ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԿԱՅՍՐԻ ՄԻՆԻՍՏՐԸ

1804-1811

     1802 թվականին Ժոզեֆ Ֆուշեն, կամ, ավելի ճիշտ, նորին գերազանցություն պարոն սենատոր Ժոզեֆ Ֆուշեն առաջին կոնսուլի համառ, թեև մեղմ արտահայտված ցանկությամբ նորից հեռանում է մասնավոր կենցաղավարության, որից նա դուրս էր եկել տասը տարի առաջ: Դա մարդասպանության ու ճակատագրական, աշխարհը վերափոխող և մահացու վտանգավոր արտակարգ տասնամյակ էր, բայց Ժոզեֆ Ֆուշեն կարողացավ այն գերազանց օգտագործել։ Այժմ նա չի թաքնվում, ինչպես 1794 թվականին, չտաքացվող, տանիքին կպած խղճուկ ձեղնասենյակում, այլ գնում է գեղեցիկ, լավ կահավորված բնակարան Չերուտտի փողոցի վրա, որը հավանաբար երբևէ պատկանել է «ստոր արիստոկրատներից» կամ «գարշելի հարուստներից» մեկին: Ֆերյերում, Ռոտշիլդների ապագա ոստանում, նա իր համար հոյակապ տեղ է ընտրում ամառային հանգստի համար, կանոնավոր ստանալով Էքս մայորատի՝ Պրովանսի իր իշխանապետության կողմից կանոնավոր ուղարկվող եկամուտները։ Եվ ընդհանրապես, նա օրինակելիորեն տիրապետում է ալքիմիկոսների՝ ամեն ինչից ոսկի շինելու շնորհալի արվեստին: Նրա խնամարկյալները բորսայում նրան փայատեր են ընդունում, նա շահութաբերությամբ ընդարձակում է իր կալվածքը. կանցնի ևս մի քանի տարի, առաջին կոմունիստական մանիֆեստն ստորագրող մարդը կդառնա հարստությամբ երկրորդ քաղաքացին Ֆրանսիայում, ամենախոշոր կալվածատերը երկրում: Լիոնի վագրը վերածվեց իսկական պաշարատես գերմանամկան, խելոք, տնտես կապիտալիստի, հմուտ տոկոսառուի: Քաղաքական վիժվածքի այդ ֆանտաստիկ հարստությունը չի հակասում վանական խիստ կարգապահությամբ կոփված նրա բնածին անպահանջկոտությանը: Տիրելով տասնհինգ միլիոնի, Ժոզեֆ Ֆուշեն ապրում է գրեթե այնպես, ինչպես այն ժամանակ, երբ նա իր ձեղնահարկում հազիվ կարողանում էր ձեռք բերել օրական իրեն անհրաժեշտ տասնհինգ սուն: Նա չի ծխում, չի խմում, թուղթ չի խաղում, կանանց և փառամոլությունը բավարարելու վրա փող չի ծախսում: Ինչպես կարգին գյուղական ազնվական, նա իր երեխաների հետ (զրկանքներից մեռած առաջին երկու երեխայից հետո նա ուներ էլի երեքը) խաղաղ զբոսնում է մարգագետնում, ժամանակ առ ժամանակ կազմակերպում է փոքրիկ ընդունելություններ, լսում է երաժշտություն, որով ընկերները զբաղեցնում էին նրա կնոջը, գրքեր է կարդում ու հաճույք ստանում խելացի խոսակցություններից. այդ լրջմիտ, լայնոսկր բուրժուայի ներսում ինչ-որ տեղ, անմատչելի խորքում թաքնված է դիվային կիրք մոլի քաղաքական խաղի նկատմամբ, կիրք լարման և համաշխարհային մեծ խաղերի վտանգների նկատմամբ: Նրա հարևանները ոչինչ չեն նկատում, նրանք տեսնում են միայն ազնիվ կալվածատիրոջը, ընտանիքի հիանալի հորը, քնքուշ ամուսնուն: Եվ Ֆուշեին ծառայությունից չիմացող մարդկանցից ոչ մեկը չի կասկածում, որ այդ սիրալիր լռակյացության տակ դժվարությամբ թաքնվում է ճնշված կիրք, որը նրան մղում է նորից առաջ սլանալու, նորից խառնվելու ամեն ինչի:
     Օ՜, իշխանություն՝ Մեդուզայի հայացքով: Ով մի անգամ նայել է նրա երեսին, նա այլևս աչքը չի կարող հեռացնել. նա մնում է հմայված ու գերված: Ով գեթ մի անգամ ճաշակել է իշխանության ու տիրակալության արբեցնող հաճույքը, արդեն ի վիճակի չէ նրանից հրաժարվելու: Թերթեցեք համաշխարհային պատմությունը, փնտրելով կամավոր հրաժարման օրինակներ, բացի Սուլլայից և Կառլոս V-ից, հազարների ու տասնյակ հազարների մեջ հազիվ թե գտնվեն մի տասնյակ կշտացած մարդիկ, որոնք պայծառ ելքով հրաժարվեին իրենց նման միլիոնների համար ճակատագրի դեր խաղալու համարյա սրբապիղծ կրքից: Ճիշտ է նաև, որ ինչպես խաղամոլը չի կարող հրաժարվել խաղից, հարբեցողը խմիչքից, որսագողը որսից, այնպես էլ Ժոզեֆ Ֆուշեն չի կարող հեռանալ քաղաքականությունից: Հանգիստը տանջում է նրան, և այն ժամանակ, երբ նա ուրախ, լավ խաղացված անտարբերությամբ նմանակում է գութանի հետևից գնացող Ցինցինատին, նրա մատներն արդեն այրվում են, քաղաքական խաղաթղթերը նորից ձեռքը վերցնելու ցանկությունից նյարդերը ցնցվում են: Թեկուզև պաշտոնաթող, նա կամավոր շարունակում է ոստիկանական ծառայություն կատարել և որպեսզի վերջնականապես չմոռացվի, վարժության համար ամեն շաբաթ առաջին կոնսուլին նամակով ուղարկում է գաղտնի ինֆորմացիա: Դա զվարճացնում է նրան, զբաղեցնում է ինտրիգանի նրա միտքը՝ ոչինչ չպարտավորեցնելով, բայց նրան իսկական բավարարություն չի տալիս: Ամեն ինչից նրան շինծու հեռացնելը ոչ այլ ինչ է, քան այն րոպեի տենդային սպասումը, երբ հնարավոր կլինի վերջապես նորից սանձը վերցնել իր ձեռքը, զգալ իր իշխանությունը մարդկանց վրա, աշխարհի ճակատագրի վրա։
     Բոնապարտը շատ նշաններից տեսնում է, թե Ֆուշեն ինչպես է անհամբեր մղվում առաջ, բայց գերադասում է դա չտեսնելու տալ։ Քանի դեռ կարող է իրենից հեռու պահել չարագուշակորեն խելոք, չարագուշակորեն աշխատունակ այդ մարդուն, նա նրան պահում է ստվերի մեջ, այն ժամանակից, երբ նկատվեց, թե ինչպիսի իշխանատենչ ուժ է թաքնված այդ ծածկամիտ մարդու մեջ, Ֆուշեին ծառայության է ընդունում` միայն նա, ում նա խիստ անհրաժեշտ է և այն էլ ամենավտանգավոր գործի համար: Կոնսուլը նրան ցույց է տալիս ամեն տեսակ բարեհաճություն, նրան օգտագործում է տարբեր գործերի համար, շնորհակալություն է հայտնում նրան լավ ինֆորմացիայի համար, ժամանակ առ ժամանակ հրավիրում է Պետական խորհուրդ, իսկ գլխավորը՝ նրան հնարավորություն է տալիս վաստակելու և հարստանալու, որպեսզի նա իրեն հանգիստ պահի, և միայն մի բանի է նա համառորեն դիմադրում, քանի դեռ դա հնարավոր է՝ նրան նոր նշանակում տալուն և ոստիկանության մինիստրությունը վերականգնելուն: Քանի դեռ Բոնապարտն ուժեղ է, քանի դեռ սխալներ չի անում, նա կարիք չունի այդպիսի կասկածելի և չափազանց խելոք ծառայի:
     Ի բարեբախտություն Ֆուշեի, Բոնապարտը, սակայն, սխալներ է գործում: Եվ ամենից առաջ այն համաշխարհային-պատմական աններելի սխալը, որ նա այլևս չի բավարարվում նրանով, որ ինքը Բոնապարտն է և, բացի ինքնավստահությունից, բացի իր բացառիկության հրճվանքից, տենչում է նաև տիտղոսի պերճության նկատմամբ ժառանգական իշխանության խամրած փայլի։ Նա, ով շնորիվ իր ուժի, իր անկրկնելի հզոր անհատականության ոչ ոքից չի վախենում, երկյուղում է անցյալի ստվերներից՝ վտարված Բուրբոնների խղճուկ լուսապսակից: Եվ, Թալեյրանի դրդումով, խախտելով միջազգային իրավունքը, նա ժանդարմներին հրաման է տալիս չեզոք մարզից բերել դուքս Էնգիենսկուն և կարգադրում է գնդակահարել նրան՝ արարք, որի համար Ֆուշեն գրել է նշանավոր բառեր. «Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է»: Այդ մահապատիժը Բոնապարտի շուրջը ստեղծում է սարսափով ու սոսկումով, զայրույթով ու ատելությամբ լցված անօդ տարածություն: Եվ շուտով նա հարկ կհամարի նորից թաքնվել հազարաչ Արգուսի ծածկոցի տակ՝ ոստիկանության պաշտպանության ներքո:
     Եվ այնուհետև, դա ամենագլխավորն է, 1804 թվականին կոնսուլ Բոնապարտը նորից է կարիք զգում ճարպիկ ու լպիրշ օգնականի՝ իր ամենաբարձր թռիչքի համար: Նրան նորից անհրաժեշտ է ասպանդակապահ: Այն, ինչ երկու տարի առաջ փառասիրական երազների ծայրահեղ սահման էր թվում՝ ցմահ կոնսուլությունը, նրան՝ հաջողության թևերով վեր բարձրացածին, այժմ արդեն չէր բավարարում: Նա արդեն չի ուզում լինել միայն առաջին քաղաքացին մյուս քաղաքացիների մեջ, այլ ուզում է տեր ու տիրակալ լինել իր հպատակների վրա. նա բուռն կերպով ցանկանում է տաք ճակատը զովացնել կայսերական թագի օղակապով: Բայց ով ուզում է Կեսար դառնալ, կարիք ունի Անտոնիոսի, և չնայած Ֆուշեն երկար խաղաց Բրուտոսի դերը (իսկ առաջ նույնիսկ Կատիլինայի դերը), սակայն, երկու տարի կարոտ մնալով քաղաքական դիրքի, այժմ նա հաճույքով պատրաստ է կայսերական թագը կարթել այն ճահճից, որին վեր էր ածվել սենատը: Որպես խայծ կարող են ծառայել փողն ու բարի խոստումները: Եվ ահա աշխարհը դիտում է բացառիկ տեսարան. յակոբինյան ակումբի նախկին նախագահը, այժմ դառնալով նորին պայծառափայլություն, սենատի միջանցքներում կասկածելի ձեռքսեղմումներ է փոխանակում և այնքան է պնդում ու շշնջում, մինչև մի քանի հաճկատար բյուզանդացիներ առաջարկություն են մտցնում «ստեղծել այնպիսի հիմնարկություն, որը մեկընդմիշտ խորտակի դավադիրների հույսերը, երաշխավորելով իշխանություն կրողի անընդմեջ կառավարումը նրա ամբողջ կյանքում»: Եթե բացենք այդ ֆրազի փքուն կեղևը, ապա կնկատվի նրա միջուկը՝ ցմահ կոնսուլ Բոնապարտին ժառանգական կայսր Նապոլեոն դարձնելու մտադրությունը: Հավանաբար, Ֆուշեի գրչին է պատկանում (որը միանման լավ է գրում և՛ ձիթայուղով, և՛ արյունով) սենատի այն ճորտական ստրկամիտ հանրագիրը, որը Բոնապարտին հրավիրում է «ավարտել իր գործը, տալով նրան անմահություն»: Քչերն այնպես ջանասիրաբար աջակցեցին հանրապետության վերջնական կործանմանը, ինչպես նանտեցի Ժոզեֆ Ֆուշեն, Կոնվենտի նախկին դեպուտատը, Յակոբինյան ակումբի նախկին նախագահը, Mitrailleur de Lyon-ը, որը մի ժամանակ պայքարում էր բռնակալների դեմ, և երբեմնի ամենահանրապետականը հանրապետականների մեջ: Եվ այնպես, ինչպես առաջ քաղաքացի Ֆուշեն 1804 թվականին նշանակում ստացավ քաղաքացի կոնսուլ Բոնապարտից, նորին պայծառափայլություն պարոն սենատոր Ֆուշեն երկու տարվա ոսկյա վտարումից հետո նորին մեծություն կայսր Նապոլեոնի կողմից նորից նշանակվում է մինիստրի պաշտոնում: Հինգերորդ անգամ Ժոզեֆ Ֆուշեն հավատարմության երդում է տալիս. առաջինը նա երդվեց դեռ թագավորական կառավարությանը, երկրորդ անգամ՝ Հանրապետությանը, երրորդ անգամ՝ Դիրեկտորիային, չորրորդին՝ կոնսուլությանը: Իսկ Ֆուշեն միայն քառասունհինգ տարեկան է. ինչքա՜ն շատ ժամանակ կա դեռ նոր երդումների, նոր հավատարմության և նոր դավաճանությունների համար: Եվ թարմ ուժերով նա նորից նետվում է սիրած տարերքի կատաղի ալիքների մեջ՝ երդում տված նոր կայսրին, բայց հավատարիմ միայն իր սեփական անհանգիստ կրքին:
     Տասը տարվա ընթացքում համաշխարհային պատմության թատերաբեմում, կամ, ավելի ճիշտ, նրա հետին պլանում, նրանք դիմակայում էին մեկմեկու՝ Նապոլեոնը և Ֆուշեն, կապված ճակատագրով՝ հակառակ նրանց երկուստեք բնազդային դիմադրությանը: Նապոլեոնը չի սիրում Ֆուշեին, Ֆուշեն չի սիրում Նապոլեոնին: Չնայած փոխադարձ անբարյացակամությանը, նրանք օգտվում են մեկը մյուսից, կապված լինելով միայն հակառակ բևեռների ձգողականությամբ: Ֆուշեն լավ գիտի Նապոլեոնի մեծ ու վտանգավոր դիվային ոգին, նա գիտի, որ տասնյակ տարիների ընթացքում աշխարհն այլևս չի արարի նման հանճար, այնքան արժանի այն բանին, որպեսզի նրան ծառայի: Նապոլեոնն իր կողմից գիտի, որ ոչ ոք այդքան սրընթացորեն արագ չի հասկանա իրեն, քան այդ սթափ, հստակ, ամեն ինչ հայելու նման արտացոլող լրտեսի հայացքը, ինչպես այդ ժրաջան, հավասարապես պիտանի և՛ ամենալավ, և՛ ամենավատ քաղաքական հանճարը, որին միայն մի բան է պակասում, որպեսզի լինի միանգամայն կատարյալ ծառա՝ անտարակուսելի նվիրվածությունը, հավատարմությունը:
     Ո՛չ, Ֆուշեն երբեք ոչ ոքի ծառան չի լինելու և առավել ևս՝ լակեյը: Երբեք նա ամբողջությամբ չի զոհի իր հոգեկան անկախությունը, իր անձնական կամքը հանուն ուրիշի գործի: Ընդհակառակը, ազնվականի վերազգեստավորված նախկին հանրապետականները որքան շատ էին ենթարկվում կայսրից տարածվող փայլին, որքան ավելի են նրանք խորհրդականներից վերածվում շողոքորթների ու հացկատակների, այնքան ավելի է ուղղվում Ֆուշեի մեջքը: Հասկանալի է, այժմ արդեն հնարավոր չէ բացահայտորեն առարկել, ուղղակի հակադրել իր կարծիքը անզիջող կայսրին, որը գնալով ավելի է յուրացնում ինքնակալի բարքերը, չէ՛ որ Թյուիլրիի պալատում արդեն վաղուց վերացված են ընկերական անկեղծությունը, կարծիքների ազատ փոխանակությունը քաղաքացիների միջև. Նապոլեոն կայսրը, որն իր մարտական հին ընկերներին և նույնիսկ իր եղբայրներին (ինչպես պետք է լիներ, դա նրանց ուրախացնում է) թույլատրում է իրեն դիմել ոչ այլ կերպ, քան Sire (l) և ոչ մի մահկանացուի, բացառությամբ իր կնոջ, չի թույլատրում իրեն ասելու «դու», այլևս չի ցանկանում լսել իր մինիստրների խորհուրդները: Եղել է, քաղաքացի մինիստր Ֆուշեն մտել է քաղաքացի կոնսուլ Բոնապարտի մոտ ճմռթված ժաբոյով, բաց օձիքով. այժմ այն չէ, այժմ մինիստր Ժոզեֆ Ֆուշեն Նապոլեոն կայսրի մոտ ունկնդրության է գնում պալատական շքեղ զգեստ հագած, մետաքսե սև գուլպաներով և փայլող կոշիկներով, շքանշանները կախած, գլխարկը ձեռքին: «Պարոն» Ֆուշեն սկզբից պետք է հարգալիր խոնարհվի երբեմնի ընկերոջ, դավադրության մասնակցի առջև, նախքան նրան կդիմի հետևյալ բառերով՝ «Ձերդ մեծություն»: Նա պետք է խոնարհումով ներս մտնի, խոնարհումով դուրս գա և, փոխանակ մտերմիկ զրույց վարելու, պետք է առանց առարկելու լսի կցկտուր տրվող հրամանները: Ոչ մի առարկություն չի կարող լինել ուժեղ կամքի մարդկանցից այդ ամենաեռանդուն մարդու դատողություններին:
     Համենայն դեպս ոչ մի բացահայտ առարկություն: Ֆուշեն չափազանց լավ գիտի Նապոլեոնին, որպեսզի կարծիքների և ցանկությունների տարբերությունների դեպքում նրան փաթաթի իրենը: Նա թույլ է տալիս, որ իրեն հրամայեն, իշխեն իր վրա, ինչպես կայսերական դարաշրջանի բոլոր շողոքորթ ու ստրկամիտ մինիստրներին, բայց այն փոքրիկ տարբերությամբ, որ նա միշտ չէ, որ հնազանդվում է այդ հրամաններին: Եթե նա ձերբակալություններ կատարելու հրամաններ է ստանում, որոնց ինքը հավանություն չի տալիս, ապա նա կամ թաքուն նախազգուշացնում է շնորհազրկվածներին, կամ եթե անհրաժեշտ է նրանց պատժել, ամենուրեք ընդգծում է, որ դա տեղի է ունենում ոչ իր սեփական ցանկությամբ, այլ բացարձակապես կայսրի հրամանով: Ընդհակառակը, խրախուսանքն ու սիրալիրությունը նա առատորեն պարգևում է որպես իր բարեհաճության հետևանք: Որքան իրեն տիրաբար է պահում Նապոլեոնը, և հիրավի զարմանալի է, թե բնականից իշխանասեր այս խառնվածքը իր հզորության մեծացմանը զուգընթաց ինչպես է դառնում ավելի անզուսպ ու ինքնակալ, այնքան Ֆուշեն հաճոյակատար ու հնազանդ է պահում իրեն: Եվ, այդպիսով, կայսրի դեմ ոչ մի բառ ու հնար չասելով, դիմելով միայն թեթև ակնարկների, ժպիտների, լռության, նա աստծո ողորմածությամբ միայնակ ստեղծում է բացահայտ և դրա հետ միասին միանգամայն անորսալի օպոզիցիա նոր տիրակալի դեմ: Նա ինքն արդեն վաղուց իր վրա չի վերցնում ճշմարտություն արտահայտելու վտանգավոր աշխատանքը: Նա գիտի, որ կայսրերին ու թագավորներին, թեկուզ եթե նրանք կոչվեն Բոնապարտներ, նման բաները հաճելի չեն: Միայն կոնտրաբանդ ձևով, ծածուկ նա երբեմն իր ամենօրյա զեկուցագրերի մեջ չարությամբ մտցնում է բացահայտ արտահայտություններ: Փոխանակ ասելու «ես կարծում եմ», «ես ենթադրում եմ» և այդ ինքնուրույն կարծիքների ու դատողությունների համար ստանալու խիստ հանդիմանություն, նա իր զեկույցներում գրում է «ասում են» կամ «մի ավետաբեր ասաց». այդ ձևով նրան հաջողվում է ամենօրյա բարկահամ նորությունների գետնասնկե պաշտետի մեջ տաքդեղի մի քանի հատիկ ցանել կայսերական ընտանիքի մասին: Նապոլեոնը գունատվող շուրթերով պիտի տեղեկություններ կարդա իր քույրերի խայտառակ ու կեղտոտ արկածների մասին, որոնք գրված են որպես «վնասակար լուր», և կծու, չար կարծիքներ իր մասին, դիպուկ, սուր դիտողություններ, որոնցով Ֆուշեի ճարպիկ գրիչը դիտավորյալ համեմում էր տեղեկագրերը: Ոչ մի բառ չխոսելով, անպատկառ ծառան ժամանակ առ ժամանակ իր անբարեհամբույր տիրոջը մատուցում է դառը ճշմարտություններ և ընթերցանության ժամանակ քաղաքավարությամբ անվրդով հետևում է, թե դառնացած տերը ինչպես է ճիգ թափելու այն կուլ տալու համար: Դա Ֆուշեի փոքրիկ վրեժն էր լեյտենանտ Բոնապարտի նկատմամբ, որը կայսրի համազգեստ հագնելով, ցանկանում է, որ նրա նախկին խորհրդականները իր առաջ կանգնեն դողալով և կռացրած մեջքով։
     Միանգամայն ակնհայտ է. այդ երկու մարդիկ բնավ չէին համակրում մեկը մյուսին: Ինչպես Ֆուշեն Նապոլեոնի համար այնքան էլ հաճելի ծառա չէր, այնպես էլ Նապոլեոնը այնքան էլ հաճելի տեր չէր Ֆուշեի համար: Դեպք չի եղել, որ ոստիկանական զեկույցների նկատմամբ, որոնք դրվում էին նրա սեղանին, Նապոլեոնը վերաբերվեր հանգիստ ու վստահորեն: Նա իր արծվային հայացքով ուսումնասիրում է ամեն մի տողը, նշելով ամենափոքրիկ թերացումը ամենաաննշան սխալը. այստեղ նա հարձակվում է իր մինիստրի վրա և, իր կորսիկական խառնվածքի անզուսպ պոռթկման մեջ նախատում է նրան ինչպես դպրոցականի: Մինիստրների խորհրդի գործընկերները և դռների հետևից բոլոր ականջ դնողներն ու կողպեքի անցքից ծիկրակողները միահամուռ հաստատում են, որ հատկապես սառնասրտությունը, որով Ֆուշեն առարկում էր, զայրացնում էր կայսրին։ Բայց դա միանգամայն պարզ է նույնիսկ առանց նրանց վկայության (այն ժամանակվա բոլոր հուշերը պետք է կարդալ խոշորացույցով), որովհետև նույնիսկ նամակներից լսելի է, թե ինչպես է որոտում նրա խիստ, կտրուկ հրամայական ձայնը. «Ես գտնում եմ, որ ոստիկանությունը բավականին խստությամբ չի հետևում մամուլին», - խրատում է նա հին, իր գործի փորձված վարպետին, կամ նրան հանդիմանում է՝ «Կարելի է մտածել, որ ոստիկանության մինիստրությունում կարդալ չգիտեն, այնտեղ ոչնչով չեն մտահոգվում»: Կամ՝ «Ես ձեզ ցույցի կդնեմ, որպեսզի դուք մնաք ձեր գործունեության շրջանակներում և չխառնվեք արտաքին գործերի մեջ»: Նապոլեոնը Ֆուշեին անողոք կշտամբում էր, դրա մասին վկայում են հարյուրավոր վկայություններ, նույնիսկ կողմնակի մարդկանց ներկայությամբ, թիկնապահների ու Պետական խորհրդի առջև և զայրույթի նոպայի մեջ կանգ չի առնում նույնիսկ այն բանի առջև, որ հիշեցնի նրան Լիոնի մասին, նրա տեռորիստական գործունեության մասին, նրան համարում է արքայասպան և դավաճան: Բայց Ֆուշեն սառը, ինչպես սառույց, դիտող, որ տասը տարվա ընթացքում կատարելապես յուրացրել էր այդ զայրույթի պոռթկումների ամբողջ մեխանիզմը, հրաշալի գիտի, որ երբեմն դրանք իսկապես ակամա եռում են այդ դյուրաբորբոք մարդու արյան մեջ, բայց գիտի և այն, որ երբեմն Նապոլեոնը խաղում է դրանք, որպես դերասան, լրիվ գիտակցված, և Ֆուշեն չի վախենում ոչ իսկական, ոչ թատերականացված փոթորիկներից, ինչպես ավստրիական մինիստր Կոբենցալը, որը սարսափից դողում էր, երբ կայսրը նրա ոտքերի տակ շպրտեց թանկարժեք ճենապակե սկահակը: Ֆուշեն իրեն թույլ չի տալիս վրդովվելու ոչ արհեստականորեն խաղացված զայրույթի պոռթկումից, ոչ իսկական կատաղության բռնկումից. այն ժամանակ, երբ նրա վրա թափվում է սուր խոսքերի ամբողջ մի հեղեղ, նրա կավճանման սպիտակ, դիմակի նման դեմքը դառնում է անթափանցելի, ոչ մի շարժում, ոչ մի նյարդ չի մատնում նրա հուզմունքը: Եվ միայն երբ Ֆուշեն դուրս է գալիս սենյակից, նրա բարակ շուրթերին սահում է հեգնական կամ չար ժպիտ: Նա չի դողում նույնիսկ, երբ կայսրը գոռում է՝ «Դուք դավաճան եք, ես պետք է որ հրամայեի գնդակահարել ձեզ», և ձայնը չբարձրացնելով, սովորական գործնական տոնով պատասխանում է. «Ես չեմ բաժանում ձեր կարծիքը, Sire»: Հարյուրավոր անգամ լսել է նա, որ իրեն ազատում են, սպառնում են արտաքսումով, պաշտոնից հեռացումով, բայց և այնպես հեռացել է միանգամայն հանգիստ, լրիվ համոզված, որ հաջորդ օրը կայսրը նորից կանչելու է իրեն: Եվ նա միշտ ճիշտ է դուրս գալիս: Որովհետև, չնայած նրա ամբողջ անվստահությանը, զայրույթին ու ատելությանը, Նապոլեոնը ամբողջ մի տասնամյակում, մինչև ամենավերջին ժամը չէր կարող վերջնականապես ազատվել Ֆուշեից:
     Կայսրի վրա Ֆուշեի այդ իշխանությունը, որը հանելուկ է մնացել նրա բոլոր ժամանակակիցների համար, իր մեջ, սակայն, չի պարունակում ոչ մի մոգական և հիպնոսական բան: Այդ իշխանությունը Ֆուշեն ձեռք է բերել շնորհիվ իր համառության, ճարպկության և սիստեմատիկ զննողության: Ֆուշեն շատ բան գիտի, նույնիսկ չափազանց շա՜տ: Նա գիտի կայսրի բոլոր գաղտնիքները ոչ միայն նրա հաղորդասեր լինելու հետևանքով, այլև հակառակ նրա ցանկության, և իր ձեռքում է պահում ինչպես ամբողջ պետությունը, այնպես էլ իր տիրոջը՝ շնորհիվ իր անսահման, համարյա կախարդական իրազեկության: Կայսրի կնոջից՝ Ժոզեֆինայից նրան հայտնի են ամուսնական մահճի նրա ամենագաղտնի մանրամասները, Բարրասից՝ հաջողության ոլորապտույտ աստիճաններով նրա կողմից կատարված ամեն քայլը. շնորհիվ փողատեր մարդկանց հետ իր ունեցած անձնական կապերի, Ֆուշեն հսկում է կայսրի փողային բոլոր մասնավոր գործերը. նրանից ծածուկ չեն մնում Բոնապարտների ընտանիքի անդամների կյանքի ոչ կեղտո՛տ մանրուքները, ոչ նրա եղբայրների խաղաբիզնեսային գործարքը, ոչ Պոլինայի ցոփակյաց արկածները: Նրա համար հավասարապես գաղտնիք չեն նաև իր տիրոջ ամուսնական դավաճանությունները: Եթե երեկոյան ժամը տասնմեկին ուրիշի թիկնոցում փաթաթված Նապոլեոնը, որին դժվար է ճանաչել, Թյուիլրիի պալատի գաղտնի մուտքից գնում է իր սիրուհու մոտ, առավոտյան Ֆուշեն արդեն գիտի, թե ուր գնաց կայսրի կառքը, ինչքան ժամանակ նա մնաց տվյալ տանը, երբ վերադարձավ. նա նույնիսկ մի անգամ հնարավորություն ունեցավ ամոթանք տալու աշխարհի տիրակալին, հայտնելով, որ նրա ընտրյալը դավաճանում է նրան՝ Նապոլեոնին իրեն, ինչ-որ անհաջողակ դերասանիկի հետ: Կայսրի աշխատասենյակում եղած ամեն նշանակալի փաստաթղթից, շնորհիվ կաշառված քարտուղարի, հանվում է պատճենը, որը հետո ընկնում է Ֆուշեի մոտ, և մի քանի լակեյներ, ինչպես բարձրաստիճան, այնպես էլ հասարակ, ամեն ամիս լրացուցիչ աշխատավարձ են ստանում ոստիկանության մինիստրի գաղտնի դրամարկղից՝ որպես պարգև պալատական ամբողջ խոսակցությունների համար հուսալի տեղեկություններ հայտնողի: Ցերեկ ու գիշեր, սեղանի մոտ, թե անկողնում Նապոլեոնը գտնվում է իր չափազանց փութաջան ծառայի հսկողության տակ. նրանից հնարավոր չէ թաքցնել ոչ մի գաղտնիք, և այդպիսով կայսրը ստիպված է կամա-ակամա վստահել նրան: Եվ ամեն ինչին և ամեն ինչում այդ իրազեկությունը Ֆուշեին տալիս է մարդկանց նկատմամբ այն իշխանությունը, որն այնքան զարմացրել է Բալզակին:
     Բայց Ֆուշեն ինչպես հետևում է կայսրի բոլոր գործերին, մտադրություններին ու արտահայտություններին, նույնքան խնամքով էլ աշխատում է Նապոլեոնից գաղտնի պահել իր սեփական պլանները: Ֆուշեն իր իսկական մտադրությունները և գործերը երբեք չի վստահում ո՛չ կայսրին, ո՛չ էլ որևէ մեկին. տրամադրության տակ ունեցած տեղեկությունների հսկայական պաշարից նա ցույց է տալիս միայն նրանք, որոնք ուզում է ցույց տալ, մնացած բոլորը գտնվում են փակի տակ, ոստիկանության մինիստրի գրասեղանի արկղում: Այս վերջին ամրոցը Ֆուշեն ոչ մեկին թույլ չի տալիս նայելու. նրա միակ կիրքը, նրա բարձրագույն բավականությունը անգուշակելի, անթափանցելի, անհասկանալի լինելն է, հատկություն, որին ոչ ոք այնքան չէր տիրապետում, որքան նա: Դրա համար էլ միանգամայն իզուր էր Նապոլեոնը նրա մոտ մի քանի լրտես նշանակել. Ֆուշեն հիմարացնում է նրանց կամ նույնիսկ օգտագործում, որպեսզի նրանց միջոցով խաբված պետին հաղորդի միանգամայն կեղծ, ապակողմնորոշող տեղեկություններ: Լրտեսման ու հակալրտեսման այդ խաղը տարիների ընթացքում գնալով դառնում են ավելի նենգ, շիկացած ատելություն, իսկ նրանց հարաբերությունները՝ բացահայտ լարված: Այո՛, մթնոլորտը իսկապես արտակարգ թանձրացել էր այդ երկու մարդու շուրջը, որոնցից մեկը չափազանց շատ է ուզում տեր լինել, իսկ մյուսը բոլորովին չի ուզում ծառա լինել: Որքան Նապոլեոնը ուժեղանում է, այնքան Ֆուշեն ավելի է տանջում նրան: Որքան ավելի է ուժեղանում Ֆուշեն, այնքան նրա համար ատելի է դառնում Նապոլեոնը:
     Այդ երկու տարատեսակ անհատականությունների անձնական մրցակցության համար ֆոն էր ծառայում այդ տարիների անընդմեջ, անհավատալիորեն աճող ընդհանուր լարվածությունը: Ամեն տարի Ֆրանսիայում որոշակիորեն նկատելի է դառնում երկու հակադիր ձգտում. երկիրը, վերջապես, խաղաղություն է ցանկանում, իսկ Նապոլեոնը ծարավի է նորանոր պատերազմների: 1800 թվականին Բոնապարտը, հեղափոխության ժառանգորդը, հագցնելով նրան օրինականության զգեստ, իր երկրի, ժողովրդի, մինիստրների հետ լրիվ համերաշխության մեջ էր. 1804 թվականին Նապոլեոնը, նոր տասնամյակի կայսրը, վաղուց արդեն դադարել է մտածել իր երկրի մասին, իր ժողովրդի մասին և մտորում է միայն Եվրոպայի մասին, ամբողջ աշխարհի, անմահանալու մասին: Նրանից հետո, երբ նա վարպետորեն լուծեց իր առջև դրված մի խնդիր, շնորհիվ ուժերի լիառատության, նա իր առջև դնում է նորանոր, ավելի դժվարին խնդիրները, և նա, ով քաոսը կարգի վերածեց, ավերում է իր ձեռքի գործը, նորից կարգը վերածելով քաոսի: Դա հարկավ չի նշանակում, որ նրա պայծառ, ալմաստի նման սուր միտքը մթագնել է. բնավ ոչ. Նապոլեոնի բանականությունն իր ամբողջ դիվականությամբ հանդերձ մաթեմատիկական ճշգրտություն ունի և պահպանում է իր վեհասքանչ պայծառությունը մինչև վերջին վայրկյանը, երբ մեռնող, դողդոջուն ձեռքով գրում է իր ստեղծագործություններից ամենակատարյալը՝ կտակը: Բայց նրա բանականությունը վաղուց արդեն սպառել է չափի զգացումը, դե ուրիշ կերպ էլ չէր լինի անհնարինը այնքա՜ն անհավատալի ձևով հնարավոր դարձնելուց հետո: Այդպիսի չլսված, Համաշխարհային խաղի կանոններին հակառակ, հաղթանակներից հետո, ի՛նչպես կարող էր նման անչափ գումարներ գրավ դնելու սովոր հոգում չծնվել անհավանականը առավել անհավանականով գերազանցելու ցանկություն: Նապոլեոնը նույնիսկ իր ամենախելահեղ արկածների ժամանակ նույնքան հեռու է հոգեկան խռովքից, ինչպես Ալեքսանդրը, Կառլոս Տասներկուերորդը կամ Կորտեսը: Ինչպես նրանք, նա էլ, շնորհիվ իր չլսված հաղթանակների, կորցրել էր հնարավորի իրական չափը, և բանականության կատարյալ պայծառության ժամանակ հենց այդ խելահեղ պոռթկումները՝ բանականության թագավորության մեջ բնության վեհասքանչ երևույթները, նույնքան գեղեցիկ, ինչպես սառն ու ուժեղ փոթորիկը պայծառ երկնքում, հասցրին այն արարքներին, որոնք լինելով մի մարդու հանցագործություններ հարյուր հազարավորների նկատմամբ, միաժամանակ հանդիսանում են նաև մարդկության առասպելական հարստացումը: Ալեքսանդրի արշավանքը Հունաստանից Հնդկաստան, որ մինչև այժմ էլ հեքիաթային է թվում, երբ մատդ տանելով քարտեզի վրայով, վերակենդանացնում ես այն, Կորտեսի նավարկությունը, Կառլոս Տասներկուերորդի արշավանքը Ստոկհոլմից մինչև Պոլտավա, վեց հարյուր հազար մարդու քարավանը, որ Նապոլեոնը քարշ է տալիս Իսպանիայից մինչև Մոսկվա, խիզախության այդ բոլոր մեծ դրսևորումները և միաժամանակ մեծամտությունները, նոր պատմության մեջ ներկայացնում են նույնը, ինչ որ Պրոմեթեոսի և հսկաների մարտը աստվածների դեմ հունական դիցաբանության մեջ: Դրանք հանցագործություններ ու սխրագործություններ են, բայց համենայն դեպս դա այն բոլորի սրբապիղծ մաքսիմումն է, ինչ ձեռք է բերված երկրի վրա: Եվ Նապոլեոնը իր ճակատին կայսերական թագը զգալուն պես անզուսպ ձևով ձգտեց այդ վերջին սահմանին: Հաջողությունների հետ աճում են նրա ձգտումները, հաղթանակների հետ՝ նրա հանդգնությունը, բախտին տիրելու հետ՝ ավելի հանդուգն մարտահրավեր նետելու ցանկությունը: Դրա համար էլ միանգամայն բնական է, որ նրա շրջապատի մարդկանցից նա, ով չի խլացել հաղթական ազդարարությունների շեփորներից և չի կուրացել հաջողություններից, այնպիսի խելոք ու շրջահայաց մարդիկ, ինչպես Թալեյրանը և Ֆուշեն, սարսափի մեջ էին ընկել: Նրանք մտածում են իրենց ժամանակի մասին, այժմեականության մասին, Ֆրանսիայի մասին, իսկ Նապոլեոնը մտածում է միայն գալիք սերունդների մասին, լեգենդի մասին, պատմության մասին:
     Պատմության մեջ հավերժորեն կրկնվող բանականության ու կրքի, տրամաբանական ու դիվային բնավորությունների այդ հակասությունը նոր հարյուրամյակի գալստյան հետ պարզորոշ կերպով երևում է Ֆրանսիայում և կարծես ֆոն է ծառայում պատմական դեմքերի համար: Պատերազմը Նապոլեոնին դարձրեց մեծ, ոչնչությունից նրան բարձրացրեց կայսերական գահի: Բնական է, որ նա մշտապես ձգտում է պատերազմի և փնտրում և է ավելի խոշոր ու ուժեղ հակառակորդների: Նույնիսկ թվական արտահայտությամբ նրա գրավադրումները աճում են միանգամայն ֆանտաստիկ ձևով: 1800 թվականին Մարենգոյի մոտ նա հաղթանակեց, իր հրամանատարության տակ ունենալով երեսուն հազար մարդ, հինգ տարի հետո նա արդեն դուրս է բերում երեք հարյուր հազար մարդ, իսկ ևս հինգ տարի հետո արյունաքամ, պատերազմից հոգնած երկրից նա դուրս է քաշում համարյա մեկ միլիոն զինվոր: Նրա զորքի վերջին գումակայինին, ամենաանգետ գյուղացուն կարելի էր ապացուցել, ինչպես երկու անգամ երկուսը հավասար է չորսի, որ նման guerromanie u courromanie (2) (այս բառը հնարել է Ստենդալը) վերջ ի վերջո պետք է հասցնի աղետի, և Մետեռնիխի հետ մի զրույցի ժամանակ, մոսկովյան արշավանքից հինգ տարի առաջ, Ֆուշեն ասաց մարգարեական խոսքեր. «Նա երբ ձեզ կջախջախի, կմնան դեռ միայն Ռուսաստանն ու Չինաստանը»: Միայն մի մարդ չի հասկանում դա կամ մտածված ձևով փակում է աչքերը դրա դիմաց՝ Նապոլեոնը: Նրա համար, ով ապրել է Աուստերլիցի, ապա և Մարենգոյի ու Էյլաուի ակնթարթները՝ համաշխարհային պատմությունը խտացված երկու ժամում, նրա համար այլևս հետաքրքրություն չի ներկայացնում, նրան բավականություն չի տալիս պալատական պարահանդեսներում համազգեստ հագած պնակալեզներին ընդունելը, տոնականորեն զարդարված օպերային թատրոնում նստելը, դեպուտատների ձանձրացնող ճառերը լսելը. ո՛չ, արդեն վաղուց նա նյարդային վերելք է զգում միայն այն ժամանակ, երբ իր զորքերի գլուխն անցած, շարժվելով արագացված երթով, գրավում է ամբողջ երկրներ, ջախջախում է բանակներ, մատի անփույթ շարժումով տեղաշարժում է, ինչպես շախմատի ֆիգուրները, թագավորներին և նրանց տեղը դնում է ուրիշների, երբ Հաշմանդամների տունը վեր է ածվում դրոշների խշշացող անտառի, իսկ նոր հիմնադրված գանձատունը լցվում է ամբողջ Եվրոպայից թալանված գանձերով: Նա մտածում է միայն գնդերով, կորպուսներով, բանակներով. նա արդեն վաղուց Ֆրանսիան, ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը դիտում է որպես իր շտաբը, որպես անբաժանելիորեն իրեն պատկանող սեփականություն. «La France c'est moi» (3), Բայց նրա մտերիմներից մի քանիսը հոգու խորքում այն կարծիքին են, որ Ֆրանսիան ամենից առաջ պատկանում է ինքն իրեն, որ նրա մարդիկ, նրա քաղաքացիները պարտավոր չեն կորսիկական ազգուտակին դարձնել թագավորներ, իսկ ամբողջ Եվրոպան վեր ածել բոնապարտական կալվածքի: Ամենուր աճող դժգոհություններից նրանք տեսնում են, թե ինչպես տարեցտարի քաղաքների դարպասների վրա ավելանում են զորակոչիկների ցուցակները, թե ինչպես են ընտանիքներից դուրս քաշում տասնութ-քսան տարեկան պատանիներին, որպեսզի նրանք անիմաստ կործանվեն Պորտուգալիայի սահմաններում կամ Լեհաստանի և Ռուսաստանի ձյունե տափաստաններում, կործանվեն անիմաստ ձևով, կամ մի գործի համար, որի իմաստն արդեն հասկանալ չի լինի: Այսպիսով, գնալով առաջանում է անողոք հակասություն նրա, որ հետևում է միայն իր ուղեցույց աստղին, և խորաթափանց հայացքի մարդկանց միջև, որոնք տեսնում են իրենց երկրի հոգնածությունն ու անհամբերությունը: Եվ քանի որ նրա տիրական, ինքնակալ խելքը չի ուզում լսել նույնիսկ իր մտերիմների խորհուրդները, ապա վերջինները սկսում են թաքուն մտածել այն մասին, թե ինչպես կանգնեցնեն այդ խելակորույս գլորվող անիվը և նրան փրկեն անխուսափելիորեն անդունդ գլորվելուց: Քանզի գալու է այն րոպեն, երբ բանականությունն ու կիրքը վերջնականապես պիտի բաժանվեն և դառնալու են բացահայտ թշնամիներ, երբ պայքար է բռնկվելու Նապոլեոնի և նրա ծառաներից խելոքների միջև:
     Պատերազմների նկատմամբ Նապոլեոնի անսահման կրքի դեմ այդ գաղտնի դիմադրությունը վերջապես միավորում է միմյանց նկատմամբ կատաղորեն թշնամաբար տրամադրված նրա երկու խորհրդականներին՝ Ֆուշեին ու Թալեյրանին: Նապոլեոնի այդ երկու ամենաընդունակ մինիստրները՝ նրա դարաշրջանի հոգեբանորեն ամենահետաքրքիր մարդիկ, չեն սիրում միմյանց հավանաբար նրա համար, որ շատ բաներում չափազանց նման են մեկմեկու: Դրանք սթափ, ռեալիստ մտածողներ են, անպատկառներ, ոչ մի բանի հետ հաշվի չնստող Մաքիավելու աշակերտներ: Երկուսն էլ աշակերտել են եկեղեցում և երկուսն էլ անցել են հեղափոխության, այդ բարձրագույն դպրոցի բոցերի միջով, երկուսն էլ փողի ու պատվի հարցերում միանման անխղճորեն սառնասիրտ են, երկուսն էլ միանման անհավատարմությամբ ու միջոցների մեջ խտրություն չդնելով են ծառայել Հանրապետությանը, Դիրեկտորիային, կոնսուլությանը, կայսրությանը և թագավորին: Համաշխարհային պատմության միևնույն թատերաբեմում անընդհատ հանդիպել են այդ երկու դերասանները փախստականների բնորոշ դերերում՝ Հագնված մեկ որպես հեղափոխական, մեկ որպես սենատոր, մինիստր, թագավորի ծառա, և հատկապես նրա համար, որ դիվանագիտական միանման դեր կատարող այդ երկու մարդը միևնույն հոգևոր ցեղից են, նրանք ատում են միմյանց՝ գիտակների սառնությամբ ու մրցակիցների թաքցված չարությամբ:
     Նրանք պատկանում են բարոյազուրկ մարդկանց միևնույն տեսակին, բայց եթե նրանց նմանությունը բխում է իրենց բնավորությունից, ապա նրանց տարբերությունը պայմանավորված է ծագումով: Այն ժամանակ, երբ Թալեյրանը՝ Պերիգորի դուքսը, Օթենի արքեպիսկոպոսը բնածին, զտարյուն արիստոկրատ ու իշխան է, որպես ֆրանսիական մի ամբողջ գավառի հոգևոր վեհապետ, կրում է մանուշակագույն պատմուճան, մանր վաճառականի անբարետես որդի Ժոզեֆ Ֆուշեն դեռ արհամարհված, ամսական մի քանի սուով վանական, մի դյուժին աշակերտների գլուխը մաթեմատիկա և լատիներեն լցնող չնչին հոգևորական է: Երբ Թալեյրանը արդեն Ֆրանսիական հանրապետության լիազորն էր Լոնդոնում և Գլխավոր նահանգների նշանավոր հռետորը, Ֆուշեն դեռ նոր միայն աշխատում էր շողոքորթության օգնությամբ ակումբներում ձեռք բերել դեպուտատական մանդատ: Թալեյրանը դեպի հեղափոխություն է գալիս վերևից, ինչպես տերն իր կառքից, մի քանի աստիճան ներքև իջնելով դեպի երրորդ դասը, որը ողջունվեց հարգալից ցնծությամբ, այն ժամանակ, երբ Ֆուշեն դժվարությամբ, ամեն խարդավանքների օգնությամբ ներքևից մագլցում է դեպի այդ դասի շարքերը: Ծագման տարբերության այդ չափով էլ նրանց երկուսի համար ընդհանուր գլխավոր հատկությունները ձեռք են բերում տարբեր գույներ: Թալեյրանը, նուրբ շարժուձևի մարդ, ծառայությունը կատարում է մեծ աղայի սառն ու անտարբեր զիջողամտությամբ, Ֆուշեն՝ խորամանկ ու փառասեր չինովնիկի եռանդուն փութաջանությամբ: Եվ նրանում, ինչում նրանք նման են մեկմեկու, միաժամանակ նաև տարբեր են, և եթե երկուսն էլ փող են սիրում, ապա Թալեյրանը դա սիրում է ինչպես արիստոկրատ՝ նա սիրում է փողերը շպրտել խաղասեղանների վրա և ոսկի շռայլել կանանց ներկայությամբ, մինչդեռ Ֆուշեն, առևտրականի որդին, սիրում է փողը վեր ածել կապիտալի, շահույթ ստանալ և խնայողաբար կուտակել: Թալեյրանի համար իշխանությունը միայն միջոց է բավականություն ստանալու, այն նրան լավ ու պատշաճ հնարավորություն է տալիս օգտվելու երկրային վայելքներից՝ պերճություն, կանայք, արվեստ, նրբաճաշակ սեղան, մինչդեռ Ֆուշեն, արդեն տիրելով միլիոնների, մնում է սակավապետ ու կծծի: Երկուսն էլ ի վիճակի չեն վերջնականապես ազատվելու իրենց սոցիալական ծագման հետքերից. երբեք, նույնիսկ ամենասանձարձակ տեռորի օրերին, Թալեյրանը՝ Պերիգորի դուքսը, չի կարողանում դառնալ ժողովրդի ու հանրապետության իսկական որդին. երբեք Ժոզեֆ Ֆուշեն՝ Օթրանտի նորելուկ դուքսը, չնայած ոսկեփայլ համազգեստին, չի կարող դառնալ իսկական արիստոկրատ:
     Նրանցից ավելի շլացուցիչը, ավելի հմայիչը, գուցե և ավելի մեծը Թալեյրանն էր: Դաստիարակված նրբաճաշակ հին կուլտուրայով, ճկուն միտք՝ համակված տասնութերորդ դարի ոգով, նա սիրում է դիվանագիտական խաղը, որպես կենցաղային շատ հրապուրիչ խաղերից մեկը, բայց չի սիրում աշխատանքը: Նա ալարում է սեփական ձեռքով նամակ գրել. կատարյալ վավաշոտ ու նրբին գրքասեր, ամբողջ սև աշխատանքը նա հանձնարարում է ուրիշի, որպեսզի հետո բոլոր պտուղները անփութորեն հավաքի իր նեղ, մատանիներով պատված ձեռքով: Նրան բավարարում է իր ինտուիցիան, որը կայծակնային ձևով թափանցում է ամենախճճված իրադրության էության մեջ: Բնածին ու դաստիարակված հոգեբան, նա, Նապոլեոնի բառերով՝ հեշտությամբ թափանցում է ուրիշի մտքի մեջ և ամեն մարդու պարզաբանում է այն, որին նա ներքնապես ձգտում է: Համարձակ խոտորումներ, արագ ըմբռնում, վտանգի պահերին ճարպիկ շրջադարձեր՝ ահա նրա կոչումը. նա քամահրանքով երես է դարձնում մանրուքներից, տքնալից, քրտնքի հոտ փչող աշխատանքից: Մինիմումի նկատմամբ այդ հակումից, խելքի խաղի ամենախտացրած ձևից բխում է շլացուցիչ բառախաղեր ու աֆորիզմներ ստեղծելու նրա ընդունակությունը: Նա երբեք երկար զեկույցներ չի գրում, միայն մեկ, սուր հղկված բառով բնութագրում է իրադրությունը կամ մարդուն: Ֆուշեն, ընդհակառակը, բոլորովին չուներ ամեն ինչ արագ ըմբռնելու այդ հատկությունը. ինչպես մեղուն, ջանասիրությամբ, նախանձախնդրությամբ նա անթիվ բջիջներում հավաքում է հարյուր հազարավոր դիտումներ, ապա գումարում, համակցում է դրանք և գալիս է հուսալի, անհերքելի եզրակացությունների: Նրա մեթոդը վերլուծությունն է, Թալեյրանի մեթոդը՝ խորաթափանցությունը: Նրա ուժը աշխատասիրությունն է, Թալեյրանի ուժը՝ մտքի արագությունը: Ոչ մի նկարիչ չի կարող հնարամտել ավելի ապշեցուցիչ հակադրություններ, քան դա արել է պատմությունը, դեմ դիմաց դնելով այդ երկու կերպարներին՝ ալարկոտ ու հանճարեղ իմպրովիզատոր Թալեյրանին և հազարաչյա զգաստ հաշվարկում Ֆուշեին՝ Նապոլեոնի կողքին, որի կատարյալ հանճարը իր մեջ միացնում էր այդ երկուսի ձիրքերը, լայն մտահորիզոն և մանրակրկիտ վերլուծություն, կիրք ու աշխատասիրություն, զիտելիքներ ու խորաթափանցություն:
     Բայց ոչ մի տեղ չի կարող լինել այնքան սաստիկ ատելություն, քան միևնույն ցեղատեսակի տարատեսակների միջև, դրա համար էլ Թալեյրանի ու Ֆուշեի փոխադարձ զզվանքը բխում է միմյանց խոր, բնազդով հասկանալուց: Հենց առաջին օրվանից մեծ աղային զզվելի է այդ ջանասեր, մանր աշխատողը, մատնություններ թխող, բամբասանքներ հավաքող և սառը լրտես Ֆուշեն, իսկ սրան իր հերթին ջղայնացնում է Թալեյրանի թեթևամտությունը, շռայլողությունը, քամահրելի արիստոկրատական և կանացի անփութությունը: Նրանց կարծիքը մեկը մյուսի մասին լի է թույնով: Թալեյրանը քմծիծաղով ասում է. «Ֆուշեն նրա համար է այդքան արհամարհում մարդկանց, որովհետև ինքն իրեն չափազանց լավ գիտի»: Ֆուշեն իր կողմից կատակում է, երբ Թալեյրանին նշանակում են փոխկանցլեր. «Il ne lui manguait gue ce vice-là» (4): Նրանք շատ հաճույքով, որտեղ միայն հնարավոր է, միմյանց տհաճություն են պատճառում, իսկ եթե վնասելու հնարավորություն է ստեղծվում, յուրաքանչյուրը կառչում է ամենափոքր առիթից: Որ այդ երկուսը, մեկը՝ ճարպիկ, մյուսը՝ աշխատասեր, այդպես լավ լրացնում են մեկը մյուսին, նրանց դարձնում է Նապոլեոնին հարմար մինիստրներ, իսկ նրանց կատաղի փոխադարձ ատելությունը նրա համար էլ հարմար է, որովհետև նրանք ավելի լավ են հետևում մեկը մյուսին, քան հարյուր աչալուրջ լրտեսներ: Ֆուշեն Նապոլեոնին ջանասիրությամբ տեղեկացնում է Թալեյրանի յուրաքանչյուր կաշառքի, շվայտության և անփութության դեպքի մասին, Թալեյրանն էլ իր հերթին շտապում է հայտնել Ֆուշեի բոլոր գործարքների ու խարդավանքների մասին: Այդ տարօրինակ զույգը միաժամանակ սպասարկում և պահպանում է Նապոլեոնին և հետևում է նրան: Հրաշալի հոգեբան Նապոլեոնը գերազանց կերպով օգտագործում է իր մինիստրների մրցակցությունը և միաժամանակ զսպում է նրանց:
     Ամբողջ Փարիզը երկար տարիներ զվարճանում էր երկու մրցակիցների՝ Թալեյրանի և Ֆուշեի թշնամանքով: Փարիզցիները հետևում են գահի աստիճանների մոտ կատարվող այդ կատակերգության անվերջ տարբերակներին, ինչպես Մոլիերի պիեսների տեսարաններին, և բավականություն են ստանում նրանից, թե ինչպես այդ երկու սպասավորները ծիծաղում են միմյանց վրա, միմյանց հետապնդում են սուր խոսքերով, այն դեպքում, երբ նրանց տերը օլիմպիական վեհությամբ ունկնդրում է իրեն օգտավետ այդ վեճերը: Բայց այն ժամանակ, երբ բոլորը նրանցից սպասում են շան ու կատվի ուրախ խաղ, երկու հնարամիտ արտիստները հանկարծ փոխում են իրենց դերերը և միատեղ սկսում են լուրջ խաղ։ Առաջին անգամ իրենց տիրոջ դեմ երկուսի համար ընդհանուր դժգոհությունը վեր է կանգնում նրանց մրցակցությունից: Գալիս է 1808 թվականը. և Նապոլեոնը նորից է պատերազմ սկսում, ամենաանօգուտ ու ամենաանիմաստ պատերազմը իր բոլոր պատերազմներից՝ արշավանք Իսպանիայի վրա: 1805 թվականին նա հաղթեց Ավստրիային և Ռուսաստանին, 1807 թվականին ջախջախեց Պրուսիային. նա իրեն ենթարկեց գերմանական ու իտալական պետությունները, բայց Իսպանիայի հետ թշնամության ոչ մի առիթ չկար: Սակայն նրա կարճամիտ եղբայր Ժոզեֆը (մի քանի տարի հետո Նապոլեոնն ինքը կխոստովանի, որ «իրեն զոհ է բերել հիմարներին») նույնպես ցանկանում է թագ ստանալ, և նկատի ունենալով այն, որ ազատ թագ չկա, միջազգային իրավունքը խախտելով որոշում են այն ուղղակի խլել իսպանական դինաստիայից: Նորից զարկում են թմբուկները, երթի մեջ են գումարտակները, նորից գանձարկղից դուրս են հոսում դժվարությամբ հավաքված փողերը, և Նապոլեոնը նորից է արբենում հաղթանակների վտանգավոր կրքով: Այդ անսանձահարելի ռազմական մոլուցքը քիչ-քիչ չափազանց անմիտ է դառնում նույնիսկ ամենահաստակաշի մարդկանց համար: Ե՛վ Ֆուշեն, և՛ Թալեյրանը հավանություն չեն տալիս ոչնչից սարքված այդ պատերազմին, որից Ֆրանսիան նորից յոթ տարի արյունաքամ է լինելու, և քանի որ կայսրը չի լսում ոչ մեկին, ոչ մյուսին, ապա նրանք աննկատելիորեն մերձենում են: Նրանք գիտեն, որ կայսրը ճմռթում ու գրգռված անկյունն է շպրտում նրանց նամակները, զեկույցները. արդեն վաղուց նրանք չեն կարողանում դեմ կանգնել գեներալներին, մարշալներին, ռազմամոլներին և հատկապես կորսիկական տոհմին, որի յուրաքանչյուր անդամը ուզում էր իր խղճուկ անցյալը թաքցնել կզաքիսի մորթուց թիկնոցի տակ: Նրանք աշխատում են իրենց բողոքն արտահայտել հրապարակայնորեն, բայց ազատ խոսելու հնարավորություն չունենալով, քաղաքական դիմախաղ են սարքում, իսկական թատերական ճարպիկ խաղ. ցուցադրաբար դառնում են դաշնակիցներ:
     Ո՞վ է եղել այդ հիանալի թատերական ներկայացման բեմադրողը, Թալեյրա՞նը, թե Ֆուշեն, հայտնի չէ: Բանն այսպես է եղել. քանի դեռ Նապոլեոնը կռվում է Իսպանիայում, Փարիզում կատարվում են անընդմեջ տոնահանդեսներ ու թագավորում է ցնծությունը. ամենամյա պատերազմներին այնպես էին ընտելացնել, ինչպես ձյանը՝ ձմռանը կամ կայծակին` ամռանը։ Սեն-Ֆլորենտեն փողոցի վրա, կանցլերի տանը 1808 թվականի մի դեկտեմբերյան երեկո (այն ժամանակ, երբ Նապոլեոնը Վալյադոլիդի ինչ-որ կեղտոտ բնակարանում հրամաններ է գրում բանակին) վառվում են հարյուրավոր մոմեր և թնդում է երաժշտությունը։ Այստեղ հավաքվել էր փայլուն հասարակություն, գեղեցիկ կանայք, որոնց այնքա՜ն սիրում է Թալեյրանը, պե­տական բարձր պաշտոնյաներ և օտարերկրյա դեսպաններ։ Բո­լորն ուրախ շաղակրատում են, պարում և ուրախանում են։ Հանկարծ բոլոր անկյուններում լսվում է թեթև քրթմնջոց և փսփսոց, պարն ընդհատվում է, զարմացած հյուրերը հավաքվում են խումբ-խումբ. ներս է մտնում մի մարդ, որին այստեղ երբեք չէին սպասում՝ Ֆուշեն, վտիտ Կասիոն, որը, ինչպես բոլորին հայտնի էր, խիստ արհամարհված ու ատելի էր Թալեյրանին, որի ոտքը դեռ ոչ մի անգամ այս տանը չէր եղել։ Բայց, ո՜վ զարմանք, արտաքին գործերի մինիստրը նրբին քաղաքավարությամբ կաղալով ընդառաջ է գնում ոստիկանության մինիստրին, ողջունում է նրան որպես թանկագին հյուրի և ընկերոջ, բարեկամաբար թևանցուկ է անում նրան։ Ի տես բոլորի, միանգամայն բացա­հայտ բարեհաճությամբ Թալեյրանը ամբողջ դահլիճով Ֆուշեին տանում է հարևան սենյակը, այնտեղ նրանք տեղավորվում են բազմոցներում և ցածր զրուցում են, անսահման հետաքրքրություն առաջացնելով պարահանդեսի բոլոր մասնակիցների մեջ։ Հաջորդ առավոտյան արդեն ամբողջ Փարիզին հայտնի է դառնում այդ մեծ սենսացիան։ Ամեն տեղ հենց միայն խոսում են այդ հանկարծակի և այնքան ցուցադրական հաշտության մասին, և ամենքը հասկանում են դրա իմաստը։ Երբ կատվի և շան միջև անսպասելիորեն առաջանում է այդպիսի հանկարծակի բարեկամություն, նշանակում է այն ուղղված է խոհարարի դեմ։ Ֆուշեի և Թալեյրանի միջև բարեկամությունը նշանակում է, որ մինիստրները բացահայտորեն հավանություն չեն տալիս իրենց տիրոջ՝ Նապոլեոնի քաղաքականությանը։ Անմիջապես տենդայնորեն իրար անցան բոլոր լրտեսները՝ պետք է իմանալ, թե ինչ է նշանակում այդ դավադրությունը։ Բոլոր դեսպանություններում ճռճռում են գրչածայրերը, կազմվում են շտապ զեկույցներ։ Մետեռնիխը շտապ փոստով հայտնում է Վիեննային. «Այս դաշինքը համապատասխանում է ծայրահեղ հոգնած ազգերի ցանկությանը», բայց կայսրի եղբայրներն ու քույրերը ևս ահազանգ են խփում և կայսրի մոտ սուրհանդակ են ուղարկում այդ անհավատալի նորությամբ:
     Հողմի պես Իսպանիա է սլանում սուրհանդակն իր լուրով, բայց ավելի արագ, որքան հնարավոր է արագ, Փարիզ է նետվում Նապոլեոնը, ինչպես մտրակի հարվածներով քշված: Ստանալով նամակը, կայսրն առանձնանում է իր սենյակում, մերձավորներից ոչ մեկին չհրավիրելով: Արյունոտելու չափ կծելով շուրթերը, նա անմիջապես կարգադրություն է անում վերադարձի մասին. Թալեյրանի և Ֆուշեի մերձեցումը նրա վրա շատ ավելի ուժեղ է ազդում, քան ճակատամարտում պարտվելը: Հետ վերադարձը կատարվում է խելահեղ արագությամբ: 17-ին նա դուրս է գալիս Վալյադոլիդից, 18-ին նա Բուրգոսում է, 19-ին Բայոննում: Ոչ մի տեղ կանգ չի առնում. ամեն տեղ արագ փոխում են ուժասպառ ձիերին: 22-ին ինչպես մրրիկ ներխուժում է Թյուիլրի, 23-ին ողբերգական տեսարանով պատասխանում է Թալեյրանի սրամիտ կատակերգությանը: Պալատականների ոսկեկար հագուստներով ամբողջ բազմությունը, բոլոր մինիստրներն ու գեներալները ջանադիր տեղավորված են որպես անխոս դերասաններ. հարկ է ակներևորեն ցույց տալ, որ կայսրը ջախջախիչ կերպով ճնշում էր իր կամքին ամենափոքրիկ դիմադրությունն իսկ: Դեռ նախօրյակին նա կանչեց Ֆուշեին և երես առ երես խիստ նախատեց նրան, որին նա, սովոր լինելով նման ջրացնցուղների, հանգիստ դիմացավ, բերելով հմուտ ու շողոքորթ արդարացումներ և ժամանակին գլուխ խոնարհելով: Այս ստրկամիտ մարդուն, մտածում է կայսրը, բավական է անցողակի մի աքացի հասցնելը, բայց Թալեյրանը, հատկապես նրա համար, որ նա ավելի ուժեղ ու հզոր է համարվում, պետք է պատժվի հրապարակայնորեն: Այս տեսարանը հաճախ են նկարագրել, և իսկապես դա համեմատաբար ամենաողբերգական տեսարաններից մեկն է պատմության մեջ: Սկզբից կայսրը ընդհանուր գծերով անխրախուսելի ձևով արտահայտվում է որոշ մարդկանց նենգության մասին, որ դրսևորվել է իր բացակայության ժամանակ, բայց հետո, գրգռված Թալեյրանի անտարբերությունից, ուղղակի դիմում է նրան, որն անփույթ կեցվածքով կանգնած էր մարմարյա բուխարու մոտ, ձեռքով հենված կողափայտին: Եվ ահա, փոխանակ ամբողջ արքունիքի ներկայությամբ նախապես մտածված զավեշտական խրատի դաս տալու, կայսրը հանկարծ ընկնում է իսկական կատաղության մեջ, գոռում է տարիքով իրենից մեծ, ավելի փորձառու մարդու վրա, նրա վրա առատորեն թափելով ամենակոպիտ հայհոյանքներ: Նապոլեոնը նրան համարում է գող, ուխտադրուժ, դավաճան, ծախու մարդ, որն ընդունակ է փողով ծախելու սեփական հորը, նրան մեղադրում է դուքս Էնգիենսկու սպանության մեջ և նրանում, որ նա է սադրել իսպանական պատերազմը: Ոչ մի լվացարարուհի չէր կարող ամբողջ բակով մեկ ավելի անամոթ ձևով խայտառակել իր հարևանուհուն այնպես, ինչպես Նապոլեոնը խայտառակում է Պերիգորի դուքսին, հեղափոխության վետերանին, Ֆրանսիայի առաջին դիվանագետին:
     Լսողները քարացան: Բոլորը տհաճություն էին զգում: Յուրաքանչյուրը զգում էր, որ կայսրն իրեն անվայելուչ է պահում: Միայն Թալեյրանը, վիրավորանքների նկատմամբ անտարբեր ու անզգա (պատմում են, իբր մի անգամ նա քնել է իր դեմ ուղղված մի պարսավագրի ընթերցման ժամանակ), շարունակում է կանգնած մնալ ամբարտավան տեսքով, առանց դեմքի փոփոխության, նման հայհոյանքները չհամարելով վիրավորական: Փոթորկի վերջանալուց հետո, նա, կաղալով, հարթ մանրատախտակե հատակի վրայով գնում է նախասենյակ և այնտեղ նետում է իր թունավոր խոսքերից մեկը, որն ավելի է խոցում, քան բռունցքների կոպիտ հարվածները. «Շատ ափսոս, որ այսքան մեծ մարդը այսպես վատ է դաստիարակված», - հանգիստ ասում է նա, երբ ծառան արդեն նրա վրա էր գցում վերարկուն:
     Հենց այդ նույն գիշեր Թալեյրանը զրկվում է սենեկապետի կոչումից: Բոլոր անբարյացակամները հետաքրքրությամբ հաջորդ օրերին հետևում են «Moniteur»-ին, որպեսզի կառավարական հաղորդումների մեջ տեղեկություն գտնեն Ֆուշեի պաշտոնաթողության մասին, բայց նրանք սխալվում են. Ֆուշեն մնում է: Ինչպես միշտ, հարձակման ժամանակ նա թաքնվեց ավելի ուժեղի թիկունքի հետևում, որը նրան որպես շանթարգել է ծառայում: Հիշում են, որ Կոլլոն, Լիոնի գնդակահարությունների նրա գործակիցը, աքսորվել է մալարիական կղզի, իսկ Ֆուշեն մնացել է. Բաբյոֆը, Դիրեկտորիայի դեմ պայքարի նրա հանցակիցը, գնդակահարված է, իսկ Ֆուշեն մնացել է. նրա հովանավոր Բարրասը ստիպված էր թողնել երկիրը, իսկ Ֆուշեն մնացել է: Այս անգամ էլ ընկնում է միայն առջևում կանգնածը՝ Թալեյրանը, իսկ Ֆուշեն մնում է: Կառավարությունները, պետական կարգը, կարծիքները, մարդիկ՝ ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ կործանվում է, ամեն ինչ չքանում է հարյուրամյակի փոփոխման կատաղի ջրապտույտում, միայն մեկը մնում է իր տեղում բոլոր վարչակարգերի և քաղաքական տրամադրությունների փոփոխման ժամանակ՝ դա Ժոզեֆ Ֆուշեն է:
     Ֆուշեն մնում է իշխանության կազմում, նույնիսկ ավելին. հենց այն, որ Նապոլեոնի ամենախելոք, ճարպիկ ու անկախ խորհրդականը ստացավ մետաքսյա ժապավեն և փոխարինվեց ուղղակի հաճոյակատար չինովնիկով, հենց դա ուժեղացնում է Ֆուշեի ազդեցությունը: Բայց, որն ավելի կարևոր է, բացի մրցակից Թալեյրանից, որոշ ժամանակով հեռանում է նաև ինքը՝ զզվելի տիրակալը: Գալիս է 1809 թվականը, և Նապոլեոնը, ինչպես ամեն տարի, նորից սկսում է նոր պատերազմ, այս անգամ Ավստրիայի դեմ:
     Ֆուշեն ամենից շատ իրեն լավ է զգում հատկապես այն ժամանակ, երբ Նապոլեոնը մեկնում է Փարիզից և հեռանում գործերից: Եվ ինչքան հեռու, այնքան ավելի լավ Ֆուշեի համար, որքան ավելի երկար ժամանակով, այնքան ավելի հաճելի՝ Ավստրիա, Իսպանիա, Լեհաստան. շատ ավելի լավ կլիներ, եթե նա նորից գնար Եգիպտոս: Նրանից ճառագայթող չափազանց ուժեղ լույսը ստվեր է նետում բոլոր շրջապատողների վրա. նրա ստեղծագործ գործուն անձը բարձրանում է բոլորից և իր տիրական գերազանցությամբ կաթվածահարում է բոլորի կամքը: Իսկ երբ նա գտնվում է հարյուրավոր մղոնների վրա, ճակատամարտեր է ղեկավարում, արշավանքի պլաններ է կազմում, Ֆուշեն կարող է ժամանակ առ ժամանակ ինքը խաղալ ճակատագրեր տնօրինողի դերը, այլ ոչ թե միայն խաղալիք լինել այդ ամուր, եռանդուն ձեռքում:
     Վերջ ի վերջո Ֆուշեի համար առաջին անգամ այդպիսի հնարավորություն է ստեղծվում: 1809 թվական. ճակատագրական տարի Նապոլեոնի համար. դեռ ոչ մի անգամ, չնայած ակնառու արտաքին հաջողություններին, նրա ռազմական դրությունը այդքան սպառնալի անկայուն չի եղել: Ջախջախված Պրուսիայում, ոչ բավականաչափ հնազանդեցված Գերմանիայում մեկուսի գործող ֆրանսիական կայազորները մնացել էին համարյա անպաշտպան. դրանք տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ են, որոնք հսկում են հարյուր հազարավոր գերմանացիների, որոնք միայն ազդանշանի են սպասում, որպեսզի զենք վերցնեն: Ավստրիացիների՝ Ասպեռնի հաղթանակի նման, նոր հաղթանակի դեպքում, Էլբայից մինչև Հռենոս կբռնկվի խռովություն, կապստամբի ամբողջ ժողովուրդը: Իտալիայում էլ գործերը կարգին չեն: Պապին կոպտորեն անպատվելը խիստ վիրավորել էր ամբողջ Իտալիային, ինչպես և Պրուսիայի ստորացումը՝ Գերմանիային, ինքը Ֆրանսիան էլ հոգնած էր: Եվս մի հարված ամբողջ Եվրոպայում՝ Էբրոյից մինչև Վիսլա երկարաձգված կայսերական զորքերին, և, ո՞վ գիտի, հնարավոր է այն հիմնավորապես ջախջախի խարխուլ երկաթյա անիվը: Անգլիացիները, Նապոլեոնի երդվյալ թշնամիները, արդեն մտմտում են այդ հարվածի մասին: Քանի դեռ կայսրի զորքերը բաժան-բաժան են՝ մի մասը գտնվում է Ասպեռնի մոտ, մի մասը՝ Հռոմի մոտ և մի մասը Լիսաբոնի մոտ, անգլիացիները մտադիր են ներխուժել ուղիղ Ֆրանսիայի սիրտը և, ամենից առաջ տիրելով Դյունկերկ նավահանգիստը, նվաճել Անտվերպենը, ապստամբության հանել Բելգիային: Նրանք հույսը դնում են նրա վրա, որ Նապոլեոնը իր մարտունակ, կոփված բանակներով, մարշալներով և թնդանոթներով հեռու է և նրանց առջև ընկած է անպաշտպան երկիրը:
     Բայց Ֆուշեն տեղում է, հենց այն Ֆուշեն, որը 1793 թվականին Կոնվենտի ժամանակ սովորել է, թե ինչպես կարելի է երկու շաբաթվա ընթացքում զինակոչել տասը հազար զինվոր: Այն ժամանակից չի թուլացել նրա եռանդը, այն ստիպված գործել է մշուշի մեջ, հյուծվելով մանր մեքենայությունների ու դավերի մեջ: Ֆուշեն եռանդուն կերպով գործի է կպչում, որպեսզի ազգին ու ամբողջ աշխարհին ցույց տա, որ նա ոչ թե միայն խաղալիք է Նապոլեոնի ձեռքում և, անհրաժեշտության դեպքում, նույնպես կարող է գործել վճռականորեն ու նպատակասլաց, ինչպես ինքը կայսրը: Վերջապես ներկայացել է հրաշալի, կարծես ուղղակի երկնքից ընկած առիթ, մեկընդմիշտ ապացուցելու, որ ոչ ամբողջ բարոյական ու զինվորական հզորությունն է կենտրոնացված այդ մի մարդու ձեռքում: Հանդուգն խիզախությամբ նա իր պրոկլամացիաներում ընդգծում է, որ Նապոլեոնն այդքան էլ անհրաժեշտ չէ: «Եվրոպային ապացուցենք, որ չնայած Նապոլեոնի հանճարը Ֆրանսիային փայլ է տալիս, նրա ներկայության ոչ մի անհրաժեշտություն չկա, որպեսզի վռնդենք թշնամուն», - գրում է նա քաղաքագլուխներին և այդ խիզախ, տիրական խոսքերը հաստատում է գործով: Օգոստոսի 31-ին հենց որ լուր է ստացվում Վալհերն կղզում անգլիացիների ափ դուրս գալու մասին, նա, որպես ոստիկանության մինիստր և ներքին գործերի մինիստր (այս պաշտոնը նա զբաղեցնում է ժամանակավորապես), պահանջում է կանչել ազգային գվարդիականներին, որոնք հեղափոխության ժամանակներից խաղաղ ապրում են իրենց գյուղերում, դառնալով դերձակներ, խառատներ, կոշկակարներ և հողագործներ: Մնացած մինիստրները սարսափի մեջ են: Առանց կայսրի թույլտվության իրենց պատասխանատվությամբ ինչպե՞ս սկսել այդպես հեռուն գնացող միջոցառումը: Դրան բոլոր ուժերով հակառակվում է հատկապես զինվորական մինիստրը, զայրացած նրանից, որ դրա համար ոչ մի իրավունք չունեցող ոչ զինվորական մարդը ներխուժում է իր սուրբ բնագավառը: Նա պնդում է, որ նախ պետք է Շենբրունից զորահավաքի թույլտվություն ստանալ, նախքան երկրում տագնապ սերմանելը, պետք է սպասել կայսրի հրամանին: Բայց կայսրի պատասխանն ստանալու համար պահանջվում է փոստային երթի տասնչորս օր՝ այնտեղ և հետ, և Ֆուշեն չի երկյուղում երկրում անհանգստություն սերմանելուց: Մի՞թե Նապոլեոնը նույնը չէր անի: Ֆուշեն հոգու խորքում հենց ուզում է անհանգստություն ու դժգոհություն առաջացնել. դրա համար էլ նա վճռականորեն ամեն պատասխանատվություն վերցնում է իր վրա: Թմբուկների զարկերի տակ, հանուն կայսրի, պրովինցիաների բոլոր բնակիչները, որոնց սպառնում է ներխուժումը, զորակոչվում են անհապաղ պաշտպանության,- հանուն կայսրի, որը ոչինչ չգիտի այդ կարգադրությունների մասին: Եվ մի հանդգնություն ևս. Ֆուշեն այդ հանպատրաստից հյուսիսային բանակի գլխավոր հրամանատար է նշանակում Բեռնադոտին, մի մարդու, որին Նապոլեոնը, չնայած նա իր եղբոր աներոջ տղան էր, բոլոր գեներալների մեջ ամենից շատ նրան էր ատում և ժամանակին պատժել ու աքսոր էր ուղարկել: Ֆուշեն Բեռնադոտին վերադարձնում է աքսորից՝ ի հեճուկս կայսրի, մինիստրների և նրա բոլոր թշնամիների: Նրա համար միևնույն է, թե իր միջոցառումները հավանություն կստանա՛ն կայսրի կողմից: Կարևոր է միայն, որ հաջողությունը նրան արդարացնի բոլորի առջև:
     Վճռական րոպեներին նման խիզախությունը Ֆուշեին հիրավի տալիս է որոշ իսկական վեհություն: Այդ նյարդային, աշխատասեր մարդը ձգտում է մեծ գործերի, իսկ նա ստիպված է միշտ զբաղվել դատարկություններով, որոնց հետ նա գլուխ է հանում ծիծաղով: Լրիվ բնական է, որ ուժերի առատությունը ելք է փնտրում, որը հանդես է գալիս չար ու մեծ մասամբ անիմաստ ինտրիգների մեջ: Բայց երբ այդ մարդն ընդհարվում է հիրավի համաշխարհային պատմական, իր ուժերին համապատասխանող խնդրի հետ, ինչպես եղավ Լիոնում, իսկ Նապոլեոնի անկումից հետո՝ Փարիզում, նա դրա հետ վարպետորեն գլուխ է հանում: Մի քանի օր հետո Ֆլիսինգեն քաղաքը, որին Նապոլեոնն իր նամակներում անվանում է անառիկ, ինչպես կանխագուշակում էր Ֆուշեն, ընկնում է անգլիացիների ձեռքը: Բայց Ֆուշեի ինքնակամ կազմավորած բանակը հասցնում է այդ ժամանակամիջոցում ամրացնել Անտվերպենը և, այդպիսով, անգլիացիների ներխուժումը վերջանում է լրիվ ու նրանց վրա շատ թանկ նստող պարտությամբ: Առաջին անգամ, այն ժամանակից, երբ կառավարման ղեկի մոտ կանգնած է Նապոլեոնը, նրա մինիստրներից մեկը համարձակվում է ինքնուրույն կերպով պատերազմի դրոշ բարձրացնել, բացել առագաստները և վերցնել սեփական ուղղություն, և հենց այդ ինքնուրույնությունը ճակատագրական րոպեին փրկեց Ֆրանսիան: Այդ օրվանից բարձրանում է Ֆուշեի կշիռը, և նա մեծանում է իր աչքում:
     Մինչ այդ Շենբրուն հասան Կանցլերի և ռազմական մինիստրի նամակները Ֆուշեի դեմ հարուցվող մեղադրանքներով, բողոքը հետևում է բողոքին այն հանդգնությունների առթիվ, որոնք իրեն թույլ է տալիս այդ քաղաքացիական մինիստրը: Նա զորակոչել էր ազգային գվարդիան, երկրում մտցրել ռազմական դրություն: Բոլորը հույս ունեն, որ Նապոլեոնը Ֆուշեին կպատժի իշխանությունը վերազանցելու համար և պաշտոնանկ կանի նրան: Սակայն, ի զարմանս ընդհանուրի, կայսրը դեռ մինչև Ֆուշեի կարգադրությունների փայլուն հաջողության հայտնի դառնալը, հակառակ բոլորի կարծիքի, հավանություն տվեց նրա սրընթաց և վճռական եռանդին: Կանցլերը նկատողություն է ստանում. «Ես շատ դառնացած եմ նրանով, որ այդպիսի բացառիկ հանգամանքներում դուք այդքան քիչ եք օգտագործել ձեր լիազորությունները. առաջին տագնապալի լուրի դեպքում դուք պարտավոր էիք զորակոչել քսան, քառասուն, հիսուն հազար ազգային գվարդիականների», իսկ ռազմական մինիստրին նա գրում է տառացիորեն հետևյալը. «Ես տեսնում եմ, որ միայն պարոն Ֆուշեն է արել այն ամենը, ինչ ներել է նրա ուժը, և հասկացել է խայտառակ անգործության վտանգավորությունը»: Այսպիսով, Ֆուշեն ոչ միայն խայտառակեց իր ապաշնորհ, զգույշ ու երկչոտ գործընկերներին, այլև պաշտպանություն գտավ կայսրի կողմից: Հակառակ Թալեյրանի և Կանցլերի մեքենայությունների, Ֆուշեն այժմ Ֆրանսիայում գրավում է առաջին տեղը։ Նա միայն կարողացավ ցույց տալ, որ ընդունակ է ոչ միայն հնազանդվելու, այլև կառավարելու:
     Եվ նորից կարելի է համոզվել, որ վտանգի րոպեին Ֆուշեն կարող է գործել: Նրան դրեք ամենադժվարին խնդրի առջև՝ նա կարող է դրանից գլուխ հանել շնորհիվ իր համարձակ հնարամտության և եռանդի: Տվեք նրան ամենախճճված հանգույցը, նա այն կքանդի: Բայց որքան էլ նա հիանալի ձևով կարող է գործի կպչել, նրան անմատչելի է մի ուրիշ, ազգակից արվեստ, ամենաբարձր քաղաքական արվեստը՝ ժամանակին նահանջել կարողանալը: Եթե նա ձեռքը մի տեղ մտցնի, արդեն ուժ չունի այն դուրս քաշելու: Եվ հազիվ Ֆուշեին հաջողվում է քանդել մի ինչ-որ հանգույց, երբ խաղի նկատմամբ որևէ դիվական կիրք նրան դրդում է դիտմամբ նորից բոլորը խճճելու: Այսպես պատահեց նաև այս անգամ: Շնորհիվ նրա արագաշարժության, ուժերը շտապ հավաքելու և հարվածը հետ մղելու կարողության, թևային հարձակումը հետ մղվեց: Մարդկանց ու ռազմամթերքի ների սարսափելի կորուստներ կրելով և ավելի մեծ վնաս պատ ճառելով իրենց հեղինակությանը, անգլիացիները իրենց զորքերը նորից բեռնեցին նավերը և գնացին իրենց տուն: Այժմ կարելի է հանգիստ ավարտի ազդանշան տալ և շնորհակալությամբ տուն ուղարկել ազգային գվարդիականներին, ոմանց պարգևատրելով Պատվավոր լեգեոնի շքանշանով: Բայց փառասիրությունն արդեն գրգռված է: Այնքա՜ն հիանալի կլիներ իրեն կայսր ներկայացներ, ոտքի հաներ երեք պրովինցիա, հրամաններ տար, կոչեր կազմեր, ճառեր արտասաներ, վախեցներ իր երկչոտ գործընկերներին: Եվ այդ բոլորը պետք է այժմ վերջանա՞: Հատկապես այժմ, երբ արբեցած էր իր գործնական ուժով, նա զգում է, թե ինչպես է ինքն ամեն օր, ամեն ժամ աճում: Ո՛չ, Ֆուշեն դա չի անի: Ավելի լավ է շարունակի իր հարձակողական և պաշտպանական խաղը, նույնիսկ եթե դրա համար հարկ լիներ թշնամի հնարելու: Միայն թե շարունակել խփել թմբուկները, խռովել բնակչությանը, տագնապ սերմանել, ծնել բուռն շարժում: Եվ ահա նա նոր զորակոչի հրաման է տալիս նկատի ունենալով Մարսելում անգլիացիների կեղծ, ենթադրվող ափ դուրս գալը: Ազգային գվարդիան, ի զարմանս հանուրի, զորակոչվում է ամբողջ Պյեմոնտում, Պրովանսում և նույնիսկ Փարիզում, չնայած ոչ մի տեղ՝ ոչ երկրի ներսում, ոչ ծովափերին, չի երևում ոչ մի թշնամի, և դա տեղի է ունենում միայն նրա համար, որ Ֆուշեն վաղուց բռնված է կազմակերպման ու զորահավաքի չփորձարկված կրքով նրա համար, որ նրանում այնքան երկար ժամանակ իրեն զսպած, այնքան երկար ճնշված գործի մարդը կարող է, վերջապես, շնորհիվ կայսրի բացակայության, բացվել մինչև վերջ:
     Բայց ո՞ւմ դեմ են ուղղված այդ բանակները, իրեն հարցնում է զարմացած ամբողջ երկիրը: Անգլիացիները չեն երևում: Աստիճանաբար անվստահությունը բռնում է նույնիսկ Ֆուշեի ամենաբարյացակամ գործընկերներին. իսկապես ինչի՞ է ձգտում իր խելահեղ զորահավաքներով այդ ծածկամիտ մարդը: Նրանք չեն հասկանում այն, որ դա միայն սեփական գործունեությամբ արբեցած Ֆուշեին կրծող գաղտնի մոլուցքի բուռն դրսևորումն է: Եվ քանի որ նրանք շրջապատում չեն տեսնում ոչ մի թշնամական սվին, չեն տեսնում թշնամուն, որի դեմ ամեն օր ավելի է ուժեղանում հսկայական աշխարհազորը, ապա նրանց մեջ ակամա կասկածանք է առաջանում, որ Ֆուշեն փայփայում է հեռուն գնացող պլաններ: Ոմանք ենթադրում են, որ նա ապստամբություն է պատրաստում, մյուսները՝ որ նա ուզում է վերականգնել հին հանրապետությունը և առիթի է սպասում, թե երբ կայսրը մի անգամ էլ այնպիսի պարտություն կկրի, ինչպես Ասպեռնոյում, կամ՝ նոր Ֆրիդրիխ Շտապսը երբ ավելի հաջող մահափորձ կկատարի: Եվ ահա Շենբրունի ռազմակայան է թռչում զեկույց զեկույցի հետևից՝ Ֆուշեն կամ խելագարվել է, կամ դավադրություն է նյութում: Այս անգամ Նապոլեոնը, իր ամբողջ բարյացակամությամբ, մտահոգված է: Նա տեսնում է, որ Ֆուշեն չափն անց է կացրել, որ նրան պետք է տեղը նստեցնել Կայսրի նամակների տոնը խիստ փոխվում է. նա հարձակվում է Ֆուշեի վրա, նրան անվանում է «Դոն Կիխոտ, որը կռվում է հողմաղացների հետ», և իր առաջվա խիստ տոնով գրում է. «Իմ ստացած բոլոր տեղեկություններում խոսվում է Պյեմոնտում, Լանգեդոկում, Պրովանսում, Դոֆինում զորակոչած ազգային գվարդիայի մասին: Ի՛նչ սատանայի համար է դա արվում, առանց հատուկ անհրաժեշտության և առանց իմ հրամանի»: Եվ այդպես, Ֆուշեն, թաքցնելով զայրույթը, պետք է դադարի տիրակալ խաղալուց, հեռանա ներքին գործերի մինիստրությունից և նորից դառնա միայն, ավա՜ղ, շատ շուտ վերադարձած տիրակալի՝ իր փառքով պսակված ոստիկանության մինիստր:

Դու կեղտոտ ավել ես եղել,
Նորից դարձիր այն:

     Համենայն դեպս Ֆուշեն, չնայած նա չափն անցկացրեց, միակն էր, որ ամենակրիտիկական պահին, համընդհանուր շփոթության մեջ, գործեց ժամանակին ու խելացի՝ հանուն հայրենիքի փրկության: Եվ Նապոլեոնը չի կարող նրան չմեծարել, ինչպես նա դա արել է այնքան շատերի համար: Այժմ, երբ առատորեն արյամբ պարարտացված ֆրանսիական հողի վրա աճել է նոր ազնվականություն, երբ տիտղոս են ստացել բոլոր գեներալները, մինիստրներն ու մերձավորները, եկավ նաև Ֆուշեի, արիստոկրատիայի հին թշնամու հերթը՝ նրա շարքերը մտնելու համար:
     Կոմսի տիտղոսը նրան լռելյայն կպցվել էր դեռ առաջ: Բայց հին յակոբինյանը էլ ավելի է բարձրանում տիտղոսների այդ օդային աստիճաններով: 1809 թվականի օգոստոսի 15-ին առաքելական նորին մեծության ավստրիական կայսեր պալատում, Շենբրունի շքեղ դահլիճում, կորսիկացի նախկին փոքրիկ լեյտենանտը իր ստորագրությունն ու կնիքը դնում է մագաղաթի վրա, որի համաձայն նախկին կոմունիստ և փախստական վանական ուսուցիչ Ժոզեֆ Ֆուշեն այսուհետև կոչվում է, ուշադրությո՛ւն, Օթրանտի դուքս: Նա, ճիշտ է, չի կռվել Օթրանտի մոտ և ընդհանրապես երբեք չի տեսել այդ հարավիտալական քաղաքը, բայց այդպիսի հնչեղ օտարերկրյա ազնվական անունը չափազանց հարմար է, որպեսզի քողարկի նախկին արխիհեղափոխականին, և եթե տիտղոսը պատշաճ ձևով հրապարակվի, կարելի է մոռանալ, որ այդ դուքսի հետևում թաքնված է Լիոնի դահիճը, «բոլորի համար միատեսակ հաց» և ունեցվածքի բռնագրավման ժամանակների հին Ֆուշեն: Որպեսզի նա իրեն լրիվ ասպետ զգա, նրան շնորհվում է նաև դքսության տիտղոսի տարբերանշան՝ նոր, փայլուն գերբ:
     Մի բան միայն տարօրինակ է. արդյոք ինքը Նապոլեո՞նը դիտմամբ առաջարկեց դա որպես խայթիչ ակնարկ Ֆուշեի բնավորության առանձնահատկության, թե դա զինանշանագետ չինովնիկի հոգեբանական կատակ էր: Բոլոր դեպքերում Օթրանտի դուքսի գերբի կենտրոնում պատկերված է ոսկյա սյուն՝ միանգամայն հարմար խորհրդանիշ ոսկու այդ կրքոտ սիրահարի համար: Սյանը փաթաթված օձը ամենայն հավանականությամբ նորից թեթև մատնանշում է նոր դուքսի դիվանագիտական ճարտարամտության մասին: Հավանական է, Նապոլեոնի մոտ ծառայության մեջ եղել են խելացի զինանշանագետներ, քանզի դժվար կլիներ Ժոզեֆ Ֆուշեի համար ստեղծել ավելի հարմար գերբ:


1 Արքա (Ֆրանս.):
2 Guerre (Ֆրանս.) - պատերազմ, courriere ( Ֆրանս.) - փախչել, այսինքն՝ պատերազմների և արշավանքների մոլուցք:
3 Ֆրանսիան ես եմ (Ֆրանս.):
4 Նրան միայն այդ արատն էր պակասում (Ֆրանս.): Բառախաղ. vice` վիցե, և vicè՝ արատ: