ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՊԱՅՔԱՐ ՌՈԲԵՍՊԻԵՐԻ ԴԵՄ
1794
Ապրիլի երեքին Ժոզեֆ Ֆուշեն իմանում է, որ Հասարակական փրկության կոմիտեն իրեն Փարիզ է կանչել հաշվետվության համար, հինգին նա նստում է ճանապարհորդական կառք: Նրա ճանապարհվելը ուղեկցվում է տասնվեց խուլ համազարկերով, գիլյոտինի տասնվեց հարվածներ, որոնք վերջին անգամ մահացու հարվածում էին նրա հրամանով: Եվ այդ օրը նրա հրամանով հապշտապ ի կատար են ածվում ամենավերջին երկու դատավճիռները, երկու շատ տարօրինակ դատավճիռներ: Ովքե՞ր են մեծ ջարդը եզրափակող այդ երկու զոհերը, որոնք (դարաշրջանի կատակային արտահայտությամբ) «իրենց գլուխները նետեցին կողովի մեջ»: Դա Լիոնի դահիճն ու նրա օգնականն էին: Հենց նրանք, որոնք միանման անտարբերությամբ ռեակցիայի հրամանով գիլյոտինի ենթարկեցին Շալյեին և նրա ընկերներին, և ապա, հեղափոխության հրամանով՝ հազարավոր ռեակցիոներների, այժմ նրանց հերթն էլ հասավ ընկնելու գիլյոտինի դանակի տակ: Ամենանպատակամետ ցանկության դեպքում դատական արձանագրություններից հնարավոր չէ պարզել, թե ինչում են նրանք մեղադրվել. հավանաբար նրանց զոհեցին միայն այն բանի համար, որպեսզի Ֆուշեի հետնորդներին և եկող սերունդներին ոչ մեկը չկարողանա պատմել լիոնյան իրադարձությունների մասին: Մահացածները ամենից լավ են կարողանում լռել:
Կառքը սլանում էր: Ֆուշեն Փարիզի ճանապարհին շատ բան ուներ խորհրդածելու: Նա կարող էր իրեն մխիթարել, որ դեռ ամեն ինչ կորած չէ. նա Կոնվենտում շատ ազդեցիկ ընկերներ ունի, ամենից առաջ Դանտոնը՝ Ռոբեսպիերի մեծ հակառակորդը. թերևս դեռ հաջողվի զսպել ահեղ Մաքսիմիլիանին, նրան իսկ սպառնալով: Բայց Ֆուշեն որտեղի՞ց իմանար, որ հեղափոխության այդ վճռական ժամերին իրադարձություններն ավելի արագ կգլորվեն, քան փոստային կառքի անիվները, որ արդեն երկու օր է, նրա մերձավոր ընկեր Շոմետը նստած է բանտում, որ Դանտոնի հսկայական առյուծային գլուխը Ռոբեսպիերը երեկ արդեն նետել է կառափնարանի վրա, որ հենց այդ օրը Կոնդորսեն, աջերի հոգևոր առաջնորդը, քաղցած թափառում է Փարիզի արվարձաններում և հաջորդ օրը թունավորվում է, որպեսզի խուսափի դատից: Նրանց բոլորին տապալել է միայն մի մարդ, և հենց այդ մարդը նրա ոխերիմ քաղաքական հակառակորդն է: Միայն ամսի ութի երեկոյան, հասնելով վերջապես Փարիզ, Ֆուշեն իմանում է վտանգի չափերը, որին ընդառաջ էր սլանում նա: Միայն աստծուն է հայտնի, թե ինչքան քիչ քնեց պրոկոնսուլ Ժոզեֆ Ֆուշեն այդ գիշեր Փարիզում:
Հաջորդ առավոտ Ֆուշեն ամենից առաջ գնում է Կոնվենտ և անհամբեր սպասում նիստը սկսվելուն: Բայց տարօրինակ է. ընդարձակ դահլիճը չի լցվում, նստարանների կեսից ավելին դատարկ է: Հասկանալի է, շատ դեպուտատներ կարող է գնացել են Կոնվենտի հանձնարարությունները կատարելու և կամ ինչ-որ այլ գործի, բայց և այնպես, ի՛նչ բացատարած դատարկություն է այնտեղ, աջում, որտեղ նստում են ժիրոնդիստների առաջնորդները, հեղափոխության փայլուն հռետորները: Ո՞ւր են անհետացել նրանք: Քսաներկու ամենախիզախները, նրանց մեջ՝ Վեռնյոն, Բրիսսոն, Պետիոնը, մեռել են կառափնարնում, ինքնասպան են եղել կամ գայլերն են պատառոտել նրանց փախուստի ժամանակ: Վաթսուներեք զինակիցներ, որոնք համարձակվել են նրանց պաշտպանել, աքսորվել են մեծամասնության որոշմամբ. մի հարվածով Ռոբեսպիերը ազատվել է աջերի հարյուրավոր իր հակառակորդներից: Բայց նրա բռունցքը պակաս վճռականությամբ չիջավ իր սեփական շարքերի վրա, «լեռան» վրա: Դանտոն, Դեմուլեն, Շաբո, Էբեր, Ֆաբր դը Էգլանտին, Շոմետ և մի քանի տասնյակ ուրիշներ, բոլորը, ովքեր հակառակվել են նրա կամքին, նրա դոգմատիկ փառասիրությանը, նա բոլորին ուղարկել է գերեզման:
Բոլորին հեռացրել է այդ անբարետես, ցածրահասակ, վտիտ, մաղձոտ դեմքով, նեղ, հետ թեքված ճակատով, փոքրիկ, ջրակալած, կարճատես աչքերով մարդը, որն այնքա՜ն երկար ժամանակ չէր նկատվում իր նախորդների հսկայական ֆիգուրների հետևում: Բայց ժամանակի գերանդին մաքրեց նրա ուղին. այն ժամանակից, երբ հեռացված են Միրաբոն, Մարատը, Դանտոնը, Դեմուլենը, Վեռնյոն, Կոնդորսեն, այսինքն՝ երիտասարդ հանրապետության տրիբունը, խռովարարը, առաջնորդը, գրողը, հռետորը և մտածողը, այդ բոլոր ֆունկցիաները կենտրոնացել են մի մարդու մեջ, և նա՝ Ռոբեսպիերը, դարձել է Pontifex maximus (1), դիկտատոր և հաղթահերոս: Ֆուշեն տագնապով է նայում իր հակառակորդին. բոլոր դեպուտատները կեղծավորությամբ նրա շուրջն են հավաքվում ձանձրացուցիչ ակնածանքով, իսկ նա հանգիստ անտարբերությամբ ընդունում է նրանց գովերգությունները, պաշտպանված իր «բարերարությամբ», ինչպես վահանով, անմատչելի, ծածկամիտ Անկաշառը իր կարճատես հայացքով դիտում է ասպարեզը՝ հպարտ գիտակցությամբ, որ այլևս ոչ ոք չի համարձակվի ապստամբել նրա կամքի դեմ:
Բայց մեկն այնուամենայնիվ համարձակվում է, միակը, որը ոչինչ չունի կորցնելու՝ Ժոզեֆ Ֆուշեն. նա ձայն է պահանջում Լիոնում իր գործողությունների արդարացման համար:
Կոնվենտի առաջ արդարանալու այդ ցանկությունը մարտահրավեր էր Հասարակական փրկության կոմիտեին, քանզի ոչ թե Կոնվենտը, այլ Կոմիտեն էր նրանից բացատրություն պահանջում: Բայց նա դիմում է բարձրագույն հիմնական ինստանցիային, ազգությունների ժողովին: Այդ պահանջի համարձակությունը ակնառու է, բայց և այնպես պրեզիդենտը նրան ձայն է տալիս: Չէ որ Ֆուշեն առաջին պատահածներից չէ. այս դահլիճում շատ հաճախ են արտաբերել նրա անունը, դեռ մոռացված չեն նրա ծառայությունները, նրա զեկուցագրերը, նրա սխրագործությունները: Ֆուշեն բարձրանում է ամբիոն և կարդում հանգամանալից զեկուցում: Ժողովը լսում է նրան չընդհատելով, չարտահայտելով ոչ հավանություն, ոչ հանդիմանություն: Բայց ճառը վերջացավ, և ոչ ոք չի ծափահարում: Քանզի Կոնվենտը վախեցած է: Գիլյոտինի մեկ տարվա աշխատանքը այդ մարդկանց զրկել էր հոգեկան խիզախությունից: Իրենց համոզմունքներին կրքերի պոռթկումով ազատ տրվող, համարձակորեն խոսքի ու կարծիքների պայքարի մեջ նետվող այդ մարդիկ բոլորը չեն այժմ սիրում արտահայտել իրենց տեսակետը: Այն ժամանակից, երբ դահիճը ինչպես Պոլիֆեմ ներխուժեց նրանց շարքերը, աջ ու ձախ բռնելով մարդկանց, այն ժամանակից, երբ գիլյոտինը մռայլ ստվերով կանգնած է նրանց յուրաքանչյուր բառի հետևում, նրանք գերադասում են լռել: Ամեն մեկը թաքնվում է մյուսի հետևը, ամեն մեկը, մինչ մի փոքր շարժում կատարելը, հայացք է նետում մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ. ճնշող մառախուղի նման սարսափը նրանց դեմքին դրել է գորշ հետք. ոչինչ այդքան չի ստորացնում մարդկանց և հատկապես մարդկանց ամբոխին, որքան սարսափը անտեսանելիի առջև:
Այս անգամ էլ նրանք չեն համարձակվում արտահայտել իրենց կարծիքը: Միայն թե չներխուժել Կոմիտեի՝ այդ անտեսանելի տրիբունալի տիրապետության սահմանները: Ֆուշեի արդարացման ճառը չի ընդունվում, բայց այն նաև չի մերժվում, այլ ուղարկում են Կոմիտեի քննարկման: Այլ խոսքով, այն հանգրվանում է այն ափին, որը Ֆուշեն փութկոտությամբ աշխատում էր շրջանցել. նրա առաջին ճակատամարտը տանուլ է տրված:
Այժմ նրան էլ է սարսափը պատում: Նա չափազանց հեռուն էր գնացել, առանց իմանալու տեղանքը, ավելի լավ է արագ նահանջել, ավելի լավ է անձնատուր լինել, քան մենամարտի մտնել ամենահզորի հետ: Եվ ահա Ֆուշեն զղջացած, ծնկաչոք, խոնարհում է գլուխը: Այդ նույն երեկոյան նա գնում է Ռոբեսպիերի բնակարանը, որպեսզի ամեն ինչ ասի, կամ, ճշմարիտն ասած, գթություն խնդրի:
Ոչ ոք չի մասնակցել այդ խոսակցությանը: Հայտնի է միայն դրա հետևանքը։ Բայց համանման այցելությամբ, որը սոսկալի պարզությամբ նկարագրված է Բարրասի հուշերում, կարելի է այն պատկերացնել: Մինչև Սենտ-Օնորե փողոցի վրայի փոքրիկ բնակարանի փայտե աստիճաններով բարձրանալը, որում Ռոբեսպիերը ցուցադրում է իր առաքինությունն ու աղքատությունը, Ֆուշեն պետք է հարցաքննման ենթարկվի՝ իրենց աստծուն ու տնվորին որպես սուրբ ավար պահպանող տնատերերի կողմից: Հավանաբար, Ռոբեսպիերը նրան էլ ընդունել է այնպես, ինչպես Բարրասին, նեղ, միայն իր դիմանկարներով սնապարծորեն զարդարած սենյակում, չհրավիրելով նստել, կանգնած, սառը, միտումնավոր վիրավորական ամբարտավանությամբ, ինչպես մի խղճուկ հանցագործի: Քանզի այդ մարդը, որը կրքոտորեն սիրում էր առաքինությունը, նույնպիսի կրքոտությամբ ու դատապարտելիության չափ էլ սիրահարված էր իր առաքինությանը, գթալ ու ներողամիտ չէր կարող լինել նրա նկատմամբ, ով թեկուզ մի անգամ այլ հայացքներ է ունեցել, քան ինքը: Անտանելի ու մոլեռանդ, բանականության ու «առաքինության» Սավոնարոլ, նա մերժում է ամեն մի համաձայնողականություն, չի ընդունում նույնիսկ իր հակառակորդի անձնատուր լինելը. նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը հրամայաբար պահանջում է համաձայնություն, համառ ատելությունն ու դոգմատիկ հպարտությունը նրան չեն թույլատրում զիջել: Ինչ էլ որ Ֆուշեն այն ժամանակ ասեր Ռոբեսպիերին և ինչ էլ որ նրան պատասխաներ դատավորը, մի բան աներկբայելի է, նրան դիմավորել են ոչ թե բարի, այլ ոչնչացնող, անողոք հանդիմանությամբ, անսքող սառը սպառնալիքով, մահացու դատավճիռը én effigie (2): Եվ, վերադառնալով Սենտ-Օնորե փողոցով, զայրույթից դողալով, ստորացված, մերժված, դատապարտված, Ժոզեֆ Ֆուշեն հասկացավ, որ այդ պահից մի բան միայն կարող է փրկել իր գլուխը. Ռոբեսպիերի գլուխը ավելի շուտ պետք է գլորվի զամբյուղը, քան իր սեփականը: Կենաց ու մահու պատերազմը հայտարարված է: Ռոբեսպիերի և Ֆուշեի միջև մենամարտն սկսված է:
Ռոբեսպիերի և Ֆուշեի այդ մենամարտը ամենահետաքրքիր, ամենահուզիչ իրադարձություններից մեկն է հեղափոխության պատմության մեջ: Երկուսն էլ արտակարգ խելոք են, երկուսն էլ քաղաքագետներ, նրանք երկուսն էլ՝ և՛ մարտի հրավիրողը և՛ հրավիրվողը, ընդհանուր սխալների մեջ են ընկնում: Նրանք թերագնահատում են մեկը մյուսին, ամեն մեկը ենթադրում է, որ արդեն վաղուց գիտի մյուսին: Ֆուշեի համար Ռոբեսպիերը դեռևս այն տանջահար, նիհար, գավառային փաստաբանն է, որը նրա հետ կատակներով զվարճանում էր արրասյան ակումբում, քաղցր-մեղցր ոտանավորներ էր մոգոնում Գրեկուրի ոճով և վերջում իր դատարկախոսությամբ հոգնեցրեց 1789 թվականի Ազգային ժողովին: Ֆուշեն շատ ուշ նկատեց, կամ, հնարավոր է, բոլորովին էլ չնկատեց, որ իր վրա համառ, անդադար աշխատելով, ոգևորված իր նպատակով, Ռոբեսպիերը ամբոխավարից վեր է ածվել պետական գործչի, ճարպիկ ինտրիգանից՝ խորաթափանց քաղաքագետի, ճոռոմախոսից՝ հռետորի: Պատասխանատվությունը մեծ մասամբ վեհացնում է մարդուն, և է Ռոբեսպիերը աճել է իր առաքելության կարևորության գիտակցումից, քանզի ժլատ ընչաքաղցների և աղմկարար դատարկաբանների մեջ նա զգում է, որ ճակատագիրը միայն նրա վրա է դրել հանրապետության փրկությունը և դրանում է նրա ողջ կյանքի խնդիրը: Հանրապետության, հեղափոխության, բարոյականության և նույնիսկ աստվածության մասին հենց իր պատկերացումների իրականացումը նա համարում է մարդկության պարտքը: Ռոբեսպիերի այդ անսասանությունը կազմում է նրա բնավորության և գեղեցկությունը, և թուլությունը: Որովհետև, արբեցած սեփական անկաշառելիությամբ, հմայված իր դոգմատիկ կայունությամբ, նա ամեն տեսակ այլափոխություն համարում է արդեն ոչ թե տարաձայնություն, այլ դավաճանություն և ինկվիզիտորի սառցե ձեռքով յուրաքանչյուր հակառակորդի, որպես հերետիկոսի, ուղարկում է ժամանակակից խարույկի՝ գիլյոտինի մոտ: Կասկած չկա, մեծ և մաքուր գաղափարը ոգևորում է 1794 թվականի Ռոբեսպիերին: իսկն ասած, այն նրան չի ոգևորում, այն քարացել է նրա մեջ: Այն չի կարող լքել նրան, ինչպես և ինքը նրան (բոլոր դոգմատիկ հոգիների բախտը), և ուրիշներին փոխանցվելու ընդունակ ջերմության այդ բացակայությունը, մարդկայնության բացակայությունը, որն ընդունակ է գերել ուրիշներին, նրա խիզախությունը զրկում է իսկական ստեղծագործական ուժից: Նրա հզորությունը միայն համառության մեջ է, նրա ուժը՝ անընկճելիության մեջ. դիկտատուրան նրա համար դարձել է կյանքի իմաստ ու ձև: Նա հեղափոխության վրա կամ իր ես-ի հետքը կդնի կամ կկործանվի:
Այդպիսի մարդը տանել չի կարող հակաճառությունները, չի տանում իր հետ չհամաձայնելը, չի հանդուրժում նույնիսկ զինակիցներին, առավել ևս՝ հակառակորդներին: Նա հանդուրժում է միայն այն մարդկանց, որոնք արտահայտում են իր սեփական հայեցակետը, քանի դեռ նրանք մնում են իր ոգու ստրուկները, ինչպես Սեն-Ժյուստը և Կատոնը, իսկ բոլոր մնացածներին անողոքաբար թունավորում է նրա լեղի խառնվածքի կծու ալկալին: Բայց վա՜յ նրան, ով ոչ միայն չի բաժանում նրա հայեցակետը (նա հետապնդում էր նաև դրանց), այլև դիմադրում է նրա կամքին կամ կասկածում նրա անսխալականությանը: Հենց դրանում էր մեղանչել Ժոզեֆ Ֆուշեն: Նա երբեք նրանից խորհուրդ չէր հարցրել, երբեք չէր խոնարհվել նախկին ընկերոջ առջև, նա նստել էր նրա հակառակորդների նստարանին և համարձակորեն լոք է տվել Ռոբեսպիերի կողմից հաստատած չափավոր, զգույշ սոցիալիզմի սահմանների վրայով, քարոզելով կոմունիզմ և աթեիզմ: Բայց մինչև այժմ Ռոբեսպիերը նրանով լուրջ չի զբաղվել, Ֆուշեն նրան չափազանց չնչին էր թվում: Նրա աչքում այդ դեպուտատը մնում էր համեստ վանական ուսուցիչ, որին հիշում էր դեռ փարաջայի մեջ, գիտեր որպես իր քրոջ փեսացուի, որպես չնչին փառամոլի, որը դավաճանել է իր աստծուն, իր հարսնացուին և իր բոլոր համոզմունքներին: Նա արհամարհում ու ատում է նրան այնպես, ինչպես միայն անսասանությունը կարող է ատել ճարպկությանը, անխախտ կայունությունը՝ հաջողության հետևից անսկզբունք վազողին, ամենայն անվստահությամբ, ինչպես հոգևոր անձը վերաբերվում է անհավատին, բայց այդ ատելությունը մինչև այժմ ուղղված է եղել ո՛չ Ֆուշեի անձի դեմ, այլ միայն մարդկանց այն տեսակի դեմ, որոնց ներկայացուցիչն էր նա: Ռոբեսպիերը մինչև այդ ժամանակ էլ մեծամտաբար արհամարհում էր նրանց, ինչո՞ւ չարչարվել ինտրիգանի պատճառով, որին կարելի է ցանկացած րոպեի ոչնչացնել: Ռոբեսպիերը մինչև այժմ հետևում էր Ֆուշեին, բայց նրա դեմ լրջորեն չէր պայքարում միայն նրա համար, որովհետև այդքան երկար ժամանակ նրան արհամարհում էր:
Միայն այժմ երկուսն էլ նկատում են, թե ինչպես են թերագնահատել միմյանց: Ֆուշեն տեսնում է այն հսկայական ուժը, որ ձեռք է բերել Ռոբեսպիերը իր բացակայության ժամանակ. ամեն ինչ նրա ենթակայության տակ է՝ բանակը, ոստիկանությունը, դատարանը, կոմիտեները, Կոնվենտը և յակոբինյանները: Նրան հաղթելը անհնար է թվում: Բայց Ռոբեսպիերը նրան պայքարի հարկադրեց, և Ֆուշեն գիտի, որ կզոհվի, եթե չհաղթի, Մեծ հանդգնությունը միշտ ծնում է մեծ ուժ, և ահա նա, անդունդից երկու քայլի վրա, հանդուգն խիզախությամբ նետվում է հետապնդողի վրա, ինչպես հալածատանջ եղջերուն որսորդի վրա:
Առաջին ռազմական գործողություններն սկսում է Ռոբեսպիերը: Սկզբում նա ուզում է միայն դաս տալ այդ լկտիին, նախազգուշացնել նրան աքացի հասցնելով: Որպես պատրվակ նա օգտվեց մայիսի 6-ի իր նշանավոր ճառից, որով հանրապետության ամբողջ հոգևորականությանը կոչ արեց «բարձրագույն էակն ու անմահությունը ընդունել որպես տիեզերքի ղեկավար ուժ»: Ռոբեսպիերը երբեք այդպիսի գեղեցիկ, ոգեշնչված ճառ չէր արտասանել, նա կարծես գրել էր Ժան Ժակ Ռուսոյի առանձնատանը. այստեղ դոգմատիկը դառնում է համարյա բանաստեղծ, մռայլ իդեալիստը՝ մտածող: Անջատել հավատը անհավատությունից և միաժամանակ սնոտիապաշտությունից ստեղծել կրոն, որը վեր է բարձրանում մի կողմից՝ կռապաշտ քրիստոնեությունից, իսկ մյուս կողմից՝ անհոգի մատերիալիզմից ու աթեիզմից, այդպիսով պահպանելով միջինը, որով նա միշտ փորձում է զուսպ լինել գաղափարական հարցերում, դա է նրա կոչի հիմնական գաղափարը, որը, չնայած վերամբարձ դարձվածաբանությանը, լի է իսկական բարոյականությամբ և մարդկությանը բարձրացնելու կրքոտ ձգտումով: Բայց, նույնիսկ ճախրելով բարձր ոլորտներում, այդ գաղափարախոսը չկարողացավ ազատվել քաղաքականությունից, նույնիսկ հավերժության համար նախատեսված իր այդ մտքերին միացնում է թունոտ, մռայլ չարության անհատական հարձակումներ: Նա ատելությամբ հիշում է այն մեռածներին, որոնց ինքն էր նետել գիլյոտինի վրա, և ծաղրում է իր քաղաքականության զոհերին՝ Դանտոնին և Շոմետին, որպես անբարոյականության և աստվածանարգության արհամարհելի օրինակների: Եվ հանկարծ նա ջախջախիչ հարված է իջեցնում իր զայրույթն զգացած, աթեիզմի միակ քարոզիչ Ժոզեֆ Ֆուշեի վրա: «Հայտնիր մեզ՝ քեզ ով է առաքելություն տվել ազդարարելու ժողովրդին, որ աստված չկա: Դու ինչի ես ձգտում հասնել, մարդկանց համոզելով, որ նրանց ճակատագիրը որոշում է կույր ուժը, պատահականորեն պատժելով մե՛կ առաքինությունը, մե՛կ անբարոյականությունը, և որ հոգին ոչ այլ ինչ է, եթե ոչ թույլ շնչառություն, որը մարում է գերեզմանի մուտքի մոտ: Թշվառական սոփեստ, քեզ ո՞վ է իրավունք տվել անմեղությունից խլել բանականության գայիսոնը, որպեսզի այն վստահես անբարոյականության ձեռքերին, սգո ծածկոց գցել բնության վրա, թշվառությունը դարձնել ավելի հուսահատական, արդարացնել հանցագործությունը, նսեմացնել առաքինությունը և ստորացնել մարդկությանը... Միայն ինքն իր համար արհամարհելի և մյուս բոլորի համար զզվելի հանցագործն է ընդունակ հավատալ նրան, որ ամենալավը, ինչը մեզ կարող է պարգևել բնությունը, դա ոչինչն է, անէությունը...»
Ռոբեսպիերի փայլուն ճառից հետո հնչում էին չդադարող ծափահարությունները: Կոնվենտը հանկարծ իրեն ազատված է զգում ամենօրյա վեճերի մանրախնդրությունից և Ռոբեսպիերի առաջարկությամբ միաձայն որոշում է ընդունում կազմակերպել տոնակատարություն, ի պատիվ բարձրագույն էակի: Միայն Ժոզեֆ Ֆուշեն է լռություն պահպանում և կրծում շուրթերը: Հակառակորդի այդպիսի հաղթանակը ստիպում է լռել. նա գիտի, որ հրապարակայնորեն չի կարող մրցել ճարտասանության այդ վարպետի հետ: Լուռ, գունատ, նա ընդունում է հրապարակային այդ նվաստացումը, բայց իր մեջ որոշում է վրեժ լուծել, հատուցել:
Մի քանի օր, մի քանի շաբաթ Ֆուշեի մասին ոչինչ լսելի չէ: Ռոբեսպիերը ենթադրում է, որ նա հեռացված է. մի աքացին բավական էր այդ լկտի համար: Բայց Ֆուշեն չի երևում ու նրա մասին ոչինչ չի լսվում, որովհետև նա գործում է ընդհատակում՝ համառորեն ու պլանավորված, ինչպես խլուրդ: Նա այցելում է կոմիտեները, նոր ծանոթություններ է հաստատում դեպուտատների հետ, նա հաճոյախոս է, ամեն մեկի հետ սիրալիր և աշխատում է բոլորի համար գրավիչ լինել: Ամենից շատ նա պտտվում է յակոբինյանների շրջանում, որտեղ ճարպիկ, ճկուն խոսքը մեծ նշանակություն ունի և որտեղ բարեհաճորեն են վերաբերվում նրա լիոնյան քաջագործություններին: Ոչ ոք ճիշտ չգիտե, թե նա ինչի է ձգտում, ի՛նչ դիտավորություններ ունի, ի՛նչ կձեռնարկի այդ գործարար, ամեն տեղ վազվզող, ամեն տեղ արկան նետող անբարետես մարդը:
Եվ հանկարծ ամեն ինչ պարզվում է՝ անսպասելի բոլորի և բոլորովին անսպասելի Ռոբեսպիերի համար. պրերիալի 18-ին ձայների հսկայական մեծամասնությամբ Ժոզեֆ Ֆուշեն ընտրվում է յակոբինյան ակումբի նախագահ:
Ռոբեսպիերը զգուշացավ. դրան նա, ոչ էլ որևէ մեկը չէր սպասում: Ա՛յժմ է միայն նա իրեն հաշիվ տալիս, թե ինչքան խորամանկ, ինչքա՛ն համարձակ հակառակորդ է ձեռք բերել ի դեմս Ֆուշեի: Ահա արդեն երկու տարի է դեպք չի եղել, որ նրա կողմից հրապարակայնորեն վիրավորանք ստացած մարդը համարձակվեր պաշտպանել իր իրավունքները: Նրանք բոլորը արագ անհետացել են, հենց որ նրա հայացքը կանգ է առել նրանց վրա. Դանտոնը թաքնվեց իր կալվածքում, ժիրոնդիստները ցրվեցին գավառներում, մնացածները նստել են տանը և ձայն չեն հանում: Իսկ այդ լկտի՞ն, որին նա նշավակել է որպես անմաքրաբարո մարդու, այժմ փրկվում է բաց ժողովում զոհարանում, հեղափոխության սրբության մեջ, յակոբինյան ակումբում և այնտեղ հասնում է ամենաբարձր նշանակման, որը կարող է ստանալ հայրենասերը: Իսկապես հո չի կարելի մոռանալ, թե այդ ակումբը ինչ հսկայական բարոյական զորություն է ձեռք բերել հեղափոխության հենց վերջին տարում: Ամենամաքուր հայրենասիրական լիարժեքության բարձրագույն հարգը դնում է յակոբինյան ակումբը, շնորհելով ակումբի անդամի կոչում, և նա, որին ինքը հալածում է, որին պարսավում է, արդեն հենց դրանով նրա վրա դրվում է կառափնարանի թեկնածուի խարան: Գեներալները, ժողովրդական առաջնորդները, քաղաքագետները՝ նրանք բոլորը գլուխները խոնարհում են այդ դատարանի առջև որպես քաղաքացիական գիտակցության բարձրագույն անսխալական ատյանի: Ակումբի անդամները կարծես թե հեղափոխության թիկնապահներն են, լեյբ-գվարդիան, տաճարի պահապանները: Հեղափոխության այդ թիկնապահները, այդ խստագույն, ազնվագույն, անընկճելի հանրապետականները Ժոզեֆ Ֆուշեին ընտրել են իրենց առաջնորդը: Ռոբեսպիերի զայրույթը սահման չունի: Քանզի օրը ցերեկով այդ անպետքը ներխուժել է իր թագավորությունը, իր տիրապետությունները, այնտեղ, որտեղ նա ինքը մեղադրում է իր թշնամիներին, որտեղ նա կոփում է իր սեփական ուժը փորձված ընկերների ընտիր շրջանում: Եվ այժմ, պատրաստվելով ճառ արտասանելու, նա պետք է թույլտվությո՞ւն խնդրի Ժոզեֆ Ֆուշեից, նա՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, պետք է ենթարկվի Ժոզեֆ Ֆուշեի լավ կամ վատ տրամադրությանը:
Նա անմիջապես լարում է իր ամբողջ ուժերը: Այդ պարտությունը պահանջում է արյունոտ հատուցում: Անհապաղ վռնդել նրան ոչ միայն պրեզիդենտի բազկաթոռից, այլև հայրենասերների ընկերությունից: Նա անմիջապես Ֆուշեի դեմ գրգռում է լիոնյան մի քանի քաղաքացիների, որոնք նրա դեմ մեղադրանք էին հարուցել, և երբ, անակնկալի եկած, բաց հռետորական պայքարում միշտ անօգնական Ֆուշեն անշնորհք կերպով պաշտպանվում է, ինքը Ռոբեսպիերը ձայն է վերցնում և յակոբինյաններին համոզում է, որ նրանք «թույլ չտան իրենց՝ խաբվելու ժուլիկներից»: Այդ առաջին հարվածով նրան համարյա հաջողվում է տապալել Ֆուշեին: Բայց նա դեռևս օժտված է պրեզիդենտի լիազորություններով և դրա շնորհիվ կարող է ժամանակին դադարեցնել քննարկումը: Խայտառակ ձևով նա ընդհատում է մտքերի փոխանակությունը և ընկղմվում խավարի մեջ, որպեսզի պատրաստի նոր հարձակում:
Հիմա Ռոբեսպիերը իրազեկ է: Նա հասկացավ Ֆուշեի պայքարի մեթոդը. նա գիտի, որ այդ մարդը մենամարտի մեջ չի մտնում, բայց ամեն անգամ նորից նահանջում է, որպեսզի գաղտնի, ստվերում, հարձակում պատրաստի թիկունքից: Բավական չէ ուղղակի դեն շպրտել և խարազանել այդպիսի համառ ինտրիգանին. նրան պետք է հետապնդնել մինչև ամենավերջին թաքստոցը և ոտքով ճզմել: Պետք է նրան խեղդել, վնասազերծել վերջնականապես և մեկընդմիշտ:
Դրա համար Ռոբեսպիերը հարձակվում է երկրորդ անգամ: Նա իր մեղադրանքը կրկնում է յակոբինյանների առջև և պահանջում, որ Ֆուշեն ներկայանա հաջորդ նիստին բացատրություն տալու համար: Ֆուշեն, հասկանալի է, խույս է տալիս դրանից: Նա գիտի իր ուժը, գիտի և իր թուլությունը, նա չի ուզում Ռոբեսպիերին հրապարակայնորեն հաղթանակելու հնարավորություն տալ, որպեսզի նա երես առ երես նվաստացնի իրեն երեք հազար մարդու ներկայությամբ: Ավելի լավ է վերադառնալ խավարը, ավելի լավ է հաղթված լինել և ժամանակ շահել, թանկագին ժամանակ: Դրա համար նա հարգանքով գրում է յակոբինյաններին, որ, ցավոք, պետք է խույս տա հրապարակային բացատրությունից. նա յակոբինյաններին խնդրում է հետաձգել դատը, մինչև որ երկու կոմիտեները համաձայնության գան իր գործունեության գնահատման հարցում:
Այդ նամակի վրա Ռոբեսպիերը հարձակվում է, ինչպես ավարի վրա: Հենց հիմա պետք է բռնել, վերջնականապես ոչնչացնել Ժոզեֆ Ֆուշեին: Ժոզեֆ Ֆուշեի դեմ մեսիդորի 23-ին (հունիսի 11-ին) նրա արտասանած ճառը ամենադաժանն էր, ամենաահեղը և թունոտը բոլոր այն ելույթներից, որ Ռոբեսպիերը երբևէ ձեռնարկել էր իր թշնամիների դեմ:
Արդեն առաջին բառերից զգացվում է, որ Ռոբեսպիերը ձգտում է ոչ միայն խոցել իր թշնամուն, այլև սպանել նրան, ոչ միայն նվաստացնել, այլև ոչնչացնել: Նա սկսում է շինծու հանդարտությամբ: Ելույթը դեռ բավականին հանդուրժողական է, նա ասում է, որ Ֆուշեի «անձը» իրեն չի հետաքրքրում:
«Ես, հնարավոր է, մի ժամանակ նրա հետ բավականին կապված եմ եղել, քանի որ նրան համարում էի հայրենասեր, և այժմ ոչ այնքան նրա անցյալի հանցագործություններն են ինձ ստիպում հանդես գալ մեղադրանքով, որքան այն, որ թաքնվում է նոր հանցագործություններ կատարելու համար, ինչպես և նրա համար, որ, ինչպես ես համոզված եմ, նա ղեկավարն է մի դավադրության, որը մենք պետք է ոչնչացնենք։ Խորհելով հենց նոր հրապարակված նամակի մասին, ես պետք է ասեմ, որ այն գրված է մի մարդու կողմից, որը չի ցանկանում արդարանալ իր` համաքաղաքացիների առջև, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Դրանով սկիզբ է դրվում բռնակալության սիստեմի քանզի ով չի ուզում արդարանալ ժողովրդական ժողովի առաջ, որի անդամն է ինքը, նա վիրավորում է այդ ժողովրդական ժողովի հեղինակությունը։ Զարմանալի է, որ նա ով առաջ շահադիտորեն հետամտում էր մեր ընկերության հաստատմանը, այժմ մեղադրանքի առջև արհամարհում է նրան և քիչ է մնում Կոնվենտի օգնությանը դիմի յակոբինյանների դեմ»։ Եվ ահա հանկարծ պայթեց Ռոբեսպիերի անձնական ատելությունը, նույնիսկ Ֆուշեի արտաքին այլանդակությունը նա օգտագործում է որպես ցանկալի առիթ թշնամուն նվաստացնելու համար: «Մի՞թե նա վախենում է, - շարունակում է ծաղրել Ռոբեսպիերը, - ժողովրդի աչքից, ականջից, վախենում է, որ իր խղճուկ տեսքը շատ ակնհայտորեն կվկայի նրա հանցագործությունների մասին, որ նրան հառված վեց հազար աչք իր աչքերում կկարդան ամբողջ հոգին, չնայած բնությունը դրանք այնքա՜ն նենգաբար թաքնված է ստեղծել։ Չի՞ վախենում արդյոք նա, որ իր ճառը կբացահայտի շփոթությունը և հակասություններով կմատնի մեղավորին: Ամեն մի խելամիտ մարդ պետք է ընդունի, որ սարսափը նրա վարվելակերպի միակ հիմքն է իր համաքաղաքացիների հայացքներից ամեն մի խուսափող մեղավոր է: Ես Ֆուշեին պատասխանի եմ կանչում։ Թող նա պաշտպանվի և ասի, ո՞վ, նա՞ թե մենք ենք արժանավայել պաշտպանում ժողովրդական ներկայացուցչության իրավունքները և ո՞վ է ավելի խիզախորեն ոչնչացրել կուսակցական երկպառակությունները, նա՞, թե մենք»: Ռոբեսպիերը Ֆուշեին անվանում է «ստոր ու անարգ խաբեբա», որի վարքագիծը հավասարազոր է մեղքի ընդունման, նենգաբար ակնարկում է «նրանց, որոնց ձեռքերը լի են ավարով ու հանցագործություններով» և վերջացնում է ահեղ բառերով, «Ֆուշեն բավարար չափով բնութագրել է իրեն, ես այս դիտողությունները արտահայտեցի միայն նրա համար, որ դավադիրներին մեկընդմիշտ հասկացնել տամ, որ նրանք չեն սպայի ժողովրդի զգոնությունից»: Այս բառերը չնայած նախագուշակում են մահվան դատավճիռ, բայց ժողովը այնուամենայնիվ լսում է Ռոբեսպիերին և, առանց հապաղելու իր նախկին պրեզիդենտին, որպես անարժանի, վռնդում է յակոբինյանների ակումբից:
Այժմ Ֆուշեն նշանառված է գիլյոտինի համար, ինչպես ծառը կտրելու համար: Յակոբինյանների ակումբից հեռացնելը խարան է. Ռոբեսպիերի մեղադրանքը, այն էլ այնքան զայրույթով, դատավճիռ է: Ֆուշեն օրը ցերեկով փաթաթված է պատանքով: Յուրաքանչյուրը այժմ ամեն ժամ սպասում է նրա բանտարկությանը, և ամենից շատ նա ինքը: Արդեն վաղուց նա իր անկողնում չի քնում, վախենալով, որ իր հետևից, ինչպես Դանտոնի և Դեմուլենի հետևից, գիշերը կգան ժանդարմները: Նա թաքնվում է իր մի քանի խիզախ ընկերների մոտ, քանզի պետք է քաջություն ունենալ հրապարակայնորեն խայտառակվածին, շնորհազրկվածին ապաստան տալու համար, քաջություն նույնիսկ նրա համար, որպեսզի խոսես նրա հետ: Նրա յուրաքանչյուր քայլին հետևում է Ռոբեսպիերի կողմից ղեկավարվող Հասարակական փրկության կոմիտեի ոստիկանությունը և զեկուցում է նրա ծանոթությունը ների, այցելությունների ու տեսակցությունների մասին: Նա անտեսանելիորեն շրջապատված է, նրա բոլոր շարժումները շղթայված են, նա արդեն դատապարտված է գիլյոտինի դանակին:
Հիրավի. այդ ժամանակ յոթ հարյուր դեպուտատներից ոչ մեկը չէր գտնվում այնպիսի վտանգի մեջ, ինչպես Ֆուշեն, որը փրկության ելք չուներ: Նա մի անդամ էլ փորձեց գոնե ինչ-որ տեղ պաշտպանություն գտնել, ամենից առաջ յակոբինյանների մոտ, բայց Ռոբեսպիերի անողոք բռունցքը նրան զրկեց այդ պաշտպանությունից. այժմ նրա ուսերին նստած է կարծես ուրիշի գլուխ: Եվ ի՞նչ սպասել Կոնվենտից, այդ վախեցած ու ահաբեկված ոչխարների հոտից, որը հեզորեն մայում է իր «այո»-ն, երբ կոմիտեն ուզում էր գիլյոտինի ուղարկել նրանց շրջապատից մեկին: Նրանք առանց դիմադրության հեղափոխական տրիբունալին հանձնեցին իրենց նախկին բոլոր առաջնորդներին՝ Դանտոնին, Դեմուլենին, Վեռնյոյին, միայն թե դիմադրությամբ իրենց վրա ուշադրություն չգրավեն: Իսկ ինչո՞ւ Ֆուշեն պիտի խույս տա իր ճակատագրից: Լուռ ու մունջ, վախեցած, շփոթված նստած են իրենց նստարաններին այդ երբեմնի այնքա՜ն խիզախ ու կրքոտ դեպուտատները: Գարշելի, նյարդեր ավերող, հոգին քայքայող սարսափի թույնը ջլատում է նրանց կամքը:
Բայց այդպիսին է թույնի մշտական գաղտնիքը. այն ունի նաև բուժիչ հատկություններ, թե հմտությամբ մաքրես ու մի տեղ հավաքես դրա մեջ թաքնված ուժերը: Եվ այստեղ, ինչ քան էլ դա տարօրինակ է, հենց Ռոբեսպիերից ունեցած սարսափը կարող է փրկություն դառնալ Ռոբեսպիերից: Չի կարելի ներել մի մարդու, որը անընդհատ, շաբաթներով, ամիսներով ստիպում է դողալ սարսափից, հոգի է կեղեքում անհայտությամբ և կաթվածահարում է կամքը. երբեք մարդկությունը կամ նրա մի մասը՝ առանձին խումբ, չեն կարող երկար ժամանակ հանդուրժել մի մարդու դիկտատուրա, առանց ատելությամբ լցվելու նրա նկատմամբ: Եվ հնազանդեցվածների այդ ատելությունը դրսևորվում է բոլոր խավերի ընդերկրյա խմորումների մեջ: Հիսուն, վաթսուն դեպուտատներ, որոնք Ֆուշեի նման չէին համարձակվում գիշերել տանը, կրծում են շուրթերը, երբ Ռոբեսպիերը անցնում է նրանց կողքից, շատերը բռունցք են ցույց տալիս նրա թիկունքում, չնայած ծափահարում են նրա ճառերը: Որքան անողոք, որքան ավելի է իշխող դառնում Անկաշառելին, այնքան ավելի է աճում վրդովմունքը նրա գերհզոր կամքի դեմ: Քիչ-քիչ բոլորը վիրավորված նեղացած են դառնում՝ աջ թևը նրանով, որ նա կառափնարան է ուղարկել ժիրոնդիստներին, ձախը նրանով, որ նա զամբյուղ է նետել ծայրահեղ ռադիկալների գլուխները, Հասարակական փրկության կոմիտեն նրանով, որ նրա վզին է փաթաթում իր կամքը, առևտրականները նրանով, որ նա սպառնում է նրանց բարեկեցությանը, փառասերները նրանով, որ նա փակում է նրանց ճանապարհը, նախանձողները նրանով, որ նա իշխում է, և խաղաղասերները նրանով, որ նա դաշինք չի կնքում նրանց հետ: Եթե հաջողվեր մի միասնական կամքի մեջ ժողովել այդ հարյուրգլխանի ատելությունը, ամենուրեք սփռված սարսափը նրանց կդարձներ մի դաշույն, որի ծայրը կխոցեր Ռոբեսպիերի կուրծքը, նրանք բոլորը՝ Ֆուշեն, Բարրասը, Տալյենը և Կառնոն նրա բոլոր գաղտնի թշնամիները փրկված կլինեին: Բայց դրան հասնելու համար ամենից առաջ պետք է այդ թուլակամ մարդկանց մեծ մասին ներշնչել այն միտքը, որ Ռոբեսպիերը սպառնում է նրանց կամքին. պետք է ներշնչել ավելի մեծ սարսափ և ավելի մեծ անվստահություն, արհեստականորեն բարձրացնել նրա գործունեության ծնած լարվածությունը: Պետք է, որ բոլորը և յուրաքանչյուրը Ռոբեսպիերի անորոշ խավարամած ճառերից ավելի ուժեղ զգան խեղդող արճճի ծանրության տպավորությունները, պետք է ահը դառնա ահավոր, իսկ սարսափը՝ ավելի սարսափելի, և այն ժամանակ հնարավոր է, մասսան ձեռք կբերի բավականին արիություն, որպեսզի հարձակվի այդ միայնակի վրա:
Ահա այստեղ էլ սկսվում է Ֆուշեի իսկական գործունեությունը: Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր նա գողեգող մի դեպուտատից մոտենում է մյուսին, փսփսալով Ռոբեսպիերի կողմից պատրաստված գաղտնի, նոր սև ցուցակի մասին: Եվ յուրաքանչյուրին առանձին նա հավատացնում է. «Դու ցուցակում ես» կամ «Դու նշված ես հաջորդ խմբի մեջ»: Եվ իրոք, աստիճանաբար տարածվում է անտեսանելի խուճապային սարսափ, որովհետև այդ Կատոնի առջև, նրա բացարձակ անկաշառելի աչքերում դեպուտատներից քչերն ունեն լրիվ մաքուր խիղճ: Մեկը մի քիչ անզգույշ էր դրամական հարցերում, մյուսը ինչ-որ ժամանակ հակադրվել է Ռոբեսպիերին, երրորդը չափից ավելի ժամանակ է նվիրել կանանց (այս բոլորը հանցագործություն են հանրապետական պուրիտանի աչքում), չորրորդը, հնարավոր է, ինչ-որ ժամանակ բարեկամ է եղել Դանտոնի կամ դատապարտված հարյուր հիսուն դեպուտատներից որևէ մեկի հետ, հինգերորդը իր մոտ պատսպարել է մահվան դատապարտվածի, վեցերորդը նամակ է ստացել վտարանդիից: Կարճ ասած, ամեն մեկը դողում է, ամեն մեկը հնարավոր է համարում իր վրա հարձակումը, բոլորն իրենց բավականին մաքուր չեն համարում, որպեսզի լրիվ բավարարեն քաղաքացիական առաքինության նկատմամբ Ռոբեսպիերի ներկայացրած չափազանց խիստ պահանջները: Եվ Ֆուշեն շարունակում է ցատկռտել, ինչպես ջուլհակի դազգահի մաքոքը, մեկից մյուսին, ձգելով նոր թելեր, կապելով նոր հանգույցներ, դեպուտատներին ավելի ուժեղ բռնելով, պարուրելով անվստահելիության ու կասկածելիության այդ ոստայնով: Բայց նրա սարքած խաղը վտանգավոր է, քանզի նա միայն ոստայն է գործում, և Ռոբեսպիերի մի կտրուկ շարժումը, մի դավաճանական բառ կարող է կտրել ամբողջ ցանցը:
Ֆուշեի այդ գաղտնի, հուսահատական, վտանգավոր, չնայած անդրկուլիսային, դերը Ռոբեսպիերի դեմ սարքած դավադրության մեջ անբավարար է ընդգծված այդ դարաշրջանին նվիրված աշխատությունների մեծ մասում, իսկ մակերեսային աշխատությունների մեջ Ֆուշեի անունը նույնիսկ չի հիշատակվում: Պատմությունը համարյա միշտ գրվում է արտաքին փաստերի հիման վրա, և այդ անհանգիստ օրերը պատկերողները նկարագրում են սովորաբար միայն Տալյենի ողբերգական, վերամբարձ ժեստը, որը ամբիոնի վրա ճոճում էր դաշույնը, պատրաստվելով այն խրել իր կուրծքը, Բարրասի հանկարծական եռանդը, որը զորք կանչեց, Բուրդոնի մեղադրական ճառը. կարճ ասած, գործող անձանց, թերմիդորի 9-ին խաղացված մեծ ողբերգության արտիստների նկարագրության մեջ չեն նկատում Ֆուշեին: Եվ իսկապես, այդ օրը նա չերևաց Կոնվենտի բեմի վրա. ավելի դժվարին նրա աշխատանքը ընթացավ կուլիսների հետևում. դա հանդուգն, վտանգավոր խաղ ղեկավարող ռեժիսորի աշխատանք էր: Նա բաշխեց տեսարանները, արտիստների հետ սերտեց դերերը, ինչ-որ տեղ մթության մեջ ուսուցանեց նրանց և, մնալով խավարի մեջ, իր հարազատ միջավայրում, ռեպլիկներ էր տալիս: Բայց եթե ուշ շրջանի պատմաբանները չնկատեին նրա դերը, մի մարդ արդեն այն ժամանակ զգում էր նրա գործուն մասնակցությունը, դա Ռոբեսպիերն էր, որը նրան անվանեց իր իսկական անունով. «Chef de la conspi ration» - դավադրության ղեկավար:
Այդ թերահավատ, կասկածամիտ մարդը կռահում էր, որ իր դեմ գաղտնի ինչ-որ բան է սարքվում: Նա դա նկատում է կոմիտեների հանկարծակի բռնկված դիմադրությունից և ավելի պարզ, հնարավոր է, այլ դեպուտատների՝ իր անկասկածելի թշնամիների չափից ավելի քաղաքավարությունից ու հլությունից: Ռոբեսպիերն զգում է, որ թիկունքից ինչ-որ հարված է պատրաստվում, նա գիտի այն ձեռքը, որը նրան հարվածելու է, Chef de la conspiration-ի ձեռքը, և միջոցներ է ձեռնարկում: Զգույշ բացում է իր շոշափուկները. սեփական ոստիկանությունը, մասնավոր լրտեսները Ռոբեսպիերին տեղեկացնում են Տալյենի, Ֆուշեի և մյուս դավադիրների յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր շրջագայությունների, յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր խոսակցության մասին. անստորագիր նամակներով նրան զգուշացնում կամ խորհուրդ են տալիս անհապաղ իրեն հայտարարել դիկտատոր և ոչնչացնել թշնամիներին, քանի դեռ նրանք չեն միավորվել: Նրանց շփոթեցնելու, խաբելու համար նա հանկարծ քաղաքական իշխանության նկատմամբ հագնում է անտարբերության դիմակ, Նա այլևս չի երևում ո՛չ Կոնվենտում, ո՛չ Կոմիտեում: Շուրթերը սեղմած նա միայնակ, գրքերը ձեռքին, թափառում է իր նյուֆաունդլենդի հետ. նրան հանդիպում են փողոցներում կամ մերձակայքի անտառներում՝ տարված իր սիրած փիլիսոփաներով և, ըստ երևույթին, անտարբեր՝ իշխանության ու հզորության նկատմամբ: Բայց երեկոյան, վերադառնալով իր սենյակը, նա ժամերով աշխատում է իր մեծ ճառի տեքստի վրա: Անչափ երկար է աշխատում նա դրա վրա, ձեռագրից երևում է, թե ինչ քան ուղղումներ ու լրացումներ է կատարել. դա մեծ, վճռական ճառ է, որով նա ուզում է միանգամից ոչնչացնել իր բոլոր թշնամիներին, այն պետք է լինի անսպասելի և սուր՝ ինչպես դանակը, այն պետք է լինի հռետորական ոգեշնչման արդյունք, փայլի խելքով ու հղկված ատելությամբ: Այդ զենքը ձեռքին նա ուզում է թշնամիներին անակնկալի բերել, նախքան նրանց հավաքվելն ու պայմանավորվելը: Բայց շեղբը նրան դեռ բավական սուր, բավական թունավոր չի թվում, և երկար, թանկարժեք օրերը անցնում են այդ սահմռկելի աշխատանքի վրա:
Բայց այլևս չի կարելի ժամանակ կորցնել, քանզի բոլոր լրտեսները տեղեկացնում են գաղտնի ժողովների մասին։ Թերմիդորի 5-ին Ռոբեսպիերի ձեռքն է ընկնում Ֆուշեի նամակը՝ հասցեագրված քրոջը. նրանում կան խորհրդավոր բառեր. «Ես վախենալու ոչինչ չունեմ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի զրպարտանքներից... շուտով դու կլսես այդ գործի ելքի մասին, որը, ինչպես հույս ունեմ, կվերջանա հօգուտ հանրապետության»: Եվ այդպես՝ շուտով. Ռոբեսպիերն զգուշացված է: Նա իր մոտ է կանչում ընկերոջը՝ Սեն-Ժյուստին և նրա հետ փակվում է Սենտ-Օնորե փողոցի մի ձեղնահարկում: Այնտեղ որոշվում է հարձակման օրն ու ձևը։ Թերմիդորի 8-ին Ռոբեսպիերը իր ճառով պետք է շշմեցնի ու կաթվածի ենթարկի Կոնվենտին, իսկ 9-ին Սեն-Ժյուստը ելույթ կունենա նրա թշնամիներին, Կոմիտեի ըմբոստ անդամներին և ամենից առաջ Ժոզեֆ Ֆուշեին մահապատժի ենթարկելու պահանջով:
Լարվածությունը համարյա անտանելի է դառնում, դավադիրները նույնպես զգում են ամպերի հետևում կայծակի փայլատակումը: Բայց նրանք դեռ դանդաղում են հարձակվել Ֆրանսիայի ամենաուժեղ մարդու վրա, նրա վրա, որը ամենահզորն է, որը գրավել է իշխանության բոլոր միջոցները, որն իր ձեռքն է հավաքել քաղաքի ու բանակի, յակոբինյանների ու ժողովրդի կառավարումը և ունի փառահեղ ու անբիծ մարդու հեղինակություն։ Նրանք դեռևս բավարար վստահություն չունեն իրենց նկատմամբ, նրանք դեռևս բավականին բազմաթիվ չեն, բավականին վճռական չեն, բավականին համարձակ չեն, որպեսզի բացահայտ պայքարի բռնվեն հեղափոխության այդ հսկայի հետ. ոմանք արդեն զգույշ խոսում են նահանջի ու հաշտության մասին։ Չարչարանքով կպցված դավադրությանը քայքայում է սպառնում։
Այդ ակնթարթում ճակատագիրը՝ ամենահանճարեղ բանաստեղծը, վճռական կշռաքար է նետում կշեռքի տատանվող նժարի վրա։ Դուրս է գալիս, որ հենց Ֆուշեին էր վիճակված պայթեցնել ականը։ Քանզի այդ օրերին, նա, բոլոր որսաշների կողմից կատաղորեն հալածված, ամեն ժամ գիլյոտինի սպառնալիքի տակ, ի լրումն իր քաղաքական ձախողումների, ապրում էր նաև մի մեծ, անձնական դժբախտություն։ Խիստ, սառը, հասարակական գործերում և քաղաքականության մեջ նենգ ու ծածկամիտ այդ զարմանալի մարդն իր տանը վերափոխվում է խիստ սրտառուչ ամուսնու, ընտանիքի գորովալից հոր։ Նա կրքոտ կերպով սիրում է իր վանող այլանդակությամբ կնոջը և հատկապես իր պրոկոնսուլության ժամանակ ծնված փոքրիկ դստերը, որին նա ինքն էր կնքել Նևերի շուկայի հրապարակում, տալով նրան Նիևր անունը։ Այդ փոքրիկ, քնքուշ, դալուկ մանկիկը, նրա սիրելին, թերմիդորի այդ օրերին հանկարծակի ծանր հիվանդանում է, և սեփական կյանքի հոգսերին միանում է նոր ահեղ հոգս՝ դստեր կյանքի հոգսը։ Դա ամենադաժան փորձությունն էր. նա գիտի, որ տկար, թուլակազմ երեխան մեռնում է մոր ձեռքերի վրա, Ռոբեսպիերի հետապնդման պատճառով չի կարող գիշերներն անցկացնել մահացու հիվանդ աղջկա անկողնու մոտ, և պետք է թաքնվի ուրիշների բնակարաններում և ձեղնահարկերում։ Փոխանակ նրա հետ լինի, լսի նրա մատաղ շնչառությունը, նա պետք է հապշտապ մի դեպուտատից վազի մյուսին, խաբի, աղաչի, թախանձի, պաշտպանի սեփական կյանքը։ Տանջված, կոտրված սրտով, առանց հոգնելու հուլիսյան այդ տոթակեզ օրերին (երկար տարիներ այդպիսի շոգեր չէին եղել) դժբախտը թափառում է քաղաքական հետնաբակերում, հնարավորություն չունենալով լինել այնտեղ, որտեղ տառապում ու մեռնում է նրա սիրելի երեխան։
Թերմիդորի 5-ին կամ 6-ին այդ փորձությունը վերջացավ։ Ֆուշեն գերեզման է ճանապարհում մի փոքրիկ դագաղ. երեխան մեռավ։ Այդպիսի փորձությունները դաժանացնում են։ Դստեր մահից հետո նրա համար արդեն սարսափելի չէ սեփական մահը։ Նոր, հուսահատությունից ծնված խիզախությունն ամրապնդում է նրա կամքը։ Եվ երբ դավադիրները դեռ դանդաղում էին և աշխատում պայքարը հետաձգել, Ֆուշեն, որն աշխարհում ոչինչ չուներ կորցնելու, բացի սեփական կյանքից, արտասանում է վճռական բառեր՝ «Վաղը պետք է հարված հասցվի»։ Դա ասվել է թերմիդորի 7-ին։
Եվ ահա վրա է հասել թերմիդորի 8-ի՝ պատմական մեծ օրվա առավոտը։ Արդեն վաղ առավոտից անամպ հուլիսյան տապը ճնշող ծանրությամբ տարածվում է հանգիստ քաղաքի վրա։ Միայն Կոնվենտում տիրում է վաղաժամ անսովոր հուզում։ Դեպուտատները փսփսում են անկյուններում, կուլիսներում և տրիբունաներում չտեսնված շատ են կողմնակի ու հետաքրքրասեր մարդիկ։ Խորհրդավորության ու լարվածության ուրվականները շրջում են դահլիճում, քանզի անհայտ ուղիով լուր էր տարածվել, որ այսօր Ռոբեսպիերը հաշիվ է տեսնելու իր թշնամիների հետ։ Հնարավոր է ինչ-որ մեկը թաքուն լսել ու տեսել է, թե ինչպես Սեն-Ժյուստը երեկոյան վերադարձել է սովորաբար բանալիով փակած նրա սենյակից, իսկ Կոնվենտը շատ լավ գիտի այդ գաղտնի խորհրդակցությունների հետևանքները։ կամ, հակառակը, Ռոբեսպիերը գուցե իմացե՞լ է իր հակառակորդների ռազմատենչ մտադրությունների մասին։
Բոլոր դավադիրները, բոլորը, ովքեր սպառնալիքի տակ են, վախվորած նայում են իրենց կոլեգաների երեսին. արդյոք որևէ մեկը դուրս չի՞ տվել վտանգավոր գաղտնիքի մասին և հատկապես ո՞վ կարող է դա անել։ Ռոբեսպիերը արդյոք կզգուշացնի՞ նրանց, թե նրանք շուտ կճզմեն նրան մինչև նա կխոսի։ Կհրաժարվի՞ նրանցից, թե կպաշտպանի նրանց «ճահիճը»՝ անկայուն, վախկոտ մեծամասնությանը։ Ամեն մեկը տատանվում ու դողում է։ Եվ կարծես քաղաքի վրայի արճճե երկնքի տոթը, ընդհանուր անհանգստության չարագույժ ծանրությունը տարածվում է ժողովի վրա։
Հիրավի, ժողովը հենց նոր էր բացվել, Ռոբեսպիերը ձայն է խնդրում։ Հանդիսավոր ձևով, ինչպես գերագույն էակի փառաբանման օրը, նա հագել էր իր արդեն պատմական դարձած երկնագույն կոստյումը և մետաքսե սպիտակ գուլպաներ. դանդա՜ղ, շինծու հանդիսավորությամբ նա բարձրանում է ամբիոն։ Այս անգամ, սակայն, նա ձեռքին ոչ թե ջահ է բռնել, ինչպես այն ժամանակ, այլ սեղմում է, ինչպես լիկտորը կացնի կոթը, ծավալուն մի փաթեթ՝ իր ճառը։ Այդ փաթաթված թերթիկներում գտնել իր անունը, յուրաքանչյուրի համար մահ էր նշանակում, դրա համար նստարանների վրա ակնթարթաբար դադարում են շաղակրատությունն ու շշուկները։ Այգուց ու կուլուարներից դեպուտատները շտապում են իրենց տեղերը։ Յուրաքանչյուրը սարսափով նայում է շատ լավ ծանոթ նեղ դեմքին։ Բայց սառը, ինքնամփոփ, հետաքրքրասեր հայացքների համար անթափանցելի Ռոբեսպիերը դանդաղ բացում է իր ճառը։ Նախքան կարդալ սկսելը, նա բարձրացնում է իր կարճատես աչքերը և, որպեսզի մեծացնի լարվածությունը, դանդա՜ղ, սառն ու ահեղ ձևով նայում է աջից ձախ և ձախից աջ, ներքևից վերև և վերևից ներքև ամբողջ, կարծես, հիպնոսացված ժողովին։ Ահա նրանք նստած են, նրա բազմաքանակ ընկերները, բազմաթիվ տատանվողները և իրենց կործանմանն սպասող դավադիրների երկչոտ ոհմակը։ Նա նայում է նրանց աչքերին։ Միայն մեկին նա չի տեսնում։ Այդ վճռական ժամին բացակայում է նրա թշնամիներից միակը՝ Ժոզեֆ Ֆուշեն։
Բայց զարմանալի է. միայն այդ բացակայողի անունը, միայն Ժոզեֆ Ֆուշեի անունն է հիշատակվում վիճաբանությունների մեջ։ Եվ հենց նրա անվան կապակցությամբ էլ բորբոքվում է վերջին, վճռական մարտը։
Ռոբեսպիերը խոսում է երկար, ձգված և ձանձրացուցիչ. հին բնավորությամբ չի ճոճում գիլյոտինի դանակը, անուններ չի տալիս, հիշատակում է դավադրությունների և կոնսպիրացիաների, անարժանների ու հանցագործների, դավաճանների ու դատապարտությունների մասին, բայց նա անուններ չի տալիս։ Նա բավարարվում է նրանով, որ հիպնոսացնում է ժողովին. մահացու հարվածը հաջորդ օրը պետք է հասցնի Սեն-Ժյուստը։ Երեք ժամ նա ձգում է իր անորոշ, դատարկ ֆրազներով առատ ճառը, և երբ նա այն վերջացնում է, ժողովն ավելի շատ ձանձրացած էր, քան վախեցած։
Սկզբում ոչ ոք չի շարժվում: Բոլորի դեմքին տարակուսանք կա: Հասկանալի չէ, այդ լռությունը պարտությո՞ւն է նշանակում, թե հաղթանակ: Միայն մտքերի փոխանակությունը կարող է վճռել հարցը:
Վերջապես, Ռոբեսպիերի համախոհներից մեկը պահանջում է, որ Կոնվենտը տպագրի նրա ճառը և դրանով էլ հավանություն տվեց նրան: Ոչ ոք չի առարկում: Մեծամասնությունը երկչոտաբար, ստրկորեն համաձայնում է և դրա հետ միասին կարծես թեթևացած շունչ քաշում, որ այսօր նրանից ավելին չեն պահանջում, չեն պահանջում նոր կյանքեր, նոր ձերբակալություններ, նոր ինքնասահմանափակում: Բայց ահա, վերջին րոպեին, կանգնում է դավադիրներից մեկը (նրա անունը արժանի է հիշատակման՝ Բուրդոն դը լը Ուազ) և առարկում է ճառի տպագրության դեմ: Եվ այդ եզակի ձայնը բացում է մյուսների լեզուն: Երկչոտությունը աստիճանաբար աճում ու թանձրանում է մինչև հանդուգն համարձակության, մեկը մյուսի հետևից դեպուտատները Ռոբեսպիերին մեղադրում են իր մեղադրանքներն ու սպառնալիքները ոչ բավարար պարզությամբ ձևակերպելու մեջ. թող, վերջապես, պարզ արտահայտվի, թե ում է նա մեղադրում: Հաջորդ ժամին պատկերը կերպարանափոխվեց: Մեղադրող Ռոբեսպիերը պետք է պաշտպանվի. նա թուլացնում է իր ճառի տպավորությունը, փոխանակ այն ուժեղացնելու, նա պարզաբանում է, որ ոչ մեկին չի մեղադրել, ոչ մեկին չի մերկացրել:
Այդ պահին հանկարծ հնչում է մի ձայն, մի փոքրիկ, աննշան դեպուտատի ձայն. «Et Fouché?». - «Իսկ Ֆուշե՞ն»: Անունն ասված է, մի մարդու անուն, որին Ռոբեսպիերը մի անգամ արդեն խարանել է որպես դավադրության ղեկավարի, հեղափոխության դավաճանի: Այժմ Ռոբեսպիերը կարող էր, պետք է որ հարված հասցներ: Բայց տարօրինակ է, բոլորովին տարօրինակ՝ Ռոբեսպիերը խույս է տալիս. «Ես այժմ չեմ ուզում նրանով զբաղվել, ես ենթարկվում եմ միայն իմ պարտքի ձայնին»:
Ռոբեսպիերի այդ խուսափողական պատասխանը իր հետ գերեզման տարած գաղտնիքներից մեկն է: Ինչո՞ւ է նա խնայում իր ոխերիմ թշնամուն, գիտենալով, որ խոսքը կյանքի ու մահվան մասին է: Ինչո՞ւ նա չի ոչնչացնում նրան, ինչո՞ւ չի հարձակվում բացակայողի վրա, միակ բացակայողի վրա: Ինչո՞ւ չի թողնում ազատ շունչ քաշել մյուսներին, վախեցածներին, որոնք անկասկած հաճույքով կզոհեին Ֆուշեին հանուն սեփական փրկության: Այդ նույն երեկոյան, այդպես է հաստատում Սեն-Ժյուստը, Ֆուշեն մի անգամ էլ է փորձում մոտենալ Ռոբեսպիերին: Դա ի՞նչ է՝ խորամանկությո՞ւն, թե ազնիվ մտադրություն: Որոշ ականատեսներ հաստատում են, որ այդ օրերին նրան տեսել են նույն Շարլոտա - Ռոբեսպիերի՝ նրա նախկին հարսնացուի ընկերակիցների հետ նույն նստարանին նստած. իսկապե՞ս նա փորձում էր պառավող օրիորդին ստիպել բարեխոսելու իր համար: Իսկապե՞ս, հույսը կորցնելով, սեփական կյանքը փրկելու համար նա ուզում էր մատնել դավադիրներին: Թե՞ նա ուզում էր վնասազերծել Ռոբեսպիերին և դավադրությունը ծածկել զղջման ու հնազանդության տեսքով: Արդյո՞ք այս անգամ էլ նա խաղում էր իր ամենախարդախ, ինչպես հազար անգամ այլ դեպքերում, նենգանշան խաղաթղթերով: Անկաշառելի Ռոբեսպիերը, ինքը լինելով սպառնալիքի տակ, հակվա՞ծ էր արդյոք խնայելու իր ամենաատելի թշնամուն հանուն նրա, որ ինքը չընկնի: Ֆուշեին մեղադրելուց խույս տալը արդյոք գաղտնի դավադրության նշա՞ն էր, թե՛ միայն խորամանկում:
Այդ բոլորը մնաց անհայտ: Ռոբեսպիերի կերպարի վրա դեռ այժմ էլ, այսքան տարիներ անցնելուց հետո, սավառնում է գաղտնիության ստվերը: Պատմությունը երբե՜ք լրիվ չի բացահայտի այդ անթափանցելի մարդուն, երբեք չի իմանա նրա վերջին մտքերը. ձգտո՞ւմ էր արդյոք նա դիկտատուրայի իր համար, թե հանրապետության բոլորի համար, ցանկանում էր արդյոք փրկե՞լ հեղափոխությունը, թե՛ դառնալ նրա ժառանգորդը՝ ինչպես Նապոլեոնը: Ո՛չ ոք չիմացավ նրա գաղտնի մտքերը, նրա վերջին գիշերվա՝ թերմիդորի 8 - 9-ի մտքերը: Քանզի դա նրա վերջին գիշերն էր. այդ գիշեր հասունանում է որոշումը: Տոթակեզ հուլիսյան գիշերվա լուսնի լույսով աղոտ լուսավորված է գիլյոտինը: Ո՞ւմ ողերը վաղը կճրթճրթան նրա սառը շեղբի տակ՝ Տալյեն - Բարրաս - Ֆուշե եռյակի՞, թե Ռոբեսպիերի: Վեց հարյուր դեպուտատներից ոչ մեկը այդ գիշեր չի քնում, երկու կուսակցություններն էլ պատրաստվում են վճռական մարտի: Ռոբեսպիերը Կոնվենտից նետվեց յակոբինյանների մոտ. մոմերի առկայծող լույսի տակ, հուզմունքից դողալով, նա նրանց կարդում է Կոնվենտի կողմից մերժված իր ճառը։ Մի անգամ էլ, վերջին անգամ նրա շուրջը փոթորկում է օվացիան, բայց լցված դառը նախազգացումներով, նա չի հրապուրվում նրանով, որ երեք հազար մարդ աղմկելով խռնվում է շուրջը և այդ ճառը համարում է իր կտակը։ Այդ Ժամանակ նրա կնքապահ Սեն-Ժյուստը մինչև լուսաբաց խելահեղությամբ պայքարում է Կոլլոյի, Կառնոյի և Կոմիտեի մյուս դավադիրների դեմ, իսկ Կոնվենտի կուլուարներում ցանց է հյուսվում, որը առավոտյան կկապկպի Ռոբեսպիերին։ Երկու, երեք անգամ, ինչպես ջուլհակի դազգահի մաքոքի վրա, ձգվում են թելերը ձախից աջ, «լեռ» կուսակցությունից դեպի նախկին ռեակցիոն կուսակցությունը, մինչև, վերջապես, առավոտյան դեմ չի հյուսվում ամուր, անխզելի դաշն։ Այստեղ նորից հանկարծակի երևում է Ֆուշեն, քանզի գիշերը նրա տարերքն է ինտրիգը՝ նրա գործունեության իսկական ոլորտը։ Արճճանման, սարսափից սփրթնած ինչպես կիր, Ֆուշեի դեմքը աղոտ կերպով առանձնանում է դահլիճների կիսամթության մեջ։ Նա փսփսում է, շողոքորթում, խոստանում է, նա վախեցնում է, սարսափեցնում, սպառնում մեկին մյուսի հետևից և չի հանգստանում, մինչև դաշինքը չի կնքվում։ Առավոտյան ժամը երկուսին բոլոր հակառակորդները, վերջապես, հանգեցին նրան, որ ընդհանուր ուժերով վերջ տան Ռոբեսպիերին։ Այժմ Ֆուշեն վերջապես կարող է հանգստանալ։
Ժոզեֆ Ֆուշեն թերմիդորի 9-ի նիստին էլ չի մասնակցում, բայց նա կարող է հանգստանալ, քանզի նրա գործն արված է, ցանցը հյուսված է, և մեծամասնությունը որոշել է չափազանց ուժեղ և վտանգավոր հակառակորդին թույլ չտալ մահից խույս տալու։ Սեն-Ժյուստը՝ Ռոբեսպիերի զինակիրը, հազիվ էր սկսել դավադիրների դեմ նախապես պատրաստած ճառը, երբ Տալյենը ընդհատում է նրան, քանզի նրանք նախորդ օրը պայմանավորվել էին ուժեղ հռետորներից ոչ մեկին ձայն չտալ՝ ո՛չ Սեն-Ժյուստին, ո՛չ Ռոբեսպիերին։ Երկուսն էլ պետք է խեղդվեն, մինչև կսկսեն խոսել, մինչև, կսկսեն մեղադրել։ Եվ ահա հաճկատար նախագահի խորամանկ պաշտպանությամբ հռետորները մեկը մյուսի հետևից բարձրանում են ամբիոն, իսկ երբ Ռոբեսպիերը պատրաստվում է պաշտպանվելու, բոլորն սկսում են աղմկել, գոռալ և սեղանները ծեծել, խլացնելով նրա ձայնը, վեց հարյուր անկայուն հոգու ճնշված վախկոտությունը, շաբաթներով ու ամիսներով կուտակված նրանց ատելությունն ու նախանձը այժմ ուղղված են մի մարդու դեմք որի առջև նրանցից յուրաքանչյուրը դողում էր։ Երեկոյան ժամը վեցին ամեն ինչ վճռված է։ Ռոբեսպիերը շնորհազրկված է և ուղարկված բանտ, նրա ընկերները, ազնիվ հեղափոխականները, որոնք նրա մեջ հարգում են հանրապետության անողոքությունն ու կրքոտ հոգին, իզուր են նրան ազատում և թաքցնում ռատուշայում. գիշերը Կոնվենտի ջոկատները գրոհում են հեղափոխության այդ ամրոցի վրա, և առավոտյան ժամը երկուսին, քսանչորս ժամ նրանից հետո, երբ Ֆուշեն և նրա համախոհները ստորագրեցին նրա կործանման մասին համաձայնագիրը, Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, Ֆուշեի թշնամին, դեռ երեկ Ֆրանսիայի ամենահզոր մարդը, արնաշաղախ, ջախջախված ծնոտով ընկած է Կոնվենտի նախասրահում երկու բազկաթոռների արանքում։ Խոշոր որսը հալածամահ է արված, Ֆուշեն փրկված է։ Հաջորդ օրը սայլը դղրդոցով շարժվում է դեպի մահապատժի տեղը։ Տեռորն ավարտված է, բայց հանգավ նաև հեղափոխության բոցավառ ոգին, անցավ նրա հերոսական դարաշրջանը։ Հասավ ժառանգորդների՝ արկածախնդիրների և ընչաքաղցների, սպեկուլյանտների և երկերեսանիների, գեներալների և փողի տոպրակների ժամը, նոր դասի ժամը։ Այժմ, ինչպես ենթադրում էին, հասավ նաև Ժոզեֆ Ֆուշեի ժամը։
Այն ժամանակ, երբ սայլը Մաքսիմիլիան Ռոբեսպիերին և Սենտ-Օնորե փողոցի նրա համախոհներին տանում էր Լյուդովիկոս XVI-ի, Դանտոնի, Դեմուլենի և վեց հազար այլ զոհերի ողբերգական ճանապարհով, դրա երկարությամբ խռնվել էին հետաքրքրասերների ցնծացող, գրգռված ամբոխները։ Մի անգամ էլ մահապատիժը դառնում է ժողովրդական տոն։ Տանիքների վրա ծածանվում են դրոշներ, պատուհաններից լսվում են ուրախության կանչեր, ուրախության ալիքը ողողել է Փարիզը։ Երբ Ռոբեսպիերի գլուխը ընկնում է կողովի մեջ, հսկայական հրապարակը թնդում է միահամուռ հրճվալից ցնծությունից։ Դավադիրները զարմացած են. ինչո՞ւ ժողովուրդը այդպես կրքոտ կերպով ցնծում է այդ մարդու մահապատժի կապակցությամբ, որին Փարիզը, Ֆրանսիան դեռ երեկ երկրպագում էին ինչպես աստծուն։ Տալյենի և Բարրասի զարմանքն ավելի է մեծանում, երբ Կոնվենտի մուտքի առջև կատաղի ամբոխը նրանց դիմավորում է հիացական բացականչություններով որպես բռնակալի սպանողի, որպես տեռորի դեմ պայքարող մարտիկների։ Նրանք զարմացած են։ Ոչնչացնելով այդ ականավոր մարդուն, նրանք ձգտում էին միայն ազատվել անախորժ բարոյախոսից, որը չափից ավելի սրատեսությամբ հետևում էր նրանց, բայց նրանք բոլորովին էլ չէին պատրաստվում թողնել, որ գիլյոտինը ժանգոտի, տեռորին վերջ տրվի։ Սակայն տեսնելով, որ ժողովուրդը այլևս բարեհաճ չէ մասսայական մահապատիժների նկատմամբ և որ նրանք կարող են վրեժը մարդասիրական մոտիվներով գունազարդելով ձեռք բերել ժողովրդականություն, արագ որոշում են օգտագործել այդ թյուրիմացությունը։ նրանք մտադիր են հաստատել, որ հեղափոխության ամբողջ բռնությունը ընկած է Ռոբեսպիերի խղճի վրա (չէ՛ որ գերեզմանից հնարավոր չէ առարկել), որ նրանք միշտ ապստամբել են դաժանության ու ծայրահեղությունների դեմ, միշտ եղել են գթասրտության քարոզիչներ։
Եվ ոչ թե Ռոբեսպիերի մահապատիժը, այլ հենց նրա այդ վախկոտ ու կեղծ հետնորդների դիրքը թերմիդորի 9-ի օրով ավելացնում է նրա համաշխարհային պատմական նշանակությունը։ Քանի որ մինչ այդ օրը հեղափոխությունը իր համար պահանջում էր բոլոր իրավունքները և հանգիստ իր վրա էր վերցնում ամբողջ պատասխանատվությունը, իսկ այս օրվանից նա սկսում է երկչոտաբար թույլ տալ, որ կատարվեն սխալներ, և նրա առաջնորդները սկսում են նրանից հրաժարվել։ Բայց ամեն մի հավատի, ամեն մի աշխարհայացքի ներքին հզորությունը ճեղքվածք է տալիս այն պահին, երբ այն հրաժարվում է իր իրավունքների անպայմանականությունից, իր անսխալական լինելուց։ Եվ այն, որ խղճուկ հաղթողներ Տալյենը և Բարրասը հայհոյանքով առատորեն ծածկում են իրենց մեծ նախորդների՝ Դանտոնի և Ռոբեսպիերի դիակները, նրանց անվանում են մարդասպաններ և երկչոտորեն նստում են աջերի նստարաններին, չափավորների, հեղափոխության գաղտնի թշնամիների մոտ, նրանք ծախում են ոչ միայն պատմությունն ու հեղափոխության ոգին, այլև իրենք իրենց։
Ամեն մեկն ուզում է իր կողքին տեսնել Ֆուշեին՝ գլխավոր դավադիրին, Ռոբեսպիերի գլխավոր թշնամուն։ Նա, որը ամենից շատ էր գլուխը ռիսկի ենթարկել որպես chef de la conspiration, իրավունք ուներ վերցնելու ավարի ամենայուղոտ պատառը։ Բայց զարմանալի է, Ֆուշեն չի նստում մնացած դավադիրների հետ միասին՝ աջերի նստարանին, այլ իր հին տեղը՝ «լեռան» վրա, ռադիկալների մոտ, և լռում է։ Առաջին անգամ (բոլորը զարմացած են) նա այնտեղ չէ, որտեղ մեծամասնությունն է։
Ինչո՞ւ այդպես տարօրինակ վարվեց Ֆուշեն. հարցնում էին շատերը և՛ այն ժամանակ, և՛ ավելի ուշ։ Պատասխանը պարզ է։ Որովհետև նա բոլորից խելոք ու հեռատես է, որ նա իր հիանալի քաղաքական հոտառությամբ լավ է ըմբռնում գործերի վիճակը, քան անխելք Տալյենը և Բարրասը, որոնց միայն կարճ ժամանակով վտանգը եռանդ տվեց։ Ֆուշեն, ֆիզիկայի նախկին ուսուցիչը, գիտի շարժման օրենքը, որի համաձայն ալիքը չի կարող անշարժ քարանալ։ Այն պետք է անպայման շարժվի առաջ կամ հետ։ Եթե սկսվի տեղատվությունը, վրա հասնի ռեակցիան, այն կանգ չի առնի նույնպես իր վազքի մեջ, ինչպես կանգ չառավ հեղափոխությունը. այն նույնպես կգնա մինչև վերջ, մինչև ծայրահեղություն, մինչև բռնություն։ Այն ժամանակ հապճեպ հյուսված միությունը կքայքայվի, և եթե ռեակցիան հաղթի, հեղափոխության բոլոր մարտիկները կկործանվեն։ Որովհետև երբ հաղթանակում են նոր գաղափարները, չարագուժորեն փոխվում է երեկվա արարքների գնահատականը։ Այն, ինչ երեկ համարվում էր հանրապետական պարտականություն և առաքինություն, օրինակ, վեց հարյուր մարդու գնդակահարությունը, կողոպտված եկեղեցիները, անկասկած համարվելու է հանցագործություն. երեկվա մեղադրողները վաղը դառնալու են մեղադրյալներ։ Ֆուշեն, որի խղճի վրա քիչ մեղքեր չկան, չի ուզում հայտնի դառնալ որպես մյուս թերմիդորականների հրեշավոր սխալների մասնակից (այդպես են անվանում իրենց Ռոբեսպիերին սպանողները), որոնք վախկոտորեն կառչել են ռեակցիայի անիվին. նա գիտի, որ նրանց ոչինչ չի օգնի, դե որ ռեակցիան սկսվել է, այն բոլորին կջնջի։ Ֆուշեն միայն հաշվարկով հեռատեսորեն մնում է ձախ, հավատարիմ է մնում ռադիկալներին. նա զգում է, որ շուտով կբռնեն հենց ամենահամարձակների կոկորդը։
Եվ Ֆուշեն չսխալվեց։ Որպեսզի նվաճեն հանրաճանաչություն, որպեսզի ցույց տան իրենց կարծեցյալ մարդասիրությունը, թերմիդորականները զոհում են ամենաեռանդուն պրոկոնսուլներին և թույլ են տալիս մահապատժի ենթարկելու Կարյեին, որը Լուարայում խեղդամահ էր արել վեց հազար մարդու, Արրասի տրիբուն Ժոզեֆ Լե Բոնին և Ֆուկյե Տենվիլին։ Ի հաճույս աջերի, նրանք Կոնվենտ են վերադարձնում յոթանասուներեք հեռացված ժիրոնդիստների և շատ ուշացած նկատում են, որ օգնելով ռեակցիային, իրենք կախման մեջ են ընկնում նրանցից։ Նրանք պարտավոր են հնազանդորեն մեղադրել իրենց օգնականներին ընդդեմ Ռոբեսպիերի, Բիյո-Վարեննի և Ֆուշեի լիոնյան գործընկեր Կոլլո դը Էրբուայի։ Ռեակցիան գնալով ավելի շատ է սպառնում Ֆուշեի կյանքին։ Առաջին անգամ նրան դեռ հաջողվում է փրկվել լիոնյան իրադարձություններին իր մասնակցությունը վախկոտորեն ժխտելու միջոցով (չնայած Կոլլոյի հետ նա ստորագրել էր յուրաքանչյուր դեկրետ) և կեղծ հաստատումով, թե բռնակալ Ռոբեսպիերը նրան հետապնդել է ավելորդ ներողամտության համար։ Այսպիսով, այդ խորամանկին դեռ հաջողվում է խաբել Կոնվենտին։ Նա մնում է անվնաս այն ժամանակ, երբ Կոլլո դը Էրբուան ճանապարհ է ընկնում դեպի «չոր գիլյոտինը» , այսինքն՝ Վեստ-Ինդիայի մալարիաբեր կղզիները, որտեղ նա արդեն մի քանի ամիս հետո վախճանվում է։ Բայց Ֆուշեն շատ խելոք է, որպեսզի իրեն արդեն փրկված զգա այդ առաջին վտանգի հաղթահարումից հետո. նրան ծանոթ է քաղաքական կրքերի անողոքությունը, նա գիտի, որ ռեակցիան նույնպես անկուշտ ձևով խժռում է մարդկանց, ինչպես և հեղափոխությունը. եթե նրա ատամները չջարդես, նա չի ընդհատի իր վրեժի ծարավը այնքան ժամանակ, մինչև վերջին յակոբինյանը դատի չտրվի և հանրապետությունը չկործանվի։ Եվ նա տեսնում է հեղափոխության փրկության մեջ միայն մեկ ուղի, որի հետ նա անխզելիորեն կապված է իր արյունոտ հանցագործություններով՝ նրա վերականգնումը։ Եվ նա տեսնում է իր կյանքը փրկելու միայն մեկ ելք՝ կառավարության տապալումը։ Նորից նրա դրությունն ավելի վտանգավոր է, քան մեկ ուրիշինը, և նորից այնպես, ինչպես վեց ամիս դրանից առաջ, նա միայնակ կատաղի պայքար է սկսում համեմատաբար ավելի ուժեղ հակառակորդի դեմ, պայքար իր կյանքի համար։
Ամեն անգամ, երբ պայքար է գնում իշխանության և սեփական կյանքը փրկելու համար, Ֆուշեն դրսևորում է ապշեցուցիչ ուժ։ Նա հասկանում է, որ Կոնվենտին չի կարելի հետ պահել նախկին տեռորիստներին օրինական միջոցներով հետապնդելուց և մնում է հեղափոխության ժամանակ բավականին ստուգված միակ միջոցը՝ տեռորը։ Երբ դատապարտում էին ժիրոնդիստներին, երբ դատապարտում էին թագավորին, վախկոտ ու զգույշ դեպուտատներին (նրանց մեջ էր նաև դեռ այն ժամանակ պահպանողական Ֆուշեն) վախեցնում էին նրանով, որ պառլամենտի դեմ մոբիլիզացնում էին փողոցի մարդկանց, արվարձաններից բերում էին բանվորական գումարտակներ՝ բանվորական ուժեր իրենց անհաղթահարելի ոգեշնչվածությամբ, և ռատուշայի վրա բարձրացնում էին ապստամբության դրոշը։ Ինչո՞ւ վախեցած Կոնվենտի դեմ նորից չօգտագործել հեղափոխության այդ հին գվարդիան, որ գրոհել էր Բաստիլիան, օգոստոսի 10-ի այդ հերոսներին, ինչո՞ւ նրանց բռունցքներով չջախջախել հակառակորդի գերազանցող ուժերը։ Միայն հուսահատ սարսափը խռովության առջև, պրոլետարիատի զայրույթի առջև կարող է վախեցնել թերմիդորականներին, և Ֆուշեն որոշում, է գրգռել Փարիզի բնակչության լայն մասսաներին և նրանց ուղղել իր թշնամիների, իրեն մեղադրողների դեմ։
Իհարկե, նա անձամբ, հանդես չի գա արվարձաններում, որպեսզի արտասանի բոցավառ հեղափոխական ճառեր, կամ, Մարատի նման վտանգի ենթարկելով կյանքը, ժողովրդի մեջ ցրի ոգևորիչ բրոշյուրներ։ Դրա համար Ֆուշեն չափազանց զգույշ է, նա չի սիրում իրեն վտանգի ենթարկել, նա շատ սիրով խույս է տալիս պատասխանատվությունից. նրա վարպետությունը բարձրագոչ գրավիչ ճառեր ասելու մեջ չէ, այլ շշնջալու մեջ, ուրիշի թիկունքի հետևում տակնահան գործելու մեջ։ Այս անգամ էլ նա գտնում է հարմար մարդ, որը հանդես է գալիս համարձակ ու վճռական, նրան փակելով իր ստվերով։
Այդ ժամանակ Փարիզում թափառում էր շնորհազրկված, լքված մի մարդ՝ ազնիվ, կրքոտ հանրապետական Ֆրանսուա Բաբյոֆր, որն իրեն անվանում է Գրակքոս Բաբյոֆ։ Նա ջերմ սիրտ ու միջակ խելք ուներ։ Ստորին խավերից ծագած պրոլետար էր, նախկին հողաչափ և տպարանի բանվոր։ Նա ունի միայն մի քանի շիտակ գաղափարներ, բայց դրանք հագեցված են անվեհեր կրքով և վառվում են իսկական հանրապետական և սոցիալիստական համոզմունքների կրակով։ Բուրժուական հանրապետականները և նույնիսկ Ռոբեսպիերը զգուշորեն մի կողմ էին հեռացնում ունեցվածքը հավասարեցնելու Մարատի սոցիալիստական գաղափարները։ Նրանք նախընտրում էին շատ խոսել ազատության մասին, ավելի շատ՝ եղբայրության և, որքան հնարավոր է քիչ՝ հավասարության մասին, քանի որ դա դիպչում էր դրամին և ունեցվածքին։ Բաբյոֆը սեփականում է Մարատի համարյա մարած մտքերը, բորբում դրանք իր շնչով և որպես ջահ տանում Փարիզի պրոլետարական թաղամասերը։ Այդ բոցը կարող է հանկարծ առաջացնել հրդեհ, կարող է մի քանի ժամում կուլ տալ ամբողջ Փարիզը, ամբողջ երկիրը, քանզի ժողովուրդը սկսում է աստիճանաբար հասկանալ, որ թերմիդորականները սեփական շահի համար ծախել են իրենց հեղափոխությունը՝ աղքատների հեղափոխությունը։ Եվ ահա Գրակքոս Բաբյոֆի թիկունքում այժմ գործել սկսեց Ֆուշեն։ Նա հրապարակայնորեն չի երևում նրա հետ միասին, բայց գաղտնի, փսփսոցով նրան համոզում է բարձրացնել ժողովրդական ապստամբություն։ Նա Բաբյոֆին համոզում է գրել բոցավառող բրոշյուրներ և ինքը ուղղում է դրանք սրբագրության ժամանակ։ Նա ենթադրում է, որ եթե բանվորները նորից ելույթ ունենան և արվարձանները նիզակներով և թմբկահարությամբ շարժվեն քաղաքի վրա, վախկոտ Կոնվենտը կսթափվի։ Միայն տեռորով, միայն սարսափով, միայն վախեցնելով կարելի է փրկել հանրապետությունը, միայն ձախից դեպի աջ եռանդուն հարվածով կարելի է հավասարակշռել այդ վտանգավոր թեքվածքը։ Եվ այդ հանդուգն, մահացու վտանգավոր ձեռնարկման համար նա օգտագործում է այդ կարգին, ազնիվ, դյուրահավատ, ուղղամիտ մարդուն. կարելի է հուսալիորեն թաքնվել նրա պրոլետարական լայն թիկունքի հետևում։ Իրեն Գրակքոս և ժողովրդական տրիբուն անվանող Բաբյոֆը իր հերթին շոյված է զգում նրանով, որ հայտնի դեպուտատ Ֆուշեն իրեն խորհուրդներ է տալիս։ Այո, դա նաև վերջին ազնիվ հանրապետականն է, մտածում է Բաբյոֆը, նրանցից մեկը, որը չի լքել «լեռան» նստարանը, դաշն չի կնքել jeunesse dorée (3) և բանակը մատակարարողների հետ։ Նա հաճույքով օգտվում է Ֆուշեի խորհուրդներից, և նրա ճարպիկ ձեռքով հետևից թեթևակի հրում ստանալուց հետո հարձակվում է Տալյենի, թերմիդորականների և կառավարության վրա։
Սակայն Ֆուշեին հաջողվում է խաբել միայն այդ բարեհոգի և ուղղամիտ մարդուն։ Կառավարությանը արագ կռահում է, թե ում ձեռքն է լիցքավորում իր դեմ ուղղված զենքը և բաց նիստում Տալյենը Ֆուշեին մեղադրում է նրանում, որ նա կանգնած է Բաբյոֆի թիկունքին։ Ըստ սովորության, Ֆուշեն անմիջապես ուրանում է իր դաշնակցին (ինչպես Շոմետին՝ յակոբինյանների մոտ, ինչպես Կոլլո դը Էրբուային լիոնյան իրադարձությունների ժամանակ). Բաբյոֆին նա հազիվ է ճանաչում, նա դատապարտում է նրա ծայրահեղականությունը, կարճ ասած, Ֆուշեն մեծագույն շտապողականությամբ նահանջում է։ Եվ նորից պատասխան հարվածը խոցում է նրան, ով կանգնած է նրա առջև։ Բաբյոֆին ձերբակալում և գնդակահարում են զորանոցի առջև (ինչպես միշտ, մի ուրիշը կյանքով հատուցում է Ֆուշեի խոսքի և քաղաքականության համար)։
Այդ խիզախ ընդդիմադրությունը Ֆուշեին չհաջողվեց, նա հասավ միայն նրան, որ նորից իր վրա ուշադրություն հրավիրեց, իսկ դա բոլորովին լավ չէ, որովհետև նորից սկսեցին հիշել Լիոնն ու Բրոտտոյի արյունոտ դաշտերը։ Ռեակցիան կրկնապատկված եռանդով նորից մեղադրողներ է փնտրում այն գավառներում, որոնցում նա իշխում էր։ Նրան հազիվ էր հաջողվել դժվարությամբ հերքել Լիոնի կապակցությամբ ներկայացված մեղադրանքը, երբ խոսել սկսեցին Նևերը և Կլամսին։ Կոնվենտի դահլիճում հայցողների ամբիոնից գնալով ավելի բարձր, ավելի համառորեն էին մեղադրում Ֆուշեին տեռորի մեջ։ Նա պաշտպանվում է խորամանկորեն, եռանդով և բավականին հաջող. նույնիսկ Տալյենը՝ նրա հակառակորդը, աշխատում է պաշտպանել Ֆուշեին, որովհետև նրան նույնպես սկսում է վախեցնել ռեակցիայի ուժեղացումը, և նա սկսում է երկյուղել նաև իր գլխի համար։ Բայց ուշ է, 1795 թվականի թերմիդորի 22-ին, Ռոբեսպիերի անկումից մեկ տարի տասներկու օր անց, երկար վիճաբանություններից հետո Ֆուշեի դեմ մեղադրանք է հարուցվում տեռորիստական ակտեր կատարելու համար, և թերմիդորի 23-ին որոշում է կայացվում նրան ձերբակալելու մասին։ Ինչպես Դանտոնի ստվերը թևածում էր Ռոբեսպիերի վրա, այնպես էլ Ռոբեսպիերի ստվերը Ֆուշեի վրա։
Բայց այժմ արդեն ուրիշ ժամանակներ են, խելոք քաղաքագետը դա լավ էր հաշվի առել. օրացույցի վրա հանրապետության չորրորդ տարվա թերմիդորն է, ոչ թե երրորդ: 1793 թվականի մեղադրանքը նշանակում էր ձերբակալման հրաման, ձերբակալումը նշանակում էր մահ: Երեկոյան նրան տարան Կոնսյերժերի, հաջորդ օրը հարցաքննեցին, իսկ երեկոյան արդեն նստած էր մահապարտների կառքում: Բայց 1794 թվականին արդարադատության ձեռքին արդեն չկային Անկաշառելիի պողպատե բռնիչները. օրենքները մեղմացել էին, և, տիրապետելով որոշ ճարպկության, կարելի էր դրանք շրջանցել: Եվ Ֆուշեն ինքը Ֆուշե չէր լինի, եթե նա, որ խույս էր տվել այնքա՜ն վտանգներից, չկարողանար դուրս պրծնել այդպիսի թույլ ցանցի խճճվածքից: Խորամանկությամբ ու ճարպկությամբ հասնում է նրան, որ ձերբակալության մասին որոշումը անմիջապես ի կատար չի ածվում նրան առարկելու, պատասխանելու, արդարանալու և այդ ժամանակամիջոցում ժամանակ շահելու հնարավորություն են տալիս. այդքանը բավական էր: Միայն թե նահանջել ստվերի մեջ, և քեզ կմոռանան, միայն սսկվել, մինչ մյուսները գոռում են, և կմնաս աննկատելի: Հետևելով Սիյեսի հայտնի մեթոդին, որ տեռորի բոլոր տարիներին Կոնվենտում բերանը չբացեց և հետագայում՝ ի՞նչ է արել նա այդ ամբողջ ժամանակ հարցին հանճարեղորեն պատասխանել է. «J'ai vécu» - «Ես ապրել եմ», Ֆուշեն, այլուայլ միջատների նման, մեռած է ձևանում, որպեսզի իրեն չմեռցնեն: Իր կյանքը պահպանել հենց հիմա, անցման ժամանակի այդ կարճ հատվածում, և նա փրկված է: Որովհետև, սովորական փորձառությամբ կռահելով քաղաքական եղանակը, նա զգում է, որ քամին փոխում է ուղղությունը, որ նոր Կոնվենտի ամբողջ վեհությունն ու ուժը կբավարարեն միայն մի քանի շաբաթվա, հնարավոր է՝ մի քանի ամսվա համար:
Այդպես Ֆուշեին հաջողվում է փրկել իր կյանքը, իսկ դա շատ բան էր նշանակում այն ժամանակ: Ճիշտ է, նա փրկեց միայն կյանքը և ոչ անունն ու դիրքը, քանզի նրան նոր ժողովում արդեն չեն ընտրում: Ապարդյուն եղավ հսկայական լարումը, իզուր են վատնվել չափից ավելի խանդավառություն ու խորամանկություն, իզուր են խիզախումներն ու դավաճանությունները. նա փրկեց միայն կյանքը: Նա արդեն նանտեցի Ժոզեֆ Ֆուշեն չէ, ժողովրդի ներկայացուցիչը չէ, և ոչ էլ օրատորիականների դպրոցի ուսուցիչ, նա ընդամենը միայն մոռացված, արհամարհված մարդ է, առանց կոչման, առանց ունեցվածքի, առանց նշանակության, խղճուկ ուրվական, որին փրկում է միայն մթության ծածկույթը:
Եվ երեք տարվա ընթացքում Ֆրանսիայում ոչ մի մարդ չի արտասանում նրա անունը:
1 Գլխավոր քուրմ (լատ.):
2 Դեմքին գրված (Ֆրանս.):
3 Ոսկի երիտասարդության (Ֆրանս.)։