ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
ՊԱՅՔԱՐ ԿԱՅՍՐԻ ԴԵՄ
1810
Մեծ օրինակը միշտ կամ փչացնում, կամ վեհացնում է ամբողջ մի սերունդ: Երբ երևան է գալիս Նապոլեոն Բոնապարտի նման մի մարդ, նրան մոտիկ մարդկանց համար ընտրության հնարավորություն է ստեղծվում՝ կամ նսեմանալ, նվաստանալ, մթագնվել նրա մեծությամբ, կամ հետևելով նրա օրինակին, մինչև վերջ լարել իր ուժերը: Նապոլեոնին մերձավոր մարդիկ անխուսափելիորեն պետք է դառնային նրա ստրուկները կամ նրա մրցակիցները. այդպիսի ականավոր անհատականությունը չի հանդուրժում կիսատպռատություն:
Ֆուշեն նրանցից մեկն էր, որին Նապոլեոնը հանեց հավասարակշռությունից: Նրա հոգին նա թունավորեց ագահության վտանգավոր օրինակով, մշտապես բարձրանալու դիվային ձգտումով: Ֆուշեն նույնպես, իր տիրոջ նման, միշտ ձգտում էր ընդարձակել իր իշխանության սահմանները, նա նույնպես ընդունակ չէ խաղաղ գոյության, հարմարակյաց լիության: Մեծ հիասթափություն են բերում նրան այն օրերը, երբ Նապոլեոնը Շենբրունից վերադառնում է որպես հաղթող և իր ձեռքն է վերցնում կառավարման սանձերը: Հրաշալի էին այն ամիսները, երբ նա կարող էր կարգադրություններ անել սեփական հայեցողությամբ՝ բանակ հավաքել, պրոկլամացիաներ թողարկել և, հաշվի չնստելով անվճռական գործընկերների հետ, ընդունել համարձակ որոշումներ, իշխել ամբողջ երկրին, խաղալ աշխարհի ճակատագրի մեծ սեղանի շուրջը: Իսկ այժմ Ֆուշեն պետք է նորից վերադառնա ոստիկանության մինիստրի պարտականությունների կատարմանը, պետք է հետևի դժգոհներին, լրագրային դատարկախոսներին, լրտեսական զեկույցներից ամեն օր կազմի տխուր տեղեկագրեր, հետաքրքրվի դատարկ բաներով՝ պարզել, օրինակ, թե ո՛ր կնոջ հետ է Թալեյրանը կապ ստեղծել և ով է բորսայում ռենտայի կուրսի երեկվա անկման մեղավորը: Ո՛չ, այն բանից հետո, երբ նա շփվեց համաշխարհային իրադարձությունների հետ, ձեռքում բռնեց մեծ քաղաքականության ղեկը, այդ բոլորը նրա խռովահույզ, խլրտումների ծարավի ուղեղին թվում էին մանրուքներ, քստմնելի թղթամրոտումներ: Ով մեծ խաղ է վարել, նա չի կարող բավարարվել այդպիսի դատարկ-մատարկ բաներով: Պետք է ցույց տալ, որ Նապոլեոնի հարևանությամբ էլ կարելի է սխրագործություններ կատարել՝ ահա միտք, նրան միշտ զրկում է հանգստից:
Բայց ինչի՞, թվում էր թե, կարելի է հասնել նրա կողքին, ով հասել է ամեն ինչի, ով հաղթել էր Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, Իսպանիային և Իտալիային, որին Եվրոպայի հնագույն դինաստիայի կայսրը կնության է տալիս էրցհերցոգուհուն, ով տապալեց պապին և Հռոմի հազարամյակների անսասան իշխանությունը, ով հենվելով Փարիզի վրա, ստեղծեց Եվրոպական համաշխարհային կայսրություն: Ջղաձգորեն, տենդայնորեն, խանդոտությամբ չորս կողմն էր նայում Ֆուշեի փառասիրությունը, փնտրելով արժանի խնդիր, և հիրավի, համաշխարհային տիրապետության շենքում դեռ պակասում է մեկ, ամենավերին ատամը՝ հաշտությունը Անգլիայի հետ: Եվ այդ վերջին եվրոպական սխրագործությունը Ժոզեֆ Ֆուշեն ուզում է կատարել մենակ, առանց Նապոլեոնի և ընդդեմ Նապոլեոնի:
Անգլիան 1809 թվականին, ինչպես և 1795 թվականին, Ֆրանսիայի ամենաանողոք թշնամին էր, ամենավտանգավոր հակառակորդը։ Ակքայի դարպասների, Լիսաբոնի ամրությունների առջև, աշխարհի բոլոր ծայրերում Նապոլեոնի կամքը բախվել է անգլոսաքսերի հանգիստ, մտածված, մեթոդական ուժին, և մինչ Նապոլեոնը նվաճում էր ամբողջ եվրոպական ցամաքը, անգլիացիները գրավեցին աշխարհի մյուս կեսը՝ ծովերը: Նրանք չեն կարողանում մեկմեկու բռնել. քսան տարի աշխատում են նրանք, ժամանակ առ ժամանակ վերսկսելով իրենց ջանքերը՝ ոչնչացնել մեկը մյուսին: Երկու կողմերն էլ այդ անմիտ պայքարում կորցրին նոր ուժեր և, հանձն չառնելով դա, փոքր-ինչ հոգնեցին։ Ֆրանսիայում, Անտվերպենում և Համբուրգում բանկերը դադարեցրին վճարումները այն ժամանակից, երբ անգլիացիները սկսեցին խեղդել նրանց առևտուրը: Թեմզայի վրա էլ իրենց հերթին նավեր էին կուտակվել չվաճառվող ապրանքներով. գնալով արժեզրկվում են անգլիական և ֆրանսիական արժեքները, և երկու երկրներում էլ կոմերսանտները, բանկիրները և խելոք գործարարները իրենց կառավարություններին դրդում էին համաձայնության գալու և երկչոտությամբ փորձում են սկսել նախնական բանակցություններ: Բայց Նապոլեոնի համար ավելի կարևոր է թվում, որ իր անմիտ եղբայր Ժոզեֆը պահպանի Իսպանիայի թագը, իսկ իր քույր Կարոլինան՝ Նեապոլը. նա դժվարությամբ ընդհատում է Հոլանդիայի դեմ սկսած հաշտության բանակցությունները, նրա երկաթյա բռունցքը դաշնակիցներին հարկադրում է իրենց նավահանգիստների մուտքը փակել անգլիական նավերի առջև և անգլիական ապրանքները թափել ծովը. ահա և Ռուսաստան են ուղարկվում սպառնալից նամակներ՝ ցամաքային բլոկադային ենթարկվելու պահանջով: Նորից կրքոտությունը վեր է կանգնում բանականությունից, և պատերազմը սպառնում է երկարաձգվելու, եթե վերջին ժամին խաղաղության խմբակցությանը չբավարարի արագ ու վճռականորեն հանդես գալու խիզախությունը:
Անգլիայի հետ վաղաժամ ընդհատված այդ բանակցություններին մասնակցում էր նաև Ֆուշեն: Նա կայսրի և հոլանդական թագավորի համար գտավ միջնորդ՝ ֆրանսիական մի ֆինանսիստի, որն էլ իր հերթին գտավ մի հոլանդացու, իսկ սա էլ գտավ անգլիական միջնորդի, փորձված ոսկյա կամրջի վրայով այդպես էին մի կառավարությունից մյուս կառավարություն անցնում, ինչպես յուրաքանչյուր պատերազմի ժամանակ և բոլոր դարաշրջաններում, համաձայնության գալու գաղտնի փորձերը։ Բայց այստեղ կայսրը խիստ հրամայեց ընդհատել բանակցությունները: Ֆուշեն դժգոհ է: Ինչո՞ւ չշարունակել բանակցությունները: Ձգձգել, առևտուր անել, խոստանալ, խաբել՝ նրա գլխավոր կիրքն է: Եվ Ֆուշեն կազմում է հանդուգն պլան: Նա որոշում է իր ռիսկով ու պատասխանատվությամբ շարունակել բանակցությունները, ընդ որում ձևացնելով, թե կատարում է կայսրի հանձնարարությունը, ինչպես իր գործակալներին, այնպես էլ անգլիական մինիստրությանը լրիվ հավատացնելով, որ հաշտության մասին նրանց միջնորդությամբ եռանդուն զբաղվում է կայսրը, այն ժամանակ, երբ իրականում զսպանակը շարժման մեջ էր դնում միայն ինքը՝ Օթրանտի դուքսը: Դա խելահեղ ձեռնարկում էր, կայսրի անվան ու սեփական դիրքի հանդուգն չարաշահում, պատմության մեջ անօրինակ լկտիություն: Բայց նման գաղտնիքները, այդպիսի երկիմաստ ու խճճված խաղը, որով նա խաղացնում է ոչ թե մեկ, այլ միաժամանակ երեքին կամ չորսին, բնածին, անուղղելի ինտրիգան Ֆուշեի բնածին կիրքն է: Ուսուցչի թիկունքում լեզու հանող դպրոցականի նման նա չարություն էր անում կայսրի թիկունքում այնպես, ինչպես հանդուգն տղան, որն անպատկառության ու խաբելու միջոցով միայն մի բավականություն ստանալու համար իրեն ենթարկում է խիստ հանդիմանության կամ պատիժ ստանալու վտանգին: Հարյուրավոր անգամ նա նախկինում զբաղվել է նման քաղաքական ադյուտերով (1), բայց դեռ երբեք իրեն թույլ չի տվել այդքան հանդուգն, կամայական և վտանգավոր արարք, ինչպես այդ բանակցությունները, որոնք նա վարում է Անգլիայի արտաքին գործերի մինիստրության հետ Անգլիայի և Ֆրանսիայի միջև հաշտության մասին՝ հակառակ կայսրի կամքի, բայց նրա անվան տակ:
Մտադրությունը հանճարեղորեն նախապատրաստված էր: Դրա իրականացման համար նա ներգրավեց իր մութ գործարարներից մեկին՝ բանկիր Ուվրարին, որը մի քանի անգամ Հազիվ էր փրկվել բանտ ընկնելուց: Նապոլեոնը արհամարհում էր այդ մութ անձնավորությանը վատ համբավի համար, բայց դա քիչ է հուզում բորսայում Ուվրարի հետ համագործակցող Ֆուշեին: Այդ մարդուն Ֆուշեն վստահում է, քանզի բազմիցս նրան դուրս էր հանել դժբախտությունից և ամուր պահում է իր ձեռքում։ Նա Ուվրարին ուղարկում է հոլանդական ազդեցիկ բանկիր դը Լաբուշերի մոտ, որը դիմում է Լոնդոնի իր աներոջը՝ բանկիր Բերինգին, իսկ այս վերջինը Ուվրարին ծանոթացնում է անգլիական կաբինետի հետ: Եվ ահա սկսվում է մի խենթ կարուսել. Ուվրարը, հասկանալի է, ենթադրում է, որ Ֆուշեն գործում է կայսրի հանձնարարությամբ և իր առաջարկությունները պաշտոնապես հանձնում է հոլանդական կառավարությանը: Դա անգլիացիների համար բավական հիմք է հանդիսանում, որպեսզի լուրջ վերաբերվեն բանակցություններին: Անգլիան ենթադրելով, որ բանակցություններ է վարում Նապոլեոնի հետ, բանակցում է Ֆուշեի հետ, որը, հասկանալի է, կայսրից խնամքով թաքցնում է խորհրդակցությունների ընթացքը: Նա ցանկանում է թույլ տալ գործը հասունանա, դժվարությունները հարթել, որպեսզի հանկարծակի, ինչպես Deus ex machina (2), կանոնի կայսրի և ֆրանսիական ժողովրդի առջև և հպարտորեն ասի. «Ահա՛ հաշտությունը Անգլիայի հետ: Այն, ինչին որ դուք ձգտում էիք, ինչը որ չի հաջողվել ձեր դիվանագետներից ոչ մեկին, արեցի ես՝ Օթրանտի դուքսս»:
Ափսո՜ս: Փոքրիկ, հիմար պատահականությունը ընդհատում է շախմատի այդ հոյակապ, հուզիչ պարտիան: Նապոլեոնն իր երիտասարդ կնոջ՝ Մարիա Լուիզայի հետ ուղևորվում է Հոլանդիա՝ այցելելու իր եղբորը, Լյուդովիկոս թագավորին: Աղմկալից ընդունելությունը նրան հարկադրեց մոռանալ քաղաքականության մասին: Բայց մի անգամ, պատահական զրույցի ժամանակ, Լյուդովիկոսը, որը, ինչպես և բոլորը, չի կասկածում, որ գաղտնի բանակցությունները տարվում են կայսրի համաձայնությամբ, հետաքրքրվում է, թե հաջո՛ղ են արդյոք անցնում դրանք: Նապոլեոնն զգուշանում է: Նա անմիջապես հիշում է, որ Անտվերպենում հանդիպել է այդ ատելի Ուվրարին: Ի՞նչ է կատարվում այստեղ: Ի՞նչ է նշանակում Անգլիայի և Հոլանդիայի այս շփումը: Բայց Նապոլեոնը չի մատնում իր զարմանքը. հարևանցիորեն նա եղբորը խնդրում է առիթ լինելու դեպքում իրեն ցույց տալ հոլանդական բանկիրի գրառումները: Նա անմիջապես կատարում է կայսրի խնդրանքը և Հոլանդիայից Փարիզ վերադարձի ճանապարհին Նապոլեոնը ժամանակ է գտնում ընթերցելու այն: Եվ իսկապես, դրանք բանակցություններ են, որոնց մասին նա մի փոքր անգամ պատկերացում չունի: Կատաղության հասնելով, նա արագ կռահում է Օթրանտի դուքսի որսագողական արարքը, որը նորից որս է անում ուրիշի հողի վրա: Բայց ընդօրինակելով այդ խորամանկի խորամանկ գործելաձևը, նա զուսպ քաղաքավարությամբ պահում է իր կասկածանքը, որպեսզի խորամանկ հակառակորդի մոտ կասկածանք չառաջացնի և նրան հնարավորություն չտա ծլկելու: Միայն իր ժանդարմերիայի հրամանատար Սավարիին՝ Ռովիգոյի դուքսին, հայտնում է ամեն ինչ և հրամայում է արագ և աննկատելի կալանավորել բանկիր Ուվրարին և տիրել նրա թղթերին:
Եվ միայն հունիսի 2-ին, հրաման տալուց երեք ժամ հետո, Նապոլեոնն իր մինիստրներին կանչում է Սեն-Կլու, կոպիտ առանց ակնարկների նա Օթրանտի դուքսին հարցնում է, թե հայտնի՞ է արդյոք նրան ինչ-որ բան Ուվրարի ուղևորության մասին և ինքը չի՞ արդյոք նրան ուղարկել Ամստերդամ: Ֆուշեն զարմացած է, բայց դեռ չի կասկածում, թե ինչ ծուղակի մեջ է ընկել. նա գործում է, ինչպես միշտ, երբ նրան ինչ-որ բանում մերկացնում են. նույն ձևով ինչպես հեղափոխության օրերին Շոմետի գործում և Դիրեկտորիայի դարաշրջանում՝ Բաբյոֆի գործում, նա աշխատում է դուրս պրծնել, ուղղակի հրաժարվելով իր հանցակցից: Ախ՜, Ուվրարը, բացատրում է նա, այդ կպչուն մարդը պատրաստ է իր քիթը խոթելու ամեն տեղ, ընդ որում, այդ գործն էլ բոլորովին լուրջ չէ, ուղղակի խաղ, երեխայություն: Բայց Նապոլեոնը պինդ է բռնել, և նրանից ազատվելը այնքան էլ հեշտ չէ. «Ոչ, դա դատարկ բան չէ, - պատասխան է շպրտում նա։ - Իր թագավորի թիկունքում թշնամու հետ բանակցություններ վարել այնպիսի պայմաններով, որոնք նրան հայտնի չեն և որոնց նա հազիվ թե երբևէ համաձայնի, դա իշխանության չլսված վերազանցում է: Դա պարտքի խախտում է, որը չի կարող տանել նույնիսկ ամենաներողամիտ կառավարությունը: Պետք է անհապաղ ձերբակալել Ուվրարին»: Ֆուշեն վատ է զգում: Դա՛ էր պակաս, Ուվրարին ձերբակալել: Նա կարող է ամեն ինչ դուրս տալ: Ֆուշեն ամեն տեսակ խորամանկություններով աշխատում է կայսրին ստիպել հրաժարվելու այդ արտակարգ միջոցից: Բայց կայսրը, իմանալով, որ իր անձնական պահակախումբը արդեն հոգացել է Ուվրարի ձերբակալման մասին, քմծիծաղով է լսում մերկացված մինիստրին։ Նա հիմա գիտի այդ հանդուգն մտադրության իսկական հրահրողին, և Ուվրարից խլած թղթերը շուտով կմերկացնեն Ֆուշեի սարքած ամբողջ խաղը։
Հիմա՛ որ կայծակը փայլատակեց անվստահության երկար ժամանակ կուտակված ամպերից։ Հաջորդ օրը, կիրակի, Նապոլեոնը պատարագից հետո (նա, մի քանի տարի առաջ պապին բանտարկելուց հետո, այժմ լինելով առաքելական Նորին մեծության փեսան, նորից դարձել էր բարեպաշտ) ընդունելության է հրավիրում բոլոր մինիստրներին ու բարձրաստիճան անձանց։ Չկա միայն մեկը՝ Օթրանտի դուքսը։ Նա հրավիրված չէ, չնայած զբաղեցնում է մինիստրական պաշտոն։ Կայսրը իր խորհրդականներին առաջարկում է տեղ զբաղեցնել սեղանի շուրջը և առանց դանդաղելու դիմում է նրանց հետևյալ հարցով. «Ի՞նչ կարծիքի եք այն մինիստրի մասին, որը չարաշահում է իր դիրքը և առանց թագավորի իմացության հարաբերություններ է ստեղծում օտարերկրյա տերության հետ։ Այն մինիստրի մասին, որը բանակցություններ է վարում իր հնարած հիմունքներով և, այդպիսով, հարվածի տակ է դնում իր երկրի քաղաքականությունը։ Մեր օրենսգրքով ի՞նչ պատիժ է նախատեսված պարտքի նման խախտման դեպքում»։ Այդ սուր հարցը դնելով, կայսրը նայում է բոլոր ներկաներին, իր մերձավորներից և դրածոներից սպասելով, անկասկած, արտաքսման կամ նման խայտառակ միջոցների մասին առաջարկությունների առաջքաշման։ Բայց, ավա՜ղ, մինիստրները կռահելով, թե ում է ուղղված նետը, պահպանում են տհաճ լռություն։ Հոգով նրանք համերաշխ են Ֆուշեի հետ, որը եռանդուն ձգտում է հաշտության կնքման, և որպես իսկական ծառաներ, ուրախ են ինքնակալի հետ խաղացած հանդուգն կատակի համար։ Թալեյրանը (որ արդեն մինիստր չէ, բայց որպես բարձրաստիճան մեծատոհմիկ, կանչված է գործի քննարկման) քմծիծաղում է իր համար. նա հիշում է երկու տարի առաջ իրեն հասցված նվաստացման մասին, և նրան բավականություն է պատճառում այդ դժվարին կացությունը, որի մեջ էին ընկել մի կողմից Նապոլեոնը, իսկ մյուս կողմից՝ Ֆուշեն. նա երկուսին էլ չի սիրում։ Վերջապես, կանցլեր Կամբասերեսը, խախտելով լռությունը, արտահայտվում է հաշտարար ոգով. «Դա անպայման սխալ է, որ արժանի է խիստ պատժի, և ներելի է միայն այն դեպքում, եթե մեղավորն այն գործել է իր ծառայական պարտականությունների նկատմամբ ունեցած անչափ ջանասիրությունից»: «Անչափ ջանասիրությո՜ւն ծառայական պարտականությունների նկատմամբ», - զայրացած բացականչում է Նապոլեոնը: Այդ պատասխանը նրան դուր չի գալիս, նա ուզում է ոչ թե արդարացնել, այլ լուրջ դաս տալ՝ օրինականորեն պատժել մեղավորին կամայականության համար: Կրքոտությամբ նա շարադրում է բոլոր հանգամանքները և ներկաներից պահանջում է թեկնածու առաջադրել Ֆուշեի փոխարեն:
Եվ նորից մինիստրներից ոչ մեկը չի շտապում խառնվել այդ տհաճ գործին: Ֆուշեն նրանց պակաս սարսափ չի ներշնչում, քան Նապոլեոնը: Վերջապես, Թալեյրանը, ինչպես միշտ դժվար վիճակում, դիմում է իր սիրած ձևին՝ սրամիտ կատակին: Դիմելով հարևանին, նա կիսաձայն ասում է. «Պարոն Ֆուշեն, անկասկած, սխալ է արել, բայց եթե ես նրա տեղը փոխարինող նշանակելու լինեի, կնշանակեի հենց այդ նույն Ֆուշեին»: Դժգոհ էր մինիստրներից, որոնց նա ինքն էր վերածել ավտոմատների ու մունջ մամելյուկների, Նապոլեոնը փակում է նիստը և իր աշխատասենյակն է կանչում կանցլերին. «Արդարև, չարժե չարչարվել խորհրդի դիմելու այդ պարոններին: Դուք տեսնում եք, թե ինչ օգտակար առաջարկություններ կարող են նրանք անել: Բայց, հույս ունեմ, դուք չեք մտածում, որ ես նրանց խորհրդին դիմեցի ավելի շուտ, քան այդ հարցը լուծել էի: Ես արդեն ընտրություն եմ կատարել. ոստիկանության մինիստր է լինելու դուքս Ռովիգոն»: Եվ վերջինիս հնարավորություն չտալով արտահայտվելու, թե հակում ունի՛ արդյոք այդ տհաճ միսիայի նկատմամբ, կայսրը հենց այդ նույն երեկոյան նրան դիմավորում է խիստ կարգադրությամբ՝ «Դուք ոստիկանության մինիստր էք: Երդում տվե՛ք և գործի անցե՛ք»:
Ֆուշեի պաշտոնաթողությունը դառնում է օրվա խնդիր, և անմիջապես ամբողջ հասարակայնությունն անցավ նրա կողմը: Ոչ մեկը չէր կարող այդ երկերեսանի մինիստրի կողմը այդքան համակրանք ստեղծել, որքան նրա դիմադրությունը հեղափոխության կողմից առաջ քաշված մարդու անսահմանափակ ինքնակալությանը, որն արդեն բեռ էր դարձել ազատությանը unվորած ֆրանսիացիների սերնդին: Եվ ոչ ոք չի ուզում հասկանալ, թե ինչու Անգլիայի հետ, վերջապես, հաշտություն կնքելու ձգտումը, հակառակ նույնիսկ ռազմատենչ կայսրի կամքի, հանդիսանում է պատժի արժանի հանցանք: Բոլոր կուսակցությունները՝ ռոյալիստները, հանրապետականները, յակոբինյանները, ինչպես և օտարերկրյա դեսպանները, միահամուռ կերպով Նապոլեոնի վերջին ազատամիտ մինիստրի անկման մեջ տեսնում են խաղաղության գաղափարների բացահայտ ոչնչացում, և նույնիսկ Նապոլեոնի սեփական ննջարանում նրա երկրորդ կինը՝ Մարիա Լուիզան, ինչպես մի ժամանակ Ժոզեֆինան, պաշտպանում էր Ժոզեֆ Ֆուշեին: Ֆրանսիական արքունիքում միակ մարդը, որին Մարիա Լուիզայի հայրը՝ ավստրիական կայսրը, մատնանշել է որպես վստահության արժանի, այժմ ազատված է, հուզված հայտարարում է նա: Ի՛նչը կարող է ավելի վառ արտահայտել ֆրանսիացիների տրամադրությունը, քան այն, որ հենց կայսրի դժգոհությունը մարդուն բարձրացրել է հասարակության աչքում. և ոստիկանության նոր մինիստր Սավարին, բնութագրելով Ֆուշեի ազատման առաջացրած շշմեցուցիչ տպավորությունը, հայտարարում է. «Ես կասկածում եմ, որ ժանտախտի երևալու լուրը չէր կարող առաջացնել այնպիսի մեծ վախ, որքան իմ նշանակումը որպես ոստիկանության մինիստր»: Իսկապես, այդ տասը տարիների ընթացքում Ժոզեֆ Ֆուշեն ուժեղացել էր կայսրի հետ միասին:
Հասկանալի չէ, թե ինչպես, բայց այդ արձագանքները այնուամենայնիվ ազդեցին Նապոլեոնի վրա, որովհետև Ֆուշեին դուրս անելուց հետո նա շտապում է հարթել տհաճ տպավորությունը: Այնպես, ինչպես նախկինում, 1802 թվականին, վիրավորանքը մեղմացվում է հետին թվով և քողարկվում է նոր նշանակումով: Մինիստրական պաշտոնի կորուստը Օթրանտի դուքսին փոխհատուցվում է պետական խորհրդականի պատվավոր տիտղոսով, և նրան նշանակում են կայսրության դեսպան Հռոմում: Նապոլեոնի անձնական նամակը Ֆուշեին, որում հայտնվում է պաշտոնաթողության մասին, շատ լավ է խոսում կայսրին տիրած տատնումների, սարսափի և զայրույթի, նախատինքների ու շնորհակալության, չարացածության ու հաշտվողականության մասին. «Պարոն Օթրանտի դուքս, - գրում է նա, - ես գնահատում եմ այն ծառայությունները, որոնք դուք ցույց եք տվել ինձ, հավատում եմ ձեր նվիրվածությանն ջերմեռանդությանը իմ անձին ծառայելու մեջ: Սակայն ես հնարավորություն չունեմ ձեզ թողնելու մինիստրի պաշտոնում, դրանով ես կնվաստացնեի իմ արժանապատվությունը: Ոստիկանության մինիստրի պաշտոնը պահանջում է լրիվ, բացարձակ վստահություն, որպիսին չի կարող լինել այն ժամանակից, երբ դուք շատ կարևոր գործում խաղաթղթերի վրա դրեցիք իմ և պետության անդորրությունը: Չկասկածելով ձեր նվիրվածությանն ու հավատարմությանը, ես այնուամենայնիվ հարկադրված էի դիմելու մշտական, ձանձրացուցիչ հսկողության, որն ինձ զզվեցնում է: Ձեզ հսկելը անհրաժեշտություն էր այն բազմաթիվ քայլերից հետո, որոնք դուք ձեռնարկում եք սեփական մղումով, չհետաքրքրվելով համապատասխանում են արդյոք դրանք իմ կամքին, իմ մտադրություններին... Ես չեմ կարող հուսալ, որ դուք կփոխեք ձեր գործողությունների ձևը, քանի որ արդեն մի քանի տարիների ընթացքում իմ դժգոհության բացահայտ արտահայտությունները ոչինչ փոխել չկարողացան: Հենվելով ձեր մտադրությունների անկեղծության վրա, դուք չցանկացաք հասկանալ, որ բարի մղումները կարող են հասցնել ոչ քիչ դժբախտությունների: Իմ հավատը ձեր ընդունակությունների և ձեր նվիրվածության նկատմամբ աներեր է: Ես հույս ունեմ, որ շուտով ձեզ առիթ կներկայանա կիրառելու առաջինը և, ինձ մոտ ծառայության մեջ գտնվելով, ապացուցելու երկրորդը»: Այդ նամակը, ինչպես գաղտնի բանալի, բացում է Ֆուշեի նկատմամբ Նապոլեոնի ամենանվիրական զգացումները, և արժե երկրորդ անգամ կարդալ այդ փոքրիկ շեդևրը, որպեսզի զգալ, թե ինչպես նրա ամեն մի ֆրազում միահյուսվում են ճանաչելն ու չճանաչելը, երախտագիտությունն ու անբարյացակամությունը, երկյուղն ու թաքնված հարգանքը: Ինքնակալն ուզում է ունենալ ստրուկ և զարմացած է, որ դեմ է առնում ինքնուրույն մարդու: Նա ձգտում է ազատվել նրանից, բայց վախենում է նրան թշնամի դարձնել իրեն: Նա ափսոսում է կորցնել նրան, դրա հետ միասին նա երջանիկ է, որ ազատվում է այդպիսի վտանգավոր մարդուց:
Բայց ինչ չափով աճում էր Նապոլեոնի ինքնավստահությունը, հսկայական չափերով մեծանում էր նաև նրա մինիստրի ինքնավստահությունը, իսկ համընդհանուր համակրանքը Ժոզեֆ Ֆուշեին հարկադրեց հանդես բերել էլ ավելի մեծ աներերություն: Ո՛չ, Օթրանտի դուքսը էլ թույլ չի տա այդպես հասարակ ձևով իրեն հեռացնելու: Թող Նապոլեոնը տեսնի, թե ինչ տեսք կընդունի ոստիկանության մինիստրությունը, երբ կվռնդեն Ժոզեֆ Ֆուշեին, և նրա հաջորդը թող զգա, որ համարձակվելով նրան փոխարինել, նստել է կրետի բնում, այլ ոչ թե մինիստրական բազկաթոռում: Դիվանագիտության մեջ միանգամայն նորելուկ Սավարիի նման ծեր բեղավորի համար չէ նա ամբողջ տասը տարի չարչարվել հիանալի լարված գործիքի կառուցման վրա, նրա համար չի չարչարվել, որ այդ տխմար տգետը կարողանա շարունակել իր աշխատանքը և իր նվաճումները համարի այն, որը մտածել է նրա նախորդը բազում օրերի ու գիշերների տանջալից աշխատանքով: Ո՛չ, իրեն ազատելը նրանց էժան չի նստի, ինչպես նրանք դա պատկերացնում են: Նրանք երկուսն էլ, և՛ Նապոլեոնը, և՛ Սավարին, կիմանան, որ Ժոզեֆ Ֆուշեն կարող է ոչ միայն մեջքը կռացնել, այլ նաև ցույց տալ մագիլները:
Ֆուշեն որոշեց չհեռանալ հեզաբար գլուխը խոնարհած: Նա վատ խաղաղություն չի ուզում, չի սիրում հանգիստ կապիտուլյացիա: Նա, իհարկե, այնքան հիմար չէ, որ բացահայտ դիմադրություն ցույց տա, դա նրա բնավորության մեջ չկա: Նա իրեն թույլ կտա միայն մի փոքրիկ կատակ, սրամիտ, ուրախ կատակ, որի վրա կծիծաղի ամբողջ Փարիզը, և որը Սավարիին ցույց կտա, որ Օթրանտի դուքսի անտառներում լարված են հրաշալի թակարդներ: Չպետք է մոռանալ Ժոզեֆ Ֆուշեի բնավորության զարմանալի, սատանայական գծերը. ծայրահեղ զայրույթն է հենց նրա մեջ պահանջ առաջացնում չար կատակ անելու, նրա արիությունը աճելով վեր է ածվում ոչ թե խիզախության, այլ գրոտեսկային-այլանդակ ամբարտավանության: Նրանց, ովքեր վիրավորել են նրան, նա բռունցքով չի ծեծում, այլ միշտ ու հատկապես չար՝ ծաղրածուի մտրակով, և ընդ որում այնպես, որ հակառակորդին հիմարացնում է: Եվ այն ժամանակ, փրփրելով ու ֆշշոցով այդ կարծեցյալ ուրախության պահին երես են դուրս գալիս այդ մտամփոփ մարդու մեջ թաքնված բոլոր գաղտնի մղումները, մերկացնելով խոր թաքնված այրող կրքոտությունն ու նրա բնավորության դիվայնությունը:
Եվ այսպես, պետք է չար խաղ խաղալ փոխարինողի գլխին: Նրա համար դժվար չէ դա հնարելը, հատկապես եթե գործ ունես այդպիսի պարզամիտ տխմարի հետ: Իր փոխարինողին հանդիպելու համար, որը պետք է պաշտոնի անցնի, Օթրանտի դուքսը հագնում է տոնական զգեստ և դնում է բացառիկ քաղաքավարության դիմակ: Եվ իսկապես, Ռովիգոյի դուքս Սավարին հազիվ էր ներս մտել, երբ Ֆուշեն նրան հեղեղում է հաճոյախոսություններով: Նա ոչ միայն նրան շնորհավորում է այդքան պատվավոր նշանակում ստանալու համար, այլև շնորհակալություն է հայտնում նրա համար, որ Սավարին նրան ազատում է այդ ծանր պաշտոնից, որից նա շատ է հոգնել: Հավատացնում է, թե երջանիկ է, որ վերջապես հնարավորություն է ստացել հանգստանալու հսկայական աշխատանքից: Քանզի այդ մինիստրությունը կառավարելը, ասում է նա, ոչ միայն հսկայական աշխատանք է, այլև անշնորհակալ (որում դուքսը շուտով կհամոզվի) և հատկապես այնպիսի մարդու համար, որը ընտելացած չէ դրան: Համենայն դեպս նա պատրաստակամություն է հայտնում նրան օգտակար լինել, որպեսզի մինիստրության մի քիչ խճճված գործերը (ազատելը նրան անակնկալի է բերել) արագ կարգի բերվի: Իհարկե, լրացնում է նա, դա կպահանջի որոշ ժամանակ, բայց եթե դուքս Ռովիգոն համաձայն է, նա՝ Ֆուշեն, հաճույքով իր վրա կվերցնի այդ թեթև աշխատանքը, մինչև Օթրանտի դքսուհին կտեղափոխվի նոր բնակարան: Բարեսիրտ Սավարին՝ Ռովիգոյի դուքսը, չի նկատում մի գդալ կուպրը մեղրի տակառում: Նա հաճելիորեն զարմացած է մի մարդու բացառիկ սիրալիրությունից, որին բոլորը համարում են չար ու խորամանկ, և նույնիսկ քաղաքավարությամբ շնորհակալություն է հայտնում Օթրանտի դուքսին նրա բացառիկ սիրալիրության համար: Իհարկե, թող Ֆուշեն մնա մինիստրությունում՝ ինչքան պետք է. խոնարհվելով, նա զգացված սեղմում է այդ ազնվագույն, անհարկի արատավորված մարդու ձեռքը:
Ափսոս, որ հնարավոր չէր տեսնել և նկատել Ժոզեֆ Ֆուշեի դեմքն այն պահին, երբ դուռը փակվեց նրա խաբված փոխարինողի հետևից: Տխմար դանդալոշ, քմծիծաղում է նա, մի՞թե դու մտածում ես, որ ես կարգի կբերեմ մինիստրության գործերը և, կանոնավոր դնելով դրանք թղթապանակներում, քո անճոռնի թաթը կտամ տասը տարվա տքնաջան աշխատանքով հավաքված բոլոր գաղտնիքները: Մի՞թե քեզ համար կյուղեմ և կմաքրեմ իմ կառուցած այնքան հիանալի մեքենան, որն անաղմուկ ներծծում և իր ատամներով ու անիվներով մշակում է ամբողջ երկրից ստացված տեղեկությունները: Հիմա՜ր, դու դեռ բերանդ լայն բաց կանես:
Անմիջապես սկսվում է տենդագին աշխատանքը: Հավատարիմ ընկերը օգնության է կանչված: Խնամքով փակվում է աշխատասենյակի դուռը և բոլոր կարևոր գաղտնի թղթերը հապճեպ հանվում են գործերից: Նրանք, որոնք կարող են դեռ ինչ-որ ժամանակ պետք գալ, մեղադրող ու դավաճանական փաստաթղթերը Ժոզեֆ Ֆուշեն առանձնացնում է սեփական օգտագործման համար, մնացած բոլորը անխնա այրում է: Պարոն Սավարին ինչո՞ւ իմանա, թե Սեն-Ժերմեն արվարձանում ապրող ազնվականության ներկայացուցիչներից, զինվորականներից, պալատականներից ով է լրտեսական բնույթի ծառայություն կատարել: Դա շատ կթեթևացնի նրա աշխատանքը: Եվ այդպես՝ կրակը նետե՛լ այդ ցուցակները: Թող մնան միանգամայն աննշան լրատուների և մատնիչների, դռնապանների և պոռնիկների անունները, որոնցից Սավարին միևնույն է ոչ մի կարևոր բան չի իմանա: Թղթապանակները կայծակնային ձևով մաքրվում են: Չքանում են արտասահմանյան ռոյալիստների և գաղտնի թղթակիցների անուններով կարևոր ցուցակները, ամեն ինչ հմտորեն վեր է ածվում անկարգության, ավերվում է գրանցման համակարգը, գործերին տրվում է ոչ ճիշտ համարակալում, տեղափոխվում են շիֆրերը և դրա հետ միասին, որպես լրտես հավաքագրվում են ապագա մինիստրի կարևորագույն ծառայողները, որոնք պարտավոր են ամեն ինչի մասին տեղեկացնել նախկին և իսկական տիրոջը: Հսկայական մեխանիզմից Ֆուշեն հանում ու ջարդում է պտուտակ պտուտակի հետևից, որպեսզի դյուրահավատ փոխարինողի ձեռքում ատամնանիվները չմիակցվեն և փոխանցումները խափանվեն: Ինչպես ռուսները Նապոլեոնի մուտքից առաջ վառեցին իրենց սուրբ քաղաքը՝ Մոսկվան, որպեսզի նրան զրկեն հարմար բնակարաններից, այդպես Ֆուշեն ավերում ու ականապատում է իր կյանքի գեղեցիկ ստեղծագործությունը: Չորս օր ու գիշեր ծխում է բուխարին, չորս օր ու գիշեր շարունակվում է այդ դիվային աշխատանքը: Եվ ոչ ոք չի կռահում, որ պետական գաղտնիքները տեղափոխվում են Ֆերյերի պահարանները կամ ծխի հետ միասին քամուն են տրվում:
Իսկ հետո նորից արտակարգ քաղաքավարի, բացառիկ սիրալիր խոնարհ ողջույն ոչինչ չկասկածող փոխարինողի առջև՝ խնդրում եմ, նստեցեք: Ձեռք սեղմումներ և ընդունված ժպիտով շնորհակալություններ: Իսկապես ասած, Օթրանտի դուքսը այժմ պետք է ճեպընթաց կառքով սլանար Հռոմ և այնտեղ ստանձներ դեսպանի իր պարտականությունները, բայց նա ուզում է էլի մնալ իր ամրոցում՝ Ֆերյերում: Եվ այնտեղ, թաքուն անհամբերությունից և ուրախությունից դողալով, սպասում է գլխին խաղացված խաղը հասկացած, իր խաբված փոխարինողի զայրույթի առաջին պոռթկումին:
Պիեսը հիանալի է մտածված, այնպես չէ՞, նրբորեն խաղացված և հանդուգն կերպով հասցված է մինչև վերջ: Ցավոք, Ժոզեֆ Ֆուշեն այդ ուրախ խաբեության մեջ թույլ տվեց մի փոքրիկ վրիպում: Ենթադրելով, թե ծիծաղում է անփորձ, նորաթուխ դուքսի, այդ մինիստր-մանուկի վրա, մոռացել էր, որ իրեն փոխարինողին նշանակել է տիրակալը, որը կատակ չի սիրում: Նապոլեոնն առանց այն էլ արդեն անվստահությամբ հետևում է Ֆուշեի վարքագծին: Նրան դուր չի գալիս գործերի հանձնման մեջ այդ դանդաղկոտությունը և Հռոմ մեկնելու հետաձգումը: Բացի դրանից, Ֆուշեի գլխավոր օգնականի՝ Ուվրարի գործունեության հետաքննությունը տվեց անսպասելի արդյունքներ. պարզվեց, որ դեռ առաջ, ուրիշ միջնորդի միջոցով Ֆուշեն փաստաթղթեր է հանձնել անգլիական կաբինետի համար: Առայժմ դեռ ոչ ոքի չէր հաջողվել կատակել Նապոլեոնի հետ: Հունիսի 17-ին անսպասելիորեն Ֆերյեր է գալիս մտրակի հարվածի պես խիստ մի գրություն. «Պարոն Օթրանտի դուքս, խնդրում եմ Ձեզ ուղարկել ինձ այն առաջարկությունը, որը ձեր կողմից հանձնվել է ինչ-որ պարոն Ֆագանի՝ լորդ Ուելսլիի հետ բանակցություններ վարելու համար, և Ձեզ բերած նրա պատասխանը, որի մասին ես ոչինչ չեմ իմացել»: Այդ ահեղ շեփորները կարող էին արթնացնել նաև մեռածին: Բայց Ֆուշեն, արբեցած կասկածով ու ավյունով, չի շտապում պատասխանել: Մինչև այդ Թյուիլրիում կրակի վրա յուղ է լցվում: Սավարին նկատում է ոստիկանության մինիստրության կողոպուտը և հուզված այդ մասին հայտնում է կայսրին: Անմիջապես թռչում են երկրորդ և երրորդ գրությունները՝ առանց դանդաղելու ուղարկել «ամբողջ մինիստրական պորտֆելը» հրամանով: Կաբինետի քարտուղարը անձամբ Ֆուշեին է հանձնում կարգադրություն և հրաման՝ Օթրանտի դուքսից խլել նրա կողմից անօրինականորեն յուրացված թղթերը: Կատակը վերջացած է: Սկսվում է պայքարը:
Հիրավի կատակը վերջացած է. ժամանակն է, որ Ֆուշեն հասկանա դա: Բայց նա, կարծես դիվահար, պատրաստվում է ուժերը լրջորեն չափել Նապոլեոնի, աշխարհի ամենաուժեղ մարդու հետ: Նա ավետաբերին իր մեծ ափսոսանքն է հայտնում այն մասին, որ նշված թղթերը իր մոտ չկան. նա բոլորն այրել է: Դրան ոչ մի մարդ չի հավատա և ամենից քիչ Նապոլեոնը: Նա Ֆուշեին երկրորդ անգամ ուղարկում է սուր ու համառ հիշեցում. կայսրի անհամբերությունը հայտնի է բոլորին: Բայց անխոհեմությունը փոխվում է համառության, համառությունը՝ լկտիության, լկտիությունը՝ ուղիղ մարտահրավերի: Ֆուշեն կրկնում է, որ իր մոտ ոչ մի թերթիկ չկա, իսկ կայսրի մասնավոր թղթերի կարծեցյալ ոչնչացման շարժառիթները բացատրելու համար դիմում է շանտաժի. կայսրը, ասում է նա ներողություն խնդրելով, իրեն այնքան մեծ վստահության է արժանացրել, որ հանձնարարել է հիշեցնել իր եղբայրներին նրանց պարտականությունների մասին, երբ պատահել է, որ նրանք դժգոհության առիթ են տվել նորին մեծությանը: Եվ քանի որ Նապոլեոնի եղբայրներից յուրաքանչյուրը իր հերթին վստահել է նրան իր բողոքները, նա իր պարտքն է համարել չպահել նման նամակները: Նորին մեծության քույրերը նույնպես միշտ չէ, որ պարսպված են եղել զրպարտությունից, և կայսրը ինքն է արժանի համարել հայտնելու նրան նման բոլոր դեպքերի մասին, հանձնարարելով իմանալ, թե հատկապես նրա օգոստոսափառ քույրերի ո՛ր անխելամիտ արարքները կարող էին դրան առիթ տալ: Պարզ է, միանգամայն պարզ է՝ Ֆուշեն կայսրին ակնարկում է, որ նրան շատ բան է հայտնի և նա իրեն թույլ չի տա նրա հետ վարվելու, ինչպես լակեյի հետ: Լրաբերը հասկանում է սպառնալիքների շորթողական բնույթը և, իհարկե, շատ է դժվարանում ինչ-որ ձևով տիրակալին հասցնելու այդքան հանդուգն պատասխանը. կայսրը անմիջապես դուրս է գալիս հավասարակշռությունից: Նա այնպես է մոլեգնում, որ դուքս Մասսան ստիպված է լինում հանգստացնել նրան և, ցանկանալով վերջ դնել այդ տհաճ գործին, առաջարկում է անհնազանդ մինիստրին անձամբ հարկադրել հանձնելու թաքցրած թղթերը: Երկրորդ պահանջը գալիս է ոստիկանության նոր մինիստր դուքս Ռովիգոյից: Բայց Ֆուշեն բոլորին պատասխանում է միանման քաղաքավարությամբ ու վճռականությամբ, շա՜տ, շատ ափսոս, բայց չափից ավելի զգուշությունը նրան դրդեց վառելու թղթերը: Առաջին անգամ մի մարդ Ֆրանսիայում իրեն թույլ է տալիս բացահայտ կերպով դիմադրություն ցույց տալ կայսրին:
Բայց դա արդեն չափից դուրս է: Այնպես, ինչպես Նապոլեոնը տասը տարում չկարողացավ ըստ արժանվույն գնահատել Ֆուշեին, այդպես էլ Ֆուշեն թերագնահատեց Նապոլեոնին, ենթադրելով, որ նրան կարելի է վախեցնել մի քանի գաղտնիքներ հրապարակելու սպառնալիքով: Բոլոր մինիստրների առաջ դիմադրություն ցույց տալ մի մարդու, որին Ալեքսանդր թագավորը, ավստրիական կայսրը և սաքսոնական թագավորը կնության են առաջարկել իրենց աղջիկներին, որի առջև, ինչպես դպրոցականներ, դողում են գերմանական և իտալական թագավորները: Այդ չորացած մումիան, այդ խղճուկ ինտրիգանը, որ դեռ չի հագել դուքսի թիկնոց, չի՞ ուզում ենթարկվել մի մարդու, որի առջև չկարողացան կանգնել Եվրոպայի բոլոր բանակները: Ո՛չ, Նապոլեոնի հետ չի կարելի նման կատակներ թույլ տալ: Նա անհապաղ կանչում է իր անձնական ոստիկանության շեֆ Դյուբուային, որի ներկայությամբ ընկնում է կատաղության անզուսպ մոլուցքի մեջ՝ մերկացնելով նողկալի, անարգ Ֆուշեին: Անհողդողդ թնդուն քայլերով նա զայրացած հետ ու առաջ է գնում և հանկարծ ճչում է. «Թող նա հույս չտածի, որ նրան կհաջողվի ինձ հետ վարվել այնպես, ինչպես նա վարվեց աստծո, Կոնվենտի և Դիրեկտորիայի հետ, որոնց նա ստորաբար դավաճանեց ու ծախեց: Իմ հայացքն ավելի սրատես է, քան Բարրասինը, ինձ հետ այդքան թեթև խաղալ չի լինի, ես նրան խորհուրդ եմ տալիս զգուշանալ: Ես գիտեմ, որ նրա մոտ կան փաստաթղթեր ու հրահանգներ, որոնք տվել եմ նրան, և ես պահանջում եմ, որ դրանք վերադարձնի: Եթե նա հրաժարվի, նրան անմիջապես տվեք մի տասնյակ ոստիկանների ձեռքը, թող նրան տանեն բանտ, և, երդվում եմ աստծով, ես նրան ցույց կտամ, թե ես ինչքան արագ կարող եմ դատաստան տեսնել»:
Այժմ օդում խանձահոտ կա: Ֆուշեի քիթը զգաց սուր, սպառնալից հոտ: Եվ երբ Դյուբուան ներկայանում է, Ֆուշեն ստիպված թույլ է տալիս, որ նրա մոտ, Օթրանտի դուքսի և ոստիկանության նախկին մինիստրի մոտ, նրան ծառայող ենթարկյալը կնքի թղթերը՝ միջոցառում, որը կարող էր վտանգավոր դառնալ, եթե զգույշ մինիստրը նախապես չպահեր բոլոր ամենաէական և կարևոր փաստաթղթերը: Բայց և այնպես նա սկսում է հասկանալ, որ գերանդին քարին է խփել: Նա տենդայնորեն իրար հետևից նամակներ է գրում մեկը կայսրին, մյուսները՝ մինիստրներից ոմանց, որպեսզի բողոքի այն անվստահության դեմ, որը արտահայտում են նրա նկատմամբ ամենաազնիվ, ամենաանկեղծ, ամենազուսպ, մինիստրներից ամենահավատարիմ հպատակին, և այդ նամակներից մեկում հատկապես թանկարժեք է մի հմայիչ ֆրազ. «Il n’est pas dans mon caractère de changer» (3) (այո՛, այո՛, հենց այդ բառերը սեփական ձեռքով, սևով սպիտակի վրա գրել է քամելեոն Ֆուշեն): Ինչպես տասնհինգ տարի առաջ Ռոբեսպիերի հետ ընդհարման ժամանակ, նա այժմ էլ հույս ունի հապճեպ հաշտությամբ կանխել դժբախտությունը: Նա կառք է նստում և գնում Փարիզ, որպեսզի անձամբ ամեն ինչ բացատրի կայսրին, կամ, ավելի ճիշտ, ներողություն խնդրի:
Բայց արդեն ուշ է: Նա չափից ավելի է զվարճացել, չափազանց երկար է կատակել, այժմ հաշտվել այլևս հնարավոր չէ, հնարավոր չէ նաև համաձայնությունը. ով համարձակվել է հրապարակայնորեն մարտահրավեր նետել Նապոլեոնին, պետք է հրապարակայնորեն նվաստացվի: Ֆուշեն նամակ է ստանում, այնպիսի սուր ու խիստ, ինչպիսին, հավանաբար, Նապոլեոնը ոչ մի անգամ չէր գրել իր մինիստրներին: Շատ կարճ է այդ նամակը, դա մի աքացու հարված է. «Պարոն Օթրանտի դուքս, ձեր ծառայությունները այլևս ինձ պետք չեն: Քսանչորս ժամվա ընթացքում դուք պարտավոր եք գնալ ձեր կալվածքը»: Ոչ մի հիշատակում Հռոմում դեսպան նշանակելու մասին. բացահայտ, կոպիտ հեռացում, և այն էլ արտաքսում: Ոստիկանության մինիստրը միաժամանակ հրաման է ստանում հետևել հրովարտակի անհապաղ կատարմանը:
Լարվածությունը չափազանց մեծ էր, խաղը՝ չափազանց խիզախ, և այն վերջանում է անսպասելիորեն. Ֆուշեն պարտված է, նա նման է լուսնոտի, որ համարձակ զբոսնում է տանիքների վրա, բայց, բարձր գոռոցից արթնանալով, սարսափի մեջ է ընկնում իր անմիտ խիզախությունից և անդունդն է գլորվում: Այն նույն մարդը, որը չկորցրեց ինքնատիրապետումը և մտքի պայծառությունը համարյա գիլյոտինի դանակի տակ, ամենախղճուկ ձևով կուչ է եկել Նապոլեոնի հարվածի տակ: Դա 1810 թվականի հուլիսի 3-ն է՝ Ժոզեֆ Ֆուշեի Վաթեռլոն։ Նյարդերը չեն դիմանում, նա նետվում է արտասահմանյան անձնագրերի գծով մինիստրի մոտ, առանց կանգառի սլանում է Իտալիա, յուրաքանչյուր կայարանում փոխելով ձիերը: Այնտեղ նա տեղից տեղ է վազում, ինչպես կատաղած առնետը տաք սալօջախի վրա: Նա մեկ Պարմում է, մեկ Ֆլորենցիայում, մեկ Պիզայում, մեկ Լիվոռնոյում, փոխանակ համաձայն կարգադրագրի գնալու իր կալվածքը: Նա սարսափելի խուճապի մեջ է: Միայն թե Նապոլեոնի հասանելիությունից դուրս լինի, այնտեղ, որտեղ նրա ձեռքը չի հասնում: Նույնիսկ Իտալիան նրան ոչ բավարար հուսալի պաշտպան է թվում, դա այնուամենայնիվ Եվրոպա է, իսկ ամբողջ Եվրոպան ենթարկված է այդ սարսափելի մարդուն: Եվ ահա նա Լիվոռնոյում նավ է վարձում, որպեսզի անցնի Ամերիկա՝ անվտանգության ու ազատության երկիրը, բայց փոթորիկը, ծովային հիվանդությունը և սարսափը անգլիական հածանավերից նրան հետ են քշում, և, նորից խելակորույս, նա կառքով զիգզագներով սլանում է նավահանգստից նավահանգիստ, քաղաքից քաղաք, օգնություն է աղերսում Նապոլեոնի քույրերից, իշխաններից, բարեկամներից, անհետանում է, նորից է մակերես ելնում ի դառնություն ոստիկանական չինովնիկների, որոնք մեկ նրա հետքի վրա են ընկնում, մեկ նորից կորցնում են այն. մի խոսքով, Ֆուշեն իրեն պահում է ինչպես խելագար, ինչպես սարսափից խելքը թռցրած մարդ, և առաջին անգամ նա, նյարդերից զուրկ այդ մարդը, կարող է լրիվ նյարդային ցնցման օրինակ ծառայել: Նապոլեոնը երբեք մի շարժումով, բռունցքի մի հարվածով թշնամուն այդպես վճռականորեն չի ջախջախել, ինչպես իր ծառաներից այդ ամենահամարձակին ու սառնասրտին:
Այդպես, մեկ թաքնվելով, մեկ նորից երևալով, նա շարունակում է տենդայնորեն դեսուդեն նետվել, անցնում են շաբաթներ, և հնարավոր չէ հասկանալ (նույնիսկ նրա հրաշալի կենսագիր Մադլենը դա չգիտի, այո՛, հավանաբար, նա ինքն էլ չի իմացել), թե ինչ է ուզել այդ օրերին և ինչի է ձգտել: Ըստ երևույթին, միայն կառքի մեջ էր նա իրեն պաշտպանված զգում Նապոլեոնի կարծեցյալ վրեժից, որը արդեն վաղուց լրջորեն չի մտածում վնաս հասցնել իր անհնազանդ ծառայի կյանքին: Նապոլեոնը միայն ուզում էր իր ասածն անել՝ վերադարձնել իր թղթերը, և նա դրան հասավ: Քանզի, քանի դեռ խելազուրկ, հիստերիայի մեջ ընկած Ֆուշեն ամբողջ Իտալիայով քշում էր փոստային ձիերը, Փարիզում մնացած նրա կինն ավելի խելացի է վարվում. նա կապիտուլյացվում է նրա փոխարեն. կասկած չկա, Օթրանտի դքսուհին, որպեսզի փրկի իր ամուսնուն, գաղտնի Նապոլեոնին է հանձնում նենգաբար թաքցրած թղթերը, քանզի այն մտերմական փաստաթղթերից ոչ մեկը, որոնց մասին ակնարկում էր Ֆուշեն, շանտաժի ենթարկելով Նապոլեոնին, երբեք չէր հրապարակել: Ֆուշեի մոտ պահվող և անձամբ Նապոլեոնին վերաբերող փաստաթղթերը անհետ չքացան այնպես, ինչպես Բարրասի թղթերը, որոնք նրանից գնել էր կայսրը, և նրան անվանարկող մյուս փաստաթղթերը: Ինչ-որ մեկը, կամ ինքը Նապոլեոնը, կամ Նապոլեոն III-ը վերջնականապես այն պես ոչնչացրեց այդ փաստաթղթերը, որոնք կարող էին չհամապատասխանել Նապոլեոնի կանոնականացված պատկերին:
Վերջապես, Ֆուշեն ողորմածաբար թույլտվություն է ստանում` վերադառնալու Էքսի իր կալվածքը: Ամպրոպը ցրվեց, կայծակը խոցել էր միայն նյարդերը, խնայելով ուղեղը: Սեպտեմբերի 25-ին հալածական Ֆուշեն վերադառնում է իր կալվածքը, «գունատ, հոգնած մարդ, որի անկապ մտքերն ու խոսքերը վկայում են նյարդային քայքայվածության մասին»: Բայց նրա համար բավական ժամանակ կլինի, որպեսզի իր նյարդերը կարգի բերի, քանզի ով գեթ մի անգամ դիմադրություն է ցույց տվել Նապոլեոնին, նա երկար ժամանակ ազատ կմնա հասարակական բոլոր գործերից: Փառասերը պետք է հատուցի իր չար կատակի համար. ալիքը նորից գլորեց նրան և նետեց հատակը: Երեք տարով Ժոզեֆ Ֆուշեն զրկվեց դիրքից ու պաշտոնից, սկսվեց նրա երրորդ աքսորը:
1 Ամուսնական անհավատարմություն:
2 - Մեքենայից հայտնված աստված (լատ.):
3 - Իմ բնավորությանը հատուկ չէ փոփոխամտությունը (Ֆրանս.):