ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

ՎԵՐՋԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԴԵՄ

1815 - «Հարյուր օր»

     1815 թվականի մարտի 19-ի կեսգիշերին հսկայական հրապարակը մութ է ու անմարդ: Թյուիլրիի պալատի բակ են մտնում տասներկու կառք: Բացվում է պալատի գաղտնի դուռը, այնտեղից, ջահը ձեռքին բարձր բռնած, դուրս է գալիս լակեյը, որի հետևից դժվարությամբ, երկու նվիրված մերձավորների օգնությամբ քարշ է գալիս գեր, ասթմայից խեղդվող մի մարդ՝ Լյուդովիկոս XVIII-ը: Բոլոր ներկաների մոտ խղճահարության զգացմունք է առաջանում տկար թագավորի նկատմամբ, որը, տասնհինգ տարվա արտաքսումից հազիվ վերադարձած, ստիպված է անձրևոտ մութ գիշերին նորից փախչել իր երկրից: Մեծամասնությունը ծնկի է գալիս, երբ կառք են նստեցնում այդ ծերուկին, որին զառամությունը զրկում է արժանապատվությունից, այն դեպքում, երբ նրա դրության ողբերգականությունը հուզում ու ցնցում է: Ձիերը շարժվեցին, մնացած կառքերը հետևեցին առաջինին, դեռ մի քանի րոպե կարծես մանրախճի վրա լսելի է թագավորին ուղեկցող հեծյալ ջոկատի չխկչխկոցը: Եվ նորից հսկայական շենքը մինչև լուսաբաց խորասուզվում է լռության ու խավարի մեջ մինչև մարտի 20-ի առավոտը՝ Էլբայից Նապոլեոն կայսրի վերադարձի հարյուր օրերից առաջինը:
     Ամենից առաջ հանդես է գալիս հետաքրքրասիրությունը: Տռփանքից դողացող ազդրերով այն հոտոտում է պալատը, որպեսզի իմանա, թե փրկվել է արդյոք վախեցած թագավորական որսը կայսրից: Եկան առևտրականները, անբանները, թափառաշրջիկները: Ոմանք վախով, մյուսները ուրախությամբ՝ կախված խառնվածքից և համոզմունքներից, նրանք մեկմեկու հաղորդում են նորություններ: Ժամը տասի մոտ հավաքվում են արդեն խիտ, համառ ամբոխները: Եվ քանի որ միայն ժողովրդի խռնվելն է առնականություն տալիս առանձին մարդկանց, հնչում են արդեն առաջին հստակ բացականչությունները. «Vive 1’Empereur!» և «A bas le Roi!» (1): Հանկարծ մոտենում է հեծյալների ջոկատը՝ դրանք թագավորության օրերին կես ռոճիկ ստացող սպաներն են: Նրանք զգում են, որ կայսրի հետ վերադառնում է պատերազմը, երբ նրանք նորից պետք կգան և կստանան լրիվ աշխատավարձ, պարգևներ, աստիճաններ: Էքսելմանի գլխավորությամբ նրանք աշխույժ ցնծությամբ անարգել գրավում են Թյուիլրին (և քանի որ իշխանությունների փոփոխությունը կատարվում է հանգիստ ու անարյուն, ապա արժեթղթերի կուրսը բորսայում բարձրանում է): Կեսօրին թագավորական հին դղյակի վրա առանց կրակոցի բարձրացվում է եռագույն դրոշը:
     Արդեն երևացին շահի հարյուրավոր ասպետներ, կայսերական արքունիքի «հավատարիմ ծառաներ», պալատական տիկնայք, լակեյներ, սենեկապետներ, խոհարարներ, նախկին պետական խորհրդականներ, արարողապետեր, բոլորը, ովքեր սպիտակ շուշանների տիրապետության ժամանակ կորցրել էին աշխատանքն ու աշխատավարձը, բոլոր այն նորաթուխ ազնվականները, որոնց Նապոլեոնը դուրս էր քաշել հեղափոխության բեկորներից և որոնց նա բաժանել էր պալատական աստիճաններ: Բոլոր գեներալները, սպաները, տիկնայք տոնական կոստյումով են. նորից փայլատակում են մարգարիտները, սրերն ու շքանշանները: Բացվում են ննջասենյակները, դրանք նախապատրաստում են նոր տիրակալին ընդունելու համար. շտապ հանվում են թագավորական տարբերանշանները, բազկաթոռների մետաքսի վրա նորից փայլում են նապոլեոնյան մեղուները, որոնք փոխարինել են թագավորական շուշաններին: Յուրաքանչյուրն շտապում է ժամանակին լինել իր տեղում և անմիջապես նշվել որպես «միապետին հավատարիմ»: Վրա հասավ երեկոն: Կարծես պարահանդեսի կամ մեծ ընդունելության համար, շքազգեստ հագած լակեյները վառում են ճյուղավոր աշտանակներն ու մոմերը. հեռո՜ւ, հաղթական կամարից տեսանելի են նորից կայսերական դարձած պալատի պատուհանների լույսերը, կրակները հետաքրքրասերների հսկայական բազմություններ են հրապուրում Թյուիլրիի այգիները:
     Վերջապես, երեկոյան ժամը իննին երևում է քառատրոփ սլացող կառքը, աջից, ձախից, առջևից ու հետևից նրան ոչ այն է պահպանում, ոչ այն է ուղեկցում են խանդավառությամբ սրերը ճոճող ամենատարբեր կոչումների ու աստիճանների հեծյալներ (շուտով նրանք այդ սրերը գործի կդնեն եվրոպական բանակների դեմ): Խիտ բազմության միջից ինչպես պայթյուն լսվում է հրճվալից բացականչություն, «Vive l’ Emperer!», արձագանք տալով կառքի զրնգացող ապակիների վրա: Համընդհանուր ոգևորության մեջ, ինչպես ալեբախության հզոր ալիք, ամբոխը զարկվում է կառքին, զինվորները սրերը մերկացնելով, ստիպված են կայսրին պաշտպանել նրա կյանքին սպառնացող հրճվանքի արտահայտություններից։ Նրանք բարձրացնում են նրան ձեռքերի վրա և մոլեգնող ամբոխի միջով սանդուղքների վրայով ակնածանքով հին պալատ են տանում իրենց սուրբ ավարը, պատերազմի մեծ աստծուն: Իր զինվորների ուսերին, երջանկության հորդությունից փակ աչքերով և լուսնոտի տարօրինակ ժպիտը շուրթերին, Ֆրանսիայի կայսերական գահին է բարձրանում նա, ով դեռ քսան օր առաջ Էլբայից հեռացած աքսորական էր: Դա Նապոլեոն Բոնապարտի վերջին հաղթանակն էր: Վերջին անգամ է նա ապրում նման վերելք, նման հեքիաթային թռիչք՝ աքսորի խավարից դեպի հզորության ամենաբարձր գագաթները: Վերջին անգամ է նրա ականջին հնչում, ինչպես ալեկոծ ծովի աղմուկ, սիրելի բացականչությունը. «Կեցցե՜ կայսրը»: Մի րոպե, տասը րոպե փակ աչքերով ու խռովահույզ հոգով բավականություն է ապրում նա իշխանության այդ արբեցնող խմիչքից: Ապա հրամայում է փակել պալատի դռները, սպաներին թույլ տալ հեռանալու և կանչել մինիստրներին. սկսվում է աշխատանքը: Նա պետք է պաշտպանի այն, ինչը նրան պարգևել է բախտը:
     Դահլիճ լցված խիտ բազմությունը սպասում է վերադարձած կայսրի դուրս գալուն: Բայց հենց առաջին հայացքը նրան հիասթափություն է բերում. նրան հավատարիմ էին մնացել ո՛չ ամենալավերը, ո՛չ ամենախելոքները, ո՛չ ամենաանհրաժեշտները: Նա տեսնում է պալատականների ու քաղաքավարի այցելուների, խնդրատուների ու հետաքրքրասերների՝ շատ համազգեստներ և քիչ խելոքներ: Առանց պատճառը բացատրելու չէին ներկայացել համարյա բոլոր մեծ մարշալները, նրա վեր բարձրացման իսկական ընկերակիցները: Նրանք մնացել էին իրենց ամրոցներում կամ անցել էին թագավորի կողմը, լավագույն դեպքում նրանք չեզոք են, շատերը նույնիսկ թշնամաբար են տրամադրված: Մինիստրներից բացակայում է ամենախելոքը, ամենահնարամիտը՝ Թալեյրանը, նորաթուխ թագավորներից՝ իր հարազատ եղբայրներն ու քույրերը, և ամենից առաջ կինն ու որդին: Հավաքվածների մեջ նա տեսնում է շատ խնդրատուների և քիչ արժանավորների, բազմահազար ամբոխի ցնծուն բացականչությունները դեռ խռովում են արյունը, բայց Նապոլեոնի հստակ, հեռատես միտքը արդեն հենց այդ հաղթանակի մեջ նախազգում է վտանգը:
     Հանկարծ հեռավոր դահլիճներից շշուկ է լսվում, զարմանքի և ուրախության անընդհատ բարձրացող շշուկ, և համազգեստավոր ու նախշանկար ֆրակներով մարդիկ հարգալից նահանջում են, ստեղծելով միջանցք: Մոտեցավ մի կառք, ճիշտ է՝ մի քիչ ուշացումով, նրանից դուրս է գալիս նիհար, գունատ, բոլորին քաջ հայտնի Օթրանտի դուքսը: Նա ներկայացավ, նա չսպասեց, նա առաջարկում է իր ծառայությունները, սակայն ոչ այնքան աներեսաբար, որքան այդ մանր պալատականները: Դանդաղ, անտարբեր, կիսախուփ, անթափանցելի աչքերով, ողջույններին չպատասխանելով, հանդիսավոր քայլում է նա բացված միջանցքով, և հենց այդ, բոլորին քաջ հայտնի նրա հանգստությունը հիացմունք է առաջացնում: «Ճանապարհ Օթրանտի դուքսին», - կանչում են լակեյները: Նրան մոտիկից իմացող մարդիկ մի քիչ այլ կերպ են բացականչություններ անում. «Ճանապարհ Ֆուշեին, ահա մի մարդ, որի կարիքը ամենից շատ է զգում հիմա կայսրը»: Նա ընտրված է, նշանակված, առաջ է քաշված հասարակական կարծիքով, նախքան կայսրի որոշում ընդունելը: Նա ներկայացավ ոչ թե որպես խնդրատու, այլ ինչպես իշխանավոր՝ մեծազոր ու կարևոր. և իսկապես, Նապոլեոնը նրան սպասել չի տալիս. անմիջապես իր մոտ է հրավիրում իր մինիստրներից ամենահնին, իր թշնամիներից ամենաիսկականին: Նրանց այս զրույցի մասին նույնպես այնքան քիչ է հայտնի, որքան այն զրույցի մասին, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ֆուշեն Եգիպտոսից փախած գեներալին օգնեց դառնալու կոնսուլ և նրա հետ կնքեց անհավատարիմ հավատարմության դաշինք: Բայց երբ մեկ ժամ հետո Ֆուշեն դուրս է գալիս Նապոլեոնի առանձնասենյակից, նա նորից նրա մինիստրն է՝ երրորդ անգամ ոստիկանության մինիստրը:
     Տպագրական ներկը դեռ չէր չորացել «Moniteur»-ի էջերին, որը հաղորդում էր Օթրանտի դքսի՝ Նապոլեոնի մինիստր նշանակվելու մասին, երբ արդեն երկուսն էլ, կայսրն ու մինիստրը, թաքուն ափսոսում էին, որ կապվել էին միմյանց հետ: Ֆուշեն հիասթափված է. նա շատ ավելին էր սպասում: Ոստիկանության մինիստրի աննշան պաշտոնը արդեն վաղուց չէր բավարարում նրա փառասիրության սառը բոցը: 1796 թվականի նշանակումը, որը շնորհազրկված ու սովի մատնված նախկին յակոբինյան Ժոզեֆ Ֆուշեի համար փրկություն ու պարգև էր, այժմ, 1815 թվականին, հռչակավոր, միլիոնատեր Օթրանտի դուքսի համար լավ վարձատրվող անաշխատ պաշտոն է թվում: Նրա ինքնավստահությունը մեծացել էր. այժմ նրան գրավում է միայն համաշխարհային մեծ խաղը, եվրոպական դիվանագիտության հուզիչ ավարտը, որտեղ խաղասեղան է հանդիսանում Եվրոպան, իսկ խաղագումարները՝ ամբողջ երկրների ճակատագրերը: Տասը տարի նրա ճանապարհին - լայնակի կանգնած է եղել նրա հետ չափվելու արժանի միակ դիվանագետը՝ Թալեյրանը. այժմ, երբ այդ ամենավտանգավոր մրցակիցը ելել է ընդդեմ Նապոլեոնի և Վիեննայում հավաքում է ամբողջ Եվրոպայի սվինները՝ կայսրի դեմ պայքարելու համար, Ֆուշեն իրեն միակն է համարում, ով իրավունք ունի հույս ունենալ արտաքին գործերի մինիստրի պաշտոնի համար: Սակայն Նապոլեոնը չի վստահում, և ոչ առանց հիմքի, և այդ ամենակարևոր պորտֆելը չի տալիս այդպիսի ճարպիկ, չափից ավելի ճարպիկ և այն էլ անհուսալի ձեռքը: Միայն ոստիկանության մինիստրությունն է, այն էլ դժկամորեն, նա հանձնում Ֆուշեին. նա գիտի, որ Ֆուշեի վտանգավոր փառասիրությունը վնասազերծելու համար պետք է նրան նետի իշխանության գոնե մի փշրանք: Բայց այդ համեստ գերատեսչության սահմաններում էլ Նապոլեոնը լրտես է նշանակում, որը պետք է հետևի անհուսալի մինիստրին, իսկ Ֆուշեի կատաղի թշնամի դուքս Ռովիգոյին նշանակում է ժանդարմերիայի պետ: Եվ ահա նրանց վերածնված միությունը հենց առաջին օրը վերսկսում է հին խաղը. Նապոլեոնը ստեղծում է իր սեփական ոստիկանությունը ոստիկանության մինիստրին հսկելու համար, իսկ Ֆուշեն առաջվա պես Նապոլեոնի թիկունքում կայսրի քաղաքականությանը զուգահեռ անց է կացնում իր սեփական քաղաքականությունը: Երկուսն էլ խաբում են մեկմեկու, առանց թաքցնելու իրենց խաղաթղթերը. նորից պետք է վճռվի, թե ով կհաղթի՝ ավելի ուժե՞ղը, թե՛ ավելի ճարպիկը, դյուրաբորբոքությո՞ւնը, թե սառնասրտությունը:
     Ֆուշեն դժկամությամբ է ընդունում մինիստրության կառավարումը: Բայց և այնպես այն ընդունում է: Այդ հրաշալի խաղամոլը ունի մեկ ողբերգական արատ. նա չի կարող մի կողմ մնալ, ոչ մի ժամ չի կարող մնալ որպես համաշխարհային խաղի դիտորդ: Նա պետք է խաղաթղթերը միշտ պահի ձեռքին, պետք է բաժանի, պետք է խառնի, խարդախի, բլեֆ անի, հակառակորդի խաղաթուղթը խփի և հաղթաթուղթ գնա: Նրան անհրաժեշտ է միշտ նստել սեղանի շուրջը միևնույն է ինչպիսի՝ թագավորական, կայսերական, թե հանրապետական, միայն թե մասնակցի խաղին, միայն թե «avoir la main dans la pâte», մոտ լինի կարկանդակին, միևնույն է, թե ում: Միայն թե մինիստր լինի, միևնույն է թե որ կառավարության մեջ՝ աջում, թե՛ ձախում, թագավորի մոտ, թե՛ կայսրի, բայց միայն թե մոտ լինի իշխանությանը: Նա երբեք էլ այնքան բարոյական ու էթիկական ուժ, այնքան հպարտություն, ոչ էլ նույնիսկ այնքան ինքնատիրապետում չի ունեցել, որ հրաժարվի իրեն նետված իշխանության մնացորդներից: Նա միշտ կհամաձայներ ընդունել իրեն առաջարկվող պաշտոնը, ո՛չ մարդիկ, ո՛չ գործը նրա համար նշանակություն չունեն, ամբողջ հետաքրքրությունը խաղի մեջ է:
     Նապոլեոնը դժկամությամբ է նորից իր մոտ ծառայության վերցնում Ֆուշեին: Արդեն տասը տարի նա գիտի միշտ մութ կածաններով քայլող այդ մարդուն և հավատացած է, որ նա ոչ մեկին չի ծառայում, այլ միշտ տրվում է իր կրքին ու ազարտին։ Նա գիտի, որ այդ մարդն իրեն դեն կշպրտի ինչպես սատկած կատվի և կլքի ամենավտանգավոր պահին, այնպես, ինչպես նա լքեց ու դավաճանեց ժիրոնդիստներին, տեռորիստներին, Ռոբեսպիերին և թերմիդորականներին, ինչպես դավաճանեց իր փրկարար Բարրասին, Դիրեկտորիային, հանրապետությանն ու կոնսուլությանը: Բայց Ֆուշեն պե՛տք է Նապոլեոնին, կամ նրան դա ուղղակի թվում է. ինչպես Նապոլեոնը Ֆուշեին գրավել է իր հանճարեղությամբ, այնպես էլ Ֆուշեն Նապոլեոնին գրավել է իր ընդունակություններով: Նրան մերժելը մահացու վտանգավոր կլիներ. այդպիսի տագնապալի պահին Ֆուշեին իր թշնամին դարձնել չի համարձակվում նույնիսկ Նապոլեոնը: Դրա համար էլ նա ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Ֆուշեին զբաղեցնել աշխատանքով, օժտելով նրան իրավունքներով ու լիազորություններով, նրան խանգարել դառնալու անհավատարիմ ծառա, «Միայն դավաճաններից էի ես լսում ճշմարտությունը», - հետագայում կասի պարտված կայսրը սբ. Հեղինե կղզում հիշելով Ֆուշեին: Նույնիսկ ծայրահեղ զայրացած րոպեներին նա չի կորցնում հարգանքը այդ դիվային մարդու անսովոր ընդունակությունների նկատմամբ, քանզի հանճարի համար ամենից անտանելին միջակությունն է. և Նապոլեոնը, նույնիսկ գիտենալով, որ Ֆուշեն իրեն խաբել է, և դրա հետ միասին գիտակցում է, որ նա իրեն հասկանում է: Ինչպես մեռնողը ծարավից տանջվելով ձգվում է դեպի թունավորված ջրով բաժակը, այնպես էլ Նապոլեոնը գերադասում է խելացի, թեև անհուսալի մինիստրի ծառայությունները հավատարիմ, բայց կարճ խելքով մինիստրի ծառայություններից: Տասը տարվա կատաղի թշնամանքը երբեմն անըմբռնելի ձևով ավելի լավ է միացնում մարդկանց, քան արտակարգ բարեկամությունը:
     Տասը տարուց ավելի Ֆուշեն ծառայում է Նապոլեոնին. մինիստրը՝ տիրակալին, բանականությունը՝ հանճարին. տասը տարուց ավելի նա գտնվում է Նապոլեոնի կրնկի տակ որպես ստորադրյալ, պարտված: Բայց 1815 թվականին, նրանց վերջին գոտեմարտի ժամանակ, Նապոլեոնը հենց սկզբից թույլ էր: Մի անգամ էլ, վերջին անգամ նա խմեց արբեցնող փառքի գավաթը. ինչպես արծվի թևերի վրա, բախտը հանկարծ հեռավոր կղզուց նրան հասցրեց կայսերական գահին: Նրա դեմ ուղարկված գնդերը, որոնք թվով հարյուրավոր անգամ գերազանցում էին նրա ջոկատներին, հենց տեսնում էին նրա թիկնոցը, գցում էին զենքերը: Իր արշավանքը վեց հարյուր զինվորով սկսած աքսորականը քսան օրում հասավ Փարիզ, գլխավորելով արդեն մի ամբողջ բանակ և ցնծության որոտների տակ նորից քնում է Ֆրանսիայի թագավորների ննջարաններում: Բայց այդ ի՛նչ խիստ զարթոնք է սկսվում մի քանի օր հետո: Ինչքա՜ն արագ է խամրում ֆանտաստիկ երազը սթափեցնող իրականության առջև: Նա նորից կայսր է, բայց դա միայն դատարկ հնչյուն է, քանզի նրա կողմից երբեմնի ստրկացված և նրա ոտքերի տակ սողացող աշխարհը այլևս չի ճանչում իր տիրոջը: Նա սեփական խաղաղասիրությամբ լեցուն կրքոտ հավաստիացումներով նամակներ ու կոչեր է գրում, դրանք կարդում ու ժպտում են, ուսերը վեր բարձրացնելով, նույնիսկ չարժանացնելով պատասխանի: Կայսրի, թագավորների և մեծ իշխանների մոտ Նապոլեոնի ուղարկած պատվիրակներին որպես մաքսանենգի բռնում են սահմանի վրա և առանց ձևականությունների հետ ուղարկում: Միայն մի նամակ է զարտուղի ճանապարհներով հասնում Վիեննա, Մետեռնիխը այն առանց բացելու նիստերի դահլիճում նետում է սեղանի վրա: Նոսրանում են կողմնակիցների շարքերը, հին բարեկամներն ու ընկերները ցրվեցին զանազան կողմեր Բերտյեն, Բուրյենը, Մյուրատը, Եվգենի Բոհառնեն, Բեռնադոտը, Օժերոն, Թալեյրանը` նստած են իրենց կալվածքներում կամ գտնվում են նրա թշնամիների շքախմբում: Ապարդյուն կերպով նա աշխատում է խաբել իրեն և բարեկամներին, նա կարգադրում է հրաշալի կահավորել կայսրուհու և հռոմեական թագավորի ննջասենյակները, կարծես նրանք պատրաստվում են հաջորդ օրը վերադառնալու. իրականում Մարիա Լուիզան սիրախաղում է իր մշտական ուղեկցորդ Նեյպերտի հետ, իսկ Նապոլեոնի որդին Շենբրունում Ֆրանց կայսրի խիստ հսկողության տակ խաղում է անագե զինվորիկներով: Եվ նույնիսկ Ֆրանսիան այլևս չի ճանաչում եռագույն դրոշը։ Ապստամբություններ են բռնկվում հարավում, արևմուտքում, գյուղացիները հոգնել էին մշտական զորակոչերից և կրակում է ժանդարմների վրա, որոնք գյուղացիներից նորից ձիեր պիտի բռնագրավեին հրետանու կարիքների համար: Փողոցներում փակցնում են Նապոլեոնի դեկրետները նմանակող ծաղրական պլակատներ. «Կետ I. Ամեն տարի ինձ պարտավոր են սպանդանոցի համար զոհ բերել երեք հարյուր հազար մարդ: Կետ II. Եթե հարկ լինի, ես այդ թիվը կմեծացնեմ մինչև երեք միլիոնի։ Կետ III. Այդ բոլոր զոհերը փոստով ու ուղարկվելու են գլխավոր սպանդանոց»: Կասկած չկա, բոլորը ձգտում են խաղաղության, և յուրաքանչյուր խելամիտ մարդ պատրաստ է սատանայի գիրկն ուղարկելու երկիր վերադարձած տիրակալին, եթե նա խաղաղություն չի երաշխավորում: Բայց հիմա (ինչքա՜ն ողբերգական է նրա ճակատագիրը), երբ ռազմատենչ կայսրը առաջին անգամ ծարավի է հանգստի, պայմանով, եթե իշխանությունը թողնեն նրան, այժմ էլ նրա՛ն ոչ ոք չի հավատում: Ազնիվ բուրժուաները, իրենց ռենտայի պահպանության վախով լցված, չեն բաժանում կես աշխատավարձի վրա նստած սպաների և պրոֆեսիոնալ ռազմիկների ոգևորությունը, որոնց համար խաղաղությունը նշանակում էր գործերի կանգառում: Եվ եթե Նապոլեոնը, անհրաժեշտության բերումով, նրանց նվիրում է ընտրելու իրավունք, նրանք անմիջապես ապտակում են նրան, ընտրելով հատկապես նրանց, որոնց նա տասնհինգ տարի հետապնդել է և պահել ստվերում՝ 1792 թվականի հեղափոխականներ - Լաֆայետին և Լանժինին: Ոչ մի տեղ դաշնակից չէր մնացել, հենց Ֆրանսիայում քիչ կային կայուն համախոհներ. մի մարդ չկար, որի հետ կարելի լիներ նեղ շրջանակում խորհրդակցել: Դժգոհ ու տագնապած կայսրը թափառում է դատարկ պալատում: Նյարդերը չեն դիմանում, կամքը թուլանում է. նա մեկ գոռում է, կորցնելով` ինքնատիրապետումը, մեկ ընկնում է բութ լեթարգիայի մեջ: Նա այժմ ցերեկը հաճախ է քնում, ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան հոգնածությունը արճճի ծանրությամբ օր ու գիշեր ճնշում է կայսրին: Մի անգամ Կառնոն նրան գտավ որդու՝ հռոմեական թագավորի նկարի առաջ արտասվելիս. նա մերձավորներին բողոքում է, որ իր երջանիկ աստղը թեքվել է: Ներքին կողմնացույցի ասեղը ցույց է տալիս, որ հաջողության գագաթնակետն արդեն անցել է և նրա կամքի սլաքը անհանգիստ տատանվում է բևեռից բևեռ: Հաջողության հույս չունենալով, պատրաստ ամեն մի համաձայնության, հաղթանակներից շփացած կայսրը ստիպված է, վերջապես, պատերազմ սկսել: Բայց հաղթանակի ոգին այլևս չի սավառնում նրա վհատորեն խոնարհված գլխավերևում:
     Այդպիսին է Նապոլեոնը 1815 թվականին, կարծեցյալ տիրակալ, կարծեցյալ կայսր, որին ճակատագիրը փոխ է տվել տիրակալի խաբուսիկ հագուստներ: Դրա փոխարեն նրա կողքին կանգնած Ֆուշեն հատկապես այդ ժամանակ հասավ իր ուժերի ծաղկմանը: Միշտ խարդախության պատյանում պահվող նրա մտքի կոփված շեղբը այնպես չի բանում, ինչպես մշտական շրջապտույտում գտնվող եռանդը: Երբեք Ֆուշեն չի եղել այնքան հնարամիտ, այնքան խորամանկ, այնքան ճկուն և հանդուգն, որքան այդ հարյուր օրը, կայսրության վերածնման ու անկման շրջանում. ոչ թե Նապոլեոնին, այլ նրան են ուղղված այն մարդկանց հուսալի հայացքները, ովքեր նրանից փրկություն են սպասում: Բոլոր կուսակցությունները (բացառիկ երևույթ) այդ մինիստրին մեծ վստահություն են ցույց տալիս, քան իրեն՝ կայսրին: Լյուդովիկոս XVIII-ը, հանրապետականները, ռոյալիստները, Լոնդոնը, Վիեննան հանձին Ֆուշեի տեսնում են միակ մարդուն, որի հետ կարելի է լուրջ` հարաբերություններ վարել, և նրա հաշվենկատ, սառը բանականությունը հոգնած, խաղաղության ծարավի մարդկությանն ավելի մեծ վստահություն է ներշնչում, քան Նապոլեոնի մեկ բոցավառվող, մեկ խռովքի մեջ մարող հանճարը: Նրանք բոլորը, ովքեր մերժում են կայսրի տիտղոսով «գեներալ Բոնապարտին», հարգանքով են վերաբերվում Ֆուշեի անձնական վարկին: Այն նույն սահմանները, որոնցում առանց ձևականության բռնում ու բանտարկում են կայսերական Ֆրանսիայի պետական գործակալներին, կարծես մոգական գավազանի շարժումով բացվում են Օթրանտի դուքսի գործակալների համար: Վելինգտոնը, Մետեռնիխը, Թալեյրանը, Օռլեանի դուքսը, թագավորները, նրանք բոլորը հաճույքով ու մեծագույն հարգանքով են ընդունում Ֆուշեի էմիսարներին, և նա, ով մինչև հիմա բոլորին խաբում էր, հանկարծ դառնում է միակ ազնիվ խաղացողը համաշխարհային խաղում: Բավական է նա մատը շարժի, և նրա կամքը վեր է ածվում - գործողության: Ապստամբել է Վանդեան, արյունահեղ պայքար է սպասվում, բայց բավական է Ֆուշեն սուրհանդակ ուղարկի, և բանակցությունների միջոցով կկանխի քաղաքացիական պատերազմը: «Ի՞նչ իմաստ ունի, - ասում է նա բացահայտ հաշվենկատությամբ, - այժմ ֆրանսիական արյուն թափել: Եվս մի քանի ամիս, և կայսրը կամ կհաղթի, կամ կկործանվի. ինչո՞ւ պայքարել նրա համար, ինչը, ակնհայտորեն, ձեր ձեռքը կընկնի առանց արյունահեղության: Վայր դրե՛ք զենքը և սպասեցեք»: Եվ անմիջապես ռոյալիստական գեներալները, համոզված այդ սթափ, բնավ ոչ սենտիմենտալ փաստարկներով, կնքում են ցանկալի պայմանագիր: Բոլորը, ինչպես արտասահմանում, այնպես էլ երկրի ներսում, ամենից առաջ դիմում են Ֆուշեին, պառլամենտական ոչ մի որոշում չի ընդունվում առանց նրա մասնակցության. Նապոլեոնն անօգնական նայում է, թե իր ծառան ինչպես է ամենուրեք կաթվածի ենթարկում իր ձեռքը, որտեղ նա ուզում էր հարված հասցնել, Ֆուշեն նրա դեմ օգտագործում է ընտրությունները և հանրապետականորեն տրամադրված պառլամենտի օգնությամբ արգելքներ է դնում նրա տիրանական կամքի առջև: Նապոլեոնն իզուր է ձգտում ազատվել Ֆուշեից անցել է այն ինքնակալական ժամանակը, երբ Օթրանտի դուքսին կարելի էր ազատել որպես անպետք ծառայի՝ նրան մի քանի միլիոն թոշակ նշանակելով, այժմ ավելի շուտ մինիստրը կարող է կայսրին գահից թռցնել, քան կայսրը Օթրանտի դուքսին նրա մինիստրական բազկաթոռից:
     Ինքնագլուխ և դրա հետ միասին մտածված, նպատակասլաց քաղաքականության այդ շաբաթները կազմում են համաշխարհային դիվանագիտության պատմության ամենակատարյալ էջերը: Նույնիսկ նրա անձնական հակառակորդ, իդեալիստորեն տրամադրված Լամարթինը ստիպված է արժանին հատուցել Ֆուշեի մաքիավելական հանճարին: «Պետք է խոստովանել, - գրում է նա, - որ այդ օրերին Ֆուշեն կատարելով իր դերը, հանդես բերեց բացառիկ խիզախություն և անսասան անվախություն: Իր դավերի համար նա ամեն օր ռիսկի է ենթարկել իր գլուխը և կարող էր ցանկացած րոպեին դառնալ Նապոլեոնի կրծքում արթնացած հպարտության ու զայրույթի զոհը: Կոնվենտի ժամանակներից բոլոր կենդանի մնացածներից միայն նա է պահպանել իր եռանդը և չի սպառել իր խիզախությունը: Իր համարձակ խաղի հետևանքով սեղմված լինելով ծնվող բռնապետության և հարություն առնող ազատության դաժան մամլակի միջև՝ մի կողմից, և հայրենիքի շահերը իր անձնական շահերին զոհ բերող Նապոլեոնի ու մի մարդու համար կործանման գնալ չցանկացող Ֆրանսիայի միջև՝ մյուս կողմից, Ֆուշեն վախեցնում էր կայսրին, շողոքորթում էր հանրապետականներին, հանգստացնում Ֆրանսիային, աչքով էր անում Եվրոպային, ժպտում էր Լյուդովիկոս XVIII-ին, բանակցություններ էր վարում եվրոպական արքունիքների հետ և քաղաքական խաղ՝ պարոն Թալեյրանի հետ և իր վարվեցողությամբ ընդհանուր հավասարակշռություն էր պահպանում. դա անսովոր դժվար, որքան ստորացուցիչ, նույնքան էլ վեհ, բոլոր դեպքերում վիթխարի դեր էր, որին պատմությունը մինչև այժմ էլ անհրաժեշտ ուշադրություն չի հատկացրել: Դեր, որ աչքի չէր ընկնում վեհանձնությամբ, բայց զուրկ չէր հայրենիքի նկատմամբ սիրուց հերոսականությունից, դեր, որում հպատակը վեր էր բարձրացել մինչև իր տիրակալի մակարդակը, մինիստրը գերազանցել էր տիրակալին: Խաղալով այդ դերը, Ֆուշեն իր երկդիմության շնորհիվ դարձավ միջնորդ դատավոր կայսրության, ռեստավրացիայի և ազատության միջև: Պատմությունը, դատապարտելով Ֆուշեին, պետք է ճանաչի նրա խիզախությունը «հարյուր օրվա» ժամանակաշրջանում, նրա գերազանցությունը բոլոր կուսակցությունների նկատմամբ և նրա խարդավանքների այնպիսի մեծությունը, որոնք նրան կդնեին դարի ամենանշանավոր պետական գործիչների կողքին, եթե գոյություն ունենային իսկական պետական գործիչներ առանց արժանավոր բնավորության և առաքինությունների»:
     Այդպիսի խորաթափանցությամբ է դատում Լամարթինը, այդ դարաշրջանում ապրած, այդ տարիների օդը անմիջականորեն շնչած բանաստեղծն ու պետական գործիչը: Նապոլեոնի մասին լեգենդը, որ ստեղծվել է հիսուն տարի հետո, երբ տասնյակ միլիոն սպանվածների մարմինները հող էին դարձել, բոլոր խեղանդամներին արդեն թաղել էին, իսկ Եվրոպային հասցված վերքերը բուժված էին, Ֆուշեին դատապարտում է, իհարկե, շատ ավելի խիստ ու անարդարացի կերպով: Յուրաքանչյուր հերոսական լեգենդ իրենից ներկայացնում է պատմության հոգևոր թիկունքի նման մի բան, և, ինչպես ամեն մի թիկունք, այն շատ թեթև է մոտենում այն ամենին, ինչից ինքը չի տուժում՝ անթիվ մարդկային զոհերին, կույր անձնազոհությանը, նույնիսկ հերոսաբար զոհված խիզախների անխելքությանն ու նրանց անմիտ հավատարմությանը: Նապոլեոնյան լեգենդը, որ ապավինում է միայն սև ու սպիտակ գույների, ճանաչում է միայն իր հերոսի «հավատարիմ զինակիցներին» և «դավաճաններին», այն չի տարբերում Նապոլեոն կոնսուլին, որը խելամիտ ու եռանդուն միջոցներով խաղաղություն և կարգ հաստատեց իր երկրում, այն Նապոլեոնից, որը բռնվեց կեսարական անմտությամբ, որի համար պատերազմը դարձավ մոլություն և որը, հանուն անձնական իշխանության տենչի, աշխարհն անողորմաբար քաշեց արյունահեղ արկածների մեջ և Մետեռնիխին ասել է բառեր, որոնք կսազեին Թամեռլանին. «Այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, թքած միլիոնավոր կյանքերի վրա»: Եվ յուրաքանչյուր ողջամիտ ֆրանսիացու, որը փորձում է խելամիտ չափավորությունը հակադրել կուրորեն դեպի իր կործանումը նետվող դիվահար կայսրի անսահման փառասիրությանը, յուրաքանչյուրին, ով ստորաքարշորեն ու ստրկաբար, աշխարհում ամեն ինչ մոռանալով իրեն չի գամել Ջահերնաուտի՝ Թալեյրանի, Բուրյենի, Մյուրատի մարտակառքին, բոլորին այդ լեգենդը դանթեական դաժանությամբ նետում է դժոխք, և Ֆուշեն նրանում ներկայանում է որպես դավաճաններից դավաճան, advocatus diaboli (2): Համաձայն լեգենդի, Ֆուշեն 1815 թվականին նորից մինիստրություն մտավ միայն նրա համար, որպեսզի, նախապես ծախված լինելով Լյուդովիկոս XVIII-ին և եվրոպական տերություններին, մերձենա կայսրին և, պահը որսալով, հարվածի նրան թիկունքից: Հաստատում են, որ իբր արդեն մարտի 20-ին թագավորի մեկնելու ժամանակ, նա պատվիրել է մոնարխիստներին հաղորդելու՝ «Փրկեցեք թագավորին, իսկ ես կփրկեմ միապետությունը», և ընդունելով մինիստրական պորտֆելը, վստահել է իր Սանչո Պանսային. «Իմ գլխավոր պարտքն է՝ հակադրվել կայսրի բոլոր պլաններին. երեք ամսից հետո ես ուժեղ կլինեմ նրանից, և եթե մինչ այդ նա - չհրամայի գնդակահարել ինձ, ես նրան ծնկի կբերեմ»: Այդ կանխագուշակությունը, ցավոք, այնքան ճիշտ է թվագրված, որ չի կարող հնարված չլիներ a posteriori (3):
     Բայց ենթադրել, որ Ֆուշեն մինիստրություն է մտել արդեն լինելով Լյուդովիկոս XVIII-ի կողմնակից, որպես նրա կաշառված լրտեսի, արդեն նշանակում է թերագնահատել այդ մարդուն և չհասկանալ նրան իր հոյակապ հոգեբանական բարդության մեջ, նրա գաղտնի դիվային բնույթը: Բանն այն չէ, Ֆուշեն, այդ միանգամայն բարոյազուրկ մաքիավելիստը ընդունակ չէր առիթի դեպքում կատարել նման բան, կամ՝ ընդհանրապես ամեն տեսակ դավաճանություն, ո՛չ, բայց նման ստորությունը չափազանց հասարակ, չափազանց քիչ գրավիչ կլիներ այդ եռանդուն և խիզախ խաղացողի համար: Ուղղակի մեկին խաբելը, թեկուզ դա Նապոլեոնը լիներ, նրա էությունը չէ. խաբել բոլորին՝ ահա նրա միակ բավականությունը, ոչ մեկին լրիվ հավատ չներշնչել և բոլորին խոստումներ տալ, միաժամանակ խաղալ բոլոր կուսակցությունների փոխարեն և բոլոր կուսակցությունների դեմ, երբեք չգործել նախապես նշված պլանով, այլ միայն ինտուիցիայով, լինել Պրոմեթեոս, փոխակերպման աստված: Այդ կրքոտ դիվանագետին ոգևորել կարող է ոչ թե ուղղագիծ ինտրիգանի՝ Ֆրանց Մոորի կամ Ռիչարդ III-ի դերը, այլ նույնիսկ իրեն հիացնող փայլուն փոփոխականությունը: Նա սիրում է խոչընդոտները հենց այդ խոչընդոտների համար, նա արհեստականորեն երկակի, քառակի մեծացնում է դրանք: Նա դավաճանել է ոչ թե մեկ, այլ բազմակի անգամ, նա բնածին դավաճան է, դավաճան միշտ և ամեն ինչում: Եվ Նապոլեոնը, որ բոլորից լավ գիտեր նրան, սբ. Հեղինե կղզում հիշելով նրա մասին, արտահայտել է իսկական խոր միտք. «Ես իմացել եք միայն մեկ իսկական կատարյալ դավաճանի՝ դա Ֆուշեն էր»: Նա կատարյալ, այլ ոչ թե պատահական դավաճան էր, դավաճանության հանճար, որի համար դավաճանությունը ոչ այնքան քաղաքականություն ու գործելակերպ էր, որքան նրա էության առանձնահատկության հիմքը։ Եվ Ֆուշեին ավելի լավ կարելի է հասկանալ, նրան համեմատելով վերջին պատերազմի ժամանակ փառաբանված լրտես - կրկնակների հետ, որոնք թշնամական տերություններին հաղորդում էին մի գաղտնիք, նրանցից ուրիշ, ավելի արժեքավոր գաղտնիքներ կորզելու համար: Տեղեկությունների այդ երկկողմ հաղորդման ժամանակ նրանք ի վերջո իրենք էին դադարում հասկանալ, թե որ տերությանն են ծառայում, վարձատրվելով երկու կողմից և հավատարիմ չմնալով նրանցից ոչ մեկին, նվիրված լինելով միայն խաղին, երկու կողմերի վրա տարվող երկդիմի խաղին, այդպիսի միջանկյալ վիճակի մեջ գտնելով համարյա անբնական, դիվային վտանգավոր բավականություն: Եվ միայն այն ժամանակ, երբ վերջնականապես գերակշռում է կշեռքի մի թաթը, խաղացողի կիրքը տեղի է տալիս բանականությանը, որը մտահոգված է շահ ստանալով: Միայն երբ հաղթանակը արդեն կանխորոշված է, Ֆուշեն որոշակի է դարձնում իր դիրքը. այդպես եղավ Կոնվենտում, Դիրեկտորիայի ժամանակ, կոնսուլության շրջանում և կայսրության օրերին: Քանի դեռ պայքար է գնում, նա ոչ մեկի հետ կապված չէ, երբ պայքարն ավարտված է, նա միշտ հաղթողի հետ է: Եթե Գրուշին ժամանակին հասներ, Ֆուշեն կդառնար (ծայրահեղ դեպքում որոշ ժամանակ) Նապոլեոնին հավատարիմ մինիստր: Բայց քանի որ Նապոլեոնը ճակատամարտը տանուլ տվեց, Ֆուշեն չխանգարեց նրա անկմանը, և ինքը հեռացավ նրանից: Եվ արդարանալու համար չէ, որ իրեն հատուկ լկտիությամբ նա արտահայտվել է իր գրաված դիրքի մասին - «հարյուր օրվա» ընթացքում: «Ե՛ս չդավաճանեցի Նապոլեոնին, այլ Վաթեռլոն»:
     Իհարկե, դժվար չէ պատկերացնել, որ Նապոլեոնին կատաղության է հասցրել նրա մինիստրի այդ երկակի խաղը: Չէ՛ որ նա գիտեր, որ այժմ խաղաքարտին է դրված իր սեփական գլուխը։ Նորից, ինչպես տասը տարի առաջ, ամեն առավոտ Նապոլեոնի աշխատասենյակն է մտնում գունատ, արնազուրկ դեմքով, արմավենու ճյուղազարդերով կարված մուգ սերթուկը հագին այդ նիհար, սմքած մարդը և զեկույց է ներկայացնում գործերի վիճակի մասին. ինչպիսի՜ հիանալի, պարզ, անհերքելի շարադրանք: Ուրիշ ոչ մեկը չէր կարող տալ իրադարձությունների ավելի լավ վերլուծություն, ոչ ոք չէր կարող ավելի պարզ շարադրել համաշխարհային քաղաքականության ընթացքը, ամեն ինչի մեջ թափանցել, ամեն ինչ տեսնել. այդպես է հասկանում Նապոլեոնն այդ ամենախորաթափանց խելքի տեր մարդուն: Եվ դրա հետ միասին կայսրը կռահում է, որ Ֆուշեն նրան ամեն ինչ չի ասում, ինչ որ գիտի: Նրան հայտնի է, որ Օթրանտի դուքսի մոտ են գալիս այլ երկրներից սուրհանդակներ, որ առավոտը, ցերեկն ու գիշերը նրա մինիստրը փակ դռների հետևում ընդունում է կասկածելի ռոյալիստական գործակալների, որ նա բանակցություններ է վարում ու հարաբերություններ ստեղծում, որի մասին նրան՝ կայսրին, ոչ մի բառ չի ասում: Բայց դա արդյո՞ք արվում է, ինչպես Ֆուշեն ուզում է հավատացնել նրան, միայն ինֆորմացիա ստանալու համար, թե՛ գաղտնի խարդախություններ են հյուսվում: Այդ անվստահությունը սարսափելի է հալածատանջ, հարյուրավոր թշնամիներով շրջապատված կայսեր համար: Իզուր նա մեկ բարեկամաբար քննում է Ֆուշեին, մեկ համոզիչ կերպով նախազգուշացնում է նրան, մեկ վրան թափում է կոպիտ կասկածանքներ, ինչպես միշտ անշարժ սեղմված են մինիստրի բարակ շուրթերը և ոչինչ չեն արտահայտում նրա ապակենման աչքերը՝ Ֆուշեին հեշտ չես բռնի, նրանից գաղտնիք չես կորզի: Եվ Նապոլեոնը տենդայնորեն խորհրդածում է՝ ինչպե՞ս բռնել նրան: Ինչպե՞ս իմանալ, վերջապես, թե ում է դավաճանել այդ մարդը, որի համար բաց են բոլոր խաղաթղթերը՝ իրե՞ն, թե՛ իր թշնամիներին: Ինչպե՞ս որսալ այդ անորսալիին, ինչպե՞ս թափանցել այդ անթափանցելիի մեջ: Բայց ահա, վերջապե՜ս, փրկությունը: Հետքը գտնված է, այն էլ ոչ միայն հետք, համարյա ապացույց: Ապրիլին գաղտնի ոստիկանությունը, որին կայսրը հատուկ հանձնարարել էր հետևելու իր ոստիկանության մինիստրին, իմանում է, որ Վիեննայից, վիեննական բանկային գրասենյակի ծառայողի անվան տակ, ժամանել է մի անհայտ մարդ և ուղիղ գնացել է Օթրանտի դուքսի մոտ: Պատվիրակին հետևում են, ձերբակալում, հասկանալի է, առանց ոստիկանության մինիստր Ֆուշեի իմացության, և բերում ելիսեյան տաղավարներից մեկը՝ Նապոլեոնի մոտ։ Այնտեղ նրան սպառնում են անմիջապես գնդակահարել և վախեցնում են այնքան ժամանակ, մինչև նա, վերջապես, խոստովանում է, որ Ֆուշեի համար անգույն թանաքով գրված նամակ է բերել Մետեռնիխից, որում առաջարկվում է Բազելում կազմակերպել վստահելի անձանց խորհրդակցություն: Նապոլեոնը գազազած է. թշնամական մինիստրից նման նամակներ սեփական մինիստրին՝ հավասարազոր է պետական դավաճանության: Նապոլեոնի առաջին մղումը բնական է՝ անմիջապես կալանավորել անհավատարիմ ծառային և կնիքի տակ դնել նրա թղթերը: Բայց մերձավորները հետ են պահում նրան դրանից՝ ուղղակի ապացույցներ դեռևս չկան, և, իմանալով Օթրանտի դուքսի բազմակի փորձված զգուշությունը, կարելի է չկասկածել, որ թղթերում չի հաջողվի տեսնել նրա գործարքների հետքերը: Եվ կայսրը որոշում է ամենից առաջ փորձել Ֆուշեի նվիրվածությունը։ Նա հրավիրում է նրան իր մոտ և իր համար անսովոր կեղծավորությամբ, որը նա սովորել էր իր մինիստրից հետաքրքրվելով գործերի ընդհանուր վիճակով, հարցուփորձ է անում Ավստրիայի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին: Ֆուշեն, չկասկածելով, որ իր պատվիրակը վաղուց ամեն ինչ դուրս է տվել, ոչ մի բառով չի հիշատակում Մետեռնիխի նամակի մասին. անտարբեր ձևանալով, կայսրը արձակում է իր մինիստրին, լրիվ համոզված նրա դավաճանության մեջ: Բայց որպեսզի վերջնականապես մերկացնի Ֆուշեին, նա, չնայած իր զայրույթին, բեմականացնում է մի կատակերգություն մոլիերյան պիեսի նրբորեն մտածված փոփոխակով: Գործակալի միջոցով իմանում են Մետեռնիխի միջնորդի հետ հանդիպելու նշանաբանը: Կայսրը ուղարկում է իր հավատարմատարին, որը պետք է հանդես գա որպես Ֆուշեի հավատարմատար. ավստրիական գործակալը, անկասկած, նրան ամեն ինչ կմատնի և այն ժամանակ, վերջապես, կայսրը ոչ միայն կհամոզվի Ֆուշեի դավաճանության մեջ, այլև կիմանա, թե ինչ չափերի է հասել այդ դավաճանությունը: Ահա հենց այդ գիշեր Նապոլեոնի պատվիրակը մեկնում է, երկու օր հետո Ֆուշեն կմերկացվի և կընկնի սեփական թակարդը:
     Սակայն ձեռքդ ինչքան երկար մեկնես դեպի օձաձուկը կամ օձը, զինված ձեռքով սառնարյուն կենդանուն հնարավոր չէ բռնել: Կայսրի բեմադրած կատակերգության մեջ կար, ինչպես ամեն մի իսկական կոմիկական պիեսում, հանդիպակաց գործողություն, ինչպես կրկնակի հատակը: Եթե Նապոլեոնը Ֆուշեի թիկունքում պահում է գաղտնի ոստիկանություն, ապա Ֆուշեն էլ Նապոլեոնի թիկունքում ունի իր կաշառած գրագիրներն ու գաղտնի մատնիչները. նրա լրտեսները պակաս ճարպկությամբ չեն աշխատում, քան կայսրի լրտեսները: Այն նույն օրը, երբ Ֆուշեի պատվիրակի դերը խաղացող Նապոլեոնի գործակալը մեկնեց Բազել՝ «Երեք թագավորների» հյուրանոցը, Ֆուշեն արդեն իմացավ իրեն սպառնացող վտանգի մասին, Նապոլեոնի «հավատարիմներից» ինչ-որ մեկը նրան հայտնել էր առաջիկա կատակերգության մասին: Եվ հաջորդ առավոտյան Ֆուշեն, որին ուզում էին հանկարծակիի բերել, կատարելով իր հերթական զեկույցը, ինքն է զարմացնում իր տիրակալին: Խոսակցության կեսին նա, հանկարծ խփելով ճակատին այն մարդու նման, որը հիշում է բոլորովին աննշան մի մանրուքի մասին ևս, հայտնում է. «Ախ հա՜, սիր, ավելի կարևոր գործերի մեջ ես մոռացա ձեզ ասել, որ նամակ եմ ստացել Մետեռնիխից: Բայց նրա պատվիրակը ինձ չի հանձնել այն փոշին, որն անհրաժեշտ է ճեպագիրը վերծանելու համար, և ես սկզբից ենթադրեցի, որ դա ինչ-որ խաբեություն է, այնպես որ ես այսօր միայն կարող էի այդ մասին ձեզ զեկուցել»:
     Բայց այստեղ կայսրը արդեն չի համբերում. «Դուք դավաճան եք, Ֆուշե, - գոռում է նա, - ես պետք է հրամայեի ձեզ կախել»:
     «Չեմ բաժանում ձեր կարծիքը, ձերդ մեծություն», - սառը պատասխանում է բոլոր մինիստրներից ամենաանվրդովը, ամենահանգիստը:
     Նապոլեոնը դողում է զայրույթից: Այդ վաղաժամ խոստովանության օգնությամբ նրա ձեռքից դուրս սահեց այդ Ֆրա-Դյավոլը: Իսկ գործակալը, որը երկու օր հետո նրան տեղեկություն էր բերել Բազելի բանակցությունների մասին, որոշակի քիչ բան հաղորդեց և շատ անախորժություններ: Որոշակի քիչ բան, քանզի ավստրիական գործակալի զարմանքից կարելի է եզրակացնել, որ զգույշ Ֆուշեն շատ խորամանկ է, որպեսզի բացահայտորեն կապվի թշնամիների հետ, նա տիրակալի թիկունքում վարում է միայն իր սիրած խաղը, ձեռքում պահելով բոլոր հնարավորությունները: Բայց պատվիրակը նաև շատ տհաճ լուրեր բերեց, և հատկապես՝ տերությունները համաձայն են, որ Ֆրանսիայում լինի ցանկացած պետական կարգ, բայց միայն ոչ Նապոլեոն Բոնապարտի կայսրությունը: Կայսրը կատաղաբար կրծում է շուրթերը: Նրա հարվածող ուժը կոտրված է: Նա ուզում է գաղտնի, թիկունքից ոչնչացնել ստվերում թաքնվող Ֆուշեին, բայց այդ մենամարտում, մթության միջից, հենց իրեն մահացու վերք է հասցված:
     Վճռական պահը Ֆուշեի խորամանկության հետևանքով բաց է թողնված, Նապոլեոնը դա գիտի. «Նրա դավաճանությունը կարծես ափի մեջ է, - ասում է նա իր մերձավորներին, - ես զղջում եմ, որ չվռնդեցի նրան, նախքան նա ինձ կհաղորդեր Մետեռնիխի հետ իր նամակագրության մասին: Այժմ պահը բաց է թողնված և առիթ չկա նրա հետ դատաստան տեսնելու. նա ի լուր ամենքի կհայտարարի, որ ես բռնակալ եմ, որը հանուն իր կասկածամտության զոհում է բոլորին»: Կայսրը լրիվ պարզությամբ գիտակցում է իր պարտությունը, բայց շարունակում է պայքարել մինչև վերջին րոպեն, հույս ունենալով, որ այդ երկերեսանուն կքաշի իր կողմը կամ նրան, վերջապես, հանկարծակիի կբերի և կճզմի: Նա դիմում է ամեն միջոցի: Գործի է դնում վստահությունը, սիրալիրությունը, արհամարհանքն ու զգուշությունը, բայց նրա հզոր կամքը անօգնական հետ է թռչում այդ սառը, բոլոր կողմերից հրաշալի հղկված քարի երեսակներից. ադամանդը կարելի է ջարդել կամ դեն շպրտել, բայց շաղափել չի կարելի: Վերջապես, կասկածներից տանջված կայսրը կորցնում է համբերությունը:
     Կառնոն պատմում է այն ողբերգական պատկերի մասին, որում նկատվում է կայսրի անզորությունը իրեն տանջողին հաղթելու հարցում: «Դուք ինձ դավաճանում եք, Օթրանտի դուքս, - ես ապացույցներ ունեմ, - մի անգամ մինիստրների խորհրդի նիստի ժամանակ նետում է Նապոլեոնը ինչպես միշտ անվրդով Ֆուշեին և, դուրս քաշելով փղոսկրյա դանակը, գոռում է. - Վերցրեք այս դանակը և իմ կուրծքը խրեք, դա ազնիվ կլինի նրանից, ինչ դուք անում եք: Ես կարող եմ գնդակահարել ձեզ, և ամբողջ աշխարհը հավանություն կտա այդ ակտին: Իսկ եթե դուք հարցնեք, թե ինչու ես դա չեմ անում, ես կպատասխանեմ, որ չափազանց արհամարհում եմ ձեզ, որ իմ աչքում դուք ոչնչություն եք»: Բոլորին պարզ է, որ Նապոլեոնի կասկածամտությունը վեր է ածվել կատաղության, իսկ տառապանքը՝ ատելության։ Նա երբեք չի մոռանա, որ այդ մարդը համարձակվել է իրեն պրովոկացիայի քաշել, և Ֆուշեն դա գիտի: Բայց նա հանգիստ հաշվում է կայսրի իշխանության խղճուկ հնարավորությունները: «Մեկ ամսից հետո այդ կատաղածին վերջ կտրվի», - համոզված ու քամահրանքով ասում է նա իր ընկերոջը: Դրա համար էլ այժմ նա չի էլ մտածում դաշինքի մասին, վճռական ճակատամարտերից հետո նրանցից մեկը պետք է հեռանա՝ Նապոլեոնը կամ Ֆուշեն: Նա գիտի (Նապոլեոնը այդ մասին հայտարարել է), որ ճակատամարտի դաշտերում հաղթանակի մասին առաջին իսկ լուրը նրան կբերի հեռացում, իսկ կարող է՝ նաև հրաման կալանավորման մասին: Եվ ահա ժամացույցի սլաքները մի թռիչքով քսան տարով հետ են վերադառնում դեպի 1793 թվականը, դեպի այն օրերը, երբ իր ժամանակի ամենահզոր մարդը՝ Ռոբեսպիերը, վճռականորեն հայտարարեց, որ երկու շաբաթ հետո ինչ-որ մեկի գլուխը կգլորվի իր ուսերից՝ իրենը կամ Ֆուշեինը: Բայց Օթրանտի դուքսը այդ տարիներին ձեռք է բերել ինքնավստահություն: Իր գերազանցության գիտակցմամբ նա հիշեցնում է ընկերոջը, որը նրան նախազգուշացնում է Նապոլեոնի զայրույթից, Ռոբեսպիերի սպառնալիքը և, ժպտալով, ավելացնում է. «Բայց ընկավ նրա գլուխը»:
     Հունիսի 18-ին հանկարծ որոտացին թնդանոթները հաշմանդամների տան առջև: Փարիզի բնակչությունը ուրախությամբ ցնցվեց: Վերջին տասնհինգ տարում նա սովորել էր ճանաչել այդ պղնձային ձայնը: Հաղթանակ է տարված, ճակատամարտը շահված է, լրիվ ջախջախված են Բլյուխերի և Վելինգտոնի բանակները՝ հաղորդում է «Moniteur»-ը: Խանդավառված ամբոխները հեղեղում են զբոսայգիները, դեռ մի քանի օր առաջ համընդհանուր անկայուն տրամադրությունը հանկարծ դրսևորվում է կայսրի նկատմամբ հավատարիմ հպատակության զգացումների ոգևորված արտահայտությամբ: Միայն ամենազգայուն բարոմետրը՝ ռենտան, չորս կետով ընկնում է, քանզի Նապոլեոնի յուրաքանչյուր հաղթանակը` նշանակում է պատերազմի երկարաձգում: Եվ միայն մի մարդ, հնարավոր է, հոգու խորքում դողում է այդ պղնձային ձայներից, դա Ֆուշեն է: Բռնակալի հաղթանակը կարող է հավասար լինել նրա գլխի կորստին։
     Բայց ողբերգական է ճակատագրի հեգնանքը. այն ժամին, երբ Փարիզում թնդանոթները ողջույնի համազարկ են տալիս, անգլիական թնդանոթները Վաթեռլոյի մոտ արդեն ջախջախել էին Նապոլեոնի հետևակն ու զվարդիան, և այն ժամանակ, երբ ոչինչ չկասկածող մայրաքաղաքում հրավառություն են սարքում, պրուսական հեծելազորի ձիերը, փոշու հողմեր բարձրացնելով, հալածում են իրենց առջև փախչող բանակի վերջին խղճուկ մնացուկները:
     Եվս մի օր շարունակվում է ճշմարտությանը չկասկածող Փարիզի կուրությունը: Միայն քսանին քաղաք են թափանցում սարսափելի տեղեկություններ: Գունատ, դողացող շուրթերով փարիզցիները միմյանց հաղորդում են ահաբեկող լուրեր: Տներում, փողոցում, բորսայում, զորանոցներում, ամենուրեք փսփսում են և խոսում աղետի մասին, չնայած թերթերը համառորեն լռում են: Վերջապես, դրա մասին սկսում են խոսել հանկարծ վախեցած քաղաքի բոլոր բնակիչները, նրանք դատարկախոսում են, զայրանում, բողոքում են ու հույս տածում:
     Բայց միայն մի մարդ գործում է՝ Ֆուշեն: Հազիվ տեղեկություն ստանալով (իհարկե, բոլորից շուտ) Վաթեռլոյի մասին, նա արդեն Նապոլեոնի վրա նայում է որպես դիակի, որը պետք է ինչքան հնարավոր է շուտ հեռացնել իր ճանապարհից: Եվ նա անմիջապես վերցնում է թիակը, որպեսզի գերեզման փորի նրա համար: Նա առանց հապաղելու դուքս Վելինգտոնին նամակ է գրում, որպեսզի անմիջապես կապեր հաստատի հաղթողի հետ. միաժամանակ անօրինակ հոգեբանական հեռատեսությամբ դեպուտատներին նախազգուշացնում է, որ Նապոլեոնը առաջին հերթին կփորձի նրանց բոլորին ուղարկել իրենց տները: «Նա կվերադառնա գազազած և անմիջապես կպահանջի դիկտատուրա»: Անհրաժեշտ է նախապես նրա անիվի առաջ քար գցել: Երեկոյան պառլամենտն արդեն նախապատրաստված է, մինիստրների խորհուրդը լարված է կայսրի դեմ, իշխանությունը նորից զավթելու վերջին հնարավորությունը խլված է Նապոլեոնի ձեռքից՝ և այդ բոլորն ավելի շուտ, քան նա կհասցներ ոտքը Փարիզ դնել: Այժմ դրության տերը ոչ թե Նապոլեոն Բոնապարտն է, այլ, վերջապես, Ժոզեֆ Ֆուշեն:
     Ադամամթին, քողարկված գիշերվա սև թիկնոցով, ինչպես սգո ծածկոցով, անհրապույր կառքը (Բլյուխերը գրավել էր Նապոլեոնի սեփական կառքը կայսերական գանձարանի, սրի ու թղթերի հետ) մտնում է Փարիզ, ուղղություն վերցնելով դեպի Ելիսեյան դաշտերը: Նա, ով վեց օր առաջ բանակին ուղղված հրամանում վերամբարձորեն դրել էր. «Խիզախություն ունեցող ամեն մի ֆրանսիացու համար հասել է հաղթելու կամ մեռնելու ժամը», ինքը չհաղթեց և չմեռավ, բայց դրա փոխարեն Վաթեռլոյի և Լինի մոտ զոհվեց էլի վաթսուն հազար մարդ: Այժմ նա շտապ, ինչպես մի ժամանակ Եգիպտոսից և Ռուսաստանից, տուն վերադարձավ, որպեսզի պահի իշխանությունը. նա դիտմամբ կարգադրեց դանդաղ գնալ. որպեսզի Փարիզ մտնի գաղտնի, մթության քողի տակ: Եվ փոխանակ ուղիղ գնա Թյուիլրի, իր կայսերական պալատը, և կանգնի Ֆրանսիայի դեպուտատների առաջ, իր քայքայված ջղերը հանգստացնում է Ելիսեյան փոքրիկ, հեռավոր պալատում:
     Հոգնած, ջարդված մարդը դուրս է գալիս կառքից, փնթփնթալով անկապ, անմիտ բառեր, փնտրելով ուշացած բացատրություններ և փորձելով արդարացնել անխուսափելին: Տաք լոգարանը ուշքի է բերում Նապոլեոնին, միայն դրանից հետո նա հրավիրում է խորհուրդ: Հուզված և զայրույթ և՛ խղճահարություն զգալով, խորհրդի անդամները միայն արտաքնապես հարգանքով լսում են հաղթված կայսրի անկապ, զառանցական խոսքերը: Նա նորից անրջում է հարյուրհազարանոց բանակի, հեծնելու թանկարժեք ձիեր բռնագրավելու մասին և ապացուցում է նրանց (որոնք գիտեն, որ այլևս հարյուր մարդ էլ հնարավոր չէ դուրս քաշել արյունաքամ երկրից), որ երկու շաբաթում նա դաշնակից տերությունների դեմ կհանի երկու հարյուրհազարանոց բանակ: Մինիստրները, նրանց մեջ և Ֆուշեն, կանգնած են գլխահակ: Նրանք գիտեն, որ այդ զառանցական խոսքերը իշխանության վիթխարի ծարավի վերջին ջղաձգություններն են, որոնք դեռևս չէին մարել այդ հսկայի մեջ: Ինչպես կանխագուշակել էր Ֆուշեն, նա պահանջում է դիկտատուրա, ամբողջ իշխանության՝ և ռազմական, և քաղաքական, հանձնումը մեկի ձեռքը, իր ձեռքը, և, հնարավոր է, նա դիկտատուրա է պահանջում միայն նրա համար, որպեսզի մինիստրները մերժեն դա, որպեսզի հետագայում, պատմության առաջ նա կարողանա մեղքը գցել նրանց վրա և ասի, որ իրեն զրկել են հաղթանակ տանելու վերջին հնարավորությունից (ժամանակակից կյանքը գիտի համանման դեպքեր պատմության նման շրջադարձերի ժամանակ):
     Բայց բոլոր մինիստրներն արտահայտվում են զգույշ, բոլորն ամաչում են խիստ խոսքով ցավ պատճառել այդ տառապյալ, տենդայնորեն զառանցող մարդուն: Միայն Ֆուշեն արդեն ոչինչ չունի խոսելու: Նա լռում է, որովհետև արդեն վաղուց սկսել էր գործել և միջոցներ ձեռնարկել նրա համար, որպեսզի կասեցնի Նապոլեոնի վերջին գրոհը իշխանության վրա: Գործնական բժշկի հետաքրքրությամբ, որը հանգիստ ու քննախույզ դիտում է մեռնողի հոգեվարքը, նախապես հաշվելով, թե երբ կկանգնի զարկերակը և օրգանիզմը կդադարի դիմադրելուց, նա առանց կարեկցության լսում է այդ դատարկ զառանցական խոսքերը. ոչ մի բառ չի թռչում նրա բարակ, անարյուն շուրթերից: Moribundus (4), նա անհուսալի դատապարտված է, ինչ նշանակություն կարող են ունենալ նրա լրիվ հուսահատական խոսքերը: Նա գիտի՝ մինչդեռ կայսրը կհարբի իր ձանձրացնող ֆանտազիայից, աշխատելով հարբեցնել և մյուսներին, Ելիսեյան պալատից հազար քայլի վրա, Թյուիլրիում, խորհրդի ժողովը դաժան տրամաբանությամբ հնազանդորեն որոշում է ընդունում համաձայն իր՝ Ֆուշեի հրամանի ու կամքի:
     Նա ինքը, իհարկե, այնպես, ինչպես թերմիդորի 3-ին և հունիսի 21-ին, չի ներկայանում դեպուտատների ժողովին: Նա խավարում կենտրոնացրել էր իր մարտկոցները, նշել ճակատամարտի պլանը, գրոհի համար ընտրել էր նպատակահարմար ժամանակն ու նպատակահարմար մարդուն՝ ողբերգական, համարյա գրոտեսկային հակառակորդ Լաֆայետին, և այդքանը բավական է: Երիտասարդ ազնվականը, որը հայրենիք է վերադարձել քառորդ դար առաջ՝ որպես ամերիկյան ազատագրական պատերազմի հերոս, երկու աշխարհամասերում փառքով պսակված, հեղափոխության դրոշակակիր, նոր գաղափարների պիոներ, իր ժողովրդի սիրելի Լաֆայետը շուտ, շա՜տ շուտ զգաց իշխանության արբեցումը: Եվ հանկարծ Բարրասի ննջարանից հանդես է գալիս ինչ-որ ոչնչություն, կարճահասակ մի կորսիկացի, ճմռթված շինելով և ծռմռված սապոգներով մի լեյտենանտ և երկու տարվա ընթացքում տիրում է այն բոլորին, ինչ ինքը՝ Լաֆայետը, կառուցել էր և ինչին սկիզբ էր դրել, նրանից խլելով և՛ իշխանությունը, և՛ փառքը: Նման բաները չեն մոռացվում: Վիրավորված ազնվականը, սրտում պահելով զայրույթը, ապրում է իր կալվածքում, այն ժամանակ, երբ կայսրի շքեղ թիկնոցով զգեստավորված կորսիկացին ընդունում է եվրոպական իշխանների գլուխ խոնարհումները և ստեղծում նոր, ավելի դաժան, հանճարի բռնակալություն՝ ազնվականության նախկին բռնակալության փոխարեն: Այդ ծագող լուսատուն բարեհաճության ոչ մի ճառագայթ չի գցում հեռավոր տիրույթի վրա, և երբ մարկիզ Լաֆայետը իր համեստ կոստյումով մի անգամ Փարիզ է գալիս, այդ բախտախնդիրը նրա վրա համարյա ուշադրություն չի դարձնում, գեներալների ոսկեկար սերթուկները, արյան շիլայի մեջ նորաթուխ մարշալների համազգեստները ավելի վառ են փայլում, քան արդեն փոշով ծածկված նրա փառքը: Լաֆայետը մոռացված է, քսան տարում ոչ ոք չի տալիս նրա անունը: Նրա մազերն արդեն ճերմակում են, երբեմնի առնական գեղակազմ այդ մարդը նիհարել ու չորացել է և ոչ ոք նրան չի կանչում ոչ բանակ, ոչ սենատ. նրան քամահրանքով թույլ են տալիս վարդ ու կարտոֆիլ տնկել Լագրանժում: Ո՛չ, փառասերն այդպիսի բանը չի մոռանում: Եվ երբ 1815 թվականին ժողովուրդը, հիշելով հեղափոխության մասին, իր նախկին սիրելիին նորից է ընտրում պառլամենտում, և Նապոլեոնը ստիպված է դիմել նրան ճառով, Լաֆայետը պատասխանում է սառն ու խուսափողաբար. նա չափազանց հպարտ է, չափազանց ազնիվ ու ճշմարիտ, որպեսզի կարողանա թաքցնել իր թշնամանքը:
     Բայց այժմ, հրահրվելով Ֆուշեի կողմից, նա առաջ է մղվում երկար կուտակված ատելությունը կողքից գրեթե թվում է իմաստնություն և ուժ: Եվ նորից ամբիոնից հնչում է հեղափոխության հին դրոշակակրի ձայնը. «Նորից, երկար տարիների լռությունից հետո, բարձրացնելով իմ ձայնը, որը կճանաչվի ազատության հին բարեկամների կողմից, ես ստիպված եմ ձեզ հիշեցնելու հայրենիքին սպառնացող վտանգի մասին, որին փրկելը ամբողջությամբ ձեր իշխանությունն է»: Առաջին անգամ նորից հնչեց ազատության խոսքը, և այդ պահին այն նշանակում էր ազատագրվել Նապոլեոնից: Լաֆայետը առաջարկում է նախապես կանխել պալատը արձակելու և պետական հեղաշրջում կատարելու ամեն մի փորձ. խանդավառությամբ որոշում է ընդունվում ժողովրդական ներկայացուցչությունը հայտարարել անփոխարինելի և հայրենիքի դավաճան համարել նրան, ով փորձ կանի այն արձակել:
     Դժվար չէ կռահել, թե ում է հասցեագրված այդ խիստ նախազգուշացումը, և, հազիվ լսելով այդ մասին, Նապոլեոնն զգում է իրեն հասցված ապտակը: «Ես պետք է նրանց ցրեի իմ մեկնելուց առաջ, - գազազած ասում է նա, - այժմ արդեն ուշ է»: Իրականում դեռ ամեն ինչ կորած չէր և դեռ ուշ չէր: Նա դեռ կարող էր գրչի մի շարժումով, ստորագրելով հրաժարական, կայսերական թագը փրկել իր որդու համար, իսկ իր համար՝ ազատություն. նա դեռ կարող էր հազար քայլ անել, որը Ելիսեյան պալատը բաժանում էր նիստերի դահլիճից, և այնտեղ, օգտագործելով իր անձնական ազդեցությունը, իր կամքը փաթաթել ոչխարների այդ հոտին: Բայց համաշխարհային պատմության մեջ միշտ կրկնվում է մի զարմանալի երևույթ, հատկապես ամենաեռանդուն մարդիկ ամենապատասխանատու րոպեներին կաշկանդվում են տարօրինակ անվճռականությամբ՝ նման հոգեկան կաթվածահարության: Վալենշտայնը իր անկումից առաջ, Ռոբեսպիերը թերմիդորի 9-ի երեկոյան, ինչպես և վերջին պատերազմի զորավարները, հատկապես այն ժամանակ, երբ նույնիսկ ավելորդ շտապողականությունը ավելի քիչ սխալ կլիներ, դրսևորում են ճակատագրական անվճռականություն: Նապոլեոնը բանակցություններ է վարում և վիճում մի քանի մինիստրների հետ, որոնք անտարբեր լսում են նրան. նա անիմաստ քննադատում է անցյալի սխալներն այն ժամին, որը պետք է վճռեր նրա ապագան. նա մեղադրում է, անրջում, իրենից պաթոս է քամում՝ իսկական և արհեստական, բայց մի փոքր անգամ խիզախություն չի դրսևորում: Նա խոսում է, ոչ թե գործում: Եվ ճիշտ այնպես, ինչպես բրյումերի 18-ին, ասես պատմությունը կարողացել է երբևէ կրկնվել մի կյանքի սահմաններում և ասես համեմատությունը քաղաքականության մեջ միշտ չի եղել ամենավտանգավոր սխալը, - պառլամենտ է ուղարկում եղբորը՝ Լյուսիենին, իր փոխարեն ճառ ասելու, փորձելով իր կողմը քաշել դեպուտատներին: Բայց այն օրերին, որպես ճարտարախոս օգնականներ Լյուսիենի կողմն էին եղբոր հաղթանակները, իսկ գործակիցները՝ մկանուտ գրենադերները և եռանդուն գեներալները: Բացի դրանից (այդ մասին Նապոլեոնը ճակատագրական ձևով մոռացել էր), այդ տասնհինգ տարիների ընթացքում մահացել էր տասը միլիոն մարդ: Եվ դրա համար, երբ Լյուսիենը, ամբիոն բարձրանալով, ֆրանսիական ժողովրդին մեղադրում է երախտամոռության և իր եղբոր գործը պաշտպանել չցանկանալու մեջ, Լաֆայետի մեջ հանկարծ ճայթում է հիասթափված ազգի երկար ժամանակ խլացած զայրույթը նրա դահճի դեմ, և նա արտասանում է անմոռանալի խոսքեր, որոնք վառոդի պահեստն ընկած կայծի նման մի հարվածով խորտակում են Նապոլեոնի հույսերը. «Դուք ինչպե՞ս եք համարձակվում, - հարձակվում է նա Լյուսիենի վրա, - մեզ ակնարկ նետել, որ մենք քիչ բան ենք արել ձեր եղբոր համար: Դուք մի՞թե մոռացել եք, որ մեր զավակների և եղբայրների ոսկորները ամենուրեք վկայում են մեր հավատարմության մասին: Աֆրիկայի անապատներում, Գվադալկվիվիրի և Տախոյի ափերին, Վիսլայի մոտ և Մոսկվայի սառցադաշտերում տասից ավելի տարիներին մի մարդու համար զոհվել են երեք միլիոն ֆրանսիացիներ: Մի մարդու համար, որ դեռ այսօր էլ ուզում է թափել մեր արյունը Եվրոպայի դեմ պայքարում: Դա շա՜տ է, չափազանց շատ է մի մարդու համար: Այժմ մեր պարտքն է փրկել հայրենիքը»: Բուռն ու համընդհանուր հավանությունը պետք է Նապոլեոնին համոզեին, որ հասել է գահից կամավոր հրաժարվելու վերջին ժամը: Բայց, հավանորեն, երկրի վրա չկա ավելի դժվար բան, քան իշխանությունից հրաժարվելը: Նապոլեոնը դանդաղում է: Այդ դանդաղումը նրա որդու համար հավասար էր կայսրության, իսկ իր համար՝ ազատության կորստի:
     Ֆուշեն վերջապես կորցնում է համբերությունը: Եթե անհարմար մարդը չի ուզում կամավոր հեռանալ, ապա թող կորչի նա: Միայն պետք է արագ և լավ հարմարեցնել լծակը, և այն ժամանակ կփլվի նույնիսկ այդպիսի վիթխարի հմայքը: Գիշերը նա նախապատրաստում է իրեն նվիրված դեպուտատներին, և հենց հաջորդ առավոտ պալատը տիրաբար պահանջում է գահից հրաժարում: Բայց դա էլ բավականին պարզ չի թվում նրա համար, ում արյունը հուզվում է հզորության ծարավից: Նապոլեոնը դեռևս շարունակում է բանակցությունները, մինչև որ Ֆուշեի համառ պահանջով Լաֆայետը չի արտասանում վճռական բառեր. «Եթե նա դանդաղելու է հրաժարական տալուց, ես առաջարկում եմ տապալել»:
     Աշխարհի տիրակալին տալիս են մեկ ժամ՝ պատվավոր ձևով հեռանալու, վերջնականապես հրաժարական տալու համար, բայց նա այն օգտագործում է ոչ թե որպես քաղաքագետ, այլ որպես դերասան, ճիշտ այնպես, ինչպես 1814 թվականին Ֆոնտեբլոյում իր գեներալների առաջ: «Ինչպե՛ս, - բացականչում է նա վրդովված, - բռնությո՞ւն: Այդ դեպքում ես հրաժարական չեմ տա: Պալատն ընդամենը մի խառնաժողով է՝ յակոբինյանների և փառասերների, որոնց ես պետք է մերկացնեի ազգի առաջ և ցրիվ տայի: Բայց կորցրած ժամանակը դեռ կարելի է հետ շահել»: Իսկ իրականում նա ուզում է, որ իրեն ավելի համառորեն խնդրեն և որպեսզի, այդպիսով, զոհը դառնա ավելի նշանակալից, և իսկապես, մինիստրները պատկառանքով համոզում են նրան, ինչպես 1814 թվականին գեներալներն էին համոզում: Միայն Ֆուշեն լռում է: Մի լուրը հաջորդում է մյուսին, ժամացույցի սլաքը անողոքաբար առաջ է սողում : Վերջապես, կայսրը հայացք է նետում Ֆուշեի վրա, ինչպես պատմում են վկաները, ծաղրով ու կրքոտ ատելությամբ լի հայացք. «Այդ պարոններին գրեք, - հրամայում է նրան արհամարհանքով, - որ նրանք հանգստանան, ես կբավարարեմ նրանց ցանկությունը»: Ֆուշեն մատիտով շտապ մի քանի բառ է գրում պալատի իր հպատակներին, որ է՛լ կարիք չկա էշի քացու, իսկ Նապոլեոնը գնում է առանձին սենյակ, որպեսզի իր եղբայր Լյուսիենին թելադրի հրաժարականի տեքստը:
     Մի քանի րոպե հետո Նապոլեոնը վերադառնում է գլխավոր աշխատասենյակ: Իսկ ո՞ւմ հանձնել այնքան կարևոր այդ փաստաթուղթը: Ինչպիսի սարսափելի ծաղր: Հենց նրա՛ն, որը իրեն հարկադրել է ստորագրել հրաժարականը և ով կանգնած է իր առջև, ինչպես Հերմես, ինչպես անողոք բանբեր: Կայսրը լռելյայն հանձնում է նրան թուղթը, Ֆուշեն լռելյայն ընդունում է դժվարությամբ ձեռք բերված փաստաթուղթը և խոնարհվում է:
     Դա նրա վերջին խոնարհումն էր Նապոլեոնին:
     Պալատի նիստի ժամանակ Ֆուշեն՝ Օթրանտի դուքսը, բացակայում էր: Այժմ, երբ հաղթանակ է տարված, նա ներս է մտնում և աստիճաններով դանդաղ բարձրանում է, ձեռքում բռնած ունենալով համաշխարհային-պատմական փաստաթուղթ: Հավանաբար, այդ րոպեին նրա պստլիկ, ինտրիգանի անգութ ձեռքը դողում էր հպարտությունից. չէ՛ որ նա երկրորդ անգամ հաղթել էր Ֆրանսիայի ամենաուժեղ մարդուն, և հունիսի 22-ի այդ օրը նրա համար այնքա՛ն կարևոր է, որքան թերմիդորի 9-ը: Համընդհանուր, մեռելային լռության մեջ, մնալով սառն ու անշարժ, նա իր նախկին տիրակալին շպրտում է հրաժեշտի մի քանի բառ ինչպես թղթե ծաղիկներ թարմ գերեզմանի վրա: Եվ այլևս ոչ մի սենտիմենտալություն: Նրա համար չի խլված իշխանությունը այդ հսկայի ձեռքից, որպեսզի, գետնին ընկած, այն դառնա ամեն մի ճարպիկի ավարը: Օգտագործելով պահը, ինքը պետք է Տիրի նրան, ինչին նա ձգտել է այնքա՜ն երկար տարիներ: Ֆուշեն առաջարկություն է մտցնում անմիջապես ընտրել ժամանակավոր կառավարություն՝ հինգ մարդուց կազմված դիրեկտորիա, հավատացած, որ հիմա արդեն ինքը, վերջապես, կընտրվի: Սակայն մի անգամ ևս նրան սպառնում է այն վտանգը, որ ազատությունների գործողությունը, որին ինքը այնքան երկար սպասել էր, ձեռքից դուրս կպրծնի: Ճիշտ է, նրան հաջողվում է քվեարկության ժամանակ նենգաբար խաբել ամենավտանգավոր մրցակցին՝ Լաֆայետին, որն իր ուղղամտությամբ ու հանրապետական համոզվածությամբ, ոչխարային գործելակերպով նրան ցույց տվեց անփոխարինելի ծառայություն: Սակայն առաջին հաշվարկման ժամանակ Կառնոն ստացավ 324 ձայն, իսկ Ֆուշեն՝ միայն 293, այնպես որ նոր ստեղծված ժամանակավոր կառավարության մեջ նախագահի պաշտոնը անկասկած պատկանում էր Կառնոյին:
     Բայց այդ վճռական պահին, երբ Ֆուշեն իր ցանկությունների առարկայից ընդամենը մեկ դյույմ հեռավորության վրա էր, որպես փորձված խաղամոլ կատարում է իր ամենազարմանալի ու ամենաստոր քայլերից ևս մեկը: Համաձայն քվեարկության արդյունքների, նախագահի տեղը պատկանում է Կառնոյին, իսկ նա՝ Ֆուշեն, այդ կառավարության մեջ պետք է լիներ երկրորդը, այն դեպքում, երբ նա տենչում է լինել, վերջապես, առաջինը և դառնալ անսահմանափակ տիրակալ: Այստեղ նա դիմում է նուրբ խորամանկության. հազիվ էր հավաքվել Հինգի խորհուրդը և Կառնոն պատրաստվում էր օրենքով իրեն պատկանող նախագահի բազկաթոռը զբաղեցնել, Ֆուշեն, ձևացնելով, թե դա, իբր, ընդունված կարգ է, իր գործընկերներին առաջարկում է կազմակերպվել: «Ի՞նչ եք հասկանում դուք դրա տակ», - հարցնում է զարմացած Կառնոն: «Դա նշանակում է, - միամիտ ձևով ասում է Ֆուշեն, - ընտրել նախագահ և քարտուղար»: Եվ կեղծ համեստությամբ ավելացնում է. «Հասկանալի է, ես իմ ձայնը կտամ, որպեսզի նախագահը դուք լինեք»: Կառնոն դավ չնկատելով, հարգալից պատասխանում է. «Իսկ ես ձայն կտամ ձեզ»: Բայց Դիրեկտորիայի մյուս երկու անդամներն արդեն գաղտնի հավաքագրվել էին Ֆուշեի կողմից. այսպիսով, նա երեք ձայն ունի երկուսի դեմ, և մինչև Կառնոն գլխի կընկներ, որ իրեն հիմարացրել են, Ֆուշեն արդեն նստած է նախագահական բազկաթոռին: Նրան հաջողվեց Նապոլեոնից և Լաֆայետից հետո խաբել նաև Կառնոյին, և այդ ամենահանրահռչակ մարդու փոխարեն Ֆրանսիայի բախտի տիրակալը դառնում է խարդախաբարո Ժոզեֆ Ֆուշեն:
     Հինգ օրվա ընթացքում, հունիսի 13-ից 18-ը, կայսրը կորցրեց իր իշխանությունը. հինգ օրվա ընթացքում, հունիսի 17-ից 22-ը, նրան տիրացավ Ֆուշեն. նա այլևս ծառա չէ, այլ, առաջին անգամ, Ֆրանսիայի անսահմանափակ տիրակալը. նա ազատ է, աստվածաբար ազատ՝ համաշխարհային քաղաքականության մեջ խաղալու իր սիրելի բարդ խաղը:
     Նրա կիրառած առաջին միջոցառումն էր՝ կորչի կայսրը: Նույնիսկ Նապոլեոնի ստվերը ճնշում է Ֆուշեին, և ճիշտ այնպես ինչպես իշխանության գլուխ կանգնած Նապոլեոնը հանգիստ չէր, քանի դեռ այդ անհասկանալի Ֆուշեն գտնվում էր Փարիզում, այնպես էլ Ֆուշեն չի կարող ազատ շնչել, մինչև մի քանի հազար մղոն տարածություն չանջատի իրեն այդ գորշ թիկնոցից: Ֆուշեն խույս է տալիս Նապոլեոնի հետ անձամբ խոսելուց. ինչո՞ւ դառնալ սենտիմենտալ: Նրան ուղարկում է կարգադրագրեր՝ թեթևակի ծածկված բարյացակամության վարդագույն երանգով: Բայց շուտով նա պատռում է նաև քաղաքավարության այդ գունատ ծածկոցը և անողոքորեն տապալված կայսրին զգացնել է տալիս նրա անզոր լինելը: Վերամբարձ կոչը, որով Նապոլեոնը հրաժեշտի ժամանակ ուզում էր դիմել իր բանակին, ուղղակի նետված է աղբարկղ. մյուս առավոտ Նապոլեոնը իզուր է տարակուսանքով փնտրում իր կոչը «Moniteur»-ում: Ֆուշեն արգելեց այն տպել: Ֆուշեն արգելում է կայսրի՜ն: Նապոլեոնին դեռևս անհավանական է թվում այն անսահման անպատկառությունը, որով նրա հետ վարվում է իր նախկին ծառան, բայց ժամ առ ժամ համառ ու բացահայտ են դառնում այն հարվածները, որոնցով նրան հետապնդում է այդ դաժան ձեռքը, մինչև որ նա, վերջապես, չի տեղափոխվում Մալմեզոն: Սակայն, հասնելով այնտեղ, նա համառում է, չի ուզում հեռու գնալ, չնայած արդեն մոտենում են Բլյուխերի բանակի դրագունները, չնայած Ֆուշեն ամեն ժամ ավելի խիստ է զգուշացնում նրան խոհեմ լինել և մեկնել: Որքան բացահայտ է զգում Նապոլեոնն իր անկումը, այնքան ջղաձգորեն է կառչում իշխանությունից: Ի վերջո, երբ ճանապարհորդական կառքը արդեն նրան սպասում է բակում, նրա մոտ միտք է հղանում կատարել ևս մի վեհասքանչ ժեստ. նա, կայսրը, թույլտվություն է խնդրում որպես հասարակ գեներալ կանգնել զորքերի գլուխը, որպեսզի նորից հաղթանակ տանի, կամ տապալվի: Բայց Ֆուշեն, սթափ Ֆուշեն, չի կարող լուրջ ընդունել այդպիսի ռոմանտիկ առաջարկությունը: «Այդ մարդը, երևի, ծաղրո՞ւմ է մեզ, - զայրացած բացականչում է նա։ - Նրա ներկայությունը, բանակի գլուխ կանգնած, կնշանակեր նոր մարտահրավեր Եվրոպային, և Նապոլեոնի բնավորությունն էլ այնպիսին չէ, որպեսզի հավատալ նրա անտարբերությանը իշխանության նկատմամբ»:
     Ֆուշեն կոպտորեն կշտամբում է այդ գեներալին այն բանի համար, որ նա համարձակվել է իրեն հանձնել նման դիմում, փոխանակ հեռու տանելու կայսրին, և կարգադրում է անմիջապես հոգ տանել այդ մարդու մեկնման մասին: Իրեն՝ Նապոլեոնին նա ընդհանրապես պատասխանի չի արժանացնում: Պարտվածները Ֆուշեի աչքում մի կաթիլ թանաք չարժեն:
     Վերջապես նա ազատ է և հասել է իր նպատակին. հեռացնելով Նապոլեոնին, հիսունվեց տարեկան Ֆուշեն՝ Օթրանտի դուքսը, հասավ ինքնակալական, ոչնչով չսահմանափակված իշխանության: Ինչպիսի՜ անվերջ ոլորաններով է նա անցել քսան տարվա այդ լաբիրինթոսից. վաճառականի փոքրիկ, գունատ տղան դարձավ ածիլած գագաթով տխուր վանական, ուսուցիչ, ապա բարձրացավ մինչև ժողովրդական տրիբունի և պրոկոնսուլի աստիճանի, ապա դարձավ Օթրանտի դուքս և կայսրի ծառա, և վերջապես նա այլևս ծառա չէ, այլ Ֆրանսիայի ինքնակալ տիրակալ: Խարդավանքը հաղթանակ տարավ գաղափարի, ճարպկությունը հանճարի նկատմամբ: Նրա շուրջը անդունդ սուզվեց անմահների մի ամբողջ սերունդ, Միրաբոն մեռավ, Մարատը սպանվեց, Ռոբեսպիերը, Դեմուլենը, Դանտոնը գիլյոտինի ենթարկվեցին, կոնսուլության նրա ընկերակից Կոլլոն աքսորված է մալարիաբեր Գվիանա կղզի, Լաֆայետը հեռացված է. մինչև վերջինը մահացել ու անհետացել են հեղափոխության ժամանակի Ֆուշեի բոլոր ընկերները. Եվ այն ժամանակ, երբ նա, բոլոր կուսակցությունների կողմից ազատ ընտրված վստահությամբ օժտված, տնօրինում է Ֆրանսիայի բախտը, Նապոլեոնը՝ աշխարհի տիրակալը, աղքատի նման հագնված, ինչ-որ աննշան գեներալի քարտուղարի կեղծ անձնագրով, փախչում է, Մյուրատն ու Նեյը սպասում են գնդակահարության, Նապոլեոնի խղճուկ ազգականները, նրա ողորմածությամբ երբեմնի թագավորները, տեղից տեղ են թափառում, կորցնելով իրենց երկրները, դատարկ գրպաններով, ապաստան փնտրելով: Համաշխարհային պատմության, իր տեսակի մեջ այդ միակ շրջադարձային դարաշրջանի, բոլոր գործիչներն ընկան, միայն նա բարձրացավ շնորհիվ իր համառության, մթության մեջ սպասող, գետնի տակ փորող համբերության: Մինիստրությունը, սենատը և ժողովրդական ժողովը հնազանդ են նրա հմուտ ձեռքերում, ինչպես փափուկ մոմ. երբեմնի փառատենչ գեներալները, դողալով իրենց թոշակի համար, ոչխարային հլությամբ ենթարկվում են նոր պրեզիդենտին. Ֆրանսիայի բուրժուազիան և ժողովուրդը սպասում են նրա որոշմանը: Լյուդովիկոս XVIII-ը սուրհանդակներ է ուղարկում նրա մոտ, Թալեյրանը ողջունում է նրան, Վելինգտոնը՝ Վաթեռլոյի հաղթողը, նրան գաղտնի տեղեկություններ է ուղարկում. ամբողջ աշխարհի բախտի բոլոր թելերը առաջին անգամ միանգամայն բացահայտ ու ազատ ձևով անցնում են նրա ձեռքով:
     Նրա առջև հսկայական խնդիր է կանգնած, ջախջախված, հաղթված երկիրը փրկել մոտեցող թշնամիներից, խանգարել անօգուտ, անհուսալի դիմադրությունը, ձեռք բերել հաղթության լավ պայմաններ, գտնել պետական կառավարման հարմար ձև պետության հարմար ղեկավար, քաոսից ստեղծել նոր նորմաներ, հաստատել ամուր կարգ: Դրա համար պահանջվում է մեծ վարպետություն, մտքի ծայրահեղ ճկունություն, և իսկապես այդ ժամանակ, երբ բոլորը շփոթված են և կորցնում են հոգու կայունությունը, Ֆուշեի կարգադրությունների մեջ տեսնում են մեծագույն եռանդ, իսկ երկու կամ նույնիսկ չորս ուղղությամբ գնացող նրա ծրագրերում՝ զարմանալի համոզվածություն: Նա բոլորի հետ բարեկամ է, բայց միայն նրա համար, որ բոլորին հիմարացնի և անի միայն այն, ինչը իրեն թվում է ճիշտ ու օգտակար: Պառլամենտի առջև ձևանալով, որ նա Նապոլեոնի տղայի կողմն է, Կառնոյի առաջ իրեն ցուցադրելով որպես հանրապետության համախոհ, իսկ դաշնակիցներին ներկայանալով որպես Օռլեանի դուքսի կողմնակից, Ֆուշեն իրականում կառավարման ղեկը դանդաղ շարժում է դեպի նախկին թագավորը՝ Լյուդովիկոս XVIII-ը: Միանգամայն աննկատ, կատարելով թեթև, հմուտ շրջադարձեր, նույնիսկ մոտիկ բարեկամներին չբացելով իր իսկական մտադրությունները, նա կաշառքների ճահճի միջով մագլցում է ռոյալիստների կողմը և բանակցություններ է վարում իրեն վստահված կառավարումը Բուրբոններին հանձնելու մասին, միաժամանակ մինիստրների խորհրդում և պալատում խաղալով աներեր բոնապարտիստի և հանրապետականի դեր: Հոգեբանական տեսակետից խնդրի այդպիսի լուծումը միակ ճիշտն էր: Միայն թագավորի առջև անհապաղ կապիտուլյացումը կարող է փրկել արյունաքամ, քայքայված, օտար զորքերով հեղեղված Ֆրանսիան և անցավ դարձնել նոր կարգերի անցնելը: Միայն Ֆուշեն է, որ, շնորհիվ իրականության իր ընկալման, անմիջապես հասկանում է իրադարձությունների նման ընթացքի անհրաժեշտությունը և իր ծրագիրը կենսագործում է ինքնակամ, սեփական ուժերով, հաշվի չառնելով խորհրդի, ժողովրդի, բանակի, պալատի և սենատի դիմադրությունը:
     Ֆուշեն այդ օրերին հանդես է բերում բացառիկ իմաստնություն, բայց և դրանում էր նրա ողբերգությունը. նրան պակասում էր միայն մի բան, վերջին, ամենաբարձր և մաքուր հատկությունը՝ հանուն գործի իրեն, իր օգուտը մոռանալը: Այն վերջին հատկությունը, որը նրան կհուշեր, որ այնպիսի մարդուն, ինչպիսին նա է, հիսունվեց տարեկան հասակում, կանգնած փառքի գագաթնակետին, տասը կամ քսան միլիոն կարողություն ունեցողին, ժամանակակիցների և պատմության մեծարանքն ու հարգանքը վայելողին, խնդիրներն այդքան վարպետորեն իրականացնողին անհրաժեշտ է մի կողմ քաշվել: Բայց նա, ով քսան տարի այնքան ագահորեն ձգտել է իշխանության, ով քսան տարի ըմբոշխնել է այն և դեռ չի հագեցել, ընդունակ չէ կամավոր հրաժարվել իշխանությունից, և ճիշտ այնպես, ինչպես Նապոլեոնը, Ֆուշեն ընդունակ չէ թեկուզ մի րոպե առաջ հեռանալ իշխանությունից, մինչև որ իրեն դեն չեն շպրտել։ Եվ քանի որ այժմ նա տեր չունի, որին կարողանար դավաճանել, նրան ոչինչ չէր մնում անելու, քան դավաճանել ինքն իրեն, իր անցյալին: Պարտված Ֆրանսիա վերադարձնել նրա նախկին տիրակալին՝ դա տվյալ պահի իսկական սխրագործությունն էր, ճիշտ ու խիզախ քաղաքական քայլ: Բայց թույլ տալ այդ վճռի համար իրեն պարգևատրել թեյի փողով, ընդունելով թագավորական մինիստրի պաշտոնը, դա արդեն ստորացում է և ավելի է, քան հանցագործությունը. դա հիմարություն է: Եվ կատաղի փառասեր Ֆուշեն կատարում է այդ հիմարությունը, որպեսզի նորից պատմության թեկուզ մի քանի ժամում «avoir la main dans la pâte», ջուր խմի իշխանության աղբյուրից: Դա նրա առաջին և ամենամեծ, անուղղելի հիմարությունն էր, որը նրան ընդմիշտ նվաստացրեց պատմության առջև: Արագորեն, ճարպկորեն ու համբերատար բարձրացավ նա հազարավոր աստիճաններով, բայց վերջինում անշնորհք ու անտեղի ծնկի եկավ և թավալգլոր ցած նետվեց:
     Այն մասին, թե ինչպես տեղի ունեցավ գահի վաճառքը Լյուդովիկոս XVIII-ին՝ մինիստրական պաշտոնի դիմաց, վկայում է ինչ-որ, բարեբախտաբար պահպանված, առանձնահատուկ փաստաթուղթ, այն եզակի փաստաթղթերից մեկը, որը բառացի վերարտադրում է սովորաբար այնքան զգույշ Ֆուշեի դիվանագիտական բանակցությունները: «Հարյուր օրվա» ընթացքում թագավորի միակ խիզախ կողմնակից բարոն դը Վիտրոլը Տուլուզում բանակ հավաքեց և մարտնչեց վերադարձող Նապոլեոնի դեմ: Նրան գերի վերցրին, բերին Փարիզ և կայսրը ցանկանում էր անմիջապես հրաման տալ նրան գնդակահարելու մասին. բայց խառնվեց Ֆուշեն, նա միշտ անհրաժեշտ էր համարում ներել թշնամիներին և հատկապես նրանց, որոնք կարող էին դեռ պետք գալ: Եվ այդպես, բավարարվեցին նրանով, որ, ընդհուպ մինչև ռազմադաշտային դատարանի որոշումով, Վիտրոլին բանտարկեցին ռազմական բանտում: Բայց հենց որ Ֆուշեն հունիսի 23-ին դառնում է Ֆրանսիայի տիրակալ, բանտարկվածի կինը շտապում է նրա մոտ: Նա աղաչում է ամուսնուն ազատելու մասին, և Ֆուշեն անմիջապես համաձայնում է դրան, քանի որ նրա համար շատ կարևոր էր Բուրբոնների բարեհաճությունը շահելը: Հենց հաջորդ ռոյալիստների ազատված պարագլուխ բարոն Վիտրոլը ներկայանում է Օթրանտի դուքսին, որպեսզի նրան հայտնի իր շնորհակալությունը:
     Այսպիսով, հանրապետականների կողմից ընտրված պետության ղեկավարի և անհաշտ արխիռոյալիստի միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը: Ֆուշեն հարցնում է Վիտրոլին. «Եվ այսպես, դուք ի՞նչ եք մտադիր անելու»: - «Ես մտադիր եմ գնալ Քենտ, փոստային կառքն արդեն սպասում է դարպասի մոտ»: - «Դա շատ խելացի է ձեր կողմից, չէ՛ որ այստեղ ձեզ համար անվտանգ չէ»։ - «Չե՞ք ցանկանում իմ միջոցով որևէ բան հաղորդել թագավորին»: - «Ահ, աստված իմ, ո՜չ: Իհարկե, ոչ: Միայն հաղորդեք, խնդրում եմ, նորին մեծությանը, նա կարող է հույս դնել իմ նվիրվածության վրա, բայց, ցավոք, ինձնից չի կախված, որ նա մոտ ժամանակներս վերադառնա Թյուիլրի»: - «Սակայն ինձ թվում է, որ դա կախված է միայն ձեզնից»: - «Շատ ավելի քիչ, քան դուք դա ենթադրում եք: Իմ առջև մեծ դժվարություններ կան: Ճիշտ է, պալատը պարզեցրել է իրադրությունը: Ձեզ հո հայտնի է, - ժպտալով շարունակում է Ֆուշեն, - որ նա թագավոր է հռչակել Նապոլեոն Երկրորդին»: - «Ինչպե՞ս Նապոլեոն Երկրորդին»: - «Իհարկե, դրանից պետք էր սկսել»: - «Բայց ես ենթադրում եմ, դրան չի կարելի լուրջ վերաբերվել»: - «Այո՛ , իհարկե: Ինչքան ես երկար եմ մտածում, այնքան շատ եմ համոզվում նրանում, որ այդ հռչակումը կատարված է անմտորեն: Բայց դուք չեք կարող պատկերացնել, թե դեռ ինչքան մարդիկ են նվիրված այդ անվանը: Իմ գործընկերներից մի քանիսը, ամենից առաջ Կառնոն, համոզված են, որ Նապոլեոն Երկրորդի ընտրությամբ ամեն ինչ կփրկվի»: - «Իսկ ինչքա՞ն պիտի շարունակվի այդ կատակը»: - «Ամենայն հավանականությամբ այնքան, որքան մեզ պետք է, որպեսզի ազատվենք Նապոլեոն Առաջինից»: - «Իսկ ի՞նչ է հետևում դրանից»: - «Ես որտեղի՞ց իմանամ: Այդպիսի րոպեներին դժվար է նախատեսել, թե ինչ է պատահելու վաղը»: - «Բայց եթե ձեր գործընկեր պարոն Կառնոն այդքան նվիրված է Նապոլեոնին, ձեզ համար, հավանաբար, դժվար կլինի ձախողել այդ կոմբինացիան»: - «Օ՜, դուք Կառնոյին չգիտեք: Նրան դրանից շեղելու համար բավական է հռչակել «Ֆրանսիական ժողովրդի» կառավարություն: Ֆրանսիական ժողովուրդը, միայն մտածեք, ինչ կասի, լսելով այդ բառերը»: Եվ երկուսն էլ ծիծաղում են՝ հանրապետականների կողմից ընտրված իր գործընկերոջը ծաղրող Օթրանտի դուքսը, և ռոյալիստների ներկայացուցիչը։ Նրանք սկսում են մեկմեկու հասկանալ: «Դուք ճիշտ եք, այդպես աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի, - վերսկսում է զրույցը բարոն Վիտրոլը: - Բայց ես հույս ունեմ, որ Նապոլեոն Երկրորդից և «Ֆրանսիական ժողովրդից» հետո դուք կհիշեք, վերջապես, նաև Բուրբոնների մասին»: - «Հասկանալի է, - պատասխանում է Ֆուշեն, - այն ժամանակ կգա Օռլեանի դուքսի հերթը»: - «Ինչպե՞ս թե Օռլեանի դուքսի», - բացականչում է զարմացած բարոն Վիտրոլը: - Մի՞թե դուք մտածում եք, որ թագավորը կհամաձայնի ընդունել այն թագը, որը մի քանի անգամ վաճառքի մեջ են դրել և առաջարկել են ամբողջ աշխարհին»: Ֆուշեն մտածում ու ժպտում է:
     Բայց բարոն դը Վիտրոլը արդեն ամեն ինչ հասկացավ: Այդ նենգաբարո, հեգնական, կարծես անփույթ խոսակցության մեջ Ֆուշեն նրան բացեց իր մտադրությունները: Նա առանց երկմտության հասկացնել տվեց, որ կարող է սկսել այնպիսի արգելքներ հարուցել, որ Լյուդովիկոս XVIII-ի տեղը կարող են կայսր հռչակել Նապոլեոն Երկրորդին, կամ թագավոր՝ Օռլեանի դուքսին, կամ ֆրանսիական ժողովրդի կառավարություն, բայց թե անձամբ նա, Ֆուշեն, հակված չէ այդ հնարավոր տարբերակներից ոչ մեկին և պատրաստ է հանգիստ ջնջել բոլոր երեքին՝ հօգուտ Լյուդովիկոս XVIII-ի, եթե... Ի՞նչ է թաքնված այդ «եթե»-ի տակ, Ֆուշեն չասաց, բայց բարոն Վիտրոլը նրան հասկացավ՝ հնարավոր է, թեթև ժպիտից կամ ինչ-որ ժեստից: Բոլոր դեպքերում նա հանկարծ որոշում է չմեկնել, այլ մնալ Փարիզում, Ֆուշեի մոտ, իհարկե, այն պայմանով, որ նա կարողանա ազատ նամակագրություն ունենալ թագավորի հետ: Նա դնում է և այլ պայմաններ. ամենից առաջ քսանհինգ անձնագիր իր գործակալների համար, որոնք պետք է ուղարկվեն Քենտ, որտեղ գտնվում է թագավորի գլխավոր բնակարանը: «Հիսուն, հարյուր, ինչքան ուզում եք», - ուրախ տրամադրությամբ պատասխանում է հանրապետական կառավարության մեջ մտած ոստիկանության մինիստրը հանրապետության հակառակորդների ներկայացուցչին: «Եվ ապա խնդրում եմ ձեր թույլտվությունը օրական մեկ անգամ զրույց ունենալու ձեզ հետ»:
     Եվ նորից դուքսը ուրախ պատասխանում է. «Մեկ անգամը բավական չէ: Երկու անգամ. մի անգամ առավոտյան, մյուսը՝ երեկոյան»: Այժմ բարոն դը Վիտրոլը կարող է հանգիստ մնալ Փարիզում և Օթրանտի դուքսի թևերի տակ բանակցություններ վարելով թագավորի հետ, նրան հայտնել, որ Փարիզի դարպասները բաց են նրա առջև, եթե... եթե Լյուդովիկոս XVIII-ը պատրաստ է Օթրանտի դուքսին թագավորական նոր կառավարության մեջ ընդունելու որպես մինիստր:
     Երբ Լյուդովիկոս XVIII-ին առաջարկեցին գնել Ֆուշեին, նրան որպես թեյի փող շպրտելով մինիստրի պաշտոն, որպեսզի այդ ձևով Փարիզի դարպասները բացի իր համար, սովորաբար ֆլեգմատիկ Բուրբոնը սաստիկ զայրացավ. «Երբե՛ք», - հայտարարում է նա նրանց, ովքեր ուզում էին ցուցակ մտցնել այդ ատելի անունը: Եվ իսկապես, ի՜նչ անհեթեթ առաջարկություն՝ կառավարության մեջ մտցնել արքայասպանին, նրանցից մեկին, ով ստորագրել է իր հարազատ եղբոր մահվան դատավճիռը, փախստական հոգևորականին, կատաղի աթեիստին և Նապոլեոնի ծառային: «Երբե՛ք», - գոռում է նա զայրույթից իրեն կորցրած: Բայց հո պատմությունից հայտնի է, թե ինչ են նշանակում այդ «երբեքները» թագավորների, քաղաքագետների և գեներալների շուրթերին, դրանք սովորաբար կապիտուլյացման սկիզբն են: Մի՞թե Փարիզը չարժե մեսիային: Մի՞թե նրա թագավորական նախնիները Հենրիխ IV-ի ժամանակներից չեն բերել այդպիսի sacrifici dell'inteletto, մտքի ու խղճի զոհ՝ հանուն իշխանությունը տիրելու:
     Պալատական գեներալների, Վելինգտոնի և ամենից առաջ Թալեյրանի (նրան՝ ամուսնացած եպիսկոպոսին, պետք է, որ պալատականների մեջ լինի ավելի վարկաբեկված մարդ) համառ հորդորների ազդեցության տակ թագավորն սկսում է մի քիչ տատանվել: Բոլորն առանց բացառության նրան հավատացնում են, որ միայն մի մարդ կարող է անարգել նրա առջև բացել Փարիզի դարպասները՝ միայն Ֆուշեն: Միայն այն մարդը, որը, հարելով բոլոր կուսակցություններին և բաժանելով ամենատարբեր կարծիքներ, հանդիսանում է հիմնական և ամենալավ ասպանդակապահը թագի բոլոր թեկնածուների համար, միայն նա կարող է կանխել արյունահեղությունը: Բացի դրանից, այդ հին յակոբինյանը արդեն վաղուց դարձել է վճռական պահպանողական, զղջացել ու հրաշալի ձևով դավաճանել է Նապոլեոնին: Ի վերջո թագավորը, որպեսզի թեթևացնի իր խիղճը, մեղքերի թողություն է խնդրում ասում են, թե բացականչելով՝ «Իմ խե՜ղճ եղբայր, եթե այս րոպեին դու կարողանայիր տեսնել ինձ», նա պատրաստակամություն է հայտնել Նելյիում գաղտնի ընդունել Ֆուշեին. գաղտնի, քանզի Փարիզում չպետք է գլխի ընկնեն, որ ժողովրդի կողմից ընտրված առաջնորդը իր երկիրը ծախում է մինիստրի պաշտոնով, իսկ գահի թեկնածուն՝ իր պատիվը արքայական թագի համար: Մթության մեջ, միայն մի մարդու՝ փախստական եպիսկոպոսի ներկայությամբ, գաղտնի տեղի է ունենում նոր պատմության մեջ այդ ամենախայտառակ համաձայնությունը նախկին յակոբինյանի և ապագա թագավորի միջև:
     Այնտեղ, Նելյիում, խաղացվում է Շեքսպիրին կամ Արետինոյին արժանի սահմռկուն, ֆանտաստիկ տեսարան. սուրբ Լյուդովիկոսի հետնորդ Լյուդովիկոս XVIII թագավորն ընդունում է իր եղբորը սպանողներից մեկին, յոթնակի երդմնազանց Ֆուշեին, Կոնվենտի, կայսրի և հանրապետության ժամանակի մինիստրին, որպեսզի նրանից երդում ընդունի, հավատարմության ութերորդ երդումը: Նախկին եպիսկոպոս, հետագայում հանրապետական, ապա կայսրի ծառա Թալեյրանը ներս է տանում իր ընկերակցին: Որպեսզի լավ քայլի, կաղ Թալեյրանը ձեռքը դնում է Ֆուշեի ուսին, - «դավաճանության վրա հենված արատ»՝ Շատոբրիանի թունոտ արտահայտությամբ, - և այդ ձևով երկու աթեիստները, հարմարվողները, մերձենում են, ինչպես եղբայրներ, սուրբ Լյուդովիկոսի ժառանգորդին: Սկզբից խոր գլուխ են տալիս: Ապա Թալեյրանն իր վրա է վերցնում թագավորին՝ նրա եղբորը սպանողին որպես մինիստր ներկայացնելու տհաճ պարտականությունը: Երդում տալու համար ծնկի գալով «բռնակալի» ու «դեսպոտի» առջև, նիհար մարդը սովորականից ավելի գունատվելով, համբուրում է այն ձեռքը, որում հոսում է նույն արյունը, որը մի անգամ թափվել է նրա օգնությամբ, և երդվում է հանուն աստծո, որի եկեղեցիները նա մի ժամանակ իր շայկայով կողոպտել պղծել է Լիոնում: Դա չափազանց է նույնիսկ Ֆուշեի համար:
     Դրա համար էլ, դուրս գալով սենյակից, որտեղ տեղի ունեցավ ունկնդրությունը, Օթրանտի դուքսը դեռևս գունատ էր և պիտի հենվեր կաղացող Թալեյրանին: Նա ոչ մի բառ չի արտասանում: Նույնիսկ հռչակավոր անպատկառ եպիսկոպոսի հեգնական դիտողությունները, որի պատարագ կատարելը նույնն է թե թուղթ խաղալը, Ֆուշեին չեն կարող դուրս բերել հուզված վիճակից, և նա շարունակում է լռություն պահպանել: Գիշերը, գրպանում տանելով իրեն մինիստր նշանակելու մասին թագավորի ստորագրած դեկրետը, նա վերադառնում է Թյուիլրի՝ ոչինչ չկասկածող իր գործընկերների մոտ, որոնց նա վաղը ցրիվ կտա, իսկ մյուս օրը կուղարկի աքսոր. երևի նրանց շրջանում նա իրեն մի քիչ լավ չէր զգում: Ծառաներից այդ ամենաանհավատարիմ ծառան մի քիչ առաջ ազատ էր, բայց, ինչքա՜ն զարմանալի են ճակատագրի հակասությունները, ստոր հոգիները չեն տանում ազատությունը, նրանք միշտ հետ են փախչում նրանից դեպի ստրկություն: Եվ ահա դեռ երեկ ուժեղ ու անկախ Ֆուշեն նորից նվաստանում է տիրոջ առջև, նորից իրեն կապում է իշխանության թիանավին (պատկերացնելով, որ կանգնած է ճակատագրի ղեկի մոտ): Բայց շուտով նա նաև խարան կկրի՝ իր թիանավի նշանը:
     Հաջորդ առավոտյան Փարիզ են մտնում դաշնակիցների զորքերը: Համաձայն գաղտնի պայմանավորվածության, նրանք գրավում են Թյուիլրին տեղի-անտեղի փակում են դռները դեպուտատների առջև: Դա շինծու զարմացած Ֆուշեին հարմար առիթ է տալիս իր գործընկերներին առաջարկելու, որպես բողոք սվինների սպառնալիքի դեմ, իրենցից վայր դնել կառավարության լիազորությունները: Հիմարացված մինիստրները համաձայնում են այդ պաթետիկ ժեստին: Այսպիսով, ինչպես համաձայնեցված էր, գահը հանկարծ մնում է թափուր, և ամբողջ օրվա ընթացքում Փարիզում ոչ մի կառավարություն գոյություն չուներ: Լյուդովիկոս XVIII-ը բավականին մոտենում է Փարիզի դարպասներին, և նրան խանդավառությամբ ընդունում են որպես փրկարարի, շրջապատում աղմկալից ցնծությամբ, որը փողով նախապատրաստել էր ոստիկանության նոր մինիստրը: Այսուհետև Ֆրանսիան նորից թագավորություն է:
     Ֆուշեի գործընկերները միայն հիմա են հասկանում, թե ինչպիսի ճարպկությամբ նա իրենց խաբեց: «Moniteur»-ից նրանք կիմանան նաև, թե ինչ գնով է վաճառվել Ֆուշեն: Եվ այս պահին շատ կարգին, ազնիվ, ոչնչով չարատավորված (բացի մի քիչ սահմանափակ լինելուց) Կառնոն - սաստիկ կատաղում է. «Հիմա, ո՞ւր գնամ ես, դավաճան», - արհամարհանքով հարցնում է նա թագավորական ոստիկանական նորաթուխ մինիստրին:
     Բայց Ֆուշեն նրան նույնքան արհամարհանքով պատասխանում է. «Որտեղ կուզես, հիմար»:
     Երկու հին յակոբինյաններին և վերջին թերմիդորականներին բնութագրող այդ լակոնիկ երկխոսությամբ ավարտվում է նոր ժամանակի զարմանահրաշ դրաման՝ հեղափոխությունը, և նրա շլացուցիչ Ֆանտասմագորիան՝ Նապոլեոնի երթը համաշխարհային պատմության միջով: Հերոսական արկածների դարաշրջանը վերջացավ, սկսվում է խաղաղ բուրժուաների դարաշրջանը:


1 «Կեցցե՜ կայսրը» և «Կորչի՛ թագավորը» (Ֆրանս.)
2 Դևի փաստաբան (լատ.):
3 Հետագայում (լատ.)՛:
4 Մեռնող, մահվան դատապարտված (լատ.):