ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ
ԱՆԿՈՒՄ ԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ
1815-1820
1815 թվականի հուլիսի 28-ին նապոլեոնյան ինտերմեցոյի հարյուր օրերն արդեն մնացել էին հետևում. Լյուդովիկոս XVIII թագավորը, սպիտակ շորորավարգ ձիեր լծած տոնական շքեղ կառքով նորից մտնում է իր քաղաքը՝ Փարիզ: Նրան ցույց տված ընդունելությունը հոյակապ է: Ֆուշեն շատ լավ էր աշտել: Ցնծացող ամբոխը շրջապատում է կառքը, տների վրա փողփողում են սպիտակ դրոշները, ովքեր այդպիսին չունեին, գավազաններին շտապ կապելով թաշկինակներ ու սփռոցներ, դրանք դուրս հանեցին պատուհաններից: Երեկոյան քաղաքը փայլփլում էր բյուր կրակներից, կանայք հորդ ուրախությունից պարում էին նույնիսկ անգլիական և պրուսական օկուպացիոն զորքերի սպաների հետ: Չի լսվում ոչ մի թշնամական բացականչություն և նախազգուշության համար կանչված ժանդարմերիան ավելորդ է դարձել, այո՛, Ժոզեֆ Ֆուշեն, քրիստոնյա թագավորի ոստիկանության նոր մինիստրը, հիանալի հոգ է տարել իր նոր գերիշխանի մասին: Թյուիլրիում, այն նույն պալատում, որտեղ դեռ մեկ ամիս առաջ նա իրեն հարգալից համարում էր Նապոլեոն կայսրի ամենահավատարիմ ծառան, Օթրանտի դուքսն սպասում է Լյուդովիկոս XVIII թագավորին՝ եղբորն այն «բռնակալի», որի համար նա քսաներկու տարի առաջ այդ նույն տանը կայացրեց մահվան դատավճիռ: Այժմ, սակայն, նա ցածր ու ստորաքարշ ձևով խոնարհվում է Սուրբ Լյուդովիկոսի հետնորդի առաջ, իր նամակներում ստորագրելով հետևյալ ձևով. «Հարգանքով ձերդ մեծության ամենահավատարիմ ու ամենանվիրված հպատակ» (այս բառերը տառացիորեն կարելի է կարդալ անձամբ Ֆուշեի ձեռքով գրված մի դյուժին զեկուցագրերում): Նրա բոլոր ակրոբատիկ խելագար թռիչքներից դա ամենահանդուգնն էր, բայց այն դառնալու է նրա վերջին մահաթռիչքը քաղաքական արենայում: Սկզբում, սակայն, թվում է, որ ամեն ինչ գերազանց է գնում : Քանի դեռ թագավորը բավականին ամուր չի նստած գահին, չի արհամարհում պարոն Ֆուշեի ծառայությունները: Դրան պետք է ավելացնել և այն, որ դեռ պետք է այդ ֆիգուրան, որը կարողանում է աճպարարություն անել ամեն դրության մեջ: Ամենից առաջ Ֆուշեն պետք է ընտրությունների համար, քանի որ պալատում ցանկանում են ժողովրդական պառլամենտում ապահովել ռոյալիստների հուսալի մեծամասնություն, «փորձված» հանրապետականին ու ժողովրդից դուրս եկած մարդուն դրանում օգտագործում են որպես չգերազանցված գրաստապան: Բացի դրանից, պետք է զբաղվել նաև ամեն տեսակ տհաճ արյունոտ գործերով. ինչո՞ւ չօգտագործել այդ մաշված ձեռնոցը: Չէ՛ որ հետո այն կարելի է շպրտել, նույնիսկ թագավորական ձեռքերը առանց կեղտոտելու:
Այդպիսի կեղտոտ գործ է սպասվում կատարելու հենց առաջին օրերին: Ճիշտ է, գտնվելով աքսորում, թագավորը հանդիսավոր ձևով խոստացավ ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր «հարյուր օրվա» ընթացքում ծառայել են վերադարձած ուզուրպատորին: Բայց ճաշելուց հետո այլ կերպ են դատում. միայն խիստ հազվագյուտ դեպքերում են թագավորները իրենց պարտավորված համարում կատարել այն, ինչ իրենք խոստացել են գահի հավակնորդ եղած ժամանակ: - Ոխակալ ռոյալիստները, հպարտ իրենց հավատարմությամբ, պահանջում են, որ այժմ, երբ թագավորը հուսալի նստած է թամբին, պատժվեն նրանք, ովքեր «հարյուր օրվա» ժամանակ հեռացել են սպիտակ շուշաններով դրոշից: Ռոյալիստների դրդումով, որոնք միշտ ավելի միապետական են, քան ինքը միապետը՝ Լյուդովիկոս XVIII-ը, վերջապես, հանձնվում է, և ոստիկանության մինիստրին բաժին է ընկնում դատապարտվածների ցուցակը կազմելու ծանր պարտականությունը:
Այդ հանձնարարությունը Օթրանտի դուքսի սրտովը չէ: Պե՞տք է արդյոք իսկապես մարդկանց պատժել այդպիսի մանրուքի համար, միայն նրա համար, որ նրանք վարվելով խոհեմաբար, փախել են ամենահզորի, հաղթողի կողմը: Եվ, բացի դրանից, նա՝ քրիստոնյա թագավորի ոստիկանության մինիստրը, չի մոռանում, որ այդպիսի ցուցակի առաջին տեղն իրավամբ պատկանում է Օթրանտի դուքսին՝ Նապոլեոնի ոստիկանության մինիստրին, այսինքն՝ հենց իրեն: Նրա դրությունը, աստված վկա, տանջալից է: Ֆուշեն ամենից առաջ փորձում խորամանկությամբ խույս տալ հանձնարարությունից։ Ցուցակի փոխարեն, որում պետք է նշվեին երեսուն կամ քառասուն գլխավոր մեղավորներ, ի զարմանս բոլորի, նա բերում է մի քանի մեծ թերթեր, որոնցում մտցված է երեք հարյուր կամ չորս հարյուր, իսկ ոմանց հաստատմամբ՝ հազար անուն, և պահանջում է, որ պատժվեն կամ բոլորը, կամ ոչ մեկը: Նա հույս ունի, որ թագավորն այդքան խիզախություն չի ունենա և, այսպիսով, տհաճ գործը կվերջանար: Բայց, դժբախտաբար, մինիստրությունում նախագահում է Թալեյրանը, նույնպիսի աղվես, ինչպիսին ինքն է, որն անմիջապես կնկատի, որ դեղահաբը իր բարեկամ Ֆուշեի ճաշակով չէ. նա ավելի համառորեն կձգտի ստիպել Ֆուշեին՝ կուլ տալու այն: Թալեյրանը անողոքաբար հրամայում է Ֆուշեին ցուցակը կրճատել այնքան, որ նրանում մնա չորս տասնյակ անուն, և նրա վրա դնում է տանջալից պարտականություն՝ իր ստորագրությունը դնել մահվան և աքսորի դատապարտվածների այդ վճիռների տակ:
Ամենախելացին Ֆուշեի կողմից այն կլիներ, որ նա վերցներ գլխարկը և իր հետևից փակեր պալատի դուռը: Բայց արդեն մի անգամ չի ասվել Ֆուշեի թուլության մասին. այդ փառամոլը տիրում է ուղեղի բոլոր հատկություններին, բացառությամբ մեկի՝ թատերաբեմից ժամանակին հեռանալու ունակությանը: Նա ավելի շուտ իր վրա կառնի շնորհազրկությունը, ատելությունն ու զայրույթը, քան թե կամավոր կթողնի մինիստրական բազկաթոռը: Այսպես աշխարհ է գալիս, առաջացնելով համընդհանուր դժգոհություն, սև ցուցակը, որն ընդգրկում էր Ֆրանսիայի ամենափառաբանված ու վեհապանծ անունները, վավերացված հին յակոբինյանի ստորագրությամբ: Ներկայացվածների մեջ են Կառնոն՝ հանրապետության 1' organisateup de la victoire (1) և ստեղծողը, մարշալ Նեյը՝ անթիվ ճակատամարտերի հաղթողը, Ռուսաստանից փախած բանակի մնացորդների փրկիչը, Ֆուշեի բոլոր ընկերները, որոնք նրա հետ ժամանակավոր կառավարության մեջ էին, նրա վերջին ընկերները Կոնվենտից, հեղափոխությունից: Մահվան կամ աքսորի դատապարտված ների այդ սարսափելի ցուցակի մեջ թվարկվում էին բոլոր նրանց անունները, ովքեր վերջին քսան տարում փառքով էին պսակել Ֆրանսիան: Միայն մեկ, եզակի մի անուն է բացակայում նրանում՝ Ժոզեֆ Ֆուշեի՝ Օթրանտի դուքսի անունը:
Կամ, ավելի ճիշտ, այն չի բացակայում: Օթրանտի դուքսի անունը դրված է փաստաթղթերում: Բայց ո՛չ տեքստում, ո՛չ Նապոլեոնի մեղադրվող և դատապարտվող մինիստրների շարքում, այլ որպես ստորագրություն թագավորական մինիստրի, որը մահվան կամ աքսորի է ուղարկում իր նախկին բոլոր ընկերներին, որպես դահճի անուն:
Նման ինքնաոչնչացման համար, որով հին յակոբինյանը արատավորեց իր խիղճը, թագավորը չէր կարող Ֆուշեին չհատուցել որոշ շնորհակալությամբ: Եվ Ժոզեֆ Ֆուշեին՝ Օթրանտի դուքսին, տալիս են ամենաբարձր ու ամենավերջին պատիվը: Հինգ տարվա այրիությունից հետո նա որոշեց երկրորդ անգամ ամուսնանալ, և ինչ-որ ժամանակ «արիստոկրատների արյանը» չարությամբ ծարավի այդ մարդն այժմ որոշեց բարեկամանալ «կապույտ արյան» հետ, այն է ամուսնանալ կոմսուհի Կաստելյանի, բարձր կարգի արիստոկրատուհու և հենց դրանով «այն հանցագործ բանդայի մասնակցի հետ, որը պետք է ընկնի արդարադատության սրից», ինչպես ժամանակին նա ինքը քարոզում էր Նևերում: Բայց այդ ժամանակից նախկին յակոբինյանի, արյունռուշտ - Ժոզեֆ Ֆուշեի հայացքները հիմնավորապես փոխվել էին (որի համար քիչ օրինակներ չկան), և այժմ, 1815 թվականին օգոստոսի 1-ին, նա գնում է եկեղեցի ոչ թե նրա համար, որպեսզի, ինչպես 1793 թվականին, մուրճով ջարդի «մոլեռանդության խայտառակ նշանները՝ խաչելություններն ու զոհասեղանները, այլ նրա համար, որ իր ազնվազարմ հարսնացուի հետ հեզաբար օրհնություն ընդունի այն մարդուց, ով կրում էր այնպիսի խույր, որը նա, ինչպես հիշում ենք, 1793 թվականին ծաղրի համար հագցրել էր էշի ականջներին: Հին ազնվականական սովորությամբ Օթրանտի դուքսը գիտի, որ երբ նա կնության է վերցնում կոմսուհի դը Կաստելյանին, պատշաճ կլինի, եթե ամուսնական համաձայնագրի տակ իրենց ստորագրությունները դնեն ամենամեծատոհմիկ պալատականները: Եվ որպես առաջին վկայի, համաշխարհային պատմության՝ իր տեսակի մեջ այդ եզակի փաստաթուղթը manu propria (2) ստորագրում է Լյուդովիկոս XVIII-ը՝ իր եղբորը սպանողի պսակադրության ամենաարժանավոր և ամենաանարժան վկան:
Դա արդեն չափազանց է, առանց որևէ կասկածի՝ չափազանց: Régicide-ի, արքայասպանի այդպիսի ծայրահեղ անպատկառությունը, որը խնդրում է իր պսակադրության վկա լինել գիլյոտինի ենթարկված թագավորի եղբորը, պալատական շրջաններում առաջացնում է անհավատալի դժգոհություն: Այդ խղճուկ փախստականը, որ երեկ չէ առաջին օրն է դարձել ռոյալիստ, փնթփնթում են նրանք, իրեն այնպես է պահում, կարծես նա իսկապես պալատական և մեծատոհմիկ խավից է: Իսկն ասած, էլ ո՞ւմ է պետք այդ մարդը, le plus dégoûtant reste de la révolution, հեղափոխության թափթփուկներից այդ վերջինն ու ամենակեղտոտը, որն իր նողկալի ներկայությամբ պղծել է մինիստրությունը: Իհարկե, նա թագավորին օգնել է վերադառնալու Փարիզ, նա համաձայնել է իր ծախու ձեռքով ստորագրել Ֆրանսիայի լավագույն մարդկանց դատապարտելու դեկրետ: Բայց այժմ ժամանակն է նրան վերջ տալու: Այն նույն արիստոկրատները, որոնք իր ժամանակին, երբ թագավորն անհամբեր սպասում էր Փարիզ վերադառնալու հնարավորության, ստիպում էին, որ նա անպայման Օթրանտի դուքսին դարձնի մինիստր, որպեսզի առանց արյունահեղության մտնի Փարիզ, այժմ հանկարծ այլևս չեն ճանաչում ոչ մի Օթրանտի դուքսի. նրանք համառորեն հիշում են միայն ինչ-որ Ժոզեֆ Ֆուշեի, որը Լիոնում` թնդանոթներից ականահարել է հարյուրավոր հոգևորականների և ազնվականների և պահանջել է Լյուդովիկոս XVI-ի մահը:
Հանկարծ Օթրանտի դուքսը նկատում է, որ երբ ինքն անցնում է թագավորի ընդունարանով, պալատականներից շատերը չեն խոնարհվում իր առջև կամ ցուցադրական արհամարհանքով դեպի իրեն են շրջվում թիկունքով: Անսպասելիորեն մակերես են ելնում և սկսում են ձեռքից ձեռք անցնել թռուցիկներ ընդդեմ Mitrail leur de Lyon-ի, Francs régéneres (3) նոր հայրենասիրական ընկերությունում camelots du roi -ի (4) և «Արթնացող Հունգարիայի» նախնիները ժողովներ են գումարում և բացահայտորեն պահանջում, որ շուշանազարդ դրոշը, վերջապես, մաքրվի այդ խայտառակ բծից:
Բայց Ֆուշեն առանց մարտի չի հանձնվում, երբ խոսքը վերաբերում է իշխանությանը. նա ատամներով կառչում է նրանից: Այն տարիների լրտեսներից մեկի գաղտնի զեկուցագրում կարելի է կարդալ, թե նա ինչպես էր բոլոր միջոցներով փորձում ամրապնդել իր դրությունը: Վերջ ի վերջո երկրում են գտնվում դեռ նրանք, ովքեր տապալել են Նապոլեոնին. նրանք կարող են իրեն պաշտպանել թագավորի չափից ավելի կատաղի ծառաներից: Նա այցի է գնում ռուսական ցարին, ամեն օր բանակցություններ է վարում Վելինգտոնի և անգլիական դեսպանորդի հետ. սեղմում է գաղտնի դիվանագիտական զսպանակները, մի կողմից, բողոքելով Ֆրանսիայում օտարերկրյա զորքեր մտցնելու դեմ՝ փորձում է նվաճել ժողովրդի համակրանքը, և, միաժամանակ, թագավորին վախեցնել մեծացող վտանգի մասին զեկուցագրերով: Նա, որպես իր պաշտպան, Լյուդովիկոս XVIII-ի մոտ է ուղարկում Վաթեռլոյի հաղթողին. մոբիլիզացնում է բանկիրներին, կանանց և իր մոտ մնացած ընկերներին: Ո՛չ, նա չի ցանկանում հեռանալ. նրա խիղճը չափից ավելի թանկ է վճարել այդ պաշտոնի համար, որպեսզի չպաշտպանվի կատաղաբար: Եվ իսկապես, մի քանի շաբաթ նրան, որպես փորձված լողորդի, որը կարող է մեկ պառկել կողքի, մեկ շրջվել մեջքի վրա, դեռևս հաջողվում է իրեն պահել քաղաքական ջրերի վրա: Այդ ամբողջ ժամանակի տևողության ընթացքում, ինչպես հաղորդում է նույն լրտեսը, նա իրեն պահում է լրիվ վստահորեն, և, հնարավոր է, վստահությունը իսկապես չի լքել նրան: Ախր այդ քսանհինգ տարիների ընթացքում ինչքա՜ն է նա ջրի մակերես բարձրացել։
Ինչ-որ ազնվականիկների պատճառով արժե որ անհանգստանա նա, ով հաղթել է Նապոլեոնին ու Ռոբեսպիերին: Հին անպատկառը վաղուց արդեն չի վախենում և արհամարհում է մարդկանց, չէ որ խորամանկությամբ նա գերազանցել ու շա՜տ է ապրել համաշխարհային պատմության մեծագույն մարդկանցից:
Բայց միայն մի բան չի կարողանում անել այդ հին կոնդոտիերը, մարդկանց այդ նրբին գիտակը, դե դա ոչ ոք էլ չի կարող, պայքարել ուրվականների դեմ: Նա մոռացել է, որ թագավորի պալատում, ինչպես Էրիննիա, թափառում է անցյալի ուրվականը՝ դքսուհի Անգուլեմսկայան, Լյուդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետի հարազատ դուստրը, ամբողջ ընտանիքից միակը, որը խուսափել է մեծ ջարդից: Լյուդովիկոս XVIII-ը դեռ կարող էր ներել Ֆուշեին. իր թագավորական գահով նա վերջ ի վերջո պարտական է այդ յակոբինյանին, իսկ այդպիսի ժառանգությունը երբեմն ամոքում է (պատմությունը կարող է դա ապացուցել) եղբայրական վիշտը նաև ամենաբարձր շրջաններում: Դե նրա համար հեշտ էր ներելը, որովհետև նա ինքը ոչինչ չի ապրել այդ սարսափելի տարիներին: Բայց Լյուդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետի աղջկա՝ դքսուհի Անգուլեմսկայայի հիշողության մեջ պահպանվել էին նրա մանկության ցնցող պատկերները: Հիշողությունները, որոնք ապրում էին նրա հոգում, չեն մոռացվում, և ոչինչ չի կարող մեղմացնել նրա ատելությունը: Նա չափազանց շատ է տանջվել հոգով ու մարմնով, որպեսզի կարողանա ներել այդ յակոբինյանին, այդ սարսափելի մարդուն: Երեխա ժամանակ, Սեն-Կլու ամրոցում, նա տարել է այն սարսափելի գիշերը, երբ սանկյուլոտների ամբոխը, սպանելով բարապանին, արնակոլոլ սապոգներով կանգնել էր նրա ծնողների առաջ: Ապա նա ապրեց այն գիշերը, երբ նրանց չորսին՝ հորը, մորը, եղբորը և իրեն՝ «հացավաճառին, հացավաճառի կնոջն ու հացավաճառի երեխաներին», որոնք խցկված էին մի սայլի մեջ և ամեն րոպե մահվան էին սպասում, գոռացող, մոլուցքով բռնված ամբոխը հետ քարշ տվեց Փարիզ՝ Թյուիլրի: Նա ապրել է օգոստոսի 10-ը, երբ դուռը կացնով ջարդելով, խուժանը լցվեց իր մոր ննջարանը, երբ ծաղրանքով իր հոր գլուխը կոխեցին կարմիր գլխարկ և կրծքին դեմ արին նիզակը. նա ապրել է Տամպլիի բանտի սոսկալի օրերը և այն սարսափելի րոպեները, երբ նիզակի վրա իրենց պատուհանի մոտ բարձրացրին իր մոր ընկերուհու՝ դքսուհի դը Լամբալլի արնաշաղախ գլուխը՝ ցրված, արյունից իրար կպած մազերով: Նա ինչպե՞ս կարող է մոռանալ հրաժեշտի րոպեները իր հոր հետ, որին քարշ տվին գիլյոտինի մոտ, և իր փոքրիկ եղբոր հետ, որին սովամահ արին և փտեցրին զնդանում: Նա ինչպե՞ս չհիշի Ֆուշեի կարմիր թասակավոր զինակիցներին, որոնք օր ու գիշեր քննել ու տանջել են իրեն՝ ստիպելով կեղծ ցուցմունքներ տալ թագուհուն դատելու ժամանակ, որին մեղադրում էին իր մանկահասակ որդուն պղծելու մեջ: Ինչպե՞ս իր հիշողությունից դուրս մղի այն պահը, երբ իրեն պոկեցին մոր գրկից, իսկ հետո կամրջի վրա դղրդաց թագուհուն գիլյոտին տանող սայլը: Ո՛չ, նրան՝ Լյուդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետի աղջկան, Տեմպլիի կալանավորուհուն այդ սարսափները հայտնի են ոչ այնպես, ինչպես Լյուդովիկոս XVIII-ին, որը դրանց մասին գիտի միայն լսածով, թերթերից, դրանք ինչպես շիկացած երկաթով խարանված են իր վախեցած, տրտում և մանկուց ծվատված հոգում: Եվ նրա ատելությունն իր հոր սպանողների, մորը տանջողների, մանկության սարսափելի կերպարների, յակոբինյանների և հեղափոխականների նկատմամբ դեռ բնավ չի մարել, դեռ բնավ վրեժ չի լուծված:
Այդպիսի հիշողությունները չեն մոռացվում: Եվ դքսուհին երդվեց երբեք և ոչ մի տեղ ձեռքով չբարևել իր հորեղբոր մինիստրին, իր հոր սպանության մասնակցին՝ Ժոզեֆ Ֆուշեին, երբեք չշնչել այն օդը, որը շնչում է նա. և նրա հետ նույն շենքում չգտնվել: Բացահայտ ու մարտահրավեր արտահայտող տեսքով նա ամբողջ արքունիքի առաջ ցուցադրում է իր արհամարհանքն ու ատելությունը մինիստրի նկատմամբ: Նա չի հաճախում ոչ մի տոնակատարության, ոչ մի ընդունելության, որին ներկա է այդ արքայասպանը, սեփական համոզմունքների այդ դավաճանը, և փախստականի նկատմամբ նրա բացահայտ, խոցող, մոլեռանդ կերպով ցուցադրվող արհամարհանքը աստիճանաբար խոցում է նաև մնացած բոլորի պատվի զգացումը: Վերջ ի վերջո թագավորական ընտանիքի բոլոր անդամները Լյուդովիկոս XVIII-ից միահամուռ պահանջում են, որ այժմ, երբ նրա իշխանությունը ամրապնդվել է, խայտառակ ձևով Թյուիլրիից վռնդի իր եղբորն սպանողին:
Դժկամությամբ և միայն նրա համար, որ չէր կարող առանց նրա յոլա գնալ, Լյուդովիկոս XVIII-ը Ժոզեֆ Ֆուշեին նշանակեց մինիստր: Հաճույքով և նույնիսկ ուրախությամբ այժմ նա, երբ նրա կարիքը չուներ, նրան պաշտոնանկ է անում: «Խեղճ դքսուհուն պետք է ազատել այդ գարշելի տիպի հետ հանդիպելուց», - ժպտալով ասում է նա այն մարդու մասին, որը, դեռ ոչինչ չկասկածելով, ստորագրում է որպես նրա «ամենահավատարիմ ծառա»: Եվ Թալեյրանը, մյուս փախստականը, թագավորից հանձնարարություն է ստանում Կոնվենտի և նապոլեոնյան ժամանակների իր ընկերակցին բացատրել, որ նրա ներկայությունը Թյուիլրիում այլևս ցանկալի չէ: Թալեյրանը հաճույքով է հանձն առնում կատարելու այդ հանձնարարությունը: Նրա համար առանց այն էլ դժվար էր առագաստները պահել ռոյալիստական ուժեղ քամու դեմ, և նա հաշվում է, որ իր հաջողակ նավը դեռ կդիմանա, եթե նավից դուրս շպրտի ավելորդ բեռը: Իսկ ամենածանր բեռը մինիստրությունում իհարկե «արքայասպանն» է, իր հին գործակից Ֆուշեն. նավից նրան դուրս շպրտելու այդ ծանր պարտականությունը Թալեյրանը կատարում է հրաշալի ազնվակիրթ ճարպկությամբ: Ոչ կոպիտ և ոչ էլ հանդիսավոր ձևով է նա Ֆուշեին հայտնում նրան պաշտոնանկ անելու մասին, ո՛չ. որպես ձևի հին վարպետ, որպես հնատոհմ ազնվական, նա ընտրում է զարմանալի ձև Ֆուշեին հասկացնել տալու, որ եկել է նրա վերջին ժամը: Թալեյրանը, տասնութերորդ դարի այդ վերջին արիստոկրատը, շարունակում է խաղալ կատակերգություններ ու խարդախություններ շքեղ ընդունարաններում, և այս անգամ էլ կոպիտ հրաժեշտը զգեստավորում է նրբաճաշակ ձևով:
Դեկտեմբերի 14-ին Թալեյրանն ու Ֆուշեն հանդիպում են մի երեկույթի ժամանակ: Հասարակությունն ընթրում է, զրուցում, շաղակրատում: Թալեյրանը հրաշալի տրամադրության մեջ է: Նրա շուրջը մեծ խումբ է հավաքվում՝ գեղեցիկ կանայք, բարձրաստիճան պաշտոնյաներ և երիտասարդություն. բոլորն ագահաբար մղվում են դեպի նա, ցանկանալով լսել այդ հրաշալի պատմողին: Հիրավի, այս անգամ նա հատկապես charmant (5) է։ Նա պատմում է վաղուց անցած ժամանակների մասին, երբ նա ստիպված էր իրեն կալանավորելու մասին Կոնվենտի հրամանից խուսափելու համար փախչել Ամերիկա, և փառաբանում է այդ հոյակապ երկիրը: Ա՜հ, ի՜նչ հրաշալի է այնտեղ՝ անանցանելի անտառներ, որտեղ ապրում են կարմրամորթների նախնադարյան ցեղեր, մե՜ծ, չուսումնասիրված գետեր, հզոր Պոտոմակը և հսկայական Էրի լիճը, և այդ հերոսական ու ռոմանտիկական երկրում՝ կոփված, ուժեղ գործարար, մարտերում փորձված, ազատությանը նվիրված, անսահմանափակ հնարավորությունների տեր և օրինակելի օրենքներ ստեղծող մարդկանց նոր ցեղ: Այո՛, այնտեղ սովորելու բան կա, այնտեղ հազար անգամ շատ, քան ծերացած Եվրոպայում, զգալի է նորը, լավ ապագան: Ահա որտեղ պետք էր ապրել և գործել՝ ոգևորված բացականչում է նա, և ոչ մի պաշտոն այնքան հրապուրիչ չի թվում նրան, որքան Միացյալ Նահանգներում դեսպանի պաշտոնը:
Հանկարծ նա կարծես պատահաբար ընդհատում է իրեն բռնած ոգևորությունը և դիմում է Ֆուշեին. «Դուք չէի՞ք ցանկանա, Օթրանտի դուքս, այդպիսի նշանակում ստանալ»:
Ֆուշեն գունատվում է: Նա հասկացավ: Նա ներքուստ դողում է կատաղությունից, ինչպիսի՜ հմտությամբ ու ճարպկությամբ, բոլորի աչքի առջև, ամբողջ պալատի առջև ծեր աղվեսը դռնից դուրս հանեց նրա մինիստրական բազկաթոռը: Ֆուշեն չի պատասխանում: Բայց մի քանի րոպե հետո նա հրաժեշտ է տալիս և, տուն գալով, գրում է իր հրաժարականը: Թալեյրանը բավարարված է և, վերադառնալով տուն, հեգնորեն ժպտալով իր բարեկամներին հաղորդում է. «Այս անգամ ես վերջնականապես ոլորեցի նրա վիզը»:
Որպեսզի հասարակության առջև թեթևակի քողարկվի Ֆուշեի այդ բացահայտ վտարումը, պաշտոնանկ արված մինիստրին ձևի համար առաջարկում են մի ուրիշ, աննշան պաշտոն: Այդպիսով, «Moniteur»-ում չի հաղորդվում, որ արքայասպանը, régicide Ժոզեֆ Ֆուշեն հեռացված է ոստիկանության մինիստրի պաշտոնից, բայց այնտեղ կարելի է կարդալ, որ նորին մեծություն Լյուդովիկոս XVIII-ը բարեհաճել է նորին պայծառափայլություն Օթրանտի դուքսին նշանակել դեսպան Դրեզդենի պալատում: Բնական է, բոլորն սպասում են, որ Ֆուշեն կհրաժարվի այդ չնչին նշանակումից, որը չի համապատասխանում ոչ նրա աստիճանին, ոչ համաշխարհային պատմության մեջ նրա ունեցած տեղին: Բայց ուրիշ բան ստացվեց: Պետք չէր մեծ խելք հասկանալու համար, որ նա՝ արքայասպանը, վերջնականապես ու անդարձ կերպով հեռացված է ռեակցիոն կառավարության ծառայությունից, որ մի քանի ամիս հետո նրանից կխլեն նաև իրեն նետված այդ խղճուկ ոսկորը: Սակայն իշխանության նկատմամբ ունեցած մոլի ծարավը երբեմնի այդ խիզախ գայլի ոգին վեր էր ածել շան ոգու: Ինչպես Նապոլեոնը մինչև վերջին պահը կառչում էր արդեն ոչ թե չեղած դիրքից, այլ իր կայսերական արժանապատվության կոչման դատարկ հնչյունից, միշտ նույն ձևով և ավելի քիչ վեհանձնությամբ նրա ծառա Ֆուշեն կառչում է վերջին, անիրական մինիստրության չնչին տիտղոսից: Ինչպես կպչուն լորձունք, նա չի պոկվում իշխանությունից. դառնությամբ լցված այդ հավերժական ծառան այս անգամ էլ հնազանդվում է իր տիրակալին: «Ես շնորհակալությամբ ընդունում եմ դեսպանի պաշտոնը, սիր, որը ձերդ մեծությունը բարեհաճել է առաջարկել ինձ», - հեզությամբ գրում է այդ տարեց, քսան միլիոնի տեր մարդը նրան, որն ընդամենը կես տարի առաջ իր ողորմածությամբ դարձավ թագավոր: Նա դասավորում է իր ճամպրուկները և ամբողջ ընտանիքով մեկնում է Դրեզդենի արքունիքը: Տեղավորվելով իշխանական ձևով, նա իրեն պահում է այնպես, կարծես պատրաստվում է կյանքի մնացած մասն անցկացնել Դրեզդենում՝ որպես թագավորական դեսպանորդ:
Բայց մոտենում է այն, որից նա այնքա՜ն տարիներ սարսափում էր: Համարյա քառորդ դար Ֆուշեն խելահեղորեն պայքարում էր Բուրբոնների վերադարձի դեմ, բնազդորեն զգալով, որ նրանք վերջ ի վերջո հաշիվ կպահանջեն այն երկու բառերի համար՝ la mort, որոնցով նա գիլյոտին ուղարկեց Լյուդովիկոս XVI-ին: Նա անմտորեն հույս էր տածում խաբել նրանց՝ սողոսկելով ռոյալիստների շարքերը և քողարկվելով թագավորի հավատարիմ ծառայի անվան տակ: Սակայն այս անգամ նա` խաբեց ոչ թե ուրիշներին, այլ միայն ինքն իրեն: Նա դեռ չէր հասցրել հրամայել դրեզդենյան իր ննջարաններում նոր պաստառներ փակցնել և կահավորել դրանք, երբ ֆրանսիական պառլամենտում արդեն փոթորիկ է սկսվում: Ոչ ոք այլևս չի խոսում Օթրանտի դուքսի մասին, բոլորը մոռացել են, որ այն բարձրաստիճան մարդը, որը կրում է այդ տիտղոսը, հաղթանակով Փարիզ առաջնորդեց նրանց նոր թագավոր Լյուդովիկոս XVIII-ին. խոսվում է միայն պարոն Ֆուշեի մասին, նանտեցի regioide Ժոզեֆ Ֆուշեի մասին, որը 1792 թվականին մահվան դատապարտեց թագավորին, Mitrailleur de Lyon-ի մասին, և ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 334 մարդ ընդդեմ 32-ի, այն մարդուն, «որը ձեռք է բարձրացրել աստծո օծյալի վրա», մերժված է որևէ ձևի ներումը, և նա դատապարտված է ցմահ աքսորի, Ինքնին հասկանալի է, դա նաև նշանակում է դեսպանորդի պաշտոնից խայտառակ ձևով հեռացում: Անողորմ, չարախնդությամբ և արհամարհանքով «պարոն Ֆուշեին» ուղղակի քացով դուրս շպրտեցին. նա այլևս «գերազանցություն» չէ, Պատվավոր լեգեոնի կոմմոդոր չէ, սենատոր, մինիստր և բարձր աստիճանավոր չէ. միաժամանակ սաքսոնական թագավորին պաշտոնապես հասկացնում են, որ հետագայում Դրեզդենում այդ սուբյեկտի՝ Ֆուշեի մնալը ցանկալի չէ: Նա, ով հազարավոր մարդկանց աքսոր է ուղարկել, այժմ քսան տարի հետո գնում է նրանց հետևից, որպես Կոնվենտի վերջին մարտիկ՝ զրկված ապաստարանից և բոլորի կողմից անիծված աքսորական: Եվ այժմ, երբ նա անուժ է և օրենքից դուրս հայտարարված, բոլոր կուսակցությունների ատելությունը միահամուռ ձևով թափվում է տապալվածի վրա, ինչպես առաջ բոլոր կուսակցությունների համակրանքը շրջապատում էր տիրակալին: Արդեն չեն օգնում ոչ խորամանկությունը, ոչ բողոքները, ոչ համոզելը. իշխանապետ առանց իշխանության, ձախողված քաղաքագետ, պարտված ինտրիգան՝ միշտ ամենախղճուկ էակներն են աշխարհում: Ուշ է, բայց այժմ Ֆուշեն հսկայական տոկոսներով վճարում է իր պարտքը նրա համար, որ երբեք չի ծառայել որևէ գաղափարի, բարոյականության և մարդկային զգացմունքի, բայց միշտ ստրուկ է եղել մարդկանց ու րոպեների վաղանցիկ ողորմածության:
Հիմա ի՞նչ անել: Սկզբում դա չի անհանգստացնում Ֆրանսիայից արտաքսված Օթրանտի դուքսին: Մի՞թե նա ռուսական թագավորի սիրելին չէ, Վելինգտոնի՝ Վաթեռլոյի հաղթողի հավատարմատարը և ավստրիական ամենազոր մինիստրի՝ Մետեռնիխի բարեկամը: Մի՞թե նրան պարտական չեն Բեռնադոտները, որոնց նա նստեցրեց շվեդական գահին, ինչպես և բավարական իշխանները: Մի՞թե նա արդեն շատ տարիներ մոտ հարաբերությունների մեջ չէ բոլոր դիվանագետների հետ և մի՞թե Եվրոպայի բոլոր իշխաններն ու թագավորները չե՛ն ստացել նրա բարեհաճությունը: Բավական է նա (այդպես է մտածում ընկածը) միայն մի թեթև ակնարկի, ամեն մի երկիր համառորեն կձգտի հասնելու աքսորված Արիստիդին ընդունելու պատվին: Բայց համաշխարհային պատմությունը տար բեր ձևով է մոտենում ընկածին և իշխանություն ունեցողին: Չնայած բազմակի ակնարկներին, ռուսական արքունիքը, ինչպես և Վելինգտոնը, հրավեր չի ուղարկում. Բելգիան հրաժարվում է, այնտեղ արդեն բավականին հին յակոբինյաններ կան: Բավարիան զգուշորեն խույս է տալիս, և նույնիսկ հին բարեկամը՝ իշխան Մետեռնիխը զարմանալի սառնություն է դրսևորում: Այո՛, իհարկե, եթե Օթրանտի դուքսը շատ է ուզում, կարող է գնալ Ավստրիա, որտեղ մեծահոգաբար ոչնչով դեմ չեն լինի, բայց ոչ մի դեպքում նրան չի կարելի Վիեննա գնալ, ո՛չ, այնտեղ նրա ներկայության անհրաժեշտությունը չկա, ինչպես և ոչ մի դեպքում նա չպետք է Իտալիա գնա: Ծայրահեղ դեպքում կարող է բնակություն հաստատել (ենթադրվում է լավ վարվելաձև) որևէ փոքրիկ գավառային քաղաքում, բայց ոչ Ստորին Ավստրիայում, ո՛չ Վիեննայի մոտ: Այո՛, նա, հին բարի բարեկամ Մետեռնիխը, այնքան էլ հյուրասեր չէ, և նույնիսկ այն, որ միլիոնատեր Օթրանտի դուքսը առաջարկում է իր ամբողջ ունեցվածքը ներդնել ավստրիական երկրների կամ պետական արդյունաբերության զարգացման մեջ և առաջարկում է իր որդուն ծառայության տալ կայսերական բանակում, չի մեղմացնում ավստրիական մինիստրի զուսպ տոնը: Իսկ երբ Օթրանտի դուքսը հայտնում է Վիեննա այցելելու մտադրության մասին, նրա խնդրանքը քաղաքավարությամբ մերժում են. ո՛չ, ավելի լավ է նա լուռ ու առանց աղմուկի մեկնի Պրագա:
Այսպես, հատուկ հրավեր չունենալով, առանց ավելի շուտ տանելի, քան ցանկալի մեծարանքների, Ժոզեֆ Ֆուշեն Դրեզդենից ուղևորվում է Պրագա, որպեսզի հիմնավորվի այնտեղ. սկսվեց նրա չորրորդ՝ վերջին ամենադաժան աքսորը:
Պրագայում էլ այնքան հիացած չեն բարձր, ավելի ճիշտ իր բարձրությունից գահավիժած հյուրի գալստյամբ: Անսպասելի եկվորի նկատմամբ հատկապես անբարյացակամությամբ է վերաբերվում տոհմիկ արիստոկրատիան: Բոհեմական ազնվականությունը կարդում է ֆրանսիական թերթերը, որոնք այդ օրերին վրիժառու և կատաղի հարձակումներով հեղեղված են «պարոն» Ֆուշեի դեմ. դրանցում շատ հաճախ ու մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես 1793 թվականին այդ յակոբինյանը ավերել է Լիոնի եկեղեցիները և մաքրել Նևերի գանձարկղերը. բոլոր չնչուկ գրչակները, որոնք առաջ դողում էին ոստիկանության մինիստրի ծանր բռունցքի առաջ և ստիպված էին զսպել իրենց զայրույթը, այժմ անզուսպ ձևով պարսավում են նրան, անպաշտպանին: Խելագար արագությամբ պտտվում էր անիվը: Նա, ով իր ժամանակին հսկում էր աշխարհի կեսին, այժմ ինքն է հսկողության տակ. նրա գյուտարարական հանճարով ծնված բոլոր ոստիկանական հնարանքները իր աշակերտների ու ստորադրյալների կողմից կիրառվում են իրենց նախկին ուսուցչի նկատմամբ: Օթրանտի դուքսին հասցեագրված կամ նրան ուղարկած բոլոր նամակներն ընկնում են Սև կաբինետ, որտեղ բացվում ու արտագրվում են. ոստիկանական գործակալները գաղտնի լսում ու զեկուցում են նրա յուրաքանչյուր խոսակցության մասին, լրտեսում են նրա ծանոթներին. Ֆուշեի յուրաքանչյուր քայլը վերահսկվում է, նա ամեն տեղ զգում է, որ իրեն հետևում են, որ իրեն շրջապատում ու գաղտնի լսում են. նրա սեփական արվեստը, նրա ստեղծած գիտությունը դաժանությամբ ու հաջողությամբ փորձարկում են իր վրա, այն նույն վարպետի վրա, որը դրանք հնարել է: Իզուր է նա պաշտպանություն փնտրում այդ նվաստացումներից: Նա գրում է Լյուդովիկոս XVIII թագավորին, բայց սա ընկածին չի պատասխանում, ինչպես մի ժամանակ Ֆուշեն չէր պատասխանում գահընկեց արված Նապոլեոնին: Նա դիմում է Մետեռնիխին, որը, լավագույն դեպքում, նրան պատասխանում է գրասենյակային ցածր կարգի ծառայողների միջոցով մեկվանկանի բառով՝ «Այո» կամ «Ոչ»: Նա պետք է հանգիստ տանի բոլոր անարգանքները և վերջապես դադարի աղմկելուց ու բողոքելուց: Մի ժամանակ, որ նա միայն սարսափից սիրելի էր բոլորին, արհամարհելի է բոլորին այն պահից, երբ նրանից այլևս չեն վախենում քաղաքական մեծագույն խաղացողը վերջնականապես տանուլ տվեց:
Քսանհինգ տարի նա, ճկուն ու անորսալի, խույս է տվել ճակատագրից, որը քանի անգամ արդեն գրեթե հասել է նրա հետևից: Այժմ, երբ նա վերջնականապես գամված է գետնին, բախտն անողորմաբար հարձակվում է ընկածի վրա: Ոչ միայն որպես քաղաքագետ, այլ որպես նաև մասնավոր անձ Ժոզեֆ Ֆուշեն Պրագայում ապրում է իր ամենատանջալի Կանոսսը. ոչ մի վիպասան չէր կարող նրա հոգեկան նվաստացման ավելի սրամիտ խորհրդանշան հնարել, քան 1817 թվականին տեղի ունեցած փոքրիկ պատահարը: Ողբերգականին այժմ միանում է ամեն մի դժբախտության սարսափելի ծաղրանքը՝ զավեշտականը: Նվաստացված է ոչ միայն քաղաքագետը, այլև ամուսինը: Առանց որևէ կասկածի սերը չէր, որ միացրել էր այդ քսանվեց տարեկան գեղեցիկ արիստոկրատուհուն հիսունվեց տարեկան, անմազ ու դալուկ դեմքով այրու հետ: Սակայն այդ անհրապույր կավալերը 1815 թվին Ֆրանսիայի երկրորդ հարուստն էր, քսան միլիոնի տեր, նորին գերազանցություն, և քրիստոնեական նորին մեծության բոլորի կողմից հարգված մինիստրը. սիրունատես, բայց աղքատացած գավառական կոմսուհուն, բնականաբար, ժպտաց բոլոր պալատական պարահանդեսներում և Ֆրանսիայի Սեն-Ժերմեն կալվածքի ազնվական կանանց շրջանում փայլելու գայթակղիչ հնարավորությունը, և, իսկապես, սկիզբը շատ խոստումնալից էր. նորին մեծությունը բարեհաճեց սեփական ձեռքով ստորագրելու նրա ամուսնական վկայականը, ազնվականներն ու պալատականները շտապեցին նրանց շնորհավորելու: Շքեղ պալատ Փարիզում, երկու կալվածք և իշխանական ամրոց Պրովանսում մրցակցում էին նրանում, թե ով ապաստան կտա նոր տիրուհուն՝ Օթրանտի դքսուհուն: Նման շքեղության և քսան միլիոնի համար փառասեր կինը կարող է վերադիր վերցնել նաև սթափ, ճաղատ, մագաղաթադեղին հիսունվեց տարեկան ամուսին: Բայց աճապարող կոմսուհին իր մաքուր երիտասարդությունը փոխեց դիվային ոսկու հետ. շուտով մեղրամսից հետո նա կիմանա, որ ինքը դարձել է ոչ թե մեծարգո մինիստրի ամուսին, այլ ամենաարհամարհելի, Ֆրանսիայում ատելի մարդու, աքսորված և հողերից զրկված, ամբողջ աշխարհում արհամարհված «պարոն» Ֆուշեի կինը: Դուքսն իր ամբողջ փառահեղությամբ չքացավ և նրան մնաց միայն մաղձոտ, դյուրաբորբոք, մաշված մի ծերուկ: Դրա համար այնքան էլ շատ անսպասելի չի թվում, որ Պրագայում այդ երիտասարդ կնոջ և պատանի Տիբոդոյի՝ նույնպես աքսորված հին հանրապետականի որդու միջև սկսվում է amitié ainoureuse (6), որ մասին ճիշտ հայտնի չէ, թե որքանով է այն եղել միայն amitie և որքանո՛վ amoureuse. բանը հասնում է մինչև աղմկոտ բացատրությունների: Ֆուշեն երիտասարդ Տիբոդոյին դուրս է հանում տնից, և, դժբախտաբար, այդ ամուսնական գժտությունը գաղտնիք չի մնում: Ռոյալիստական թերթերը, որոնք ագահաբար որսում էին ամեն առիթ, որպեսզի մտրակահարեն նրան, որի առջև նրանք դողում էին այնքա՜ն տարիներ, թունոտ հոդվածներ էին տպագրում նրա ընտանեկան գժտությունների մասին, և, ի հրճվանք իրենց ընթերցողների, կոպիտ ստեր են տարածում այն մասին, որ Օթրանտի երիտասարդ դքսուհին Պրագայից իր սիրեկանի հետ փախել է ծեր եղջյուրակիր ամուսնուց: Շուտով Օթրանտի դուքսը - նկատում է, որ երբ ինքը երևում է Պրագայի հասարակության մեջ, տիկնայք հազիվ են զսպում ծիծաղը և հեգնական հայացքները երիտասարդ, ծաղկող կնոջը համեմատում են նրա սեփական, բոլորովին ոչ հմայիչ կերպարանքի հետ: Հին լուրեր տարածողը, բամբասանքների և սկանդալների մշտական սիրահարը այժմ իր սեփական մաշկի վրա զգում է, թե ինչ է նշանակում լինել համբավի չարանենգ ոչնչացման զոհ, և հասկանում է, որ չարախոսության դեմ կռվել չի լինի, իսկ ամենախելացին կլինի՝ փախչել նրանից: Միայն այժմ, դժբախտության մեջ, նա գիտակցում է իր անկման ամբողջ խորությունը, կյանքը Պրագայում նրա համար դառնում է դժոխք: Նա դիմում է իշխան Մետեռնիխին, խնդրելով իրեն թույլ տալ թողնելու ատելի քաղաքը և Ավստրիայի խորքում ընտրելու մի ուրիշը: Նրան ստիպում են սպասել: Վերջապես, Մետեռնիխը ողորմածաբար նրան թույլ է տալիս մեկնել Լինց. այնտեղ թաքնվում է նվաստացված, հիասթափված ու հոգնած մարդը, փախչելով նախկինում իրեն ենթակա աշխարհի ատելությունից և ծաղրից:
Լինց. Ավստրիայում միշտ ժպտում են, երբ որևէ մեկն այն անվանում է «քաղաք», այն բոլորովին ակամա համահնչյուն է գավառ բառին: Գյուղական ծագումով քաղքենի բնակչություն, նավաշինության բանվորներ, արհեստավորներ՝ բոլորը մեծ մասամբ աղքատ մարդիկ են, միայն մի քանի տներ են պատկանում տեղական կալվածատերերին: Այստեղ չկան, ինչպես Պրագայում, ոչ մեծ ու փառավոր կուլտուրական ավանդույթներ, ոչ օպերա, ոչ գրադարաններ, ոչ թատրոն, ոչ աղմկալից պալատական պարահանդեսներ, ոչ տոնակատարություններ. իսկական, բավական քնկոտ, գավառական քաղաք, վետերանների ապաստարան: Այնտեղ է բնակություն հաստատում ծերունին երկու երիտասարդ, համարյա հասակակից կանանց հետ՝ կնոջ և աղջկա: Նա վարձում է մի հոյակապ տուն և փարթամորեն կահավորում այն՝ հուրախություն կապալառուների և առևտրականների. ախր մինչ այդ քաղաքում չեն բնակվել այդպիսի միլիոնատերեր:
Մի քանի ընտանիքներ փորձում են ծանոթություն հաստատել հետաքրքիր և իրենց հարստության շնորհիվ գոռոզաբարո օտարերկրացիների հետ. վերնախավը, սակայն, ի ծնե կոմսուհի Կաստելյանին բացահայտորեն գերադասում է այդ քաղքենի վիժվածքից՝ «պարոն» Ֆուշեից, որի վտիտ ուսերին Նապոլեոնն է (նրանց աչքում նույնպիսի արկածախնդիր) առաջին անգամ դուքսի պատմուճան - գցել: Չինովնիկությունն իր հերթին Վիեննայից գաղտնի հրաման ստացավ հնարավոր չափով քիչ շփվել նրանց հետ. այդպես էլ ապրում է նա, երբեմնի այնքա՜ն գործարար մարդը, լրիվ մեկուսացված վիճակում, որից հնարավոր չէ խույս տալ: Ֆուշեի ժամանակակիցներից մեկն իր հուշերում շատ պատկերավոր է նկարագրում նրանց այցը հրապարակային մի պարահանդեսի: «Տարօրինակ էր տեսնել, թե ինչքան սիրալիր ընդունեցին դքսուհուն և թե ինչ պես ոչ ոք ուշադրություն չդարձրեց իր՝ Ֆուշեի վրա: Նա միջահասակ էր, պնդակազմ, բայց ոչ հաստլիկ, տգեղ արտաքինով: Պարահանդեսներում նա մշտապես երևում էր ոսկյա կոճակներով կապույտ ֆրակով, զարդարված Լեոպոլդի ավստրիական մեծ շքանշանով, սպիտակ տաբատով և սպիտակ գուլպաներով: Սովորաբար նա միայնակ կանգնում էր վառարանի մոտ և նայում էր պարերը: Երբ ես նայում էի Ֆրանսիական կայսրության երբեմնի ամենազոր մինիստրին, որն այդպես միայնակ ու լքված կանգնած էր մի կողմում և, թվում էր, ուրախ էր, եթե որևէ չինովնիկ նրա հետ զրույցի էր բռնվում և կամ նրան առաջարկում էր մի պարտիա շախմատ խաղալ, ես ակամա մտածում էի ամեն տեսակ երկրային իշխանության ու հզորության անցավորության մասին»:
Միայն մի բան էր պահում հոգևոր կրքերի այդ մարդուն մինչև նրա կյանքի վերջին պահը. դեռ որևէ անգամ, դեռ գոնե մեկ անգամ բարձր քաղաքականության ոլորտը վերադառնալու հույսը: Հոգնած, մաշված, մի քիչ դանդաղաշարժ և նույնիսկ արդեն գիրացած, նա, այնուամենայնիվ, չի կարողանում հրաժարվել այն պատրանքներից, որ նրան, այնքան վաստակ ունեցողին, դեռևս կկանչեն քաղաքական գործունեության, որ բախտը մի անգամ էլ, ինչպես բազմաթիվ անգամ եղել է, դուրս կքաշի նրան խավարից և նորից կնետի համաշխարհային քաղաքականության աստվածային խաղի մեջ. նա չի դադարեցնում իր գաղտնի նամակագրությունը Ֆրանսիայի իր բարեկամների հետ, հին իլիկը դեռևս մանում է իր անտեսանելի ցանցը, բայց այն աննկատելի է մնում Լինցի տանիքների տակ: Նա կեղծ անվան տակ լույս է ընծայում «Ժամանակակցի դիտողությունները Օթրանտի դուքսի մասին»՝ մի անանուն ներբող, որը կենդանի, նույնիսկ քնարական գույներով նկարագրում է նրա տաղանդը, նրա բնութագիրը: Միաժամանակ, մասնավոր նամակներում նա, որպեսզի վախեցնի իր թշնամիներին, բազմաթիվ անգամ հայտնում է, որ Օթրանտի դուքսը հուշեր է գրում, որ դրանք հրատարակվելու են Բրոկհաուզի մոտ և նվիրված են Լյուդովիկոս XVIII-ին. դրանով նա ուզում է չափազանց խիզախներին հիշեցնել, որ ոստիկանության նախկին մինիստր Ֆուշեի կապարճում դեռևս նետեր կան, և այն էլ մահացու թունավոր նետեր: Բայց տարօրինակ է, այլևս ոչ ոք չի դողում նրա առջև, ոչինչ չի ազատում նրան Լինցից, ոչ ոք չի էլ մտածում նրան խորհրդի կանչել կամ էլ օգնության: Եվ երբ ֆրանսիական պառլամենտում ինչ-որ մի ուրիշ առիթով հարց է դրվում աքսորականին վերադարձնելու մասին, նրա մասին արդեն հիշում են առանց ատելության և առանց հետաքրքրության: Այն ժամանակից հետո անցած երեք տարին, ինչ նա թողել էր համաշխարհային արենան, բավական էր, որ մոռացվեր մեծ արտիստը, որը խաղացել էր բոլոր դերերում. լռությունը տարածվում է նրա վրա ինչպես ապակե դիապատվանդան: Աշխարհի համար այլևս գոյություն չունի Օթրանտի դուքս, միայն ինչ-որ ծերունի, հոգնած, մաղձոտ ու օտար, մռայլ մենության մեջ զբոսնում է Լինցի տխուր փողոցներում: Մեկ այստեղ, մեկ այնտեղ կապալառուն կամ վաճառականը գլխարկը քաղաքավարի բարձրացնում է կորացած, հիվանդ ծերուկի առջև, ոչ ոք այլևս նրան չգիտե և ոչ ոք նրա մասին չի հիշում: Պատմությունը, հավերժության այս փաստաբանը, ամենադաժան ձևով վրեժ լուծեց այդ մարդուց, որը միշտ մտածում էր միայն ակնթարթի մասին. նա կենդանի թաղեց նրան:
Օթրանտի դուքսը վերջնականապես մոռացված է, և ոչ ոք, բացի ավստրիական ոստիկանության մի քանի չինովնիկներից, չի նկատում, որ 1819 թվականին Մետեռնիխը, վերջապես, Օթրանտի դուքսին թույլատրում է տեղափոխվել Տրիեստ: Նա դա անում է միայն նրա համար, որ արժանահավատ աղբյուրներից գիտի, որ այդ փոքրիկ ողորմածությունը մեռնում է: Այդ անհանգիստ, աշխատանքի նկատմամբ ագահ մարդուն անգործությունը հոգեմաշ արեց և շատ ավելի քայքայեց, քան կաներ երեսուն տարվա տաժանակիր աշխատանքը: Նրա թոքերը հրաժարվում են աշխատելուց, նրա համար վնասակար է սուր կլիման, իսկ Մետեռնիխը մեռնելու համար նրան նվիրում է ավելի արևոտ տեղ՝ Տրիեստը: Այնտեղ դեռ ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել ուժաբեկված մարդուն, որը ծանր քայլերով գնում է պատարագի և, ձեռքերն աղոթքի համար ծալելով, ծնկի է գալիս նստարանների առջև. այն նույն Ժոզեֆ Ֆուշեն, որը քառորդ դար առաջ սեփական ձեռքերով զոհասեղանների վրա ջարդում էր խաչելությունները, այժմ, խոնարհելով ալեհեր գլուխը, ծնկի է գալիս «սնոտիապաշտության ամոթալի նշանների» առջև: Հնարավոր է, նրան պարուրել է հին վանքի սեղանատան լուռ միջանցքների կարոտը, որտեղ նա մեծացել է: Ինչ-որ բան նրա մեջ լրիվ փոխվել էր. այդ ծեր ինտրիգանն ու փառասերը միայն խաղաղություն է ուզում իր բոլոր թշնամիների հետ: Նրա մեծ հակառակորդի՝ Նապոլեոնի քույրերն ու եղբայրները, որոնք նույնպես շնորհազրկված մոռացված էին աշխարհի կողմից, այցի էին գալիս Ֆուշեին: Նրանք վստահությամբ նրա հետ շատախոսում են անցած ժամանակների մասին, և այդ բոլոր այցելուները զարմացած են, թե հիրավի հոգնածությունը ինչքան հեզ է դարձրել այդ մարդուն: Այդ ողորմելի ստվերի մեջ այլևս ոչինչ չի հիշեցնում այն սարսափելի ու վտանգավոր մարդուն, որը երկու տասնյակ տարվա ընթացքում հիմարացրեց աշխարհը և ոտք գցեց ժամանակի մեծագույն մարդկանց: Նա ծարավի է միա՜յն խաղաղությա՜ն և հանգիստ մահի: Եվ իսկապես, իր վերջին ժամին նա հաշտվում է աստծո և մարդկանց հետ: Այո՛, նա, այդ ռազմատենչ հին աթեիստը, քրիստոնեությունը հալածողը, զոհարաններ ավերողը հաշտվել էր աստծո հետ. դեկտեմբերի վերջին օրերին նա կանչել է տալիս «նողկալի խաբեբային»՝ քահանային (այդպես էր նա անվանում նրան իր յակոբինության մայիսյան օրերին), և աղոթքի համար ձեռքերը խաչած վերջին օծում է ընդունում: Նա հաշտվել էր նաև մարդկանց հետ. մահվանից մի քանի օր առաջ նա իր որդուն հրամայում է բացել իր գրասեղանը և հանել բոլոր թղթերը: Բուխարիում մեծ կրակ են վառում ու այնտեղ նետում հարյուրավոր ու հազարավոր նամակներ, իսկ նրանց հետ, հավանաբար, և այն սարսափելի հուշերը, որոնց առջև դողում էին հարյուրավոր մարդիկ: Դա արդյոք մեռնողի թուլությու՞նն էր, թե՛ վերջին, ուշ դրսևորված բարությունը, սարսա՞փ անդրաշխարհի առջև, թե կոպիտ անտարբերություն՝ բոլոր դեպքերում, պարուրվելով նոր ու համարյա աստվածային տրամադրությամբ, նա, մեռնելով, ոչնչացրեց այն բոլորը, ինչը կարող էր անվանարկել ուրիշներին և ինչով նա կարող էր վրեժ լուծել իր թշնամիներից, առաջին անգամ, հոգնած մարդկանցից ու կյանքից, փառքի ու իշխանության փոխարեն ձգտելով այլ երջանկության՝ մոռացության:
1820 թվականի դեկտեմբերի 26-ին այդ յուրօրինակ, անսովոր ճակատագրով օժտված կյանքը, որ սկսվել էր հյուսիսային ծովի նավահանգստում, վերջանում է հարավային ծովի ափին՝ Տրիեստ քաղաքում: Եվ դեկտեմբերի 28-ին անհանգիստ փախստականի ու աքսորականի մարմինը հանձնում են հողին: Հռչակավոր Օթրանտի հերցոգի մահվան լուրը սկզբում մեծ հետաքրքրություն չի առաջացնում: Միայն մի պահ թեթև, հիշողությունների թույլ ծխաքուլա է բարձրանում նրա մարած անվան վրա և համարյա անհետ չքանում ժամանակի անդորր երկնքում:
Չորս տարի հետո նորից է անհանգստություն բռնկվում։ Լուր է տարածվում, որ երևան են գալու հուշեր, գրված նրա կողմից, որից այնքան սարսափում էին: Տիրակալներից ոմանց և նրա՛նց մարմնով, ովքեր շտապել էին խիստ հանդգնորեն հարձակվել շնորհազրկվածի վրա, սարսուռ է անցնում: Մի՞թե նորից խոսելու են այդ շուրթերը, այս անգամ արդեն գերեզմանից: Մի՞թե ոստիկանական արխիվների խավարից լույս աշխարհ կգան խնամքով թաքցված փաստաթղթերը, գաղտնի նամակներն ու անվանարկող ապացույցները: Բայց Ֆուշեն իրեն հավատարիմ է մնում նաև մահվանից հետո: Մի ճարպիկ գրավաճառի կողմից 1824 թվականին Փարիզում հրատարակված հուշերը նույնքան անվստահելի են, որքան և նա ինքը: Նույնիսկ գերեզմանից այդ համառ լռակյացն ամբողջ ճշմարտությունը չի հայտնում, և զգուշությամբ դեպի սառը հողն է տանում իր գաղտնիքները, որպեսզի ինքը մնա գաղտնիք, մնա կիսախավար ու կիսալույս, մինչև վերջ չհասկացված կերպար: Բայց հենց այդ պատճառով էլ նրա գաղտնիքը նորից քաշում է դեպի ինկվիզիտորական արվեստը, որտեղ նա ինքը գործել էր վարպետորեն, ըստ հպանցիկ երևացած հետքի վերստեղծել նրա ամբողջ կյանքի ոլորապտույտ ուղին և նրա ճակատագրի փոփոխություններում ըմբռնել այն տիպի մարդկանց ներքին էությունը, որին պատկանում էր այդ յուրօրինակ քաղաքական գործիչը:
1 Հաղթանակի կազմակերպիչ (Ֆրանս.):
2 Սեփական ձեռքով (լատ.):՛
3 Վերածնված ֆրանկներ (Ֆրանս.):
4 Թագավորական կտրիճներ (Ֆրանս.):
5 Հմայիչ (Ֆրանս.)
6 Սիրային բարեկամություն (Ֆրանս.):