ՁԿՆՈՐՍ ՀՈՎՍԵՓԸ
Լուսաբացին քամին սաստկացել էր, և ալեկոծված ծովի ալիքները, իրարից առաջանցիկ, իրար հրմշտելով, շտապում էին փոթորկուն ծովից դուրս՝ դեպի ափը, շառաչյունով բախվում առափնյա ժայռերին, փրփուր թքելով փշրվում, վերածվում մանր կաթիլների և ափի քարերը լիզելով վերադառնում ծով, իսկ ձկնորս Հովսեփի փոքրիկ թիանավակ թիանավակը թիանավակի թիանավակին թիանավակից թիանավակն թիանավակով թիանավակում, ալիքների բերանն ընկած, մեկ հայտնվում էր բարձրացող ալիքի վրա, մեկ սուզվում վրա հասնող մյուս ալիքի տակն ու նորից հայտնվում մեկ ուրիշ բարձրացող ալիքի կատարին, իսկ նավակի հատակին, ցանցի մեջ թպրտացող ձկները, բերանները բացուխուփ անելով, ակնապիշ նայում էին ալիքների հետ կռիվ տալով նավակը առաջ տանող ձկնորս Հովսեփին ու ժամանակ առ ժամանակ պոչերով հուսահատ հարվածում իրար ու նավակի հատակին:
Ձկնորս Հովսեփը կարիքի մեջ էր և, անտեսելով եղանակի տեսության տղայի զգուշացումները, հյուսիսից եկող սառն ու հարավից եկող տաք հոսանքների բախումից սպասվող քամու ուժգնացումը, ծով էր մտել և հիմա շահած ձկները արկղի մեջ կանոնավոր շարել ու մեր խաչմերուկում չորս ձուկը հազար դրամով է վաճառում: Իսկ մենք իմ ձեղնահարկ - արվեստանոցում ենք ու դարձյալ տաք-տաք վիճում ենք: Դրսում ցրտաշունչ ձմեռ է, և երեկվանից սկսված ձյունը մեծ փաթիլներով է ու առատ, իսկ վառարանում փայտը հաճելի ճթճթոցով է վառվում, և կարմրած վառարանի վրա էլեկտրակայանի ցեխի վարպետ Գևորգը կարտոֆիլի թալաշ է անում և, բշտիկ - բշտիկ կարմրած թալաշները վառարանի վրայից տեղափոխելով ափսեի մեջ, քթի տակ փնթփնթում է՝ «Երկիրը էս վիճակից դուրս բերելու համար Ստալին է պետք» աչքի տակով բանաստեղծի հարցական դեմքին նայելով ասում է՝ «Այո, հենց Ստալին», իսկ բանաստեղծը, ծխախոտը ծխախոտից կպցնելով, ասում է« Միայն ազգային ծրագիրը կփրկի», ծխախոտի ծուխը ներս քաշում շվվոցով դուրս փչում, ասում է՝ «երկրում մշակույթի սով է»: Վարպետ Գևորգը վառարանում փայտ է ավելացնում: Դրսում քամու սուլոցն է, ներսում՝ վառարանի ճթճթոցը, մեր ծխախոտի ծուխն ու նկարիչ Թորոսի բողոքը չծխողներին՝ ծխախոտի ծխի ավելի շատ վնասակար լինելու մասին, ինչը ինքը համացանցում է կարդացել, իսկ հարևան ավտոտնակի ծածկի տակ ապրող կատուն երկու սև ու մի սև պուտերով սպիտակ ձագ է բերել և ամեն անգամ, երբ շենքի մուտքից դուրս եմ գալիս, մլավելով ընդառաջ է վազում, և ես իրեն որևէ ուտելու բան եմ տալիս: Էսօր տանից կատվին կեր չեմ բերել, և քանի դեռ նկարիչը սուրճ է դնում, գնում եմ ձկնորս Հովսեփից կատվի համար ձուկ բերելու: Հովսեփը ձուկը ինձ է տալիս ու տափաշշից մի կում անում, ծխախոտ վառում, քթից բերանից միաժամանակ ծուխ հանում ու տուփը մեկնում է ինձ, ասում եմ՝ «Շնորհակալ եմ» ծխախոտի տուփը դնում է գրպանն ու ասում է՝ «Դու գիտես, իսկ ես վաղը ինչ ալեկոծություն էլ լինի, նորից ծով եմ մտնելու», կիսատ ծխած ծխախոտը շպրտում է ձյուների մեջ, իսկ ձյունը շարունակում է մեծ-մեծ փաթիլներով գալ, և շուրջբոլորը ճերմակ շղարշ է և Հովսեփն ասում է՝ «Լուսահոգի տատիկիս օրհնված աչքաուլունքը նավակի վրա է, ինձ ոչինչ չի պատահի, էնքան ձուկ եմ բռնելու, որ շատ փող աշխատեմ, երկաթյա մոտորանավակ առնեմ ու իմ վրա եկող ալիքները խոյահարեմ, ցիրուցան անեմ, ծովը աջից ձախ ձախից աջ ակոսեմ ու ծովում ինչքան ձուկ կա բռնեմ»: Ասում եմ՝ «Հովսեփ, բա ծովում ձուկ չմնա՞», լրջանում, ասում է՝« Դե, չէ, պատկերավոր եմ ասում»: Ձյունը հաղթահարելով մի կին մոտենում, հազար դրամով չորս ձուկ է տանում, և արկղում մի կենտ ձուկ է մնում, Հովսեփը ձուկը դնում է իմ տոպրակն ու ասում. «Սա էլ իմ կողմից տար, ծննդկանը, թեկուզ կատու, պիտի կուշտ ուտի, որ կաթ ունենա», մկտակված բաճկոնի վրայից ձյունը թափ տալով ասում է՝ «Էդ ձագերը մեղք են, սոված էս ցրտին չեն դիմանա: Տուն տար»։ Եվ դատարկ արկղը դնում է թևատակն ու գնում, որ գիշերը նորից ծով մտնի:
2024 Փետրվար