Մի օր հոգսերիս պարկն ուսած
Ելա, գնացի հանդերով կանաչ,
Զեփյուռին տվի մտքերս խոտոր,
Խռովեց ինձնից զեփյուռը մոլոր։
Իմ ծանր բեռով ես սարն ելա,
Լեռներին տվի մտքերիս բեռը,
Նրանք զարմացած լուռ մռլտացին,
-Մի՞թե քիչ է մեր բեռը, - ասին։
Քամուն դիմեցի հուսահատ կանգնած,
Երկինքը մթնեց, ամպը որոտաց,
Վրդովված քամին փոթորիկ բերեց,
Ցրեց մտքերս դաշտերով կանաչ։
Իջա հոգնատանջ ես ջրերի մոտ,
Գետերը հանդարտ հոսում էին լուռ,
Հոգսերիս պարկը ջրով թրջված
Ընկած էր ափին անտեր ու լքված։
Արփին վերևից ժպտաց մտերիմ,
- Փռիր մտքերդ բարկ արևիս տակ,
Զեփյուռը մեղմիկ քեզ օրոր կասի,
Քամին լեռների խորհուրդը կանի։
Հանդարտված, խաղաղ վեր կաց ու գնա,
Ոչ մեկի հոգսը երկար չի մնա։
Կգան նոր օրեր իրենց գույներով,
Հպարտ ողջունիր լուսաբացը նոր։
24.01.2023 թ. ք. Հրազդան