ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ԴԻՐԵԿՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԿՈՆՍՈՒԼՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐԸ

1799-1802

     Որևէ մեկը ստեղծե՞լ է արդյոք աքսորի հիմն, ճակատագիր ստեղծող այդ տիրական ուժի համար, որը բարձրացնում է ընկնող մարդուն և մենության անողոք ճնշման տակ նորեն վերականգնում և նորեն համակցում է հոգու սասանվող ուժերը: Արվեստագետները միշտ գանգատվել են միայն աքսորի նկատմամբ, այն նրանց խոչընդոտ է թվացել դեպի գագաթ ընթացող ճանապարհին, անօգուտ կանգառ, դաժան ընդմիջում: Բայց բնության ռիթմը կարիք ունի նման բռնի դադարների: Քանզի միայն նա է ամբողջությամբ ճանաչել կյանքը, ով թափանցել է նրա ամբողջ խորությունը: Միայն հետ շպրտող հարվածն է մարդուն տալիս հարձակողական ուժ:
     Եվ ամենից առաջ հատկապես ստեղծագործող հանճարն է կարիք զգում այդ ժամանակավոր հարկադրական մենության, որպեսզի հուսահատության խորությունից, աքսորի հեռավորությունից չափի իր իսկական կոչման սահմաններն ու բարձրությունը: Ամենանշանակալի կոչերը մարդկությանը հասել են հեռավոր աքսորից. մեծ կրոնների ստեղծողները՝ Մովսեսը, Քրիստոսը, Մուհամմեդը, Բուդդան, նրանք բոլորը, մինչև վճռական խոսք ազդարարելը պետք է նախ մեկուսանային անապատի լռության, մենության մեջ: Միլտոնի կուրությունը, Բեթհովենի խլությունը, Դոստոևսկու տաժանակրությունը, Սերվանտեսի բանտարգելությունը, Լյութերի կալանավորվելը Վարթբուրգի ամրոցում, Դանթեի աքսորվելը և Նիցշեի կամավոր աքսորվելը Էնգանդի սառուցյալ շրջաններում, այդ բոլորը հանճարի գաղտնի պահանջներն են, ներկայացված հակառակ մարդու զգոն կամքի:
     Բայց և ավելի ցածր, ավելի երկրային աշխարհում՝ քաղաքականության մեջ ժամանակավոր մեկուսացումը պետական գործչին տալիս է հայացքի նոր թարմություն, թույլ է տալիս ավելի լավ դիտել ու հաշվի առնել քաղաքական ուժերի խաղը:
     Քաղաքական կարիերայի համար ոչինչ չի կարող ավելի հաջող լինել, քան դրա ժամանակավոր ընդհատումը, քանզի նա, ով աշխարհին նայում է միայն վերևից, կայսերական գահից, փղոսկրյա աշտարակի բարձրությունից կամ իշխանության բարձունքից, նա միայն գիտի շողոքորթ ժպիտը և նրանց վտանգավոր հնազանդությունը. ով իր ձեռքին կշեռք է պահում, նա մոռանում է իր սեփական կշիռը: Արվեստագետին, զորավարին, իշխանություն կրողին ոչ մի բան այնքան շատ չի թուլացնում, որքան մշտական հաջողություններն ու հաղթանակները. արվեստագետը միայն անհաջողության ժամանակ է հասկանում իր իսկական վերաբերմունքը ստեղծագործության նկատմամբ, իսկ զորավարը միայն պարտության մեջ՝ իր սխալները. պետական գործիչը միայն շնորհազրկության մեջ է սովորում ճիշտ գնահատել քաղաքական դրությունը: Մշտական հարստությունը փափկակյաց է դարձնում, մշտական քաջալերանքը բթացնում է. միայն ընդմիջումն է դատարկ ռիթմին տալիս նոր լարում և ստեղծագործական ճկունություն: Միայն դժբախտությունն է խորացնում և լայնացնում իրական աշխարհի իմացությունը: Ամեն մի աքսոր դաժան դաս է ու գիտություն. այն կտրուկ խառնում է փափկակյացի կամքը, սասանվողին դարձնում է վճռական, հաստատակամին՝ ավելի հաստատակամ: Նրա համար, ով իսկական ուժեղ է, աքսորը նշանակում է ոչ թե ուժերի նվազեցում, այլ ընդհակառակը՝ ավելացում:
     Ժոզեֆ Ֆուշեի աքսորը տևեց ավելի քան երեք տարի, իսկ այն մեկուսի, անհյուրընկալ կղզին, որտեղ ուղարկել էին նրան, բնորոշ էր աղքատությամբ: Դեռ երեկ պրոկոնսուլ և հեղափոխության բախտը տնօրինողներից մեկը, հզորության ամենաբարձր աստիճանից նա ընկնում է այնպիսի խավարի մեջ, այնպիսի ցեխի ու տիղմի մեջ, որ նրա հետքն էլ չես գտնի: Այդ ժամանակ նրան տեսած միակ մարդը՝ Բարրասը, նկարագրում է երկնահար խղճուկ ձեղնահարկի ցնցող պատկերը, այն բույնը, որում ապրում էր Ֆուշեն իր տգեղ կնոջ և երկու փոքրիկ հիվանդ շեկ երեխաների՝ բացառիկ այլանդակ լսնամաշկերի հետ: Հինգերորդ հարկում, կեղտոտ, մռայլ, արևի ճառագայթներից շիկացած շենքում իր տապալումից հետո թաքնվում է նա, որի խոսքից դողում էին տասնյակ հազարավոր մարդիկ և որը մի քանի տարի հետո, որպես Օթրանտի դուքս, նորից կանգնելու է եվրոպական ճակատագրի ղեկի մոտ: Բայց այժմ նա չգիտի, թե վաղը ինչով կաթ գնի երեխաների համար, ինչով վճարի բնակարանի համար և ինչպես պաշտպանի իր խղճուկ կյանքը անտեսանելի անթիվ թշնամիներից, Լիոնի վրիժառուներից:
     Ոչ ոք, նույնիսկ նրա ամենաարժանահավատ և ճշտակատար կենսագիր Մադլենը չի կարող բավականին լրիվ պատմել, թե Ժոզեֆ Ֆուշեն ինչով էր պահում իր գոյությունը աղքատության այդ տարիների ընթացքում: Նա էլ չի ստանում դեպուտատական ռոճիկ, իր անձնական ունեցվածքը նա կորցրեց Սան-Դոմինգոյի ապստամբության ժամանակ, ոչ ոք չի համարձակվում նրան՝ Mitrailleur de Lyon-ին տեղ կամ աշխատանք տալ բոլոր ընկերները նրան լքել են, բոլորը խույս են տալիս նրանից: Նա կատարում է ամենատարօրինակ, ամենամութ գործեր, հիրավի, դա հեքիաթ չէ, որ ապագա Օթրանտի դուքսը այդ ժամանակ զբաղվում է խոզերին կերակրելով: Բայց շուտով նա ձեռնարկում է շատ ավելի կեղտոտ աշխատանք. նա դառնում է լրտեսը նոր իշխանության միակ ներկայացուցչի՝ Բարրասի, որը դրսևորում է զարմանալի կարեկցություն՝ շարունակելով ընդունել Ֆուշեին: Ճիշտ է, ոչ թե մինիստրության ընդունարանում, այլ ինչ-որ տեղ մութ անկյունում, այնտեղ ժամանակ առ ժամանակ անխոնջ խնդրատուին նետում է որևէ կեղտոտ գործ՝ բանակին մատակարարելու կամ տեսչական ճանապարհորդություն, այնպես, որպեսզի ամեն անգամ նրան տա չնչին աշխատավարձ, որը ձանձրացնող ուզվորին բավարարի երկու շաբաթ: Սակայն այդ զանազան հանձնարարությունների ժամանակ դրսևորվում է Ֆուշեի իսկական տաղանդը: Որովհետև Բարրասը այն ժամանակ արդեն ուներ լուրջ քաղաքական պլաններ, նա չէր վստահում իր գործընկերներին, և նրան շատ էր պետք անձնական հետախույզ, գաղտնի մատնիչ և իրազեկիչ, որը չպատկաներ պաշտոնական ոստիկանությանը, մասնավոր խուզարկուի նման մի բան։ Այդ դերի համար Ֆուշեն հիանալիորեն հարմար է։ Նա լսում է և ականջ դնում, գաղտնի աստիճաններով թափանցում է տներ, բոլոր ծանոթներին նախանձախնդրությամբ հարցուփորձ է անում նորագույն բամբասանքների մասին և հասարակական կյանքի այդ կեղտոտ արտաթորանքները գաղտնի հաղորդում էր Բարրասին։ Եվ որքան Բարրասը փառամոլ է դառնում, որքան նա ագահաբար է պետական հեղաշրջման պլաններ կառուցում, այնքան ավելի է զգում Ֆուշեի կարիքը։ Դիրեկտորիայում (Հինգի խորհուրդ, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան) վաղուց արդեն նրան խանգարում են երկու կանոնավոր մարդ (ամենից առաջ Կառնոն, ֆրանսիական հեղափոխության ամենաուղղամիտ գործիչը), և նա մտադրվել է ազատվել նրանցից։ Բայց նա, ով որոճում է պետական հեղաշրջումներ ու դավադրություններ, կարիք ունի ամենից առաջ անխիղճ խորամանկների ու ճարպիկների, à tout faire (1) մարդկանց, ամբարտավանների ու հոխորտացողների, ինչպես նրանց անվանում են իտալացիները, կամազուրկ և միաժամանակ հենց իրենց կամազրկությամբ հուսալի մարդկանց։ Ֆուշեն կարծես հատուկ ստեղծված է դրա համար։ Աքսորը նրա կարիերայի համար դառնում է դպրոց, և այժմ նա սկսում է իր տաղանդը կատարելագործել ոստիկանական գործերի ապագա վարպետի համար։
     Վերջապե՜ս, վերջապես երկա՜ր, երկա՜ր գիշերից հետո կենարար ցրտության մեջ, աղքատության խավարում Ֆուշեն առավոտյան շնչառության հոտն առավ։ Երկրում հայտնվել է նոր տնօրեն. ծնվում է նոր իշխանություն, և նա որոշում է նրան ծառայել։ Այդ նոր իշխանությունը փողն է։ Ռոբեսպիերին և նրա համախոհներին հազիվ էին պառկեցրել կառափնարանի պինդ տախտակների վրա, երբ հարություն առավ ամենակարող փողը և նրա շուրջը նորից սպասավորներ ու ճորտեր։ Նոր լծասարքով լավ խնամված ձիեր լծած կառքերը նորից սլանում են փողոցներով, նրանցում բազմած են կիսամերկ, ինչպես հունական աստվածուհիները, հմայիչ կանայք՝ մետաքսե դիպակով և մուսլինայով: Բուլոնյան անտառում ձի նստած զբոսնում են jeunesse dorée-ը՝ ոտքերը կիպ գրկող սպիտակ նանկե անդրավարտիքով և դեղին, դարչնագույն, կարմիր ֆրակով: Մատանիներով զարդարված նրանց ձեռքերին կան ոսկյա գավազանագլխիկով պերճաշուք մտրակներ, որոնք հաճույքով գործի են դնում նախկին տեռորիստների դեմ, օծանելիքի և ոսկերչական խանութները ամենուրեք առևտուր են անում, հանկարծակի երևան են գալիս հինգ հարյուր, վեց հարյուր, հազար պարադահլիճ և կաֆե, ամենուրեք կառուցում են շքեղ առանձնատներ, ձեռք են բերում շենքեր, այցելում են թատրոններ, սպեկուլյացիա են անում, գրազ են բռնում, գնում են, վաճառում և Պալե-Ռոյալի իջեցված ծաղկավոր վարագույրների հետևում հազարներ են դատարկում: Փողը նորից տիրակալ է, ինքնակալ, լկտի և խիզախ: Բայց որտե՞ղ էին դրանք, այդ փողերը. 1791 և 1795 թվականների միջև դրանք կային Ֆրանսիայում: Դրանք գոյություն ունեին, բայց թաքցված էին: Այդպես է եղել նաև Գերմանիայում և Ավստրիայում կոմունիզմի հանդեպ սարսափի ժամանակաշրջանում 1919 թվականին, հարուստները հանկարծ մեռած ձևացան և, հագնելով մաշված շորեր, բողոքում էին իրենց աղքատությունից, քանզի նա, ով Ռոբեսպիերի դարաշրջանում իրեն շրջապատում էր փոքր-ինչ շքեղությամբ, նույնիսկ նա, ով միայն մոտենում էր նրան, համարվում էր mauvais riche (2) (Ֆուշեի բառերով ասած), կասկածելի էր հաշվվում. հարուստ համարվելը վտանգավոր էր: Այժմ նորից ուժեղ է նա, ով հարուստ է: Եվ, բարեբախտաբար, մոտենում է հիանալի ժամանակը (ինչպես միշտ քաոսի օրերին) փող ձեռք բերելու համար: Հարստությունը ձեռքից ձեռք է անցնում, կալվածքները վաճառվում են՝ դրանից վաստակում են: Վտարանդիների սեփականությունը վաճառվում է աճուրդով՝ դրանից վաստակում են: Դատապարտվածների ունեցվածքը բռնագրավվում է՝ դրանից վաստակում են: Թղթադրամի կուրսը օրեցօր ընկնում է, ինֆլյացիայի վայրենի տենդը ցնցում է երկիրը՝ դրանից վաստակում են: Ամեն ինչից կարելի է վաստակել, ունենալով ճարպիկ լկտի ձեռքեր և կապեր կառավարական շրջաններում: Բայց եկամուտների ամենալավ, ոչնչի հետ չհամեմատվող աղբյուրը պատերազմն է: Արդեն 1791 թվականին մի քանի մարդ վայրկենապես հասկացան (ինչպես և 1914 թվականին), որ մարդկանց խժռող և արժեքները ավերող պատերազմից նույնպես կարելի է օգուտ կորզել, բայց այն ժամանակ Ռոբեսպիերն ու Սեն-Ժյուստը, անկաշառելիները, անողոքաբար բռնեցին բոլոր accapareurs (3) կոկորդից: Այժմ, երբ այդ Կատոնները, փառք աստծո, վերացված են և գիլյոտինը ժանգոտում է սարայում, սպեկուլյանտները և բանակի մատակարարները զգում են, որ եկել են ոսկի օրեր: Այժմ կարելի է շատ փողի դիմաց մատակարարել անպետք սապոգներ, գրպանները լիքը լցնել կանխավճարներով և բռնագանձումներով: Դրա համար նման գործերում միշտ անհրաժեշտ է բավականին ազդեցիկ միջնորդ և միաժամանակ հեշտ համոզվող օգնական, որը կարողանա սպեկուլյանտներին ներս թողնել հետին մուտքից դեպի անձկալի կերատաշտերը, որոնք պատերազմն ու պետությունը լցնում են հարստությամբ:
     Այդպիսի կեղտոտ գործերի համար Ժոզեֆ Ֆուշեն իդեալական ֆիգուրա է: Աղքատությունը հիմնավորապես, իսպառ քերեց-մաքրեց նրա հանրապետական խիղճը, նա հեշտությամբ բաժանվեց հարստության նկատմամբ մի ժամանակվա իր ատելությունից, և այժմ նրան, այդ կիսաքաղցին, կարելի է շատ էժան գնել: Բայց միաժամանակ նա ունի հիանալի կապեր, չէ որ նա Բարրասի, Դիրեկտորիայի պրեզիդենտի նախասենյակի մշտական այցելուն է (որպես լրտես): Այսպիսով, 1793 թվականի ռադիկալ կոմունիստը, որը ցանկանում էր, ինչ էլ որ լինի, բոլորին ստիպել թխելու «հավասարության հաց», սրընթացորեն դառնում է հանրապետության բանկիրների ամենամերձավոր հավատարմատարը, լավ տոկոսների համար կատարելով նրանց բոլոր ցանկությունները և կարգավորելով նրանց գործերը: Օրինակ, սպեկուլյանտ Էնգերլոյին, որ հանրապետության ամենալկտի և անխիղճ գործամոլներից մեկն էր (Նապոլեոնն ատում էր նրան), սպառնում է տհաճ մեղադրանք. նա չափից ավելի լկտիորեն էր սպեկուլյացիա անում, և մատակարարելով բանակին, անչափ հոգատարությամբ մատակարարում էր իր գրպանին: Այդժամ նրան սպասում է դատավարություն, որը կարող է արժենալ անհաշիվ փող, իսկ թերևս՝ նաև կյանքը, ինչպե՞ս են վարվում նման դեպքերում (այնպես, ինչպես այսօր): Դիմում են ղեկավար շրջաններում կապեր ունեցող մարդու, որը կարող է գործել քաղաքական և անձնական ազդեցություն և ընդունակ է տհաճ գործը «ուղղել» ցանկացած կողմը: Դիմում են Բարրասի իրազեկիչ Ֆուշեին, որն անմիջապես սրընթաց վազում է ամենակարողի մոտ (նամակը տպագրված է Բարրասի հուշերում), և իսկապես, անմաքուր գործը հանգիստ կոծկվում է ու անցնում: Ծառայության համար որպես շնորհակալություն Էնգերլոն Ֆուշեին չի մոռանում բանակի համար մատակարարումների, բիրժային գործարքների ժամանակ, իսկ l'appétit vient en mangeant (4): 1797 թվականին Ֆուշեն նկատում է, որ փողն անհամեմատ լավ է բուրում, քան 1793 թվականին թափած արյունը, օգտվելով ֆինանսական աշխարհում և ծախու կառավարության մեջ իր նոր ձեռք բերած կապերից, ընկերություն է հիմնում Շերերի բանակին մատակարարելու համար: Խիզախ գեներալի զինվորները կստանան անպետք սապոգներ և կսառչեն բարակ շինելների մեջ. նրանք պարտվելու են Իտալիայի դաշտերում, բայց շատ ավելի կարևոր է այն, որ Ֆուշե-Էնգերլո ընկերակցությունը, իսկ հավանական է և ինքը Բարրասը կստանան պատկառելի շահույթ: Չքացավ զզվանքը «արհամարհելի և կործանարար մետաղի» նկատմամբ, որի մասին ընդամենը երեք տարի առաջ այնքան պերճախոսորեն փողհարում էր ուլտրայակոբինյան և գերկոմունիստ Ֆուշեն. մոռացվել է ատելությունը «չար հարուստների» նկատմամբ, մոռացվել է, որ «լավ հանրապետականին ոչինչ պետք չէ, բացի հացից, զենքից և օրական քառասուն էկյուից»: Այժմ վերջապես եկել է իր հարստանալու ժամանակը: Որովհետև աքսորում Ֆուշեն հասկացավ փողի իշխանությունը և այժմ ծառայում է նրան, ինչպես ամեն տեսակ իշխանության: Չափազանց երկար, չափազանց տանջալից էր նրա մնալը հատակում, արհամարհանքի և զրկանքների ցեխով պատված հատակում. այժմ նա լարում է բոլոր ուժերը, որպեսզի ջրի երես դուրս գա, որպեսզի մագլցի այն բարձունքները, այն աշխարհը, որտեղ փողով իշխանություն են գնում, իսկ իշխանությունից փող են կտրում: Փորված է առաջին հորատանցքը այդ ամենահարուստ հանքում, ֆանտաստիկ ճանապարհին կատարված է առաջին քայլը, որը հինգերորդ հարկի ձեղնահարկից տանում է դուքսի նստավայր, աղքատությունից դեպի քսան միլիոն ֆրանկի հարստություն:
     Այժմ Ֆուշեն, վերջնականապես, ուսերից դեն նետելով հեղափոխական սկզբունքների տհաճ բեռը, ձեռք բերեց շարժունություն, և ահա հանկարծ նա նորից թամբին է: Նրա ընկեր Բարրասը զբաղված է ոչ միայն փողային մութ գործերով, այլև քաղաքական կեղտոտ ինտրիգներով: Նա հակված է հանրապետությունը թաքուն ծախելու Լյուդովիկոս XVIII-ին՝ դուքսի տիտղոսի և պատկառելի գումարի դիմաց: Նրան խանգարում է միայն Կառնոյի նման ազնիվ գործընկեր հանրապետականների ներկայությունը, որոնք դեռևս հավատում են Հանրապետությանը և չեն հասկանում, որ գաղափարները գոյություն ունեն նրա համար, որպեսզի նրանց հաշվին հարստանան: Եվ ֆրուկդիտորի 18-ի՝ Բարրասի պետական հեղաշրջման մեջ, որը նրան ազատեց այդ տանջալից հսկողությունից, Ֆուշեն, առանց տարակուսելու, գաղտնի խարդավանքներով հիմնավորապես օգնեց իր գործընկերոջը, քանզի նրա հովանավոր Բարրասը հազիվ էր հասցրել Հինգի խորհրդում՝ վերակենդանացած դիրեկտորիայում, դառնալ անսահմանափակ տիրակալ, երբ ցերեկային լույսից խույս տվող այդ մարդը առաջ է մղվում և վարձատրություն է պահանջում: Նա պահանջում է, որ Բարրասը իրեն օգտագործի քաղաքականության ոլորտում՝ բանակին կից կամ ցանկացած այլ տեղում, իրեն տա ցանկացած հանձնարարությունը, որի կատարման ժամանակ հնարավոր լինի գրպանները լիքը լցնել և ոտքի կանգնել աղքատության երկար տարիներից հետո: Բարրասը նրա կարիքն զգում է և չի կարող իր վասալին մերժել մութ գործեր սարքելու մեջ: Բայց և այնպես Ֆուշեի անունը՝ Mitrailleur de Lyon, դեռ չափազանց զգացնել է տալիս թափած արյան հոտը, որպեսզի կարելի լիներ հարձակվել ռեակցիայի մեղրամսին բացահայտ ձևով, Փարիզում ի հայտ բերել իր կապը նրա հետ: Դրա համար Բարրասը նրան որպես կառավարության ներկայացուցչի նախ և առաջ ուղարկում է Իտալիա, որտեղ գտնվում էր բանակը, ապա՝ Բատավսկի հանրապետություն, այսինքն՝ Հոլանդիա, գաղտնի բանակցություններ վարելու համար: Բարրասն արդեն հնարավորություն էր ունեցել համոզվելու, որ Ֆուշեն անդրկուլիսային ինտրիգների հիանալի վարպետ է, շուտով նա ավելի հիմնավորապես է փորձելու դա իր վրա:
     Եվ այդպես, 1798 թվականին Ֆուշեն Ֆրանսիական հանրապետության դեսպանն է. նա նորից թամբին է: Իր այժմյան դիվանագիտական միսիայի կատարման ժամանակ նա դրսևորում է նույնպիսի սառը եռանդ, ինչպես մի ժամանակ արյունոտ միսիա կատարելու ժամանակ: Նա սրընթաց հաջողությունների է հասնում հատկապես Հոլանդիայում: Ողբերգական փորձով իմաստնացած, ժամանակի փոթորիկներում հասունացած, աղքատության դաժան հնոցում կոփված, ճկունությամբ Ֆուշեն դրսևորում է նախկին եռանդը, այն զուգակցելով նոր զգուշության հետ: Շուտով նոր տիրակալները այնտեղ՝ վերևում, սկսում են հասկանալ, որ դա օգտակար մարդ է, որը քիթը միշտ պահում է քամու ուղղությամբ և փողի համար պատրաստ է ամեն ինչի: Վերադասներին քծնող, ստորադասների նկատմամբ անողոք այդ հմուտ ու ճարպիկ ծովագնացը կարծես ստեղծված էր փոթորիկների համար: Եվ որովհետև կառավարության նավը գնալով ավելի չարագուժորեն էր թեքվում և նրա անհաստատ կուրսին ամեն րոպե խորտակում էր սպառնում, Դիրեկտորիան 1799 թվականի թերմիդորի 3-ին ընդունում է անսպասելի որոշում. Ժոզեֆ Ֆուշեն, որը գաղտնի հանձնարարությամբ ուղարկվել էր Հոլանդիա, հանկարծ նշանակվում է Ֆրանսիական հանրապետության ոստիկանության մինիստր:
     Ժոզեֆ Ֆուշեն՝ մինի՜ստր: Փարիզը ցնցվեց ինչպես թնդանոթային որոտից: Մի՞թե նորից սկսվելու է տեռորը, եթե նրանք արձակում են արնախում շան շղթան: Mitrailleur de Lyon, սրբությունները պղծողին, եկեղեցիները կողոպտողին, անարխիստ Բաբյոֆի ընկերոջը: Մի՞թե, աստված ազատի, մալարիական Գվիանայից կվերադարձնեն Կոլլո դը Էրբուային և Բիլյոին և հանրապետության հրապարակում նորից գիլյոտին կդնեն: Մի՞թե նորից կսկսեն թխել «հավասարության հաց», կստեղծեն հարուստներից փող կորզող մարդասիրական կոմիտեներ: Վաղուց հանգստացած Փարիզը իր մեկուկեսհազարանոց պարադահլիճներով և կուրացուցիչ խանութներով, իր jeunesse dorée-ով սարսափի մեջ է ընկնում, հարուստներն ու բուրժուաները դողում են, ինչպես 1792 թվականին: Գոհ են միայն յակոբինյանները՝ վերջին հանրապետականները: Վերջապես, սարսափելի հետապնդումներից հետո նրանց շարքերից մեկը՝ ամենահամարձակը, ամենառադիկալը, ամենաաննկունը իշխանության մոտ է, այժմ վերջապես ռեակցիայի սանձերը մի քիչ կքաշեն, հանրապետությունը կմաքրվի ռոյալիստներից դավադիրներից:
     Բայց տարօրինակ է, մի քանի օր հետո մեկը մյուսին հարցնում է. իրո՞ք ոստիկանության այդ մինիստրի անունը Ժոզեֆ Ֆուշե է: Նորից արդարացավ Միրաբոյի իմաստուն արտահայտությունը (մեր օրերին էլ այն կիրառելի է սոցիալիստների նկատմամբ), որ յակոբինյանները մինիստրի պաշտոնում արդեն յակոբինյան մինիստրներ չեն, քանզի այն շուրթերը, որ առաջ արյուն էին պահանջում, այժմ հաշտվողական ձիթայուղ են հոսեցնում: Կարգ ու կանոն, հանգստություն, անվտանգություն՝ այս բառերն անընդմեջ կրկնվում են նախկին տեռորիստի ոստիկանական հայտարարություններում, և նրա առաջին նշանաբանն է՝ պայքար անարխիայի դեմ: Մամուլի ազատությունը պետք է սահմանափակվի, իսկ խռովարարական ճառերին անհրաժեշտ է վերջ տալ: Կարգ ու կանոն, հանգստություն, անվտանգություն: Ո՛չ Մետեռնիխը, ո՛չ Սելդնիցկին, ո՛չ ավստրիական կայսրության որևէ ուլտրառեակցիոներ չի հրապարակել այնքան պահպանողական դեկրետներ, որքան Ժոզեֆ Ֆուշեն:
     Բուրժուաները թեթևացած շունչ են քաշում. Սավուղը փոխվել է Պողոսի: Բայց իսկական հանրապետականները զայրույթից մոլեգնում են իրենց ժողովներում: Նրանք քիչ բան չէին սովորել այդ տարիներին, նրանք դեռ կատաղի ճառեր են արտասանում, ճառե՜ր ու ճառեր, նրանք սպառնում են Դիրեկտորիային, մինիստրներին և Սահմանադրությանը Պլուտարքոսից արված քաղվածքներով: Նրանք մոլեգնում են, կարծես դեռ կենդանի են Դանտոնն ու Մարատը, կարծես ահազանգը, ինչպես նախկինում, կարող է հարյուրհազարանոց ամբոխ հավաքել արվարձաններից: Բայց և այնպես նրանց ձանձրացուցիչ շաղակրատությունը Դիրեկտորիայում անհանգստություն է առաջացնում: Ի՞նչ անել, ի՞նչ ձեռնարկել. ոստիկանության նորաթուխ մինիստրին քննադատում են նրա գործընկերները:
     «Փակել ակումբը», - անվրդով պատասխանում է նա: Անվստահությամբ նրան են նայում մինիստրները և հարցնում են, թե նա երբ է մտադիր իրականացնել այդ հանդուգն միջոցառումը: «Վաղը», - հանգիստ պատասխանում է Ֆուշեն:
     Եվ իսկապես, հաջորդ օրը Ֆուշեն՝ յակոբինյանների նախկին մինիստրը, երեկոյան ուղևորվում է Բակ փողոցի վրա գտնվող ռադիկալների ակումբը: Այստեղ այդ բոլոր տարիներին շարունակել է տրոփել հեղափոխության սիրտը։ Այստեղ այն նույն մարդիկ են, որոնց առջև հանդես են եկել Ռոբեսպիերը, Դանտոնը և Մարատը, որոնց առջև նա ինքը հանդես է եկել կրքոտ ճառերով, այժմ, Ռոբեսպիերի տապալումից հետո, Բաբյոֆի պարտությունից հետո, միայն «Ձիամարզարանի ակումբում» է դեռ ապրում հիշողությունը հեղափոխության փոթորկալի օրերի մասին։
     Բայց գերզգայնությունը հատուկ չէ Ֆուշեին. նա կարող է ցանկության դեպքում, ցնցող արագությամբ մոռանալ անցյալը։ Օրատորիականների վանքի մաթեմատիկայի նախկին ուսուցիչը ուշադրության է առնում միայն իրական ուժերի զուգահեռականները։ Նա հաշվում է, որ հանրապետության գաղափարին վերջ է տրված, նրա լավագույն առաջնորդները և գործիչները գերեզմանում են, հետևաբար ակումբները վաղուց արդեն վեր են ածվել շաղակրատների խառնաժողովի, որտեղ մեկը կրկնում է մյուսին։ Պլուտարքոսից կատարվող մեջբերումների և հայրենասիրական խոսքերի կուրսը 1799 թվականին պակաս չընկավ, քան թղթադրամների կուրսը, չափից ավելի շատ ֆրազներ են ասված և տպված է չափից շատ թղթադրամ։ Ֆրանսիան (ո՜վ է դրան ավելի շատ տեղյակ, քան հասարակական կարծիքը վերահսկող ոստիկանության մինիստրը) հոգնել է հռետորներից, փաստաբաններից, բարենորոգիչներից, հոգնել է օրենքներից ու դեկրետներից, նա ծարավի է միայն հանգստի, կարգ ու կանոնի խաղաղության ու ֆինանսական գրության պարզության. ինչպես պատերազմից մի քանի տարի հետո, այնպես էլ հեղափոխությունից մի քանի տարի հետո, հասարակական ոգեշնչման ամեն մի պոռթկումից հետո, իր իրավունքն է ներկայացնում առանձին անհատների և ընտանիքների անզուսպ եսասիրությունը։
     Հենց այդ պահին, երբ վաղուց իր դարն ապրած հանրապետականներից մեկը կրակոտ ճառ է արտասանում, դուռը բացվում է ու ներս է մանում Ֆուշեն՝ մինիստրի համազգեստով, ոստիկանների ուղեկցությամբ։ Նա սառը հայացքով զարմացած չափեց իրենց տեղերից վեր թռած ակումբի անդամներին. ինչ խղճուկ հակառակորդներ են։ Վաղուց տապալված են գործի մարդիկ, հեղափոխության ոգեշնչողները, նրա հերոսները և խիզախները, մնացել են միայն շաղակրատները, իսկ շաղակրատներին զսպելու համար բավական է մի հաստատակամ ժեստ։ Առանց տատանվելու նա բարձրանում է ամբիոն. վեց տարուց հետո առաջին անգամ յակոբինյանները լսում են նրա խիստ սառը, սթափ ձայնը, բայց այժմ նրանում չեն հնչում, ինչպես առաջ, ազատության կոչեր և ատելություն բռնակալի նկատմամբ, այժմ այդ նիհար մարդը՝ կարճ ու պարզ հայտարարում է ակումբը փակված։ Հավաքվածները այնպես շվարած են, որ ոչ ոք դիմադրություն ցույց չի տալիս։ Նրանք չեն մոլեգնում, դաշույններով չեն նետվում ազատությունը սպանողի վրա, ինչպես անվերջ երդվում էին։ Նրանք, դանդաղ նահանջելով, միայն ինչ-որ բան են մրթմրթում և խուճապահար թողնում են շենքը։ Ֆուշեն ճիշտ էր հաշվարկել. տղամարդկանց դեմ պետք է պայքարել, շաղակրատներին զսպում են մի ժեստով։
     Դահլիճը դատարկ է. նա հանգիստ շարժվում է դեպի դուռը, փակում է այն և բանալին դնում գրպանը։ Եվ բանալու այդ պտույտով, իսկն ասած, վերջ դրվեց ֆրանսիական հեղափոխությանը։
     Ամեն մի հիմնարկություն դառնում է այնպիսին, ինչպիսին որ այն դարձնում է այս կամ այն մարդը։ Ընդունելով ոստիկանության մինիստրությունը, Ժոզեֆ Ֆուշեն ըստ էության ստանում է երկրորդական դեր, ներքին գործերի մինիստրության ենթաբաժնի նման ինչ-որ բան։ Նա պատրաստվում է դիտել ու տեղեկություն հաղորդել, ձեռնասայլորդի պես նա պետք է նյութեր բերի, որպեսզի հետո Դիրեկտորիայի պարոնները, ինչպես թագավորներ, կառուցեն ներքին և արտաքին քաղաքականության շենքը։ Բայց հազիվ երեք ամիս էր անցել, որ Ֆուշեն հասել էր իշխանության, և նրա զարմացած հովանավորները սարսափով նկատում են, որ նա հետևում, է ոչ միայն ստորին, այլև վերին խավերին, որ ոստիկանության մինիստրը վերահսկում է Դիրեկտորիայի մնացած մինիստրներին, գեներալներին, ամբողջ քաղաքականությունը։ Նրա ցանցը ներառում է բոլոր հիմնարկություններն ու բոլոր պաշտոնները, նրա ձեռքում են հավաքվում բոլոր տեղեկությունները, նա քաղաքականություն է կատարում քաղաքականության կողքին, պատերազմ է վարում պատերազմի կողքին. բոլոր ուղղություններով ընդարձակում է իր իշխանության սահմանները, մինչև որ, վերջապես, զայրացած Թալեյրանը նորովի սահմանում է ոստիկանության մինիստրի պարտականությունները. «Ոստիկանության մինիստրը մի մարդ է, որը նախ հոգ է տանում այն գործերի մասին, որոնք վերաբերում են իրեն, իսկ հետո` այն բոլոր գործերի մասին, որոնք իրեն բոլորովին չեն վերաբերում»։
     Հիանալի է կառուցված այդ բարդ մեքենան, ամբողջ երկիրը վերահսկող այդ համապարփակ ապարատը: Հազարավոր տեղեկություններ ամեն օր հոսում են Վոլտերի առափնյա տունը, քանզի մի քանի ամսվա ընթացքում խարդավանքի այդ վարպետը ամբողջ երկիրը հեղեղեց լրտեսներով, գաղտնի գործակալներով ու մատնիչներով։ Բայց նրա խուզարկուները սովորական ծանրաշարժ, մանր դետեկտիվներ չեն, որոնք գաղտնի առօրյա բամբասանք են լսում դռնապանների մոտ, գինետներում, հասարակաց տներում ու եկեղեցիներում. Ֆուշեի գործակալները կրում են ոսկյա եզրակարերով զարդարված համազգեստ և դիվանագիտական ֆրակ կամ թեթև ժանեկավոր հագուստ, նրանք սիրալիր շատախոսում են Սեն-Ժերմեն արվարձանի սալոններում և հայրենասեր ձևանալով՝ թափանցում են յակոբինյանների գաղտնի խորհրդակցությունները։ Նրա վարձկանների ցուցակում կան մարկիզներ ու դուքսեր Ֆրանսիայի մեծադղորդ անուններ. այո՛, նա կարող է պարծենալ (ֆանտաստիկական փաստ) նրանով, որ նրա մոտ ծառայության մեջ է երկրի ամենաբարձր դիրք ունեցող կինը՝ Ժոզեֆինա Բոնապարտը՝ ապագա կայսրուհին։ Նա վճարում է իր ապագա տիրակալի և կայսրի քարտուղարին։ Հարթուելում, Անգլիայում, նա կաշառեց Լյուդովիկոս XVIII թագավորի խոհարարին։ Ամեն բամբասանքի մասին նրան զեկուցում են, ամեն նամակ բացվում է։ Բանակում, առևտրականների շրջանում, դեպուտատների մոտ, գինետներում ու ժողովներում անտեսանելիորեն ներկա է լինում ոստիկանության մինիստրը. հազարավոր տեղեկություններ ամեն օր հոսում են դեպի նրա գրասեղանը, այնտեղ զննվում, քամվում և համեմատվում են այդ մասամբ ճշմարտացի ու կարևոր, մասամբ դատարկ տեղեկությունները, մինչև որ հազարավոր գաղտնագրերից քաղվում են ճշգրիտ տվյալներ։
     Քանզի տեղեկությունները գլխավորն են ինչպես պատերազմում, այնպես էլ խաղաղ ժամանակ, ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ ֆինանսական գործերում։ Ֆրանսիայում 1799 թվականին արդեն ոչ թե տեռորը, այլ իրազեկությունն է մարմնավորում իշխանությունը։ Տեղեկություններ այդ խղճուկ թերմիդորականներից յուրաքանչյուրի մասին՝ ինչքա՛ն փող է նա ստանում, ո՛վ է նրան կաշառք տալիս, ինչքանո՛վ կարելի է նրան գնել մշտական սպառնալիքի տակ պահելու և պետին ենթարկյալ դարձնելու համար. տեղեկություններ դավադրությունների մասին` մասամբ դրանք ճշտելու համար, մասամբ սատարելու այն հաշվով, որպեսզի կարողանալ ժամանակին քաղաքական գործերը շրջել անհրաժեշտ կողմը. ռազմական գործողությունների կամ հաշտության բանակցությունների մասին ժամանակին ստացված տեղեկությունները, որոնք հնարավորություն են տալիս բիրժայում գործարքներ կնքելու պատրաստակամ ֆինանսիստների հետ և իրեն՝ հարստանալու։ Այսպիսով, այդ քաջատեղյակ մեքենան Ֆուշեի ձեռքերում անընդհատ նրան փող է բերում, և իր հերթին, փողն այն յուղն է, որը նրան թույլ է տալիս շարժվել անաղմուկ։ Խաղատներն ու հասարակաց տները նույնպես, ինչպես բանկերը, գաղտնի նրան վճարում են միլիոնների հարկ, որը նրա ձեռքերում վեր է ածվում կաշառքի, իսկ կաշառքը՝ նորից ինֆորմացիայի. այսպես, երբեք կանգ չառնելով, անխափան աշխատում է այդ ահռելի, բարդ ոստիկանական մեխանիզմը, որն ստեղծվել է մի քանի ամսում միայն մի մարդու, հսկայական աշխատունակություն ունեցող հանճարեղ հոգեբանի կողմից։
     Բայց Ֆուշեի այդ աննման կառույցում ամենահանճարեղն այն է, որ այն ենթարկվում է միայն մեկ որոշակի ձեռքի կառավարման։ Ինչ-որ տեղ նրանում մի պտուտակ է ամրացված, եթե այն հեռացնես, մեքենան անմիջապես կանգ կառնի։ Ֆուշեն հենց առաջին վայրկյանից նախազգուշական միջոցներ է ձեռնարկում շնորհազրկման դեպքի համար։ Նա գիտի, եթե հարկ լինի թողնելու իր պաշտոնը, բավական է մեկ պտույտ, որպեսզի շարքից հանվի իր ստեղծած մեքենան, որովհետև այդ հզոր մարդը ոչ պետությա՛ն, ո՛չ Դիրեկտորիայի, ո՛չ Նապոլեոնի համար է կերտում իր ստեղծագործությունը, այլ միայն իր համար։ Նա բնավ չի էլ պատրաստվում բարեխղճորեն իր պետերին հանձնելու տեղեկությունների քիմիական զտման արդյունքները, որը կատարվում է նրա լաբորատորիայում. լպիրշ եսասիրությամբ նա այնտեղ է ուղարկում միայն այն, ինչն անհրաժեշտ է համարում. ինչո՞ւ. Դիրեկտորիայի բթամիտներին խելք սովորեցնել և նրանց բացել իր խաղաթղթերը։ Միայն այն, ինչ իրեն օգտակար է, ինչը անպայման շահ կբերի անձամբ իրեն, բաց է թողնում իր լաբորատորիայից, մնացած բոլոր նետերն ու թույները նա խնամքով պահպանում է իր մասնավոր զինանո­ցում անձնական վրեժի և քաղաքական սպանությունների համար։ Ֆուշեն միշտ շատ ավելի լավատեղյակ է, քան ենթադրում է Դիրեկտորիան, և դրա համար էլ նա վտանգավոր է և դրա հետ միասին անհրաժեշտ յուրաքանչյուրի համար։ Նա գիտի ռոյալիստների հետ Բարրասի բանակցությունների մասին, գահ նստելու Բոնապարտի ձգտման, մերթ յակոբինյանների և մերթ ռեակցիոներների սարքած մեքենայությունների մասին, բայց նա երբեք չի մերկացնում այդ գաղտնիքները այն ժամանակ, երբ դրանք իրեն հայտնի են դառնում, այլ միայն այն ժամանակ, երբ իրեն հարմար է թվում դրանք բացահայտել։ Երբեմն նա խրախուսում է դավադրությունները, երբեմն խոչընդոտում է դրանք, մեկ-մեկ հմտորեն ինքն է սարքում դրանք, կամ աղմուկով մերկացնում է (և դրա հետ միասին ժամանակին նախազգուշացնում է մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան փրկվել). նա միշտ երկակի, եռակի, քառակի խաղ է խաղում. աստիճանաբար նրա կիրքը դառնում է բոլոր սեղանների խաղացողներին խաբելն ու հիմարացնելը։ Դրա վրա, իհարկե, ծախսում է ամբողջ ժամանակն ու ուժերը. Ֆուշեն, որ օրական աշխատում է տասը ժամ, չէր խնայում ոչ այս, ոչ այն։ Նա գերադասում է առավոտից երեկո նստել իր բյուրոյում, անձամբ նայել բոլոր թղթերն ու մշակել յուրաքանչյուր գործը, քան մի ուրիշին թույլ տալ նայելու ոստիկանական գաղտնիքները։ Յուրաքանչյուր կարևոր մեղադրյալի նա հարցաքննում է մենակ, ինքը, իր կաբինետում այնպես, որպեսզի բոլոր վճռորոշ մանրամասներն իմանա միայն ինքը, միայն նա և ոչ մեկը նրա ենթականերից. այսպիսով նա աստիճանաբար, որպես ամբողջ երկրի կամավոր խոստովանահայր, իր ձեռքում է պահում բոլոր մարդկանց գաղտնիքները։ Նորից, ինչպես մի ժամանակ Լիոնում, դիմում է տեռորի, բայց արդեն վերջինիս զենք է ծառայում ոչ թե ծանր կործանիչ կացինը, այլ թունավորող սարսափը, մեղավոր լինելը ճանաչելը, հետապնդման և մերկացման զգացման ճնշումը՝ ահա այն միջոցները, որոնցով նա խեղդում է հազարավոր մարդկանց։ 1792 թվականի մեքենան՝ գիլյոտինը, որն ստեղծված էր, որպեսզի ճնշի պետության դեմ ամեն տեսակ դիմադրություն, անհաջող գործիք է այն բարդ ոստիկանական մեխանիզմի համեմատությամբ, որն իր ջանքերով ստեղծել է Ժոզեֆ Ֆուշեն 1790 թվականին:
     Ֆուշեն իսկական վարպետի պես է բանեցնում այն գործիքը, որն ինքն է ստեղծել սեփական ուժերով։ Նա գիտի իշխանության գերագույն գաղտնիքը՝ թաքուն վայելել այն, զգուշությամբ օգտվել նրանից։ Անցել են լիոնյան ժամանակները, երբ դաժան հեղափոխական գվարդիան, սվինները առաջ պարզած, փակում էր ամենահզոր պրոկոնսուլի սենյակների մուտքը։ Այժմ նրա ընդունարանում խռնվում են կանայք Սեն-Ժերմեն արվարձանից, և նրանց հաճույքով թողնում են աշխատասենյակ։ Նա գիտի, թե նրանց ինչ է պետք։ Մեկը խնդրում է վտարանդիների ցուցակից ջնջել իր ազգականին, մյուսը կուզեր իր զարմիկի համար լավ տեղ ստանալ, երրորդը՝ խույս տալ տհաճ դատավարությունից։ Ֆուշեն միանման սիրալիր է բոլորի հետ։ Ինչու իր դեմ գրգռել կուսակցություններից որևէ մեկին՝ յակոբինյաններին կամ ռոյալիստներին, չափավորականներին կամ բոնապարտիստներին, չէ որ դեռ հայտնի չէ, թե վաղը նրանցից որը կլինի ղեկի մոտ։ Դրա համար նախկին սարսափելի տեռորիստը կերպարանափոխվում է հմայիչ սիրալիր մարդու. իր ճառերում ու պրոկլամացիաներում նա հրապարակայնորեն դաժան ձևով քննադատում է ռոյալիստներին ու անարխիստներին, բայց սուսուփուս գաղտնի զգուշացնում է նրանց կամ կաշառում։ Նա խուսափում է աղմուկ հանող դատավարություններից, դաժան դատավճիռներից. նա բռնության փոխարեն բավարարվում է տիրական ժեստով, գերադասում է իսկական, թեկուզև անտեսանելի իշխանությունը այն խղճուկ խորհրդանշաններից, որոնցով զարդարված են Բարրասի և նրա գործընկերների շքահանդեսային գլխարկները։ Եվ ահա ստացվեց այնպես, որ մի քանի ամսից հետո հրեշ Ֆուշեն դարձավ ընդհանուրի սիրելին. և իսկապես, ո՞ր մինիստրը կամ պետական գործիչը չի ձեռք բերում համընդհանուր համակրանք, եթե նա մատչելի է բոլորին, մատների արանքով է նայում և նույնիսկ աջակցում է մարդկանց հարստացմանը, տաք տեղեր ստանալուն, բոլորին ընդառաջում է և, երբ պետք է, սիրալիր ձևով փակում է խիստ աչքերը, եթե միայն չափից ավելի չեն խառնվում քաղաքականության մեջ և չեն խոչընդոտում սեփական պլաններին։ Մի՞թե ավելի լավ չէ կաշառքի կամ շողոքորթության միջոցով վերահամոզել մարդկանց, քան թնդանոթներ ուղղել նրանց վրա։ Մի՞թե բավական չէ անհանգիստ մարդուն սեփական գաղտնի կաբինետը կանչելը և, սեղանի արկղից հանելով նրա համար պատրաստված մահվան դատավճիռը, հետագայում այդ դատավճիռը ի կատար չածելը։ Իհարկե, այնտեղ, որտեղ նկատվում է իսկական ընդվզում, նա նախկինի պես անողորմ ճնշում է այն իր ծանր ձեռքով։ Բայց նրա նկատմամբ, ով իրեն հեզ է պահում և չի կանգնում բզի վրա, նախկին տեռորիստը հանդես է բերում վանականի երբեմնի համբերատարություն։ Նա գիտի, թե ինչպես են մարդիկ հակված դեպի շքեղությունը, մանր արատները և գաղտնի, վայելքները, - հիանալի է, habeant (5), միայն թե հանգիստ լինեն։ Խոշոր բանկիրները, որոնց մինչև այդ, հանրապետության օրերին, կատաղաբար հալածում էին, այժմ կարող են հանգիստ սպեկուլյացիա անել և հարստանալ։ Ֆուշեն նրանց տեղեկություններ է տալիս, և նրանք իրեն բաժին են հանում շահույթից։ Մամուլը Մարատի և Դեմուլենի ժամանակ կատաղի, արնախում շուն էր, նայեցեք այժմ ինչ քնքշաբար է նա տարուբերում պոչը։ Նա էլ է քաղցր բուլկին գերադասում մտրակի հարվածներից։ Շուտով աղմուկը, որ բարձրացնում էին արտոնյալ հայրենասերները, կփոխարինվի միայն ճպճպոցով խախտվող լռությամբ։ Ֆուշեն ամեն մեկին ոսկոր շպրտեց կամ մի քանի ուժեղ աքացիներով նրանց անկյուն քշեց։ Նրա գործընկերները հասկացան, հասկացան նաև բոլոր կուսակցությունները, որ Ֆուշեի ընկերը լինելը այնքան հաճելի ու շահավետ է, որքան տհաճ է նրա թավշե թաթերում թաքնված մագիլների հետ ծանոթանալը, և այդ ամենաանարգ մարդը, շնորհիվ նրա, որ ամեն ինչ գիտի, և ամեն մեկին պարտավորեցնում է իր լռությամբ, հանկարծ ձեռք է բերում բազմաթիվ ընկերներ։ Դեռևս չի վերականգնվել Ռիոնի ափին ավերված քաղաքը, իսկ լիոնյան գնդակահարությունները արդեն մոռացված են, և Ժոզեֆ Ֆուշեն դառնում է ընդհանուրի սիրելին։
     Պետության մեջ տեղի ունեցող ամեն ինչի մասին, ամենաթարմ, ամենաարժանահավատ տեղեկությունները ստանում է Ժոզեֆ Ֆուշեն. ոչ, ոք հնարավորություն չունի այդքան խոր նայելու իրադարձությունների ոլորտը, ինչքան նա՝ զինված հազարգլխանի, հազարականջանի զգոնությամբ, ոչ ոք այնքան լավ իրազեկ չէ կուսակցությունների և մարդկանց ուժերին կամ թուլություններին, որքան այդ սառը, հաշվենկատ դիտորդը՝ քաղաքականության ամենաչնչին տատանումը գրանցող իր ապարատով։
     Անցնում է ընդամենը մի քանի շաբաթ, մի քանի ամիս, և Ժոզեֆ Ֆուշեն հստակ տեսնում է, որ Դիրեկտորիան կործանված է։ Բոլոր հինգ ղեկավարները գժտվեցին, յուրաքանչյուրը դավեր է լարում և միայն հարմար առիթի է սպասում, որպեսզի տապալի հարևանին։ Բանակները ջախջախված են, ֆինանսներում քաոս է, երկիրը հանգիստ չէ՝ այլևս այդպես շարունակվել չի կարող։ Ֆուշեն զգում է քամու ուղղության մոտակա փոփոխությունը։ Գործակալները նրան զեկուցում են, որ Բարրասը գաղտնի բանակցություններ է վարում Լյուդովիկոս XVIII-ի հետ և պատրաստ է հանրապետությունը ծախել Բուրբոնների դինաստիային՝ դուքսի թագի դիմաց։ Նրա գործընկերները իրենց հերթին հաճոյախոսում են Օռլեանի դուքսի հետ կամ երազում են Կոնվենտի վերականգնման մասին, քանզի ազգը ցնցվում է ներերկրյա ապստամբություններից, թղթադրամները վեր են ածվում արժեք չունեցող թղթերի, զինվորներն արդեն սկսում են անձնատուր լինել։ Եթե ինչ-որ մի նոր ուժ բոլոր ջանքերը ի մի չհամախմբի, հանրապետությունը անխուսափելիորեն կտապալվի։
     Միայն դիկտատորը կարող է փրկել դրությունը, և բոլորի հայացքները փնտրում են հարմար մարդու։ «Մեզ պետք է մեկ գլուխ և մեկ սուր», - ասում է Բարրասը Ֆուշեին, թաքուն կերպով իրեն համարելով այդ գլուխը և փնտրելով հարմար սուրը։ Բայց հաղթական Գոշը և Ժուբերը շուտ էին մահացել, իրենց կարիերայի հենց սկզբին, Բեռնադոտը դեռևս իրեն յակոբինյան է ձևացնում, իսկ միակին, որին գիտեն, որ և՛ գլուխ ունի, և՛ սուր, Բոնապարտին, Արկոլի և Ռիվոլի հերոսին, սարսափից հեռու էին ուղարկել, և այժմ նա անիմաստ մանևրներ է կատարում եգիպտական անապատի ավազուտներում։ Նա այնքան հեռու է, որ նրա վրա հույս դնել, ըստ երևույթին, չէր կարելի։
     Բոլոր մինիստրներից միայն Ֆուշեն այն ժամանակ գիտեր, որ այդ գեներալ Բոնապարտը, որը, ինչպես մտածում են բոլորը, մնում է բուրգերի ստվերի տակ, իրականում այնքան հեռու չէ և շուտով ափ կիջնի Ֆրանսիայում։ Նրանք այդ չափազանց փառամոլ, չափազանց հանրահայտ ու տիրական մարդուն հազարավոր մղոններ հեռու էին ուղարկել Փարիզից. նրանք, թերևս, ծածուկ թեթևացած շունչ էին քաշել, երբ Նելսոնը Աբուքիրում ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը, քանզի ինտրիգանների և քաղաքական գործիչների համար ի՛նչ նշանակություն ունեն հազարավոր սպանվածները, եթե նրանց հետ միասին վերացված է մրցակիցը։ Այժմ նրանք հանգիստ քնում են, նրանք գիտեն, որ նա գամված է բանակին և չեն պատրաստվում նրան վերադարձնելու։ Ոչ մի ակնթարթ նրանց մտքով չի անցնում, որ Բոնապարտը կարող է համարձակվել հրամանատարությունը ինքնակամ հանձնել ուրիշ գեներալի և խանգարել նրանց հանգիստը։ Նրանք նախատեսել են բոլոր հնարավորությունները, չի նախատեսված միայն մեկը՝ ինքը Բոնապարտը։
     Ֆուշեն, սակայն, ավելին գիտե և տեղեկություններ է ստանում ամենաարժանահավատ աղբյուրներից, որովհետև նրան ամեն ինչ հաղորդում և յուրաքանչյուր նամակի, յուրաքանչյուր միջոցառման մասին զեկուցում է ամենատեղյակ և Ֆուշեի կողմից վարձատրվող լրտեսներից ամենալավն ու ամենանվիրվածը՝ ոչ այլ ոք, քան Բոնապարտի կինը՝ Ժոզեֆինա Բոհառնեն։ Այդ թեթևամիտ կրեոլուհուն կաշառելը, թերևս, մեծ քաջություն չէր, քանզի, իր խելագար վատնումների հետևանքով նա միշտ փողի կարիք ունի, և հարյուր հազարները, որոնք շռայլաբար Նապոլեոնը նրան տալիս է պետական դրամարկղից, ինչպես կաթիլը ծովում, չքանում են այն կնոջ մոտ, որը տարեկան գնում է երեք հարյուր գլխարկ և յոթ հարյուր զգեստ, որը չի կարողանում պահպանել ոչ իր փողերը, ոչ իր մարմինը, ոչ իր համբավը և, ի լրումն դրա, այդ ժամանակ վատ տրամադրության մեջ էր։ Բանն այն է, որ քանի դեռ փոքրիկ պոռթկուն գեներալը, որը պատրաստվում էր նրան իր հետ տանել մամելյուկների տխուր երկիրը, գտնվում էր մարտի դաշտում, նա գիշերները անց էր կացնում գեղեցիկ, հաճելի Շարլի հետ, և հնարավոր է նաև երկու-երեք ուրիշի հետ, հավանական է նույնիսկ իր նախկին սիրեկան Բարրասի հետ։ Դա, գիտե՜ք, դուր չի գալիս տխմար ինտրիգան տեգրերին՝ Ժոզեֆին ու Լյուսենին, և նրանք շտապում են ամեն ինչի մասին հայտնել նրա պոռթկուն, թուրքի նման խանդոտ ամուսնուն։ Ահա թե ինչու պետք էր մի մարդ, որը կարողանար նրան օգնել, որը հետևեր լրտես եղբայրներին և հսկողության տակ առներ նրանց թղթակցությունները: Այդ հանգամանքը, և միաժամանակ որոշ քանակությամբ դուկատները, Ֆուշեն իր հուշերում այդ թիվը ուղղակի համարում է հազարավոր լուիդորներ, ապագա կայսրուհուն ստիպում են Ֆուշեին հայտնելու բոլոր գաղտնիքները և առաջին հերթին ամենակարևոր և ամենաահեղ գաղտնիքը՝ Բոնապարտի առաջիկա վերադարձի մասին:
     Ֆուշեն բավարարվում է նրանով, որ ինքը տեղեկացված է: Հասկանալի է, ոստիկանության քաղաքացի մինիստրը չի էլ մտածում ինֆորմացիա տալ իր ղեկավարությանը: Ամենից առաջ նա ամրապնդում է իր բարեկամությունը հավակնորդի կնոջ հետ, իր ստացած տեղեկություններից անաղմուկ օգուտ քաղում և, սովորության համաձայն, լավ պատրաստված, ընդառաջ է գնում մի որոշման, որը, ինչպես նա գերազանց հասկանում է, չի ստիպի իրեն երկար սպասել:
     1799 թվականի հոկտեմբերի 11-ին Դիրեկտորիան շտապ կանչում է Ֆուշեին: Հայելահեռագիրը հաղորդել է անհավանական լուր. Բոնապարտը ինքնակամ, առանց Դիրեկտորիայի հետկանչի, վերադարձել է Եգիպտոսից և ափ է իջել Ֆրեժյուսում: Ի՞նչ անել: Անմիջապես կալանավորե՞լ, արդյոք, գեներալին, որն առանց հրաման ստանալու, ինչպես դասալիք լքել է իր բանակը, թե՞ քաղաքավարությամբ ընդունել նրան: Ֆուշեն էլ ավելի զարմացած ձևանալով, քան այդ լուրով իսկապես զարմացած Դիրեկտորիայի անդամները, նրանց խորհուրդ է տալիս ներողամիտ լինել: Մի քիչ սպասել, սպասել, քանզի Ֆուշեն դեռ չի որոշել, թե նա հանդես կգա Բոնապարտի՛ կողմից, թե՛ նրա դեմ. նա գերադասում է սպասել իրադարձությունների ծավալմանը: Բայց Դիրեկտորիայի գլուխը կորցրած անդամները քանի դեռ վիճում են Բոնապարտին ներե՞լ, չնայած նրա դասալքությանը, թե՛ կալանավորել, ժողովուրդն արդեն ասաց իր խոսքը: Ավինյոնը, Լիոնը, Փարիզը նրան դիմավորում են որպես հաղթողի, բոլոր քաղաքները նրա ճանապարհին կազմակերպում են հրավառություններ և հասարակայնությունը թատրոններում, երբ բեմից հայտնում են նրա վերադարձի մասին, այդ լուրը դիմավորում է ցնծությամբ. վերադառնում է ոչ թե ենթարկյալը, այլ հզոր ու տիրական տիրակալը: Հազիվ էր նա հասել Փարիզ, Շանտերեն, փողոցի վրայի իր բնակարանը (շուտով նրա պատվին այն կանվանեն Հաղթանակի փողոց), երբ նրան շրջապատում է ընկերների, մարդկանց բազմությունը, ենթադրելով, որ օգտակար է համարվել նրա ընկերը: Գեներալներ, դեպուտատներ, մինիստրներ, նույնիսկ Թալեյրանը, հարգալից ուշադրություն են ցույց տալիս գեներալին, և, վերջապես, նրա մոտ է գնում նաև անձամբ ինքը՝ ոստիկանության մինիստրը: Նա գնում է Շանտերեն փողոցը և հանձնարարում է իր մասին զեկուցել Բոնապարտին: Բայց Բոնապարտին այդ պարոն Ֆուշեն թվում է անտարբեր ու աննշան այցելու: Եվ նա ստիպում է նրան, որպես ձանձրացնող այցելուի, նախասենյակում սպասել մի ամբողջ ժամ: Ֆուշե՝ այդ անունը նրան քիչ բան է ասում: Նա անձամբ նրա հետ ծանոթ չէ և, կարող է, միայն հիշեցնում է, որ այդ անունով մի մարդ տեռորի տարիներին բավականին տխուր դեր է խաղացել Լիոնում, այդ ցնցոտիավոր, բարոյալքված, մանր ոստիկանական լրտեսին, հնարավոր է, նա հանդիպել է իր ընկերոջ՝ Բարրասի ընդունարանում: Բոլոր դեպքերում, դա մեծ նշանակություն չունեցող մարդ է, ինչ-որ մանր գործարար, որը խորամանկությամբ իր համար ձեռք է բերել փոքրիկ մինիստրություն: Նմանին կարելի է ստիպել նստելու ընդունարանում: Եվ իսկապես, Ժոզեֆ Ֆուշեն մի ամբողջ ժամ համբերությամբ սպասում է գեներալի նախասենյակում, և նա, կարող է, երկու-երեք ժամ էլ նստեր այնտեղ, լակեյի կողմից սրտացավորեն նրան առաջարկված բազկաթոռին, եթե Ռեալը, Բոնապարտի կատարած պետական հեղաշրջման մասնակիցներից մեկը, չտեսներ ամենակարող մինիստրին, որի մոտ ամբողջ Փարիզը համառորեն ունկնդրության էր ձգտում, այդքան խղճուկ վիճակում: Վախեցած այդպիսի չարաբաստիկ վրիպումից, նա վազում է գեներալի սենյակ, հուզված նրան հաղորդելով սարսափելի սխալի մասին. ինչպե՛ս կարելի է վիրավորական ձևով ստիպել սպասելու հատկապես նրան, որը մատի մի շարժումով կարող է, ինչպես ռումբ, պայթեցնել նրանց ամբողջ ձեռնարկումը: Բոնապարտը անմիջապես արագ դուրս է գալիս Ֆուշեի մոտ, շատ քաղաքավարի նրան հրավիրում է մտնելու իր աշխատասենյակը, խնդրում է ներել իրեն և երկու ժամ դեմ առ դեմ խոսում է նրա հետ:
     Առաջին անգամ Բոնապարտն ու Ֆուշեն հանդիպեցին երես առ երես, նրանք մանրազնին դիտում, գնահատում են մեկը մյուսին, մտածելով, թե որքանով կարող է մեկը մյուսին պետք գալ իր անձնական նպատակներին հասնելու համար: Նշանավոր մարդիկ ակնթարթորեն ճանաչում են միմյանց: Ֆուշեն տիրական մարդու աննախադեպ դինամիկության մեջ անմիջապես կռահում է միահեծանության անհաղթահարելի հանճարը: Բոնապարտը գազանի իր սուր ավյունոտ հայացքով Ֆուշեի մեջ անմիջապես տեսնում է օգտակար, ամեն ինչի պետքական, արագ ըմբռնող և եռանդուն գործող օգնականի: Ոչ ոք, պատմել է նա սուրբ Հեղինե կղզում, իրեն չի տվել Ֆրանսիայի և Դիրեկտորիայի վիճակի այնպիսի սեղմ և միաժամանակ համընդգրկող տեսություն, ինչպես Ֆուշեն այդ առաջին երկժամյա զրույցի ժամանակ: Եվ այն, որ Ֆուշեն, որի առաքինությունների մեջ անկեղծությունը բոլորովին տեղ չունի, գահի հավակնորդին անմիջապես բացում է ամբողջ ճշմարտությունը, նշանակում է, որ նա էլ է որոշել անցնել նրա տնօրինության տակ: Հենց առաջին իսկ ժամին բաշխվում են դերերը՝ տեր ու ծառա. աշխարհակալ ու դարաշրջանի քաղաքագետ. նրանց միատեղ խաղը կարող է սկսվել:
     Ֆուշեն արդեն առաջին հանդիպման ժամանակ անսովոր պատրաստակամությամբ վստահում է Բոնապարտին: Բայց և այնպես նա իրեն լրիվ նրա տնօրինության տակ չի դնում: Ֆուշեն բացահայտ ձևով չի մասնակցում դավադրությանը, որը պիտի տապալեր Դիրեկտորիային և Բոնապարտին դարձներ ինքնակալ. նա չափից դուրս զգույշ է այդպիսի քայլի համար: Չափազանց խիստ, չափազանաց հաստատուն է նա իր կենաց սկզբունքին՝ երբեք վերջնական որոշում չընդունել, մինչև չի որոշվել, թե ում կողմն է հաղթանակը: Բայց տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ բան. այնքա՜ն նուրբ լսողություն, այնքա՜ն սուր տեսողություն ունեցող ֆրանսիական ոստիկանության մինիստրին վերջին շաբաթներին տանջում է ծանր մի ցավ. նա հանկարծակի դառնում է կույր ու խուլ: Նա չի լսում քաղաքը հեղեղած լուրերը առաջիկա պետական հեղաշրջման մասին, չի տեսնում անթիվ նամակները, որոնք նրա ձեռքն են խոթում: Նրա ինֆորմացիայի արժանահավատ բոլոր անբասիր աղբյուրները կարծես մոգական ուժով ցամաքեցին, և այն ժամանակ, երբ Դիրեկտորիայի հինգ անդամներից երկուսն արդեն մասնակցում են դավադրությանը, իսկ երրորդը կիսով չափ հարել է նրան, ոստիկանության մինիստրը չի կասկածում նախապատրաստվող զինվորական հեղաշրջման մասին, կամ, ավելի ճիշտ, ձևացնում է, թե չի կասկածում: Նրա ամենօրյա զեկուցագրերում ոչ մի տող չկա գեներալ Բոնապարտի և անհամբերությամբ զենք շաչեցնող կլիկի մասին. ճիշտ է, մյուս կողմին էլ, Բոնապարտի կողմին, նա ոչ մի լուր չի տալիս, ոչ մի տող չի հաղորդում: Միայն լռությամբ է Ֆուշեն ծախում Դիրեկտորիային, միայն լռությամբ է նա կապված Բոնապարտի հետ, և նա սպասո՜ւմ է, սպասո՜ւմ է, սպասում է: Ծայրահեղ լարման նման պահերին, ավարտից երկու րոպե առաջ այդ երկկենցաղը իրեն հիանալի է զգում: Երկու կուսակցություններին էլ պահել սարսափի մեջ, լինել մարդ, որի առջև երկու կողմերն էլ հաճոյակատարություն են անում, իր ձեռքում զգալ կշեռքի տատանումները՝ ահա ինչումն է այդ մոլի ինտրիգանի մեծագույն բավականությունը: Բոլոր խաղերից ամենասքանչելին, իր լարվածությամբ անհամեմատելի կանաչ սեղանի շուրջը կատարվող խաղից կամ սիրային զվարճանքներից, դա այն պահերն են, երբ համաշխարհային խաղը մոտենում է հանգուցալուծման: Այդպիսի րոպեներին գիտակցել, որ զորունակ ես արագացնելու կամ արգելակելու իրադարձությունների ընթացքը, բայց, ելնելով հենց այդ գիտակցությունից, տիրապետել իրեն և ոչինչ չձեռնարկել, ինչքան էլ ձեռքերը քոր գային մարտի մտնելու ձգտումից, այլ հուզիչ, գրգռող, հոգեբանի գրեթե արատավոր հետաքրքրությամբ միայն դիտել՝ ահա նրա սառն ուղեղը բորբոքող միակ բավականությունը. միայն դա է հուզում այդ պղտոր, նոսր, համարյա ջրանման արյունը։ Միայն հոգեբանորեն այդպիսի այլանդակ, հոգեկան վավաշոտ հափշտակվածությունը կարող է գրավել սթափ, նյարդերից զուրկ մարդուն՝ Ժոզեֆ Ֆուշեին: Եվ վճռական կրակոցից առաջ, խիստ լարման այդ պահերին նրա սովորական մռայլ լրջությունը թևավորում է Յուրատեսակ, դաժան, լկտի ուրախությունը: Հոգեկան վավաշոտությունը կարող է լիցքաթափվել միայն զվարճանքի, բարեսիրտ կամ չար ծաղրի մեջ, և դրա համար Ֆուշեն սիրում է կատակել հենց այն ժամանակ, երբ ուրիշները գտնվում են մեծագույն վտանգի մեջ. ինչպես քննիչը «Ոճիր և պատժի» մեջ, նա հնարում է ամենասրամիտ և հիրավի դիվային կատակներ հատկապես այն ժամանակ, երբ մեղավորը դողում է սարսափից: Այդպիսի պահերին նա սիրում է մոլորեցնել: Այս դեպքում նա ամենաչարագուշակ պահին զվարճալի կատակերգությունը դնում է այնպիսի բեմահարթակների վրա, որոնք, կարելի է ասել, կառուցված են վառոդի տակառի վրա: Պետական հեղաշրջումից մի քանի օր առաջ (նա, իհարկե, նախապես գիտե նշանակված օրը) Ֆուշեն կազմակերպում է հրավիրովի երեկույթ: Այդ մտերմական երեկույթին հրավիրված Բոնապարտը, Ռեալը և այլ դավադիրներ, նստած սեղանի շուրջը, հանկարծ նկատում են, որ իրենց խումբը լրիվ իր կազմով այստեղ է Դիրեկտորիայի ոստիկանության մինիստրը իր մոտ է հրավիրել ամբողջ կամարիլյան, Դիրեկտորիայի դեմ դավադրության բոլոր մասնակիցներին առանց բացառության: Սա ի՞նչ է նշանակում: Բոնապարտը անհանգիստ հայացք է փոխանակում իր համախոհների հետ: Մի՞թե դռան հետևում արդեն կանգնած են ժանդարմները, որպեսզի մի հարվածով կործանեն պետական հեղաշրջման բույնը: Դավադիրներից ոմանք, հնարավոր է, հիշում են համանման բան պատմության մեջ՝ ստրելեցների համար Պետրոս Մեծի կազմակերպած ճակատագրական հացկերույթը, երբ դահիճը անուշեղենի ժամանակ մատուցեց նրանց գլուխները: Սակայն Ֆուշեի նման մարդիկ չեն դիմում նման դաժանությունների, ընդհակառակը, երբ, ի զարմանս դավադիրների, երևաց մի հյուր էլ (դա իսկապես դիվային զվարճանք էր), ինքը պրեզիդենտ Գոյեն, որի դեմ հենց ուղղված էր նրանց դավադրությունը, նրանք դառնում են զարմանալի երկխոսության վկաներ: Պրեզիդենտը ոստիկանության մինիստրին հարցնում է վերջին իրադարձությունների մասին. «Օ՜, ամեն ինչ նույնն է, - պատասխանում է Ֆուշեն, ալարկոտ ձևով բարձրացնելով արտևանունքը և հայացքը հառելով տարածությանը: - Միշտ նույն դատարկախոսությունն է դավադրությունների մասին: Բայց ես գիտեմ դրան ինչպես վերաբերվել: Եթե իսկապես գոյություն ունենար դավադրություն, մենք արդեն դրա ապացույցը կունենայինք Հեղափոխության հրապարակում»:
     Գիլյոտինի մասին այդ նուրբ ակնարկը ազդում է դավադիրների վրա, ինչպես սառը շեղբի հետ հպվելը: Նրանք շվարած են. ո՞ւմ վրա է նա ծիծաղում՝ Գոյեի՞, թե իրենց: Նա նրա՞նց է հիմարացնում, թե՛ Դիրեկտորիայի պրեզիդենտին: Նրանք դա չգիտեն, չգիտե, հավանաբար, և ինքը Ֆուշեն, քանզի նրա համար աշխարհում գոյություն ունի միայն մի բավականություն՝ երկվության կրքոտ սեր, երկակի խաղի այրող թովչանք և սուր վտանգ:
     Այդ զվարճալի կատակից հետո ոստիկանության մինիստրը նորից ընկնում է տարօրինակ լեթարգիայի մեջ՝ ընդհուպ մինչև վճռական հարվածի պահը. նա կույր ու խուլ է, իսկ սենատի կետը արդեն ծախսված է, և ամբողջ բանակը դավադիրների կողմն է: Եվ տարօրինակ բան՝ Ժոզեֆ Ֆուշեն, որը, ինչպես բոլորին հայտնի է, միշտ վաղ է արթնանում և առաջինն է երևում իր մինիստրությունում, հատկապես բրյումերի 18-ին, նապոլեոնյան հեղաշրջման օրը, ընկել է զարմանալի առավոտյան խոր քնի մեջ: Նա հաճույքով կքներ ամբողջ օրը, բայց Դիրեկտորիայի երկու պատվիրակ վեր են կացնում նրան անկողնուց և անսահման զարմացած մինիստրին հայտնում են սենատում կատարվող տարօրինակ դեպքերի մասին, ռազմաջոկատներ հավաքելու և բացահայտ հեղաշրջման մասին: Ժոզեֆ Ֆուշեն տրորում է աչքերը և, ինչպես հարկն է, զարմացած է ձևանում (չնայած նրան, որ նա նախորդ օրը երեկոյան խորհրդակցել էր Բոնապարտի հետ): Բայց, ցավոք, շարունակել քնել կամ քնած ձևանալ արդեն հնարավոր չէ: Ոստիկանության մինիստրը ստիպված էր հագնվել ու գնալ Դիրեկտորիա, որտեղ նրան կոպտորեն դիմավորում է պրեզիդենտ Գոյեն, որը նրան այլևս թույլ չի տալիս զարմացական կատակերգություն խաղալու: «Ձեր պարտքն էր, - հարձակվում է Գոյեն Ֆուշեի վրա, - մեզ տեղեկացնել այդ դավադրության մասին, և, անկասկած, ձեր ոստիկանությունը կարող էր ժամանակին իմանալ դրա մասին»: Ֆուշեն լուռ կուլ է տալիս այդ կոպտությունը և, ինչպես ամենանվիրված կատարող, խնդրում է հետագա ցուցումներ: Բայց Գոյեն կոպտորեն ընդհատում է նրան. «Եթե Դիրեկտորիան անհրաժեշտ գտնի հրամայել, նա կդիմի իր վստահությանը արժանի մարդկանց»: Ֆուշեն ինքն իրեն ժպտում է. այս տխմարը դեռ չգիտի, որ նրա Դիրեկտորիան արդեն վաղուց ուժ չունի հրամայելու, որ նրա հինգ անդամներից երկուսն արդեն դավաճանել են, իսկ երրորդը ծախված է: Բայց տխմարներին ի՞նչ սովորեցնել: Նա սառնորեն գլուխ է տալիս և գնում իր տեղը:
     Բայց որտեղ է նրա տեղը. Ֆուշեն, իսկն ասած, դեռևս չգիտե, նա հին կամ նոր կառավարության ոստիկանության մինիստրն է՝ կախված նրանից, թե ով կհաղթի: Միայն հաջորդ օրը կվճռվի պայքարի ելքը Դիրեկտորիայի և Բոնապարտի միջև: Առաջին օրը Բոնապարտի համար հաջող սկսվեց, խոստումներից տաքացած և կաշառքներով լավ յուղված սենատը կատարում է Բոնապարտի բոլոր ցանկությունները՝ նրան նշանակում է զորքերի հրամանատար և ստորին պալատի՝ Հինգ հարյուրի նիստը տեղափոխում է Սեն-Կլու, որտեղ չկան ոչ բանվորական գումարտակներ, ոչ հասարակական կարծիք, ոչ «ժողովուրդ», այլ կա միայն գեղեցիկ զբոսայգի, որը կարելի է հերմետիկորեն փակել գրենադերների երկու ջոկատով: Բայց դա դեռ չի նշանակում ամբողջ պարտիայի հաղթանակ, քանզի «Հինգ հարյուրի» մեջ կան մի տասնյակից ավելի անտանելի տղաներ, որոնց չի հաջողվում ոչ կասեցնել, ոչ վախեցնել. թերևս գտնվեն և այնպիսիները, որոնք դաշույնը կամ ատրճանակը ձեռքներին պաշտպանեն հանրապետությունը գահի հավակնորդից: Այդպիսի վիճակում պետք է նյարդերը կարգին պահել, իրեն թույլ չտալ հրապուրվելու ոչ համակրելի մարդկանցով, ոչ առավել ևս այնպիսի դատարկություններով, ինչպես երդումը, այլ պահպանել հանգստություն, սպասել, զգաստ լինել մինչև վճռական ժամը կհասնի:
     Եվ Ֆուշեն պահպանում է հանգստություն: Հազիվ էր Բոնապարտը հեծելազորի գլուխն անցած շարժվել Սեն-Կլուի ուղղությամբ, հազիվ էին նրան կառքերով հետևել գլխավոր դավադիրները՝ Թալեյրանը, Սիյեսը, երկու տասնյակ ուրիշներ, երբ հանկարծ, ոստիկանության մինիստրի հրամանով փարիզյան բոլոր պահակակետերում իջեցվեցին ուղեփակոցները: Ոչ ոք չի կարող դուրս գալ քաղաքից, ոչ ոք չի կարող քաղաք մտնել, բացի ոստիկանության մինիստրի սուրհանդակներից: Ութ հարյուր հազար բնակիչներից ոչ ոք, բացի այդ եռանդուն մարդուց, չպետք է իմանա՝ հաջողվել է, թե չի հաջողվել հեղաշրջումը: Յուրաքանչյուր կես ժամը մեկ սուրհանդակը նրան զեկուցում է իրադարձությունների ընթացքի մասին, իսկ նա դեռևս վճիռ չի ընդունում: Եթե հաղթի Բոնապարտը, ապա, հասկանալի է, Ֆուշեն հենց այսօր երեկոյան կդառնա նրա մինիստրը և հավատարիմ ծառան, եթե նա անհաջողություն կրի, Ֆուշեն կմնա Դիրեկտորիայի հավատարիմ ծառան, պատրաստ հանգիստ կալանավորելու «խռովարարին»: Տեղեկությունները, որոնք նա ստանում է, բավականին հակասական են, քանզի այն ժամանակ, երբ Ֆուշեն գերազանց տիրապետում է իրեն, նրանից շատ մեծ Բոնապարտը կորցնում է ինքնատիրապետումը. այդ բրյումերի 18-ը, որը Բոնապարտին նվիրեց եվրոպական ինքնակալություն, այդ մեծ մարդու անձնական կյանքում, ինչպես ծաղր, մնում է որպես ամենախղճալի օր: Թնդանոթների փողաբերանների առջև համարձակ Բոնապարտը միշտ իրեն կորցնում է, երբ նրան հարկ է լինում խոսքով իր կողմը գրավել մարդկանց, շատ տարիներ սովորած լինելով հրաման տալուն, նա մոռացել էր համոզելը: Նա կարող է դրոշը բռնած վարգել իր գրենադերների առջևից, նա կարող է ջախջախել բանակներ: Բայց այդ կոփված զինվորին չի հաջողվում ամբիոնից վախեցնել հանրապետական մի քանի փաստաբանների: Շատ են նկարագրել, թե ինչպես պարտություն չիմացող զորավարը, դեպուտատների անընդհատ ռեպլիկներից հավասարակշռությունից դուրս գալով, մրթմրթում է միամիտ ու դատարկ ֆրազներ, ինչպես՝ «Պատերազմի աստվածը իմ կողմն է» և այնպես խայտառակ ձևով էր շփոթվում, որ ընկերները շտապում էին հեռացնել նրան ամբիոնից: Արկոլի և Ռիվոլի հերոսին միայն նրա զինվորների սվիններն են փրկում խղճալի պարտությունից, որը քիչ էր մնում նրան հասցնեին մի քանի ճղճղան փաստաբաններ: Եվ միայն նորից նժույգին հեծնելու և զինվորներին ժողովը ցրելու հրաման տալուց նա նորից դառնում է տիրակալ ու դիկտատոր, և այն գիտակցությունը, որ ինքը նորից սեղմում է իր սրի բռնակը, վստահություն է բերում նրա խռովահույզ հոգուն:
     Երեկոյան ժամը յոթին ամեն ինչ վճռված է, Բոնապարտը կոնսուլ է, Ֆրանսիայի ինքնակալ: Եթե նա հաղթվեր կամ տապալվեր, Ֆուշեն անմիջապես կկարգադրեր Փարիզի բոլոր պատերին սոսնձով փակցնել պաթետիկ հայտարարություն. «Ստոր դավադրությունը բացահայտված է» և այլն: Բայց քանի որ հաղթել էր Բոնապարտը, ապա նա այդ հաղթանակը համարում էր իր սեփականը: Ոչ թե Բոնապարտից, այլ ոստիկանության պարոն մինիստր Ֆուշեից է Փարիզը հաջորդ օրն իմանում հանրապետության վերջնական անկման, նապոլեոնյան դիկտատուրայի մասին: «Ոստիկանության մինիստրը հայտնում է իր համաքաղաքացիներին,- ասվում է այդ կեղծ հաղորդման մեջ, - որ երբ Խորհուրդը հավաքվեց Սեն-Կլու՝ հանրապետության գործերը քննարկելու, և գեներալ Բոնապարտը ներկայացավ Հինգ հարյուրի խորհրդին, որպեսզի մերկացնի հեղափոխական դավերը, նա հազիվ մարդասպանի զոհ չդարձավ: Բայց հեղափոխության հանճարը փրկեց գեներալին, Հանրապետականները թող հանգստություն պահպանեն... քանզի նրանց ցանկությունն այժմ կկատարվի... թող հանգստանան թույլերը, նրանք գտնվում են ուժեղների պաշտպանության տակ... և միայն նրանք պետք է վախենան, ովքեր անհանգստություն են սերմանում, խռովում են հասարակական միտքը և անկարգություններ են սարքում: Ձեռնարկված են բոլոր միջոցները խռովարարներին ճնշելու համար»:
     Նորից Ֆուշեն արտակարգ հաջողությամբ հարմարվում է հանգամանքներին: Եվ օրը ցերեկով այնքան լկտի, այնքան բացահայտ է կատարվում նրա անցումը հաղթողի կողմը, որ ամենալայն շրջանները աստիճանաբար սկսում են ճանաչել Ֆուշեին: Մի քանի շաբաթ հետո Փարիզի արվարձաններում կբեմադրվի «Փոփոխամիտը Սեն-Կլուից» կատակերգությունը. բոլորի կողմից հասկանալի և խանդավառությամբ ընդունված կատակերգության մեջ, որում միայն թեթևակիորեն փոխված են անունները, ամենազվարճալի ձևով ծաղրված են նրա անսկզբունքայնությունը և զգուշությունը: Ֆուշեն որպես գրաքննիչ կարող էր, իհարկե, արգելել իր անձի նման ծաղրանքը, բայց, բարեբախտաբար, նա բավականին խելոք էր, որպեսզի դրան չդիմեր: Նա բոլորովին չի թաքցնում իր բնավորությունը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը. ընդհակառակը, նա նույնիսկ ցուցադրում է իր անկայունությունը և իր խորհրդավորությունը, որովհետև դա նրան շրջապատում է յուրօրինակ լուսապսակով: Թող նրա վրա ծիծաղեն, միայն թե նրան ենթարկվեն և վախենան նրանից:
     Բոնապարտը հաղթողն է, Ֆուշեն՝ գաղտնի օգնական և փախստակ, իսկ Բարրասը, Դիրեկտորիայի տիրակալը՝ գլխավոր զոհը: Այդ օրը նրան տալիս է համաշխարհային պատմության մեջ ապերախտության թերևս ամենահրաշալի դասը: Չէ որ նրանք երկուսն էլ, որ միացյալ ուժերով տապալեցին նրան և, որպես պնդերես մուրացկանի, նրան շպրտեցին մեկ միլիոն ողորմություն, երկու տարի առաջ նրա դրածոներն էին, երախտապարտ նրան, մարդիկ, որոնց նա հանել էր ոչնչությունից: Այդ բարեսիրտ, թեթևամիտ, ոչ ոքի ապրելուն չխանգարող, վայելք սիրող իսկական իմաստով, bon homme (6) -ն, այդ բառի իսկական իմաստով, փողոցից վերցրեց վտիտ, թուխ, շնորհազրկված և համարյա արդեն աքսորական հրետանային սպա Նապոլեոն Բոնապարտին. նա Բոնապարտի կարկատած շինելը զարդարեց գեներալական երիզներով. մի օրում, շրջանցելով բոլորին, նրան դարձրեց Փարիզի պարետ, իր սիրուհուն սաղացրեց նրա վրա, գրպանները փողով լցրեց, դարձրեց իտալական բանակի գլխավոր հրամանատարը և այդպիսով նրա համար անմահության կամուրջ գցեց: Նույն ձևով Ֆուշեին հանեց հինգերորդ հարկի կեղտոտ ձեղնատնից, փրկեց նրան գիլյոտինից և միակն էր, որ Ֆուշեին ազատեց քաղցից այն օրերին, երբ բոլորը նրանից երես էին թեքել, իսկ հետո նրա համար դիրք ստեղծեց և գրպանները լցրեց ոսկով: Եվ ամեն ինչով իրեն պարտական այդ երկու մարդիկ երկու տարի հետո միանում են, որպեսզի նրան հրեն այն ցեխի մեջ, որից նա հանել էր իրենց: Իսկապես, համաշխարհային պատմությունը, որքան էլ այն հեռու լինի բարոյականության կոդեքսից, չգիտի ապերախտության ավելի ցայտուն օրինակ, քան Նապոլեոնի և Ֆուշեի վարքագիծը Բարրասի նկատմամբ բրյումերի 18-ին:
     Սակայն Նապոլեոնի ապերախտությունը իր հովանավորի նկատմամբ ծայրահեղ դեպքում արդարացվում է նրա հանճարով: Մեծ հզորությունը նրան հատուկ իրավունքներ է տալիս, քանզի աստղերին ձգտող հանճարը անհրաժեշտության դեպքում կարող է և քայլել մարդկանց վրայով. կարող է արհամարհել մանր, անցողիկ երևույթները, որպեսզի հետևի ավելի խոր իմացության, պատմության գաղտնի հրամանին: Բայց դրա փոխարեն Ֆուշեի վարքագիծը ամենասովորական ապերախտությունն է բացարձակապես բարոյազուրկ մարդու, որը միանգամայն պարզամտորեն մտածում է միայն իր շահի և իր մասին: Ֆուշեն, եթե դա իրեն պետք է, կարող է շշմեցուցիչ, ուղղակի չարագույժ արագությամբ մոռանալ իր ամբողջ անցյալը, նրա հետագա կարիերան կտա այդ յուրօրինակ վարպետության է՛լ ավելի զարմանալի օրինակներ Երկու շաբաթ հետո նա Բարրասին՝ իրեն չոր գիլյոտինից և աքսորից ազատող մարդուն, ուղարկում է վտարման մասին պաշտոնական հրաման, նախապես նրանից վերցնելով բոլոր թղթերը. հավանաբար դրանց մեջ եղել են նաև օգնություն ստանալու վերաբերյալ իր անձնական խնդրագրերը և մատնությունները:
     Մահացու վիրավորված Բարրասը կրճտացնում է ատամները. դրանց կրճտոցը այժմ էլ լսվում է նրա հուշերից, երբ նա հիշում է Բոնապարտի և Ֆուշեի անունները: Միայն մի բան է նրան մխիթարում, այն, որ Բոնապարտը իր մոտ է թողնում Ֆուշեին: Բարրասը նախազգում է՝ իր փոխարեն մեկը վրեժ կլուծի մյուսից: Նրանք երկար ժամանակ բարեկամներ չեն մնա:
     Այնուամենայնիվ, սկզբում, նրանց համատեղ գործունեության առաջին ամիսներին, ոստիկանության քաղաքացի մինիստրը մեծ նվիրվածությամբ իրեն դնում է քաղաքացի կոնսուլի տրամադրության տակ: Պաշտոնական փաստաթղթերում այն ժամանակ դեռ շարունակում էին գրել «քաղաքացի»: Բոնապարտի փառասիրությունն առայժմ բավարարված է հանրապետության առաջին քաղաքացու կոչումով: Այն տարիներին, ձեռք զարկելով հսկայական խնդրի լուծմանը, որի հետ ոչ ոք չէր կարող գլուխ հանել, նա նկատում է իր երիտասարդական հանճարի մեծությունն ու բազմակողմանիությունը. Նապոլեոնի կերպարը երբեք այնքան վեհապանծ, արարող ու մարդասիրական չի եղել, որքան բարեփոխման այդ դարաշրջանում: Հեղափոխությունը դնել օրենքի սահմաններում, պահպանել նրա նվաճումները և դրա հետ միասին չափավորել նրա ծայրահեղությունները, պատերազմը վերջացնել հաղթանակով և այդ հաղթանակին իսկական իմաստ հաղորդել ամուր, ազնիվ խաղաղության կնքումով՝ ահա այն վեհ գաղափարները, որոնցով ոգևորվում է նոր հերոսը, գործելով թափանցող մտքի է հեռատեսությամբ և համառ, կրքոտ, անխոնջ աշխատողի եռանդուն աշխատասիրությամբ: Նապոլեոն Բոնապարտի հերկուլեսյան խիզախությունները ո՛չ թե այն տարիներն են, որոնց մասին պատմում են միայն հեծելազորային գրոհները խիզախություն, իսկ երկրների նվաճումը հաջողություն համարող լեգենդները, ոչ էլ Աուստերլիցը, Էյլաուն և Վալյադոլիդը, այլ հենց այն տարիները, երբ խարխլված, կուսակցական երկպառակություններից բզկտված Ֆրանսիան նորից վեր է ածվում կենսունակ երկրի, երբ արժեքազրկված ասիգնացիաները ձեռք են բերում իսկական արժեք և Նապոլեոնի ստեղծած օրենսգիրքը օրենքին և սովորությանը տալիս է երկաթյա, բայց մարդկային ձև, երբ այդ պետական հանճարը միանման կատարելությամբ առողջացնում է պետական կառավարման բոլոր բնագավառներն ու մարմինները և խաղաղեցնում Եվրոպան: Հատկապես այդ, այլ ոչ թե պատերազմական տարիներն են իսկական ստեղծագործական տարիներ, և երբեք նրա մինիստրները չեն աշխատել նրա հետ կողք կողքի այնպես ազնիվ, եռանդուն ու նվիրված ձևով, քան այդ դարաշրջանում: Հանձինս Ֆուշեի էլ նա գտնում է անբասիր մի ծառայի, որը լրիվ բաժանում է նրա այն համոզմունքները, որ ավելի լավ է վերջ տալ քաղաքացիական պատերազմին՝ դիմելով բանակցությունների ու զիջումների, քան բռնության ու մահապատիժների: Մի քանի ամսվա ընթացքում Ֆուշեն երկրում հաստատում է լիակատար անդորրություն. նա ոչնչացնում է ինչպես տեռորիստների, է այնպես էլ ռոյալիստների վերջին բները, ճանապարհները մաքրում է կողոպտիչներից, և նրա ճշգրիտ գործող մեծ թե փոքր բյուրոկրատական եռանդը պատրաստակամությամբ ենթարկվում է Բոնապարտի լայնապարփակ պետական պլաններին: Մեծ ու օգտավետ գործերը միշտ միավորում են մարդկանց. ծառան գտավ իր տիրոջը, իսկ տերը՝ հարմար ծառային:
     Կարելի է մինչև մեկ օրվա, մինչև մեկ ժամի ճշգրտությամբ որոշել, թե Բոնապարտի մոտ առաջին անգամ երբ է անվստահություն ծնվում Ֆուշեի նկատմամբ, չնայած այդ տարիները հագեցնող իրադարձությունների առատության մեջ այդ միջադեպը այդպես էլ մնացել է աննկատելի. այն բացել է միայն Բալզակ հոգեբանի արծվային հայացքը, որը աննկատելիի մեջ կարող է ճանաչել էականը և petit détail (7) -ի մեջ՝ նշանավոր իրադարձություն առաջացնող առաջին հարվածը. ընդ որում նա մի քիչ բանաստեղծորեն է գունազարդել այդ դեպքը: Փոքրիկ տեսարանը խաղացվում է իտալական արշավանքի ժամանակ, որը պետք է վճռեր պայքարի ելքը Ավստրիայի և Ֆրանսսիայի միջև։ 1800 թվականի հունվարի 20-ին Փարիզում հավաքվել էին հուզված մինիստրներն ու խորհրդականները: Սուրհանդակը անբարենպաստ լուր է բերում Մարենգոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտից. նա զեկուցում է, որ Բոնապարտը գլխովին ջախջախված է, ֆրանսիական բանակը ամբողջ ռազմաճակատով նահանջում է: Հավաքվածներից յուրաքանչյուրը արդեն մտածում է այն մասին, որ չի կարելի հաղթված գեներալին թողնել առաջին կոնսուլի պաշտոնում, բոլորն արդեն զբաղված են նրան փոխարինող գտնելու մտքերով: Այդ մտքերը որքանով էին պարզ արտահայտված, մնացել է անհայտ, բայց հեղաշրջում նախապատրաստելու միջոցառումները, անկասկած, լռելյայն քննարկվում էին, և դա նկատել են Նապոլեոնի եղբայրները: Ամենից շատ առաջ է գնացել, հավանաբար, Կառնոն, որը ուզեցել է անմիջապես վերականգնել հին Հասարակական փրկության կոմիտեն. ինչ վերաբերում է Ֆուշեին, ապա նա, առնվազն հավատարիմ իր սովորությանը, հավանաբար, փոխանակ պաշտպանելու կարծեցյալ պարտված կոնսուլին, պահպանել է զգույշ լռություն, որպեսզի հնարավորություն ունենա, երբ պետք լինի, մնալ հին տիրոջ մոտ կամ անցնել նորի մոտ։ Սակայն հաջորդ օրը ներկայանում է մի ուրիշ սուրհանդակ ուղղակի հակառակ լուրերով՝ Մարենգոյի մոտ տարած փայլուն հաղթանակի մասին. վերջին մոմենտին Բոնապարտին օգնության է հասել գեներալ Դեզեն՝ շնորհիվ իր ռազմական հանճարեղ նախազգացման և պարտությունը փոխել է հաղթանակի: Հարյուր անգամ ավելի ուժեղ, քան արշավանքից առաջ, միանգամայն վստահ իր հզորությանը, մի քանի օր հետո Փարիզ է վերադառնում առաջին կոնսուլը՝ Բոնապարտը: Անկասկած, նա անմիջապես իմանում է, որ բոլոր մինիստրները և իր վստահությունը վայելող անձինք պարտության մասին առաջին լուրը ստանալուն պես պատրաստ են եղել անհապաղ նրան նետելու տախտակամածից. առաջին զոհը դառնում է չափազանց հեռուն գնացած Կառնոն՝ նրան զրկում են մինիստրությունից: Մյուսները մնում են իրենց տեղերում, որոնց թվում Ֆուշեն. այդ անչափ զգույշ մարդը անհավատարմություն չդրսևորեց, չնայած ավելի քիչ հավատարմություն հանդես բերեց: Նա իրեն չվարկաբեկեց, բայց նաև աչքի չընկավ, մնալով այնպիսին, ինչպիսին միշտ եղել է, հուսալի՝ բարեբախտության ժամանակ, անհուսալի՝ դժբախտության ժամանակ: Բոնապարտը նրան չի ազատում, չի կշտամբում, չի պատժում: Բայց այդ օրվանից նա այլևս նրան չի վստահում:
     Այս փոքրիկ, պատմության կողմից համարյա մոռացված դիպվածը ունեցել է նաև ուրիշ, զուտ հոգեբանական հետևանքներ: Այն շատ հստակորեն հիշեցնում է, որ իր իշխանությունը միայն զենքի ուժի և ռազմական հաղթանակների վրա հիմնած տիրակալը անխուսափելիորեն կտապալվի առաջին իսկ պարտությունից հետո և որ գահի նկատմամբ ժառանգական իրավունքից զրկված ամեն մի տիրակալ պետք է անպայման և ժամանակին հոգ տանի մի այլ, օրինական հիմնավորում ստեղծելու իր իշխանությունը պահպանելու և ամրապնդելու համար: Ինքը Բոնապարտը, գիտակցելով իր ուժը, օժտված այն աներեր լավատեսությամբ, որը հատուկ էր հանճարեղ անձանց իրենց ծաղկման օրերին, կարող էր, թերևս, մոռանալ այդ թեթև զգուշավորության մասին, բաց չմոռացան նրա եղբայրները: Նապոլեոնը (և դրանով նրան չափազանց հաճախ են քամահրում նրա բոլոր պատմագիրները) Ֆրանսիա եկավ ոչ մենակ. նրան շրջապատել էր քաղցած, իշխանության ծարավի ընտանեկան տոհմը: Առաջ նրա մորը և աշխատանքի չտեղավորված չորս եղբայրներին բավական էր թվում, որ նրանց հենարանը, նրանց Նապոլեոնը ամուսնանա ֆաբրիկատիրոջ հարուստ աղջկա հետ և իր քույրերին հնարավորություն տա գնելու մի քանի ավելորդ զգեստ: Բայց երբ նա այդքան անսպասելիորեն հասավ իշխանության, նրանք բոլորն ագահաբար կառչեցին նրանից. նա պետք է իր հետևից քարշ տա ամբողջ ընտանիքը. նրանք էլ են ծարավի մեծարման, նրանք ուզում են ամբողջ Ֆրանսիան, իսկ հետագայում նաև ամբողջ աշխարհը վեր ածել Բոնապարտների տոհմական կալվածքի. նրանց անմաքրաբարո, անկուշտ, հանճարեղության փոքրիկ առկայծումով անգամ չարդարացված ընչաքաղցությունը, պնդերեսությամբ եղբորից պահանջում է, որ նա միջոցներ ձեռնարկի ժողովրդի բարեհաճությունից կախված իր իշխանությունը վերածելու անկախ ու մշտական իշխանության, ժառանգական թագավորական իշխանության: Նրանք պահանջում են, որ նա հիմնադրի միապետություն, որ նա դառնա թագավոր կամ կայսր, նրանք ուզում են, որ նա բաժանվի Ժոզեֆինայից և ամուսնանա Բադենի արքայադստեր հետ՝ չհամարձակվելով դեռևս մտածել թագավորի քրոջ կամ Հաբսբուրգներից մեկի աղջկա հետ Նապոլեոնի ամուսնանալու մասին: Իրենց անընդմեջ խարդավանքներով նրանք գնալով հեռացնում են նրան իր հին ընկերներից, հին գաղափարներից, հանրապետությունից մղում են դեպի ռեակցիան, ազատությունից՝ դեպի բռնակալությունը:
     Այդ մշտական խարդավանող, անկուշտ, տհաճ տոհմին դիմադրում է միայնակ և բավականին անօգնական Ժոզեֆինան, կոնսուլի կինը: Նա գիտի, որ ամեն մի քայլը դեպի վեհություն, դեպի ինքնակալություն Բոնապարտին հեռացնում է իրենից, քանզի նա չի կարող թագավորին կամ կայսրին տալ այն, որը միանգամայն անհրաժեշտ է դինաստիական գաղափարները պաշտպանելու համար՝ ժառանգ, իսկ նրա հետ նաև ամուր իշխանություն: Բոնապարտի խորհրդականներից միայն մի քանիսն են կանգնած նրա կողմը (նա փող չունի, որ կաշառք տա, նա ինքը ամբողջովին պարտքերի մեջ է), և այստեղ էլ նրա ամենահավատարիմ ընկերը դառնում է Ֆուշեն: Արդեն վաղուց թերահավատությամբ նա տեսնում է, թե շնորհիվ անսպասելի հաջողությունների ինչ անսպասելի չափերով է աճում Բոնապարտի փառասիրությունը, ինչ համառությամբ է նա բաժանվում ամեն մի իսկական հանրապետականից և ստիպում է հետապնդել նրան որպես անարխիստի և տեռորիստի: Իր սուր, թերահավատ հայացքով նա տեսնում է, որ, Վիկտոր Հյուգոյի բառերով ասած. «Déja Napoléon percait sous Bonaparte», (8) գեներալի պատկերի հետևից արդեն երևելի է կայսրը, քաղաքացու տեղը սպառնալից բարձրանում է ինքնակալ տիրակալը: Նրա համար, ով թագավորի դեմ քվեարկելով ընդմիշտ կապվել է Հանրապետությանը, հանրապետության պահպանումը, կառավարման հանրապետական ձևը կյանքի ու մահվան հարց է: Դրա համար նա վախենում է այն ամենից, ինչը հիշեցնում է միապետությունը, դրա համար գաղտնի ու ակնհայտորեն պայքարում է Ժոզեֆինայի կողմում: Տոհմը նրան այդ չի կարող ներել: Եվ կորսիկական ատելությամբ նրանք հետևում են Ֆուշեի յուրաքանչյուր քայլին, որպեսզի հենց որ նա սայթաքի, անդունդը նետեն՝ իրենց գործերը կարգավորելուն խանգարող անախորժ մարդուն:
     Նրանք սպասում են երկար ու անհամբեր: Հանկարծ հնարավորություն է ստեղծվում Ֆուշեի առաջ ոտք գցելու: 1800 թվականի դեկտեմբերի 24-ին Բոնապարտը ուղևորվում է օպերա, որպեսզի մասնակցի Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիայի պրեմիերային. հանկարծ Նիկեզ փողոցում նրա կառքի հետևում վեր է բարձրանում բեկորների, վառոդի և մանր գնդակների այնպիսի ուժեղ շատրվան, որ կտորտանքները թռչում են տների տանիքների վրայով. դա մահափորձ է, տխրահռչակ դիվային մեքենա: Միայն կատաղի արագությունը, որով ձիերին քշում էր նրա, ինչպես ասում են, հարբած կառապանը, փրկեց առաջին կոնսուլին, բայց քառասուն ծվատված, արնաքամ լինող անցորդներ պառկած են գետնին, իսկ կառքը, պայթյունի ալիքից վեր շպրտվելով, ծառս է լինում վիրավոր գազանի պես: Գունատ, քարացած դեմքով Բոնապարտը շարունակում է իր ուղին դեպի օպերա, որպեսզի իր սառնասրտությունը ցույց տա հիացած հասարակայնությանը: Անտարբեր, անթափանցելի դեմքով լսում է նա ծերուկ Հայդնի քնքուշ մեղեդիները և ձևական հանդարտությամբ շնորհակալություն հայտնում աղմկալից ողջույնների համար, այդ այն ժամանակ, երբ նրա կողքին նստած Ժոզեֆինան դողում է նյարդային ցնցումից և չի կարողանում թաքցնել արցունքները:
     Բայց այն, որ այդ սառնասրտությունը միայն հմտորեն խաղացված կատակերգություն էր, բոլոր մինիստրները և պետական խորհրդականները զգացին հենց որ նա օպերայից վերադարձավ Թյուիլրի: Նրա կատաղությունը թափվում է գլխավորապես Ֆուշեի վրա։ Նապոլեոնը խելահեղ ձևով նետվում է գունատ, անշարժ մինիստրի վրա. նա, որպես ոստիկանության մինիստր, վաղուց պետք է գտած լիներ այդպիսի դավադրության հետքը, բայց նա հանցագործ ներողամտությամբ խնայում է իր բարեկամներին, իր նախկին գործակիցներին՝ յակոբինյաններին: Ֆուշեն հանգիստ առարկում է, որ դեռ պարզված չէ, թե այդ մահափորձը արդյո՞ք յակոբինյանների կողմից է նախապատրաստված. նա անձամբ համոզված է, որ այդ գործում գլխավոր դերը խաղում են ռոյալիստական դավադիրները և անգլիական փողերը: Բայց Ֆուշեի առարկության հանգիստ տոնը ավելի է կատաղեցնում առաջին կոնսուլին. «Դրանք յակոբինյաններն են, տեռորսիտները, այդ մշտական խռովարար սրիկաները, որոնք համախմբված մասսայով գործում են բոլոր կառավարությունների դեմ։ Այդ չարագործները պատրաստ են զոհելու հազարավոր կյանքեր, որպեսզի սպանեն ինձ: Բայց ես նրանց հետ այնպիսի հաշվեհարդար կտեսնեմ, որ այն դաս կլինի դրանց նման բոլորի համար»: Ֆուշեն համարձակվում է մի անդամ էլ հայտնել իր կասկածանքը: Այստեղ բռնկուն կորսիկացին պատրաստ է արդեն հարձակվելու ուղիղ մինիստրի վրա, այնպես որ Ժոզեֆինան ստիպված է լինում միջամտել և բռնել ամուսնու ձեռքը: Բայց Բոնապարտը պոկվում է և բառերի զայրալից հեղեղի տակ Ֆուշեին թվարկում է յակոբինյանների բոլոր մարդասպանություններն ու հանցագործությունները՝ սեպտեմբերյան օրերը Փարիզում, հանրապետական արյունոտ գիշերները Նանտում, բանտարկյալների կոտորածը Վերսալում, - դա բացահայտ ակնարկ էր Mitrailleur de Lyon-ին, նրա անձնական անցյալի մասին: Բայց որքան Բոնապարտը շատ է տաքանում, այնքան Ֆուշեն համառորեն լռում է: Ոչ մի մկան չշարժվեց նրա անթափանց դեմքին, երբ նրա վրա մեղադրանքներ էին թափվում, երբ Նապոլեոնի եղբայրները և պալատականները ծաղրանքով աչքով էին անում միմյանց՝ նայելով ոստիկանության մինիստրին, որը վերջապես բռնվել էր: Սառցանման հանդարտությամբ նա հերքում է բոլոր կասկածները և անվրդով դուրս է գալիս Թյուիլրիից:
     Նրա տապալումը թվում է անխուսափելի, Նապոլեոնը խուլ է մնում Ֆուշեին պաշտպանող Ժոզեֆինայի բոլոր հորդորների նկատմամբ: «Մի՞թե նա ինքը այդ առաջնորդներից մեկը չի եղել: Մի՞թե ինձ հայտնի չեն Լիոնում և Լուարայի վրայի նրա արարքները: Միայն Լիոնն ու Լուարան կարող են ինձ բացատրել Ֆուշեի վարքագիծը», - զայրույթով բացականչում է նա: Արդեն աշխատում են կռահել ոստիկանության նոր մինիստրի անունը, պալատականներն արդեն սկսում են արհամարհանքով վերաբերվել շնորհազրկված Ֆուշեի նկատմամբ, արդեն թվում է (ինչպես հաճախ էր պատահում նաև առաջ), որ նա վերջնականապես հեռացված է:
     Հաջորդ օրերին դրությունը չի բարելավվում: Բոնապարտը շարունակում է պնդել, որ այդ մահափորձը յակոբինյանների ձեռքի գործն է, նա պահանջում է վճռական միջոցներ ձեռնարկել, խստորեն պատժել մեղավորներին: Եվ երբ Ֆուշեն Նապոլեոնին և մյուսներին ակնարկում է, որ ինքը կասկածում է ինչ որ ուրիշի, նրան դիմավորում են քմծիծաղով ու արհամարհանքով. բոլոր տխմարները ծիծաղում են ու ձեռ են առնում ոստիկանության մինիստրին, որը չէր ուզում հետաքննել այդ պարզ գործը. նրա բոլոր թշնամիները ցնծում են, տեսնելով, թե ինչպես է նա համառորեն պնդում իր սխալի վրա: Ֆուշեն ոչ ոքի չի պատասխանում: Նա չի վիճում, նա լռում է: Նա լռում է երկու շաբաթ, լռում է ու առանց առարկելու հնազանդվում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան հրամայում են կազմել հարյուր երեսուն ռադիկալների և նախկին յակոբինյանների ցուցակը, որոնք ենթակա են վտարման, ուղարկվելու Գվիանա, «չոր գիլյոտինի»: Առանց աչք թարթելու նա դեկրետ է կազմում, որով դատի է տալիս վերջին մոնտանյարներին, «լեռան» վերջին գործիչներին, իր ընկերոջ՝ Բաբյոֆի հետևորդներ Տոպինային և Արենին, որոնց միակ հանցանքն այն է, որ նրանք հրապարակայնորեն հայտարարել են, որ Նապոլեոնը Իտալիայում թալանել է մի քանի միլիոն, որի օգնությամբ ուզում է գնել իշխանությունը: Առանց խառնվելու, թաքցնելով իր մտքերը, նա դիտում է, թե ինչպես են ոմանց արտաքսում և մյուսներին մահապատժի ենթարկում. նա լռում է ինչպես գաղտնի խոստովանությամբ կաշկանդված վանական, փակ շուրթերով ներկա լինելով անմեղի դատապարտմանը: Քանի որ Ֆուշեն վաղուց էր հետքի վրա ընկել, և քանի դեռ ուրիշները ծաղրում են իրեն, իսկ ինքը Բոնապարտը ամեն օր հեգնանքով կշտամբում է նրան անմիտ համառության համար, նա շատ քչերին մատչելի իր աշխատասենյակում հավաքում է անվիճելի ապացույցներ այն բանի, որ մահափորձը նախապատրաստված է եղել շուանների՝ թագավորական կուսակցության կողմից: Պետական խորհրդում և Թյուիլրիի ընդունարաններում սառը, ալարկոտ ու անտարբեր ձևով դիմավորելով բազմաթիվ հարձակումներ, Ֆուշեն տենդայնորեն իր գաղտնի աշխատասենյակում աշխատում է ամենալավ գործակալների հետ: Խոստացված են հսկայական պարգևներ, Ֆրանսիայի բոլոր լրտեսներն ու խուզարկուները ոտքի են հանված, ամբողջ քաղաքը ներգրավված է որպես վկա: Արդեն ճանաչված է դիվային մեքենան բերող կտոր-կտոր եղած ձին և գտնվել է նրա նախկին տերը, արդեն մանրամասնորեն նկարագրված են այն մարդիկ, որոնք գնել են ձին, վարպետորեն կազմված biographie chouanniguel-ի (9) շնորհիվ (Ֆուշեի մտահաղացմամբ ստեղծված է բոլոր վտարանդիների և ռոյալիստների, բոլոր շուանների ցուցակը, որը մանրամասն տեղեկություններ է պարունակում նրանցից յուրաքանչյուրի մասին) պարզված են հանցագործների անունները, իսկ Ֆուշեն դեռևս շարունակում է լռել: Նա դեռևս աներեր ձևով թույլ է տալիս ծիծաղելու իր վրա, և նրա թշնամիները ցնծում են: Գնալով ավելի արագ են հյուսվում վերջին թելերը, առաջացնելով անխզելի ցանց. ևս մի քանի օր և թունավոր սարդը կբռնվի: Ե՛վս մի քանի օր: Քանզի փառասիրությունը վիրավորված, հպարտությունը նվաստացված Ֆուշեն ձգտում է ո՛չ փոքրիկ, միջակ հաղթանակի Բոնապարտի և բոլորի նկատմամբ, ովքեր նրան մեղադրում են անտեղյակության մեջ. նա ցանկանում է մեծ, ջախջախիչ հաղթանակ, նա ցանկանում է ունենալ իր Մարենգոն:
     Եվ ահա երկու շաբաթ հետո նա հանկարծակի հարված է հասցնում: Դավադրությունը վերջնականապես բացահայտված է, հանցագործության բոլոր հետքերը բացված են: Խռովարարը, ինչպես որ ենթադրում էր Ֆուշեն, եղել է բոլոր շուաններից ամենաահեղը՝ Կադուդալը, իսկ նրան ենթակա անձինք՝ անգլիական փողով գնված մոլի ռոյալիստները: Այդ հաղորդումը, ինչպես կայծակի հարված, մահացու խոցում է նրա թշնամիներին: Նրանք տեսնում են, որ իզուր ու անարդար են դատապարտել հարյուր երեսուն մարդու, որ չափազանց շուտ, չափազանց լկտի ձևով են ծաղրել այդ անթափանցելի մարդուն: Էլ ավելի ուժեղ, ավելի հարգելի և ավելի սարսափելի է դառնում հասարակայնության համար, քան երբևէ եղել է, ոստիկանության անսխալական մինիստրը: Զայրույթով ու զարմանքով է նայում Բոնապարտը երկաթյա կալկուլյատորին, որը սառնասիրտ հաշվարկով նորից ապացուցեց իր ճշտությունը: Նա պետք է ակամա համաձայնի. «Ֆուշեն շատ ուրիշներից լավ է դատել: Նա ճիշտ է: Պետք է աչալրջորեն հետևել վերադարձած վտարանդիներին, շուաններին, և այդ կուսակցությանը պատկանող բոլորին»: Շնորհիվ այդ գործի, Ֆուշեն Նապոլեոնի աչքում ձեռք բերեց մեծ կշիռ, բայց ոչ սեր: Ինքնակալները երբեք շնորհակալ չեն լինում իրենց սխալներն ու անարդարությունները նկատող մարդու նկատմամբ, և անմահ է մնում Պլուտարքոսի պատմածը այն զինվորի մասին, որը մարտի ժամանակ փրկել է թագավորի կյանքը և, փոխանակ փախչելու, ինչպես նրան ճիշտ խորհուրդներ էր տվել իմաստունը, մնացել էր՝ հույս դնելով թագավորի երախտագիտության վրա, դրա համար նա գլխով վճարեց: Թագավորները չեն սիրում նրանց, ովքեր վկա են եղել իրենց անպատվությանը և բռնակալ բնավորությունները չեն սիրում այն խորհրդականներին, որոնք թեկուզ մեկ անգամ խելոք են գտնվել իրենցից:
     Այնպիսի նեղ բնագավառում, ինչպիսին ոստիկանական գործունեությունն է, Ֆուշեն հասավ բարձրագույն հաղթանակի: Բայց այնքա՜ն չնչին է այդ հաղթանակը Բոնապարտի կոնսուլության վերջին երկու տարիների հաղթանակների համեմատությամբ: Իր հաղթանակներից մի քանիսը այդ դիկտատորը պսակեց շատ գեղեցիկ հաղթանակով՝ Անգլիայի հետ հաշտություն կնքելը, եկեղեցու հետ համաձայնությունը. աշխարհի այդ ամենահզոր տիրակալները, շնորհիվ նրա եռանդի, նրա ստեղծագործական հաշվարկի այժմ արդեն Ֆրանսիայի թշնամիները չեն: Երկիրը խաղաղվել է, ֆինանսները կարգի են բերված, վերջ է տրված կուսակցական երկպառակություններին, բոլոր հակասությունները մեղմացված են: Երկրում աճում է առատությունը, արդյունաբերությունը նորից զարգանում է, աշխուժանում են արվեստները. եկել է Օգոստոսի դարը, և արդեն հեռու չէ այն ժամը, երբ Օգոստոսը կարող է կոչվել Կեսար: Ֆուշեն, որ գիտի Բոնապարտի ամեն մի մղումն ու ամեն միտքը, պարզ տեսնում է, թե ուր է նշան բռնել փառամոլ կորսիկացին. նրան արդեն չի բավարարում հանրապետության ղեկավարի դերը, և նա ձգտում է իր փրկած երկիրը ընդմիշտ դարձնել իր անձնական և իր ընտանիքի սեփականությունը: Հանրապետության կոնսուլը, իհարկե, երբեք հրապարակայնորեն չի դրսևորում իր բնավ ոչ հանրապետական փառասիրական մտադրությունները, բայց առիթի դեպքում իր մտերիմներին հասկացնել է տալիս, որ կուզեր սենատից շնորհակալության արտահայտություն ստանալ վստահության հատուկ ակտի ձևով, témoignage éclatant (10): Հոգու խորքում նա տենչում է ունենալ իր Մարկոս Անտոնիոսին՝ հուսալի, հավատարիմ ծառայի, որը նրա համար կպահանջի կայսերական թագ, և խորամանկամիտ ու ճկուն Ֆուշեն այժմ կարող է արժանանալ Նապոլեոնի հավերժ երախտագիտությանը:
     Բայց Ֆուշեն հրաժարվում է այդ դերից, կամ, ավելի ճիշտ, նա դրանից բացահայտորեն չի հրաժարվում, բայց ձևական հաճոյակատարությամբ աշխատում է ծածուկ խափանել այդ մտադրությունները: Նա Նապոլեոնի եղբայրների հակառակորդն է, Բոնապարտների տոհմի հակառակորդը։ Նա Ժոզեֆինայի կողմն է, որը սարսափով ու անհանգստությամբ է բռնված գահի ճանապարհին իր ամուսնու այդ վերջին քայլի նկատմամբ. նա գիտե, որ այդ դեպքում ինքը երկար չի մնա նրա կինը: Ֆուշեն նրան նախազգուշացնում է բացահայտ դիմադրությունից. «Պահպանեցեք հանգստություն, - խորհուրդ է տալիս նրան, - դուք իզուր եք կանգնում ձեր ամուսնու ճանապարհին: Ձեր երկյուղները նրան կձանձրացնեն, իսկ իմ խորհուրդները նա կընդունի որպես վիրավորանք»: Ֆուշեն, հավատարիմ իր բնավորությանը, աշխատում է գաղտնի խանգարել այդ փառասիրական ձգտումների իրականացմանը: Նա օգտվում է նրանից, որ Բոնապարտը ձևական համեստությունից դրդված, բացահայտորեն չի արտահայտվում, իսկ երբ սենատը պատրաստվում է Նապոլեոնին առաջարկել témoignage éclatant, Ֆուշեն, ինչպես և ուրիշ մի քանիսը, սենատորներին շշնջում է, որ մեծ մարդը, լինելով հավատարիմ հանրապետական, սոսկ ցանկանում է կոնսուլությունը երկարաձգել տասը տարով: Սենատորները՝ համոզված, որ դրանով կմեծարեն ու կուրախացնեն Բոնապարտին, հանդիսավորությամբ ընդունում են համապատասխան որոշում։ Բայց Բոնապարտը, որը հասկանում է խարդախ խաղը և հրաշալի գիտի, թե ով է այն ղեկավարում, կատաղում է, երբ իրեն մատուցում են իր համար անպետք աղքատիկ նվերը: Պատգամավորությունը ընդունվում է միանգամայն անտարբեր: Երբ մտովի ճակատիդ զգում ես ոսկյա թագի սառնությունը, այն ժամանակ այդ տասը ողորմելի տարիները թվում են փուչ ընկույզ, որն արհամարհանքով տրորում ես ոտքով:
     Վերջապես Բոնապարտը դեն է նետում համեստության դիմակը և պարզ արտահայտում է իր կամքը՝ ցմահ կոնսուլություն: Եվ այդ հասկացության նուրբ ծածկոցի տակ ամեն մի աչք ունեցողի համար արդեն լուսարկում է ապագա կայսերական թագը: Եվ այդ դարաշրջանում այնքան մեծ է Բոնապարտի ուժը, որ ժողովուրդը միլիոնավոր ձայների մեծամասնությամբ նրա ցան
     Եղբայրների և քույրերի կլիկը, կորսիկական ընտանեկան խումբը չի մոռանում, որ Ժոզեֆ Ֆուշեն խանգարում էր գահի անհամբեր հավակնորդի ցանկության կատարմանը: Եվ, կորցնելով համբերությունը, նրանք Բոնապարտին շտապեցնում են ազատվել տհաճ ասպանդակապահից, չէ որ այժմ նա բավականին ամուր է նստած թամբին: Ինչի՞ համար է, ասում են նրանք, երբ երկիրը միահամուռ համաձայնել է նրան ճանաչել ցմահ կոնսուլ, երբ բոլոր հակասությունները բարեհաջող լուծված են և երկպառակությունները վերացված, ինչի՞ է պետք այդ չափազանց փութաջան հսկիչը, որը հետևում է ոչ միայն երկրին, այլև իրենց սեփական մութ գործարքներին: Հեռացնել նրան: Վերջ տալ նրան, հեռացնել այդ մշտական բանսարկուին, որը միշտ խոչընդոտներ է սարքում: Անդադար, անհամբեր, համառությամբ ու նպատակամիտությամբ համոզում են դեռևս տատանվող եղբորը:
     Բոնապարտը հոգու խորքում համաձայն է նրանց հետ: Նրան էլ է խանգարում այդ չափազանց լավատեղյակ և իր տեղյակությունը մշտապես լրացնող, իր փայլից օգտվող այդ գորշ ստվերը: Բայց անհրաժեշտ է լուրջ պատճառ, որպեսզի հեռացնի մինիստրին, որն այնքա՜ն աչքի է ընկել, որը երկրում ունի անսահման հեղինակություն: Բացի դրանից, այդ մարդը իր հետ միաժամանակ ուժ է դարձել, և դրա համար չարժե նրան դարձնել բացահայտ հակառակորդ: Նա իրազեկ է բոլոր գաղտնիքներին, նրան սպառնական չափով հայտնի են կորսիկական տոհմի բոլոր, երբեմն անմաքրաբարո, անձնական գործերը: Դրա համար չի կարելի նրան կոպտորեն վիրավորել: Եվ ահա մտածում են ճարպիկ, նուրբ պատճառ, որը հնարավորություն է տալիս Ֆուշեի հեռացմանը չտալ շնորհազրկման բնույթ. մինիստր Ժոզեֆ Ֆուշեին բնավ չեն ազատում, բայց նա այնքան վարպետորեն է կատարել իր պարտականությունները, որ այժմ քաղաքացիներին հսկելու ուղղությամբ հիմնարկությունը ավելորդ է և ոստիկանության մինիստրությունը կարելի է լուծարքի ենթարկել Եվ այսպես, լուծարքի են ենթարկում ոչ թե մինիստրին, այլ մինիստրությունը, այսինքն՝ այն տեղը, որը զբաղեցնում էր Ֆուշեն, և դրանով էլ, բնականաբար, նրան իրեն էլ:
     Որպեսզի մեղմացվի դաժան հարվածը, որով նրան դռնից դուրս են շպրտում, պաշտոնաթողությունն արտահայտում են զգույշ ձևով: Պաշտոնի կորուստը փոխհատուցում են նրան սենատոր նշանակելով, և նամակը, որում Բոնապարտը պաշտոնաթող մինիստրին հայտնում է պաշտոնի այդ բարձրացման մասին, այս պես է հնչում. «...ամենածանր տարիներին կատարելով ոստիկանության մինիստրի պաշտոնը, քաղաքացի Ֆուշեի տաղանդը, եռանդը և պետությանը նվիրվածությունը միշտ համապատասխանել են իրադարձությունների առաջադրած պահանջներին: Եվ, նրան տեղ հատկացնելով սենատում, կառավարությունը հիշում է, որ եթե ժամանակը գա, երբ նորից պետք լինի ոստիկանության մինիստր, նա չի գտնի մի ուրիշ մարդ, որն ավելի արժանի լինի նրա վստահությանը»: Բացի դրանից, գիտենալով, թե նախկին կոմունիստը ինչպես է կայուն ձևով հաշտվել իր առաջվա թշնամու՝ փողի հետ, Բոնապարտը նրա համար կառուցում է հոյակապ ոսկյա կամուրջ դեպի պաշտոնաթողությունը: Եվ երբ գործերը լիկվիդացնելու ժամանակ մինիստրը ներկայացնում է երկու միլիոն չորս հարյուր հազար ֆրանկ որպես ոստիկանության լուծարքված ֆոնդի մնացորդ, Բոնապարտը ` առանց ձևականությունների նվիրում է նրան գումարի կեսը, այլ խոսքով՝ մեկ միլիոն երկու հարյուր հազար ֆրանկ: Բացի դրանից, փողի փոխակերպված թշնամին, որը տասը տարի առաջ կատաղաբար քննադատել է «կեղտոտ ու այլասերող մետաղը», ի լրումն սենատորի տիտղոսի ստանում է էքս մայորատը՝ մի փոքրիկ իշխանապետություն, որը ձգվում էր Մարսելից մինչև Տուլոն և գնահատվում էր տասը միլիոն ֆրանկ: Բոնապարտը ուսումնասիրել էր Ֆուշեին, նա գիտի այդ մոլի ինտրիգրանի անհանգիստ ձեռքերը, և քանի որ դրանք դժվար է կապել, նա գերադասում է դրանք ծանրաբեռնել ոսկով: Պատմությանը քիչ դեպքեր են հայտնի, երբ մինիստրին ազատել են ավելի մեծ պատիվներով, իսկ որ գլխավորն է՝ ավելի զգուշությամբ, քան Ժոզեֆ Ֆուշեին:


1 Ամեն ինչի ընդունակ (Ֆրանս.)
2 Չարամիտ հարուստ (Ֆրանս.)։
3 Սպեկուլյանտների (Ֆրանս.):
4 Ախորժակը բացվում է ուտելու ժամանակ (Ֆրանս.):
5 Թող ունենան (լատ.):
6 Պարզամիտ մարդ (Ֆրանս.):
7 Փոքրիկ մանրամասնություն (Ֆրանս.)
8 Բոնապարտի հետևից արդեն երևում էր Նապոլեոնը (Ֆրանս.)
9 Շուանների կենսագրությունները (Ֆրանս.):
10 Անհերքելի ապացույց (Ֆրանս.):