ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ
ՀԱՐԿԱԴՐՅԱԼ ԻՆՏԵՐՄԵՑՈ
1810-1815
Սկսվեց Ժոզեֆ Ֆուշեի երրորդ աքսորը: Պաշտոնաթող մինիստր, Օթրանտի դուքսը ապրում է իր հոյակապ էքս ամրոցում, ինչպես տիրակալ իշխան: Նա հիսուներկու տարեկան է, մինչև վերջ ճանաչել է քաղաքական կյանքի բոլոր դժվարություններն ու զվարճանքները, բոլոր հաջողություններն ու անհաջողությունները, ճակատագրի փոթորկուն ծովի տեղատվությունների ու մակընթացությունների հավերժական փոփոխությունը: Նա ճաշակեց իշխանավորների ողորմածությունը և զրկյալի հուսահատությունը, նա այնքան աղքատ է եղել, որ տագնապել է հանապազօրյա հացի համար, և անչափ հարուստ է եղել, սիրելի է եղել ու ատելի, փառաբանված ու արտաքսված. այժմ նա՝ դուքսը, սենատորը, նորին մեծությունը, մինիստրը, պետական խորհրդականը և միլիոնատերը ոչ ոքից կախված չէ, բացի սեփական կամքից, ու կարող է, վերջապես, հանգստանալ ոսկե ափին: Իր շքեղ կառքով նա հանգիստ մեկնում է զբոսանքի, այցելություններ է տալիս տեղական ազնվականությանը, գավառում նրան բարձր պատիվներ են տալիս, և նա գաղտնի համակրանքի արտահայտություններ է ստանում Փարիզից: Նա ազատված է տխմար չինովնիկների ու բռնապետ տիրակալի հետ նյարդեր քայքայող շփում ունենալուց: Եթե դատենք նրա գոհունակ տեսքից, Օթրանտի հերցոգը իրեն հիանալի է զգում procul nego tiis (1)։ Բայց թե որքան խաբուսիկ է նրա գոհունակ տեսքը, պարզ է նրա հուշերի (ընդհանրապես քիչ արժանահավատ) հետևյալ (անկասկած, արժանահավատ) տեղից. «Իմ մեջ բնակություն հաստատած՝ ամեն ինչի մասին ամեն ինչ իմանալու սովորույթը չլքեց ինձ և տանջում էր տխուր ու միապաղաղ, թեև հաճելի աքսորի մեջ» (2): Նրա անձնական խոստովանությամբ charme de sa retratie (նրա մենակեցությանը հմայք) տալիս է ոչ թե Պրովանսի նուրբ բնապատկերը, այլ մայրաքաղաքից լուրեր ու զեկույցներ ստանալը: «Հավատարիմ բարեկամների և հուսալի բանբերների օգնությամբ ես գաղտնի գրագրություն կազմակերպեցի Փարիզի հետ, կանոնավոր կերպով ստանալով փոխադարձաբար միմյանց լրացնող լուրեր: Մի խոսքով, Էքսում ես ունեի իմ մասնավոր ոստիկանությունը»: Այդ անդադրում Մար դը հաճույքի համար այժմ զբաղվում է այնպիսի բանով, որը նրան թույլատրելի չէ ըստ ծառայության, և եթե նա արդեն այլևս չի կարող լինել մինիստրություններում, ապա նա ուզում է գոնե ուրիշի աչքերով ծիկրակել կողպեքների անցքերից, ուրիշի ականջներով լսել զանազան խորհրդակցություններ և գլխավորապես հոտոտել, թե վերջապես հնարավորություն չի՛ ստեղծվել նորից առաջարկելու իր ծառայությունները, նորից բախվելու ժամանակի խաղասեղանին:
Բայց Օթրանտի դուքսը դեռ երկար պիտի հեռու մնար գործերից, որովհետև Նապոլեոնը նրա կարիքը չուներ: Նա կանգնած է իր հզորության գագաթին, նվաճել է Եվրոպան, ավստրիական կայսրի փեսան է և (կատարվել էր նրա ամենաբուռն ցանկությունը) հռոմեական թագավորի հայրը: Գերմանական և իտալական բոլոր իշխանները խոնարհաբար հաճոյանում են նրա առջև, շնորհակալ այն ողորմածության համար, որ նրան ցանկալի է եղել նրանց թողնելու իրենց թագերն ու թագիկները. արդեն սասանվել է նրա վերջին ու միակ թշնամին՝ Անգլիան: Այդ մարդն այնքան ամենազոր է, որ նա կարող է ժպիտը դեմքին հրաժարվել այնպիսի ճարպիկներից, բայց քիչ հուսալի օգնականներից, ինչպիսին Ֆուշեն է, իսկ պարոն դուքսը այժմ առաջին անդամ բավականին ժամանակ ունի, որպեսզի հանգիստ խորհի այն անմիտ ամբարտավանության համար, որը նրան դրդել է ուժերով չափվել բոլոր մարդկանցից այդ ամենահզորի հետ: Կայսրը Ֆուշեին չի արժանացնում նույնիսկ իր ատելության առարկան դարձնելու պատվին. այն հսկայական բարձրությունից, որին բախտը հասցրել է Նապոլեոնին, նա չի էլ նկատում մանր, խայթող միջատին, որը ինչ-որ ժամանակ բույն էր դրել նրա մուշտակի մեջ, մինչև որ տերը դուրս չնետեց նրան մի ուժեղ թափահարումով: Նա չի նկատում շնորհազրկվածի ոչ աներեսությունը, ոչ նրա բացակայությունը. Ֆուշեն նրա համար այլևս գոյություն չունի: Տապալված մինիստրին ոչինչ այնքան հստակ ցույց չի տալիս, թե Նապոլեոնը ինչքան քիչ է նրան հարգում և վախենում նրանից, որքան Ֆուշեի թույլտվություն ստանալը տեղափոխվելու Փարիզից երկու ժամվա հեռավորության իր Ֆարյեր ամրոցը: Կայսրը, սակայն, նրան մոտիկ չի թողնում. Փարիզն ու Թյուիլրին փակված են այն մարդու առջև, որը համարձակվել է հակադրվել Նապոլեոնին:
Այդ դատարկ երկու տարվա ընթացքում Ժոզեֆ Ֆուշեն միայն մի եզակի անգամ հրավիրվում է արքունիք: Նապոլեոնը պատերազմ է պատրաստում Ռուսաստանի դեմ, բոլորը հետ են համոզում նրան, և դրա համար նա ցանկանում է, որ Ֆուշեն այս անգամ արտահայտի իր կարծիքը: Ֆուշեն, եթե հավատանք նրան, խիստ նախազգուշացնում է կայսրին և նրան հանձնում է (միայն եթե նա այն չի թխել post factum) այն հուշագիրը, որի մասին խոսվում է նրա հուշագրություններում. բայց Նապոլեոնը արդեն վաղուց ընդունակ է միայն նրանց լսելու, ովքեր հաստատում են նրա սեփական մտքերը, նա կարիք է զգում միայն իր խոսքերի ստրկական հաստատման, նրան թվում է, թե նրանք, ովքեր իրեն համոզում են հետ կանգնելու պատերազմից, կասկածում են նրա մեծությանը: Դրա համար Ֆուշեին սառը կերպով հետ են ուղարկում իր ամրոցը, պարապ աքսորի, այն ժամանակ, երբ կայսրը վեց հարյուր հազար մարդով ձեռնարկել է իր սխրագործություններից ամենախիզախն ու ամենաանմիտը՝ արշավանք Մոսկվայի վրա:
Ժոզեֆ Ֆուշեի զարմանալի ու փոփոխական կյանքում նկատվում է տարօրինակ ռիթմիկություն: Երբ նա վեր է բարձրանում, ամեն ինչ նրան հաջողվում է, երբ նա ընկնում է, բախտը նրան շրջվում է թիկունքով: Այժմ, երբ նա, դառնացած ու չարացած, ապրում է շնորհազրկության ստվերում, իր հեռավոր ամրոցում, քաղաքից հեռու, և հարկադրական անգործության մեջ սպասում է իրադարձությունների զարգացմանը, և հատկապես հիմա, երբ նա հուսախաբված է ու կարիք է զգում հոգեկան աջակցության, կարեկցության ու քնքուշ սփոփանքի, կորցնում է միակ մարդուն, որը քսան տարվա ընթացքում սիրով ու համբերությամբ սատարել է նրան, բոլոր վտանգների դեպքում ուղեկցելով նրան՝ Ֆուշեն կորցնում է կնոջը: Առաջին արտաքսման ժամանակ, ձեղնահարկում, մահացան նրա առաջին երկու ամենասիրելի երեխաները, երրորդ արտաքսման ժամանակ նրանից հեռացավ կյանքի ուղեկիցը: Այդ կորուստը ցնցում է նրան մինչև կարծես անզգա հոգու խորքը: Բոլոր կուսակցություններին ու բոլոր գաղափարներին դավաճանած այդ անթափանցելի մարդը սրտաշարժ հավատարմություն էր պահպանել իր տգեղ կնոջ նկատմամբ, եղել է շատ ուշադիր ամուսին ու հոգատար հայր. այնպես, ինչպես գրասենյակային բյուրոկրատի սառը դիմակի տակ թաքնված էր նյարդային ինտրիգանը և մոլի քաղաքական խաղացողը, այնպես էլ այդ անձնավորության խարդախության ու ստորության տակ երկչոտությամբ ու անտեսանելի թաքնված էր բարեկանոն բուրժուան, ֆրանսիական գավառական ամուսինը, միայնակ մարդը, որն իրեն լավ ու հանգիստ է զգում միայն իր ընտանիքի նեղ շրջանում: Նենգ դիվանագետի հոգում պահպանվող բարության ու օրինավորության խոր թաքնված ամբողջ պաշարը նա լռակյաց սիրով տվել է իր ուղեկցուհուն, որն ապրել է միայն նրա համար, երբեք չի մասնակցել պալատական տոնահանդեսներին, ճաշկերույթներին ու ընդունելություններին, երբեք չի խառնվել նրա վտանգավոր խաղին: Այստեղ, նրա մասնավոր կյանքի անառիկ թաքստոցում թաքնված էր հակազդեցության ուժը, որը հավասարակշռում էր այն բոլոր վտանգավոր ու երերուն անհանգստությունը, որը լցնում էր Ֆուշեի քաղաքական գոյությունը: Եվ այդ հենարանը փլվեց այն պահին, երբ նա ամենից շատ ուներ նրա կարիքը: Առաջին անգամ զգացվում է, որ այդ քարե մարդը իսկապես ցնցված է, առաջին անգամ նրա նամակներում լսվում են շատ ջերմ, ճշմարիտ, մարդկային նուրբ երանգներ: Բարեկամները Ֆուշեին խորհուրդ են տալիս նորից ձեռք բերել ոստիկանության մինիստրի պաշտոնը, նրա հաջորդ դուքս դը Ռովիգոն ամբողջ Փարիզի ծաղրն էր դարձել, թույլ տալով, որ իրեն բանտարկեն ինչ-որ կիսախելագար սուբյեկտի կողմից ձեռնարկած հեղաշրջման փորձի ժամանակ: Բայց Ֆուշեն հրաժարվում է քաղաքական կյանքին ամեն տեսակ մասնակցություն ցույց տալուց. «Իմ սիրտը փակված է մարդկային այդ բոլոր ունայնությունների համար: Իշխանությունն այժմ չի հրապուրում ինձ, իմ այժմյան վիճակում ինձ համար ոչ միայն ցանկալի է, այլև միանգամայն հանգիստ է պետք: Պետական գործունեությունը ինձ թվում է խառնաշփոթ, վտանգներով լի զբաղմունք»: Առաջին անգամ թվում է, որ այդ խելոքը տառապանքի դպրոցում իսկապես սովորել է իմաստնություն: Մեծարանքի հետևից քսան տարի անիմաստ վազող այդ ծերացող մարդը, կորցնելով այդ սարսափելի տարիների ուղեկցուհուն, խոր կարիք էր զգում հանգստի, ներքին հանգստացման: Թվում է, թե նրա մեջ ընդմիշտ հանգել է կիրքը խարդախությունների նկատմամբ, և իշխանության նկատմամբ ցանկությունը վերջնականապես կոտրվել է այնքա՜ն դեսուդեն ընկած, անհանգիստ, անկուշտ հոգու մեջ:
Բայց ճակատագրի ինչպիսի հեգնանք: Հատկապես այժմ, երբ առաջին ու միակ անգամ միշտ անհանգիստ Ֆուշեն, վերջապես, միայն հանգիստ է ցանկանում և հրաժարվում է ծառայությունից, նրա հակառակորդ Նապոլեոնը նրան հարկադրում է նորից ծառայելու:
Ոչ թե սերը, բարեհաճությունը, վստահությունը հարկադրեցին Նապոլեոնին նորից ծառայության կանչելու Ֆուշեին, այլ իր ուժերի նկատմամբ կասկածանքն ու հանկարծակի անվստահությունը: Առաջին անգամ կայսրը վերադառնում է պարտված։ Ոչ թե իր բանակի գլուխն անցած, նժույգի վրա հպարտորեն նստած, փողփողացող դրոշների ուղեկցությամբ է նա Հաղթական կամարի տակով մտնում Փարիզ, այլ չճանաչվելու համար երեսը մուշտակով ծածկած, փախստականի պես, գիշերով է վերադառնում այնտեղ: Նրա ամենալավ բանակը ցրտահարվել է ռուսական ձյուներում, անպարտելիության լուսապսակը կորսված է, իսկ դրա հետ՝ նաև բոլոր բարեկամները: Դեռ երեկ նրա առաջ մեջքները խոնարհաբար կռացնող կայսրերն ու թագավորները պարտված կայսրին տեսնելով, դառնացած շտապողականությամբ հիշում են իրենց արժանապատվությունը: Ամբողջ աշխարհը զենքը ձեռքին դուրս է գալիս իր դաժան տիրակալի դեմ: Ռուսաստանից գալիս են կազակները, Շվեդիայից դուրս է եկել հին մրցակից Բեռնադոտը, իր սեփական աները՝ Ֆրանց կայսրը, զինվում է Բոհեմիայում, վրեժից այրվելով ելնում է ստրկացված Պրուսիան. անթիվ, թեթևամիտ զինվորները, ինչպես վիշապի ատամներ, ինչպես այրված ու բզկտված Եվրոպայի հողում գցված առատ ցանք, բերք կտան, և այդ աշնանը բերքահավաքը կլինի Լայպցիգի դաշտերում: Ամենուրեք երերվում ու դողում է հսկայական շենքը, որ կառուցվել է տասը տարվա ընթացքում իր տեսակի մեջ այդ միակ համաշխարհային կամքի կողմից:
Իսպանիայից, Վեստֆալիայից, Հոլանդիայից և Իտալիայից փախչում են Նապոլեոնի արտաքսված եղբայրները: Նապոլեոնից այժմ պահանջվում է ուժերի գերագույն լարում: Զարմանալի նախազգուշությամբ ու տասնապատկված եռանդով պատրաստվում է նա վերջին վճռական Մարտին: Ֆրանսիայում զինակոչում են բոլորին, ով դեռ ի վիճակի է կռնակապայուսակ կրելու կամ ձի նստելու, ամեն տեղից՝ Իտալիայից, Իսպանիայից բերվում կենտրոնացվում են փորձված զորքեր, որպեսզի վերականգնեն այն, ինչ իր սառցե ծնոտներով աղացել է ռուսական ձմեռը: Գիշեր-ցերեկ հազարավոր մարդիկ գործարաններում սրեր են կռում և թնդանոթներ են ձուլում, թաքցրած ոսկու պաշարներից դրամ են հատում, Թյուիլրիի գաղտնարաններից հանում են թաքցված խնայողությունները, ամրոցները մարտական պատրաստության են բերվում, և քանի դեռ արևելքից ու արևմուտքից ծանր քայլվածքով դեպի Լայպցիգ են շարժվում զորքերը, բոլոր ուղղություններով շտապ տարածվում են դիվանագիտական ցանցերը: Ֆրանսիան շրջապատվում է երկաթյա փշալարով, որում չպիտի լիներ ոչ մի թույլ ու անհուսալի տեղ, ոչ մի ճեղքվածք, ամեն մի հնարավորություն պետք է հաշվի առնվի, ռազմաճակատն ու թիկունքը հուսալի պաշտպանվի: Չի կարելի թույլ տալ, որ տխմարությունն ու չարությունը երկրորդ անգամ, ինչպես ռուսական արշավանքի ժամանակ, սասանեն կամ խախտեն ժողովրդի վստահությունը Նապոլեոնի նկատմամբ: Բոլոր անվստահելի մարդիկ պետք է հեռացվեն, բոլոր կասկածելիները պետք է վերցվեն խիստ հսկողության տակ:
Այդ վճռական մարտից առաջ կայսրը ուզում է հաշվի առնել ամեն մի պատահականություն, նախատեսել ամեն մի հնարավոր վտանգ: Եվ ահա նա հիշում է, թե ով կարող է վտանգավոր լինել՝ Ժոզեֆ Ֆուշեն: Ինչպես տեսնում ենք, նա չի մոռացել նրա մասին, այլ միայն ուշադրություն չէր դարձնում նրա վրա, քանի դեռ իրեն ուժեղ էր զգում: Բայց այժմ, անվստահություն զգալով, նա ուզում է վտանգազերծել իրեն: Չի կարելի իր թիկունքում, Փարիզում, թողնել ոչ մի հնարավոր թշնամու։ Եվ քանի որ Նապոլեոնը Ֆուշեին չի դասում իր բարեկամների թվին, ապա նա որոշում է, որ պետք է Ֆուշեին հեռացնի Փարիզից:
Ճիշտ է, ոչ մի ակնհայտ պատճառ չկա նրա համար, որպեսզի այդ անհանգիստ ինտրիգանին բանտարկի ու պահի ամրոցում և դրանով էլ իրեն անջրպետի նրա դավերից: Բայց նրան ազատության մեջ էլ չի կարելի թողնել: Ավելի լավ է այդ խաղամոլի ձեռքերը կապել ինչ-որ պաշտոնով, և, եթե հնարավոր է, Փարիզից հեռու: Բայց պետական գործերի և ռազմական պատրաստությունների եռուզեռի մեջ Դրեզդենում, գլխավոր հրամանատարի կայանում Ֆուշեի համար այնպիսի նշանակում է փնտրում, որը նրա համար պատվելի լիներ և վնասազերծեր նրան: Այդպիսին գտնելը այնքան էլ հեշտ բան չէր: Սակայն Նապոլեոնը` չէր համբերում Փարիզից հեռացնելու այդ մութ անձնավորությանը: Եթե Ֆուշեի համար հնարավոր չէ հարմար պաշտոն գտնել, պետք է այն հնարել, և ահա Ֆուշեն ստանում է միանգամայն ֆանտաստիկ նշանակում՝ Պրուսիայի օկուպացված մարզերի տիրակալ: Հրաշալի, առաջնակարգ պաշտոն և, անկասկած, պատվավոր, բայց մի փոքրիկ պակասությամբ, այն կախված է մի «եթե»-ից. այն կարելի է զբաղեցնել, եթե Նապոլեոնը նվաճի Պրուսիան: Այնինչ ընթացիկ ռազմական իրադարձությունները քիչ հիմք են տալիս հույս դնելու դրա վրա: Բլյուխերը կայսրին լրջորեն նեղում է սաքսոնական թևում և, այդպիսով, Ֆուշեի նշանակումը հազիվ թե կատակ չի հանդիսանում՝ ինչ-որ բանով կախված օդում: Մայիսի 10-ին կայսրը Օթրանտի դուքսին գրում է. «Ես հրամայել եմ ձեզ հայտնելու իմ մտադրությունը՝ ձեզ անմիջապես ինձ մոտ կանչելու, հենց որ ես կներխուժեմ պրուսական թագավորի տիրույթները, որպեսզի ձեզ դնեմ այդ երկրի կառավարության գլուխ: Փարիզում այդ մասին ոչինչ հայտնի չպետք է լինի: Ամեն ինչ պետք է տեղի ունենա այնպես, իբր դուք մեկնում եք ձեր կալվածքը, և երբ դուք արդեն այստեղ կլինեք, բոլորը պետք է մտածեն, որ դուք տանն եք: Միայն կայսրուհուն է հայտնի ձեր մեկնման մասին: Ես ուրախ եմ ձեր ծառայություններից նորից օգտվելու հնարավորությունից և ստանալու ձեր նվիրվածության նոր ապացույցներ»: Կայսրը Ժոզեֆ Ֆուշեին այդպես է գրում հատկապես նրա համար, որ նա բոլորովին չի վստահում նրա «նվիրվածությանը»: Եվ, իսկույն կռահելով իր տիրակալի թաքուն մտադրությունը, Ֆուշեն տհաճությամբ, լրիվ անվստահությամբ, ճանապարհ ընկավ դեպի Դրեզդեն: «Ինձ համար իսկույն պարզ դարձավ, - գրում է նա իր հուշերում, - որ կայսրը, վախենալով Փարիզում իմ մնալուց, ուզում էր ես իր ձեռքի տակ լինեի որպես պատանդ և միայն դրա համար ինձ կանչեց իր մոտ»: Պրուսիայի ապագա տիրակալը այնքան էլ չի շտապում հասնելու Պետական խորհուրդ, Դրեզդեն, որովհետև նա գիտի, որ այնտեղ իրականում այնքան իր խորհուրդների կարիքը չունեն, որքան իր ձեռքերը կապելու ցանկություն: Նա տեղ է հասնում միայն մայիսի 29-ին. կայսրը նրան դիմավորում է հետևյալ բառերով. «Դուք շատ ուշ եք եկել, պարոն դուքս»:
Ֆուշեին Դրեզդենում Պրուսիայի կառավարիչ հանձնարարելու ծիծաղելի մտադրության մասին, ինքնին հասկանալի է, այլևս ոչ մի խոսք չի ասվում. նման կատակների համար պահը շատ լուրջ էր: Բայց այժմ նրան պինդ են պահում ձեռքում, և, բարեբախտաբար, գտնվում է մի ուրիշ հոյակապ պաշտոն նրա համար, որպեսզի նրան հեռու պահեն իրադարձություններից. Ճիշտ է, այդ պաշտոնը այնքան էլ երևութական չէր, ինչպես նախկինը, որ կախված էր երկրի ու երկնքի միջև, բայց և այնպես նա հարյուրավոր կիլոմետրերով հեռու էր Փարիզից, այն է՝ Իլլիրիայի փոխարքայությունը: Նապոլեոնի վաղեմի ընկեր գեներալ Ժյունոն, այդ պրովինցիայի կառավարիչը, խելագարվել էր, այդպիսով, շենք էր ազատվել անհնազանդների համար: Հազիվ թաքցրած հեգնանքով կայսրը այդ կարճատև լիազորությունը հանձնում է Ժոզեֆ Ֆուշեին, որը, ինչպես միշտ, չի հակառակվում և, հարգանքով խոնարհվելով, պատրաստակամություն է հայտնում անմիջապես ճանապարհ ընկնելու:
«Իլլիրիա» անվանումը օպերետային ձևով է հնչում, և իսկապես, դա ինչ խայտաբղետ պետություն էր՝ ձևված վերջին բռնի «հաշտության» պայմանագրով Ֆրիուլի, Կարինտիայի, Դալմացիայի, Իստրիայի և Տրիեստի բեկորներից: Պետություն առանց միավորող գաղափարի, առանց իմաստի նպատակի, որպես մայրաքաղաք ծառայող գյուղական ինչ-որ Լայբախ կենտրոնով, հարբած ինքնիշխանությունից և կարճատես դիվանագիտությունից ծնված այլանդակ, անկենսունակ վիժվածք: Ֆուշեն այնտեղ գտնում է միայն համարյա դատարկ գանձարան, մի քանի տասնյակ ձանձրացած չինովնիկներ, շատ քիչ զինվորներ և անվստահելի բնակչություն, որն անհամբերությամբ սպասում էր ֆրանսիացիների հեռանալուն: Այդ արհեստական, շտապ վերանորոգված, սվաղված պետությունը բոլոր կարերից արդեն ճրթճրթում էր. մի քանի թնդանոթային համազարկ, և երերվող շենքը կփլվեր: Այդ համազարկերը շուտով կորոտան Նապոլեոնի աներոջ՝ կայսր Ֆրանցի հրամանով, և այն ժամանակ կվերջանա ամբողջ իլլիրիական շքեղությունը: Լուրջ դիմադրության մասին Ֆուշեն չի էլ կարող մտածել, ունենալով մի քանի գնդեր՝ կազմված գլխավորապես կրոատներից, որոնք պատրաստ էին առաջին իսկ կրակոցի դեպքում անցնելու իրենց հին ընկերների կողմը: Դրա համար էլ հենց առաջին օրվանից նա սկսում է պատրաստվել նահանջի, և ձգտելով այն լավ քողարկել, իրեն պահում է որպես անհոգ տիրակալ, պարահանդեսներ է տալիս, ընդունելություններ է կազմակերպում, ցերեկները նշանակում է իր զորքերի հանդիսավոր շքերթներ, իսկ գիշերը փողերն ու փաստաթղթերը ուղարկում է Տրիեստ: Նրա գործողությունները որպես տիրակալի սահմանափակվում են նրանով, որ զգույշ, քայլ առ քայլ, հնարավոր քիչ կորուստներով էվակուացվի: Այդ ստրատեգիական նահանջի ժամանակ նորից փայլուն կերպով դրսևորվում է նրա սովորական սառնասրտությունը, ավյունոտ վճռականությունը և եռանդը: Քայլ առ քայլ, առանց կորուստների, նա Լայբախից` նահանջում է Հերց, Հերցից Տրիեստ, Տրիեստից Վենետիկ. նրան հաջողվում է Իլլիրիայի իր կարճատև փոխարքայությունից հանել համարյա բոլոր չինովնիկներին, գանձարանը և շատ արժեքավոր նյութեր: Բայց ինչ է նշանակում այդ խղճուկ գավառի կորուստը: Չէ՛ որ հենց այդ նույն օրերին Նապոլեոնը տանուլ է տալիս ամենակարևոր և այդ պատերազմում ամենավերջին ճակատամարտը՝ ժողովուրդների ճակատամարտը Լայպցիգի տակ, և դրանով կորցնում է տիրապետությունը աշխարհի նկատմամբ:
Ֆուշեն ամենաանբասիր կերպով կատարեց իր խնդիրը: Այժմ, երբ արդեն Իլլիրիան կառավարելու հարկ չկար, նա ազատ է և, հասկանալի է, ցանկանում է վերադառնալ Փարիզ: Բայց Նապոլեոնն այլ կարծիքի է: Հատկապես այժմ չի կարելի Ֆուշեին թույլատրել որևէ ձևով Փարիզ վերադառնալ: Դեռ Դրեզդենում կայսրն ասաց. «Այնպիսի մարդուն, ինչպիսին Ֆուշեն է, այժմյան հանգամանքներում Փարիզում թողնել չի կարելի», և այժմ, Լայպցիգից հետո, այդ բառերը ձեռք են բերում քսան անգամ ավելի նշանակություն: Ֆուշեին պետք է քշել ինչ-որ տեղ, և քշել հնարավորին չափ հեռու, ինչ էլ որ լինի: Եվ, լուծելով այն դժվարին խնդիրը, թե ինչպես կասեցնի հակառակորդի հնգակի գերազանցող ուժերը, կայսրը անհարմար մարդու համար հնարում է նոր հանձնարարություն, և նորից այնպիսին, որը Ֆուշեին վնասազերծեր ռազմական գործողությունները վարելու ամբողջ ժամանակ: Պետք է նրան հնարավորություն տալ զբաղվելու դիվանագիտական ինտրիգներով, բայց խանգարել նրան իր անկուշտ թաթերը մտցնելու Փարիզ: Եվ Նապոլեոնը Ֆուշեին ուղարկում է Նեապոլ (որն այնքա՜ն հեռու է), որ նա Մյուրատին՝ Նեապոլի թագավորին և կայսրի աներորդուն, որ շատ ավելի զբաղված էր իր թագավորությամբ, թան կայսրության գործերով, հիշեցնի նրա պարտականությունների մասին և նրան դրդի իր զորքերով օգնության գալու կայսրին: Հայտնի չէ, թե Ֆուշեն ինչպես կատարեց իրեն տրված հանձնարարությունը, համոզե՞ց նա արդյոք նապոլեոնյան հեծելազորի հին գեներալին հավատարիմ մնալու Նապոլեոնին, թե հակառակը՝ պաշտպանեց նրա դավաճանությունը, պատմաբանների կողմից պարզված չէ: Բոլոր դեպքերում կայսրի նպատակը կատարված է, Ֆուշեն հազարավոր մղոններով Ալպերից այն կողմն է, հինգ ամիս զբաղված է բանակցություններով: Այն ժամանակ, երբ ավստրիացիները, պրուսակներն ու անգլիացիները արդեն գալիս են Փարիզի վրա, նա պետք է անընդհատ ու անիմաստ ձևով հետ ու առաջ շրջագայի Հռոմից Ֆլորենցիա ու Նեապոլ, Ջենովայից Լուկկա, և էականում իր ժամանակն ու ուժերը ծախսի անլուծելի խնդրի վրա: Որովհետև դեպի այստեղ էլ հենց անկասելիորեն շարժվում են ավստրիացիները, Իլլիրիայից հետո նա հարկադրված է կորցնելու Իտալիան՝ նրան վստահված երկրորդ պետությունը։ Ի վերջո մարտի սկզբին Նապոլեոն կայսրն արդեն ոչ մի պետություն չունի, էլ ու՛ր կարող է նա կորցնել այդ անհարմար մարդուն, այն էլ այն դեպքում, երբ նույնիսկ Ֆրանսիայում նա չի կարող ոչ հրամայել, ոչ արգելել: Եվ ահա մարտի 11-ին Ժոզեֆ Ֆուշեն, որը շնորհիվ կայսրի հանճարեղ շրջահայեցության չորս ամիս հեռացված էր Ֆրանսիայում ամեն տեսակ քաղաքական մեքենայություններից, Ալպերի վրայով վերադառնում է հայրենիք: Բայց երբ նա, վերջապես, իր վրայից դեն է նետում շղթան, որով իրեն պահում էին, պարզվում է՝ արդեն չորս օրով ուշացել է:
Լիոնում Ֆուշեն կիմանա, որ երեք կայսրերի զորքերը շարժվում են դեպի Փարիզ: Եվ այսպես, մի քանի օր հետո Նապոլեոնը կընկնի, և ստեղծվելու է նոր կառավարություն: Ինքնին հասկանալի է, որ նա տանջվում է փառասիրությունից ու այրվում անհամբերությունից d’avoir la main dans la pâte, հասնելու հասարակական կարկանդակին և իր համար գջլելու ամենալավ կտորը: Բայց դեպի Փարիզ ուղիղ ճանապարհն արդեն փակված է հարձակվող զորքերով, նա պետք է տանջալից շրջանցիկ ճանապարհ անցնի Տուլուզի և Լիմոժի վրայով: Վերջապես, ապրիլի 8-ին փոստային կառքը մտնում է Փարիզ: Ֆուշեն առաջին հայացքից հասկացավ, որ շատ ուշացած է եկել: Իսկ ով ուշանում է, նա մեղավոր է: Նապոլեոնը կարողացավ Ֆուշեին վճարել նրա բոլոր դավերի և կատակների համար, շրջահայեցորեն նրան հեռացնելով այն ժամանակ, երբ կարելի կլիներ ձուկ որսալ պղտոր ջրում: Փարիզն արդեն հանձնվեց, Նապոլեոնը տապալված է, Լյուդովիկոս XVIII-ը ընտրված է թագավոր և լրիվ կազմված է նոր կառավարություն Թալեյրանի գլխավորությամբ: Այդ անիծված կաղլիկը ճիշտ ժամանակին է տեղում եղել և ավելի արագ է փոխել ճակատը, քան դա հաջողվել էր անել Ֆուշեին: Թալեյրանի տանն արդեն բնակվում է ռուսական ցարը, նոր թագավորը Թալեյրանին առատորեն շնորհել էր իր վստահության ապացույցները. նա իր հայեցողությամբ բաժանել էր բոլոր մինիստրական պաշտոնները, ստորաբար ոչինչ չթողնելով Օթրանտի դուքսի համար, որը այդ ժամանակ կառավարում էր Իլլիրիան և դիվանագիտական բանակցություններ էր վարում Իտալիայում, դրանում չտեսնելով ոչ իմաստ, ոչ նպատակ: Նրան ոչ ոք չէր սպասում, նրանով ոչ ոք չէր հետաքրքրվում, ոչ ոք չի ուզում նրան ճանաչել, ոչ ոք նրա մոտ խորհուրդ ու օգնություն չի փնտրում: Եվ նորից Ֆուշեն, ինչպես քանիցս եղել էր նրա կյանքում, վերջացած մարդ է:
Ֆուշեն երկար ժամանակ չէր հավատում, որ բոլորն այդպես անտարբերորեն թույլ կտան, որ ինքն ընկնի, ինքը՝ Նապոլեոնի մեծ հակառակորդը: Նա ակնհայտորեն ու գաղտնի առաջարկում է իր ծառայությունները: Նրան տեսնում են Թալեյրանի նախասենյակում, թագավորի եղբոր մոտ, անգլիական դեսպանորդի մոտ, սենատի նիստերում՝ ամենուրեք: Բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում: Ֆուշեն նամակներ է գրում, որոնց թվում նաև Նապոլեոնին, նրան խորհուրդ տալով փոխադրվել Ամերիկա, և միաժամանակ, ցանկանալով բարեհաճություն ձեռք բերել, այդ նամակի պատճենը ուղարկում է Լյուդովիկոս XVIII-ին: Սակայն նա պատասխան չի ստանում: Նա խնդրագիր է ներկայացնում մինիստրներին արժանի նշանակում ստանալու համար. նրան ամեն տեղ ընդունում են քաղաքավարությամբ, սառը և նրա համար ոչինչ չեն անում: Ֆուշեն աշխատում է առաջ շարժվել կանանց օգնությամբ, բայց բոլորն իզուր նա թույլ տվեց ամենաաններելի քաղաքական սխալ՝ տեղ հասավ բավականին ուշ Բոլոր տեղերն արդեն զբաղված են, և մեծատոհմիկներից ոչ մեկը չի ցանկանում կամավոր կանգնել՝ բարեհաճորեն իր տեղը զիջելու Օթրանտի դուքսին: Փառասերին ոչինչ չէր մնում անել, քան նորից դասավորել իր ճամպրուկը և մեկնել Ֆերյեր դղյակը: Կնոջ մահից հետո նրան մնացել էր միայն մի նեցուկ՝ ժամանակը: Մինչև հիմա այն նրան օգնել էր, կօգնի նաև այս անգամ:
Եվ իսկապես նրան այս անգամ օգնում է ժամանակը: Ֆուշեն շուտով զգաց, որ օդում նորից վառոդի հոտ է փչում: Նուրբ լսողություն ունեցող մարդուն նույնիսկ Ֆարյերից լսելի է, թե ինչպես է ճրթճրթում ու ճեղքվածք տալիս թագավորական գահը: Նոր տիրակալ Լյուդովիկոս XVIII-ը սխալ սխալի հետևից է կատարում: Նա ամեն ինչ մոռացել է: Նրան ցանկալի է անտեսել հեղափոխությունը և այն, որ քսան տարվա քաղաքացիական հավասարությունից հետո Ֆրանսիան նորից չի ուզում մեջք ծռել քսան ազնվական տոհմերի առջև: Նա թերագնահատում է այն ամբողջ վտանգը, որ իրենից ներկայացնում է գեներալների և սպաների պրետորիանական խավը, որոնց փոխադրել էին կես ռոճիկի. նրանք դժգոհ էին դրանից և խոսում էին խիար թագավորի կծծիության մասին: Ա՛յ եթե վերադառնար Նապոլեոնը, այնժամ նորից կսկսվեր լավ, հիանալի պատերազմ, այնժամ կարելի էր նորից արշավանքի գնալ, կողոպտել օտար երկրներ, կարիերա անել և կառավարման սանձերը ամուր վերցնել իրենց ձեռքը: Արդեն նկատվել են կասկածելի հարաբերություններ առանձին կայազորների միջև, բանակում հասունանում է դավադրությունը, և Ֆուշեն, որը, երբեք, ցանկացած իրադրության մեջ վերջնականապես չի կորցնում կապը իր զավակի՝ ոստիկանության հետ ունկնդրում է եղելություններին ու լսում է այնպիսի բան, որը նրան խորհելու առիթ է տալիս: Նա ինքն իրեն քմծիծաղում է. այո՛, բարի թագավորը հետաքրքիր բաներ կիմանար, եթե ոստիկանության մինիստր դարձներ Օթրանտի դուքսին: Բայց ինչի՞ համար նախազգուշացնես այդ պալատական շողոքորթներին: Մինչև այժմ Ֆուշեին բարձրացրել են միայն հեղաշրջումները, միայն ուղղությունը փոխող քամիները: Դրա համար էլ նա հանգիստ է, փակ, անշարժ, նա դանդաղ ու խոր շնչում է, ինչպես ըմբիշը մարտից առաջ:
1815 թվականի մարտի 5-ին ապշեցուցիչ նորությամբ Թյուիլրի է ներխուժում սուրհանդակը՝ Նապոլեոնը թողել է Էլբան և մարտի 1-ին վեց հարյուր զինվորով ափ է դուրս եկել Ֆրեժյուսում: Արհամարհական ժպիտով են լսում պալատականները այդ նորությունը: Ախր նրանք միշտ գտնում էին, որ այդ Նապոլեոն Բոնապարտը, որին այդքան շատ են փառաբանել, խելապակաս է: Parbleu! (3) դա հո ծիծաղելի՛ է: Այդ խելագարը վեց հարյուր զինվորով ուզում է կռվել թագավորի դեմ, որի թիկունքում կանգնած է մի ամբողջ բանակ և ամբողջ Եվրոպան: Հարկ չկա հուզվելու և անհանգստանալու, ոստիկանների մի խումբ կզսպի այդ խղճուկ արկածախնդրին: Մարշալ Նեյը, Նապոլեոնի հին մարտական ընկերը, հրաման է ստանում բռնել նրան: Թագավորին նա պարծենկոտաբար խոստանում է ոչ միայն զինաթափել հանգստությունը խանգարողին, այլ նույնիսկ «երկաթյա վանդակում նրան ման ածել ամբողջ երկրում»: Առաջին շաբաթվա ընթացքում Լյուդովիկոս XVIII-ը և նրա մերձավորները Փարիզին ակներևորեն ցուցադրում են իրենց անհոգությունը, և «Moniteur»-ը տեղի ունեցած ամեն ինչի մասին գրում է ոչ այլ կերպ, քան կատակային ձևով: Բայց շուտով սկսում են տեղ հասնել տհաճ լուրեր Նապոլեոնը ոչ մի տեղ դիմադրության չի հանդիպում, նրա դեմ ուղարկված ամեն մի գունդ ոչ թե պակասեցնում, այլ ավելացնում է նրա փոքրիկ բանակը, իսկ այդ նույն մարշալ Նեյը, որը խոստացել էր երկաթյա վանդակում նրան ման տալ երկրում, ծածանվող դրոշներով անցնում է իր նախկին տիրակալի կողմը: Նապոլեոնն արդեն Գրենոբլում է, այժմ նա Լիոնում է, ևս մի շաբաթ, և նրա մարգարեությունը կկատարվի. կայսերական արծիվը կիջնի Նոտր-Դամ տաճարի աշտարակին:
Թագավորական պալատում խուճապ է տիրում: Ի՞նչ անել: Ինչպիսի՞ պատնեշներով կանգնեցնել այդ հեղեղը: Թագավորն ու իր տիտղոսավոր խորհրդականները շատ ուշ են հասկանում, թե ինչ անմտություն էր խուսափել ժողովրդից ու աշխատել արհեստականորեն մոռանալ, որ 1792-ից 1815 թվականը Ֆրանսիայում տեղի է ունեցել հեղափոխության նման ինչ-որ բան: Նշանակում է, այժմ պետք է անհապաղ նվաճել ժողովրդի սերը: Ինչ-որ ձևով այդ հիմար ժողովրդին ցույց տալ, որ նրան իսկապես սիրում են, որ հարգում են նրա ցանկություններն ու իրավունքները: Հարկավոր է առանց դանդաղելու սկսել ղեկավարել հանրապետականորեն, դեմոկրատականորեն: Եվ միշտ, երբ արդեն չափազանց ուշ է լինում, թագավորներն ու կայսրերը շտապում են իրենց ցուցաբերել որպես իսկական դեմոկրատներ: Բայց ինչպե՞ս նվաճել հանրապետականների սերը: Շատ հեշտ, նրանցից մեկին կանչել մինիստրություն, որևէ թունդ հեղափոխականի, որը թագավորական գերբով սպիտակ ինչ-որ բանով կարմիր կներկեր: Բայց որտեղի՞ց գտնել այդպիսի հանրապետականի: Այդ ժամանակ հանկարծ հիշում են ոմն Ժոզեֆ Ֆուշեի, որը մի քանի շաբաթ առաջ նստում էր բոլոր ընդունարաններում և իր առաջարկություններով հեղեղում էր թագավորի և նրա մերձավորների սեղանները: Այո՛, դա հենց այն, անհրաժեշտ մարդն է, միակը, որին կարելի է միշտ օգտագործել ցանկացած գործի համար: Պետք է նրան շտապ դուրս քաշել մոռացությունից: Միշտ, երբ որևէ կառավարություն դժվարության մեջ է ընկնում, դա լիներ Դիրեկտորիան, կոնսուլությունը, կայսրությունը թե թագավորությունը, միշտ, երբ անհրաժեշտ է իսկական միջնորդ, որն ընդունակ է հարթել հակասությունները, կարգ հաստատել, դիմում են կարմիր դրոշով մարդուն, անձնական հատկանիշներով ամենաանհուսալի մարդուն, բայց ամենահուսալի դիվանագետին՝ Ժոզեֆ Ֆուշեին:
Օթրանտի դուքսը բավարարվածություն է զգում. այն նույն իշխաններն ու կոմսերը, որոնք դեռ քիչ առաջ սառը ձևով մերժում էին նրա ծառայություններն ու մեջքով շրջվում դեպի նա, այժմ հարգալից համառությամբ նրան առաջարկում են մինիստրական պորտֆել և նույնիսկ, կարելի է ասել, աշխատում են այն մտցնել նրա ձեռքը: Բայց ոստիկանության հին մինիստրը չափազանց լավ է հասկանում գործերի իսկական վիճակը և այժմ, վճռական ժամին չի ցանկանում իրեն արատավորել հանուն Բուրբոնների: Նա զգում է, որ հոգեվարքը արդեն վրա է հասել, եթե նրան այդպես համառորեն հրավիրում են որպես բժշկի, դրա համար նա տարբեր պատրվակներով քաղաքավարությամբ մերժում է առաջարկությունը, հասկացնելով, որ պետք է իրեն շուտ դիմեին: Բայց Նապոլեոնի բանակները որքան մոտենում են, այնքան արագ է անհետանում թագավորական պալատի ամբարտավանությունը: Բոլորը համառորեն համոզում ու թախանձանքով Ֆուշեին խնդրում են իր վրա վերցնել երկրի կառավարումը: Լյուդովիկոս XVIII-ի հարազատ եղբայրն ինքն է նրան հրավիրում գաղտնի խորհրդակցության: Այս անգամ Ֆուշեն հաստատակամություն է պահպանում ոչ թե իր համոզմունքների շնորհիվ, այլ նրա համար, որ նրան բոլորովին չի ոգևորում Բուրբոնների փտած գործը փրկելը և նա իրեն հիանալի է զգում, ճոճանակի վրա ճոճվելով Լյուդովիկոս XVIII-ի և Նապոլեոնի միջև: Այժմ արդեն շատ ուշ է. հանգստացնում է նա թագավորի եղբորը, թող թագավորը միայն թաքնվի անվտանգ տեղում: Նապոլեոնի արկածախնդրությունը շուտով կվերջանա, իսկ նա, իր կողմից, խոստանում է անել ամեն ինչ, որ խանգարի կայսրին: Թող միայն վստահի նրան: Այսպիսով, Ֆուշեն նախապես ապահովում է Բուրբոնների համակրանքը և թագավորի հաղթանակի դեպքում կարող է իրեն ներկայացնել որպես նրա կողմնակից: Մյուս կողմից, եթե հաղթանակի Նապոլեոնը, ինքը կարող է հպարտորեն վկայակոչել այն, որ մերժել է Բուրբոնների առաջարկությունը: Շատ հաճախ է նա կիրառել կրկնակի ապահովագրման փորձված սիստեմը. այս անգամ էլ նա դրանից չի հրաժարվում. Ֆուշեն կլինի երկու տիրոջ՝ կայսրի ու թագավորի հավատարիմ ծառա:
Բայց այս անգամ գործն ավելի ուրախ ընթացք է ստանում. ինչպես միշտ, Ֆուշեի կյանքի վճռական պահին, ողբերգական պատկերը վեր է ածվում կատակերգության: Բուրբոնները արդեն ինչ-որ բան սովորել էին Նապոլեոնից և գիտեն, որ վտանգի րոպեներին չի կարելի իրենց թիկունքում պահել այնպիսի մարդու, ինչպիսին Ֆուշեն է: Թագավորի մեկնելուց երեք օր առաջ (Նապոլեոնն արդեն հեռու չէր Փարիզից) ոստիկանությունը հրաման է ստանում Ֆուշեին կալանավորել և հեռացնել Փարիզից՝ որպես մի մարդու, որը կասկածանք է հարուցում, քանի որ նա հրաժարվում է մինիստրական պորտֆել ընդունելուց:
Ոստիկանության մինիստրը, որը պետք է կատարեր այդ տհաճ հանձնարարությունը, այն ժամանակ (իսկապես պատմությունը սիրում է անսպասելի երևույթներ) Բուրյենն էր, Նապոլեոնի պատանեկության մտերիմ ընկերը, ռազմական դպրոցի ընկերը, որը մասնակցել է եգիպտական արշավանքին, երկար տարիներ եղել է կայսրի քարտուղարը, լավ գիտեր նրա մերձավորներին և նաև, իհարկե, Ֆուշեին: Դրա համար, թագավորից ստանալով Օթրանտի դուքսին կալանավորելու հրաման, նա մի քիչ վախեցած է: Խելամի՞տ է արդյոք դա, նկատում է նա: Եվ հրամանի համառ հաստատումից հետո Բուրյենն օրորում է գլուխը: Նրա համար այնքան էլ թեթև չի լինելու կատարումը. Ֆուշեն վառոդի հոտն առած ճնճղուկ է, սովորական ուժով նրան չես բռնի օրը ցերեկով. այդպիսի խոշոր որսը բռնելու համար անհրաժեշտ է ժամանակ և բացառիկ ճարպկություն: Այնուամենայնիվ նա հրաման է արձակում: Եվ իսկապես, 1815 թվականի մարտի 16-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանները փողոցում շրջապատում են Օթրանտի դուքսի կառքը և Բուրյենի հրամանի համաձայն նրան հայտարարում են կալանավորված: Սառնասրտությունը երբեք չկորցնող Ֆուշեն արհամարհական քմծիծաղով հայտարարում է. «Փողոցում չի կարելի կալանավորել նախկին սենատորին»: Եվ մինչև գործակալները, որոնք երկար ժամանակ նրա ենթականերն էին եղել, կհասցնեին ուշքի գալ, նա կառապանին հրամայում է ուժեղ մտրակել ձիերին, և ահա կառքը սլանում է դեպի Ֆուշեի տուն։ Շվարած ոստիկանները բերանները բաց կանգնած էին մնացել փողոցում և կուլ էին տալիս սլացող կառքի անիվների տակից բարձրացած փոշին: Բուրյենը ճիշտ էր, այնքան էլ հեշտ չէ բռնել մի մարդու, որը կարողացել է առողջ ու անվնաս խույս տալ Ռոբեսպիերից, Կոնվենտից և Նապոլեոնից:
Երբ հիմարացված ոստիկանները Բուրյենին զեկուցեցին, որ Ֆուշեն նրանցից փախել է, ոստիկանության մինիստրը որոշում է կիրառել խիստ միջոցներ. այժմ թղթախաղին է դրված նրա հեղինակությունը. նա թույլ չի տա իր հետ կատակել: Բուրյենն անմիջապես կարգադրում է բոլոր կողմերից շրջապատել Չերատտի փողոցի վրայի տունը և հսկել դարպասները: Զինված ջոկատը բարձրանում է աստիճաններով, որպեսզի բռնի փախստականին: Բայց Ֆուշեն նրանց համար պատրաստել էր մի կատակ ևս՝ այն հրաշալի ու իր տեսակի մեջ եզակի խորամանկություններից մեկը, որոնք նրան միշտ հաջողվում են հատկապես ամենադժվար, լարված իրադրություններում: Ինչպես բազմիցս նշվել է, վտանգի րոպեներին Ֆուշեի մոտ խիստ ցանկություն է առաջանում իր հակառակորդներին խաբել և եռանդուն հանդգնությամբ նրանց քթից բռնած ման տալ: Խորամանկ խաբեբան քաղաքավարությամբ է դիմավորում իրեն ձերբակալելու եկած չինովնիկներին և ուշադրությամբ զննում է կալանավորման մասին հրամանը: Այո, ամեն ինչ ճիշտ է: Հասկանալի է, ինքը չի էլ մտածում հակառակվել նորին մեծություն թագավորի հրամանին: Նա չինովնիկներին միայն խնդրում է մի քիչ սպասել ընդունարանում, մինչև իրեն մի քիչ կարգի կբերի և կկարգավորի ինչ-որ մանրուքներ, որից հետո անմիջապես կհետևի նրանց: Իր խնդրանքն արտահայտելով ամենաքաղաքավարի ձևով, Ֆուշեն առանձնանում է հարևան սենյակում: Չինովնիկները ակնածանքով սպասում են, մինչև նա կվերջացնի իր հարդարանքը. իրոք, հո չի կարելի բռնել ազնվազարմ մարդու, նախկին մինիստրի և սենատորի օձիքից, ինչպես մի գողի, կամ նրան ձեռնաշղթաներ հագցնել: Որոշ ժամանակ նրանք հարգալից սպասում են, բայց, վերջապես, չինովնիկներին սկսում է թվալ, որ իրենց սպասելը կասկածելիորեն երկարում է: Եվ քանի որ Ֆուշեն դեռ չի վերադառնում, չինովնիկները մտնում են հարևան սենյակը, և այստեղ նկատում են, որ Ֆուշեն փախել է (քաղաքական խառնակության թեժ պահին իսկական կոմիկական տեսարան): Միանգամայն այնպես, ինչպես կինոյում, որն այն ժամանակ դեռ գոյություն չուներ, հիսունվեց տարեկան ծերունին այգու պատին սանդուղք էր հենել և, մինչ ոստիկանները նրան հարգալից սպասում էին ընդունարանում, իր հասակի համար զարմանալի ճարպկությամբ անցել է Գորտենզիա թագուհուն պատկանող այգին, որտեղից և բարեհաջող կերպով անհետացել է: Երեկոյան ամբողջ Փարիզը ծիծաղում էր հնարամիտ կատակի վրա: Հարկավ, դա երկար շարունակվել չէր կարող, Օթրանտի դուքսը շատ լավ հայտնի էր ամբողջ քաղաքին և չէր կարող երկար թաքնվել: Բայց Ֆուշեի հաշվարկն այս անգամ էլ ճիշտ է. այժմ կարևոր է շահել մի քանի ժամ, թագավորն ու նրա մերձավորներն այժմ պետք է մտածեն, թե իրենք ինչպես փրկվեն Նապոլեոնի մոտեցող հեծելազորից: Թյուիլրիում շտապ կապում են ճամպրուկները, և իր խիստ հրամանով թագավորը հասավ միայն այն բանին, որ Ֆուշեն այժմ ունի Նապոլեոնին իր հրապարակային նվիրվածության վկայություն (որը իրականում երբեք չի եղել), որին, ասենք, կայսրն էլ երբեք չի հավատա: Բայց Նապոլեոնն իմանալով այդ քաղաքական ակրոբատի հաջող տրյուկի մասին, ակամա ծիծաղեց ու նկատեց ոչ առանց որոշ հիացմունքի. «Il_est_décidement plus malin gu'eux tous» (նա, իհարկե, նրանցից բոլորից խորամանկ է):
1 Գործերից հեռու (լատ.):
2 Այս աշխատության մեջ ես ոչ մի տեղ չեմ վկայակոչել Օթրանտի դուքսի՝ 1824 թվականին լույս տեսած հուշերը, որովհետև դրանք գրված են ուրիշի ձեռքով, թեև դրանց մեջ հանդիպում է նաև չեղծված նյութ: Թե ամեն ինչում երկդիմի Ժոզեֆ Ֆուշեն ինչքանով է մասնակցել դրանց կազմելուն, մինչև այսօր գիտության կողմից մնում է չլուծված: - Դեռևս ուժի մեջ է Հայնրիխ Հայնեի սրամիտ դիտողությունը, որը, խոսելով Ֆուշեի «հայտնի խարդախության» մասին, ավելացնում է. «Նրա խարդախությունը այնքան հեռուն է գնացել, որ նա արդեն իր մահվանից հետո հրատարակել է կեղծ հուշեր»: (Ծանոթագր. հեղ.)
3 Սատանան տանի (Ֆրանս.):