճռականություն են հանդես բերում (թեկուզ դա արվեր իրենց կյանքի գնով) գնալ Փարիզ և Կոնվենտին խնդրագիր ներկայացնել քաղաքի մնացած մասը պահպանելու մասին: Իհարկե, այդ խնդրագրի տեքստը գրված է շատ զգույշ, նույնիսկ ստրկամտորեն. նրանք երկչոտաբար սկսում են խոնարհումներով, գովերգելով դեկրետը՝ արժանի համարելով Հերոստրատին, որ «կարծես թելադրված է հռոմեական սենատի հանճարով». բայց դրանից հետո խնդրում են «ներումն իսկական զղջացողների, մոլորվածների համար, ներումն - մենք համարձակվում ենք արդեն արտահայտվել - անմեղների, անարդարացիորեն մեղադրվածների համար»:
     Բայց կոնսուլները ժամանակին իմացան գաղտնի բողոքի մասին, և Կոլլո դը Էրբուան, նրանցից ամենաճարտարախոսը, թռչում է փոստային ճեպընթացով, որպեսզի ժամանակին հետ մղի հարվածը: Հաջորդ օրը նա հանդգնում է արդարանալու փոխարեն Կոնվենտում և յակոբինյանների ակումբում փառաբանել մասսայական մահապատիժները որպես հատուկ «մարդասիրություն»: «Մենք ուզում էինք, - ասում է նա, - մարդկությանը ազատել չափից ավելի մահապատիժների սարսափելի տեսարանից, որը հետևում էր մեկը մյուսին, դրա համար կոմիսարները որոշեցին դատապարտվածներին ու դավաճաններին ոչնչացնել մեկ օրում. այդ ցանկությունը հանձնառված է իսկական գթաշարժությամբ (véritable sensibilité)»: Եվ յակոբինյանների մոտ, քան Կոնվենտում, նա ավելի կրակոտ ձևով է հիանում այդ «մարդասիրական» եղանակով: «Այո՛, երկու հարյուր դատապարտվածների մենք ոչնչացրինք մեկ համազարկով, և մեզ հանդիմանում են դրա համար: Մի՞թե ինքնին հասկանալի չէ, որ դա եղել է մարդասիրական ակտ: Երբ գիլյոտինի են ենթարկում քսան մարդու, ապա դատապարտվածներից վերջինը քսան անգամ ապրում է այդ մահապատիժը, այն ժամանակ երբ այդ ձևով քսան դավաճաններ մեռնում են միաժամանակ»: Եվ իսկապես, հեղափոխական ժարգոնի արյունոտ թանաքամանից շտապ շորթած այդ ծեծված ֆրազները տպավորություն են թողնում: Կոնվենտն ու յակոբինյանները հավանություն են տալիս Կոլլոյի բացատրությանը և դրանով պրոկոնսուլներին սանկցիա են տալիս նոր հաշվեհարդարների: Այդ նույն օրը Փարիզը մեծարում է պանթեոն բերված Շալյեի աճյունը, մեծարանք, որ մինչ այդ արվել է միայն Ժան Ժակ Ռուսոյին և Մարատին, - և նրա սիրուհուն, ինչպես Մարատի սիրուհուն, նշանակում են թոշակ: Այսպիսով, այդ նահատակը հրապարակայնորեն հայտարարվում է ազգային սուրբ, և Ֆուշեի ու Կոլլոյի բոլոր բռնությունները հավանության են արժանանում որպես արդարացի վրեժ:
     Բայց և այնպես երկու գործիչներին տիրեց որոշ անվստահություն, քանզի Կոնվենտում տիրող վտանգավոր իրադրությունը, տատանումները Դանտոնի և Ռոբեսպիերի միջև, չափավորության ու տեռորի միջև պահանջում են կրկնապատկված զգուշություն: Եվ ահա նրանք որոշում են դերերը բաժանել. Կոլլո դը Էրբուան մնում է Փարիզում, որպեսզի հետևի Կոմիտեի և Կոնվենտի տրամադրություններին, որպեսզի նախապես իր համառամիտ հռետորական կրքոտությամբ ջախջախի հնարավոր ամեն հարձակում, իսկ սպանությունները շարունակելը տրվում է Ֆուշեի «եռանդին»: Կարևոր է նկատել, որ այդ ժամանակ Ժոզեֆ Ֆուշեն եղել է անսահմանափակ տիրակալ, քանզի հետագայում նա ճարպկորեն փորձում է բոլոր բռնությունները վերագրել իր համեմատաբար անկեղծ գործընկերոջը, բայց փաստերը վկայում են, որ այն ժամանակ էլ, երբ նա ինքն էր միանձնյա հրամայողը, մահվան գերանդին մոլեգնում էր ոչ պակաս մահաբեր: Գնդակահարում են հիսունչորս, վաթսուն, հարյուր մարդ՝ մեկ օրում. և Կոլլոյի բացակայությամբ, ինչպես առաջ, փլվում են պատեր, թալանվում ու հրդեհվում են տներ, բանտերը դատարկվում են մահապատիժների հետևանքով, և առաջվա պես Ժոզեֆ Ֆուշեն աշխատում է խլացնել իր սեփական արարքները հիացական արյունոտ խոսքերով. «Այս տրիբունալի դատավճիռները թեպետև սարսափ են առաջացնում հանցագործների մոտ, բայց նրանք հանգստացնում ու մխիթարում են դրանք լսող ու դրանց հավանություն տվող ժողովրդին: Ճիշտ չեն նրանք, ովքեր ենթադրում են, որ մենք գեթ մի անգամ մեղավորներին ներման պատիվ ենք տվել, ոչ մեկին չենք ներել»:
     Բայց հանկարծ՝ ի՞նչ պատահեց: Ֆուշեն փոխում է տոնը: Իր նուրբ հոտառությամբ նա հեռվից ընկալեց, որ Կոնվենտում քամին կտրուկ փոխել է ուղղությունը, որովհետև մի որոշ ժամանակ անց նրա ցասումնալից մահաբեր շեփորները իսկական արձագանք չեն գտնում: Նրա յակոբինյան ընկերները, աթեիստական համախոհները՝ Էբերը, Շոմետը, Ռոնսենը, հանկարծ լռեցին, լռեցին ընդմիշտ, Ռոբեսպիերի աներեր բազուկը անսպասելի բռնեց նրանց կոկորդը: Ճարպկորեն հավասարակշռություն պահելով չափից ավելի կատաղիների ու չափից ավելի գթասիրտների միջև և իր համար ճանապարհ հարթելով երբեմն դեպի աջ, երբեմն դեպի ձախ, այդ առաքինի վագրը խավարից հանկարծակի նետվեց ուլտրառադիկալների վրա: Նա համառորեն պնդում էր, որ Կարյեն, որը նույնպես արմատապես խեղդեց նանտեցիներին, ինչպես Ֆուշեն գնդակահարեց լիոնցիներին, Կոնվենտ կանչվի հաշվետվության համար. գործելով իրեն հոգով ու մարմնով նվիրված Սեն-Ժյուստի միջոցով, նա Ստրասբուրգում գիլյոտինի ուղարկեց կատաղի Եվլոգի Շնայդերին. նա հրապարակորեն նշավակեց աթեիստական ժողովրդական տեսարանները, նման նրանց, որոնք Ֆուշեն սարքում էր պրովինցիաներում և Լիոնում, դրանք համարելով անմտություն, և վերացրեց դրանք Փարիզում: Եվ ինչպես միշտ, նրա ցուցումներին երկչոտաբար ու հեզությամբ հետևում են անհանգստացած դեպուտատները:
     Ֆուշեին նորից համակեց նախկին վախը. հանկարծ նա մեծամասնության հետ չի լինի: Տեռորիստները հաղթված են, էլ ինչո՞ւ մնալ տեռորիստ: Ավելի լավ է արագ անցել չափավորների կողմը, Դանտոնի և Դեմուլենի կողմը, որոնք այժմ պահանջում են «գթասիրտ տրիբունալ», արագ հարմարվել քամու նոր ուղղությանը: Ապրիլի վեցին նա հանկարծակի կարգադրում է դադարեցնել գնդակահարությունները, և միայն գիլյոտինը (որի մասին նա իր պամֆլետներում գրում էր, որ այն չափից դուրս դանդաղ է աշխատում) անվճռականորեն շարունակում է իր գործը՝ ինչ-որ երկու-երեք գլուխ մեկ օրում, ոչ ավելի, դա, իհարկե, դատարկ բան է Բրոտտոյի հարթավայրի նախկին ազգային հանդիսությունների համեմատությամբ: Դրա փոխարեն նա անմիջապես իր ամբողջ եռանդն ուղղում է ռադիկալների դեմ, նրանց կողմից սահմանված հանդիսությունները կազմակերպողների և նրանց հրամանները կատարողների դեմ, հեղափոխական Սավուղը հանկարծ փոխարկվում է մարդասեր Պողոսի: Նա առանց քաշվելու անցնում է հակառակորդների կողմը, Շալյեի ընկերներին հայտարարում է «անարխիայի խռովությունների կենտրոն» և հապճեպորեն արձակում է տասնյակ հեղափոխական կոմիտեներ: Եվ այդ ժամանակ տեղի է ունենում ինչ-որ արտակարգ տարօրինակ մի բան. սարսափած, մահու չափ վախեցած Լիոնի բնակչությունը հանկարծ մասսայական գնդակահարությունների հերոս Ֆուշեի մեջ տեսնում է իր փրկարարին: Իսկ լիոնյան հեղափոխականները մեկը մյուսի հետևից զայրալից դիմումներ են գրում, նրան մեղադրելով ներողամտության, «հայրենասերներին ճնշելու» և դավաճանության մեջ:
     Այդ խիզախ ձևափոխումների, օրը ցերեկով մի ճամբարից մյուսն անցնելու այդ լկտի անցումների, հաղթողի կողմն անցնելու մեջ է Ֆուշեի պայքարի մեթոդի գաղտնիքը: Միայն դա փրկեց նրա կյանքը: Նա երկակի խաղ էր վարում, ուղղակի անզուգադեպ հաշվարկներ անում: Եթե Փարիզում նրան մեղադրեն չափից ավելի ներողամտության մեջ, նա ցույց կտա հազարավոր գերեզմաններ և լիոնյան կործանված շենքեր: Եթե նրան մեղադրեն արյունռուշտության մեջ, նա կվկայակոչի յակոբինյանների բողոքը, որոնք նրան մեղադրում են «մոդեռանտիզմի», ավելորդ ներողամտության մեջ: Նա կարող է, կախված քամու ուղղությունից, աջ գրպանից ապացույց հանել իր անողոքության, կամ ձախից՝ մարդասիրության. նա կարող է հանդես գալ Լիոնի դահճի դերում և նրա փրկարարի դերում: Եվ իսկապես այդ ճարպիկ շուլերական ֆոկուսով նրան հաջողվեց սպանդի համար ամբողջ պատասխանատվությունը գցել իր համեմատաբար ազնիվ ու ուղղամիտ գործընկերոջ՝ Կոլլո դը Էրբուայի վրա: Սակայն նա կարողացավ խաբել միայն եկող սերնդին. Փարիզում անողոքաբար արթուն հսկում է Ռոբեսպիերը. թշնամի, որը Ֆուշեին չէր ներում այն, որ նա Լիոնից հեռացրեց իր հովանավորյալ Կուտոնին: Նա Կոնվենտից գիտի այդ երկերեսանի դեպուտատին, արթուն հսկում է Ֆուշեի բոլոր ձևափոխումներին ու փախուստներին, որն այժմ շտապում է թաքնվել ամպրոպից: Բայց Ռոբեսպիերի անվստահությունն ունի երկաթյա մագիլներ. նրանցից չես թաքնվի: Ժերմինալի տասներկուսին Հասարակական փրկության կոմիտեում նա հասնում է մի ահարկու դեկրետի հրապարակման, որում Ֆուշեին կարգադրվում էր անմիջապես ներկայանալ Փարիզ և հաշվետվություն ներկայացնել լիոնյան իրադարձությունների մասին: Նա, որ երեք ամիս դաժան դատուդատաստան էր տեսնում, այժմ ինքը պետք է կանգնի դատարանի առաջ:
     Դատարանի առա՞ջ: Ինչո՞ւ. նրա համար, որ ինքը երեք ամսում մահապատժի՞ է ենթարկել երկու հազար ֆրանսիացիների: Կարո՞ղ է նրան դատեն այնպես, ինչպես իր գործընկերոջը՝ Կարյերին և մյուս մասսայական դահիճներին: Բայց հենց այդ րոպեին դրսևորվում է վերջինիս քաղաքական հանճարեղությունը, Ֆուշեի ապշեցուցիչ լկտի շրջադարձը, պարզվում է, որ նա պետք է արդարանա նրանում, որ ճնշել է ռադիկալ «Société populaire»-ին (6), որ հետապնդել է յակոբինյան հայրենասերներին: Mitrailleur de Lyon-ը, երկու հազար զոհերի դահիճը մեղադրվում է, անմոռանալի պատմական ֆարս, մարդկությանը հայտնի ամենաազնիվ հանցագործության մեջ՝ ավելորդ մարդասիրության մեջ:


1 Ձեզ համար մահացած փրկարար աստծուն (Ֆրանս.):
2 Նորին գերազանցություն պարոն մինիստրի և սենատորի (Ֆրանս.)։
3 Արդարադատության (Ֆրանս.):
4 Ավերման (Ֆրանս.):
5 Գույքի (Ֆրանս.)
6 Ժողովրդական ընկերություն (Ֆրանս.):