Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Գլուխ 1

     Ջինն ու Ֆիլիսը բոլոր բնակելի աշխարհներից հեռու վայելում էին տիեզերքում զբոսնելու հաճույքը։
     Միջմոլորակային ճանապարհորդություններն արդեն դարձել էին սովորական, և միջաստղային թռիչքները սենսացիա չէին առաջացնում։ Կանոնավոր գործող երթուղիների աստղաթիռները զբոսաշրջիկներին հասցնում էին Սիրիուսի հեքիաթային քաղաքները, իսկ ֆինանսական տուզերին՝ Արկտուրի և Ալդեբարանի հռչակավոր բորսաները։
     Սակայն Ջինն ու Ֆիլիսը, հարուստ անբանների այդ զույգը, հայտնի էին իրենց տարօրինակություններով ու ռոմանտիկ հակումներով։ Նրանք, հանուն սեփական հաճույքների, առագաստներ բացած՝ ակոսում էին տիեզերական լայնությունները։
     Նրանց տիեզերական զբոսանավը գնդի նման մի բան էր, որի արտաքին թաղանթը՝ արտասովոր բարակ ու թեթև առագաստը որսալով լուսային ճառագայթների ճնշումը, ուռչում և ընթանում էր տարածության մեջ։ Եթե այդ նավակը որևէ աստղի մոտակայքում մնար առանց ղեկավարման, բայց այնպիսի տարածության վրա, որտեղ ձգողականության ուժը շատ մեծ չլիներ, կհեռանար լուսատուից ուղիղ գծով։ Սակայն Ջինի ու Ֆիլիսի աստղային համակարգում կային ոչ թե մեկ, այլ երեք արևներ, որոնք միմյանց բավականաչափ մոտ էին, դրա համար էլ արեգակնային քամիներն այստեղ փչում էին երեք կողմից, տարբեր անկյունների տակ։ Եվ, Ջինը տարածության մեջ տեղաշարժվելու հիրավի զարմանալի միջոց հնարեց։
     Նավի գնդաձև առագաստն ուներ բազմաթիվ սև, թիթեղյա վարագույրներ, որոնք հավաքվում էին և բացվում ղեկորդի ցանկությամբ։ Յուրաքանչյուր այսպիսի մանյովրի ժամանակ առագաստի որոշակի սեկցիայի անդրադարձնող հատկությունը փոխվում էր, միաժամանակ փոխվում էր և լուսային հոսքի համազոր ուժերի ուղղությանը։ Բացի դրանից, առաձգական գունդ-առագաստը հրամանով կարող էր ուռչել կամ կծկվել։ Այսպես. եթե Ջինը ուզում էր արագացնել ընթացքը, գնդի արտաքին թաղանթի տրամագիծը մեծացնում էր։ Այդ ժամանակ առագաստի հսկա մակերեսը ուռչում էր լուսային հոսքի ճնշման տակ, և զբոսանավը խելա­հեղ արագությամբ սլանում էր դեպի տիեզերքի խորքը, որից նրա և ընկերուհու՝ Ֆիլիսի գլուխները պատվում էին։ Տարված այդ գլխապտույտ վազքով, նրանք սեղմվում էին իրար ու անզգայանում, հայացքներն ուղղելով դեպի իրենց ընդառաջ սլացող տիեզերքի խորհրդավոր անդունդը։ Եթե Ջինը ուզում էր դանդաղեցնել ընթացքը, սեղմում էր մյուս կոճակը, և գնդաձև առագաստը այնքան էր կծկվում, որ խցիկում հնարավոր էր լինում նստել, միայն իրար կպած։ Լուսային ճառագայթների ճնշումը գրեթե չէր ազդում փոքրիկ գնդի վրա, որն, ազատ մնալով, կարծես անտեսանելի թելից կախվում էր դատարկության մեջ։
     Ժամանակը մեռնում էր, արբեցնող խոնջանքը համակում էր երիտասարդ զույգին, և այսպես նրանք շատ ժամեր էին անցկացնում նեղլիկ, միայն իրենց համար ստեղծված փոքրիկ աշխարհում, որը Ջինը համեմատում էր դրեյֆող առագաստանավի, իսկ Ֆիլիսը՝ ջրային սարդոստայնին նստած օդի պղպջակի հետ։
     Ջինը հրաշալի կատարում էր նաև այլ մանյովրներ, նույնիսկ այնպիսիները, որոնք տիեզերական փորձառու նավորդների շրջանում համարվում էին բարդ, օրինակ՝ շրջադարձ օվերշտագ՝ մոլորակի կամ այլ արբանյակի ստվերների օգտագործմամբ։ Նա իր գիտելիքները հաղորդում էր Ֆիլիսին, որը շուտով սովորեց ավելի հմուտ և նույնիսկ ավելի համարձակ վարել զբոսանավը, քան ինքը։ Սակայն Ֆիլիսը հենց ձեռքն էր առնում ղեկը, ինչպես ասում են, չափ ու սահմանն անցնում էր. այնպիսի արագություն էր վերցնում, որ զբոսանավը մոտենում էր արեգակնային համակարգի սահմաններին, որտեղ մագնիսային փոթորիկներն աղավաղում էին լույսի հոսանքները, և նրանց նավակը ընկույզի կեղևի պես դես ու դեն էր նետվում։ Ջինն արդեն մի քանի անգամ, այդպիսի փոթորիկներից արթնանալով, վեր էր ցատկել և Ֆիլիսի ձեռքից խլել ղեկը։ Երբեմն մոտակա նավահանգիստը հասնելու նպատակով նա ստիպված նույնիսկ միացնում էր ծայրահեղ վտանգավոր դեպքի համար նախատեսված լրացուցիչ հրթիռները, չնայած, դա տիեզերական նավորդների շրջանում ամոթ էր համարվում։

***

     Այդ օրը Ֆիլիսն ու Ջինը զբոսանավի գնդաձև բնիկում անհոգ նստել էին կողք-կողքի և Սևանում էին իրենց երեք արև­ների ճառագայթների տակ։ Ջինը, աչքերը փակ, մտածում էր Ֆիլիսի մասին, այն մասին, թե ինչպես է սիրում նրան։ Ֆիլիսը, կողքի պառկած, զննում էր անծայրածիր տիեզերքը՝ հիպնոսացած անսահման դատարկությամբ։
     Հանկարծ, արթնանալով, Ֆիլիսը ցնցվեց ու բարձրացավ տեղից։ Դատարկության մեջ փայլատակում էր մի տարօրինակ կայծ։ Ֆիլիսը սպասեց մի քանի վայրկյան, և ահա կայծը նորից փայլատակեց, կարծես փայլուն առարկայից ճառագայթ արտացոլվեց;
     Տիեզերական թռիչքների ընթացքում ձեռք բերած վեցերորդ զգայարանը նրան չէր կարող խաբել։ Բացի այդ, նրա հետ համաձայնվեց նաև Ջինը, որը նման դեպքերում չէր սխալվում։ Զբոսանավից ոչ շատ հեռու, տարածությունը դժվար էր որոշել, լողում էր ինչ-որ փայլուն մարմին։ Ջինը խորհրդավոր առարկան զննելու համար վերցրեց հեռադիտակը։ Ֆիլիսն անհամբերությամբ կռթնեց նրա ուսին։
     - Առարկան մեծ չի, - ասաց Ջինը։ - Նման է ապակյա... Սպասիր, թող նայեմ... Մոտենում է։ Նրա արագությունը մերից մեծ է։ Այդպես է թվում... Նրա դեմքը լրջացավ, վայր գցեց հեռադիտակը։ Ջինը անմիջապես վերցրեց այն։
     - Գիտե՞ս ինչ է դա, թանկագինս։ Շիշ է։
     - Շի՞շ։
     Նա նույնպես նայեց հեռադիտակով։
     - Այո', շիշ է։ Ես պարզ տեսնում եմ։ Բաց գույնի ապակուց է։ Փակ է. տեսնում եմ խցանը։ Իսկ մեջը ինչ-որ սպիտակ բան կա։ Հավանաբար, թուղթ է... գրություն։ Ջին, հարկավոր է որսալ։
     Ջինը, ըստ երևույթին, նույն կարծիքին էր, որովհետև այդ անսովոր առարկան որսալու համար սկսեց հմտորեն մանյովրել։ Որպեսզի առարկան անցներ զբոսանավի կողքով, փոխեց ընթացքը և ավելացրեց արագությունը։ Մինչ նա մանյովրում էր, Ֆիլիսը հագավ սկաֆանդրը և երկտակ խցիկի միջով դուրս եկավ գնդաձև առագաստի արտաքին կողմը։ Բռնելով ճոպանից, նա կախվեց դատարկ տարածության մեջ ու երկարակոթ ձեռնուռկանը թափահարելով, պատրաստվեց բռնել շիշը։
     Նրանք արդեն մի քանի անգամ ձեռնուռկանի օգնությամբ տիեզերքից օտար մարմիններ էին բռնել։
     Երբ դանդաղ ես լողում կամ գրեթե անշարժ կախվում դա­տարկության մեջ, կարողանում ես շատ տարօրինակ բաներ տեսնել և զարմանալի հայտնագործություններ անել, որ անմատչելի են տիեզերքում աստղաթիռներով սլացողներին։ Ֆիլիսն իր ձեռնուռկանով որսացել էր պայթած մոլորակների, այլ գալակտիկաներից թռած-եկած երկնաքարերի և տիեզերքի նվաճման ամենասկզբնական շրջանում բաց թողնված արբան­յակների բեկորներ։ Նա հպարտանում էր իր հավաքածոյով, բայց շիշ, այն էյ գրությամբ, իսկ դրանում Ֆիլիսը չէր կասկածում, առաջին անգամ էր պատահում։ Նա անհամբերությունից դողում էր. ճոճվելով, ինչպես սարդը ոստայնի վրա, միկրոֆոնով ձայն էր տալիս սիրեցյալին.
     - Ավելի՜ դանդաղ, Ջի'ն... Չէ, մի փոքր արագ, թե չէ. մեզնից առաջ կանցնի... Ա'ջ։ Ձա'խ։ Ուղի'ղ... Վե՜րջ, բռնեցի:
     Ուրախության ճիչ արձակելով, նա վերադարձավ խցիկ: Ավարը խնամքով խցանված մի մեծ շիշ էր։ Մեջը բազում թերթիկներից բաղկացած թղթի մի կապոց կար։ Ամբողջովին դողալով, Ֆիլիսը գրեթե աղաչում էր Ջինին.
     - Կոտրիր։ Արա՜գ։ Խնդրո՜ւմ եմ։
     Ջինը հանգիստ, խնամքով քչփորելով, հանեց մոմախցանի կտորները; Սակայն, երբ շշի բերանը բացեցին, պարզվեց, որ փաթեթը անհնարին է հանել։ Հարկ եղավ կատարել անհամբեր ընկերուհու խնդրանքը՝ մուրճով ջարդել շիշը։ Ազատագրված փաթեթը ինքն իրեն բացվեց։ Այն բաղկացած էր մանր ձեռագրով ծածկված բազմաթիվ անսովոր բարակ թերթիկներից։ Ձեռագիրը երկրային լեզվով էր, որին Ջինը տիրապետում էր կատարելապես, մի քանի տարի նա սովորել էր այդ մոլորակի վրա։ Սակայն ինչ-որ անբացատրելի տագնապ էր համակել նրան։ Եվ եթե չլիներ հետաքրքրությունից ծայրահեղորեն գրգռված Ֆիլիսի աղերսանքը, գուցեև չկարդար պատահականորեն իրենց ձեռքն ընկած այդ փաստաթուղթը։
     Ֆիլիսը վատ էր հասկանում երկրի լեզուն և նրա օգնության կարիքն էր զգում։
     - Ջին, աղ-ա-չո՜ւմ եմ քեզ։
     Որպեսզի զբոսանավը կախվեր տարածության մեջ, նա առագաստը նվազագույն չափով փոքրացրեց և համոզվելով, որ առջևում ոչ մի արգելք չկա, ընկերուհու ուսի վրայով սկսեց կարդալ։

Գլուխ 2

     «Ես այս ձեռագիրը հանձնում եմ տիեզերքին ոչ նրա համար, որ օգնության կոչ եմ անում։ Միակ նպատակս այն է, որ իմ պատմությունը կարողանա կանխել այն ահավոր սպառնալիքը, որ կախված է մարդկային ցեղի վրա...»։
     - Մարդկային ցեղի վրա՞, - զարմանքով հարցրեց Ֆիլիսը։
     - Այո, այստեղ այդպես է գրված, - հաստատեց Ջինը։ Միայն թե հենց սկզբից ամեն բառի վրա մի ընդհատիր։
     Եվ նա շարունակեց.
     «...Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ Ուլիս Մերուին, ընտանյոք հանդերձ գտնվում եմ տիեզերանավում։ Մենք կարող ենք երկար տարիներ ապրել։ Տիեզերանավում այգի ունենք, բանջարանոց, կենդանաբանական բաժանմունքում՝ անասուններ։ Ոչ մի բանից դժգոհ չենք։ Գուցե ինչ-որ ժամանակ կգտնենք հյուրընկալ մոլորակ։ Սակայն այդ մասին առայժմ կարող եմ, միայն երազել։ Դրա համար էլ ստորև մանրամասնությամբ շարադրում եմ այն ամենը, ինչ կատարվել է ինձ հետ։

***

     2500 թվականին, իմ երկու ավագ ընկերներից անմիջապես հետո, ես մտա տիեզերանավ, որը պետք է հասներ մի խումբ մոլորակների, որոնց վրա տիրաբար փայլում է գերհսկա Բետելգեյզե արևը։
     Դա երկրացիների կողմից երբևէ իրագործված ամնահանդուգն մտահղացումն էր։ Բետելգեյզե աստղը, ինչպես մեր աստղագետներն էին կոչում՝ Օրիոնի ալֆան, մեր մոլորակից հեռու է գրեթե երեք հարյուր լուսային տարի։ Աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Ամենից առաջ՝ իր չափսերով. նրա տրամագիծը մեր արևինից երեք հարյուր, գուցեև չորս հարյուր անգամ մեծ է, այսինքն, եթե այդ հրեշավոր լուսատուն փոխարիներ Արևին, նրա պսակը կտարածվեր մինչև Մարսի ուղեծիրը։ Դրանից բացի, այդ աստղը առաջին կարգի է, լույսի ուժով ամենապայծառը Օրիոնի համաստեղության մեջ։ Չնայած երկրից գտնվում է հսկայական հեռավորության վրա, բայց կարելի է տեսնել նույնիսկ անզեն աչքով։ Բետելգեյզեն տարբեր է նաև իր ճառագայթման սպեկտրով. արձակում է հրաշալի կարմիր և նարնջագույն ճառագայթներ։ Եվ վերջապես նա, փոփոխվող պայծառություն ունի։ Բետելգեյզեն բաբախող աստղ է, և նրա լուսարձակման ինտենսիվությունը անընդհատ փոխվում է կախված նրա տրամագծի փոփոխությունից։
     Բայց իմանալով, որ արեգակնային համակարգի բոլոր մոլորակները անմարդաբնակ են, առաջին միջաստղային թռիչքի համար ինչո՞ւ ընտրեցինք այդպիսի հեռավոր նպատակակետ։ Նման որոշում ընդունեց էքսպեդիցիայի կազմակերպիչ ու լիիրավ ղեկավար, պրոֆեսոր Անտելը, որն այդ թռիչքի նախապատրաստման համար ծախսեց գրեթե իր հսկայական կարողությունը։ Նա ինքն ստեղծեց մեր տիեզերանավի նախագիծը, հետևեց նրա կառուցման աշխատանքներին։ Սակայն իր ընտրած նպատակների մասին պրոֆեսորը մանրամասն խոսեց միայն թռիչքի ժամանակ։
     - Շատ սիրելի Ուլիս,- ասաց նա, - թռիչքը դեպի Բետելգեյզե ըստ էության, ամենևին էլ դժվար չէ, միայն մի փոքր հեռու է ավելի մոտ գտնվող, ասենք, Կենտավրոսի Պրոքսիմա աստղից։
     Սակայն ես պարտք համարեցի առարկել նրան, թեկուզ նրա համար, որ փայլեմ վերջերս ձեռք բերած իմ աստղագիտական իմացությամբ։
     - Միայն մի փո՞քր հեռու։ Ինչպե՞ս թե։ Չէ որ մինչև Կենտավրոսի Պրոքսիմա ընդամենը չորս լուսային տարի է, իսկ մինչև Բետելգեյզե՞...
     - ... երեք հարյուր լուսային տարի, ես այդ քաջ գիտեմ։ Այնուամենայնիվ, մինչև Կենտավրոսի Պրոքսիմա մեզ հարկ կլինի թռչել համարյա նույնքան տարածություն կամ քիչ պակաս, քան մինչև Բետելգեյզե, որին մենք կհասնենք մի երկու տարուց հետո։ Հասկանալի է, ձեզ կթվա անհավանական, որովհետև դուք ընտելացել եք միջաստղային մեր թռիչքներին, այդ լվի թռիչքներին, որի ընթացքում թույլատրելի է սահմանային արագություն, քանի որ այն տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ հածանավային արագությունը, մերինի համեմատ, ծիծաղելիորեն փոքր է... Թերևս, արդեն ժամանակն է բացատրել ձեզ, թե ինչպես է շարժվում մեր աստղաթիռը։ Շնորհիվ այն կատարելագործված հրթիռների, որոնք ինձ հաջողվեց ստեղծել, մեր տիեզերանավը ընդունակ է շարժվել տարածության մեջ նյութական մարմնի համար մատչելի գերբարձր արագությամբ, այսինքն, լույսի արագությամբ՝ հանած էպսիլոն։
     - Հանած էպսիլո՞ն։
     - Ուզում եմ ասել, որ մեր արագությունը անընդհատ մո­տենում է լույսի արագությանը, վերջինից ետ մնալով ընդա­մենը մեկ միլիարդերորդականով. այսպես գուցե ավելի հեշտ կհասկանաք։
     - Ենթադրենք, - ասացի ես, - հասկանում եմ։
     - Սակայն, դուք պետք է հասկանաք նաև այն, որ երբ տարածության մեջ շարժվենք այդ արագությամբ, մեր ժամա­նակը զգալիորեն կտարբերվի երկրայինից, և որքան արագ թռչենք, այնքան մեծ կլինի այդ տարբերությունը։ Օրինակ, այժմ, երբ մեր զրույցը աստղաթիռում տևեց ընդամենը մի քանի րոպե, նույն ժամանակամիջոցում երկրում տասնյակ ամիսներ անցան։ Երբ հասնենք սահմանային արագության, մեզ համար ժամանակը գրեթե կանգ կառնի, չնայած, մենք այդ չենք էլ նկատի։ Այն ժամանակ մեր երկու րոպեն, մեր երկու զարկը կհամապատասխանեն Երկրի վրա ապրողների շատ տարիներին։
     - Հասկացա։ Հենց դա էլ մեզ հույս է տալիս նպատակին հասնել ավելի շուտ, քան կմեռնենք ծերությունից։ Այդ դեպքում մեր ճանապարհորդությունը ինչո՞ւ է շարունակվում երկու տարի և ոչ թե մի քանի օր կամ մի քանի ժամ։
     - Ես հենց դրան էլ մոտենում եմ։ Ամեն ինչ շատ պարզ է. որպեսզի հասնենք առավելագույն արագության, երբ ժամանակը համարյա կկանգնի, մեզ հարկավոր է մոտ մեկ տարի, ավելի մեծ արագացման մեր օրգանիզմը չի կարող դիմանալ։ Մի տարի էլ կգնա արգելակման համար։ Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք մեր թռիչքի գրաֆիկը, մի տարի արագացման համար, մի տարի՝ արգելակման, իսկ մեջտեղը մնում է ընդամենը մի քանի ժամ, սակայն այդ ժամերի ընթացքում մենք կանցնենք ճանապարհի մեծ մասը։ Եվ եթե դուք այդ հասկացաք, ուրեմն պետք է որ պարզ լինի, թե ինչու թռիչքը մինչև Բետելգեյզե մի փոքր ավելի երկար կլինի, քան մինչև Կենտավրոսի Պրոքսիմա։ Վերջին դեպքում, միևնույն է, մեզ հարկ կլինի աստղաթիռում անցկացնել մեկ տարի արագացման համար և մեկ տարի՝ արգելակման համար, իսկ նրանց միջև կարող է լինել ընդամենը մի քանի րոպե՝ մի քանի ժամվա փոխարեն, ինչպես դեպի Բետելգեյզե թռիչքի ժամանակ։ Տարբերությունը ընդհանուր առմամբ չնչին է։ Սակայն ես ծերանում եմ արդեն, հավանաբար չեմ կարող ղեկավարել ևս մի արշավախումբ. դրա համար էլ առանց տատանվելու ընտրեցի տիեզերքի շատ ավելի հեռավոր մի անկյուն, որովհետև հույս ունեմ այնտեղ գտնել ամենևին Մերին չնմանվող աշխարհներ։
     Նման զրույցները օգնեցին մեզ կարճել պարապ ժամանակը, և ամեն անգամ ես ավելի մեծ հարգանք էի տածում պրոֆեսոր Անտելի խորը գիտելիքների նկատմամբ։ Գիտության մեջ չկար այնպիսի բնագավառ, որը նրան ծանոթ չլիներ։ Ինձ մնում էր միայն ուրախանալ, որ մեր համարձակ արշավախումբը ղեկավարում է այդ մարդը։
     Ինչպես նախատեսել էր պրոֆեսոր Անտելը, մեր ճանապարհորդությունը, ըստ աստղաթիռի տեղական ժամանակի, երկարաձգվեց մոտ երկու տարի, որի ընթացքում երկրի վրա պետք է որ անցած լիներ մոտ երեքուկես դար։ Սա էր այդքան հեռավոր արշավախմբի միակ անհարմարությունը։ Եթե նույնիսկ կարողանանք բարեհաջող վերադառնալ, մեր մոլորակը կգտնենք յոթ-ութ հարյուր տարով ծերացած։ Սակայն այդ մասին առայժմ չենք էլ մտածում։ Նույնիսկ կարծում եմ, որ իր սերնդից փախչելու հեռանկարը հատկապես հրապուրում էր պրոֆեսորին։ Նա բազմիցս խոստովանել է, որ հոգնել է մարդկանցից...»։
     - Մարդի'կ, միշտ մարդիկ... - նորից նկատեց Ֆիլիսը։
     - Այո, մարդիկ, - հաստատեց Ջինը։ - Այդպես էլ գրված է։
     «...Ամբողջ թռիչքի ընթացքում մեզ ոչ մի լուրջ անախորժություն չպատահեց։ Մենք մեկնարկ վերցրինք Լուսնից։ Երկիրը և մնացած բոլոր մոլորակները արագ հեռացան տեսադաշտից։ Արևը սրընթաց փոքրացավ, մինչև որ վերածվեց նարինջի չափ գնդի, այնուհետև դարձավ սալորից էլ փոքր և, վերջապես՝ փայլատակող կետ, մեկը այն աստղիկներից, որը միայն ամենագետ պրոֆեսոր Անտելը կարող էր դեռ փնտրել գալակտիկայի անհամար աստղերի մեջ։
     Եվ այդպես, մենք ապրում էինք առանց Արևի, բայց դրանից ամենևին էլ չէինք տխրում, քանի որ մեր տիեզերանավն ուներ լույսի համապատասխան աղբյուրներ։ Չէինք տխրում նաև ձանձրույթից։ Պրոֆեսորի զրույցները զարմանալի հետաքրքիր էին. պատահական չէր, որ այդ երկու տարում ես ավելի շատ բան իմացա, քան ամբողջ կյանքիս ընթացքում։ Բացի այդ, ձեռք բերեցի աստղաթիռ վարելու անհրաժեշտ փորձ։ Պարզվեց, որ դա այնքան էլ դժվար գործ չէ, բավական էր հանձնարարություններ տալ էլեկտրոնային սարքերին, և նրանք կատարում էին բոլոր անհրաժեշտ հաշվումներն ու ղեկավարում թռիչքը։
     Մեզ մեծ բավականություն էր պատճառում նաև մեր այգին, որը տիեզերանավի վրա զգալի տեղ էր գրավում։ Պրոֆեսոր Անտելը, այլ զբաղմունքներից բացի, հրապուրված էր բուսաբանությամբ և գյուղատնտեսությամբ ու, բնական է, ուզում էր ստուգել տիեզերքի պայմաններում բույսերի աճման մասին իր մի քանի տեսությունները։ Որպես փորձնական հողամաս ծառայում էր տասը քառակուսի մետրանոց ջերմոցը։ Բազմաթիվ շարահարկերի շնորհիվ այդ խորանարդի ամբողջ ծավալը լրիվ օգտագործվում էր։ Հողը միշտ հարստացվում էր քիմիական պարարտանյութերով. թռիչքից չէր անցել երկու ամիս, որ մարգերում, հուրախություն մեզ, սկսեց հասունանալ ամեն տեսակի բանջարեղեն։ Այդ ժամանակվանից էլ «տիեզե­րական բանջարանոցը» մեզ առատորեն թարմ ու առողջարար սնունդ է մատակարարում։ Օգտակարի մասին մտահոգվելիս չէր մոռացվել նաև հաճելին, ջերմոցի մի բաժինը տրամադրված էր ծաղիկներին, որոնք պրոֆեսորը խնամում էր հատուկ սիրով։ Այդ ինքնատիպ մարդն իր հետ վերցրել էր թռչուններ, թիթեռներ և նույնիսկ մի կապիկ՝ փոքրիկ շիմպանզե։ Մենք նրան կոչեցինք Հեկտոր։ Նա ամբողջ ճանապարհին զվարճացրեց մեզ։ Միանգամայն ակնհայտ էր, որ մեր իմաստուն պրոֆեսորը ուշ-ուշ էր այցելում մարդկանց, չնայած, որ նրան համարել մարդատյաց նույնպես չէի համարձակվի։ Նա հաճախ ասում էր, որ մարդկային ցեղից մեծ օգուտ չի սպասում, և, ինչպես երևում է, դրա համար էլ...»։
     - Մարդատյա՞ց։ - Չհամբերելով, նորից հարցրեց Ֆիլիսը։ - Մարդկայի՞ն ցեղը։
     - Եթե ամեն խոսքի վրա ընդհատես, մենք երբեք վերջին չենք հասնի, - նկատեց Ջինը։ - Լռիր և աշխատիր, թերևս ինչ-որ բան հասկանալ։
     Ֆիլիսը երդվեց, որ այլևս բերանը բաց չի անի, մինչև որ Ջինը չվերջացնի ընթերցանությունը, ու իր խոսքը կատարեց։ «...և, ըստ երևույթին, դրա համար էլ հսկա նավում, որտեղ կարող էին տեղավորվել բազմաթիվ ընտանիքներ, կային տարբեր բույսերի հարուստ հավաքածոներ, մի քանի կենդանիներ, բայց... ընդամենը երեք ուղևոր, ինքը՝ Անտելը, նրա աշակերտը՝ մեծ ապագա ունեցող երիտասարդ ֆիզիկոս Արթուր Լեվեն և ես՝ սկսնակ ժուռնալիստ Ուլիս Մերուն։ Ես պրոֆեսորին ծանոթացել էի պատահաբար, հերթական մի հարցազրույցի առիթով։ Դեռ այն ժամանակ իմանալով, որ ընտանիք չունեմ և բավականին լավ շախմատ եմ խաղում, մեծ գիտնականը առաջարկեց ինձ մասնակցել արշավախմբին։ Դեռևս անհայտ ժուռնալիստի համար դա չլսված հաջողություն էր։ Նույնիսկ եթե իմ ռեպորտաժը հաջողվի հրապարակել թեկուզև ութ հարյուր տարի հետո (գուցեև հենց դրա համար), այն կլինի անգնահատելի փաստաթուղթ։ Ես ցնծությամբ համաձայնվեցի։
     Եվ այսպես, ուղևորությունը անցնում էր առանց որևէ պատահարի։ Միակ անհարմարությունը արագություն վերցնելու և արգելակման ժամանակ ծանրության ավելացումն էր։ Մենք հաշտվեցինք այն բանի հետ, որ մեր, քաշը մոտավորապես մեկուկես անգամ ավելի էր, քան երկրի վրա։ Սկզբում շատ էինք հոգնում, բայց աստիճանաբար ընտելացանք դրան և այլևս ուշադրություն չդարձրինք։ Արագացման և արգելակման միջտարածություններում մենք գտնվում էինք լրիվ անկշռելիության և դրանից բխող տարօրինակ ու ծիծաղելի վիճակներում։ Բայց դա շարունակվեց ընդամենը մի քանի ժամ, և մեզ ոչ մի վնաս չպատճառեց։
     Եվ ահա, ամիսներ տևող երկարատև թռիչքից հետո, եկավ այն օրը, երբ հուզմունքով տեսանք, որ Բետելհեյզե աստղը մոտենում ու մեր աչքի առաջ մեծանում է։

Գլուխ 3

     Անհնարին է նկարագրել, թե նման տեսարանը ինչպիսի զգացումներ է առաջացնում։ Այն աստղը, որ դեռ երեկ մի անանուն, փայլող կետ էր, բազմաթիվ նման անանուն կետերից մեկը, սև ֆոնի վրա աստիճանաբար ավելի ու ավելի պայծառանալով, մտավ տարածության մեջ՝ ստացավ ձև ու չափսեր։ Սկզբում այն փոքրիկ, փայլատակող սիսեռահատիկ էր, այնուհետև մեծանալով՝ միաժամանակ գունավորվեց դարձավ նարնջի չափ ու, վերջապես, կախվեց տիեզերական անհունության մեջ այնպիսի տեսքով, ինչպես երկրային լուսատուն։ Նոր արև ծնվեց մեզ համար, այն մի փոքր կարմրավուն է, ինչպես Երկրի վրա արևը նախամայրամուտային ժամերին, և մենք արդեն զգացինք նրա ջերմությունն ու ձգողականությունը։
     Այդ ժամանակամիջոցում աստղաթիռը պակասեցրեց արագությունը։ Մենք շարունակեցինք մոտենալ Բետելհեյզեին մինչև այն պահը, քանի դեռ աստղը չէր բռնել ամբողջ էկրանը, որն անհամեմատ շատ էր մեծացնում երկրային այն բոլոր մարմինների չափսերը, որոնք երբևէ հարկ էր լինում զննել։ Տպավորությունը հեքիաթային էր, ցնցող։ Անտելը ռոբոտներին հանձնարարեց նոր ծրագիր, և մենք սկսեցինք պտտվել գերհսկա աստղի շուրջը։ Այնուհետև պրոֆեսորը հարմարեցրեց աստղագիտական սարքերը և սկսեց զննել։
     Շուտով նրան հաջողվեց հայտնաբերել չորս մոլորակ, հաշվել նրանց տրամագծերն ու ուղեծրերը, որոնցով նրանք պտտվում էին կենտրոնական լուսատուի շուրջը։ Այդ մոլորակներից մեկը՝ Բետելհեյզեից հաշված երկրորդը, շարժվում էր երկրայինին մոտ ուղեծրով։ Այն մոտավորապես Երկրի չափ էր, ուներ թթվածնից ու ազոտից բաղկացած մթնոլորտ, և գտնվելով Բետելհեյզեից երեսուն անգամ հեռու, քան Երկիրը Արևից, ստանում էր մոտավորապես այնքան քանակությամբ ճառագայթային էներգիա, որքան մեր մոլորակը. վերջինս բացատրվում էր մի կողմից գերհսկա աստղի չափսերով, իսկ մյուս կողմից՝ նրա անհամեմատ ցածր ջերմաստիճանով։
     Մենք որոշեցինք մեր ուսումնասիրությունները սկսել այդ մոլորակից։ Ռոբոտներն ստացան նոր ծրագիր, և աստղաթիռը դուրս եկավ հիմնական ուղեծիր։ Այստեղ, կանգնեցնելով շարժիչները, առանց շտապելու ուսումնասիրում էինք մեզ համար նոր աշխարհը։ Ցածում, հեռադիտակի միջով, երևում էին ծովերն ու մայր ցամաքները։
     Մեր նավը վատ էր հարմարեցված մոլորակների վրա վայրէջք կատարելու համար։ Սակայն այդ նպատակով ունեինք շատ փոքր երեք հրթիռոպլան, որոնց անվանում էինք տիեզերական կատերներ։ Դրանցից մեկի մեջ էլ տեղավորվեցինք բոլորս՝ երեքով, մեզ հետ վերցնելով չափող սարքավորումներ և Հեկտորին։ Շիմպանզեն, ինչպես և մենք բոլորս, ունեինք մեր հատուկ սկաֆանդրները։ Կապիկը ընտելացել էր դրան։ Ինչ վերաբերում է աստղաթիռին, այն պարզապես թողեցինք մոլորակի մոտ հիմնական ուղեծրում։ Աստղաթիռը այնտեղ ավելի անվտանգ վիճակում էր, քան նավը նավահանգստի խարսխակայանում, որովհետև գիտեինք, որ ռոբոտները թույլ չեն տա նրան մազաչափ անգամ շեղվել հանձնարարված կուրսից։
     Մեր տիեզերական կատերով այդ մոլորակի վրա իջնելը բոլորովին էլ դժվար չէր։ Հենց որ մտանք մթնոլորտի խիտ շերտերը, պրոֆեսոր Անտելը վերցրեց օդի նմուշները և ենթարկեց անալիզի։ Նա գտավ, որ օդի բաղադրությունը տվյալ բարձրության վրա համապատասխանում է երկրայինին։ Ես չհասցրի նույնիսկ ըմբռնել այդ հրաշալի զուգադիպության բազմանշանակությունը. մոլորակը արագ մոտեցավ, և շուտով մենք արդեն հիսուն կիլոմետրից ոչ ավելի բարձրության վրա էինք։ Քանի որ բոլոր մանյովրները կատարում էին ավտոմատները, ինձ մնում էր միայն դեմքս սեղմել իլյումինատորին ու զննել այդ անհայտ աշխարհը, նախապես վայելելով մեզ սպասվող հայտնագործությունը։ Սիրտս հրճվանքից սեղմվում էր։
     Մոլորակը զարմանալիորեն նման էր Երկրին։ Այդ տպավորությունը գնալով ուժեղանում էր։ Ես արդեն անզեն աչքով տարբերում էի մայր ցամաքների ուրվագծերը։
     Օդը երկնագույն էր, թափանցիկ, մի փոքր կանաչավուն, իսկ երբեմն զարդարվում էր նարնջագույն, փայլուն կետերով, ինչպես մեզ մոտ՝ Պրովանսում արևամուտի ժամանակ։ Օվկիանոսն էլ երկնագույն էր, կանաչ երանգով։ Ծովափի ուրվագիծը տարբերվում էր այն ամենից, ինչ երբևէ տեսել էի Երկրի վրա, չնայած որ աշխատում էի գտնել որևէ նմանություն. մնացած բաներում շատ ընդհանրություններ կային։
     Բայց, ավաղ, նմանությունները դրանով էլ վերջացան։ Մոլորակի երկու կիսագնդերի աշխարհագրությունը ոչնչով չհիշեցրեց ոչ մեր Հին, ոչ էլ Նոր աշխարհը։
     Ոչնչո՞վ։ Ներեցեք, ախր ես չասացի ամենագլխավորի մասին, մոլորակը բնակեցված էր։ Մենք թռչում էինք բավա­կանին մեծ քաղաքի վրայով, որի բոլոր կողմերն էին ձգվում կանաչապատ ճանապարհները, որոնցով սլանում էին ավտոմեքենաները։ Մի ակնթարթում ես հիշողությանս մեջ դրոշմեցի քաղաքի ընդհանուր հատակագիծը, լայնահուն փողոցները, բարձր, ուղղանկյուն, հարթ պատերով սպիտակ շենքերը։
     Մենք «վայրէջք» կատարեցինք այդտեղից ոչ հեռու։ Սկզբում թռչում էինք հերկած դաշտերի, այնուհետև խիտ, փոքր-ինչ շիկակարմիր անտառի վրայով։ Անտառը հիշեցնում էր մեր հասարակածային ջունգլիները։ Հիմա մենք ահագին ցածրացել էինք։ Ներքևում հայտնվեց մի յուրատեսակ սարահարթ՝ բավականին մեծ բացատով, իսկ հեռվում, ինչքան աչքդ կտրի, ձգվում էր կտրտված տեղանքը։
     Մեր արշավախմբի պետը որոշեց բախտներս փորձել ու էլեկտրոնային սարքերին տվեց վերջին հրամանը։ Արգելակող հրթիռներն աշխատեցին։ Նավը՝ որսին զննող ճայի նման, մի քանի ակնթարթ քարացավ բացատի վրա, իսկ հետո, Երկիրը թողնելուց երկու տարի անց, տիեզերական կատերը դանդաղ ցածրացավ, և մենք, առանց որևէ ցնցումի, իջանք սարահարթի կենտրոնում, ուղիղ խոտերի մեջ, որն հիշեցնում էր մեր նորմանդական հարթությունների խոտը։

Գլուխ 4

     Մենք բավականին երկար նստեցինք լուռ ու անշարժ։ Այդպիսի վարքագիծը կարող էր տարօրինակ թվալ, սակայն հարկավոր էր հավաքել ուժերը և կենտրոնանալ։ Մենք շատ համարձակ քայլ էինք կատարել. հազար անգամ ավելի համարձակ, քան երկրային առաջին ծովագնացները։ Եվ ուզում էինք նախապատրաստվել հանդիպմանը այն անծանոթ աշխարհի հետ, որի մասին երևակայությամբ պատկերացնելով միջաստղային թռիչքները՝ սերնդե սերունդ երազել են բանաստեղծները։
     Եթե խոսելու լինենք հրաշքների մասին, ապա ամենամեծ հրաշքն այն էր, որ առանց արկածների իջանք մոլորակի կանաչի վրա, մոլորակ, որտեղ, ինչպես մեզ մոտ, կային օվկիանոսներ, լեռներ, անտառներ, դաշտեր, քաղաքներ և, հասկանալի է, բնակիչներ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև վայրէջք կատարելը մեր տիեզերական կատերը ջունգլիների վրայով անցել էր բավականին երկար տարածություն, ուրեմն պետք էր ենթադրել, որ այստեղից մինչև քաղաքակիրթ շրջանները պետք է հեռու լիներ։
     Վերջապես ուշքի եկանք։ Սկաֆանդրով զգեստավորված, զգույշ բացեցինք կատերի իլյումինատորը։ Օդի ոչ մի շարժում չկար։ Ներսի և դրսի մթնոլորտային ճնշումների միջև ոչ մի տարբերություն չկար։ Անտառը, բերդի պատերի պես, անշարժ ու լուռ շրջապատել էր բացատը. ոչինչ չէր խախտում տիրող անդորրը։ Բավականին շոգ էր, սակայն տանելի՝ մոտավորապես Ցելսիուսի քսանհինգ աստիճան։
     Մենք կատերից դուրս եկանք Հեկտորի հետ։ Պրոֆեսոր Անտելը որոշեց նախ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել մթնոլորտը։ Վերլուծության արդյունքը հուսադրող էր. օդի բաղադրությունը գրեթե այնպիսին էր, ինչպես Երկրի վրա. բացառությամբ նոսր գազերի ոչ այնքան ճշգրիտ համամասնության։ Այնուամենայնիվ, որոշեցինք, համենայն դեպս, մեր շիմպանզեի վրա փորձ անել։
     Երբ Հեկտորի սկաֆանդրը հանեցինք, նա իրեն լավ զգաց և տկարության ոչ մի նշան ցույց չտվեց։ Ընդհակառակը, հայտնվելով ամուր հողի վրա, նա ասես ուրախությունից արբեց։ Մի քանի ծիծաղելի թռիչքներ անելով, շիմպանզեն նետվեց անտառ, թռավ ծառի վրա և, ճյուղից ճյուղ թռչկոտելով, սլացավ հեռու։ Շուտով նա կորավ տերևների մեջ, և չնայած մեր բոլոր կանչերին, անհետացավ։
     Մենք նույնպես հանեցինք սկաֆանդրները, որպեսզի կարողանայինք ազատ խոսել։ Մեր ձայնի հնչյուններից չգիտես ինչու հուզվում էինք։ Վախվխելով պտտվեցինք տիեզերական կատերի շուրջը՝ չհամարձակվելով հեռանալ։
     Պարզ էր, որ մենք հայտնվել էինք մի մոլորակի վրա, որը կարող էր լինել Երկրի քույր-երկվորյակը։ Այստեղ կյանք կար։ Բույսերի թագավորությունը հատկապես շքեղ էր. որոշ ծառեր հասնում էին մոտ քառասուն մետր բարձրության։ Շուտով նկատեցինք նաև կենդանիների թագավորության ներկայացուցիչներին. սև, խոշոր թռչունները ճախրում էին օդում, ինչ­պես մեր ուրուրները, իսկ մնացածները, ավելի փոքրերը, որոնք շատ էին նման թութակների, ճղճղոցով հետապնդում էին իրար։ Ինչպես արդեն ասել եմ, դեռ վայրէջքից առաջ մենք հայտնաբերեցինք քաղաքակրթության նշաններ։ Բանական էակները (առայժմ չէինք համարձակվում նրանց մարդիկ անվանել) փոխել էին մոլորակի կերպարանքը։ Սակայն այստեղ, մեր շուրջը, անտառը ամայի էր թվում։ Ի միջի այլոց, զարմանալու ոչինչ չկար. եթե պատահմամբ օդից ընկնեինք ասիական ջունգլիների խորքը, մեզ նույնպես կզարմացնեին վայրենությունն ու մարդկանց բացակայությունը։
     Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ ցանկություն առաջացավ այդ մոլորակին անուն տալ, և Երկրին զարմանալիորեն նման լինելու համար մենք այն կոչեցինք Սորորա, որը լատիներեն նշանակում է քույր։
     Դրանից հետո որոշվեց, առանց ժամանակ կորցնելու, անցնել հետախուզության, և մենք երեքով միայն յուրօրինակ բնական արահետներով շարժվեցինք դեպի անտառի խորքը։ Ես և Արթուր Լեվենը զինված էինք կարաբիններով։ Ինչ վերաբերում է պրոֆեսորին, ապա նա բացի ինտելեկտուալ զենքից արհամարհում էր բոլոր տեսակի զենքերը։ Մենք քայլում էինք զարմանալիորեն թեթև ու արագ, բայց ամենևին ոչ նրա համար, որ այստեղ ձգողականության ուժը փոքր էր. Սորորան ոչնչով չէր տարբերվում Երկրից, պարզապես վերստանալով մեր նորմալ կշիռը, որը համարյա թե կրկնապատկվել էր նավում, պատրաստ էինք այծիկների պես վազվզել ու ցատկոտել։
     Շարժվում էինք շղթա կազմած, իրար ետևից, ժամանակ առ ժամանակ ձայն տալով Հեկտորին։ Սակայն նա չէր հայտնվում։ Հանկարծ Լեվենը, որը քայլում էր առջևից, կանգ առավ և մեզ նշան արեց, որ լսենք։ Իրոք, ինչ-որ տեղից ձայն էր գալիս՝ նման ջրվեժի աղմուկի։ Մենք շարժվեցինք այդ ուղղությամբ, և շուտով թափվող հոսանքի աղմուկը դարձավ պարզորոշ ու բարձր։
     Դա իրոք ջրվեժ էր։ Նայելով ջրվեժին, երեքս էլ ապշել էինք տեսարանի գեղեցկությունից, որով մեզ դիմավորեց Սորորան։ Ժայռոտ զառիվայրից գահավիժում էր մաքուր, մեր լեռնային աղբյուրների նման թափանցիկ գետը, որը բազմամետր կասկադով նետվում էր ժայռիվայր և փշրվում փոքրիկ լճակի վրա ցցված քարերի վրա։ Լճակի մակերեսը այրվում էր ու շողշողում ծիածանի բոլոր գույներով՝ արտացոլելով զենիթին հասած հսկա Բետելհեյզեի լույսը։
     Կոպճակույտային ու ավազային լողափերով լճակը այնքան նման էր բնական լողավազանի, իսկ ջուրն այնքան գայթակղիչ, որ ես ու Լեվենը անմիջապես նույն բանը մտածեցինք։ Եվ իրոք, շոգը ընկավ; Հանելով շորերը, ուզում էինք անմիջապես գլխիվայր սուզվել ջրի մեջ, բայց պրոֆեսոր Անտելը կանխեց։ Հազիվ իջնելով Բետելհեյզեի համակարգի անծանոթ մոլորակի վրա, պետք է գործել մեծ զգուշությամբ։ Իսկ եթե դա ամենևին էլ ջո՞ւր չէր, այլ ինչ-որ անհայտ հեղո՞ւկ, կարող է՝ նույնիսկ թունավոր։ Նա ինքը մոտեցավ ափին, պպզեց, ուշադրությամբ զննեց, հոտ քաշեց և մատը զգույշ իջեցրեց լճակի մեջ։ Հետո կասկածելի հեղուկից մի քիչ առավ ափի մեջ՝ վերջապես մատի ծայրով համտես արեց։
     - Սա, հավանաբար, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ջուր, - քրթմնջաց պրոֆեսոր Անտելը։
     Նա ձեռքը նորից լճակի մեջ մտցնելու համար թեքվեց առաջ, և հանկարծ, ասես քարանալով, նվաղեց։ Այնուհետև շրթներից պոկվեց զարմանքի բացականչություն, և պրոֆեսորը մատնացույց արեց ավազի վրայի հայտնաբերած հետքը։ Ավելի ուժեղ ցնցում ես երևի չեմ ապրել, քան այդ ժամանակ։ Մեր գլխավերևում հսկա, բոսորագույն սկավառակի նման լողում էր Բետելհեյզեն, իսկ մեր առջև, թաց ավազների նեղ շերտի վրա միանգամայն պարզորոշ գծագրված էին մարդկային ոտնահետքեր։

Գլուխ 5

     - Սա կնոջ ոտնահետք է, – համոզված ասաց Արթուր Լեվենը։ Հուզմունքից խեղդվող ձայնով ասված խոսքը ամենևին էլ ինձ չզարմացրեց։ Ավելի շուտ, դա արտահայտում էր իմ անձնական զգացումները։ – Ավազի վրա դրոշմված ոտնահետքերի նրբագեղությունն ինձ խորապես հուզեց։ Որ այդ մարդկային ոտնահետք էր, ոչ մի կասկած չէր հարուցում։ Հնարավոր է, ավազի վրայով անցել է մի պատանի կամ վտիտ կազմվածքով տղամարդ, բայց ավելի հավանականը, որին անմիջապես հավատացի ամբողջ հոգով, այն էր, որ այստեղ կին է եղել։
     - Ահա թե ինչ, ուրեմն Սորորայում մարդիկ են ապրում, – քրթմնջաց պրոֆեսոր Անտելը։ Նրա ձայնի մեջ հուսահատության շեշտ կար։ Պրոֆեսորը սովորականի պես թոթվեց ուսե­րը և մեզ հետ սկսեց ուսումնասիրել լճակի ավազոտ ափը։ Մենք գտանք ևս մի քանի հետք, որոնք թողել էին նույն արարածները։ Շուտով ջրից հեռու, չոր ավազի վրա Լեվենը հայտնաբերեց մի ուրիշ ոտնահետք։ Այն, ի դեպ, խոնավ էր։
     - Նա այստեղ է եղել մոտ հինգ րոպե առաջ, - բացականչեց երիտասարդ ֆիզիկոսը։ - Լողանալիս է եղել, լսելով մեր ձայները, փախել է։
     Որ այստեղ լողացողը միայն ու միայն կին է եղել, մեզ համար անառարկելի փաստ դարձավ։ Շունչներս պահած, սկսեցինք զննել անտառի թավուտը. այնտեղ ոչ մի ճյուղ, ոչ մի տերև չէր շարժվում։
     Ծանոթանալու համար դեռ ժամանակ կունենանք, - նորից ուսերը թոթվելով ասաց պրոֆեսոր Անտելը։ - Իսկ եթե մարդկային արարածը լողացել է այս լճում, ուրեմն մենք էլ կարող ենք թարմանալ՝ չվախենալով ոչնչից։
     Եվ առանց ձևականությունների հարգելի գիտնականը սկսեց հանվել, ցուցադրելով նիհար մարմինը, և անմիջապես մտավ լիճը։ Երկարատև թռիչքից հետո ջուրը այնքան հաճելի ու առույգացնող էր, որ ընկղմվելով նրա մեջ, գրեթե մոռացանք մեր հայտնագործության մասին։ Միայն Արթուր Լեվենն էր մտախոհ։
     Ես արդեն ուզում էի ձեռք առնել նրան, երբ հանկարծ ուղիղ մեր գլխավերևում, ժայռասեպի վրա, որտեղով ջրվեժն էր թափվում, տեսա կանգնած մի կնոջ։
     Երբեք չեմ մոռանա այն տպավորությունը, որ թողեց ինձ վրա Բետելհեյզեի արյունոտ ճառագայթների տակ փայլփլող ջրացայտերի ծիածանի մեջ հայտնված Սորորայի դստեր հեքիաթային գեղեցկությունը։ Կարծես շունչս կտրվում էր։ Նա, անկասկած, կին էր, ավելի շուտ՝ նույնիսկ աղջնակ, եթե ոչ հենց ինքը՝ լեռնային հեղեղատի աստվածուհին։ Նա, բոլորովին մերկ, չէր թաքցրել իր հանդուգն հմայքները հրեշավոր արևից. միակ «հագուստը» նրա բավականին երկար, ուսերին թափված մազերն էին։ Հասկանալի է, մենք երկու երկար ու ձիգ տարիներ կին չէինք տեսել ու չէինք կարող նրան որևէ մեկի հետ համեմատել, բայց և այնպես մեզանից ոչ ոք իրեն միրաժի զոհ չհամարեց։ Մենք անմիջապես հասկացանք, որ Ժայռի վրա, ինչպես արձանը պատվանդանին, քարացած այդ անծանոթուհու կազմվածքը ամենակատարյալն էր, ինչպիսին կարող էին պատկերացնել Երկրի քանդակագործները։ Ես ու Լեվենը հիացմունքից վախենում էինք շունչ քաշել, և նույնիսկ պրոֆեսոր Անտելը, ինչպես ինձ թվում է, հուզվեց։ Մի փոքր կռացած, թևերը թեթևակի ետ տարած ու կրծքով դեպի մեզ ուղղված, նա կանգնած էր ժայռին ջուրը նետվելու պատրաստ լողորդի նման, և թվում է նույնպես զարմացած, ինչպես մենք։ Սկզբում ես այնքան էի շշմել, որ միանգամից չկարողացա լավ զննել, ինձ հիպնոսացրել էր նրա մարմնի ընդհանուր ուրվագիծը։ Միայն մի քանի ակնթարթ անց գլխի ընկա, որ նա սպիտակամորթ է, քանի որ նրա մաշկը ավելի շուտ թվում էր ոսկեզօծ, քան թուխ, որ բավականին բարձրահասակ է, ի միջի այլոց՝ ոչ չափից ավելի, և շատ սլացիկ։ Այնուհետև տեսա նրա մաքուր դեմքը, դեմք, որ հնարավոր էր տեսնել միայն երազում։ Եվ վերջապես ես նրան հանդիպեցի հայացքով։
     Այդ պահին իմ ուշադրությունը լարված էր. ինձ հատուկ դիտողականությունը ծայրաստիճան սրվել էր, և ես ցնցվեցի։ Նրա հայացքում կարդացի ինչ-որ բոլորովին անսովոր բան։ Մենք նախապատրաստվել էինք ամեն ինչի, ձգտելով հասնել այնքան հեռավոր մի աշխարհ, սակայն չէի կարողանում հասկանալ, և ավելի քան որոշել, թե հատկապես ինչումն է այդ տարօրինակությունը։ Ես միայն զգում էի, որ իրականի մեր ընկալումը տրամագծորեն հակադիր է։ Եվ դա կախված չէր նրա աչքերի գույնից, չնայած որ նրանց գորշ գույնը ուներ Երկրի համար բավականաչափ հազվագյուտ երանգ։ Տարօրինակությունը նրանց արտահայտության մեջ էր։ Նրա աչքերը դատարկ էին, նրանց մեջ չկար միտք կամ զգացմունք, և ինձ հիշեցրին մի դժբախտ խելագարի աչքերը, որոնք ինչ-որ ժամանակ տեսել էի։ Բայց ոչ։ Դրանք խելացնորի աչքեր չէին։ Նրանց մեջ ինչ-որ ավելի սարսափելի բան կար, քան գժությունը։
     Երբ նա նկատեց, որ իրեն նայում են, այսինքն՝ այն ակնթարթին, երբ իմ հայացքը հանդիպեց նրա հայացքին, հանկարծ մեքենայորեն շրջվեց, կարծես նրան ինչ-որ բան հարվածեց, դա նման էր վախեցած գազանիկի շարժման։ Դրա մեջ չկար այն կույս աղջկա շարժումը, որի անարատությունը վիրավորված էր։ Եվ ես համոզվեցի, որ համեստության նման զգացումը նրան ընդհանրապես անծանոթ է։ Պարզապես նրա աչքերը չկարողացան կամ չկամեցան հանդիպել իմ հայացքին։ Գլուխը մի կողմ թեքելով, նա հիմա կողքից էր նայում մեզ։
     - Ես ասացի չէ՞, որ դա կին է, - քրթմնջաց Արթուր Լեվենը։
     Նա այդ բառերն արտասանեց հուզմունքից հազիվ լսելի ձայնով, գրեթե շշուկով, բայց և այնպես ժայռի վրա կանգնած աղջիկը լսեց։ Երիտասարդ ֆիզիկոսի ձայնը նրա վրա թողեց անսպասելի տպավորություն. նա ընկրկեց և այնպես արագ, որ նրա շարժումները ինձ հիշեցրին փախուստի պատրաստվող վախեցած կենդանու ռեֆլեքսը։ Սակայն դեպի ետ երկու-երեք քայլ անելով, երբ նրա ամբողջ մարմինը համարյա ծածկվեց ժայռի ետևում, կանգ առավ։ Այժմ ես տեսնում էի նրա ճակատն ու մեզ ուշադիր հետևող մի աչքը։
     Մենք վախենում էինք շարժվել, զգուշանալով, որ մեր առաջին իսկ շարժումից կանհետանա։ Եվ մեր վարքը նրան հանգստացրեց։ Որոշ ժամանակ անց նա նորից հայտնվեց ժայռի եզրին։ Սակայն չափազանց հուզված Լեվենը՝ մեզնից ամենաերիտասարդը, չկարողացավ զսպել իր զգացմունքները։
     - Ես կյանքում ոչինչ նման..., - սկսեց նա և տեղնուտեղը ձայնը կտրեց, հասկանալով իր անզգուշությունը։
     Ջրվեժի թագուհին նորից ետ ոստնեց ու թաքնվեց, վախենալով մարդկային խոսքի հնչյուններից։
     Այն ժամանակ պրոֆեսոր Անտելը մեզ լռելու նշան արեց և սկսեց լճի մեջ չփչփացնել, իբր թե ուշադրություն չի դարձնում ոչ մի բանի։ Մենք հետևեցինք նրա օրինակին, և շուտով մեր տակտիկան հաջողությամբ պսակվեց։ Սակայն այդ հաջողությունը բավականին տարօրինակ էր։
     Ջրվեժի հավերժահարսը ոչ միայն մոտեցավ լճին, այլև սկսեց մեր լողալու և սուզվելու նկատմամբ ցուցաբերել հիացական հետաքրքրություն՝ ավելի գրգռելով մեր ուշադրությունը։
     Դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է շնիկը հետևում ջրում լող տվող տիրոջը։ Նա թեկուզ մեռնելու գնով ուզում է հետևել նրան, բայց վախենում է։ Սկզբում նետվում է առաջ, հետո՝ ետ, դուրս փախչում ջրից, ականջները ցնցում է, պոչը թափահարում։ Հենց այդպես էլ իրեն պահեց ջրվեժի մեր աստվածուհին։
     Եվ հանկարծ մենք լսեցինք նրա ձայնը։ Բայց նրա շուրթերից թռած հնչյունները միայն կրկնապատկեցին մեր այն տպավորությունը, որ դա ինչ-որ գազան է։ Այդ ակնթարթում նա կանգնած էր զառիթափի հենց կատարին և թվում էր, թե պատրաստվում է սուզվել լճի մեջ։ Մի պահ նա դադարեց շնիկի պես այս ու այն կողմ նետվելուց, բերանը բաց արեց։ Ես այդ ժամանակ կանգնած էի մի կողմ և կարող էի աննկատ հետևել նրան։ Կարծում էի, որ նա հիմա ինչ-որ բան կասի, կճչա։ Ես նրա կանչին էի սպասում։ Պատրաստ էի լսել թեկուզ ամենապարզունակ լեզվի բառերը, բայց ոչ այն տարօ­րինակ հնչյունները, որոնք դուրս էին գալիս նրա կոկորդից։ Հատկապես կոկորդից, քանի որ ոչ բերանը, ոչ լեզուն չէին կարող արտաբերել մեր լսած այն ճիչը կամ մլավոցը, որոնք արտահայտում էին ջահել գազանիկի հիացմունքը։ Մեր կենդանաբանական այգիներում նման ձայներ հանում են շատ թռչկոտելուց հոգնած երիտասարդ շիմպանզեները։
     Որքան հնարավոր է ցույց տալով, որ նրա վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակեցինք չփչփացնել լճում և վերջապես նա սիրտ առավ. սկզբում պպզած, ձեռքերով հենվելով քարերին, սկսեց մոտենալ։
     Մեզ զարմացրեց նրա շարժումների նրբագեղությունը։
     Արևից ոսկեգույն դարձած նրա մարմինը, որ զարմանալիորեն սլացիկ էր ու ճկվում էր, կարծես կրկնելով թեքման բոլոր անկյունները, մեզ ջրվեժի բարակ հայելու միջից ծիածանի ու ցողակաթիլների լուսապսակի վրա հեքիաթային էր թվում։ Մեկ ակնթարթում հաղթահարելով գլխապտույտ զառիթափը, բռնելով հազիվ նկատելի ելուստներից, նա հայտնվեց լճի հենց ափին և ոտքերը ծալելով նստեց մի տափակ քարի վրա։
     Մի քանի ակնթարթ նա զննում էր, հետո սուզվեց ջրի մեջ և առանց զգուշանալու լողաց դեպի մեզ։
     Մենք հասկացանք, որ նա ուզում է մեզ հետ խայտալ, և շարունակեցինք լող տալ առաջ ու ետ, խուսափելով այն շարժումներից, որոնք կարող էին նրան վախեցնել։ Դա հատկապես գայթակղեց նրան։ Վերջ ի վերջո խաղն սկսվեց, որի կանոնները, ինքն էլ չգիտակցելով, սահմանեց ջրվեժի այդ հավերժահարսը։ ճշմարիտ ասած, տարօրինակ խաղ էր. դա հիշեցնում էր ավազանում փոկերի խաղին, երբ կենդանիները հետապնդում են իրար և հանկարծ անսպասելիորեն փախչում այն պահին, երբ թվում է ուր որ է իրար կդիպչեն։ Այս ամենն, իհարկե, երեխայական էր, բայց մենք ամեն ինչ անում էինք հրաշագեղ անծանոթուհուն ընտելացնելու համար։ Ես նկատեցի, որ նույնիսկ պրոֆեսոր Անտելը բացահայտ հաճույքով է մասնակցում խաղին։
     Մեր ջրային զվարճությունները շարունակվեցին բավականին երկար, և մենք արդեն սկսեցինք հոգնել։ Այդ ժամանակ հանկարծ ինձ ապշեցրեց անծանոթուհու դեմքի տարօրինակ, ես կասեի նույնիսկ տվյալ իրադրությունում անհեթեթ, արտահայտությունը. այն միանգամայն լուրջ էր։ Աղջիկը հաճույքով լող տվեց մեզ հետ, ակնհայտորեն զվարճացավ իր առաջարկած խաղով, բայց, այնուամենայնիվ, ոչ մի անգամ ժպիտ չերևաց նույնիսկ շուրթերին։ Մի քանի րոպե ինձ ճնշում էր ինչ-որ ծանոթ զգացում, որը սակայն չէի կարողանում բացատրել, և հասկանալով, թեթևացած շունչ քաշեցի, նա չէր ծիծաղում և չէր ժպտում, միայն ժամանակ առ ժամանակ կոկորդից դուրս էին գալիս ցածր վնգվնգոցներ, որով նա արտահայտում էր իր ուրախությունը։
     Ես որոշեցի փորձ անել։ Աղջիկը գալիս էր դեպի ինձ. արագ ձեռքերով ու ոտքերով լողալով, ինչպես լողում են շները, նրա բաց թողած մազերը գիսավոր աստղի պոչի պես փռվել էին թիկունքին։ Երբ մոտեցավ, ես ուղիղ նայեցի նրա աչքերին, և քանի դեռ չէր հասցրել շրջվել, ամենայն քնքշությամբ ու բարեկամաբար ժպտացի։ Արդյունքը ինձ զարմացրեց։ Աղջիկը մի պահ քար կտրեց, դանդաղ բարձրացավ, կանգնեց ջրի մեջ (այդ տեղում ջուրը հազիվ հասնում էր մինչև գոտին) և կարծես պաշտպանվելով, ցուցադրեց իր երկար եղունգներով կեռ մատները։ Այնուհետև ետ դարձավ ու նետվեց դեպի ափ։ Այնտեղ կիսով չափ շրջվեց ու նորից քարացավ, ինչպես այն ժամանակ, ժայռի կատարին, և սկսեց զգուշորեն նայել մեզ, ինչպես վտանգի հոտն առած գազանիկը։ Պետք է որ նա նորից մեր նկատմամբ վստահությամբ լցվեր, քանի որ ես անմիջապես դադարեցի ժպտալ և նորից անմեղ տեսքով սկսեցի լող տալ։ Սակայն մի նոր միջադեպ (նրան ավելի սաստիկ անհանգստացրեց։ Մենք մացառուտների միջից լսեցինք ինչ-որ աղմուկ, իսկ այնուհետև հայտնվեց մեր բարեկամ Հեկտորը։ Ճյուղից ճյուղ թռչկոտելով, նա իջավ ներքև ու կաղեկաղ մոտեցավ լճակին, ուրախանալով, որ վերջ ի վերջո կարողացել է գտնել մեզ։ Ես ցնցվեցի, երբ նկատեցի, որ կապիկին տեսնելով, գեղեցկուհու դեմքն աղավաղվեց կատաղության գիշատիչ ծամածռությամբ ու անասելի վախով։ Նա ամբողջովին կծկվեց, կարծես ձուլվեց քարերին, նրա մկանները լարվեցին, ոտքերը ծալվեցին թռիչքի համար, իսկ մատները կեռացան, կարծես նա բացեց ճանկերը։ Եվ այդ բոլորը փոքրիկ, ծիծաղելի կապիկի պատճառով, որը շտապում էր մեզ զվարճացնել իր ծամածռություններով։
     Այնուհետև ամեն ինչ կատարվեց ակնթարթորեն։ Երբ Հեկտորը, չնկատելով աղջկան, հավասարվեց նրան, վերջինս զսպանակի պես ուղղվեց ու վեր թռավ։ Նրա ձեռքերը օղակեցին շիմպանզեի վիզը, իսկ ոտները մամլակի նման իրենց մեջ առան նրա մարմինը, այնպես որ, կապիկը չկարողացավ նույնիսկ շարժվել։ Հարձակումն այնպես հանկ՚արծակի էր, որ մենք չհասցրինք միջամտել։ Հեկտորը թույլ ցնցվեց ու նվաղեց։ Մի քանի վայրկյան հետո, երբ աղջիկը նրան վայր նետեց, արդեն մեռած էր։ Այդ լուսափայլ արարածը (ռոմանտիկ ուղևորության ժամանակ ես նրան անվանեցի Նովա, քանի որ նրա գեղեցկությունը կարելի էր համեմատել միայն կուրացնող աստղի հետ), այդ հրաշագեղ հավերժահարսը հենց այնպես խեղդեց անմեղ գազանիկին։
     Երբ մենք վերջապես ուշքի եկանք և օգնության հասանք Հեկտորին, արդեն ուշ էր։ Նովան դարձավ վեր կողմը և նորից ձեռքերը մեկնեց առաջ, կարծես պատրաստվում էր բռնել մեզ. վերին շրթունքը բարձրացել էր՝ մերկացնելով ժանիքները։ Նրա տեսքն այնքան վայրագ էր, որ մենք տեղում քարացանք։ Այնուհետև նա մի ճիչ արձակեց, որը կարելի էր համարել հաղթանակի երգ կամ կատաղության աղաղակ, և նետվեց թավուտը։ Մի ակնթարթում նրա ոսկեգույն մարմինը վերջին անգամ փայլատակեց թփերի մեջ, կորավ տեսողությունից, և մենք նորից մնացինք մենակ այդ լուռ, խորհրդավոր անտառում։

Գլուխ 6

     - Վայրենի է, - վերջապես ասացի ես։ - Գուցե՞ պատկանում է ինչ-որ հետամնաց ցեղի, նման այն ցեղերին, ովքեր դեռևս ողջ են մնացել Նոր Գվինեայում կամ Աֆրիկայի անտառներում։ Ի միջի այլոց այս ամենն ասացի ոչ մեծ վստահությամբ։ Եվ Արթուր Լեվենը անմիջապես ինձ հակահարված տվեց՝ այդ ո՞ր անզարգացած ցեղերի մոտ ես տեսել նման կատարյալ ձևեր և ներդաշնակ շարժումներ, - հարցրեց նա համարյա զայրույթով։ Ես չգիտեի ինչ պատասխանեմ, որովհետև նա հազար անգամ ճիշտ էր։ Պրոֆեսոր Անտելը, չնայած խորասուզված էր մտքերի մեջ, լսեց մեր խոսակցությունը։
     - Երկրագնդի վրա ապրող ամենաանզարգացած ցեղերն էլ լեզու ունեն, – նկատեց նա։ – Իսկ այդ... վայրենին խոսել չգիտի։
     Մենք տակնուվրա արինք լճակի շրջակայքը, բայց անծանոթուհու հետքերը չգտանք։ Այն ժամանակ վերադարձանք մեր բացատը, մեր տիեզերական նավակի մոտ։ Պրոֆեսոր Անտելն ուզում էր անմիջապես թռչել, որպեսզի վայրէջք կատարի քիչ թե շատ քաղաքակիրթ շրջանում։ Սակայն Լեվենը առաջարկեց սպասել գոնե քսանչորս ժամ և փորձել կապ հաստատել ջունգլիների բնակիչների հետ։ Ես պաշտպանեցի նրա առաջարկը, և ի վերջո ընդունվեց։ Մենք չէինք համարձակվում խոստովանել, որ մեզ այստեղ պահում է գեղեցկուհի անծանոթուհուն նորից տեսնելու հույսը։
     Օրն անցավ առանց պատահարների։ Հասավ վերջալույսի ժամը, և մենք հիացանք հորիզոնի ետևն անցնող հսկա Բետելհեյզեով. մարդկային երևակայությունն ի վիճակի չէ պատկերացնել ավելի ֆանտաստիկ ու վիթխարի տեսիլ։ Բայց հետո զգացինք, որ մեր շուրջն ինչ-որ բան փոխվեց. ջունգլիները լցվեցին խորհրդավոր ձայներով ու շշուկներով։ Թվում էր, թե անտեսանելի էակները ամենուրեք, թփերի արանքներից հետևում են մեզ։ Ի միջի այլոց, գիշերն հանգիստ անցավ. մենք փակվեցինք նավակում և փոխնեփոխ հերթապահեցինք մինչև առավոտ։ Լուսաբացին մեզ հետապնդելու տհաճ զգացողությունը սաստկացավ. նույնիսկ ինձ թվաց, թե անտառից գալիս են կարճ, սուր ճիչեր, մոտավորապես այնպիսին, որ նախորդ օրը լսեցինք Նովայից։ Կարծում էինք, թե անտառը լիքն է անծանոթ արարածներով, բայց նրանցից ոչ մեկն այդպես էլ չերևաց։
     Ավելի ուշ որոշեցինք մեկ անգամ էլ գնալ ջրվեժի մոտ։ Ամբողջ ճանապարհին չէինք կարողանում ազատվել այն ճնշող զգացումից, թե ինչ-որ արարածներ կրնկակոխ հետևում են մեզ, սակայն միաժամանակ վախենում են երևալ մեր աչքին։ Բայց չէ որ դեռ երեկ Նովան մեզնից չվախեցավ։
     - Գուցե նրան վախեցնում է մեր հագուստը,- հանկարծ խոսեց Արթուր Լեվենը։
     Ես կարծես գլխի ընկա. պարզորոշ հիշեցի, թե ինչպես Նովան, խեղդելով խեղճ կապիկին, ուզեց փախչել և անսպասելիորեն անշարժացավ գետնին գցած մեր շորերի կույտի առաջ։ Հետո նա թափով մի կողմ նետվեց, ինչպես երկչոտ ձի, ու թաքնվեց։
     - Հիմա կտեսնենք, - ասացի ես։
     Եվ մերկանալով, ինչպես նախորդ անգամ, մտանք լիճը և սկսեցինք անփութորեն լողանալ, ցույց տալով, որ ուշադրության չենք դարձնում շրջապատի վրա։
     Փորձված խորամանկությունը տվեց սպասված արդյունքը։ Մի քանի րոպեից ժայռի կատարին նկատեցինք աղջկան, թեև չիմացանք, թե նա ինչպես էր բարձրացել այնտեղ, մանավանդ, որ մենակ չէր. նրա կողքին կանգնած էր մերկ մի տղամարդ, բոլորովին նման Երկրի մարդկանց։ Նա տարիքով էր և դիմագծերը այնքան էին հիշեցնում մեր աստվածուհուն, որ մտածեցի, թե նա աղջկա հայրն է։ Նա մեզ նայում էր ինչպես աղջիկը, վախվորած ու տարակուսանքով։
     Աստիճանաբար տեսանք նաև ուրիշ մարդկանց։ Պարզվեց, որ նրանք շատ են։ Աշխատելով հանգիստ ու անտարբեր երևալ, նկատում էինք, թե ինչպես են դուրս սահում անտառային թավուտից և բոլոր կողմերից մոտենում լճին։ Նրանք բոլորն էլ՝ կանայք ու տղամարդիկ, մարդկային ցեղի հրաշալի նմուշներ էին՝ կանոնավոր կազմվածքով, ոսկեգույն մաշկով։ Շուտով մենք հայտնվեցինք Սորորայի ծայրահեղ գրգռված բնակիչների օղակի մեջ։ Նրանք հուզված շարժումներ էին անում համատարած լռության մեջ, երբեմև-երբեմն ձայներ արձակելով։
     Մենք շրջապատված էինք և սկսեցինք անհանգստանալ, դժբախտ Հեկտորին պատահած միջադեպից ակամա զգուշանում էինք։ Սակայն այդ մարդկանց վարքում ահաբեկող ոչինչ չկար. երևում է նրանց, ինչպես Նովային, ուղղակի հետաքրքրում էին մեր ջրային զվարճությունները։
     Պարզվեց, որ այդպես էր. շուտով Նովան, որին արդեն մեր հին ծանոթն էինք համարում, նետվեց ջուրը, իսկ որոշ տատանումներից հետո նրան հետևեցին և մնացածները։ Երբ արդեն մարդիկ ջրի մեջ էին, մենք վերսկսեցինք մեր երեկվա խաղը, փոկերի նման հետապնդելով միմյանց։ Տարբերությունը միայն այն էր, որ այսօր մեր շուրջը ճողփում էին ու փնչացնում ամենաքիչը երկու տասնյակ անըմբռնելի արարածներ, որոնց լուրջ դեմքերը զարմանալիորեն չէին համապատասխանում նրանց երեխայական վարքագծին։
     Անցավ քառորդ ժամ, և այդ խաղն սկսեց ինձ ձանձրացնել։ Մի՞թե մենք անհատակ տիեզերքի միջով ձգտում էինք Բետելհեյզեին տղայական զվարճանքների համար։ Ինքս ինձնից ամաչեցի և սկսեցի ավելի տխրել, երբ նկատեցի, որ մեր իմաստուն պրոֆեսոր Անտելը այդ մանկական խաղին մասնակցում է ակնհայտ հաճույքով։ Բայց մեզ էլ ի՞նչ էր մնում անելու։ Հազիվ թե որևէ մեկը կարողանա պատկերացնել, թե ինչքան դժվար է հաղորդակցվել այնպիսի արարածների հետ, որոնք չգիտեն ինչ բան է խոսքը, ինչ բան է ժպիտը։ Այնուամենայնիվ, ես փորձում էի։ Սկսեցի շարժուձևեր անել, ձգտելով յուրաքանչյուր շարժման մեջ որոշակի իմաստ դնել։ Բարեկամական ձևով ձեռքերս դրեցի կրծքիս։ Չինացիների նման խոնարհվեցի։ Օդային համբույրներ ուղարկեցի։ Սակայն իմ ամբողջ ջանքերը մնացին անպատասխան։
     Թռիչքի ժամանակ մեկ անգամ չէ, որ քննարկել էինք նոր արարածների հանդիպելու հնարավորության հարցը։ Մենք պատկերացնում էինք ամեն տեսակ հրեշներ, որոնք ամենևին նման չեն մարդկանց, սակայն միշտ ենթադրում էինք, որ այդ հրեշներն անպայման պետք է բանական լինեն։ Սակայն այստեղ՝ Սորորայում, մենք բախվեցինք չկանխատեսվածի հետ։ Ամեն ինչ ստացվեց հակառակը. մեզ հանդիպեցին ֆիզիկապես իսկ և իսկ մեզ նման, սակայն, ամենայն հավանականությամբ, խելքից բոլորովին զուրկ արարածների։ Հենց դրանով էլ բացատրվում է Նովայի դատարկ հայացքը, որն ինձ ապշեցրեց հենց առաջին հանդիպման ժամանակ։ Իսկ հիմա նույն բանը տեսնում եմ նրա ցեղակիցների աչքերում. գիտակցության, մտքի, հոգու լրիվ բացակայություն։
     Նրանց հետաքրքրում էր միայն խաղը, ընդ որում ամենահիմար, պարզունակ խաղը։ Որոշելով խաղը մի փոքր բարդացնել, շատ աննշան, որպեսզի նրանք կարողանան մեզ միանալ, շրջան կազմեցինք և կանգնելով մինչև գոտկատեղը հասնող ջրի մեջ շուրջպար բռնեցինք, միաժամանակ ձեռքերս բարձրացնելով և իջեցնելով, ինչպես անում են փոքր երեխաները։ Սակայն դա ոչ ոքի չգրավեց։ Մարդկանց մեծ մասը լողաց հեռու, իսկ մնացածները աչքերը մեզ վրա սևեռեցին այնպիսի անհուսալի հիմար, անիմաստ հայացքով, որ մենք շշմեցինք։
     Հավանաբար ցնցումը շատ ուժեղ էր, համենայն դեպս քիչ էր մնացել, որ աղետի պատճառ դառնար։ Երբ մենք վերջապես գիտակցեցինք, որ երեք պատկառելի տղամարդ, որոնցից մեկը համաշխարհային անուն ունեցող գիտնական, ձեռք-ձեռքի, երեխաների պես շուրջպար ենք բռնել Բետելհեյզեի ծաղրող աչքի ներքո, մեր նյարդերը չդիմացան։ Այդքան ժամանակ շարունակում էինք պահպանել լրջությունը, այդ քառորդ ժամը այնքան լարված էինք, որ այդ ամենին հաջորդեց լիցքաթափումը։ Մենք սկսեցինք ծիծաղել խելագարների պես, փորներս բռնած, ծիծաղից կծկվել-խեղդվում էինք և ոչ մի կերպ չէինք կարողանում հանգստանալ։
     Եվ միայն մեր հիմար զվարճության այս ակամա պայթյունը վերջապես Սորորայի մարդկանց մեջ առաջացրեց պատասխան ռեակցիան. սակայն ամենևին էլ ոչ այն, ինչի սպասում էինք։ Կարծես լճի վրա փոթորիկ բարձրացավ։ Մարդիկ մեզնից հեռու ցատկեցին այնպիսի խուճապով, որ այլ պայմաններում կթվար ծիծաղելի ու անհեթեթ։ Մի քանի ակնթարթից հետո միայն մենք, ջրի մեջ մնացինք։ Վախից ու կատաղությունից դողալով, Սորորայի մարդիկ հավաքվեցին լճի հեռավոր ափին. ոմանք ահաբեկված ճչում էին, մյուսները, սպառնալով՝ թափահարում ձեռքերը։ Նրանց դեմքերին այնքան չարություն կար, որ ես ու Լեվենը վախեցանք և սկսեցինք մոտենալ զենքերին։ Միայն իմաստուն Անտելը պահպանեց սառնասրտությունը և շշուկով համոզեց մեզ՝ ոչ միայն չկրակել, այլև զենք չվերցնել այնքան Ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ մեզնից հեռու են։
     Աչքներս չկտրելով նրանցից, մենք սկսեցինք շտապ-շտապ հագնվել։ Դեռ չէինք հասցրել անդրավարտիքներս քաշել վեր, երբ այդ վայրենիների հուզմունքը համարյա վերածվեց հիստերիայի։ Այնպես ստացվեց, որ հագնված մարդկանց տեսարանը նրանց համար անտանելի էր։ Նրանցից ոմանք դիմեցին փախուստի, մնացածները ուղղվեցին դեպի մեզ՝ առաջ պարզելով ահաբեկող կեռ մատներով ձեռքերը։ Ես վերցրեցի կարաբինը։ Եվ որքան էլ զարմանալի է, այդ հիմար արարածները, ինչպես երևում է, հասկացան իմ շարժմունքի իմաստը. նրանք սկսեցին փախչել և մի ակնթարթում անհետացան ծառերի արանքում։
     Մենք շտապեցինք վերադառնալ մեր տիեզերական նավակի մոտ։ Ետդարձի ճանապարհին ինձ ոչ մի րոպե չանհանգստացրեց այն տհաճ զգացումը, թե հետապնդում են. Սորորայի մարդիկ անտեսանելիորեն ու անձայն կրնկակոխ քայլում էին մեր ետևից։

Գլուխ 7

     Հարձակումն այնքան անսպասելի էր, որ պաշտպանության մասին ոչինչ հնարավոր չէր մտածել։ Մենք արդեն մոտենում էինք բացատին, երբ Սորորայի մարդիկ գայլի ոհմակի պես դուրս թռան թավուտից և հարձակվեցին մեզ վրա ավելի շուտ, քան կհասցնեինք հանել մեր զենքերը։
     Այդ հարձակումը հետաքրքիր էր նրանով, որ այն, ըստ էության, ուղղված չէր մեր դեմ։ Ես այդ անմիջապես հասկացա, և իմ կանխազգումը տեղնուտեղը հաստատվեց։ Ես զգում էի, որ մեզնից ոչ մեկին չի սպասում Հեկտորի տխուր ճակատագիրը։ Այդ մարդիկ հարձակվել էին ոչ թե մեր, այլ մեր հագուստի ու հանդերձանքի վրա։ Մի ակնթարթում մեզ սեղմեցին գետնին։ Տասնյակ ձեռքեր տենդագին այս ու այն կողմ ցաք ու ցրիվ արին զենքերը, փամփուշտները, ուսապարկերի պարունակությունը, մեր վրայից պոկեցին անդրավարտիքները, վերնաշապիկները և տեղնուտեղը պատառոտեցին։ Գիտակցելով, որ դիմադրելը գրգռում է նրանց կատաղությունը, ես այլևս չհակառակվեցի և պրծա մի քանի պատահական ճանկռվածքներով։ Անտելը և Լեվենը հետևեցին իմ օրինակին, և ոչ ոք չվիրավորվեց։ Շուտով մենք մնացինք մորե մերկ նույնպիսի մերկ տղամարդկանց ու կանանց ամբոխի մեջ։ Անմիջապես հանգստանալով, նրանք սկսեցին ուրախ վազվզել մեր շուրջը, բայց մեզ թույլ չտվեցին ոչ մի քայլ հեռանալ։ Փախչել հնարավոր չէր։
     Անտառի բացատում հավաքվեցին հարյուրից ավելի այդպիսի տարօրինակ մարդիկ։ Մի մասը շրջապատեց մեզ, մյուսը ուղղվեց դեպի տիեզերական նավակը և սկսեցին ավերել այն­պիսի կատաղությամբ, ինչպիսի կատաղությամբ պատառոտեցին մեր զգեստը։ Ես հուսահատված նայում էի, թե ինչպես են նրանք խեղում անգին սարքավորումը և միաժամանակ միտքս շարունակում էր աշխատել և կարծես որսացի գլխավորը. այդ մարդկանց կատաղեցնում էին առարկաները։ Արհեստական ամեն ինչ նրանց մեջ մոլեգին չարություն և միաժամանակ վախ էր առաջացնում։ Հենց որ նրանց ձեռքն էր ընկնում ինչ-որ գործիք, ջախջախում էին, ճզմում կամ կոտրում և անմիջապես նետում հեռու, կարծես շիկացած այրող մետաղ էր, իսկ եթե կրկին ճանկում էին, ուրեմն միայն վերջնականապես ոչնչացնելու համար։ Նրանք ինձ հիշեցնում էին օձերի վրա հարձակվող մանգուստների կամ առնետների հետ մարտնչող կատուների. մեծ առնետը, նույնիսկ կիսամեռ, դեռ կարող է վտանգավոր լինել։ Ես ուշադրություն դարձրի մի հետաքրքիր փաստի. նրանք մեզ հետ հաշիվ տեսան միայն ձեռքերով, չօգտագործելով ոչ մի զենք, նույնիսկ փայտ։
     Անզոր հուսահատությամբ դիտում էինք, թե ինչպես Սորորայի մարդիկ կողոպտում են մեր նավակը։ Դուռը շատ արագ տեղի տվեց նրանց բուռն գրոհի առաջ։ Նրանք նետվեցին ներս և քարուքանդ արեցին, կոտրեցին այն ամենը, ինչ ենթակա էր քանդման ու ջարդման, հատկապես օդային նավագնացության արժեքավոր սարքերը, որոնց կտորտանքները սփռվեցին բացատով մեկ։ Այդ ավերածությունը տևեց բավականին երկար։ Վերջապես, երբ նավակից մնաց միայն մետաղյա իրանը, հելուզակները հանգստացան և վերադարձան մեզ մոտ։
     Վայրենիները, հրելով և քաշելով ձեռքերից, մեզ մտցրին անտառի թավուտը։ Մեր դրությունը գնալով դառնում էր ավելի ու ավելի հուսահատական։ Թալանված, մերկ, զենքից զրկված, ստիպված էինք համարյա թե վազել ամբողջ երամի հետ, քանի որ հնարավորություն չունեինք մի քանի բառ փոխանակել, ոչ էլ բողոքել: Խոսելու բոլոր փորձերը առաջացնում էին այնպիսի ահաբեկող ռեակցիա, որ մեզ մնում էր բերաններս ամուր փակել: Բայց չէ որ մեզ շրջապատում էին մարդիկ, այնպիսին, ինչպիսին մենք ենք: Հագցրու նրանց, մազերը սանրիր և մեզ մոտ՝ Երկրի վրա, ոչ ոք ուշադրություն չի դարձնի նրանց: Ճիշտ է, բոլոր կանայք գեղեցիկ էին, սակայն Նովայի շողշողուն գեղեցկության հետ նրանք չէին կարող համեմատվել:
     Նովան կրնկակոխ հետապնդում էր մեզ: Ամեն անգամ, երբ սկսում էին մեզ կոպիտ ու անքաղաքավարի առաջ քշել, շրջվում էի դեպի նա, նրա դեմքին խղճմտանք որսալու հույսով, և թվում է, հաջողվեց: Կարծես թե ես նրա վրա գործեցի ցանկալի ազդեցությունը: Հենց որ իմ աչքերը հանդիպում էին նրա աչքերին, անմիջապես հեռացնում էր հայացքը, բայց դեմքը, բացի անկեղծ տարակուսանքից, ոչինչ չէր արտահայտում:
     Մեր մկրտության ճանապարհը երկար չտևեց: Ես արդեն հոգնածությունից ընկնում էի, ոտքերիցս արյուն էր հոսում, ամբողջ մարմինս ճանկռոտվել էր ծակծկող ճյուղերից, որոնց միջով Սորորայի մարդիկ սողում էին օձերի նման, առանց վնաս պատճառելու իրենց: Իմ ընկերներն էլ բարվոք վիճակում չէին: Պրոֆեսոր Անտելն արդեն, ամեն քայլափոխի սայթաքում էր ու երերում, մինչև հասանք այդ խելահեղ ճանապարհորդության նպատակին: Անտառը նոսրացավ, մացառուտներին փոխարինեցին ոչ բարձր խոտ ունեցող բացատները: Այստեղ մեր սիրելի ուղեկցողները բաց թողեցին մեզ, և ասես մոռանալով մեր գոյությունը, նորից ծառերի արանքներով սկսեցին հետապնդել իրար. երևում է, այդ նրանց կյանքում միակ զբաղմունքն էր: Ինչ վերաբերում է մեզ, երեքով հոգնածությունից փլվեցինք խոտի վրա, շունչ առնելու և սկսեցինք շշուկով խորհրդակցել:
     Լեվենը և ես անելանելի հուսահատության մեջ էինք. մեզ քաջալերելու համար մեր խնամակալը օգտագործում էր իր ամբողջ փիլիսոփայական իմաստությունը: Արդեն մթնում էր: Մենք, իհարկե, կարող էինք օգտվել վայրենիների անհոգությունից և փախչել. բայց ո՞ւր: Եթե նույնիսկ մեզ հաջողվեր գտնել ետդարձի ճամփան և հասնել մեր տիեզերանավակին, միևնույն է, դա մեզ ոչինչ չէր տա։ Ավելի խելամիտը մնալն էր և աշխատելը՝ գթաշարժել այդ անըմբռնելի մարդկանց։ Մեզ սկսեց տանջել նաև սովը։
     Վեր կացանք և անվճռականորեն, դանդաղ ոտներս քարշ տալով, ման եկանք անտառում։ Մարդիկ շարունակում էին խելահեղ զվարճանալ, ոչ մի ուշադրություն չդարձնելով մեզ վրա։ Միայն Նովան, ինչպես երևում է, մեզ չէր մոռացել։ Նա որոշակի հեռավորությունից հետևում էր մեզ, ամեն անգամ շրջելով գլուխը, երբ նայում էինք իրեն։ Մի փոքր թափառելով անտառում, պարզեցինք, որ գտնվում ենք յուրատեսակ իջևանատեղում, միայն հյուղակի փոխարեն անմիջապես հողի կամ ծառերի ցածի ճյուղերի վրա պարզունակ բներ էին կառուցված, նման այն բներին, որ պատրաստում են մեծ կապիկները Աֆրիկայի անտառներում։ Մի քանի բներ զբաղված էին։ Տղամարդիկ ու կանայք ննջում էին բներում միայնակ կամ զույգերով կիպ կպած միմյանց կամ գալարված, ինչպես շները ցուրտ եղանակին։ Ավելի մեծ բներում տեղավորվել էին ամբողջ ընտանիքներ։ Մենք նկատեցինք այնտեղ քնած երե­խաներ, որոնք ինձ զարմանալի ուժեղ և գեղեցիկ թվացին։
     Սակայն այս ամենը ոչ մի կերպ չէր լուծում սնվելու պրոբլեմը։ Ճիշտ է, ծառերից մեկի տակ նկատեցինք մի ընտա­նիք, որը նստել էր ճաշկերույթի, սակայն նրանց կերը չէր կարող մեզ գայթակղել։ Ատամներով ու եղունգներով, առանց որևէ գործիքի օգնության, նրանք ծվիկ-ծվիկ էին անում ինչ-որ խոշոր, եղջերուի նման կենդանու մսեղիքը։ Պոկելով արնոտ կտորները, Սորորայի մարդիկ ուղիղ տանում էին բերանները, դուրս թքելով մորթու կտորները։ Մի խոսքով, ամբողջ բացատում մենք չգտանք ոչ մի օջախ։
     Կերուխումի այդ տեսարանը սրտխառնություն առաջացրեց։ Պարզվեց նաև, որ ոչ ոք էլ չի պատրաստվում մեզ հյուրասիրել։ Ընդհակառակը, երբ մի քանի քայլ մոտեցել էինք կերուխումի նստած ընտանիքին, ահաբեկող գռմռոցները ստիպեցին մեզ ետ քաշվել։
     Բայց այստեղ մեզ օգնեց Նովան։ Գուցե նա, վերջ ի վերջո, հասկացավ, որ մենք քաղցած ենք, բայց ես դրանում համոզված չեմ։ Կարո՞ղ էր արդյոք նա ինչ-որ բան հասկանալ։ Չգիտեմ։ Ավելի շուտ, ուղղակի ինքն էլ էր ուտել ուզում։ Համենայն դեպս, Նովան մոտեցավ մի բարձր ծառի, ձեռքերով ու ոտքերով գրկեց բունը և, արագ ձգվելով, հասավ մինչև ցածի ճյուղին։ Նա անհետացավ տերևների մեջ, և շուտով այնտեղից կարկուտի պես թափվեցին բանանի նմանվող պտուղներ։ Այնուհետև Նովան իջավ ցած և սկսեց ագահորեն ուտել այդ բանանները, ծուռ-ծուռ նայելով մեզ։ Ոչ երկար տատանումներից հետո մենք համարձակվեցինք հետևել նրա օրինակին։ Պտուղները բավականին համեղ էին, և մեզ հաջողվեց հագեցնել մեր քաղցը։ Նովան նայում էր մեզ առանց ըմբոստանալու։ Ջուր խմեցինք առվակից և որոշեցինք այստեղ էլ գիշերել։
     Յուրաքանչյուրն իր համար տեղ ընտրեց, ուր հնարավոր էր սարքել այնպիսի բուն, ինչպիսին Սորորայի մարդկանց բներն էին։ Նովան այնքան էր հետաքրքրվում մեր աշխատանքով, որ մոտեցավ ինձ և օգնեց կոտրել հատկապես համառ մի ճյուղ։ Ես դրանից շատ զգացվեցի, իսկ ջահել Լեվենը, ինչպես երևում է, ջղայնացավ, որովհետև պառկեց գետնին և մեջքով շրջվեց դեպի մեզ։ Ինչ վերաբերում է պրոֆեսոր Անտելին, նա հոգնածությունից ջարդված վաղուց քնել էր։
     Ես դանդաղ էի աշխատում, ձգտելով ավելի լավ սարքել իմ անկողինը։ Նովան շարունակում էր կողքից նայել ինձ։ Երբ վերջապես ես էլ պառկեցի իմ բնում, նա սկզբում տատանվեց, բայց հետո մոտեցավ ինձ անվստահ, մանր քայլերով։ Քարացա տեղում, վախենալով նրան ահաբեկել։ Եվ նա պառկեց իմ կողքին։ Ես պառկել էի անշարժ։ Վերջ ի վերջո նա վստահորեն սեղմվեց ինձ, և հիմա մենք ոչնչով չէինք տարբերվում այդ տարօրինակ ցեղի զույգերից։ Բայց չնայած Նովայի բոլոր հմայքներին, ես չէի կարողանում նայել նրան որպես կնոջ։ Նա ինքն էլ իրեն պահում էր որպես խելոք ընտանի կենդանի, որն ուզում է տաքանալ տիրոջ կողքին։ Ինձ էլ հաճելի էր նրա մարմնի տաքությունը, սակայն իմ մեջ ոչ մի ցանկություն նա չարթնացրեց։ Վերջապես ես այդպես էլ քնեցի նույն անհարմար վիճակում՝ սեղմված այդ ապշեցուցիչ գեղեցիկ ու անհավատալի հիմար արարածին։ Այնքան հոգնած էի, որ հազիվ կարողացա մի հայացք գցել ծառերի արանքից նայող Սորորայի գիշերային արբանյակին, որը մեր լուսնից քիչ էր մեծ, բայց ամբողջ ջունգլին ողողում էր բավականին պայծառ դեղնավուն լույսով։

Գլուխ 8

     Արթնացա այն ժամանակ, երբ ճյուղերի արանքով երևացող երկինքը սպիտակել էր։ Նովան դեռ քնած էր։ Ես անձայն հիանում էի նրանով, բայց երբ հիշեցի, թե ինչքան դաժան վարվեց մեր խեղճ կապիկի հետ, միայն հոգոց հանեցի։ Դա քիչ էր, մեր ամբողջ դժբախտությունները սկսվեցին հենց այս գեղեցկուհու պատճառով։ Չէ որ մեր մասին նա էր հայտնել իր ցեղակիցներին։ Սակայն, գերված Նովայի մարմնի ներդաշնակ գեղեցկությամբ, չէի կարողանում չարանալ նրա վրա։
     Հանկարծ Նովան շարժվեց ու բարձրացրեց գլուխը։ Աչքերում առկայծում էր սարսափը, ես զգացի, ինչպես նրա ամբողջ մկանները լարվեցին։ Բայց իմ անշարժությունը հանգստացրեց Նովային, և աստիճանաբար դեմքը մեղմացավ։ Ինչպես երևամ է, նա ինչ-որ բան հիշում էր։ Եվ առաջին անգամ նրան հաջողվեց ակնթարթում բռնել իմ հայացքը։ Ես այդ գնահատեցի որպես անձնական հաղթանակ և, բոլորովին մոռանալով, թե ինչպիսի տպավորություն են գործում երկրային բարեկամական արտահայտությունները Սորորայի մարդկանց վրա, ժպտացի Նովային։
     Բարեբախտաբար այս անգամ նրա ռեակցիան այնքան էլ բուռն չէր։ Աղջիկը ցնցվեց և ամբողջությամբ լարվեց, կարծես պատրաստվում էր թռիչքի, սակայն մնաց անշարժ։ Հաջողությունից սրտապնդվելով, ես ավելի լայն ժպտացի։ Նա նորից ցնցվեց, բայց հետո հանգստացավ և վերջում նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում, բացի անսահման զարմանքից։ Մի՞թե ինձ հաջողվեց ընտելացնել։ Գոտեպնդվելով, ձեռքս դրի ուսին։ Դող անցավ նրա մարմնով, բայց առաջվա նման տեղից չշարժվեց։ Հաջողությունը արբեցրեց ինձ, սակայն ես հիացած էի նրանով, որ Նովան փորձում էր ինձ ընդօրինակել։
     Այո, դա հենց այդպես էր։ Նա աշխատում էր ժպտալ։ Իսկ թե դա նրան որքան դժվար էր հաջողվում, ես կռահեցի, տեսնելով հրաշագեղ դեմքի ջղաձգորեն կծկվող մկանները։ Նա մի քանի անգամ փորձ արեց, բայց միայն ցավային ծամածռությունների նման մի բան ստացվեց։ Նրա տանջալից ջանքերը վերարտադրելու այդքան պարզ, սակայն նրա համար անմատչելի մարդկային արտահայտությունը, խորապես հուզիչ էին: Հանկարծ ես զգացի, թե ինչպես հոգիս տակնուվրա եղավ և խղճահարության ալիքը ողողեց ինձ. իմ դիմաց կանգնած էր ﬕ գեղեցիկ, բայց ոչ լիարժեք հաշմանդամ երեխա: Ես քնքշաբար շոյեցի ուսը, թեթևակի խոնարհվեցի դեպի նա, թեթև հպվեցի շուրթերին... Որպես պատասխան նա քիթը քսեց իմ քթին և լիզեց իմ այտը:
     Լրիվ գլուխս կորցրած, չգիտեի հետո ինչ անել: Համենայն դեպս կրկնեցի նրա արածը, չնայած, որ հմտորեն չստացվեց: Վերջին հաշվով մենք եկվորներ էինք, օտարներ, ուրեմն ստիպված էինք ընդօրինակել Բետելհեյզե մեծ աստղային համակարգի սովորույթները: Պարզվեց, որ Նովան բավարարված էր, բայց մեր մտերմությունը դրանից հեռու չգնաց: Վախենալով, որ երկրային իմ շարժումները հանկարծ կարող են հասցնել աններելի վրիպման, տանջալից մտածում էի, թե ուրիշ էլ ինչ անեմ, երբ զարհուրելի դղրդյունն ու դժժոցը ստիպեցին ﬔզ վայրկենաբար վեր թռնել։
     Շփոթված կանգնած էինք արևածագի Ճառագայթների մեջ, իմ երկու ընկերների կողքին, որոնց, վերջին եսասերի նման, հազիվ էի հիշել: Նովան գժվածի նման նետվում էր այս ու այն կողմ: Ի ﬕջի այլոց, ես անﬕջապես զգացի, որ այդ դղրդյունը ահավոր անակնկալ էր ոչ ﬕայն մեր, այլև անտառի բոլոր բնակիչների համար: Մարդիկ դուրս նետվեցին իրենց բներից և անկանոն, խառը խմբերով սկսեցին ետ ու առաջ վազել բացատում: Սա արդեն խաղ չէր, ինչպես նախորդ օրը. նրանց ճչոցների մեջ անսահման սարսափ կար:
     Ջունգլիների անդորրը տակնուվրա անող այդ թնդյունից արյունը սառեց երակներումս: Ես զգում էի, որ անտառի մարդիկ շատ լավ ըմբռնում են դրա նշանակությունը և որ նրանց ահաբեկում է ոչ այդ դղրդյունը, այլ մոտեցող ինչ-որ որոշակի վտանգ։ Աղմուկը ﬔծացավ: Դա ﬕ ահավոր աններդաշնակություն էր, որին խառնվեցին թմբուկների խուլ որոտը, մետաղյա ամանին խփելուց առաջացած ձայնի նման կտրուկ շաչյուն ու զնգոց, ճղճղոցներ։ Մեզ ամենից շատ զարմացրին այդ ճվճվոցները, որովհետև չնայած մենք ոչ մի բառ չէինք հասկանում անծանոթ լեզվից, բայց այդ ձայները, անկասկած, մարդկային էին։
     Մայր մտնող Բետելհեյզեն լուսավորում էր այդ անհեթեթ ու ահավոր բեմահարթակը, անտառի բացատում, բոլոր ուղղություններով վազվզում էին տղամարդիկ, կանայք, երեխաները, բախվում էին միմյանց, ընկնում էին և նորից վեր թռչում, ոմանք մագլցում էին ծառերը, փորձելով թաքնվել։ Ավելին, շուտով մի քանի, համեմատաբար տարեց տղամարդիկ, տիրապետելով իրենց, կանգ առան և սկսեցին ունկնդրել։ Աղմուկը դանդաղ մոտենում էր. լսվում էր այն կողմից, որտեղ անտառը ավելի խիտ էր, և թվում էր, թե տարբեր տեղերից հնչող այդ ձայնը տարածվում է լայն ձգված մի շղթայից։ Այդ ամենը մեծ շուրջկալ էր հիշեցնում, երբ որսահալածները աշխատում են աղմուկով փախցնել վայրի կենդանիներին ու թռչուններին։
     Ինչպես երևում է, ցեղի ավագները ինչ-որ որոշում կայացրին։ Արձակելով ընդհատվող վնգվնգոց, որն, անկասկած, նշանակում էր որոշակի ազդանշան կամ հրաման, նրանք հավաքվեցին մի կողմ՝ մոտեցող դղրդյունին դեմհանդիման։ Նրանց հետևեցին մյուսները, և մենք տեսանք, թե ինչպես ամբողջ ցեղը վախեցած եղնիկների հոտի նման խուժում էր թփերի մեջ։ Նովան նետվեց դեպի մեզ, ավելի ճիշտ, ինչպես ինձ թվաց, դեպի ինձ։ Աղիողորմ հառաչանք էր դուրս գալիս նրա բերանից, հառաչանք, որ նման էր հուսահատ կանչի։ Հետո նա թռավ դեպի թավուտը և անհետացավ։
     Աղմուկը գնալով սաստկանում էր, ես լսեցի երկարաճիտ ծանր կոշիկների տակ կոտրտվող չոր փայտերի ճրթճրթոցը։ Խոստովանում եմ, ես նույնպես գլուխս կորցրի։ Իհարկե, ողջամիտ կլիներ մնալ տեղում և հանդիպել Սորորայի նոր բնակիչներին, որոնք կանչում էին իրար մարդկային ձայներով, ամեն մի վայրկյան այն դառնում էր ավելի ակնհայտ։ Մեզ բաժին ընկած բոլոր փորձություններից հետո այդ դղրդյունն ու բացականչությունները ազդում էին նյարդերիս վրա։ Նովայի և նրա ցեղակիցների խուճապային վախը համակեց նաև ինձ։ Ես չէի կարողանում ոչ մտածել, ոչ դատել, նույնիսկ չխորհրդակցեցի ընկերներիս հետ, այլ պարզապես նետվեցի դեպի թփուտները և սլացա մանկամարդ գեղեցկուհու հետքով։
     Այսպես ես վազեցի մի քանի հարյուր մետր, բայց աղջկան չհասա։ Նկատեցի, որ միայն Արթուր Լեվենն է հետևում ինձ. երևում է, պրոֆեսոր Անտելի համար, այդ հասակում, նման վազքը ուժից վեր է։ Երիտասարդ ֆիզիկոսը շնչահեղձ լինելով հավասարվեց ինձ։ Մենք ամոթից կարմրելով նայեցինք իրար։ Ես արդեն ուզում էի առաջարկել Լեվենին ետ վերադառնալ կամ ծայրահեղ դեպքում սպասել մեր շեֆին, երբ հանկարծ բոլորովին այլ ձայներ ստիպեցին մեզ տառացիորեն վեր թռչել տեղից։
     Հիմա ես չէի կարող սխալվել։ Ջունգլիներում դղրդում էին կրակոցները, մեկ, երկու, հետո՝ էլի ու էլի, անհավասարաչափ ընդմիջումներով, երբեմն մեկ, երբեմն զույգ կրակոցներ, որոնք հիշեցնում էին մեր որսորդների երկփողանիները։ Կրակում էին առջևում, այնտեղ, ուր սլացել էին փախստականները։ Մինչ մենք մտորում էինք, հալածողների շղթան ընդհուպ մոտեցավ մեզ, և նորից խուճապի մեջ ընկանք։ Չգիտեմ ինչու կրակոցներն ինձ թվում էին ոչ այնքան վտանգավոր, համենայն դեպս շատ ավելի ծանոթ և ոչ սարսափելի, ինչպիսին այն դժոխային համերգը։ Առանց մտածելու ես նորից դիմեցի փախուստի, խուսափելով բաց տարածություններից և աշխատելով շարժվել որքան հնարավոր է անձայն։ Արթուր Լեվենը հետևում էր ինձ։
     Այդպես վազեցինք մինչև այնտեղ, որտեղից լսվում էին կրակոցները։ Ես կանգ առա, ապա սկսեցի առաջ անցնել շատ ավելի զգույշ, գրեթե չորեքթաթ։ Ընկերս ետ չէր մնում։ Մենք մագլցեցինք ոչ բարձր մի թումբ և պառկեցինք համարյա գագաթին՝ մի քիչ շունչ առնելու համար։ Առջևում մի քանի ծառեր և թփուտներ կային։
     Վերջին մետրերը ես հաղթահարեցի սողալով, դիտեցի թփուտների միջից և... ի վիճակի չլինելով շարժվել, շշմած քարացա։ Տեսարանը, որ բացվեց իմ առջև, չափազանց անհավանական էր, անմատչելի մարդկային խղճուկ բանականությանը։

Գլուխ 9

     Այն, ինչ տեսա, վեր էր տարօրինակ ու նույնիսկ սարսափելի լինելուց։ Բայց սկզբում իմ ուշադրությունը գրավեց մի էակ, որ անշարժ կանգնած էր մեզնից երեսուն քայլ հեռավորության վրա և նայում էր մեր կողմը։
     Զարմանքից քիչ էր մնում ճչայի։ Այո, այո, չնայելով խուճապին, չնայելով մեր վիճակի ողբերգությանը, չէ որ մենք հայտնվել էինք որսահալածների և կրակոցների միջև, անսահման զարմանքը իմ մեջ ճնշեց մնացած զգացմունքները, երբ ես տեսա այդ արարածին. դա կապիկ էր, հսկա հասակով մի գորիլա։ Իզուր էի ինքս ինձ համոզում, թե խելքս թռցրել եմ. ես չէի կարող սխալվել։ Բայց և այնպես կապիկներ տեսնելը, նույնիսկ Սորորայում, ինքնին ոչ մի անհավանական բան չէր։ Ինձ ավելի շատ զարմացրեց, որ այդ գորիլան վայելուչ հագնված էր, իսկական մարդու նման, իսկ որ, գլխավորն է, իրեն այդ հագուստի մեջ ակնհայտորեն ազատ ու բնական էր զգում։ Հենց այդ բնականությունն էլ շշմեցնող տպավորություն գործեց ինձ վրա։ Առաջին իսկ հայացքից հասկացա, որ կապիկին հատուկ ինչ-որ մեկը չէր հագցրել։ Հագուստը սովորական էր նրա համար, ճիշտ այնպես, ինչպես մերկությունը Նովայի և նրա ցեղակիցների համար։
     Գորիլան այնպիսի կոստյում էր հագել, ինչպիսին մեծ շուրջկալների ժամանակ հագնում են մեր որսորդները, շուրջկալ, որ երկրում կազմակերպվում է դեսպանների և այլ կարևոր պաշտոնյաների համար՝ որսորդական սեզոնի բացման առթիվ։ Նրա սրճագույն պիջակը կարծես կարված էր Փարիզի լավագույն ատելիեում, պիջակի տակից երևում էր մեծ զոլավոր վերնաշապիկը, որ սովորաբար ունենում են մարզիկները։ Ներքևի մասում թեթևակի լայնացող անդրավարտիքի փողքերը դրված էին զանկապանների մեջ։ Բայց դրանով նմանությունն ավարտվում էր. կոշիկների փոխարեն գորիլան հանգել էր մի զույգ հաստ, սև ձեռնոցներ։
     Ես տեսա, դա հենց գորիլա էր։ Վերնաշապկի օձիքից դուրս էր ցցվել սև բրդով պատած, սրածայր գանգով, տափակ քթով և կապկային հսկա ծնոտներով անճոռնի գլուխը։ Գորիլան կանգնած էր թեթևակի թեքված առաջ, որսին դարանակալած որսորդին բնորոշ դիրքով և նրա երկար ձեռքերը սեղմել էին հրացանը։ Նա թաքնված էր ուղիղ իմ դիմաց, անտառի լայն կածանի մյուս կողմում, այդ կածանով էլ մոտենում էր հալածողների շղթան։
     Հանկարծ գորիլան զգաստացավ, ուշադրությունը լարեց։ Ես նույնպես թփուտների մեջ, մի փոքր ինձնից աջ, թեթևակի խշշոց լսեցի։ Գորիլան գլուխը ետ դարձրեց՝ միաժամանակ բարձրացնելով հրացանը, որպեսզի անմիջապես նշան բռնի։ Ես նկատեցի, թե ինչպես բլրի գագաթին շարժվեցին թփերը, որոնց մեջ թաքնված էր փախստականներից մեկը։ Ես ցանկացա բղավել, զգուշացնել նրան, քանի որ կապիկի մտադրությունը պարզ էր։ Բայց չէի կարող, և բացի դրանից չհասցրի էլ. մարդը եղնիկի արագությամբ նետվեց բացատը։ Գնդակը հասավ նրան կածանի մեջտեղում։ Մարդը վեր ցատկեց, ընկավ, կծկվեց ջղաձգորեն և շունչը փչեց։
     Սակայն ես անմիջապես չնայեցի սպանվածին, իմ ուշադրությունը կլանված էր գորիլայով։ Ես լարված հետևում էի նրան այն պահից, երբ լսեցի խշշոցը և ապշած էի նրա դիմախաղերի հարստությամբ. սկզբում գորիլայի մռութը արտահայտում էր թռչունի և դարանակալած որսորդի լարված սպասողականություն, այնուհետև՝ հաջող կրակոցից, դաժան ուրախություն, և ամեազարմանալին այն էր, որ իր զգացմունքները նա արտահայտում էր ճիշտ մարդու նման։ Դա ամենից շատ ցնցեց ինձ։ Այլանդակ գորիլայի աչքերում արտացոլվում էր խելքը, որը լրիվ բացակայում էր Սորորայի մարդկանց մոտ։
     Ի միջի այլոց, ինձ սպառնացող վտանգի զգացումին արագորեն փոխարինեց զարմանքը։ Կրակոցը ստիպեց ինձ նորից նայել զոհին, և ես ականատես եղա նրա սարսափելի հոգեվարքին։ Այնուհետև զարհուրանքով նկատեցի, որ ամբողջ կածանը ծածկված է մարդկային մարմիններով։ Կատարվածի մասին իմ վերջին պատրանքները ցրվեցին։ Առաջին գորիլայից հարյուր քայլ հեռավորության վրա տեսա երկրորդին՝ հագնված ճիշտ նրա նման։ Անկասկած, դա շուրջկալ էր, ֆանտաստիկական շուրջկալ, որտեղ որսորդները կապիկներն էին, իսկ որսը՝ մարդիկ, որոնք ամեն ինչով նման են մեզ, տղամարդիկ և կանայք, որոնց գնդակոծված, ջղաձգված մերկ մարմինները, ամենավայրենի դիրքով փայտացած, թափված էին արնոտ հողի վրա։ Եվ ես, ավաղ, այդ շուրջկալի մեջ որս էի։
     Չկարողանալով դիմանալ այդ սարսափելի տեսարանին, հայացքս հեռացրի կածանից։ Ավելի լավ էր նայել այդ ծաղրանկարին, և ես նորից հետևեցի իմ ճամփան փակող գորիլային։ Նա շրջվեց, և ես նրա թիկունքում տեսա ուրիշ կապիկի, որ ծառայի պես հլու կանգնած էր նրա մոտ։ Դա շիմպանզե էր, փոքրահասակ, ինչպես երևում է դեռ ջահել, բայց երդվում եմ, իսկական, սովորական շիմպանզե: Նա հագնված էր, ճիշտ է, ոչ այնքան նրբաճաշակ, ինչպես գորիլան, հասարակ վերնաշապիկով ու տաբատով էր, բայց շատ ճարպկորեն կատարում էր իր գործը: Նրա դերն անմիջապես պարզ դարձավ ինձ, երբ գորիլան այդ փոքրիկ շիմպանզեին մեկնեց հրացանը, իսկ վերջինս նրան տվեց ուրիշը լցվածը: Այնուհետև նա արագ փամփշտակալից հանեց փամփուշտները, որոնք փայլում էին Բետելհեյզեի տակ, լցրեց առաջին հրացանը և նորից գրավեց իր տեղը հրաձիգ գորիլայի թիկունքում:
     Այդ տպավորությունները ինձ վրա թափվեցին մի ակնթարթում: Ես աշխատում էի վերլուծել, իմաստավորել, բայց դրա համար ժամանակ չունեի: Արթուր Լեվենը պառկել էր կողքիս՝ վախից փայտացած և ոչ մի բանով չէր կարող օգնել: Ամեն վայրկյան վտանգը ավելի էր մեծանում: Որսահալածների շղթան մոտենում էր: Նրանց աղմուկն ու ճիչերը անտանելի դարձան: Մենք շշմել և խուճապի մեջ էինք ընկել, ինչպես վայրի գազաններ, ինչպես այդ դժբախտ մարդիկ, որոնք վազելով անցնում էին մեր կողքից: Ցեղը ավելի մարդաշատ էր, քան կարծում էի, որովհետև տղամարդիկ ու կանայք դեռ ցատկոտում էին կածանում, որտեղ դարանակալված էր սարսափելի մահը:
     Բայց ոչ բոլորն էին մեռնում: Աշխատելով պահել սառնասրտությունը, ես բլրի բարձունքից հետևում էի փախստականներին: Մեծ մասը, վախից խելակորույս, աղմուկով վազում էին թփուտների միջով, իրենց տեղը հայտնի անելով կապիկներին, որոնք դիմահար գնդակահարում էին նրանց: Մյուսները իրենց պահում էին ավելի զգույշ, ինչպես բազմաթիվ անգամ շուրջկալի մեջ ընկած և բոլոր տեսակի խորամանկությունները սովորած ծեր արու վարազներ: Այդ փախստականները անձայն հավաքվում էին կածանում և քարանում թավուտներում, սպասելով մոտակա որսորդի շրջվելուն: Եթե ինչ- որ բան գրավում էր գորիլայի ուշադրությունը, նրանք թռնում էին թփուտների միջից և վայրկենապես կտրում-անցնում մահաբեր գոտին: Շատերին հաջողվեց դուրս գալ կածանից և սուզվել հակառակ կողմի մացառուտների մեջ:
     Հնարավոր է, որ դա մեր փրկության միակ միջոցն էր: Ես Լեվենին նշան արի հետևել ինձ և սողացի դեպի կածանի մոտի վերջին թփուտները։ Երբ հասանք դրանց, հանկարծ ինձ պատեց անտեղի մի զայրույթ։ Ինչ է, ես՝ բանական մարդս, պետք է ամեն խորամանկություն գործադրեի, որ կարողանայի խաբել կապիկին։ Դա իմ արժանապատվությունից ցածր էր։ Ես պարզապես պետք է վեր կենայի և փայտով մի լավ ծեծ տայի այդ կատաղած կենդանիներին։ Սակայն շուրջկալի աճող աղմուկը ակնթարթորեն ինձ ազատեց ապուշային մեծամտությունից։
     Որսն ավարտվեց, և դղրդյունը դարձավ դժոխային։ Որսահալածներն արդեն մեզ մոտ էին, մեր թիկունքում։ Նրանցից մեկին հասցրի նայել տերևների միջից։ Դա մի հսկա գորիլա էր, որը, մահակով խփելով ծառերի բներին, ամբողջ կոկորդով գոչում էր ու քըս-քըս տալիս։ Նա ինձ տասն անգամ ավելի սարսափելի թվաց որսորդ գորիլայից։ Լեվենը, ամբողջ մարմնով դողալով, ատամները չխչխկացնում էր, իսկ ես, շունչս պահած, սպասում էի վճռական թռիչքի համար բարենպաստ պահի։
     Եվ այստեղ իմ դժբախտ ընկերը, ինքն էլ չգիտակցելով, փրկեց ինձ, բայց ի՞նչ գնով։ Բոլորովին գլուխը կորցրած, Լեվենը վեր թռավ ու նետվեց փախուստի, առանց իմանալու ճանապարհը։ Նա հայտնվեց բաց տարածության մեջ, մոտակա հրաձիգի ուղղակի փողի տակ։ Հեռու գնալ չհաջողվեց։ Կրակոցը նրան ուղղակի երկու մասի բաժանեց, և Լեվենը ընկավ ամբողջ կածանը ծածկող մյուս փախստականների դիակ­ների կողքին։ Նրա համար ողբալու ժամանակ չկար, և դա նրան էլ չէր օգնի։ Կծիկի նման սեղմված, ես սպասում էի, որ գորիլան զենքը մեկնի իր սպասավորին։ Հազիվ էր այդ արել, երբ ես թռա թփուտների միջից և սլացա կածանով։ Կարծես երազի մեջ, տեսա, թե ինչպես գորիլան շտապելով վերցրեց լցված հրացանը, բայց ես ավելի շուտ էի սուզվել մացառուտի մեջ, քան նա կհասցներ նշան բռնել։ Ականջիս հասավ նրա բացականչությունը, որը հայհոյանքի էր նման, սակայն, ես ժամանակ չկորցրի այդ նոր անհեթեթության վրա մտածելու։
     Եվ այսպես, ես հաղթեցի։ Ինձ համակեց հիացմունքն ու հպարտությունը՝ ապաքինելով վիրավորված ինքնասիրությունս։ Ես շարունակեցի վազել, ինչքան ուժ ունեի, ձգտելով որքան հնարավոր է շուտ հեռանալ արյունոտ սպանդի վայրից։ Շուտով որսահալածների բացականչություններն իմ թիկունքում լռեցին։ Ես փրկված էի։
     Փրկվա՞ծ։ Ավաղ, ես թերագնահատել էի Սորորայի կապիկների նենգությունը։ Դեռ հարյուր մետր չէի վազել, սայթաքեցի և թափով ընկա ինչ-որ արգելքի վրա, որ դարանած էր թփուտների մացառուտներում: Այդ արգելքը հողին ամրացված մեծ անցքերով ցանց էր, որի մեջ էլ ես խճճվեցի։ Ավաղ, ես մենակ չէի։ Ցանցը փակում էր անտառի բավական լայն շերտը և նրա մեջ թպրտում էին շատ գերիներ, որոնք փախել էին կածանի գնդակոծությունից։ Ցանցի հուսահատ քաշքշուքները և աջից ու ձախից կատաղի վնգստոցները վկայում էին, որ մարդիկ համառորեն ջանում էին ազատվել։
     Գազանային կույր կատաղությունը համակեց ինձ, երբ զգացի, որ ընկել եմ թակարդը։ Կատաղությունն այնքան անզուսպ էր, որ մոռացա զգուշության մասին ու կորցրի դատելու ընդունակությունս։ Խելացնորի նման ես այնպիսի բաներ էի անում, որ առողջ դատողությամբ չէի անի, այսինքն՝ թպրտում էի և աշխատում ազատվել ցանցից, մինչև որ վերջնականապես խճճվեցի։ Գործն ավարտվեց նրանով, որ այլևս չկարողացա նույնիսկ շարժվել։ Ինձ մնում էր միայն լռել և թաքնված սպասել այն կապիկին, որից այժմ կախված էր իմ կյանքը։

Գլուխ 10

     Մահվան սարսափը պատեց ինձ, երբ տեսա մոտեցող որսորդներին։ Ինձ թվաց, նրանք ուր որ է կսկսեն գերիներին ոչնչացնել, չէ որ արդեն եղել էի նրանց անհավանական դաժանությունների վկան։
     Առջևից գնում էին հրաձիգները, բոլոր գորիլաները։ Այստեղ նկատեցի, որ նրանք անզեն են, և իմ հոգում հույս վառվեց։ Հրաձիգներին հետևում էին որսահալածները, որոնց մեջ գորիլաների կողքին կային գրեթե նույնքան շիմպանզեներ։ Հրաձիգ գորիլաները իրենց պահում էին տիրոջ պես, իսկական ազնվականներ, նրանք բարձր տրամադրության մեջ էին և, ինչպես երևում է, ոչ մի վատ մտադրություն չունեին։
     Հիրավի, պետք էր ընտելանալ, ինչպես ես, այդ մոլորակի բոլոր պարադոքսներին, որպեսզի հնարավոր լիներ գրել նման նախադասություն, չմտածելով նրա անհեթեթության վրա: Այնուամենայնիվ, այդպես էլ կար իրականում. գորիլաները իսկական ազնվականի տեսք ունեին: Նրանք ուրախ խոսում էին անհասկանալի, բայց լրիվ հոդաբաշխ, պարզ լեզվով, նրանց դիմախաղերն արտահայտում էին մարդկային զգացմունքների բոլոր նրբերանգները, որոնք ես մանրազնին էի փնտրել Նովայի դեմքին: Ավաղ, ես նույնիսկ չիմացա ինչ եղավ նա: Արյունոտ կածանի մասին միայն հիշողությունն էլ բավական էր, որ մարմնովս սարսուռ անցներ: Միայն հիմա էի հասկանում, թե ինչու Նովան այդպես հուզվեց, երբ տեսավ մեր փոքրիկ շիմպանզեին: Այստեղ, Սորորայի վրա, մարդիկ և կապիկները կատաղի ատում էին իրար: Դրանում համոզվելու համար բավական էր տեսնել, թե ինչպես պահեցին իրենց գերիները մոտեցող որսորդների երևալու ժամանակ: Նրանք, ջղաձգվեցին, թռչկոտելով չորեքթաթ, կատաղած կրճտացնելով ատամները և փրփուրը բերաններին կրծեցին ցանցի պարանները:
     Ուշադրություն չդարձնելով այդ իրարանցմանը, որսորդ գորիլաները, ես ակամա նրանց անվանում էի տերեր, իրենց սպասավորներին հրամաններ էին տալիս: Թփուտների ետևում ընկած ճանապարհի վրա, որտեղով ձգված էր ցանցը, հայտնվեցին բավականին ցածր տրակտորային կցասայլեր, որոնց վրա դրված էին վանդակներ: Մեզ գցեցին այդ վանդակները յուրաքանչյուր կցասայլի վրա մեկ դյուժինի հաշվով: Դա բավականին երկար տևեց, որովհետև գերիները հուսահատ դիմադրում էին: Երկու սպասավոր գորիլա, հագած հաստ կաշվե ձեռնոցներ, որոնք պաշտպանում էին նրանց գերիների կծելուց, մեկը մյուսի ետևից բռնում էին մարդկանց, ազատում ցանցից, շպրտում վանդակները և արագ փակում, իսկ մի պարոն գորիլա անփույթ հենված ձեռնափայտին ղեկավարում էր նրանց:
     Երբ հերթն հասավ ինձ, սկսեցի խոսել, որպեսզի վրաս ուշադրություն հրավիրեի: Բայց հազիվ էի բացել բերանս, երբ ձեռնոց հագած գորիլա կատարողը կոպտորեն փակեց բերանս իր հսկա թաթով, ըստ երևույթին ենթադրել էր, թե ես պատրաստվում եմ կծել: Սեղմված բերանով չես խոսի: Ինչպես պարկ ինձ շպրտեցին տղամարդկանց ու կանանց խմբի մեջ. նրանք դեռևս այնքան զայրացած և բորբոքված էին, որ ինձ վրա ուշադրություն չդարձրին:
     Երբ բոլոր գերիները բռնված էին, գորիլա սպասավորը ստուգեց վանդակի փականները, այնուհետև ինչ-որ բան ասաց տիրոջը: Վերջինս ձեռքը թափահարեց, և անտառը լցվեց շարժիչների հռնդյունով: Կցասայլերը ցնցվեցին և շարժվեցին մեքենաների ետևից, այդ մեքենաները նման էին մեր անվավոր տրակտորներին: Դրանք նույնպես դեկավարում էին կապիկները: Ես կարողացա լավ նայել այն վարորդին, որը նստած էր մեր ետևից եկող տրակտորի ղեկին: Դա արու շիմպանզե էր՝ հագին կապույտ կոմբինեզոն: Երևում էր նա գերազանց տրամադրության մեջ էր, որովհետև մեր հասցեին նենգ կատակներ էր անում, երգում ինքն իրեն, երբ շարժիչների բվվոցը դադարեց, ինձ հասան հաճելի երգի պատառիկներ:
     Այդ առաջին շրջանը այնքան կարճատև էր, որ չհասցրի նույնիսկ գլխի ընկնել, թե ինչ կատարվեց: Քառորդ ժամ անպետք ճանապարհով գնալուց հետո, մեր քարավանը կանգ առավ մի քարաշեն տան առջև: Այստեղ անտառը վերջանում էր, իսկ հետո, ինչքան աչքը կտրում է, տարածվում էին ինչ- որ հացահատիկային կուլտուրաների դաշտեր:
     Կարմիր կղմինդրածածկ տանիքով, կանաչ փակոցափեղկերով և դռան վրա ցուցանակ ունեցող այդ շենքը նման էր ճաշարանի: Ես անմիջապես գլխի ընկա, որ դա որսորդների հավաքատեղին է: Այստեղ սպասավոր շիմպանզեները սպասեցին տերերին, որոնք գալիս էին իրենց մեքենաներով, ինչպես երևում է՝ այլ ճանապարհով: Դամա գորիլաները շրջանով նստել էին բազկաթոռների մեջ, արմավենիներ հիշեցնող բարձր ծառերի հովին և անհոգ զրուցում էին՝ ծղոտիկով ծծելով ինչ-որ խմիչքներ:
     Երբ կցասայլերը շարվեցին կանգառում, դամա գորիլաները մոտեցան և սկսեցին հետաքրքրասիրությամբ դիտել ավարը: Սակայն ամենից առաջ նրանց ուշադրությունը գրավեց որսը, որ բերել էին երկու մեծ բեռնատար ավտոմեքենաներով. երկար գոգնոցները կապած սպասավոր գորիլաները քաշում էին դիակները և շարում ծառերի շվաքում:
     Որսը հրաշալի էր: Կապիկները գործում էին խիստ կանոնավոր: Նրանք արյունոտված մարմինները դասավորում էին մեջքի վրա պառկեցրած մեկ ուղիղ շարքով: Իսկ այնուհետև դամաների հիացական բացականչությունների տակ սկսեցին որսը կարգի բերել այնպես, որ ինչքան հնարավոր է երևային գրավիչ: Նրանք մարդկանց ձեռքերը ձգեցին մարմնի երկարությամբ՝ ուղղելով կեռ մատները և ափերը դարձնելով վերև: Ձգեցին ոտքերը, ուղղեցին դուրս ընկած հոդերը, այլանդակորեն կողքի ծռված գլուխները, կարճ ասած, ջանում էին որսին տալ կենդանի, բնական տեսք: Եվ վերջապես, նրանք հոգատարությամբ սանրեցին մեռածների մազերը, հատկապես՝ կանանց, ինչպես որոշ որսորդներ սանրում են հենց նոր բռնած գազանի բուրդը կամ հարդարում թռչունի փետուրները:
     Վախենում եմ, որ ուժ չեմ ունենա հաղորդելու այն, ինչ ես զգացի այդ այլանդակ, ծիծաղելի և միաժամանակ սոսկալի, մղձավանջային ծաղրանկարները դիտելիս: Չեմ հիշում, արդեն ասե՞լ եմ մաքուր կապկային ծամածռությունների և այդ բոլոր գորիլաների արտաքինի մասին, եթե չհաշվենք նրանց աչքերի արտահայտությունը: Չե՞մ մոռացել արդյոք հիշեցնել, որ դամա գորիլաները, նույնպես սպորտային կոստյումներ հագած, միայն թե ավելի նրբաճաշակ, հրում էին իրար ու վազվզում, փնտրելով լավագույն որսը, մատով ցույց տալիս և շնորհավորում իրենց գորիլա կավալերներին: Եվ այն տեսարանի մասին, երբ մի դամա իր պայուսակից հանեց փոքր մկրատը, խոնարհվեց դիակի վրա, կտրեց մի քանի սև մազ և օղակ հյուսելով՝ գնդասեղով ամրացրեց իր լայնեզր գլխարկին: Եթե մոռացել եմ, ուրեմն ավելացնում եմ. մնացած բոլոր դամաները տեղնուտեղը հետևեցին նրա օրինակին:
     Եվ ահա որսը տեսակավորված է, բոլոր դիակները խնամքով շարված են երեք շարքով, տղամարդիկ և կանայք՝ մեկընդմեջ: Եվ այս բոլորի վերևը լողում էր հրեշավոր Բետելհեյզե արևը: Ես սարսափով հեռացրի հայացքս և տեսա մի նոր գործող անձի՝ կապիկի, որի ձեռքի եռոտանու վրա ամրացված էր երկարավուն, սև տուփ: Դա շիմպանզե էր: Երբ նա մոտեցավ, գլխի ընկա, որ լուսանկարիչ է, պատրաստվում է կապկային սերնդի համար դրոշմելու այս փառավոր որսի արդյունքը: Դրանով նա զբաղվեց ավելի քան քառորդ ժամ: Սկզբում պարոն գորիլաները նկարվեցին առանձին-առանձին՝ իրենց համար խիստ հաճելի դիրքով. մի քանիսը հաղթողի տեսքով` ոտքերը դրած իրենց զոհերից մեկի վրա, այնուհետև` ընդհանուր խմբով, իրար ուս գրկած: Հետո հերթը հասավ էգերին: Նրանք նույնպես ձգտում էին ավելի նրբագեղ դիրք ընդունել արյունոտ դիակների ֆոնի վրա, աշխատում, որ իրենց մազափնջերով լայնեզր գլխարկները հնարավորին չափ երևան:
     Այդ տեսարանից կարելի էր խելագարվել: Կատարվածի ահավորությունը գերազանցեց մարդկային ուժն ու բանականությունը: Որոշ ժամանակ ինձ զսպում էի, չնայած արյունս եռ էր գալիս, բայց երբ էգերից մեկը նկարվելու համար նստեց մի դիակի վրա, ու ճանաչեցի սպանվածի, իմ դժբախտ ընկեր Արթուր Լեվենի ջահել, գրեթե մանկական դիմագծերը, նյարդերս չդիմացան: Եվ նորից իմ զգացմունքներն արտահայտվեցին ամենաանհեթեթ ձևով, ամբողջապես համապատասխան այդ տեսարանի անհեթեթությանը, միաժամանակ ահավոր ու ծիծաղելի: Հանկարծ ինձ համակեց անզուսպ ուրախությունը, և սկսեցի խելահեղորեն ծիծաղել:
     Ավա՜ղ, ես չմտածեցի նույն վանդակում գտնվող իմ հարևանների մասին: Բայց կարո՞ղ էի այն ժամանակ ընդհանրապես մտածել: Միայն իրարանցումը, որ առաջացավ մարդկանց մեջ, հիշեցրեց ինձ, որ նրանք, անկասկած, ավելի վտանգավոր են, քան նույնիսկ կապիկները: Ամեն կողմից ինձ ձգվեցին մկանուտ, ահաբեկող ձեռքերը: Ես հասկացա, որ իմ կյանքը մազից է կախված, և աշխատեցի ծիծաղս խեղդել՝ թաքցնելով դեմքս ափերիս մեջ: Բայց հնարավոր է, որ ինձ, այնուամենայնիվ, խեղդեին կամ հոշոտեին, եթե մի քանի կապիկներ, տուրուդմփոցը լսելով, չգային ու սրածայր փայտերի ծակոցներով չվերականգնեին կարգ ու կանոնը: Բախտի բերումով նոր իրադրությունը ինձնից շեղեց նրանց ուշադրությունը: ճաշարանում հնչեց զանգը, որը հրավիրում էր նախաճաշի: Գորիլաները փոքր խմբերով ուրախ զրուցելով ուղղվեցին դեպի շենքը, իսկ լուսանկարիչ գորիլան մեր վանդակները մի քանի անգամ լուսանկարելուց հետո սկսեց տուփի մեջ տեղավորել իր լուսանկարչական ապարատը:
     Այնուամենայնիվ, մենք, մարդիկ, նույնպես մոռացության չմատնվեցինք: Չգիտեմ, թե կապիկները ինչ էին նախապատրաստում մեզ համար, համենայն դեպս, որոշել էին մեր մասին հոգալ: Նախքան ճաշարան մտնելը, պարոններից մեկը ինչ-որ հրաման տվեց արու գորիլային, որը, հավանաբար, որսորդական խմբի պետն էր: Վերջինս վերադարձավ վանդակների մոտ, կանչեց իր ենթականերին, և շուտով սպասավորները մեզ համար բերեցին տաշտով ուտելիք և դույլերով ջուր: Ուտելիքը թանձր ապուր էր: Ես քաղց չէի զգում, բայց որոշեցի ուտել, որպեսզի կարողանամ ուժերս պահպանել:
     Մոտենալով տաշտին, որի շուրջն արդեն նստել էին շատ գերիներ, վախվխելով պարզեցի ձեռքս: Նրանք չարությամբ նայեցին ինձ, բայց քանի որ ուտելիքը շատ էր, չառարկեցին: Պարզվեց, որ կերը ինչ-որ ձավարից պատրաստված բավականաչափ համեղ շիլա է: Մի քանի բուռ կերա հաճույքով: Դրանից բացի, շնորհիվ մեր բարի պահակների, ստացանք նաև ինչ-որ բան դեսերտի համար: Մեզ համար սարսափազդու այդ որսահալածները այժմ, որսի ավարտից հետո, բոլորովին էլ սարսափելի չէին և մեզ հետ վարվում էին բարյացակամ, պարզ է, եթե մենք մեզ կարգին էինք պահում: Նրանք քայլում էին մեր վանդակների մոտով և ժամանակ առ ժամանակ նետում զանազան պտուղներ, հրճվելով գզվռտոցի տեսարանով, որ ամեն անգամ առաջացնում էր նրանց ողորմությունը: Այդ միջոցին կատարվեց մի դեպք, որն ինձ մտածել տվեց: Փոքրիկ մի աղջիկ թռչելով մի պտուղ բռնեց, հարևանը նետվեց դեպի նա, որպեսզի խլի ձեռքից, բայց կապիկը պաշտպանեց աղջկան: Նա վանդակի ճաղերով ներս մտցրեց սրածայր փայտը, իսկ այնուհետև երեխայի ափի մեջ դրեց երկրորդ պտուղը: Ես իմացա, որ այդ արարածներին հասկանալի է խղճալու զգացումը:
     Երբ ուտելն ավարտվեց, ջոկատի հրամանատարը որսորդների հետ սկսեցին առանձին գերիների տեղափոխել մեկ վանդակից մյուսը: Պարզվում է, որ նրանք մեզ տեսակավորում են, բայց ի՞նչ սկզբունքով. այդ չկարողացա ըմբռնել: Վերջապես ամենագեղեցիկ տղամարդկանց ու կանանց հետ հայտնվելով մի վանդակում, ես որոշեցի, որ ընկել եմ իմ ցեղի ամենանշանավոր ներկայացուցիչների խումբը և փորձում էի մխիթարվել այն դառը մտքով, որ նույնիսկ կապիկներն առաջին հայացքից ինձ դասեցին ընտիր տեսակի շարքը:
     Զարմանքով և մեծ ուրախությամբ իմ հարևանների մեջ տեսա Նովային. նա փրկվել էր կոտորածից, և դրա համար ես շնորհակալ եղա Բետելհեյզեի երկնքին: Ուշադիր զննելով դիակները, հենց նրա մասին մտածում էի, դող էր անցնում մարմնովս, երբ հիշում էի, որ այդ դիակների մեջ կարող է լինել նրա հրաշագեղ մարմինը: Ինձ թվաց, թե նորից գտել եմ իմ սիրեցյալին, և ամեն ինչի մասին մոռանալով, գրկաբաց նետվեցի դեպի Նովան: Դա մաքուր խելահեղություն էր. իմ վարմունքը նրան սարսափեցրեց: Մի՞թե նա մոռացել էր անցյալ գիշերը: Մի՞թե այդքան գեղեցիկ մարմնի մեջ բոլորովին հոգի չկա: Ես վշտացա ու վհատվեցի, երբ տեսա, որ Նովան իմ մոտենալու պահին կծկվեց և կեռացած եղունգներով մատներով ձեռքերը առաջ մեկնեց, կարծես պատրաստվում էր կառչել կոկորդիցս, որը տեղի կունենար հավանաբար, եթե ես կանգ չառնեի: Բայց քանի որ ես տեղում քարացա, Նովան բավականին շուտ հանգստացավ: Նա տեղավորվեց վանդակի անկյունում, և ես, հոգոց հանելով, հետևեցի նրա օրինակին: Շուտով պառկեցին նաև մյուս գերիները: Հոգնածությունից ճնշված, ջարդված, նրանք կարծես թե հաշտվեցին իրենց ճակատագրի հետ:
     Իսկ դրսում կապիկները պատրաստվում էին մեկնել: Մեր վանդակի վրա բրեզենտ գցեցին, որն հասավ մինչև ձողերի բարձրության կեսը, այնպես որ, լույսը բավարար էր: Լսվեցին ձայներ, հրամաններ, աշխատեցին շարժիչները: Մեզ մեծ արագությամբ ինչ-որ տեղ էին տանում, իսկ ես պառկել ու թախ­ծալի մտածում էի. դեռևս ինչպիսի՞ չար պատահարներ են սպասում ինձ Սորորա մոլորակում:

Գլուխ 11

     Ես կատարելապես ոչնչացված էի զգում: Վերջին երկու օրվա իրադարձությունները կոտրել էին ինձ ֆիզիկապես և խոր հուսահատության մեջ գցել. չէի կարողանում ոչ ողբալ ընկերներիս կորուստը, ոչ լիովին պատկերացնել, թե ինչ է նշանակում ինձ համար մեր տիեզերանավի խորտակումը: Դրա համար ողջունում էի մթնշաղը, հետո թեթևացած թաքնվում իջնող մթության մեջ. երեկոներն այստեղ կարճատև են: Մեզ տարան ամբողջ գիշեր: Ես փորձում էի գոնե ինչ-որ կերպ իմաստավորել կատարվածը: Դա անհրաժեշտ էր. ես պետք է մտածեի, մտածեի, որպեսզի ակամա չհանձնվեի դավադրաբար հետապնդող խելագարությանը, որպեսզի ինքս ինձ ապացուցեի, թե, այնուամենայնիվ, մարդ եմ, հողեղեն մարդ, այսինքն` մտածող էակ, որ տրամաբանական բացատրություն է փնտրում բնության նույնիսկ ամենաֆանտաստիկ երևույթների մեջ, ոչ թե զարգացած կապիկների ծուղակն ընկած անասուն: Ես հերթով «կպչում» էի այն մանրուքներից, որոնք տպավորվել էին հիշողությանս մեջ: Սակայն իմ հիշողությունների մեջ ամենագլխավորը մեկն էր. բոլոր այդ կապիկները, արուներն ու էգերը, գորիլաներն ու շիմպանզեները իրենց շարժուձևով անհեթեթ կամ տարօրինակ չէին թվում: Ես արդեն ասել եմ, որ նրանք ոչ մի անգամ ինձ չէին հիշեցնում այն վարժեցված կապիկներին, որ ցուցադրում են մեր կրկեսներում:
     Մեզ մոտ՝ Երկրում, լայնեզր գլխարկով շիմպանզեն միշտ էլ ծիծաղ է առաջացնում, չնայած պետք է խոստովանեմ, անձամբ ինձ այդ բանը հաճույք չի պատճառում: Այստեղ ոչ մի նման բան չկար: Լայնեզր գլխարկները սազում էին կապիկներին, հագուստը նրանց վրա լավ էր նստում, նրանց բոլոր շարժումները բնական էին: Ձողիկով զովացուցիչ ջուր խմող էգ գորիլան նման էր իսկական դամայի: Որսորդներից մեկը, ես այդ էլ եմ հիշում, գրպանից հանեց ծխամորճը, լցրեց և առանց շտապելու սկսեց ծխել: Եվ այդ տեսարանում ամենազարմանալին նրա հմտությունն էր, առօրեականությունը: Մինչև հոգուս խորքը ցնցված, փորձում էի իմաստավորել այդ անհեթեթությունը, սակայն ինչքան էլ որ գլուխ էի կոտրում, չէի կարողանում որևէ եզրակացության հանգել: Գերության մեջ եղած ժամանակամիջոցում երևի առաջին անգամ ափսոսացի, որ ինձ հետ չի պրոֆեսոր Անտելը: Նրա իմաստությունն ու գիտելիքները անպայման կօգնեին գտնելու նույնիսկ այսպիսի պարադոքսալ իրադրության բացատրությունը: Այնուամենայնիվ, ի՞նչ եղավ նա: Որսորդների զոհերի մեջ պրոֆեսոր Անտելը չկար, դրանում ես համոզվեցի: Կարող է նա էլ է ընկել ցանցի մեջ: Ես չհասցրի տեսնել բոլոր գերիներին, այնպես որ, դա միանգամայն հավանական է: Հուսալ, որ նա մնացել է ազատության մեջ, նույնիսկ չեմ համարձակվում: Եվ այսպես, ինքս ինձ խորհելով, աշխատում էի ստեղծել իմ տեսությունը, որն, ի միջի այլոց, ինձ այնքան էլ չէր գոհացնում: Հնարավոր է, որ այս մոլորակի բնակիչները քաղաքակիրթ էակներ են, որոնց քաղաքները տեսանք հեռվից, կարողացել են այնպես վարժեցնել կապիկներին, որ դրանք համբերատար և երկարատև ընտրությունից հետո, մի քանի սերունդների ընթացքում աստիճանաբար ձեռք են բերել բանական արարածների գծերը:
     Վերջին հաշվով մեզ մոտ էլ՝ Երկրի վրա, որոշ շիմպանզեներ ընդունակ են կատարել ցնցող տրյուկներ: Եվ նույնիսկ այն փաստը, որ Սորորայի կապիկներն ունեն իրենց լեզուն, այնքան էլ զարմանալի չէ, ինչպես ինձ թվում է: Ես հիշեցի այդ ասպարեզի մի խոշոր մասնագետի հետ ունեցած իմ խոսակցությունը: Նա հայտնեց, որ շատ լուրջ գիտնականներ քիչ ժամանակ չեն տրամադրում, ջանալով կապիկներին սովորեցնել խոսակցական լեզվի պրիմատները: Նրանք հաստատում են, որ կապիկների ֆիզիկական կառուցվածքը դրան ամենևին խոչընդոտ չի հանդիսանում: Մինչև հիմա նրանց կատարած փորձերը մնացել են անարդյունք, բայց գիտնականները չեն նահանջում, որովհետև համոզված են, որ իրենց անհաջողության միակ պատճառն այն է, որ կապիկները խոսելու ցանկություն չունեն: Բայց, կարող է պատահել, Սորորայում կապիկները, համենայն դեպս, մի ժամանակ խոսե՞լ են: Եվ դա թույլ է տվել մոլորակի տերերին օգտագործել նրանց սև աշխատանքի համար, ինչպես շուրջկալը ջունգլիներում, որի ժամանակ ես էլ ընկա ծուղակը:
     Հուսահատության մեջ կառչել էի այդ վարկածից, վախենալով նույնիսկ մտածել, որ կարող է գոյություն ունենալ մեկ այլ, ավելի պարզ բացատրություն: Չխելագարվելու համար ինձ անհրաժեշտ էր հավատալ, որ այս մոլորակի վրա կան իսկական բանական արարածներ, այսինքն՝ մարդիկ, այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, և նրանց հետ վերջապես կարող եմ բացատրվել:
     Մարդի'կ: Իսկ ովքեր են այս դժբախտ արարածները, որոնց կապիկները սպանում են կամ գցում վանդակները: Իրենց զարգացման մեջ ուշացած վայրենինե՞ր: Հետամնաց ցեղ: Սակայն մոլորակի իսկական տերերի կողմից նման կոտորած թույլ տալ կամ նույնիսկ կազմակերպել, չլսված դաժանություն է:
     Դառը մտորումներից շեղեց մի անորոշ կերպարանք, որը չորեքթաթ սողում էր իմ կողմը: Նովան էր: Մյուս բոլոր գերիներն արդեն խմբերով պառկել էին հատակին: Մի փոքր տատանվելուց հետո, ինչպես նախորդ անգամ, Նովան սեղմվեց ինձ: Բայց ես իզուր էի փորձում նրա հայացքում որսալ գոնե քնքշության մի նշույլ կամ բարեկամական ցավակցություն: Նա շուռ եկավ և շուտով փակեց աչքերը: Չնայած դրան նրա ներկայությունից կարծես հանգստացա, ի վերջո, աշխատելով չմտածել վաղվա մասին, քնեցի:

Գլուխ 12

     Պաշտպանական ռեֆլեքսը օգնեց ինձ ազատվել չափազանց դառն ու ճնշող մտքերից և քնեցի մինչև առավոտ: Ամբողջ գիշերը ինձ տանջող մղձավանջում Նովայի տաք մարմինը թվում էր ինձ փաթաթված հրեշային օձ: Լուսաբացին բացեցի աչքերս: Նովան ավելի վաղ էր արթնացել ու ինձնից մի փոքր հեռու նստել: Զգուշությունից լարված նրա աչքերում կարծես հավիտյան սառել էր շփոթվածության և անըմբռնողության արտահայտությունը:
     Մեր մեքենան դանդաղեցրեց ընթացքը, և ես տեսա, որ մտնում ենք քաղաք: Գերիները մոտեցան վանդակների ճաղերին: Նրանք պպզած բրեզենտի տակից նայում էին վախեցած ու անհանգիստ: Ես նույնպես դեմքս հպեցի վանդակի ձողերին, որ ավելի լավ դիտեմ ինձ առաջին անգամ երևացող Սորորայի քաղաքակիրթ քաղաքը:
     Մենք գնում էինք բավական լայն, երկու կողմից մայթեր ունեցող փողոցով: Նայեցի անցորդներին և շփոթվեցի, կապիկներ էին: Տեսա մի առևտրականի՝ երևի նպարավաճառ, որը բարձրացնում էր իր կրպակի մետաղե վարագույրը, շուռ գալով հետաքրքրությամբ նայեց մեզ. նա նույնպես կապիկ էր: Ես ջանացի տեսնել մեզնից առաջ անցնող ավտոմեքենաների վարորդների և ուղևորների դեմքերը. նրանք բոլորն էլ կապիկներ էին հագնված մարդկանց նման:
     Սորորայի վրա քաղաքակիրթ մարդկանց հանդիպելու իմ վերջին հույսը ծխի պես ցնդեց, և մնացած ճանապարհը անցկացրի մռայլ թմրության մեջ: Շուտով մեքենաները նույնպես դանդաղեցրին ընթացքը: Միայն հիմա նկատեցի, որ մեկ գիշերվա մեջ մեր քարավանը զգալիորեն փոքրացել է. մնացել էր միայն երկու տրակտորային կցասայլ, իսկ մնացածին հավանաբար ուրիշ տեղ էին տարել: Մեր առաջ բացվեցին խուլ դարպասները, և մենք դուրս եկանք բակ: Կապիկներն անմիջապես շրջապատեցին վանդակները. գերիներն սկսեցին հուզվել, և հսկիչներն ստիպված էին հանգստացնել նրանց սրածայր փայտերի ծակոցներով:
     Բակը չորս կողմից շրջափակված էր միանման պատուհաններ ունեցող բարձրահարկ շենքերով, որոնք ավելի շատ նման էին հիվանդանոցի: Այդ տպավորությունն ավելի ուժեղացավ, երբ շենքի դռներից հսկիչներին ընդառաջ եկան նոր դեմքեր: Նրանք սպիտակ խալաթներով էին և փոքրիկ գլխարկներով, ինչպես մեր բուժակները: Բայց դրանք ևս կապիկներ էին:
     Այո, դրանք բոլորն էլ կապիկներ էին, գորիլաներ կամ շիմպանզեներ: Եվ պահակների հետ նրանք սկսեցին մեքենաները դատարկել: Գերիներին մեկ առ մեկ հանում էին վանդակներից, մտցնում մեծ պարկերի մեջ և տանում շենք: Ես չդիմադրեցի, և շուտով սպիտակ խալաթավոր երկու հսկա գորիլաներ ինձ խոթեցին պարկի մեջ: Այնուհետև բավական երկար ժամանակ տանում էին. ինձ թվաց, թե բարձրացանք աստիճաններով և շարժվեցինք անվերջանալի միջանցքով: Վերջապես կոպիտ ձևով դուրս քաշեցին պարկից և մտցրին ուրիշ վանդակի մեջ, այս անգամ ամուր ու անշարժ, հատակին ծղոտե փռոցք և... մեկ տեղանոց: Գորիլա բուժակը խնամքով կողպեց վանդակի դռան փականքը:
     Այնտեղ, ուր հայտնվեցի, երկարավուն դահլիճ էր, բազմաթիվ նման վանդակներ: Գրեթե բոլոր վանդակները լիքն էին. ոմանք՝ իմ բախտակից ընկերներով, մյուսները՝ կանանցով ու տղամարդկանցով, որոնք, ըստ երևույթին, վաղուց էին այստեղ: Այդ գերիներին կարելի էր տարբերել նրանց ընկճված ու թորշոմած տեսքից: Նրանք անտարբերությամբ էին դիմավորում նոր եկածներին ու հազիվ հայացք նետում ինչ-որ դժբախտի, երբ վերջինս աղիողորմ հառաչում էր: Բացի դրանից, ես նկատեցի, որ բոլոր նորեկներին տեղավորում են առանձին-առանձին, երբ, որպես կանոն, հնաբնակները ապրում էին զույգերով։ Ինչքան հնարավոր էր խցկվելով վանդակի ձողերի արանքը, անցուղու ծայրին ես նկատեցի բազմաթիվ երեխաներով լիքը ևս մի մեծ վանդակ։ Ի տարբերություն մեծերի, փոքրերը մեր ժամանումն ընդունեցին ավելի բուռն։ Նրանք սկսեցին ձեռքերը թափահարել, հրմշտել իրար, կարծես ուզում էին կոտրել վանդակը և ճչում-ծղրտում էին, ինչպես փոքրիկ կռվարար կապիկները։
     Երկու գորիլաները նորից հայտնվեցին հերթական պարկով։ Այդտեղից լույս աշխարհ ելավ գեղեցկուհի Նովան։ Նրան տեղավորեցին դիմացի վանդակում, դա ինձ մի փոքր մխիթարեց։ Սակայն Նովան կատաղած էր և իր ձևով դժգոհություն էր արտահայտում, ձգտելով չանգռել կամ կծել գորիլային։ Երբ նրան, համենայն դեպս, փակեցին վանդակում, ատամ­ները կրճտացնելով սկսեց ցնցել վանդակը, արձակելով մի այնպիսի սարսափելի հա՜յ-հո՜ւյ, որ սիրտս կտոր-կտոր եղավ։ Միայն որոշ ժամանակ անց Նովան նկատեց ինձ ու սառեց, ձգելով վիզը զարմացած գազանիկի պես։ Ես շատ զգույշ ժպտացի նրան, թափահարեցի ձեռքս։ Եվ երբ նա անշնորհք ձևով փորձեց կրկնել այդ ժեստը, հոգիս ուրախությունից ցնծաց։
     Ուշադրությունս շեղեց երկու սպիտակ խալաթավոր գորիլաների վերադարձը։ Մեկը պահակ կանգնեց, իսկ մյուսը մտավ վանդակ և առաջս դրեց շիլայով թասը, դույլիկով ջուրը ու մի քանի պտուղ։ Ես արդեն հաստատ որոշել էի ինչ գնով էլ լինի կոնտակտ հաստատել կապիկների հետ, որոնք, ինչպես երևում է, միակ մտածող ու բանական արարածներն են այս մոլորակի վրա։ Ինձ կեր բերող գորիլան բավականաչափ բարեհոգի էր երևում։ Տեսնելով, որ ինձ հանգիստ եմ պահում, նա նույնիսկ թփթփացրեց ուսիս։ Ես նայեցի ուղիղ նրա աչքերին, հետո ձեռքս տարա կրծքիս և հարգալից խոնարհվեցի։ Երբ գլուխս բարձրացրի, տեսա, որ գորիլան զարմացած է։ Այդ ժամանակ ես ժպտացի նրան, աշխատելով ժպիտի մեջ դնել ամբողջ հոգիս։ Գորիլան արդեն պատրաստվում էր գնալ, բայց, զարմանքից բացականչելով, սառեց տեղում։ Վերջապես ինձ նկատեցին։ Որպեսզի ամրապնդեի հաջողությունս և ցուցադրեի իմ բոլոր ընդունակությունները, բավականին հիմար ձևով արտաբերեցի ինչ-որ առաջինը խելքիս փչ՚եց. - Ինչպե՞ս եք։ Ես մարդ եմ՝ Երկրից։ Այն այստեղից շատ հեռու է։
     Միտքը նշանակություն չուներ։ Բավական էր հենց այնպես է խոսել, որ կապիկները իմանային, թե ում հետ գործ ունեն։ Եվ ես հասա նպատակիս։ Հավանաբար երբեք ոչ մի կապիկ չի ունեցել զարմանքից հիմարացած այդպիսի մռութ։ Գորիլան և նրա գործընկերը, բերանները բաց, քարացան տեղում՝ վախենալով շնչել։ Վերջապես, նրանք շտապով կիսաձայն խոսեցին ինչ-որ բանի մասին, սակայն նրանց կարճատև խորհրդակցությունը հանգեցրեց բոլորովին անսպասելի արդյունքի։ Կասկածանքով նայելով իմ կողմը, գորիլան արագ դուրս թռավ վանդակից և կողպեց դուռը հատուկ զգուշությամբ ու խնամքով։ Այնուհետև, կապիկներն իրար նայեցին և հանկարծ սկսեցին անզուսպ ծիծաղել։ Ինչպես երևում է, ես իսկապես նրանց համար եզակի երևույթ էի, որովհետև երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ։ Ծիծաղից նրանց աչքերն արցունքոտվեցին, իսկ գորիլաներից մեկը նույնիսկ ստիպված էր շիլայով դույլը դնել ցած և գրպանից հանել թաշկինակը;
     Վիրավորանքն ու հիասթափությունն այնպես կուրացրին ինձ, որ քիչ մնաց կատաղեի։ Զայրույթի ժամանակ ես Սորորայի մարդկանցից վատ չէի ցնցում վանդակի ձողերը, կրճտացնում ատամներս և ինձ հայտնի բոլոր լեզուներով կապիկներին ուղղում էի ամենաետին խոսքերը։ Իսկ երբ հայհոյանքի իմ պաշարը վերջացավ, շարունակեցի գոռալ ու ղժժալ, արտաբերելով ինչ-որ անհոդաբաշխ հնչյուններ։ Այստեղ արդեն գորիլաները արհամարհանքով թոթվեցին ուսերը։
     Համենայն դեպս, հաջողվեց ուշադրություն գրավել։ Գնալուց առաջ գորիլաները մի քանի անգամ ուշադիր զննեցին ինձ։ Վերջապես, երբ ուժերս հատան և հանգստացա, գորիլաներից մեկը գրպանից հանեց բլոկնոտը և ինչ-որ բան գրեց, նախապես նայելով իմ վանդակին փակցված տախտակին՝ հավանաբար իմ համարով։
     Գորիլաները գնացին։ Իմ կատաղությունից տագնապած գերիները հանգստացան և նորից շարունակեցին ուտելը։ Ինձ ևս մնում էր միայն ուտել և պառկել, սպասելով հարմար հնարավորության՝ ի հայտ բերելու իմ մարդկային վեհանձն էությունը։ Ձավարի շիլան ուտելուց հետո, անցա հյութեղ պտուղներին։ Դիմացի վանդակում Նովան ժամանակ առ ժա­մանակ դադարում էր ծամել և աչքի տակով նայում իմ կողմը։

Գլուխ 13

     Մինչև օրվա վերջը մեզ այլևս չանհանգստացրին։ Երեկոյան, երկրորդ անգամ կերակրելուց հետո, գորիլաները, հանգցնելով լույսերը, գնացին։ Այդ գիշեր ես համարյա չքնեցի և ոչ նրա համար, որ գետնի փռոցքը կոշտ էր, ծղոտի հաստ շերտի վրա քնելը շատ հարմար է, այլ նրա համար, որ անվերջ պլաններ էի կազմում, թե ինչպես հաղորդակցության մեջ մտնեմ կապիկների հետ, ինչպես խոսեմ նրանց հետ։ Ինքս ինձ խոսք տվեցի, որ այլևս չեմ հանձնվի կույր կատաղությանը, այլ կլինեմ համբերատար և ամենափոքր հնարավորության դեպքում կդրսևորեմ իմ բանականությունը։ Հսկիչ գորիլաները, ինչպես երևում է, շատ սահմանափակ տիպեր էին, ցածր անձնակազմից. նրանք, ինչ խոսք, չկարողացան գնահատել և ճիշտ հասկանալ իմ նկատառումները, սակայն, հավանաբար կլինեն և ուրիշ, ավելի բարեկիրթ կապիկներ։
     Առավոտյան համոզվեցի, որ չեմ սխալվել իմ ենթադրություններում։ Արդեն մեկ ժամից ավելի չէի քնում։ Գերիներից շատերը, առանց կանգ առնելու, պտտվում էին իրենց վանդակներում, ինչպես ազատությունից զրկված որոշ գազաններ։ Հանկարծ գիտակցեցի, որ բնազդաբար ինձ պահում եմ ճիշտ նրանց նման, և դա ինձ խորապես վշտացրեց։ Ես ինձ ստիպեցի նստել վանդակի առաջնամասում և ինչքան հնարավոր է ընդունել մտածող մարդու խոհուն կեցվածք։ Այդ պահին դուռը բացվեց և անցուղում հսկիչ գորիլայի ուղեկցությամբ երևաց էգ շիմպանզեն։ Այն բանից, որ հսկիչները քծնում էին նրան, ես անմիջապես հասկացա, որ նա այստեղ գրավում է բավականաչափ բարձր դիրք։
     Հսկիչները, անկասկած, զեկուցեցին իմ մասին, որովհետև ներս մտնելուն պես շիմպանզեն ինչ-որ բան հարցրեց, և հսկիչներից մեկը մատով ցույց տվեց իմ վանդակը։ Շիմպանզեն ուղիղ եկավ ինձ մոտ։
     Մինչ կմոտենար, ես հասցրի տնտղել նրան։ Նա էլ ճերմակ խալաթով էր, բայց ավելի նրբագեղ ձևվածքով, քան պահակ գորիլաներինն էր, գոտիով և կարճ թևքերով, որոնց միջից դուրս էին ցցվել երկար, շարժուն թաթերը։ Սակայն ամենից շատ ինձ ապշեցրին նրա աչքերը՝ զարմանալիորեն խելացի ու կենդանի։ Ես մտածեցի, որ դա բարի նշան է։ Շիմպանզեն բոլորովին ջահել էր երևում, չնայած սպիտակ մռութի շուրջը կապիկներին բնորոշ կնճիռներ ուներ։ Նրա ձեռքին կար կաշվե թղթապանակ։
     Նա կանգ առավ իմ վանդակի առջև և սկսեց ուշադիր զննել, միաժամանակ թղթապանակից հանելով տետրը։
     - Բարի օր, մադամ, - ասացի ես խոնարհվելով։ Ջանացի, որ ձայնս ինչքան հնարավոր է հնչի փաղաքշական։ Կա­պիկի մռութիկը արտահայտեց խոր զարմանք, բայց և այնպես նա պահեց լրջությունը և նույնիսկ կտրուկ շարժումով ստիպեց հսկիչ գորիլաներին լռել, որոնք նորից սկսեցին ծիծաղել։
     - Մադա՞մ, թե մադմուազել, – շարունակեցի ես աշխուժանալով, - իսկապես ցավում եմ, որ ստիպված եմ ձեզ ներկայանալ նման իրավիճակում և նման տեսքով։ Հավատացեք, դա իմ ցանկությամբ չէ...
     Ես շարունակեցի խոսել, աստված գիտե՝ ինչ հիմարություններ, հոգ տանելով միայն, որ իմ խոսքերը ներդաշնակվեն նրբաձև քաղաքավարի տոնին, որին որոշել էի հավատարիմ մնալ։ Երբ ես, ավարտելով խոսքս, դարձյալ դյութիչ ժպիտով լռեցի, շիմպանզեն զարմանքից ասես քարացավ։ Նրա աչքերը առկայծեցին, ճակատը կնճռոտվեց։ Երևում էր, թե նա ինչպես տանջանքով աշխատում էր լուծել մի դժվարին խնդիր։ Եվ ահա որպես պատասխան ժպտաց ինձ, և ես հոգով զգացի, որ նրա առջև թեև թույլ, այնուամենայնիվ, ճշմարտության լույսը սկսում է բացվել։
     Այս տեսարանի ժամանակ վանդակի մարդիկ չարտահայտեցին այն նախկին զայրույթը, որ առաջացնում էին նրանց մեջ իմ բոլոր խոսելու փորձերը։ Ընդհակառակը, այժմ դրանով նրանք նույնիսկ հետաքրքրվում էին։ Նրանք կամաց-կամաց դադարեցին վանդակներում ման գալը, մոտեցան ձողերին և ջանացին ձողերի արանքից ավելի լավ նայել մեզ։ Միայն Նովան էր, որ կատաղած պատեպատ Էր խփվում։
     Էգ շիմպանզեն խալաթի գրպանից հանեց գրիչը և տետրակում մի քանի նշումներ արեց։ Այնուհետև գլուխը բարձրացնելով և իմ շփոթված հայացքը տեսնելով, նա նորից ժպտաց։ Դա ինձ համարձակություն տվեց. սիրտ արեցի անել մի բարեկամական ժեստ ևս։ Ձեռքս հանելով վանդակի ճաղերից, ես շիմպանզեին մեկնեցի բաց ափս։ Տագնապած գորիլաները կհարձակվեին ինձ վրա, բայց շիմպանզեն կարճ հրամանով սաստեց նրանց։ Սկզբում նա նույնպես քիչ էր մնացել մի կողմ թռներ, բայց հետո, տիրապետելով իրեն, ինձ պարզեց դողդողացող թաթը՝ շեշտակի նայելով աչքերիս մեջ։ Ես չշարժվեցի ու չառաջացա։ Նա ևս մի քայլ առաջ եկավ և իր արտակարգ երկար մատներով ձեռքը դրեց իմ ափի մեջ։ Ես զգացի, թե այդ հպումից նա ինչպես դողացրեց, և քարացա, որպեսզի չվախեցնեմ ինչ-որ անզգույշ շարժումով։ Այդ ժամանակ նա ձեռքը բավական ժամանակ թողեց ափիս մեջ, ձեռքս շոյեց և հաղթական տեսքով շրջվեց դեպի իր օգնականները։
     Ուրախությունից շունչս կտրվում էր։ Իմ հոգում ամրապնդվում էր այն հույսը, որ վերջ ի վերջո նա կընդունի իմ բանական, բարձրակարգ էակ լինելը։ Եվ երբ շիմպանզեն խստորեն ինչ-որ բան կարգադրեց գորիլաներին, գլխումս առկայծեց նույնիսկ մի խելահեղ միտք, հիմա վանդակը կբացվի և ինձ, ներողություն խնդրելով, ազատ կարձակեն։ Ավա՜ղ, այդ մասին ոչ ոք էլ չէր մտածում։ Հսկիչներից մեկը քրքրեց գրպանները, ապա պետին մեկնեց ինչ-որ սպիտակ խորանարդիկ։ Իսկ սա իր հերթին, թովիչ ժպիտով, խորանարդիկը դրեց իմ ափի մեջ։ Դա մի կտոր շաքար էր։
     Մի կտոր շաքար։ Երազանքներիս մեջ ես չափազանց առաջ էի գնացել, դրա համար էլ հիասթափությունս անսահման էր։ Այդ խղճուկ ողորմությունն այնքան նվաստացուցիչ էր, որ քիչ էր մնում շպրտեի շիմպանզեի ժպտացող մռութին։ Բայց ժամանակին հիշեցի իմ մտադրությունը և զսպեցի ինձ։ Խոնարհվելով, վերցրի շաքարը և ինչքան կարող էի խելոք տեսք ընդունելով, սկսեցի կրծել։
     Այսպես տեղի ունեցավ մեր ծանոթությունը։ Էգ շիմպանզեին, ինչպես շուտով իմացա, կոչում էին Զիրա։ Նա այն բաժանմունքի վարիչն էր, որտեղ տեղավորել էին ինձ։ Չնայած իմ դառը հիասթափությանը, ես գնահատում էի նրա խելքը և այրվում էի այն հույսով, որ առաջիկայում, այնուամենայնիվ, կհաջողվի նրա հետ կոնտակտ հաստատել։
     Զիրան երկար ժամանակ զրուցում էր հսկիչ գորիլաների հետ. ինչքան հասկացա, նա իմ վերաբերյալ մանրամասն կարգադրություններ էր անում։ Այնուհետև գնաց այցելելու մյուս վանդակների բնակիչներին։
     Շիմպանզեն հատուկ ուշադրությամբ զննում էր նորեկներին, տետրում նշումներ անում, ի միջի այլոց, շատ ավելի կարճ, քան իմ մասին էր։ Եվ հասկանալի է, նա չէր համարձակվում մոտենալ մարդկանցից ոչ մեկին։ Եթե նա այդ աներ, ես, հավանաբար, խանդի զգացում կունենայի։ Ինձ համար խիստ հաճելի էր մնալ արտոնյալ գերի, միակը, որն արժանացել է հատուկ վերաբերմունքի։ Եվ երբ տեսա, որ Զիրան, կանգնելով երեխաների վանդակի առջև, նրանց նույնպես շաքարի կտորներ է գցում, կատաղեցի և այդ կատաղությունը կարելի էր համեմատել միայն Նովայի այն զայրույթի հետ, որ վայրագորեն թափեց էգ շիմպանզեի վրա, կծկվեց վանդակի հեռավոր անկյունում և մեջքով շրջվեց մեզ։

Գլուխ 14

     Երկրորդ օրն անցավ այնպես, ինչպես առաջինը։ Կապիկները ուշադրություն չէին դարձնում մեզ վրա. միայն կեր էին բերում։ Գնալով ավելի ու ավելի էի ընկնում տարակուսանքի մեջ, ձգտելով իմանալ, թե այս ինչ տարօրինակ հասարակություն է, սակայն հանկարծ մեզ սկսեցին ենթարկել մի ամբողջ շարք տեստերի, որոնց մասին հիշելիս ես մինչև օրս նվաստացման զգացում եմ ապրում։ Բայցևայնպես, այդ ժամանակ նրանք ինձ զվարճացրին։
     Առաջին տեստը սկզբում ինձ թվաց բավականին հիմար։ Հսկիչ գորիլաներից մեկը մոտեցավ ինձ, իսկ երկրորդը զբաղվեց դիմացի վանդակով։ Իմ պահակը մի ձեռքը պահել էր մեջքին, մյուսով բռնել սուլիչը։ Գորիլան աչքերը հառեց վրաս, աշխատելով գրավել ուշադրությունս, հետո սուլիչը տարավ բերանը և սկսեց ականջ ծակող հնչյուններ արձակել. դա շարունակվեց րոպեից ոչ պակաս։ Այնուհետև գորիլան մեջքից դիտմամբ դանդաղ առաջ բերեց ձեռքը, որի մեջ նկատեցի այն բանաններից, որ Սորորայի մարդկանց սիրելի ուտելիքն էր։ Բերանը առաջ պարզելով, պահակը սևեռուն հայացքով հետևեց ինձ։
     Ես ձեռքս երկարեցի՝ բանանը վերցնելու, սակայն գորիլան կանգնած էր բավականին հեռու և ակնհայտ զգացվում էր, որ չէր էլ պատրաստվում մոտենալ։ Հավանաբար նա այլ ռեակցիա էր սպասում և հիասթափվեց։ Մի քանի ակնթարթ հետո, սպասելուց հոգնելով, նա նորից բանանը թաքցրեց թիկունքում և նորից սկսեց սուլել։ Ես ջղայնացա, չհասկանալով այդ կատակերգության միտքը, և հազիվ զսպ՚եցի ինձ, երբ պահակը երկրորդ անգամ այնպիսի հեռավորության վրա թափահարեց բանանը, որին ձգվելով հնարավոր չէր հասնել։ Մեծ դժվարությամբ հաջողվեց մնալ հանգիստ վիճակում և կենտրոնանալ։ Հսկիչը ինձնից ինչ-որ ուրիշ բան էր սպասում, քանի որ յուրաքանչյուր փորձից հետո նրա զարմանքը մեծանում էր, մի խոսքով, ես ինձ այնպես չէի պահում, ինչպես նրանք սպասում էին։ Նույն բանը կրկնելով վեց կամ յոթ անգամ, ինչպես երևում է, նա հուսահատվեց և անցավ հարևան գերու մոտ։
     Ես խորապես հուսահատվեցի, երբ տեսա, որ իմ հարևանը, իսկ նրանից հետո մյուսները հենց առաջին փորձից հետո բանաններ ստացան։ Այնուհետև սկսեցի ուշադիր հետևել երկրորդ գորիլային, որը նույն փորձն էր անում դիմացի վանդակների մոտ։ Պահակը հենց հասավ Նովայի վանդակին, ես ամենայն մանրամասնությամբ տեսա, թե ինչպես է նա արձագանքում։ Հսկիչը շվվացրեց և Նովայի առջև թափահարեց բանանը։ Աղջիկը իրար խառնվեց, շարժեց ծնոտներն ու...
     Մի ակնթարթում ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար։ Նովան, լուսաշող Նովան, տեսնելով համեղ քաղցրավենին, բերանը բաց արեց և ինչպես քաղցած շնիկ, որին շաքար են ցույց տալիս, բերանից առատորեն հոսեց թուքը։ Հենց դրան էլ սպասում էր հսկիչ գորիլան, համենայն դեպս, այսօրվա համար։ Նովային գցելով ցանկալի բանանը, նա գոհ անցավ հարևան վանդակը։
     Եվ այսպես, ես ամեն ինչ հասկացա ու դրանով նույնիսկ հպարտ էի։ Իր ժամանակին ես հետաքրքրվում էի կենսաբանությամբ՝ ծանոթ էի Պավլովի աշխատություններին։ Ինձ համար պարզ դարձավ այն, որ այստեղ մարդկանց վրա ուսումնասիրում էին ռեֆլեքսները ճիշտ այնպես, ինչպես Պավլովը՝ շների վրա։ Ինչ հիմարն էի մի քանի վայրկյան առաջ։ Բայց հո այժմ իմ կուլտուրայով ու գիտելիքներով ո'չ միայն հասկացա այսօրվա փորձերի նշանակությունը. ես արդեն գիտեի նաև, թե ինչ է հաջորդելու դրան։ Դեռ շատ օրեր կապիկները կանեն նույն բանը. կսուլեն սուլիչով, ապա ցույց կտան որևէ համեղ բան, որը փորձարկվողների մոտ թքարտադրություն կառաջացնի։ Որոշ ժամանակ հետո մարդիկ թուք կարտադրեն միայն սուլիչի ձայնը լսելիս։ Նրանց մոտ, գիտական լեզվով ասած, կմշակվի պայմանական ռեֆլեքս։
     Ես շնորհավորեցի ինձ խելամտության համար, բայց դա քիչ էր. դեռ հարկավոր էր ցույց տալ, որ հասկացել եմ։ Երբ իմ հսկիչ գորիլան, ավարտելով իր շարքի վանդակների ստուգումները, ետ էր գալիս, ջանացի բոլոր միջոցներով գրավել նրա ուշադրությունը։ Ես սկսեցի հարվածել վանդակի ձողերին, ձեռքերս թափահարեցի և ցույց տվեցի բերանս, մինչև որ նա, վերջապես, բարեհաճեց կրկնել փորձը։ Այն ժամանակ, առաջին սուլոցից անմիջապես հետո, դեռ մինչև բանանը ցույց տալը, սկսեցի առատ, կատաղի, գրեթե հուսահատ թուք բաց թողնել. ես, Ուլիս Մերուն, ջանադրաբար թուք էի արտադրում, որովհետև հենց դրանից էլ կախված էր իմ կյանքը. ես այնքան ուրախ էի և այնքան էի ուզում ցույց տալ իմ խելամտությունը։
     Եվ իրոք, իմ հսկիչը մնացել էր զարմացած։ Նա կանչեց իր գործընկերոջը, և նրանք երկար խորհրդակցեցին, ինչպես նախորդ օրը։ Դժվար չէր կռահել, թե ինչի մասին էին խոսում այդ բթամիտները. ահա մարդ, որի մոտ հենց նոր չկար ոչ մի ռեֆլեքս և հանկարծ մշակվեց պայմանական ռեֆլեքս։ Սակայն որպեսզի մյուս փորձարկվողների մոտ այսպիսի ռեֆլեքս առաջանար, սովորաբար բավականին երկար ժամանակ և համբերություն էր պահանջվում։
     Ես խղճացի այդ դյուրահավատ դմբոներին։ Իրենց փոքր խելքով նրանք ի վիճակի չէին հանգելու միակ ճիշտ եզրակացությանը, որ նման ակնթարթային առաջադիմությունը բացատրվում է միայն մի հանգամանքով՝ փորձարկվողի գիտակցության առկայությամբ։ Ես համոզված էի, որ նրանց փոխարեն Զիրան գլխի կընկներ։
     Սակայն իմ ամբողջ իմաստությունը և ավելորդ ջանքերը բոլորովին էլ այն արդյունքը չտվին, որին սպասում էի։ Գորիլաները, այդպես էլ ինձ բանան չտված, գնացին։ Իմ հսկիչն ինքը կերավ գնալու ժամանակ։ Նա ինչու պետք է ինձ երես տար, երբ փորձը նպատակին էր հասել և առանց պարգևի։
     Հաջորդ օրը գորիլաները փորձարկման եկան նոր միջոցներով։ Մեկի ձեռքին մի զանգ կար, մյուսը քաշում էր սայլակը, որի վրա դրված էր մագնետոի (կայծհարույցի) նման ինչ-որ սարք։ Այս անգամ, նախապես հասկանալով, թե ինչ փորձ են կատարելու մեզ վրա, անմիջապես կռահեցի այդ գործիքների դերը, քան գորիլաները գործի կգցեին։
     Նրանք սկսեցին Նովայի հարևանից, զարմանալիորեն բութ ու խավարամած հայացքով մի առողջ երիտասարդից։ Նա կանգնած էր վանդակի մոտ, ձեռքերով ճաղերը բռնած, ինչպես անում էինք մենք բոլորս, երբ հայտնվում էին հսկիչները։ Առաջին գորիլան սկսեց հնչեցնել զանգը, որ անսպասելիորեն ցածրաձայն ստացվեց. երկրորդը այդ ժամանակ մագնետոի լարերը միացրեց վանդակի ճաղին։ Երբ զանգը բավականին երկար ժամանակ ղողանջեց, երկրորդ հսկիչը պտտացրեց մագնետոի բռնակը։ Մարդն անմիջապես աղիողորմ վայնասուն արձակելով ետ ցատկեց:
     Այդ գործողությունը գորիլաները նույն մարդկանց վրա կատարեցին բազմաթիվ անգամ, միշտ մարդկանց մրգով գայթակղելով դեպի վանդակի ճաղերը։ Փորձի նպատակն ինձ հայտնի էր. փորձարկվողի մեջ մշակել նոր պայմանական ռեֆլեքս, որպեսզի նա ետ թռչեր դեպի վանդակի խորքը զանգի առաջին իսկ հնչյուններից, այսինքն՝ մինչև էլեկտրական հարվածն զգալը։ Սակայն այդ օրը նրանք արդյունքի չհասան, երիտասարդի հոգեբանությունը չափազանց թույլ էր զարգացած, և նա ոչ մի կերպ չկարողացավ կապ ստեղծել պատճառի ու հետևանքի միջև։
     Ես սպասում էի իմ հերթին, ներքուստ ծիծաղելով նրանց վրա. շտապում էի նրանց ցուցադրել բնազդի և գիտակցության միջև եղած տարբերությունը: Հենց որ զանգը հնչեց, ես արագ բաց թողեցի ճաղերը և նետվեցի վանդակի խորքը: Դրա հետ մեկտեղ ես ուշադիր նայեցի իմ հսկիչներին և ծաղրանքով ժպտացի: Գորիլաները մռայլվեցին: Նրանք այժմ ինձ վրա չէին ծիծաղում: Թվում է, նրանք առաջին անգամ սկսեցին կասկածել, որ իրենց ձեռք եմ առնում:
     Այսուհանդերձ որոշեցին փորձը շարունակել, բայց այստեղ նրանց խանգարեց այցելուների խումբը:

Գլուխ 15

     Անցուղով շարժվում էին երեքը, էգ շիմպանզե Զիրան և երկու այլ կապիկներ, որոնցից մեկը հավանաբար բարձր պաշտոնյա էր: Նա արու օրանգուտանգ էր, առաջին օրանգուտանգը, որ ես տեսա Սորորայի վրա: Հասակով գորիլայից ավելի ցածր էր և կարծես ավելի կռացած: Այդ օրանգուտանգն ուներ այնպիսի երկար ձեռքեր, որ երբեմն հենվում էր կծկված մատնոսկրերի վրա, մի բան, որ մյուս կապիկները համարյա չէին անում: Տարօրինակ տպավորություն էր ստեղծվում. կարծեք թե նա քայլում էր՝ հենված երկու փայտերի վրա: Ուսերի մեջ քաշված գլուխը շրջանակում էին կարմրավուն բրդի երկար մազափնջերը, իսկ մռութի վրա սառած էր հին մանրախնդրի խորամիտ արտահայտությանը: Իր ամբողջ կերպարանքով այդ օրանգուտանգը հիշեցնում էր տարիներով ծանրաբեռնված պատվական հոգևորականի: Նրա կոստյումը նույնպես տարբերվում էր մյուս կապիկների կոստյումներից, նա հագել էր վաղուց չմաքրված երկարափեշ սև ռեդինգոտ՝ կրծքի դարձածալին կարմիր աստղ և նույնպիսի փոշոտ, սպիտակ զոլերով սև տաբատ:
     Օրանգուտանգի ետևից, ծանր պայուսակը բռնած, դոփդոփացնում էր մի փոքր էգ շիմպանզե: Նրա վարքագծից կարելի էր եզրակացնել, որ օրանգուտանգի քարտուղարուհին է: Ես կարծում եմ, որ ընթերցողին արդեն չի զարմացնում, որ ամեն քայլափոխի շեշտում եմ կապիկների վարքի առանձնահատկություններն ու նրանց դեմքի արտահայտությանը: Երդվում եմ, որ ցանկացած բանական մարդ իմ փոխարեն այս զույգին կընդուներ որպես մեծապատիվ գիտնականի և նրա համեստ քարտուղարուհու: Նրանց հայտնվելն ինձ հնարավորություն տվեց մի անգամ ևս համոզվել, որ կապիկների մեջ գոյություն ունի բավական խիստ հիերարխիա: Զիրան իր գիտնական հովանավորին վերաբերվում էր բացահայտ հարգանքով: Երկու հսկիչ գորիլաները, նկատելով այցելուներին, անմիջապես նետվեցին նրանց դիմավորելու՝ գրեթե խոնարհվելով մինչև գետին: Բայց օրանգուտանգը, իբրև պատասխան, միայն բարեհաճորեն թափահարեց թաթը:
     Այցելուներն անմիջապես ուղղվեցին դեպի իմ վանդակը: Եվ զարմանալի էլ չէր. մի՞թե ես չեմ ամենահետաքրքիր ներ­կայացուցիչը ամբողջ խմբում:
     Բարձր ղեկավարությանը ես դիմավորեցի ամենայն բարեկամական ժպիտով և օրանգուտանգին դիմեցի վերամբարձ ճառով.
     -Թանկագին օրանգուտանգ, - ասացի ես: - Դու չես պատկերացնում, թե ինչքան երջանիկ եմ, որ վերջապես հանդիպեցի մի արարածի, որի դեմքը արտահայտում է իմաստություն և խորաթափանցություն: Ես համոզված եմ, որ մենք կհասկանանք միմյանց:
     «Թանկագին օրանգուտանգը», լսելով իմ խոսքի առաջին հնչյունները, անակնկալից վեր թռավ: Այնուհետև սկսեց քորել ականջը՝ կասկածանքով նայելով իմ վանդակին, կարծես զգուշանալով ինչ-որ չար դիտավորությունից կամ միստիֆիկացիայից: Այդ ժամանակ Զիրան դարձավ նրան. բաց անելով ծոցատետրը, սկսեց ընթերցել ինձ վերաբերող գրառումները: Նա ձգտում էր ինչ-որ բան ապացուցել օրանգուտանգին, բայց վերջինս ոչինչ չէր ուզում լսել: Մի քանի անգամ նա փքուն խրատական խոսքերով ընդհատեց Զիրային, թոթվեց ուսերը, տարուբերեց գլուխը և վերջում, ձեռքերը մեջքին դնելով, սկսեց ետ ու առաջ անել իմ վանդակի մոտ, ժամանակ առ ժամանակ խիստ անխրախուսական հայացք գցելով վրաս: Մնացած կապիկները հարգալից լռությամբ սպասում էին նրա որոշմանը:
     Ի միջի այլոց, նրա նկատմամբ եղած հարգալից վերաբերմունքը սոսկ արտաքուստ էր. նկատելով, թե գողունի ինչ նշաններով են խոսում իրար հետ հսկիչ գորիլաները, ես հասկացա, որ նրանք մտքում ծիծաղում են իրենց շեֆի վրա: Օրանգուտանգի վարքագիծը վրդովվեցրեց ու հիասթափեցրեց ինձ, դրա համար էլ, նկատելով, որ մյուս կապիկները նրան լրջորեն չեն ընդունում, որոշեցի խաղալ մի փոքր տեսարան, գուցե նա վերջապես կգնահատի իմ դատողականությունը։ Եվ ահա ես նույնպես ձեռքերս մեջքիս դրած - կռանալով ու հոնքերս կիտելով, խոր մտածմունքի մեջ ընկածի տեսքով, սկսեցի ետ ու առաջ անել վանդակում։ Գորիլաները ծիծաղից մեռան, փոքրիկ քարտուղարուհին, իրեն չմատնելու համար, մռութը խոթել էր բաց պայուսակի մեջ, նույնիսկ Զիրան չկարողացավ զսպել իրեն։ Ես սրտանց ուրախացա իմ իմպրովիզացիայի հաջողությունից, մինչև գիտակցեցի, որ դա կարող, է թանկ նստել ինձ վրա։ Օրանգուտանգը նկատեց իմ դիմախաղը և կատաղեց։
     Մի քանի չոր, կտրուկ տոնով արտահայտված խոսքը ակնթարթորեն վերականգնեց կարգուկանոնը։ Դրանից հետո նա կանգնեց իմ վանդակի առաջ և քարտուղարուհուն թելադրեց իր նշումները։ Թելադրեց բավականին երկար, գոռոզ շարժուձևով շեշտելով յուրաքանչյուր պարբերությունը։
     Նրա ինքնագոհ բթությունը ինձ շուտով ձանձրացրեց, և ես որոշեցի մի անգամ ևս ցուցադրել իմ ընդունակությունները։ Ձեռքս նրան մեկնելով և աշխատելով ավելի լավ խոսել, ասացի.
     - Մի Զայուս։
     Ես նկատել էի, որ բոլոր ենթակա կապիկները օրանգուտանգին դիմում են այս խոսքերով, իսկ հետագայում իմացա, որ «Զայուս»–ը գիտնական տղամարդու անունն է, իսկ «մի»-ն՝ պատվավոր կոչումը:
     Կապիկները զարմացած էին։ Նրանց համար արդեն ծիծաղելի չէր, հատկապես Զիրայի, որն ավելի շատ անհանգստացավ, երբ նրան մատնացույց անելով, ասացի.
     - Զի'րա։
     Այդ բառը նույնպես մտապահել էի և համոզված էի, որ այն կարող է նշանակել միայն նրա հատուկ անունը։
     Ինչ վերաբերում է Զայուսին, ապա նա վերջնականապես զայրացավ և նորից սկսեց վազվզել վանդակների միջև եղած անցուղում, անվստահորեն տարուբերելով գլուխը։ Վերջապես հանգստացավ և կարգադրեց իր ներկայությամբ կրկնել արդեն ինձ ծանոթ փորձերը։ Ես հաճույքով ենթարկվեցի։ Սուլիչի ձայնը հազիվ էի լսել, որ առատորեն թուք բաց թողեցի։ Արագ դեպի վանդակի խորքը թռա զանգի հենց առաջին զնգոցից։ Զայուսը ստիպեց գորիլաներին այս երկրորդ փորձը կրկնել։ Զայուսը ստիպեց այս երկրորդ փորձը կրկնել տասն անգամ և ամբողջ ժամանակ քարտուղարուհուն թելադրում էր իր անվերջանալի դիտողությունները:
     Վերջում նոր միտք հղացա. այն պահին, երբ հսկող գորիլաներից մեկը զանգը հնչեցրեց, ես թուլացրի սեղմակը, որի միջոցով էլեկտրական հոսանքը միացրել էին վանդակին, և լարը գցեցի մի կողմ։ Դրանից հետո ես հանգիստ կանգնեցի վանդակի ճաղերի մոտ, բռնելով դրանք, չնայած երկրորդ հսկիչը ամեն կերպ չարչարվում էր, պտտեցնելով արդեն անվնաս մագնետոի բռնակը։
     Ես հպարտ էի իմ հնարքով, քանի որ դա, իմ կարծիքով, ամեն մեկի համար, թեկուզև ինչ-որ չափով, բանական արարած լինելու անհերքելի փաստ էր։ Եվ իրոք, իմ արարքը Զիրայի վրա, համենայն դեպս, պատշաճ տպավորություն թողեց։ Նա շեշտակի նայեց ինձ, և նրա ճերմակ դնչիկը շիկնեց, որը շիմպանզեի համար, ինչպես ավելի ուշ իմացա, խիստ հուզվելու նշան է։ Սակայն Զայուսը մնաց անսասան։ Ինչքան էլ որ Զիրան համոզեց նրան, անիծված օրանգուտանգը միայն արհամարհանքով թափահարեց ուսերը և տմբտմբացրեց գլուխը։ Այս այր գիտնականը, ինչպես երևում է, պատկանում էր խիստ դասակարգիչների թվին, և միայն մերկ փաստերը նրա համար բավական չէին։ Նա գորիլաներին կարգադրեց, և ինձ ենթարկեցին նոր փորձարկման, դա առաջին երկու տեստերի համադրությունն էր։
     Այդ փորձի մասին էլ գիտեի և նույնիսկ տեսել էի մի լաբորատորիայում. դա կատարում էին շների վրա։ Փորձի նպատակը փորձարկվողի միտքը բթացնելն էր և երկու հակառակ ռեֆլեքսների համադրումով նրա մոտ նյարդային խանգարվածություն առաջացնելը։ Եվ այսպես, առաջին հսկիչ գորիլան սկսեց սուլիչով սուլել, խոստանալով համեղ քաղցրավենին, իսկ երկրորդը հնչեցրեց զանգը՝ տալով վտանգի ազդանշան։ Ես հիշում եմ նման փորձերի վերաբերյալ մի նշանավոր ֆիզիոլոգի եզրակացությունը, նա ասում էր, որ դրանք կենդանուն կարող են հասցնել մինչև մարդկային նևրոզը հիշեցնող վիճակի, նույնիսկ խելագարության, եթե այն կրկնվի հաճախակի։
     Գիտենալով այս ամենը, ես ջանացի խուսափել ծուղակից։ Ձևացնելով, որ ուշադիր լսում եմ սկզբում սուլիչի ձայնը, այնուհետև՝ զանգի զնգզնգոցը, նստեցի վանդակի կենտրոնում մտածողի ավանդական կեցվածքով, կզակս հենած բռունցքներիս։
     Զիրան, չկարողանալով զսպել իրեն, ծափ տվեց։ Զայուսը գրպանից հանեց թաշկինակն ու սրբեց ճակատը։ Քրտինքը հոսում էր դեմքից, բայց ոչ մի բան չէր կարող սասանել նրա էշային համառությունը։ Այդ ես հասկացա նրա դիմախաղերից, երբ ինչ-որ բանի մասին կատաղի վիճում էր շիմպանզեի հետ։ Մի քանի նշումներ թելադրելով քարտուղարուհուն, օրանգուտանգը Զիրային տվեց բազմաթիվ մանրամասն ցուցումներ, որոնք վերջինս լսում էր դժգոհ, և, վերջապես, հեռացավ, հրաժեշտի պահին զայրացած մի հայացք պարգևելով ինձ։
     Զիրան, իր հերթին, ինչ-որ բան ասաց հսկիչ գորիլաներին, և ես անմիջապես հասկացա, որ կարգադրեց հանգիստ թողնել ինձ, ծայրահեղ դեպքում, գոնե այսօր, որովհետև նրանք անմիջապես հեռացան՝ վերցնելով փորձերի համար օգտագործվող ամեն ինչ։ Մնալով մենակ, Զիրան մոտեցավ վանդակին և երկար ժամանակ լուռ նայում էր ինձ։ Հետո անսպասելիորեն բարեկամական ժեստով թաթը մեկնեց։ Ես շփոթված սեղմեցի այն, ցածրաձայն կրկնելով «Զիրա» անունը։ Շիմպանզեի մռութիկը նորից շառագունեց, ես հասկացա, որ նա խորապես զգացված է։

Գլուխ 16

     Մի քանի օր հետո Զայուսը նորից հայտնվեց և անմիջապես կարգադրեց փոխել մեր բաժանմունքի ամբողջ կարգուկանոնը։ Սակայն ես սկզբից պատմեմ, թե ինչպես հաջողվեց այդ մի քանի օրվա ընթացքում աչքի ընկնել կապիկների մոտ։
     Օրանգուտանգի առաջին այցելության հաջորդ օրը մեզ ենթարկեցին մի ամբողջ շարք նոր տեստերի փորձարկման։ Ամեն ինչ սկսվեց կերակրման ժամանակ։ Սովորական ձևով, այսինքն մրգերը մեր վանդակները շպրտելու փոխարեն, Զորամը և Զանամը (այդպես էին անվանում երկու հսկիչ գորիլաներին, և ես, վերջ ի վերջո, սովորեցի նրանց անունները) կերը դրեցին կողովների մեջ և հատուկ բլոկների միջոցով բարձրացրին վանդակների առաստաղների մոտ։ Այնուհետև յուրաքանչյուր վանդակի մեջ մտցրին չորս խորանարդաձև արկղեր։ Դրանից հետո գորիլան՚երը գնացին անցուղու կենտրոնը և այնտեղից սկսեցին դիտել մեզ։
     Իմ բոլոր բախտակից ընկերների դեմքերն այնպիսի հուսահատ արտահայտություն ստացան, որ ցավալի էր նայելը։ Նրանք փորձեցին թռչել մինչև կողովները, բայց ոչ ոքի այդ չհաջողվեց։ Մի քանիսը ճաղերի վրայով հասան վերև, բայց այնտեղից էլ ոչ մեկին չհաջողվեց հասնել կերին, որը կախված էր վանդակի առաստաղի կենտրոնում։ Այդ մարդիկ այնքան հիմար էին, որ ես ամոթից կարմրում էի։ Ինչ վերաբերում էր ինձ, ապա ասելու բան չէ, ես անմիջապես լուծեցի այդ պարզ խնդիրը։ Հարկավոր էր այդ չորս արկղերը դնել իրար վրա, բարձրանալ այդ ճոճվող հարմարանքին և հանգիստ կողովը հանել կեռից. այդպես էլ արի, անհոգ տեսքի տակ թաքցնելով հպարտությունս։ Ամեն ինչ շատ պարզ էր ու հասարակ, սակայն բոլոր մարդկանցից միայն ես բավականաչափ խելամիտ գտնվեցի։ Զորամն ու Զանամը հիացած էին, և դա մինչև հոգուս խորքը հուզեց ինձ։
     Ես սկսեցի ուտել, չթաքցնելով արհամարհանքս մյուս գերիների նկատմամբ, որոնք չկարողացան նույնը կրկնել նաև այն բանից հետո, երբ օրինակ ցույց տվեցի։ Նույնիսկ Նովան այդ օրը չկարողացավ կատարել այդ պարզ գործողությունը, չնայած ես մի քանի անգամ հատուկ ցուցադրեցի նրան բոլոր էտապները՝ սկզբից մինչև վերջ։ Բայց նա գոնե ջանում էր հասկանալ... Նովան, անկասկած, մեր խմբում ամենախելամիտն էր։ Նա փորձեց մի արկղը դնել մյուսի վրա, սակայն անհավասար ստացվեց, և երբ նրա կառույցը աղմուկով փուլ եկավ, խեղճը վախեցած քաշվեց վանդակի անկյունը։ Այդ աղջիկը զարմանալիորեն Ճկուն էր ու շարժուն, նրա բոլոր շարժումները թեթև էին և ներդաշնակ, բայց ցանկացած առարկայի հետ վարվելիս ցուցաբերում էր հազվադեպ անշնորհքություն։ Ի միջի այլոց, երկրորդ օրվա վերջում նա կարողացավ գլուխ բերել խորանարդների օգնությամբ կատարվող գործողությունը։ Իսկ այդ օրն առավոտյան ես նրան խղճացի և ճաղերի արանքից վանդակը գցեցի երկու հյութեղ պտուղ։ Դրա համար ես արժանացա Զիրայի սիրալիր վերաբերմունքին, որն այդ պահին մտավ մեր բաժինը։ Ես հազիվ չմռմռացի կատվի պես, երբ նա մազոտ թաթով թփթփացրեց ուսիս, սակայն դա Նովային բացահայտորեն դուր չեկավ. նա կատաղեց և սուր ճիչեր արձակելով վանդակում այս ու այն կողմ ընկավ։
     Ինչպես այս փորձի, այնպես էլ մյուս փորձերի ժամանակ ես աչքի էի ընկնում, բայց ամենագլխավորն այն էր, որ ինձ հաջողվեց լսելով որսալ կապիկների լեզվից մի քանի պարզունակ բառեր և հասկանալ նշանակությունը։ Ես դրանք արտասանում էի ամեն անգամ, երբ Զիրան անցնում էր իմ վանդակի մոտով, և ամեն անգամ նրա զարմանքն ավելանում էր։ Եվ այդ ժամանակ էլ Զայուսը պատվեց մեզ նոր այցելությամբ։
     Ինչպես և առաջին այցելության ժամանակ, նրան ուղեկցում էր քարտուղարուհի շիմպանզեն, բայց այս անգամ Զայուսի հետ եկել էր նաև մի օրանգուտանգ, որը նույնպես ամբարտավան էր և նույնպիսի աստղ ուներ ռեդինգոտի դարձածալին։ Օրանգուտանգները զրուցում էին՝ ինչպես հավասարը հավասարի հետ, և ես հասկացա, որ Զայուսը կոնսուլտացիայի համար հրավիրել է իր գիտնական գործընկերոջը, որպեսզի կարողանա կողմնորոշվել այն բարդ հարցում, թե ինչպես է ինձ պատկերացնում։
     Կանգ առնելով իմ վանդակի առջև, օրանգուտանգները սկսեցին բանավիճել, որին մասնակցեց նաև Զիրան։ Շիմպանզեն խոսեց երկար ու բորբոքված։ Ես հասկացա, որ նա ինձ պաշտպանում է, մատնանշելով իմ գերբնական խելամտությունը, որը ոչ ոքի մոտ արդեն կասկած չէր հարուցում։ Սակայն նրա բոլոր ապացույցները այդ երկու օրանգուտանգների մոտ առաջացրին անվստահության ժպիտ։
     Այդ բարձրաստիճան այցելուների ներկայությամբ ինձ մի անգամ ևս ենթարկեցին բոլոր տեսակի փորձարկումներին, որոնցից այնպես հմտորեն գլուխ էի հանում։ Վերջին փորձի ժամանակ պետք է բաց անեի արկղիկը, որ փակված էր ինը զանազան փակերով՝ սողնակով, կեռիկով, մղլակով, ներփորած կողպեքով, կախովի կողպեքով և այլն։ Ինչքան ինձ հայտնի է, Երկրի վրա նման բան, կապիկների խելքը գնահատելու համար, մտածել է ֆիզիոլոգ Քիննոմանը։ Այդ խնդիրը համարվում էր ամենաբարդը, սակայն մի քանի կապիկների հաջողվել է լուծել այն։ Պարզվում է, այստեղ էլ այդ փորձը նույն ձևով է գնահատվում։ Հենց առաջին անգամ, մի քանի փորձից հետո, ես հաջողության հասա։
     Եվ հիմա Զիրան այնպիսի աղաչական տեսքով մեկնեց ինձ արկղիկը, կարծես իմ հաջողությունից էր կախված նրա համբավը։ Որպեսզի արդարացնեմ Զիրայի հույսերը, ես ջանացի իմ խելամտությունը ցուցադրել ամենայն փայլով և ակնթարթորեն, առանց փոքր-ինչ տատանման, մեկը մյուսի ետևից բացեցի բոլոր ինը փականները։ Բայց դրանով չսահմանափակվեցի։ Արկղիկի միջից հանելով պտուղը, քաղաքավարի առաջարկեցի Զիրային։ Շիմպանզեն ընդունեց իմ նվերը, հուզմունքից կարմրելով։ Ժամանակ չկորցնելով, ես տեղնուտեղը սկսեցի ցուցադրել կապիկների լեզվի իմ գիտելիքները, ջանադրաբար արտաբերելով սովորածս բառերը և մատնացույց անելով դրանք նշանակող առարկաները։
     Ինձ թվաց, թե դրանից հետո ոչ ոք չի համարձակվի այլևս կասկածել, որ ես բանական արարած եմ։ Բայց ավաղ, այն ժամանակ չգիտեի, թե ինչքան մեծ է օրանգուտանգների կույր ինքնագոհությունը։ Նրանց մռութներին հայտնվեց նույն կասկածամիտ ժպիտը, որն ինձ կատաղեցնում էր։ Նրանք կտրուկ ընդհատեցին Զիրայի խոսքը և ինչ-որ բանի մասին սկսեցին վիճել։ Երբ ես խոսում էի, նրանք լսում էին այնպես, ինչպես լսում են թութակներին։ Ես զգացի, որ օրանգուտանգները համաձայն չեն, թե իմ ամբողջ տաղանդը կարելի է բացատրել յուրահատուկ բնազդով և բարձր զարգացած ընդօրինակման ընդունակություններով:
     Ինչպես երևում է, նրանք կանգնած էին այն ուսմունքի վրա, որը մեր երկրային գիտնական Գ. Լ. Մորգանը ձևակերպել է հետևյալ կերպ.
     «Մենք ոչ մի դեպքում չպետք է որևէ գործողություն գնահատենք որպես հոգեկան բարձր ընդունակությունների արտահայտություն, եթե այդ գործողությունը կարելի է բացատրել որպես ավելի ցածր կարգի հոգեկան արտահայտության»։
     Անկասկած, հենց այդ մասին էլ խոսում են օրանգուտանգները իրենց գիտական ժարգոնով, իսկ ինձ մնում էր միայն զայրույթից ատամներս կրճտացնել։ Երևի ես չզսպեի ինձ ու պայթեի, եթե ժամանակին չզգայի Զիրայի նախազգուշացնող հայացքը։ Ինձ համար պարզ դարձավ, որ նա համաձայն չէր օրանգուտանգների հետ և ուղղակի ամաչում է իմ ներկայությամբ տարվող նրանց հիմար խոսակցության համար։
     Երբ Զայուսի գիտական համախոհը հեռացավ, իմ մասին անկասկած հայտնելով իր վճռական կարծիքը, օրանգուտանգը նոր փորձ ձեռնարկեց։ Սկզբում նա շրջեց ամբողջ դահլիճում՝ կանգ առնելով յուրաքանչյուր վանդակի առաջ և ուշադիր զննելով գերիներին։ Այդ միջոցին օրանգուտանգը ինչ ցուցումներ տալիս էր, Զիրան անմիջապես գրի էր առնում։
     Դատելով նրա մռութիկի արտահայտությունից, բոլորիս համար մեծ փոփոխություններ էին սպասվում։ Ես բավականին շուտ կռահեցի, թե Զայուսի պլանը ինչ է հետապնդում և հասկացա դիտարկումների միտքը, որ նա անում էր, համեմատելով այս կամ այն տղամարդու և կնոջ որոշակի հատկանիշները։
     Եվ չսխալվեցի իմ ենթադրությունների մեջ։ Զիրան իր շեֆի ցուցումները փոխանցեց գորիլաներին, և նրանք գործի անցան։
     Մեզ տեսակավորեցին զույգերով։ Իսկ ինչ դիվային փորձ էր նախագուշակում այս նախապատրաստական գործողությունը... Հետազոտական տենդով բռնված կապիկները մարդկային ցեղի էլ ի՞նչ առանձնահատկություն էին ուզում ուսումնասիրել։ Ֆիզիոլոգիական լաբորատորիայի աշխատանքներին ծանոթ լինելն ինձ հուշեց, այդ հարցի պատասխանը. ռեֆլեքսներ ու բնազդներ ուսումնասիրող ցանկացած գիտնականի համար սեռական բնազդը ներկայացնում է առաջնակարգ հետաքրքրություն։
     Այո, խոսքը հենց այդ մասին էր։ Անիծված կապիկները ցանկանում էին մեզ վրա ուսումնասիրել մարդկային սիրո խաղերի առանձնահատկությունները. արուի վարքը, էգի վարքը, ինչպես են մարդիկ մերձենում անազատության մեջ և այլն, և գուցե նրա համար, որ հետո արդյունքներն համեմատեն նախնական՝ բնական պայմաններում մարդկանց վրա կատարած դիտարկումների հետ։
     Կապիկների նկատառումների մեջ թափանցելով, ես երդվեցի շուտափույթ մեռնել որն ավելի ցանկալի էր, քան նրանց զզվելի փորձերի օբյեկտը դառնալը։ Կյանքում նման ստորացում դեռ չէի ճաշակել։ Ի միջի այլոց, չնայած իմ որոշումը անսասան էր, բայց կարծես թե թեթևություն զգացի, երբ տեսա այն կնոջը, որին օրանգուտանգը ընկերուհի էր ընտրել ինձ համար։ Դա Նովան էր։ Այդ ընտրության համար ես պատրաստ էի ներել այդ ծեր, հիմար ու համառ շաղակրատին և նույնիսկ չդիմադրեցի, երբ Զորամն ու Զանամը կոպտորեն բռնեցին ինձ և գցեցին ջրվեժի հավերժահարսի ոտքերի տակ։

Գլուխ 17

     Ես չեմ պատմի այն ամենի մասին, ինչ կատարվեց հարևան վանդակներում հաջորդ շաբաթ։ Ինչպես ենթադրում էի, կապիկները որոշել էին ուսումնասիրել մարդկանց սեռական կյանքի բոլոր մանրամասնությունները և սկսեցին գործել իրենց հատուկ մեթոդներով։
     Ես ինքս էլ սկսեցի զննել որոշ մանրամասներ։ Սակայն շուտով դա ձանձրացրեց ինձ, քանի որ նոր բան այդպես էլ չտեսա։ Ոչինչ, եթե հաշվի չառնենք սիրահետման տարօրինակ ձևը, որին դիմում էր տղամարդը նախքան կնոջը մոտենալը։ Դա պարի նման մի բան էր, որը հիշեցնում էր որոշ թռչունների ամուսնական պարը։ Տղամարդը դանդաղ ու անհամարձակ սկսում էր քայլել կնոջ շուրջը՝ մի քայլ առաջ անելով, մի քայլ՝ ետ, հետո ետ-ետ էր գնում, հետո՝ դեպի կողմ։ Նա այդպես պտտվում էր, աստիճանաբար նեղացնելով շրջանը, որի կենտրոնում կինը մնում էր անշարժ և միայն դեմքով դառնում դեպի տղամարդը։ Ես բազմիցս դիտեցի այդ հետաքրքիր արարողությունը. ամուսնական պարի հիմնական ձևերը նույնն էին, անփոփոխ, միայն երբեմն մանրամասներն էին փոխվում։
     Այդ բոլորի ընթացքում ամենազարմանալին կապիկների գիտական մանրակրկիտությունն էր. նրանք անտրտունջ ուսումնասիրություններ էին կատարում, ծոցատետրերում նշելով բոլոր մանրամասները։
     Սակայն երբ նրանք հասան ինձ, խնդիրը բոլորովին այլ բնույթ ստացավ։ Նկատելով, որ ես մտադրություն չունեմ տրվելու սիրային զվարճությանը, մեր հսկիչ գորիլաները կարծում էին, որ կարող են դրան հասնել ուժով։ Եվ ահա սկսեցին հորդորել, ծակծկել սրածայր փայտով, ինչպես սովորական կենդանու, ինձ՝ Ուլիս Մերուին, մարդու, որն ստեղծված է հար և նման աստծուն։
     Ես ընկրկեցի անզուսպ հուսահատությամբ: Սակայն գորիլաները ձեռ չքաշեցին ինձնից և հայտնի չէ, թե ինչ կանեին, եթե չհայտնվեր Զիրան։
     Երբ հսկիչները նրան զեկուցեցին իմ տարօրինակ վարմունքի մասին, Զիրան երկար մտածեց, այնուհետև մոտեցավ վանդակին, նայեց ինձ իր հրաշալի մեծ ու խելոք աչքերով և գլուխս շոյելով սկսեց խոսել։ Ես կարծում եմ, որ նրա խոսքերի իմաստը մոտավորապես հետևյալն էր.
     - Խեղճ, ծիծաղելի մարդ, ինչ տարօրինակն ես դու։ Մի՞թե լավ մարդիկ այդպես կպահեն իրենց։ Արա այն, ինչ խնդրում են քեզ, և դու կստանաս որևէ համեղ բան։
     Զիրան հանեց գրպանից մի կտոր շաքար և մեկնեց ինձ։ Ես հուսահատության մեջ էի. ուրեմն նա նույնպես ինձ համարում է կենդանի, մի փոքր ավելի խելացի, քան մնացածը։ Կատաղությունից թափահարեցի գլուխս, մերժելով ողորմությունը և կծկվեցի վանդակի մի անկյունում, Նովայից հեռու, որը տարակուսանքով նայում էր ինձ։
     Հավանաբար գործը դրանով էլ կավարտվեր, եթե այդ պահին սատանան չբերեր ծեր Զայուսին։ Այդ օրը, քան երբևէ, օրանգուտանգը անհամբեր էր ու ինքնագոհ։ Նա պահանջեց փորձերի արդյունքների հաշվետվությունը և առաջինը, ըստ իր սովորության, հարցրեց իմ մասին։
     Զիրան ստիպված զեկուցեց իմ համառության մասին։ Բարկացած օրանգուտանգը, ձեռքերը մեջքին դրած, սկսեց վազվզել վանդակի մոտ, բայց մի րոպե անց որոշում կայացրեց և կատեգորիկ տոնով ինչ-որ բան կարգադրեց հսկիչներին։ Զորամը և Զանամը բաց արին վանդակը և Նովային տարան։ Անիծված Զայուսը իր բութ մանրախնդրությամբ ու գիտական գերբարեխղճությամբ...
     Սարսափով տեսա, ինչպես Նովային հրեցին իմ դիմացի վանդակը, որտեղ նստած էր լայնաթիկունք, հաղթանդամ երիտասարդը, իսկական հսկա, մազոտ կրծքով։ Նա անմիջապես թռավ Նովայի մոտ և սկսեց թրև գալ Նովայի շուրջը, կատարելով արդեն նկարագրածս սիրային անհեթեթ պարը։
     Գիտակցելով նրա վարքի նպատակը, իմ բոլոր բարի նկատառումները գլխիցս թռան։ Կատաղությունից ցնորվեցի։ Բառաչեցի, հա՜յ-հո՜ւյ արեցի Սորորայի մարդկանցից ոչ վատ։ Նրանց նման ես մոլեգնությունից հարձակվեցի վանդակի ճաղերի վրա, փրփուրը բերանիս կրծեցի ճաղերը, կրճտացրի ատամներս. կարճ ասած, ինձ պահեցի ինչպես իսկական անասուն։
     Բայց էլ ավելի զարմանալի եղավ իմ բռնկման արդյունքը; Նայելով, թե ես ինչպես եմ կատաղում, Զայուսն հանկարծ ժպտաց։ Առաջին անգամ նա ինձնից գոհ մնաց։ Վերջապես նրա առջև տիպիկ մարդկային վարքի ծանոթ տեսարան էր։ Նրա տեսությունը ճիշտ դուրս եկավ։ Օրանգուտանգը բարեհոգի տրամադրության մեջ էր և նույնիսկ Զիրայի խնդրանքով համաձայնվեց փոխել իր կարգադրությունը և անել վերջին փորձը։ Հսկիչ գորիլաները վերադարձրին Նովային իմ վանդակը ավելի շուտ, քան մազոտ անասունը կհասցներ նրան մոտենալ։
     Կապիկները հեռացան, բայց հեռվից շարունակեցին դիտել մեզ։
     Ասածին էլ ի՞նչ ավելացնել։ Այդ ամբողջ հուզումը վերջնականապես կոտրեց ինձ։ Միայն մնում էր ենթարկվել օրանգուտանգի սատանայական խորաթափանցությանը։ Վերջինս, ծիծաղելով մեզ վրա, տոնեց իր հաղթանակը։ Եվ ահա, ամոթից վշտացած, ես արեցի առաջին վախկոտ կաքավաքայլը։
     Այո, ես, արարող աստվածս, սկսեցի ամուսնական պարով պտտվել իմ գեղեցկուհու շուրջը։ Այդ բոլոր կապիկների առաջ, որոնք աչք չէին կտրում ինձնից, ծեր օրանգուտանգի առաջ, որը նշումներ էր թելադրում իր քարտուղարուհուն, ներողամիտ էգ շիմպանզեի և երկու քմծիծաղ տվող արու գորիլաների առաջ, ես՝ մարդս, հազարամյակների քաղաքակրթության բարձունքը, հոգում վախկոտորեն արդարանալով, որ այս ամենի համար մեղավոր են տիեզերական ճանապարհորդությունների անակնկալները և որ իբր ես այժմ գիտեմ, հիրավի, երկնքում և մոլորակներում քիչ չեն այնպիսի բաները, որ նույնիսկ իմաստունները երազում անգամ չեն տեսել, ես՝ Ուլիս Մերուն, սիրային ծես կատարելով՝ դոփդոփում էի չքնաղ Նովայի շուրջը։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Գլուխ 1

     Պետք է խոստովանեմ, որ բավականին շուտ ընտելացա վանդակի կյանքին, նույնիսկ՝ շատ թեթև ու արագ։ Նյութական տեսակետից ինձ, ըստ էության, ցանկանալու բան չկար, ցերեկը կապիկները կատարում էին իմ ամենափոքր իսկ քմահաճույքները, իսկ գիշերը փռոցս կիսում էի տիեզերքի ամենագեղեցկուհի կանանցից մեկի հետ։ Այնքան էի վարժվել իմ վիճակին, որ այլևս չէի նկատում նրա ամբողջ անհեթեթությունն ու նվաստությունը և մեկ ամսվա ընթացքում ոչ մի լուրջ փորձ չարեցի դրան վերջ դնելու համար։ Ամենամեծ գործս, ինչին պարզվեց, որ ընդունակ եմ, կապիկների լեզվով մի քանի նոր բառերի յուրացումն էր։ Ես այլևս փորձ չարեցի վերականգնել կոնտակտը Զիրայի հետ, այնպես որ, եթե նա առաջ գոնե կասկածում էր, որ ես բանական արարած եմ, ապա այժմ, ինչպես երևում է, համաձայնվեց Զայուսի հետ և ինձ նայում էր որպես մոլորակի մարդու, այսինքն՝ որպես անասունի, գուցե և ոչ հիմար, սակայն բոլոր դեպքերում ինտելեկտից զուրկ մարդու։
     Իմ առավելությունը մյուս գերիների նկատմամբ, որ ես, ի միջի այլոց, հատկապես չէի շեշտում, որպեսզի չվախեցնեմ հսկիչներին, ինձ կարևոր անձ դարձրեց ամբողջ ինստիտուտում, նրա պարծանքը։ Ի ամոթ ինձ, պետք է խոստովանեմ, որ այն լրիվ բավարարում էր իմ փառասիրությանը, և ինչ-որ ժամանակ ևս նույնիսկ հպարտանում էի իմ վիճակով։ Զորամն ու Զանամը ինձ վերաբերում էին բարեկամաբար, նրանց զվարճացնում էր, երբ ժպտում էի, հռհռում կամ արտասանում առանձին բառեր։ Ինձ վրա կատարելով բոլոր կլասիկ փորձերը, նրանք ձգտում էին հորինել նորերը, ավելի բարդերը, և միասին ուրախանում էինք, երբ ինձ հաջողվում էր լուծել հերթական խնդիրը։ Նրանք երբեք չէին մոռանում ինձ մատուցել որևէ քաղցրավենիք, որը հաճույքով կիսում էի Նովայի հետ։ Մենք համարվում էինք արտոնյալ զույգ։ Ուրախության պահերին ես երևակայում էի, թե իբր Նովան գիտակցում է, որ իր բարեկեցության համար պարտական է ինձ, իմ տաղանդին և ժամանակի մեծ մասը փքվում էի նրա առաջ, ինչպես վերջին ֆանֆարոնը։
     Սակայն, մի քանի շաբաթ անց, ես հանկարծ զգացի, որ այդ բոլորից ահա-ահա սիրտս խառնում է։ Գուցե մեղավոր էին Նովայի աչքերը, որոնք այդ առավոտ երևացին ինձ առավել անիմաստ, գուցեև՝ մի կտոր շաքարը, որով հյուրասիրեց ինձ Զիրան։ Շաքարի այդ կտորը հանկարծ ինձ դառը թվաց, և ես ամոթից շիկնեցի, գիտակցելով, որ արդեն պատրաստ եմ վախկոտությամբ հաշտվել իմ վիճակի հետ։ Ի՞նչ կմտածի պրոֆեսոր Անտելը, եթե պատահմամբ ողջ մնացած լինի և ինձ գտնի վանդակում։ Նույնիսկ այդ մասին մտածելն անտանելի էր, և ես հաստատ վճռեցի հենց այդ պահից ինձ պահել քաղաքակիրթ մարդուն վայել։
     Որպես երախտագիտության նշան, շոյելով Զիրայի թաթը, ես զգուշությամբ տիրացա նրա ծոցատետրին և գրչին։ Այնուհետև, ուշադրություն չդարձնելով նրա փաղաքշական կշտամբանքին, նստեցի հարդի փռոցքի վրա և սկսեցի նկարել Նովային։ Ինչ-որ ժամանակ ինձ համարում էին լավ նկարիչ, բացի դրանից, այդպիսի նմուշօրինակը կարող էր ոգևորել ում ասես, և ինձ հաջողվեց բավականին հաջող ուրվանկար անել։
     Ես այն մեկնեցի շիմպանզեին։
     Զիրայի կասկածներն իմ մասին տեղնուտեղը վերածնվեցին, և նա աննկարագրելիորեն հուզվեց. նրա մռութիկը կարմրեց, աչքերը սևեռեց վրաս, չկարողանալով զսպել հուզմունքը։ Օգտվելով նրա շփոթությունից, ես տիրաբար ձեռքս մեկնեցի դեպի բլոկնոտը, այս անգամ նա այն տվեց հոժարակամ։ Մինչև հիմա էլ գլխի չեմ ընկնում, թե ինչու ես նախօրոք չդիմեցի այս հասարակ միջոցին:
     Հիշելով դպրոցական պարապմունքներս, գծեցի Պյութագորասի թեորեմը ցուցադրող երկրաչափական մարմիններ։
     Իմ ընտրությունը պատահական չէր։ Պատանեկության տարիներին կարդացել էի մի գիտաֆանտաստիկ պատմվածք, որտեղ ծեր գիտնականը օգտագործել էր երկրաչափական մարմինները, որպեսզի կարողանա հաղորդակցվել այլ աշխարհի բանական արարածների հետ։ Մեր թռիչքի ժամանակ ես այդ մեթոդի մասին խոսեցի պրոֆեսոր Անտելի հետ, և նույնիսկ նա հավանություն տվեց դրան։ Հիշում եմ, նա նաև ավելացրեց, որ Էվկլիդեսի երկրաչափությունը համընդհանուր մոլորություն է, և հենց դրա համար էլ այն պետք է, որ ընդունված լինի բոլոր աշխարհներում։
     Իմ գծագրերը տառացիորեն ցնցեցին Զիրային։ Նա վայրենի ճիչ արձակեց, մռութիկը դարձավ բոլորովին կարմիր։ Այդ ժամանակ վախեցած Զորամն ու Զանամը օգնության նետվեցին նրան։ Նա մեծ դժվարությամբ Կարողացավ տիրապետել իրեն։ Եվ այստեղ Զիրան իրեն, մեղմ ասած, տարօրինակ պահեց, աչքերի տակից նայելով իմ կողմը, շիմպանզեն արագ, ճարպկորեն թաքցրեց նկարները։ Նա մի քանի խոսք ասաց գորիլաներին, և նրանք դուրս եկան դահլիճից, ես այնպես հասկացա, որ Զիրան նրանց հեռացրեց ինչ-որ պատշաճ պատրվակով։ Այնուհետև, ընդհուպ մոտենալով վանդակին, սեղմեց ձեռքս, և այս անգամ նրա ձեռքսեղմումն ուներ բոլորովին այլ նշանակություն, քան առաջ, երբ ուղղակի շոյում էր որպես համակրելի գազանի, որը գոհացնում էր նրան իր, խելքով։ Այժմ նա աղաչական տեսքով մեկնեց ինձ ծոցատետրն ու գրիչը։ Արդեն նա չէր համբերում, շտապում էր ինձ հետ կոնտակտ հաստատել։
     Ես մտքումս շնորհակալություն հայտնեցի Պյութագորասին և նորից դիմեցի երկրաչափությանը։ Մի էջում ջանացի հնարավորին չափ լավ պատկերել երեք կոնական ածանցյալներ՝ նրանց գագաթներով և ուղղորդիչներով, էլիպս, պարաբոլ և հիպերբոլ։ Մյուս էջի վրա ես գծեցի կոն։ Այստեղ ուզում եմ հիշեցնել, որ հարթություններով հատված կոները իրենցից ներկայացնում են հենց այդ երեք ածանցյալ մարմինները՝ կախված հատման անկյունից։ Դրա համար էլ կոնի վրա նկարեցի հատող հարթություն՝ որոշակի անկյան տակ, և դիմելով առաջին գծագրին, հիացած շիմպանզեին ցույց տվեցի էլիպսը, որը համապատասխանում էր այդ հատմանը։
     Զիրան ձեռքիցս խլեց ծոցատետրը, իր հերթին գծեց մի կոն՝ հատված այլ անկյան տակ գտնվող հարթությամբ և իր երկար մատներով ցույց տվեց հիպերբոլը։ Ես ցնցված էի։ Աչքերիս արցունք հայտնվեց. ուժ չունեցա թաքցնել հուզմունքս և ջղաձգորեն սեղմեցի շիմպանզեի ձեռքը։ Նովան վանդակի խորքում կատաղությունից վժժում էր։ Նա բնազդով ըմբռնել էր աչքի առջև կատարվածի իմաստը։ Եվ չէր սխալվում։ Իմ և Զիրայի միջև երկրաչափության միջոցով հաստատվեց հոգեկան մտերմություն։ Ես դրանից ստացա համարյա ֆիզիկական հաճույք և զգացի, որ էգ շիմպանզեն նույնպես հուզված է ու շփոթված։
     Հանկարծ նա քաշեց թաթը և հողմի պես մեր բաժանմունքից դուրս նետվեց։ Նա երկար բացակայեց, սակայն այդ ամբողջ ընթացքում ես կարծես երազում լինեի, չհամարձակվելով նայել Նովային, որը ոռնալով պատվում էր շուրջս. չգիտեմ, ինչու նրա առջև ինձ մեղավոր էի զգում։
     Երբ Զիրան վերադարձավ, տեսա, որ նկարչական տախտակ է բերել՝ վրան ամրացված սպիտակ թուղթ։ Մի փոքր մտածելուց հետո որոշեցի բացեիբաց բացատրվել։ Թղթի մի անկյունում նկարեցի Բետելհեյզեի համակարգն այնպես, ինչպես երևացել էր մեզ աստղաթիռից. կենտրոնում հսկա արևը, իսկ շուրջը չորս մոլորակները: Առանձնահատուկ խնամքով նկարեցի Սորորան իր փոքրիկ արբանյակներով՝ ճշգրիտ որոշելով նրա դիրքը տարածության մեջ; Մի քանի անգամ մատով կտտացրի այդ պատկերին, այնուհետև համառորեն ցույց տվեցի Զիրային։ Նա նշան արեց, որ ամեն ինչ հրաշալի հասկացել է։
     Այդ ժամանակ թղթի մյուս, ծայրին նկարեցի մեր հին, բարի արեգակնային համակարգն իր հիմնական մոլորակներով։ Ես ցույց տվեցի Երկիրը և ձեռքս դրեցի կրծքիս։
     Բայց այս անգամ Զիրան տատանվեց։ Իր հերթին ցույց տալով Երկիրը, նա մատը բարձրացրեց վերև, դեպի երկինք։ Ես գլխով հաստատող շարժում արի։ Շիմպանզեն շվարած էր, 78բայց ամեն կերպ ճիգ էր թափում հասկանալու: Ջանալով օգնել նրան, ես Սորորան միացրի Երկրին կետագծով և առանձին, ուրիշ մասշտաբով նկարեցի մեր աստղաթիռը: Դա նրա համար լույս էր խավարում:
     Բոլոր տարակուսանքները ցրվեցին. այժմ նա գիտեր ով եմ ես և որտեղից եմ եկել: Զիրան նետվեց դեպի ինձ, բայց այստեղ, միջանցքի ծայրին հայտնվեց Զայուսը, ներկայանալով հերթական այցելության:
     Զիրայի աչքերը վախից կլորացան: Նա ակնթարթորեն դասավորեց թղթերը և ծոցատետրի հետ մեկտեղ խոթեց գրպանը, և քանի դեռ օրանգուտանգը չէր մոտեցել, հասցրեց աղաչական ժեստով մատը դնել շուրթերին: Հասկացա, որ խորհուրդ է տալիս չբացվել Զայուսի մոտ: Եվ ես ենթարկվեցի նրան, չհասկանալով, թե ինչի համար է այս խորհրդավորությունը: Բայց համոզված էի, որ այսուհետև Զիրան իմ դաշնակիցն է, ուստի հանգիստ խղճով նորից ձևացա նույն խելացի անասունը:

Գլուխ 2

     Այդ օրվանից, Զիրայի շնորհիվ, ես սկսեցի հաջողություն ունենալ կապիկների լեզվի և մշակույթի ուսումնասիրության մեջ: Նոր, հատկապես բարդ փորձերի պատրվակի տակ Զիրան գրեթե ամեն օր, խորամանկելով, ինձ հետ մի քանի ժամ մենակ էր մնում: Նա հանձն առավ սովորեցնել ինձ իր լեզուն և միաժամանակ ինքն էլ շատ հեշտ, անսովոր թեթևությամբ յուրացնում էր ֆրանսերենը: Երկու ամսից էլ քիչ ժամանակում մենք արդեն կարող էինք ազատ խոսել ամենատարբեր թեմաներով: Քիչ-քիչ իմ առջև բացվում էր Սորորայի հոգևոր աշխարհը, նրա տարօրինակ քաղաքակրթությունը, որը կփորձեմ նկարագրել, թեկուզև ամենաընդհանուր գծերով;
     Հենց որ ես ու Զիրան սկսեցինք հասկանալ միմյանց, ամենաառաջին գործս եղավ բավարարել ինձ այրող հետաքրքրասիրությունը և տվեցի ամենա՚գլխավոր հարցը.
     - Մի՞թե այս մոլորակի վրա կապիկներն են միակ բանական արարածները, բնության արքաները:
     - Իսկ ուրիշ ովքե՞ր, - զարմացավ նա։ – Իհարկե', կապիկը միակ բանական արարածն է, որին տրված է ոչ միայն մարմին, այլև հոգի։ Մեր գիտնականներից ամենամոլեռանդ մատերիալիստները նույնպես ընդունում են կապիկների հոգու աստվածային էությունը։
     Ամեն անգամ նման արտահայտություններից քիչ էր մնում վեր թռչեի, չնայած կարող էի և աստիճանաբար վարժվել։
     - Ասա, Զիրա', այդ դեպքում ովքե՞ր են մարդիկ։
     Ես արդեն ասել եմ, որ նա շա'տ ավելի արագ յուրացրեց իմ լեզուն, քան ես կապիկներինը, դրա համար էլ առաջին օրերին մենք խոսում էինք միայն ֆրանսերենով և անմիջապես, բնազդորեն անցանք «դու» -ի։ Սկզբում դժվար էր ընտելանալ այն բանին, որ «մարդ» և «կապիկ» բառերը մեզ համար ունեն տարբեր իմաստներ, քանի որ Սորորայում դրանք բոլորովին էլ այն չեն նշանակում, ինչ Երկրի վրա, բայց մենք դրան արագ վարժվեցինք։ Ամեն անգամ, երբ նա ասում էր «կապիկ», ես ինձ համար թարգմանում էի՝ բարձրագույն արարած, էվոլյուցիայի գագաթ։ Երբ նա հիշատակում էր մարդկանց, ես գիտեի, որ խոսքը անասունների մասին է, ճիշտ է, օժտված ընդօրինակելու բնազդով և կապիկների հետ որոշ անատոմիական ընդհանրություններ ունեցող, այնուամենայնիվ՝ հենց անասունների մասին, որոնք ունեն գազանային պարզունակ հոգեբանություն և զուրկ են գիտակցության ամենափոքր նշաններից։
     - Վերջին հարյուր տարվա ընթացքում, - ուսուցանելով, բացատրեց ինձ Զիրան, - մենք հասել ենք մեծ հաջողությունների տեսակների ծագման հետազոտություններում։ Առաջ համարում էին, որ տեսակները անփոփոխ են, որ բոլոր տեսակները եղել են ու մնում են այնպիսին, ինչպիսին երբևէ ստեղծել է ամենազոր արարիչը։ Սակայն հանրաճանաչ գիտնականների մի ամբողջ համաստեղություն, նրանք բոլորն էլ շիմպանզեներ են, ստիպեց մեզ լրիվ վերանայել մեր հայացքները։ Այժմ մենք գիտենք, որ տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում և, հնարավոր է, մոտ տեսակներն ունեցել են ընդհանուր նախանախորդ։
     - Ուրեմն կապիկները ծագել են մարդո՞ւց։
     - Ոմանք այդպես էլ գտնում են, սակայն գործնականում հարցը ըստ էության բարդ է։ Կապիկն ու մարդը էվոլյուցիայի որոշակի փուլում կազմել են երկու տարբեր ճյուղեր, մեկը շարունակել է զարգանալ և աստիճանաբար հասել է գիտակցության գագաթին, մյուսը կանգ է առել անասնական աշխարհի մակարդակի վրա։ Ի միջի այլոց, օրանգուտանգներից ոմանք մինչև օրս էլ նույնիսկ ժխտում են այդ ակնհայտ ճշմարտությունը։
     - Դու ասացիր, Զիրա՛, մեծ գիտնականների մի ամբողջ համաստեղություն և բոլորի էլ շիմպանզե՞ ...
     Ես ներկայացնում եմ մեր կցկտուր խոսակցությունն այնպես, ինչպես եկել է. ինչքան հնարավոր է շատ իմանալու ծարավն ինձ ստիպում էր տալու ամենաանսպասելի հարցերը, իսկ Զիրային՝ երկար-բարակ բացատրություններով պատասխանել դրանց։
     - Գրեթե բոլոր խոշոր հայտնագործությունները արել են շիմպանզեները,- ոգևորված հաստատեց նա։
     - Էլ ինչպիսի՞ կաստաներ կան կապիկների մեջ։
     - Գոյություն ունի երեք տարբեր ռասա, դու այդ արդեն նկատել ես, յուրաքանչյուրն իրեն բնորոշ հատկանիշներով, դրանք գորիլաներն են, օրանգուտանգներն ու շիմպանզեները։ Այժմ նրանց միջև ռասայական պատնեշները վերացված են և փոխադարձ ատելությանը մնացել է անցյալի գիրկը մեծ մասամբ շիմպանզեների ջանքերի շնորհիվ։ Այսօր արդեն բոլոր ռասաները սկզբունքորեն հավասար են։
     - Այնուամենայնիվ, նշանավոր հայտնագործությունների մեծ մասը կատարել են շիմպանզե գիտնականնե՞րը, - շարունակեցի համառել ես։
     - Այո՛, դա այդպես է։
     - Իսկ ովքե՞ր են գորիլաները։
     - Միս խժռողներ, - արհամարհանքով պատասխանեց նա։ - Ինչ-որ ժամանակ նրանք եղել են ֆեոդալական իշխանիկներ և շատերի մատ մինչև հիմա էլ պահպանվել է իշխելու համը։ Նրանք շատ են սիրում կազմակերպել ու կառավարել։ Սիրում են որս անել և ապրել բնության գրկում։ Իսկ նրանք, ովքեր ավելի աղքատ են եղել, զբաղվում են այնպիսի աշխատանքով, որը պահանջում է ավելի մեծ ֆիզիկական ուժ։
     - Իսկ ի՞նչ կասես օրանգուտանգների մասին։
     Զիրան ուշադիր նայեց ինձ, հետո սկսեց ծիծաղել։
     - Նրանք պաշտոնական գիտության քուրմեր են, – ասաց նա։ - Դու արդեն համոզվել ես դրանում և վախենում եմ, որ կհամոզվես ոչ մեկ անգամ։ Նրանք գիտեն այն ամենը, ինչ կարելի է քաղել գրքից։ Բոլորն էլ ունեն բազմաթիվ պարգևներ։ Մի քանիսը նույնիսկ համարվում են գիտության ինչ-որ նեղ, լավ հիշողություն պահանջող բնագավառի լուսատուներ։ Իսկ մնացած բաներում...
     Զիրան արհամարհանքով թափահարեց ձեռքը։ Ես այլևս չստիպեցի նրան շարունակել խոսքը, մտածելով, որ մենք դեռ կհասցնենք անդրադառնալ այդ թեմային։ Իսկ առայժմ ես վերադարձա ավելի ընդհանուր հարցերին։ Իմ խնդրանքով Զիրան նկարեց կապիկների ծագումնաբանական ծառը այնպես, ինչպես պատկերացնում են լավագույն մասնագետները։ Այն շատ նման էր տեսակների էվոլյուցիայի մեր սխեմային։ Անհայտ ոլորտները սուզված ընդհանուր ծառաբնից հաջորդաբար առանձնանում էին զանազան ճյուղեր, բուսականություն, աղեխոռոչային, փշամաշկային միաբջիջ օրգանիզմներ. վերևում տեղ էին գրավում ձկները, սողունները և, վերջապես, կաթնասունները։ Այնուհետև առանձնանում էր մեր մարդակազմության դասին համանման դասը։ Դրանից դուրս էր գալիս մարդու ճյուղը։ Բայց այն գնում էր կողքից և կարճ էր, իսկ կենտրոնական բունը շարունակում էր աճել և չարտասանվող անուններով տարբեր տեսակի նախապատմական կապիկների ճյուղեր տալ, որպեսզի վերջին հաշվով նշանակի simie aspiens տեսակը՝ էվոլյուցիայի երեք գագաթներով. շիմպանզե, գորիլա և օրանգուտանգ ռասաներով։ Այդ բոլորն էլ շատ տրամաբանական էին։
     - Կապիկի ուղեղը, - շարունակեց Զիրան, - զարգացել է, բարդացել և վերջապես դարձել մտածելու օրգան այն ժամանակ, երբ մարդու ուղեղը չի կրել ոչ մի փոփոխություն։
     - Բայց ինչո՞ւ հատկապես կապիկի ուղեղը հասավ այդպիսի զարգացման, - հարցրի ես։
     Հասկանալի է, որ գլխավոր դերը խաղացել է խոսքը։ Բայց ինչո՞ւ կապիկները խոսել են, իսկ մարդիկ ոչ։ Այդ հարցում գիտնականների կարծիքները տարբեր են։ Ոմանք դրա մեջ տեսնում են արարչի խորհրդավոր նախանշումը, մյուսները հաստատում են, որ կապիկների խելքը զարգացել է շնորհիվ չորս շարժուն վերջավորությունների։
     - Մարդն իր երկու ձեռքերով և կարճ, անճարպիկ մատներով, - ասաց Զիրան, - ի սկզբանե աննպաստ դրության; մեջ է եղել, նա չէր կարող առաջադիմել, որովհետև չէր կարող ճիշտ գաղափար կազմել իրեն շրջապատող աշխարհի մասին։ Այդ նույն պատճառով էլ մարդիկ երբեք չեն կարողացել ճիշտ օգտվել որևէ զենքից... Օ՜, միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանք պատմության արշալույսին արել են երկչոտ փորձեր... Վերջերս հայտնաբերված են հետաքրքիր գտածոներ։ Հենց այդ ուղղությամբ էլ այժմ ուսումնասիրություններ են կատարվում։ Եթե դա հետաքրքրում է, ես քեզ ինչ-որ ձևով կծանոթացնեմ Կորնելիի հետ։ Նա այդ հարցերն ինձնից լավ է հասկանում, և դուք կարող եք զրուցել։
     - Կորնելի՞։ Ո՞վ է դա։
     - Իմ նշանածը, - պատասխանեց Զիրան կարմրելով։ Իսկական մեծ գիտնական է։
     - Շիմպանզե՛ է։
     - Իհարկե... Այո՛, - շարունակեց նա, - ես անձամբ համոզված եմ. այն փաստը, որ մենք չորս ձեռք ունենք, մեր հոգեկան կյանքի էվոլյուցիայում խաղացել է վճռական դեր։ Դա մեզ հնարավորություն է տվել սկզբում բարձրանալ ծառերը և այդպիսով հարմարվել եռաչափ (երկարություն, բարձրություն, լայնություն) տարածության, այն ժամանակ, երբ մարդն իր ֆիզիկական անկատարելությամբ գամված հողին շարունակում էր իր խղճուկ գոյությունը քարշ տալ միայն մի հարթության վրա։ Այնուհետև մենք հակվեցինք դեպի բոլոր տեսակի զենքերը, դարձյալ նրա համար, որովհետև կարող էինք դրանք օգտագործել։ Սկսվեց առաջադիմությունը, որի արդյունքն էլ եղավ այն, որ կապիկները հասան բանականության գագաթին:
     Երկրի վրա ես հաճախ եմ լսել, որ մարդու առավելությունը մյուս կենդանիների նկատմամբ ապացուցելու համար բերում են ճիշտ հակառակ փաստերը։ Բայց երբ մտածեցի այդ մասին, եկա այն եզրակացության, որ Զիրայի դատողությունները պակաս համոզիչ չեն, քան մերը՝ մարդկայինը։
     Ես ուզում էի շարունակել այդ խոսակցությունը, լեզվիս ծայրին հարյուրավոր հարցեր էին գալիս, բայց այստեղ մեզ ընդհատեցին Զորամն ու Զանամը, որոնք երեկոյան ընթրիքի համար կեր բերին։ Զիրան շշուկով բարի գիշեր մաղթեց ու գնաց։
     Ես նորից մնացի վանդակում Նովայի հետ մենակ։ Մենք կերանք։ Գորիլաները հեռացան, իրենց ետևից մարելով բոլոր լամպերը, բացի դռան վրայի մի գիշերայինից, որը աղոտ լույս էր տարածում չորսկողմը։ Ես նայեցի Նովային, մտածելով այն ամենի մասին, ինչ իմացա այդ օրը։ Նովան, հասկանալի է, ատում էր Զիրային, և իմ զրույցները շիմպանզեի հետ կատաղեցնում էին նրան։ Սկզբում նա նույնիսկ աշխատում էր մեզ խանգարել՝ իր ձևով արտահայտելով դժգոհությունը։ Նա կանգնում էր իմ ու Զիրայի միջև, թռչկոտում էր վանդակով մեկ, փռոցքից ծղոտի խուրձեր էր վերցնում և շպրտում Զիրայի գլխին։ Նրան հանգստացնելու համար հարկ եղավ ուժի դիմել։ Նովան խաղաղվեց երկու զրնգուն ապտակ ստանալուց հետո միայն։ Ես, ոչ մի բանի մասին չմտածելով, անտակտություն թույլ տվեցի։ Ավելի ուշ խիղճս տանջում էր, քանի որ Նովան, ինչպես երևում է, բոլորովին չէր նեղացել։

Գլուխ 3

     Այդ օրը ինձ համար շատ նշանավոր էր։ Վերջապես ընդառաջելով իմ խնդրանքին, Զիրան համաձայնվեց դուրս բերել ինձ Բարձրագույն ֆիզիոլոգիայի ինստիտուտից, այդպես էր կոչվում մեր հիմնարկությունը, քաղաքում զբոսնելու։
     Նա այդ արեց երկար տատանվելուց հետո։ Երկար ժամանակ հարկ եղավ նրան վերջնականապես համոզվելու, որ ես պատկանում եմ մտածող արարածների թվին։ Քանի դեռ ինձ հետ էր, դա նրա համար ակներև էր, բայց ինձնից հեռու Զիրային տիրում էր կասկածանքը։ Ես ամեն ինչ հասկանում էի։ Փորձեք ձեզ պատկերացնել նրա փոխարեն։ Իմ պատմածները Երկրի մարդկանց և հատկապես կապիկների մասին զարմացրել և զայրացրել էին նրան, այլ կերպ լինել չէր կարող։ Ավելի ուշ Զիրան խոստովանեց, որ երկար ժամանակ, չհավատալով ասածներիս, ինձ շառլատան կամ կախարդ է համարել։ Այնուամենայնիվ, նա ստիպված էր ընդունել դրանք բազմաթիվ ապացույցների ու ճշգրտումների ճնշման տակ, որոնք ես ներկայացնում էի։ Վերջ ի վերջո, նա անվերապահորեն հավատաց, հաստատորեն համոզվեց և նույնիսկ սկսեց ինձ ազատելու պլաններ կազմել, որը, ի միջի այլոց, այնքան էլ հասարակ գործ չէր, ինչպես նա այն օրը բացատրում էր։ Իսկ այժմ, ավելի շուտ կեսօրից հետո, նա հայտնեց, որ տանում է զբոսանքի։
     Միայն այն մտքից, որ նորից իմ գլխավերևում տեսնելու եմ երկինքը, սիրտս արագ թրթռում էր։ Սակայն ես նկատելիորեն սառեցի, երբ տեսա, որ Զիրան պատրաստվում է տանել վզափոկով։ Գորիլաներն ինձ դուրս քաշեցին վանդակից, դուռը շխկացնելով Նովայի քթի առաջ, և վզիս հագցրին ամուր շղթայով կաշվե վզափոկը։ Զիրան բռնեց շղթայի ծայրը և Նովայի սրտաճմլիկ վայնասունի տակ տարավ ինձ դեպի մուտքը։ Նրան խղճալով, ուզեցի բարեկամական ժեստով հանգստացնել, բայց շիմպանզեն այդ նկատեց, նա իսկապես ջղայնացավ և առանց ձևականությունների ձգեց վզափոկը, իր ետևից քաշ տալով ինձ։ Այն պահից, երբ Զիրան համոզվեց, որ ես օժտված եմ կապիկների խելքով, իմ կապը այդ աղջկա հետ նրան ջղայնացնում էր ու գցում անհարմար վիճակի մեջ։
     Նրա հիմար տրամադրությունը բարձրացավ, երբ մենք կիսամութ, դատարկ միջանցքում մնացինք մենակ։
     - Հավանաբար, Երկրի մարդիկ սովոր չեն, որ իրենց այսպես վզափոկով զբոսանքի է տանում կապիկը, - ասաց նա ծիծաղելով։
     Ես հավատացրի նրան, որ մեզ համար դա իրոք որ բացառիկ բան է։ Զիրան, ներողություն խնդրելով, բացատրեց, որ մի քանի ընտելացրած մարդկանց կարելի է տանել փողոցներով, չզգուշանալով տուգանքից ու տհաճություններից, բայց մեր զբոսանքը ավելի բնական կերևա, եթե ես կապը ձեռքիս պահեմ։ Ավելի ուշ, երբ նա կհամոզվի իմ հնազանդության մեջ, գուցեև կկարողանամ նրա հետ զբոսնել առանց վզափոկի։
     Այնուհետև, ինչպես երևում է, մոռանալով, թե ես ով եմ, այդպես պատահում էր Զիրայի հետ, սկսեց բազմազան խորհուրդներ ու խրատներ տալ։
     - Չմտածես հարձակվել անցորդների վրա կամ կրճտացնել ատամներդ... Եվ աստված ոչ արասցե, չանգռել դյուրահավատ երեխային, որը կուզենա քեզ շոյել։ Ես քեզ դնչակապ չեմ հագցրել, այնուամենայնիվ...
     Վաղուց նման ստորացում չէի զգացել։
     Սակայն այստեղ Զիրան կտրեց իր խոսքն ու սկսեց ծիծաղել։
     - Օ՜, ներիր ինձ, ներիր, - բացականչեց նա։ - Ես միշտ մոռանում եմ, որ դու խելացի ես, ինչպես կապիկը...
     Նա բարեկամաբար խփեց ուսիս, ասես ներողություն խնդրելով։ Նրա ուրախ տրամադրությունը մեղմացրեց իմ մեջ եռացող չարությունը։ Ես սիրում էի լսել Զիրայի ծիծաղը։ Հիշելով Նովային, որի հետ ոչ մի կերպ չհաջողվեց ուրախություն արտահայտել մարդկային նման ձևով, ես միայն հոգոց հանեցի։ Շուտով շիմպանզեի ուրախությունը վարակեց ինձ։ Կիսամութ միջանցքում Զիրայի դիմագծերը համարյա աննշմարելի աննշմարելի էին. ես տեսնում էի միայն նրա սպիտակ մռութիկը։ Զբոսանքի համար նա զուգվել էր պայծառ շրջազգեստով, իսկ գլխին քաշել ուսանողական գլխարկը, որը թաքցնում էր նրա ականջները։ Մի ակնթարթ նույնիսկ մոռացա, որ նա կապիկ է և թևանցուկ արի։ Դա նրան շատ բնական թվաց և չառարկեց։ Այդպես իրար սեղմված մենք մի քանի քայլ արեցինք։ Բայց միջանցքի ծայրին կողային պատուհան կար. հասնելով այնտեղ, Զիրան արագ ազատեց թևը և հրեց ինձ։
     - Դու այդպես չպետք է վարվես, - տխուր ասաց նա, - առաջին հերթին ես նշանված եմ, և հետո...
     - Դու նշանվա՞ծ ես։
     Իմ անմեղ, բարեկամական ժեստի համար արված դիտողության անհեթեթությունը մենք երկուսս զգացինք միաժամանակ։ Զիրայի մռութիկը վարդագույն դարձավ, և նա շտապեց հարթել իր վրիպումը.
     - Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք չպետք է կասկածի քո իրական էության մասին։ Հավատացնում եմ, դա քո օգտի համար է։
     Ես հնազանդորեն հառաչեցի և վզափոկով գնացի, նրա ետևից։ Մենք դուրս եկանք շենքից: Ինստիտուտի դռնապանը՝ պաշտոնական համազգեստով մի չաղլիկ արու գորիլա, քաղաքավարի խոնարհվելով շիմպանզեին, ինձ ուղեկցեց ծաղրական հայացքով։ Փողոցում ես հազիվ պահեցի հավասարակշռությունս. երեք ամիս բանտարկությունից հետո, քաղաքային իրարանցումից և Բետելհեյզեի փայլից գլուխս պտտվեց։ Ամբողջ կրծքով ներշնչեցի տաք օդը և միաժամանակ մերկությանս համար ամոթից կարմրեցի։ Ես մերկությանը ընտելացել էի վանդակում, բայց այստեղ, փողոցում, անցորդ կապիկների աչքի առաջ, որոնք ինձ նայում էին առանց ամոթխածության, ես զգում էի ծիծաղելի և անպատշաճ վիճակում։
     Զիրան կտրականապես հրաժարվեց հագուստ տալ, հաստատելով, որ այն ժամանակ ես ավելի անհեթեթ կերևամ, այնպես, ինչպես այն վարժեցված մարդիկ, որոնց ցուցադրում են տոնավաճառներում։ Եվ նա, իհարկե, ճիշտ էր։ Եթե անցորդներն անգամ նայում էին ինձ, ոչ թե նրա համար, որ ես մերկ էի, այլ նրա համար, որ մարդ էի, այսինքն՝ հազվագյուտ էի, դրա համար էլ բացբերանի մոտ առաջացնում էի այնպիսի հետաքրքրասիրություն, ինչպես ֆրանսիական քաղաքի փողոցում կարող էր առաջացնել շիմպանզեի երևալը։ Մեծահասակները ծիծաղելով գնում էին իրենց ճամփով։ Մի քանի երեխա կապիկներ, ուրախանալով ձրի ցուցադրման համար, կպան մեզ։ Զիրան ինձ արագ հասցրեց իր մեքենան, նստեցրեց ետևի նստատեղին, իսկ ինքը տեղավորվեց ղեկի առջև, և մենք անշտապ շարժվեցինք փողոցով։
     Այս քաղաքը՝ կապիկների պետության խոշորագույն մարզերից մեկի մայրաքաղաքը, ես հպանցիկ տեսել էի վանդակի միջից, մեզ բերելու օրը, և այժմ նորից պիտի անդրադառնամ, որ այդ քաղաքը բնակեցված էր միայն կապիկներով. կապիկ - անցորդներ, կապիկ - վարորդներ, կապիկ - վաճառողներ, կապիկ - գործարարներ, համազգեստով կապիկներ, որոնք հետևում էին կարգուկանոնին...
     Եթե հնարավոր լիներ ուշադրությունս շեղել այդ մանրամասնից, քաղաքը իրենից հատկապես ոչինչ չէր ներկայացնի։ Շենքերը մեր շենքերի նման էին, փողոցները, ինչպես մեզ մոտ, կեղտոտ... Երթևեկությունը ինձ թվաց ավելի քիչ լարված։ Միակ բանը, որ ինձ զարմացրեց, այն էր, որ հետիոտները հատում էին փողոցները։ Անցումային ուղիների փոխարեն այստեղ խոշոր անցքերով մետաղյա ցանցերից կառուցված էր օդային անցուղիներ, որոնցից կառչում էին կապիկներն իրենց չորս ձեռքերով: Նրանք բոլորն իրենց ձեռքերին ունեին նուրբ կաշվից ձեռնոցներ, որը հնարավորություն էր տալիս նրանց ազատ օգտագործել ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթները:
     Մի քիչ զբոսնելուց հետո, որպեսզի ես կարողանայի ընդհանուր պատկերացում կազմել քաղաքի մասին, Զիրան ավտոմեքենան կանգնեցրեց մի բարձր ցանկապատի առաջ, որի արանքներից երևացին ծաղիկների ամբողջ մարգագետիններ:
     - Սա մեր զբոսայգին է, - բացատրեց նա, - այստեղ մենք կարող ենք զբոսնել: Ես կուզենայի ցույց տալ քեզ որոշ բաներ, օրինակ, մեր հրաշալի թանգարանները, բայց առայժմ դա հնարավոր չէ:
     Ես նրան հավատացրի, որ ուրախ կլինեմ ընդարմացումից հանել ոտքերս:
     Բացի դրանից, - ավելացրեց նա, - այգում մեզ չեն խանգարի: Այստեղ ժողովուրդ քիչ է լինում, իսկ մեզ արդեն վաղուց պետք է զրուցել լրջորեն:

Գլուխ 4

     - Ինչպես երևում է, դու չես պատկերացնում, թե ինչպիսի վտանգ է քեզ սպառնում մեզ մոտ, - ասաց Զիրան:
     - Ոմանց հետ ես արդեն ծանոթացել եմ: Բայց ինձ թվում է, եթե պարզվի, որ ես ով եմ, իսկ ես այժմ կարող եմ ներկայացնել անհրաժեշտ ապացույցներ. կապիկները պետք է որ ինձ ընդունեն որպես իրենց բանական եղբայր:
     - Հենց դրանում էլ դու սխալվում ես: Լսիր ինձ ուշադիր:
     Մենք զբոսնում էինք այգում: Ծառուղիները դատարկ էին, միայն հազվադեպ հանդիպում էին սիրահար զույգեր, որոնք համարյա ուշադրություն չէին դարձնում ինձ վրա: Ես էլ, իմ, հերթին ուշադիր նայում էի նրանց, որոշելով բաց չթողնել ոչ մի հնարավորություն՝ կապիկների սովորությունները հնարավորին չափ արագ ուսումնասիրելու համար: Սիրահարները զբոսնում էին մանրաքայլ, իրար մեջք գրկած, այնպես որ, նրանց երկար թևերը առաջացրել էին նեղ ու բարդ հյուսվածք: Անցուղիների շրջադարձերում նրանք հաճախակի կանգ էին առնում և համբուրվում: Երբեմն, նայելով շուրջը, բռնում էին ներքևի ճյուղերից և բարձրանում ծառերը: Նրանք բարձրանում էին իրար փաթաթված, նախանձելի ճարպկությամբ ամեն մեկը օգտագործելով մի ձեռքը ու մի ոտքը և մի ակնթարթ անց սիրահարները անհետանում էին տերևների մեջ:
     - Լսիր ինձ, - ասաց Զիրան: - Քո տիեզերական կատերը, - ես արդեն մանրամասնորեն բացատրել էի նրան, թե ինչպես ենք ընկել մոլորակի վրա - քո կատերը հայտնաբերվել է, համենայն դեպս, ինչ մնացել էր ջախջախելուց հետո: Այն իր վրա է հրավիրել մեր գիտնականների ուշադրությունը: Մասնագետները ընդունում են, որ դա չէր կարող պատրաստված լինել Սորորայում:
     - Իսկ դուք ունե՞ք համանման սարքեր:
     - Ունենք, բայց ոչ այդքան կատարելագործված: Դատելով քո պատմածներից, մենք բավականին ետ ենք մնացել ձեզնից: Սակայն մենք արդեն բաց ենք թողել մի քանի արհեստական արբանյակներ և վերջինի մեջ նույնիսկ կենդանի էակ՝ մարդ կար: Ցավոք, չկարողացանք վերադարձնել և ստիպված եղանք թռիչքի մեջ պայթեցնել:
     - Հասկանում եմ, - ասացի ես տխուր: - Ուրեմն դուք օգտագործում եք մարդուն նման փորձարկումների ժամանակ:
     - Հարկ է լինում ... Եվ այսպես, քո հրթիռը բացահայտված է:
     - Իսկ մեր տիեզերանա՞վը, որն արդեն երկու ամսից ավելի պտտվում է Սորորայի շուրջը:
     - Դրա մասին ոչինչ չեմ լսել: Ինչպես երևում է, մեր աստղագետները չեն նշմարել: Սակայն ամեն խոսքի վրա մի ընդհատիր: Գիտնականները առաջ են քաշել մի վարկած, ըստ որի քո հրթիռը մեզ մոտ է թռել-եկել մեր աստղային համակարգի մեկ այլ մոլորակից և որ նրա մեջ ուղևորներ են եղել: Դրանից բացի, ուրիշ ոչինչ չեն իմացել: Ոչ մեկը չի հավատա, որ այդ բանական արարածները կարող են ունենալ մարդու կերպարանք:
     - Բայց, Զիրա, այդ մասին նրանց հարկավոր է ասել, - բացականչեց՚ի ես։ - Ինձ ձանձրացրել է գերի լինել նույնիսկ ամենահարմար վանդակում, նույնիսկ այն ժամանակ, երբ իմ մասին հոգ ես տանում դու։ Ինչո՞ւ ես ինձ թաքցնում։ Ինչո՞ւ ճշմարտությունը բաց չանել բոլորի առջև։
     Զիրան կանգ առավ, նայեց շուրջը և ձեռքը դրեց ուսիս։
     - Ինչո՞ւ։ Միայն քեզ համար։ Դու գիտես Զայուսին։
     - Իհարկե։ Ես նույնիսկ ուզում էի խոսել նրա մասին։ Ինքն ի՞նչ գործ ունի այստեղ։
     - Դու նկատեցի՞ր, թե նա ինչպես ընդունեց քո բանական լինելը ապացուցելու առաջին փորձերը։ Գիտե՞ս դու, որ ես հարյուր անգամ փորձել եմ նրան այդ առիթով շոշափել և գոնե ակնարկել, օ՜, զգուշավորությամբ ակնարկել, որ չնայած արտաքին տեսքիդ, դու, այնուամենայնիվ, գուցե ոչ բոլորովին ես անասուն։
     - Ես միայն գիտեմ, որ դուք հաճախակի վիճում էիք և թվում է, համաձայնության չեկաք։
     - Նա էշի պես համառ է և մարդու նման հիմար, - պայթեց Զիրան։ - Բայց ի՞նչ անել։ Այդպիսին են գրեթե բոլոր օրանգուտանգները։ Նա մեկընդմիշտ հայտարարեց, որ քո բոլոր ընդունակությունները բացատրվում են բարձր զարգացած կենդանական բնազդով, և ոչ մի բան չի կարող ստիպել նրան փոխելու կարծիքը։ Դժբախտաբար, նա արդեն քո մասին դիսերտացիա է գրել, որի մեջ ապացուցում է, թե դու գիտակ մարդ ես, այսինքն՝ հավանաբար, գերի եղած, նախկին տիրոջ կողմից վարժեցված մարդ և ընդունակ, ես առանց գիտակցելու կատարել որոշ տրյուկներ։
     - Հիմա՛ր կենդանի։
     - Համաձայն եմ։ Սակայն, ամբողջ ցավն այն է, որ նա. ներկայացնում է պաշտոնական գիտությունը և ունի մեծ ազդեցություն։ Ինստիտուտում նա զբաղեցնում է ամենաբարձր պոստերից մեկը, դրա համար էլ իմ բոլոր առաջարկներն անցնում են նրա ձեռքով։ Ես համոզված եմ, որ եթե փորձեմ քո մասին պատմել ճշմարտությունը, ինչպես դու համառորեն պահանջում ես, Զայուսը պարզապես կմեղադրի ինձ գիտական անբարեխղճության մեջ։ Ինձ կազատեն աշխատանքից։ Այդ ամենն, իհարկե, դատարկ բաներ են, բայց գիտե՞ս, ինչ կպատահի քեզ հետ:
     - Իսկ ի՞նչ կա վանդակի կյանքից ավելի սարսափելի։
     - Անշնորհակալ։ Դու նույնիսկ չես ենթադրում, թե ինչ հնարքների ասես չեմ դիմել, որպեսզի քեզ չտեղափոխեն էնցեֆալային լաբորատորիան: Զայուսը ոչնչի առաջ կանգ չէր առնի, եթե ես շարունակեի ապացուցել, որ դու բանական արարած ես։
     - Իսկ ի՞նչ բան է էնցեֆալային լաբորատորիան, - հարցրեցի ես տագնապով։
     - Լաբորատորիա է, որտեղ կատարում ենք կենդանի ուղեղի որոշ նուրբ վիրահատություններ, հյուսվածքների փոխպատվաստում, նյարդային կենտրոնների որոնում և գրգռում, ուղեղի մասերի մասնակի կամ լրիվ անջատում։
     - Եվ դուք նման փորձերը կատարում եք մարդկա՞նց վրա։
     - Անշուշտ։ Մարդու ուղեղը, ինչպես նրա ամբողջ անատոմիան իր կառուցվածքով ամենից ավելի է մոտ մերին։ Ուղղակի մեր բախտը բերել է, որ բնությունը ստեղծել է կենդանիներ, որոնց վրա մենք կարող ենք ուսումնասիրել մեր սեփական ֆիզիոլոգիան։ Մարդիկ ծառայում են մեզ նաև այլ փորձերի համար, սակայն այդ մասին կիմանաս ավելի ուշ։ Հենց այժմ մենք սկսել ենք բացառիկ կարևոր ուսումնասիրություն...
     - ... Որ պահանջում է մարդկային նյութի նշանակալի ավելացում։
     - Այո, նշանակալի: Դրանով էլ բացատրվում են շուրջկալները ջունգլիներում, որոնք, լրացնում են մեր պաշարը։ Ցավոք սրտի, շուրջկալները կազմակերպում են գորիլաները, և մենք չենք կարող նրանց զրկել զենքով որս անելու իրենց սիրելի զվարճությունից; Իսկ դրա պատճառով գիտության համար անհրաժեշտ հսկայական քանակությամբ նյութ կորչում է։
     - Իրոք որ ցավալի փաստ է, - արհամարհանքով ասացի ես՝ սեղմելով շուրթերս: - Սակայն, վերադառնանք իմ համեստ անձին.,.
     - Այժմ դու հասկացա՞ր, թե ինչու որոշեցի ամեն ինչ գաղտնի պահել։
     - Մի՞թե ես դատապարտված եմ մինչև կյանքիս վերջին օրերը նստել վանդակում։
     - Ո՛չ, եթե միայն իմ պլանը հաջողվի։ Բայց դու չպետք է մատնես քեզ, քանի դեռ չի հասել բարենպաստ պահը, և երբ բոլոր կոզիրները կլինեն մեր ձեռքում։ Ահա թե ինչ եմ առաջարկում. մեկ ամիս հետո կբացվի կենսաբանների ամենամյա կոնգրեսը։ Դա խոշոր երևույթ է։ Բացմանը շատ ժողովուրդ կլինի, որոնց թվում բոլոր խոշոր թերթերի ներկայացուցիչները։ Իսկ մեզ մոտ հասարակական կարծիքը այնպիսի դեր է խաղում, որ նրա հետ հաշվի են նստում ոչ միայն Զայուսը, ոչ միայն բոլոր օրանգուտանգները, այլև գորիլաները։ Ահա դրանից էլ դու պետք է օգտվես: Դու պետք է բաց անես քո գաղտնիքը ամբողջ կոնգրեսի առաջ, նիստերի ժամանակ, քանի որ դու ներկա կգտնվես այնտեղ. ինչպես արդեն ասացի, Զայուսը գրել է երկար զեկուցում քո և քո տխրահռչակ բնազդի մասին, և նա ինքը քեզ կբերի որպես ցուցանմուշ։ Եվ երբ կհասնի նրա հերթը, լավ կլինի, եթե դու ինքդ խոսք վերցնես և բացատրես բոլորը։ Դա կլինի այնպիսի սենսացիա, որ Զայուսը չի կարողանա քեզ խանգարել։ Մնացածը կախված է միայն քեզնից։ Դու պետք է խոսես որոշակի ու պարզ, որպեսզի կարողանաս համոզել գիտնականներին, ժողովրդին և ժուռնալիստներին, ինչպես կարողացար համոզել ինձ։
     – Իսկ եթե Զայուսն ու մյուս օրանգուտանգները համառե՞ն։
     - Գորիլաները, որոնք ստիպված են հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, այդ ապուշներին կնստեցնեն իրենց տեղը։ Ի միջի այլոց, ոչ բոլոր օրանգուտանգներն են այդպես հիմար, ինչպես Զայուսը և, վերջապես, գիտնականների մեջ, կան մի քանի շիմպանզեներ, որոնք ակադեմիկոսներ են դարձել իրենց նշանավոր հայտնագործությունների համար։ Նրանցից մեկը Կորնելին է՝ իմ նշանածը։ Նրա հետ, և միայն նրա հետ, ես արդեն խոսել եմ քո մասին։ Նա խոստացավ ելույթ ունենալ և պաշտպանել քեզ։ Պարզ է, սկզբում ուզում է ծանոթանալ, ստուգել այն ամենը, ինչ պատմել եմ, դա նրան չափազանց անհավանական է թվում։ Ի միջի այլոց, մասամբ էլ այդ պատճառով եմ քեզ այստեղ բերել։ Այսօր Կորնելին հանդիպման է կանչել ինձ, և պիտի որ շուտով գա։
     Կորնելին մեզ սպասում էր հսկա ձարխոտերի թփերի մոտ։ Դա մի դուրեկան շիմպանզե էր, պարզ է, ավելի տարիքով, քան Զիրան, բայց, այնուամենայնիվ, չափազանց ջահել պատվավոր ակադեմիկոսի համար։ Առաջին իսկ պահին ինձ զարմացրեց նրա հայացքի անսովոր խորաթափանցությունը։
     - Դե, ինչպիսի՞ն է նա, - ցածրաձայն հարցրեց ինձ Զիրան ֆրանսերեն։
     Այդ հարցից դատելով, ինչպես երևում է, վերջնականապես նվաճել էի այդ էգ շիմպանզեի վստահությունը։ Որպես պատասխան ես մռթմռթացի մի քանի հիացական խոսքեր, և մենք մոտեցանք Կորնելիին:
     Հարսնացուն ու փեսացուն գրկախառնվեցին, ինչպես գրկախառնվում էին բոլոր զույգերը այդ զբոսայգում։ Կորնելին Զիրային փաթաթվեց ձեռքերով, նույնիսկ չնայելով իմ կողմը։ Պարզ էր, որ չնայած նրա պատմածներին, այնուամենայնիվ, ես նրա համար նշանակում էի ոչ ավելին, քան տնային, վարժեցված գազան։ Հենց ինքը՝ Զիրան մի պահ մոռացավ ինձ, և սիրահարների շուրթերը հպվեցին բավական երկար։ Այնուհետև Զիրան ցնցվեց, արագ ընկրկեց և շփոթված հայացքը խոնարհեց։
     - Ի՞նչ պատահեց քեզ, թանկագինս, - զարմացավ Կորնելին։ - Չէ որ մենք մենակ ենք։
     - Ներեցեք, բայց ես նույնպես այստեղ եմ, - արժանապատվությամբ ասացի ես ամենաընտիր կապկային լեզվով։
     - Ի՞նչ, - բղավեց շիմպանզեն, մի կողմ թռչելով։
     - Ասացի՝ ես նույնպես այստեղ եմ։ Ցավոք, ստիպված եմ ձեզ այս մասին հիշեցնել։ Ձեր գրկախառնումներն ու համբույրները ինձ բոլորովին անհարմար վիճակի մեջ չեն գցում, բայց դուք ինքներդ հետո կարող եք նախատել ինձ անհամեստության համար։
     - Սատանան ինձ տանի, - աղաղակեց գիտնական շիմպանզեն։
     - Զիրան քա՜հ-քա՜հ ծիծաղեց և մեզ ներկայացրեց միմյանց։
     - Դոկտոր Կորնելի, ակադեմիայի անդամ, - ասաց նա։
     - Ուլիս Մերու, արեգակնային համակարգի մոլորակներից մեկի, ավելի ճիշտ, Երկրագնդի բնակիչ։
     - Երջանիկ եմ ձեզ հետ ծանոթանալու համար,– ասացի ես։ - Զիրան ձեր մասին պատմել է ինձ։ Ուրախ եմ, որ դուք ունեք այսպիսի սքանչելի հարսնացու։ Ընդունեք իմ շնորհավորանքը:
     Ես նրան մեկնեցի ձեռքս, բայց Կորնելին ետ ցատկեց, կարծես առջևը օձ դուրս եկավ։
     - Ուրեմն դա ճի՞շտ է, - մռթմռթաց նա, շշմած նայելով, Զիրային։
     - Սիրելիս, մի՞թե ես երբևէ ստել եմ։
     Կորնելին տիրապետեց իրեն. նա իսկական գիտնական էր։ Մի փոքր տատանվելուց հետո, շիմպանզեն սեղմեց ձեռքս։
     - Ինչպե՞ս եք ապրում, - հարցրեց նա։
     - Շնորհակալ եմ, - պատասխանեցի: - Նորից եմ խնդրում ներեք ինձ իմ... կոստյումի համար։
     - Նա միայն այդ մասին է մտածում, - ծիծաղելով նկատեց Զիրան։ - Ուղղակի ինչ-որ մանյա է։ Նա նույնիսկ չի, պատկերացնում, թե ինչպես կերևա հագուստի մեջ։
     - Եվ դուք իրոք եկել եք այդ... ինչպե՞ս էր...
     - Երկրից, արեգակնային համակարգից։
     Ինչպես երևում էր մինչև այդ Կորնելին շատ չէր հավատացել Զիրայի ասածներին, ենթադրելով, որ այդ ամենը ինչ-որ աճպարարություն է։ Բայց այժմ նա տառացիորեն հարցերով հեղեղեց ինձ։ Մենք մանրաքայլ զբոսնում էինք այգում. շիմպանզեները գնում էին թևանցուկ, առջևից, իսկ ես վզկապով ետևից, որպեսզի չգրավեի անցորդների ուշադրությունը։ Այնուամենայնիվ, իմ պատասխաններն այնքան ապշեցրին Կորնելիի երևակայությունը, որ նա երբեմն կանգնում էր, թողնում իր հարսնացուին, և մենք սկսում էինք վիճել՝ կանգնելով դեմ առ դեմ, թափահարելով ձեռքներս, ծառուղու ավազը ծածկելով ամեն տեսակի գծագրերով։ Զիրան մեզ վրա չէր բարկանում։ Ընդհակառակը, տեսնելով, թե ինչպիսի տպավորություն եմ գործում իր նշանածի վրա նա սրտանց ուրախանում էր։
     Պարզ է, Կորնելիին ավելի շատ հետաքրքրում էր Երկրի վրա մարդկային ցեղի էվոլյուցիան. նա ստիպեց ինձ մի քանի անգամ կրկնել այն ամենը, ինչ գիտեմ այդ մասին։ Դրանից հետո նա բավական ժամանակ խորասուզվեց մտքերի մեջ։ Այնուհետև ասաց, որ իմ ինֆորմացիան, անկասկած, իրենից հսկայական արժեք է ներկայացնում գիտության համար ընդհանրապես և իր համար մասնավորապես, հատկապես այժմ, երբ նա ձեռնարկել է չափազանց համարձակ ուսումնասիրություններ կապիկների ծագման բնագավառում։ Ինչքան որ ես հասկացա, նա այդ պրոբլեմը համարում է չլուծված և համաձայն չէր բոլորի կողմից ընդունված տեսությունների հետ։ Սակայն, երբ խոսք գնաց իր սեփական ենթադրությունների մասին, նա շատ զուսպ գտնվեց, և այդ առաջին հանդիպման ժամանակ ես այդպես էլ ոչինչ չիմացա։ Ինչ էլ որ եղավ, ես զգացի, որ նրա համար անչափ արժեքավոր եմ և, ինչպես երևում է, նա կտար իր ամբողջ կարողությունը, միայն թե ինձ տաներ իր լաբորատորիան:
     Այնուհետև մենք խոսեցինք իմ իրավիճակի ու Զայուսի մասին, որի հիմարությունն ու կույր համառությունը Կորնելիին լավ ծանոթ էին։ Նա հավանություն տվեց Զիրայի պլանին և նույնիսկ խոստացավ հող պատրաստել իմ ելույթի համար։
     Երբ մենք բաժանվեցինք, Կորնելին առանց տատանվելու ձեռքը մեկնեց ինձ, համենայն դեպս ստուգելով, թե կողմնա­կի մարդիկ չկա՞ն արդյոք մոտակայքում։ Հետո նա համբուրեց իր հարսնացուին ու հեռացավ ուսի վրայից նայելով ինձ, կարծես համոզվելու, որ ես նրան երազում չեմ հայտնվել։
     - Ինչքան դուրեկան, երիտասարդ շիմպանզե է, - ասացի Զիրային, երբ մենք վերադառնում էինք, դեպի մեքենան։
     - Եվ շա՛տ մեծ գիտնական, - ավելացրեց նա։ - Ես համոզված եմ, որ նրա ներկայությամբ դու կկարողանաս համոզել կոնգրեսին:
     - Զիրա՛, - շշնջացի նրա ականջին, տեղավորվելով ետևի նստատեղին, - ես քեզ եմ պարտական իմ ազատության ու կյանքի համար։
     Միայն հիմա հասկացա, թե ինչքան շատ բան է արել նա ինձ համար գերությանս հենց առաջին օրվանից։ Առանց նրա երբեք չէի կարողանա հաղորդակցվել կապիկների աշխարհի հետ։ Զայուսը միանգամայն կարող էր ուղեղս հեռացնել՝ ապացուցելու համար, որ ես մտածող էակ չեմ։
     Զիրայի շնորհիվ հիմա ես դաշնակիցներ ունեմ, և կարող եմ ապագային նայել ինչ-որ չափով լավատեսորեն։
     - Ես այդ արեցի դեպի գիտությունն ունեցած իմ սիրո համար, - պատասխանեց Զիրան կարմրելով: - Քո, դեպքը եզակի է, և ես պետք է ամեն գնով պահպանեի քեզ:
     Չգիտեի ինչպես արտահայտեմ երախտագիտությունս: Նրա խելացի աչքերով հրապուրված, ես արվեն չէի տեսնում կապկային մռութը: Եվ ձեռքս ակամա հայտնվեց նրա երկար, մազոտ թաթի մեջ: Զիրան ցնցվեց, և նրա հայացքում կարդացի ցավակցություն ու մեղմություն: Խորապես հուզված, մենք ետդարձի ճանապարհին ոչ մի բառ չարտասանեցինք:

Գլուխ 5

     Զիրան գաղտնի մի էլեկտրական լապտերիկ տվեց և հիմա գրքեր է բերում, որոնք թաքցնում եմ ծղոտի տակ: Արդեն վարժ կարդում ու խոսում եմ կապիկների լեզվով: Ամեն գիշեր ժամերով ուսումնասիրում եմ Սորորայի քաղաքակրթությունը: Սկզբում Նովան բողոքում էր: Ատամները ցույց տալով, ինչպես մի վտանգավոր գազանի, հոտոտում էր գիրքը: Բայց բավական եղավ վրան ուղղել լապտերի ճառագայթը, և նա դողալով ու վնգվնգալով կծկվեց վանդակի անկյունում: Այն օրվանից, երբ լապտերիկը հայտնվեց, ես մեր վանդակի տեր ու տնօրենը դարձա, և այլեւս հարկ չի լինում Նավային հանգստացնելու համար դիմել ուրիշ միջոցի: Զգում եմ, որ նրա վրա սրբազան երկյուղ եմ ներշնչել: Մյուս գերիներն էլ, դատելով մի քանի նշաններից, նույն ձևով են վերաբերվում ինձ: Իմ հեղինակությունը բավականաչափ բարձր է: Եվ ես դա չարաշահում եմ: Երբեմն դառնում եմ քմահաճ և առանց որևէ պատճառի լապտերով վախեցնում եմ Նավային: Իսկ նա քսմսվում է ինձ, որպեսզի ներեմ իր դաժանության համար:
     Հուսով եմ, որ արդեն բավականին պարզ պատկերացում ունեմ կապկային աշխարհի մասին:
     Կապիկների մոտ ազգային բաժանում չկա: Ամբողջ մոլորակը ղեկավարում է մինիստրների կաբինետը, որի գլուխ կանգնած է եռապետությունը՝ մեկ գորիլա, մեկ օրանգուտանգ և մեկ շիմպանզե: Այդ կառավարությանը զուգահեռ գոյություն ունի Պառլամենտ, որը կազմված է երեք պալատներից՝ գորիլաների պալատ, օրանգուտանգների պալատ և շիմպանզեների պալատ: Յուրաքանչյուր պալատ պաշտպանում է իր ցեղի շահերը:
     Ըստ էության, երեք ցեղերի այդ բաժանումը Սորորայում հանդիսանում է միակը: Բոլոր ցեղերի ներկայացուցիչները սկզբունքորեն հավասար իրավունքներ ունեն և կարող են զբաղեցնել ցանկացած պոստը: Սակայն գործնականում գոյություն ունեն սահմանափակումներ, և յուրաքանչյուր ցեղ մասնագիտանում է իր բնագավառում:
     Հեռավոր անցյալում գորիլաները խաղացել են գլխավոր դեր շնորհիվ իրենց ֆիզիկական ուժի: Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց հիմա էլ կազմում են ամենահզոր դասը: Նրանք չեն խառնվում մասսայի հետ, նրանց չեք տեսնի ցուցարարների ամբոխի մեջ, բայց բարձր խավերից հենց գորիլաներն են ղեկավարում խոշոր ձեռնարկությունների մեծ մասը: Ընդհանուր առմամբ լինելով բավականին տգետ, նրանք բնազդորեն կարողանում են օգտագործել իրենց ենթակաների փորձն ու գիտելիքները: Ամենից շատ սիրում են տալ ընդհանուր ցուցումներ, նշագծել գլխավոր ուղիները և հրամայել մնացած կապիկներին: Եթե որևէ մասնագետ որևէ հետաքրքիր հայտնագործություն է անում, օրինակ, հնարում է լուսատու ամպուլ կամ վառելիքի նոր տեսակ, ապա այն, որպես օրենք, գորիլան է շահագործում, ստանալով դրանից առավելագույն շահ:
     Չունենալով մեծ խելք, գորիլաները համենայն դեպս ինչ-որ տեղ ավելի խորամանկ են ու ավելի դատող, քան օրանգուտանգները: Օգտվելով այդ բթամիտների սնափառությունից, գորիլաները հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են: Օրինակ, մեր ինստիտուտի դիրեկտորը գորիլա է, որը վեր է կանգնած գիտական ղեկավար Զայուսից, մեր բաժանմունքն է մտել ընդամենը մեկ անգամ: Նա ինձ նայեց այնպիսի գեներալական հայացքով, որ ես քիչ էր մնացել մեքենայաբար վեր թռչեի ու զգաստ կանգնեի նրա առաջ: Զայուսը նրա ներկայությամբ իրեն պահեց ստրկաբարո, և նույնիսկ Զիրայի վրա դիրեկտորի ղեկավարական տեսքը տպավորություն գործեց:
     Այն գորիլաները, որոնք պատասխանատու պոստեր չեն գրավում, սովորաբար զբաղվում են ֆիզիկական ուժ պահանջող սևագործ աշխատանքով։ Այսպես, օրինակ, Զորամին ու Զանամին հանձնարարում են միայն երկրորդական գործեր: Նրանց գլխավոր պարտականությունն է հարկ եղած դեպքում կարգի հրավիրել ենթափորձայիններին։
     Եվ վերջապես, գորիլաներից շատերը դառնում են որսորդներ։ Ըստ էության, դա նրանց արտոնությունն է։ Նրանք զբաղվում են վայրի գազանների, մասնավորապես մարդկանց որսով։ Ես արդեն ասացի, որ կապիկների փորձերը պահանջում են մարդկային նյութի անընդհատ համալրում. այդ նյութը ծախսվում է հսկայական քանակությամբ։ Անհասկանալի է, թե ինչու այդ փորձերին այստեղ տրվում է բացառիկ նշանակություն։ Այնպես է թվում, թե կապիկների բնակչության մեկ երրորդ մասը զբաղվում է կենսաբանության ու ֆիզիոլոգիայի պրոբլեմներով, բայց այդ խճճված հարցին ես դեռ կանդրադառնամ։ Ինչ էլ որ լինի մարդկային նյութի մատակարարումը պահանջում է աշխատանքի բարդ կազմակերպում։ Որսորդական ֆիրմաներում ծառայում են հրաձիգների բազմաթիվ խմբեր, հետապնդողներ, տրանսպորտային բանվորներ ու ծառայողներ, որոնց գլուխ միշտ կանգնած են գորիլաները։ Այդ ֆիրմայի գործերը, ես կարծում եմ, ծաղկում են, որովհետև մարդկանց գները միշտ աճում են։
     Գորիլաներին հավասար, ես կասեի գորիլաներից ցած, չնայած որ ձևականորեն այդպիսի հիերարխիա գոյություն չունի, կանգնած են օրանգուտանգներն ու շիմպանզեները։ Օրանգուտանգները բավականին քիչ են, իսկ նրանց դերը Զիրան շատ պարզ բնորոշեց մի կարճ բանաձևով, նրանք ներկայացնում են պաշտոնական գիտությունը։
     Դա հանրահայտ ճշմարտություն է, սակայն որոշ օրանգուտանգներ նույնպես զբաղվում են քաղաքականությամբ, արվեստով ու գրականությամբ։ Եվ ցանկացած բնագավառում ներմուծում են իրենց բնորոշ գծերը։ Սնապարծ են, մեծամիտ, փառասեր, մանրախնդիր, ինքնավստահ և ոչ մի օրիգինալ բան չեն ընդունում, խուլ են ու համր նորի նկատմամբ, դրա փոխարեն պատրաստ են փրփուրը բերաններին պաշտպանել ցանկացած ավանդութային հինը՝ մաշված, սովորական ճշմարտություններ, պատրաստի ձևակերպումներ։ Օրանգուտանգները կազմում են ակադեմիայի ամբողջ հիմնական կոնտինգենտը։ Ունենալով հրաշալի հիշողություն, նրանք անգիր են անում հսկայական քանակությամբ գրքեր։ Այնուհետև, նրանք գրում են իրենց գրքերը, կրկնելով նախկինում սովորածը և դրանով իրենց պաշտոնակից օրանգուտանգների կողմից արժանանում ճանաչման։ Հնարավոր է, որ այդ հարցում գտնվում եմ Զիրայի և նրա նշանածի զորեղ ազդեցության տակ, որոնք արհամարհում են օրանգուտանգներին: Բայց ախր գորիլաները նույնպես նրանց բանի տեղ չեն դնում, ձեռք են առնում նրանց ստրկամտությունը և այն օգտագործում իրենց շահերի համար։ Համարյա յուրաքանչյուր օրանգուտանգի ետևում կանգնած է մի գորիլա կամ գորիլաների խորհուրդ, որը պաշտպանում է իր խնամակալության տակ գտնվողին ու նրան մղում պատվաբեր պաշտոնի, օգնում է նրան ստանալու կոչում և, որ գլխավորն է, օրանգուտանգների կողմից աստվածացրած շքանշան, սակայն այս ամենը մինչև այն ժամանակ, քանի դեռ խնամակալության տակ գտնվողը բավարարում է խնամակալներին: Հակառակ դեպքում նրան շտապ ազատում են պաշտոնից և առանց մի փոքր ափսոսանքի փոխարինում են նույն տեսակի մեկ ուրիշ կապիկով։
     Մնացին շիմպանզեները։ Նրանք, ինչքան որ հասկացել եմ, իրենցից ներկայացնում են մոլորակի ինտելիգենցիան։ Զիրան իզուր չէր պարծենում, երբ ասում էր, որ բոլոր մեծ հայտնագործությունները շիմպանզե-գիտնականներն են արել։ Կարող է պատահել, որ նա փաստերը մի թեթև ընդհանրացրել է, քանի որ, այնուամենայնիվ, կան բացառություններ։ Համենայն դեպս, տարբեր հարցերով բոլոր հետաքրքիր գրքերի մեծ մասը գրել են հենց շիմպանզեները: Ինչպես երևում է, նրանց չափազանց գրավում է որոնումների, հետազոտության ոգին։
     Ես արդեն ասացի, թե օրանգուտանգները ինչպես են արտագրում իրենց աշխատությունները։ Սակայն, ամենասարսափելին, որի մասին հաճախ էր ինձ գանգատվում Զիրան, այն է, որ բոլորովին նույն ձևով թխում են նաև դասագրքերը՝ կոպիտ մոլորություն տարածելով կապկային երիտասարդության շրջանում;
     Ըստ Զիրայի պատմածի, ընդամենը մի քանի տարի առաջ դպրոցական դասագրքերը հաստատել են իբր Սորորա մոլորակը հանդիսանում է աշխարհաշինության կենտրոնը, չնայած, որ նույնիսկ միջին ընդունակություններ ունեցող կապիկները վաղուց ի վեր չեն հավատում նման հիմարության, և այդ ամենը միայն նրա համար, որ հազարավոր տարիներ առաջ Սորորայի վրա ապրել է Արիստաս անունով մի օրանգուտանգ, որը մեծ հեղինակություն է վայելել և քարոզել է այդ տեսությունը, որը մյուս օրանգուտանգները կրկնում են մինչև այժմ որպես անհերքելի ճշմարտություն։ Իմանալով, որ այդ նույն Արիստասը հաստատել է այն թեզը, որ իբր հոգի կարող են ունենալ միայն կապիկները, ես սկսեցի ավելի լավ հասկանալ իմ նկատմամբ Զայուսի ունեցած վերաբերմունքը։ Բարեբախտաբար շիմպանզեները առավելապես օժտված են քննադատական խելքով։ Ահա արդեն մի քանի տարի է, ինչպես հասկացա, նրանք համառ գրոհում են ոսկրացած աքսիոմաների ամրոցի վրա, ջանալով տապալել հնամենի կուռքը։
     Ինչ վերաբերում է գորիլաներին, ապա նրանք գրում են հազվադեպ, բայց նրանց աշխատությունները արժանանում են ամեն տեսակի գովասանքի, եթե ոչ բովանդակության, ապա ձևավորման համար;
     Ես հպանցիկ նայեցի նման գրքերից մի քանիսը և մինչև օրս, հիշում եմ մի քանի անվանումներ. «Գիտահետազոտական աշխատանք, ձեռնարկության կազմակերպման հիմքերը», «Հասարակական սեկտորի առավելությունները», կամ, ասենք՝ «Կանաչ մայր ցամաքում մարդկանց մեծ շուրջկալի կազմակերպումը»։ Այդ գրքերում, որպես օրենք, բերվում են բազմաթիվ փաստաթղթեր, և ամեն մի գլուխ գրում է համապատասխան մասնագետը։ Այնտեղ կան շատ դիագրամներ, աղյուսակներ կամ լուսանկարներ։
     Ամբողջ մոլորակի միավորման մեջ չկան զինվորներ, հետևաբար, զինվորական ծախսեր. Սորորայում չկա բանակ, միայն ոստիկանությունը պետք է նպաստեր կապկային քաղաքակրթության գլխապտույտ առաջադիմությանը։ Սակայն այդ չի կատարվել։ Չնայած Սորորան, ակնհայտ է, նույնիսկ Երկրից էլ տարիքով է, բայց կապիկները մարդկանցից ետ են մնում շատ բնագավառներում։
     Նրանք ունեն էլեկտրակայաններ, արդյունաբերություն, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, բայց տիեզերքի նվաճման գործում նրանք դոփում են արհեստական արբանյակի փուլում։ Տեսական գիտություններում, անվերջ մեծ և անվերջ փոքր մեծությունների իմացության հարցում նրանք նույնպես շատ առաջ չեն գնացել։ Ի միջի այլոց, այդ ետ մնալը, ինչպես երևում է, պատահական է, և ես չեմ կասկածում, որ երբևէ նրանք մեզնից առաջ կանցնեն. դրա օգտին են խոսում նրանց անսովոր աշխատունակությունը և շիմպանզեների հետազոտական սուր միտքը։ Երբեմն ինձ թվում է, որ կապիկների պատմության մեջ եղել է լճացման խավար փուլ, որը շարունակվել է բավական երկար ժամանակ, շատ ավելի երկար, քան մեզ մոտ և որ շատ ժամանակ չէ ինչ նրանք մտել են նոր, խոշոր հայտնագործությունների ու մեծագործությունների ժամանակաշրջանը։
     Նրանց հետազոտությունների հիմնական մասը, ես նորից պիտի այդ ընդգծեմ, տարվում է կենսաբանության ու ֆիզիոլոգիայի բնագավառում և ուղղված է մասնավորապես կապիկների ուսումնասիրությանը։ Այդ ուսումնասիրությունների համար օգտագործվում են մարդիկ, որոնք կապիկների կյանքում խաղում են, չնայած ոչ նախանձելի, առաջնակարգ դեր։ Լավ է, որ Սորորայում բավականաչափ մարդիկ կան։ Մի գիտնականի վկայությամբ մարդիկ այստեղ նույնիսկ ավելի շատ են, քան կապիկները։ Բայց կապիկների բնակչությունը անընդհատ աճում է, իսկ մարդկանց թիվը կրճատվում։ Դրա համար էլ արդեն այժմվանից որոշ հետազոտողներ անհանգստացած են իրենց լաբորատորիաները մարդկային նյութով համալրելու պրոբլեմով։
     Սակայն այդ բոլորը չեն բացատրում կապիկների էվոլյուցիայի գաղտնիքները։ Ի միջի այլոց, կարող է պատահել, ընդհանրապես ոչ մի գաղտնիք էլ գոյության չունի։ Հնարավոր է, որ նրանց զարգացումը կատարվել է նույնպես օրինաչափ, ինչպես մերը։ Ո'չ, չեմ կարող դրան հավատալ։ Մանավանդ, որ այժմ ինձ հաստատ հայտնի է, որ Սորորայի շատ գիտնականներ չեն հավատում առանց դրսի ազդեցության կապիկների՝ էվոլյուցիայի գագաթը հասնելուն։ Դրանց թվին է պատկանում նաև Կորնելին, և, ինչքան գիտեմ, նրան աջակցում են ամենապայծառ, որոնող մտքերը;
     Կապիկները չգիտեն, թե որտեղից են հայտնվել իրենք, ովքեր են և ուր են գնում և, ինչպես երևում է, տանջվում են այդ անորոշությունից։ Հնարավոր է, որ հենց այդ զգացումն է ստիպում նրանց այդպես տենդագին ջանասիրությամբ կատարել կենսաբանական որոնումները և իրենց ամբողջ գիտական գործունեությանը տալ հատուկ նպատակաուղղվածություն:
     Այդ գիշեր դրանից այն կողմ ես չգնացի և այդպես էլ քնեցի, չլուծելով ամենագլխավոր հարցը։

Գլուխ 6

     Զիրան ինձ հաճախակի էր զբոսանքի տանում այգի։ Այնտեղ երբեմն հանդիպում էինք Կորնելիին և նրա հետ պատրաստում էինք այն զեկուցումը, որ պետք է կարդայի կոնգրեսի նիստում։ Կոնգրեսի բացման օրը մոտենում էր։ Զիրան հավատացնում էր, որ ամեն ինչ լավ կլինի։ Կորնելին ուզում էր, որ ինձ հնարավորին չափ շուտ ազատեն, որպեսզի կարողանա լրջորեն զբաղվել իմ անձով։
     Բայց այդ օրը Կորնելին չէր կարողացել գալ, և Զիրան առաջարկեց այցելել կենդանաբանական այգի, որը կից էր զբոսայգուն։ Ես, ինչ խոսք, կգերադասեի գնալ թատրոն կամ թանգարան, բայց այդ զվարճությունները առայժմ ինձ անմատչելի էին։ Կապիկների արվեստի մասին ես որոշ պատկերացում, ճիշտն ասած, արդեն ունեի, սակայն միայն գրքերով։ Ես հիացած էի դասական նկարների վերարտադրություններով՝ նշանավոր կապիկների դիմանկարներ, գյուղական բնապատկերներ, հեշտասեր արուների մերկ մարմիններ, որոնց շուրջը ճախրում էին ամուրի կերպարանքով թևավոր էգ կապիկները կամ ճակատամարտ պատկերող նկարներ, որոնք ներկայացնում են փայլփլուն արտահագուստով սարսափելի գորիլաներ։ Կապիկներն էլ են ունեցել իրենց իմպրեսիոնիստները, իսկ մի քանի ժամանակակից նկարիչներ հասել են նույնիսկ մինչև աբստրակտ գեղանկարչության։ Այս բոլորին ես ծանոթացել եմ վանդակում, էլեկտրական լապտերիկի լույսի տակ։
     Ես այդպես մերկ վիճակում չէի կարող հայտնվել թատրոնում, դրա համար էլ Զիրան տանում էր միայն բաց երկնքի տակ տեղի ունեցող սպորտային ելույթների։ Այդպես ես նայեցի մի խաղ, որը հիշեցնում էր մեր ֆուտբոլը, ներկա, եղա երկու գորիլաների միջև տեղի ունեցող բոքսի զարհուրելի հանդիպմանը և հիացա թեթև ատլետիկայի մրցումներով, որի ժամանակ օդային մարմնամարզիկ շիմպանզեները ցատկաձողի օգնությամբ թռչում հասնում էին գլխապտույտ բարձրության։
     Ինչ արած, այսօր ես համաձայնեցի այցելել կենդանաբանական այգի։
     Սկզբում ոչ մի աչքի ընկնող բան չնկատեցի։ Կենդանիները խիստ նման էին երկրային գազաններին։ Այստեղ կային գիշատիչներ, կնճիթավորներ, որոճողներ, սողուններ ու թռչուններ։ Իսկ տեսածս եռասապատ ուղտը կամ այծի եղջյուրներով վարազը ինձ երբեք էլ չէին կարող զարմացնել, այն բոլորից հետո, որ արդեն տեսել էի Սորորայում։ Ես սկսեցի զարմանալ, երբ մոտեցանք մարդկանց բաժանմունքին։ Զիրան աշխատեց ինձ հեռացնել, ինչպես երևում է, ափսոսելով, որ ընդհանրապես ձեռնարկել է այս զբոսանքը, բայց իմ հետաքրքրասիրությունը շատ մեծ էր, և ես ձգեցի վզափոկը այնքան ժամանակ, մինչև որ նա զիջեց։
     Առաջին վանդակում, որի մոտ մենք կանգնեցինք, նստած էին մոտ հիսուն կանայք, տղամարդիկ ու երեխաներ՝ զվարճացնելու բացբերան կապիկներին։ Մարդիկ տենդագին դես ու դեն ընկան, թռչկոտեցին, հրմշտեցին իրար, գլուխկոնծի տվին և ամեն տեսակի օյին արեցին, ջանալով իրենց վրա ուշադրություն հրավիրել:
     Դա մի չտեսնված տեսարան էր։
     Գերիներից յուրաքանչյուրը ձգտում էր դուր գալ փոքրիկ կապիկներին, որոնք ժամանակ առ ժամանակ վանդակն էին նետում մրգեր կամ քաղցրաբլիթ, որ գնել էին ծեր էգ շիմպանզեից կենդանաբանական այգի մտնելիս։ Երբ մարդկանցից որևէ մեկը, մեծ թե երեխա, անում էր մի զվարճալի տրյուկ՝ բարձրանում էր վանդակի ճաղերով վեր, թռչկոտում էր չորեքթաթ կամ ձեռքերի վրա ման գալիս գլխիվայր արժանանում էր պարգևի։ Սակայն քաղցրավենիքի կտորը, ընկնում էր գերիների. ամբոխի մեջ, անմիջապես սկսվում էր իրարանցումը. մարդիկ կռվում էին, իրար չանգռում, քաշում միմյանց մազերից և այդ բոլորը կատաղի ճիչով, վնգվնգոցով գազանային մռնչոցով։
     Մի քանի տարեց մարդիկ չէին մասնակցում այդ ծեծկռտոցին։ Նրանք նստել էին մի կողմ, ճաղերին մոտ, նայում էին մի փոքր կապիկի, որ թաթը խոթում էր քաղցրավենիքով լի պարկի մեջ, և աղերսանքով ձեռքերը մեկնում էին նրան։ Փոքրիկ կապիկները սովորաբար վախենալով ետ էին ցատկում, բայց երբ ծնողները կամ բարեկամները ծիծաղում էին, սրտապնդվում էին և, դողալով, քաղցրավենիքը տալիս մարդկանց ձեռքը։
     Կենդանաբանական այգում վզափոկով մարդու երևալը սենսացիա առաջացրեց ինչպես գերիների, այնպես էլ հանդիսատես կապիկների մեջ։ Վանդակի մարդիկ մի պահ դադարեցրին վազվզոցը և կասկածանքով աչքերը հառեցին ինձ։ Բայց քանի որ ինձ զգաստ էի պահում և արժանապատվությամբ հրաժարվում էի ողորմությունից, որ փոքր կապիկները վախվխելով մեկնում էին ինձ, և գերիները, և հանդիսատեսները շուտով դադարեցին ուշադրություն դարձնել ինձ վրա, և ես հնարավորություն ստացա անարգելք դիտել և' սրանց, և' նրանց: Մարդկանց անասնական վարքը իմ մեջ առաջացրեց ամոթի զգացում, մանավանդ, երբ ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ նրանք արտաքինով շատ նման են ինձ։
     Մյուս վանդակներում էլ տեսա նույն ստորացուցիչ ներկայացումները։ Ես կատաղեցի ու պատրաստ էի հետևել Զիրային, որն այդ դժոխքից դուրս բերելու համար քաշում էր վզափոկս, երբ հանկարծ աչքս ընկավ այնպիսի բանի վրա, որ ճիչս հազիվ զսպեցի։ Վանդակներից մեկում, մարդկանց հոտի մեջ, տեսա տիեզերական ճանապարհորդության իմ ուղեկցին, հանրաճանաչ պրոֆեսոր Անտելին, որը մեր արշավախմբի ղեկավարն էր ու հոգին։ Երևի նա, ինչպես և ես, թակարդն էր ընկել, բայց, ինչպես երևում է, բախտը չի բերել և նրան վաճառել են կենդանաբանական այգուն։
     Ես այնպես երջանիկ էի, տեսնելով նրան կենդանի ու առողջ, որ աչքերիցս արցունք եկավ։ Բայց տեղնուտեղը մտածելով, թե ինչպիսի անտանելի պայմաններում է գտնվում նա, ցնցվեցի։ Այն բուռն զգացմունքները, որ համակեցին ինձ շուտով վերածվեցին հուսահատ զարմանքի, երբ նկատեցի, որ հանրաճանաչ գիտնականը իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես վանդակի մյուս բնակիչները։ Դա անհավանական էր, բայց աչքերիս չէի կարող չհավատալ։ Պրոֆեսոր Անտելը տարիքավոր արուների խմբում էր. դրանք չէին մասնակցում ծեծկռտոցին։ Միայն դեմքի աղաչական ծամածռություններով ձեռքերը մեկնում էին ողորմություն խնդրելու։ Ես տեսա, թե նա ինչպես արեց այդ, և նրա վարքը ոչնչով չէր տարբերվում Սորորայի մարդկանց վարքից։ Փոքրիկ կապիկը նրան բանան տվեց։ Պրոֆեսորը վերցրեց այն, ծալապատիկ նստեց և շտապ-շտապ սկսեց խժռել ողորմությունը, ագահ հայացքը չկտրելով իր բարերարից, նորն ստանալու հույս ունենալով։ Այս տեսարանից ես նորից լաց եղա։ Հարկ եղավ շշուկով բացատրել Զիրային իմ վշտի պատճառը։ Ես ուզեցի մոտենալ ու խոսել պրոֆեսորի հետ, բայց Զիրան վճռականապես դեմ կանգնեց դրան։ Ես նրան ոչնչով չէի կարող օգնել, իսկ բուռն հանդիպումը սպառնում էր անցանկալի խայտառակություն, որը կվնասեր երկուսիս և կխանգարեր իմ սեփական պլանների իրագործմանը։
     - Մենք նրանով կզբաղվենք կոնգրեսից հետո, երբ դու կճանաչվես և կընդունվես մեր հանրապետության մեջ որպես բանական արարած,- ասաց Զիրան։
     Նա իրավացի էր, և ես ցավով թույլ տվեցի դուրս բերել ինձ կենդանաբանական այգուց։
     Ճանապարհին, ավտոմեքենայի մեջ ես բացատրեցի Զիրային, թե ով է պրոֆեսոր Անտելը և ինչ համբավ ուներ Երկրի վրա, գիտնականների շրջանում։
     Նա երկար մտածեց և, վերջ ի վերջո, խոստացավ հնարավոր ամեն բան անել նրան կենդանաբանական այգուց դուրս բերելու համար։ Մինչև ինստիտուտ հասնելը ես մի քիչ հանգստացա, բայց երբ գորիլաները բերեցին երեկոյան կերը, կուլ չգնաց և ես հրաժարվեցի ուտելուց։

Գլուխ 7

     Կոնգրեսից մեկ շաբաթ առաջ Զայուսն այցելեց մեզ, ինձ ենթարկելով ամենաանհեթեթ փորձարկումների։ Նրա քարտուղարուհին չէր հասցնում բազմաթիվ թղթերի վրա գրի առնել այն դիտողություններն ու զննումները, որ վերաբերում էին իմ անձին։ Ես նույնիսկ երեսպաշտորեն ջանացի ինձ պահել ոչ ավելի խելացի, քան պահանջվում էր։
     Վերջապես կոնգրեսն սկսվեց, սակայն առաջին երկու օրերը նվիրված էին տեսական բանավեճերին, իսկ ինձ տանելու համար հայտնվեցին միայն երրորդ օրը։ Բայց նախորդ բոլոր նիստերի մասին ես տեղյակ էի Զիրայի շնորհիվ։ Զայուսն արդեն ելույթներ էր ունեցել մի երկար զեկուցումով, որի ընթացքում ինձ ներկայացրել էր որպես զարմանալիորեն զարգացած բնազդով, բայց գիտակցությունից լրիվ զուրկ մարդու։ Կորնելին նրան մի քանի հարց էր տվել, որպեսզի զեկուցողը բացատրեր, թե ինչպես է նա գնահատում իմ վարքի այս կամ այն հատկությունները։ Դա բորբոքել էր հին թշնամությունը, և վերջին նիստն անցել էր բավականին բուռն։ Գիտնականները բաժանվել էին երկու բանակի, մի կողմն ապացուցում էր, որ անասունները ընդհանուր առմամբ չեն կարող հոգի ունենալ, իսկ մյուսները գտնում էին, որ կապիկների ու մարդկանց հոգեկանի միջև եղած տարբերությունը արտահայտվում է միայն քանակապես և ոչ որակապես։ Հասկանալի էր, այդ վեճի իսկական պատճառը ոչ ոք չգիտեր, բացի Կորնելիից ու Զիրայից։ Այնուամենայնիվ, Զայուսի զեկուցման մեջ բերված էին այնպիսի ապշեցուցիչ փաստեր, որոնց մասին այդ բթամիտը չէր էլ կասկածում, որ անկողմնակալ դիտորդները և նույնիսկ որոշ վաստակավոր գիտնականներ շփոթված էին, և քաղաքով մեկ լուր տարածվեց կատարյալ արտասովոր մարդու մասին։
     Ինձ վանդակից հանելիս Զիրան ականջիս շշնջաց։
     - Ժողովուրդ շատ կլինի, ինչպես առաջին ներկայացման ժամանակ, իսկ ժուռնալիստների մասին խոսելու հարկ չկա։ Բոլորն հուզված են և սպասում են սենսացիայի։ Քեզ համար դա հրաշալի է։ Գոտեպնդվի'ր։
     Նրա բարոյական աջակցությունն ինձ անհրաժեշտ էր։ Ես զգում էի, որ նյարդերս չեն դիմանում։ Իմ ելույթը գիշերը մի քանի անգամ կարդացի։ Անգիր գիտեի։ Այն պետք է համո­զեր անգամ ամենահամառ բութերին։ Սակայն ինձ տանջում էր մի ահավոր միտք, գուցեև ինձ թույլ չտան նույնիսկ խոսել։
     Գորիլաները ինձ հրեցին բեռնատար ավտոմեքենայի վրա սարքավորված վանդակը, որտեղ արդեն կային մի քանի այլ ենթափորձային մարդիկ, որոնք պատիվ ունեին ներկայանալ գիտնականների ժողովին՝ նորմաներից շեղվելու համար։ Շուտով մենք հասանք մի հսկա գմբեթավոր շենքի։ Հսկիչները մեզ տարան նիստի դահլիճին կից նախասրահը, որի պատերի տակ վանդակներ կային դրված։ Այդ վանդակներում մենք սպասեցինք այնքան, մինչև որ գիտնական կապիկները թույլ տվեցին ցուցադրել մեզ։ ժամանակ առ ժամանակ պաշտոնական զգեստով փքված արու գորիլան բաց էր անում դահլիճի նախասրահի դուռը և բացականչում էր համարը. հսկիչները բռնում էին հերթական մարդու վզափոկից ու տանում։ Ամեն անգամ դռնապանի հայտնվելու ժամանակ սիրտս քիչ էր մնում դուրս գար կրծքիցս։ Նիստերի դահլիճի կիսաբաց դռնից լսվում էին աղմուկ, բացականչություններ, երբեմն՝ ծափահարություններ:
     Այն փորձարկվողներին, որոնց արդեն ցուցադրել էին, անմիջապես տարան։ Եվ երբ ես վախվորած նորից վերհիշում էի իմ խոսքի հիմնական դրույթները, նախասրահում ինձնից ու հսկիչ գորիլաներից բացի ոչ ոք չմնաց։ Ինչպես երևում է, ինձ պահել էին ներկայացման վերջում ցուցադրելու, ինչպես պրիմադոննային։ Եվ դռնապանը հայտնվեց վերջին անգամ և բացականչեց իմ համարը։ Ես վեր թռա, փայտացած հսկիչից խլեցի վզափոկն ու ինքս անցկացրի իմ վզօղակին։ Այնուհետև երկու գորիլաների ուղեկցությամբ հաստատ քայլերով մտա նիստերի դահլիճ։ Բայց հազիվ էի ոտք դրել շեմին, երբ կուրացած ու վհատված կանգ առա։
     Սորորայի մոլորակն ընկնելու հենց առաջին օրից տեսել եմ շատ տարօրինակ ու վայրենի տեսարաններ։ Ինձ թվում էր, որ այնքան եմ ընտելացել կապիկներին ու նրանց վարքին, որ ինձ այլևս ոչինչ չէր կարող զարմացնել։ Սակայն իմ առջև բացված տեսարանի հրեշավոր անհեթեթությունն ու վիթխարիությունը ցնցեցին ինձ։ Գլուխս պատվեց, և ո՞ր երրորդ անգամը, ինքս ինձ հարցրի, արդյոք այս ամենը մղձա­վանջային երազում չե՞մ տեսնում։
     Ես հայտնվեցի հսկա ամֆիթատրոնի ներքևում։ Հիմար ասոցիացիայով այն ինձ հիշեցրեց Դանտեի ձագարաձև դժոխքը։ Իմ շրջապատի և գլխավերևի բոլոր աթոռները լեփ-լեցուն էին հազարավոր կապիկներով։ Տասնյակ հազարավոր։ Կյանքում ոչ մի անգամ միաժամանակ այդքան կապիկ չէի տեսել, երկրային մարդու ամենախենթ երևակայությունն ի վիճակի չէ պատկերացնել նման խառնամբոխ, իսկ ես ուղղակի ջախջախվեցի նրանց անհաշիվ բազմությունից։
     Պայքարելով գլխապտույտի դեմ, ես փորձեցի կողմնորոշվել կապիկների այդ դժոխքում։ Սակայն գորիլաներն անմիջապես ինձ քաշեցին-տարան կլոր հարթակի մեջտեղը, որը նման էր կրկեսային արենայի՝ զեկուցողի ամբիոնով։ Ես դանդաղ պտտվեցի շուրջս։ Կապիկների շարքը հասել էր ընդհուպ աներևակայելի բարձրության՝ գմբեթի տակը։
     Ներքևի կարգերում նստած էին կոնգրեսի անդամները, անվանի գիտնականները, բոլորը զոլավոր տաբատներով և մուգ ռեդինգոտներով, բոլորի կրծքածալերին շքանշաններ, բոլորը պատկառելի տարիքի և բոլորը օրանգուտանգներ։ Նրանց մեջ ես նկատեցի շատ քիչ գորիլաների ու շիմպանզեների։ Ես հույս ունեի տեսնել Կորնելիին, բայց չգտա նրան։
     Կոնգրեսի անդամներից ետ, արգելագծից այն կողմ աթոռներ էին դրված նրանց օգնականների և գործընկերների համար։ Նույն մակարդակի վրա էին նաև մամուլի ներկայացուցիչների օթյակները, որոնք լիքն էին ժուռնալիստներով ու լուսանկարիչներով։ Իսկ ավելի վերև, երկրորդ արգելագծից բարձր նստած էին անթիվ ու անհամար հանդիսատեսներ։ Դատելով միահամուռ դղրդյունից, որով կապիկների ամբոխն ընդունեց իմ հայտնվելը, մթնոլորտը արդեն բավականին շիկացած էր։
     Ես փորձեցի որոնել Զիրային, նա պետք է գտնվեր ասիստենտների մեջ։ Նրա մի հայացքը ինձ կաջակցեր։ Սակայն այստեղ ևս ինձ սպասում էր հիասթափությունը, սատանայական ռեխների բազմահազար խառնամբոխում և ոչ մի ծանոթ կապիկ։
     Այնժամ ես սկսեցի դիտել գիտության քրմերին։ Ի տարբերություն հասարակ մահկանացուների, որոնք տեղավորված էին սովորական աթոռներին, ակադեմիկոսները բազմել էին կարմիր թավշապատ բազկաթոռներին։ Նրանք բոլորը նման էին Զայուսին։ Կորանալով այնպես, որ գլուխները համարյա կպնում էին գրակալներին և երկար ձեռքերը արմունկներից ծալելով, օրանգուտանգները իմաստունի տեսքով ինչ-որ բան էին գրում կամ էլ պարզապես սատանի ճտեր էին նկարում։
     Վերին հարկերի հուզված հանդիսատեսների համեմատությամբ նրանք մի տեսակ շշմած տեսք ունեին։ Ինձ թվաց, թե միայն իմ հայտնվելը, որի մասին հաղորդվել էր ռադիոյով, ինչ-որ չափով արթնացրեց նրանց թուլացած ուշադրությունը։ Ազնիվ խոսք, ես հիշում եմ, ինչպես երեք օրանգուտանգներ տառացիորեն վեր թռան ու աչքերը չռեցին, կարծես նրանց հանկարծ, առանց զգուշացնելու, պոկեցին Մորֆեի գրկից։
     Ինչ եղել էր եղել. այլևս ոչ ոք չննջեց։ Ինչպես երևում է, ես ծրագրի մեխն էի։ Հիացած կամ ուղղակի հետաքրքրասեր կապիկների հազարավոր աչքեր ամեն կողմից մեխվեցին ինձ վրա։
     Հսկիչները ստիպեցին ինձ կանգնել բեմի վրա, որի կենտրոնում բազմել էր պատկառելի արու գորիլան։ Զիրան ինձ բացատրել էր, որ կոնգրեսում կնախագահի ոչ թե ակադեմիկոս, ինչպես եղել է մինչև օրս, այլ կարգադրիչ գորիլան, քանի որ առաջ իրենք իրենց ձայնի իրավունք տվող գիտնական կապիկները սկսում էին անվերջ բանավիճել և չէին կարողանում գալ ընդհանուր եզրակացության, որոշումներ հանել։ Պատկառազդու նախագահի ձախ կողմում նստած էր քարտուղար շիմպանզեն. նա կազմում էր նիստի արձանագրությունը։ Աջ կողմում դրված էր մի բազկաթոռ, որին հերթով մոտենում էին զեկուցողները։ Այժմ նրա մեջ, աննշան ծափահարությունների ներքո, նստեց Զայուսը։ Շնորհիվ միկրոֆոնների ու հզոր լուսարձակների, նույնիսկ ամենավերջին շարքի հանդիսատեսը հրաշալի տեսնում և լսում էր կենտրոնական բեմում կատարվող ամեն ինչ։
     Նախագահ գորիլան զանգը հնչեցրեց և, լռություն հաստատելով հայտարարեց, որ խոսքը տալիս է մեծարգո ակադեմիկոս Զայուսին՝ ներկայացնելու համար մարդու, որի մասին նա արդեն զեկուցել է բարձր ժողովին։ Գիտնական օրանգուտանգը ելավ, խոնարհվեց ու սկսեց իր խոսքը։ Նրա խոսելու ամբողջ ընթացքում ես աշխատեցի պահել ինձ ինչքան հնարավոր է ավելի խելամիտ ու ավելի բանական։ Օրինակ, երբ նա առաջին անգամ ակնարկեց իմ մասին, ես ձեռքս դրեցի կրծքիս և հարգալից խոնարհվեցի, դահլիճում առաջացնելով ծիծաղ։ Ի միջի այլոց, նախագահի գանգը տեղնուտեղը վերջ դրեց այդ ուրախությանը։ Իսկ ես հասկացա, որ նման ձևով ոչնչի չեմ հասնի, իմ ամենախելացի գործողությունները կընդունվեն լոկ լավ վարժությունների արդյունք։ Դրա համար էլ մինչև զեկուցման վերջը ես չշարժվեցի։
     Զայուսը հիշատակեց իր արած եզրահանգումներն ու հայտարարեց, որ այժմ կցուցադրի իմ ընդունակությունները, նրա անիծված փորձարկումների զանազան հարմարանքները արդեն դրված էին բեմահարթակում: Վերջում Զայուսը հայտարարեց, որ բացի նշվածից, ես ընդունակ եմ, ինչպես որոշ թռչուններ, կրկնել առանձին բառեր և որ նա հույս ունի ստիպել ինձ այդ տրյուկն անել հարգարժան ժողովի առջև։ Այնուհետև նա վերցրեց բազմաթիվ փականքներով արկղիկը և մեկնեց ինձ։ Բայց բոլոր փակերը արագ բաց անելու փոխարեն ես վարվեցի իմ մտածածի պես։
     Վերջապես եկավ բաղձալի ժամը։ Եվ ահա ես բարձրացրի ձեռքս, կամաց ձգեցի վզափոկը և մոտեցա միկրոֆոնին, դիմեցի կոնգրեսի նախագահին։
     - Հարգելի պարոն նախագահ, - սկսեցի ես, ջանալով խոսել կապիկների լեզվով հնարավորին չափ մաքուր։ - Ես մեծ հաճույքով բաց կանեմ ձեզ համար այս տուփը և հաճույքով կանեմ ծրագրի մյուս համարները։ Սակայն, նախքան անցնելը ինձ համար ամենևին բարդություն չներկայացնող փորձերին, ես թույլտվություն եմ խնդրում հանդես գալ մի հայտարարությամբ, որը, համոզված եմ, կզարմացնի բարձ գիտական ժողովին։
     Նախագահը շշմած նայեց ինձ, ոչինչ չհասկանալով։ Դրա փոխարեն Զայուսը իրեն կորցրեց։
     - Պարոն նախագա'հ, - աղաղակեց նա: - Ես բողոքարկում եմ։
     Սակայն այստեղ ուղղակի ջախջախվեց, գիտակցելով մարդու հետ վիճելու ամբողջ անհեթեթությունը։ Դրանից օգտվելով, ես նորից խոսեցի.
     - Պարոն նախագահ, ձեր նկատմամբ մեծ հարգանք տածելով հանդերձ, ես, այնուամենայնիվ, պնդում եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեք բացատրվելու։ Իմ խոսքն ավարտելուց հետո, ես կկատարեմ այն ամենը, ինչ պահանջում է մեծարգո Զայուսը, երդվում եմ պատվովս, բայց ո'չ հիմա։
     - Մեռած լռության վայրկյաններ, այնուհետև՝ փոթորիկ։
     - Հասարակությունը գժվեց։ Կապիկները ձեռքերն իրար խփելով գոռացին հիստերիկ, հիացական, «ուռա՜»։ Ամեն կողմից փայլատակեցին բլիցների կուրացնող կայծերը։ Դրանք ուշքի եկած ֆոտոռեպորտյորների լույսերն էին։ Սակայն, մնացածները կատաղած ու գերլարված մնացին հինգ րոպե ևս։ Եվ այդ ամբողջ ժամանակամիջոցում նախագահ գորիլան աչքը չկտրեց ինձնից։
     - Վերջապես նա, ինչպես երևում է, սիրտ արեց և զանգը զնգզնգացրեց։
     - Նե՜-ե՜-րե՜ցեք, - սկսեց նա կակազելով, – չը–չը–չըգի–տեմ ինչպես դիմել ձեզ։
     - Պարզապես «Մըսյո», - պատասխանեցի ես։
     - Եվ այսպես, մ-մ-մ... և այսպես մըսյո, ես կարծում եմ, որ դեպքն այնքան բացառիկ է, որ գիտական կոնգրեսը, ընտրելով ինձ նախագահ, պետք է լսի ձեր հայտարարությունը։
     - Այդ խելացի որոշումն ընդունվեց բուռն ծափահարություններով։ Առայժմ ավելին չէի էլ պահանջում։ Ես ելույթ ունեցա էստրադայի կենտրոնում, միկրոֆոնը բարձրացրի իմ հասակին համապատասխան և արտասանեցի հետևյալ ճառը։

Գլուխ 8

     Պարոն նախագա'հ։
     Ազնիվ գորիլաներ։
     Իմաստուն օրանգուտանգներ։
     Վսեմ շիմպանզեներ։
     Օ՜, մեծահոգի կապիկներ։
     Թույլ տվեք մարդուն դիմել ձեզ։
     Ես գիտեմ, որ իմ տեսքը ծիծաղելի է, մարմինս՝ անճոռնի, դեմքս այլանդակ, մաշկիս գույնը անտանելի, իսկ հոտը սիրտ խառնող։ Ես գիտեմ, որ իմ գազանային տեսքը վիրավորական է ձեր աչքերի համար, սակայն ես գիտեմ նաև, որ դիմում եմ ամենափառաբանված, ամենաիմաստուն կապիկներին, որոնց բանականությունը ընդունակ է բարձրանալ զգայական պայմանականությունից վեր և ճանաչել մտածող արարածին՝ նույնիսկ ամենախղճուկ նյութական թաղանթի մեջ...
     Նման ամբարտավան և լրիվ ինքնաստորացում սկզբում վզիս փաթաթեցին Զիրան ու Կորնելին, պնդելով, որ այն կշոյի օրանգուտանգներին։ Եվ այսպես, խոր լռության մեջ ես շարունակեցի։
     - Լսեցեք ինձ, օ՜, կապիկներ։ Ես խոսում եմ և խոսում եմ գիտակցորեն և ոչ թե ինչպես ավտոմատը կամ թութակը։ Ես գիտակցում եմ ու խոսում և հասկանում եմ ձեզ այնքան լավ, որքան դուք հասկանում եք ինձ։ Երբ ավարտեմ խոսքս, եթե ձեր հարգելի գիտնականները կարժանացնեն ինձ այդ պատվին, կաշխատեմ պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին։
     Բայց, նախ ես պետք է ձեր առջև բաց անեմ մի զարմանալի ճշմարտություն։ Ես ոչ միայն մտածող էակ եմ հոգով, ամփոփված մարդկային անհեթեթ մարմնի մեջ, այլև եկվոր եմ հեռավոր աշխարհից, Երկիր մոլորակից, որի տերերը, բնության անբացատրելի երևակայությամբ, դարձել են մարդիկ, որովհետև այնտեղ մարդիկ օժտված են հոգով ու բանականությամբ։ Ես թույլտվություն եմ խնդրում ճշգրտելու իմ հարազատ մոլորակի դիրքը ոչ թե ինձ շրջապատող փառաբանված գիտնականների, այլ՝ այն փոքրաթիվ հանդիսատեսների համար, որոնք, հնարավոր է, այնքան էլ ծանոթ չեն տարբեր աստղային համակարգերին։
     Ես մոտեցա սև գրատախտակին և մի քանի գծագրերի միջոցով աշխատեցի պատկերել մեր արեգակնային համակարգն ու նրա տեղը Գալակտիկայում։ Իմ բացատրությունները լսում էին նույն պատկառելի լռությամբ։ Բայց երբ ավար­տեցի գծագրերը և ափս ափիս խփելով ուզեցի ձեռքերիս վրայից թափել կավիճը, այդ հասարակ ժեստը վերևի շարքերում նստած հանդիսականների մոտ առաջացրեց աղմկալից հիացմունք։ Շրջվելով հանդիսատեսների կողմը, ես շարունակեցի.
     - Եվ այսպես, մեր մոլորակում բանականությունը մարմնավորված է մարդու մեջ։ Դա այդպես է, և այստեղ ես ոչինչ անել չեմ կարող։ Մեզ մոտ մարդիկ էվոլյուցիայի են ենթարկվել, նույն ժամանակամիջոցում կապիկները, ես դրանից ցնցված եմ այն օրվանից, երբ հայտնաբերեցի ձեր աշխարհը, ինչ-ինչ պատճառներով մնացել են վայրենի վիճակում։
     Բայց, ավա՜ղ, միայն մարդու ուղեղը զարգացավ ու բարդացավ։ Դրա համար էլ հենց մարդիկ հնարեցին խոսքը, սովորեցին կրակ ստանալ, զենք գործածել։ Հատկապես նրանք դարձան մոլորակի տերը և փոխեցին նրա տեսքը։ Եվ վերջապես, հենց մարդիկ ստեղծեցին այնքան բարձր քաղաքակրթություն, որ այն իր շատ գծերով հիշեցնում է ձերը, օ՜, իմաստուն կապիկներ։
     Այստեղ ջանացի բերել օրինակներ մեր ամենավերջին նվաճումներից։ Ես նկարագրեցի մեր քաղաքները, գործարանները, հաղորդակցության միջոցները, պատմեցի մեր կառավարությունների, օրենքների ու մեր զվարճությունների մասին։ Այնուհետև դիմելով գլխավորապես գիտնական օրանգուտանգներին, ես աշխատեցի նրանց պատկերացում տալ գիտության ու արվեստի ընտիր ճյուղերի մասին։ Գնալով ձայնս դարձավ հաստատ։ Ես սկսեցի ճաշակել մի տեսակ, արբեցման զգացում, ինչպես իր գանձերը գովաբանող միլիոնատերը։
     Այնուհետև անցա իմ անձնական արկածների պատմությանը։ Բացատրեցի, ինչպես ենք թռել մինչև Բետելհեյզե համակարգը և վայրէջք կատարել Սորորայի վրա, ինչպես եմ ընկել շուրջկալի մեջ և սթափվել վանդակում, ինչպես եմ ջանացել կապ հաստատել մեծարգո Զայուսի հետ բայց չեմ կարողացել, հասկանալի է, իմ սեփական մեղքով, հնարագիտության պակասի պատճառով։ Վերջապես, ես պատմեցի Զիրայի զարմանալի խորաթափանցության մասին, և այն մասին, թե նա, դոկտոր Կորնելիի հետ, ինչպիսի հսկայական օգնություն է ցույց տվել ինձ։
     Ելույթս ավարտեցի հետևյալ խոսքերով.
     - Ահա այն ամենը, ինչ ուզում էի ասել ձեզ, օ՜, կապիկներ։ Ինքներդ որոշեք, արդարացի կլինի՞, եթե այդքան զարմանալի արկածներից հետո ինձ, որպես, ոչ բանական անա­սունի, նորից նստեցնեն վանդակի մեջ մինչև կյանքիս վերջին օրերը։ Ինձ մնում է ավելացնել մի բան, մենք թռել-եկել ենք ձեզ մոտ առանց որևէ թշնամական նկատառումների, հետապնդել ենք միայն ճանաչողական նպատակներ։ Այն ժամանակվանից, երբ սկսեցի ձեզ հասկանալ, դուք ինձ գնալով ավելի ու ավելի շատ դուր եկաք, և ես ամբողջ հոգով հիացած եմ ձեզնով։ Եվ իմ մեջ ծագել է պլան, պատմել այստեղ մեր մոլորակի հռչակավոր գիտնականների մասին։ Ես կարող եմ ձեզ անպայման օգտակար լինել իմ երկրային գիտելիքներով։ Մյուս կողմից, ես ինքս վանդակում անցկացրած մի քանի ամսվա ընթացքում Սորորայի մասին իմացա ավելի շատ բան, քան իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Եկեք միավորենք մեր ջանքերը։ Հաստատենք կապ Երկրի հետ։ Եթե կապիկներն ու մարդիկ առաջ ընթանան ձեռք ձեռքի տված, աշխարհում ոչ մի ուժ, տիեզերական ոչ մի գաղտնիք չեն կարողանա մեզ ետ պահել։
     Շնչասպառ լինելով, մեռած լռության մեջ ավարտեցի ճառս։ Ես շրջվեցի դեպի նախագահի սեղանը, մեքենայաբար վերցրի ջրով բաժակն ու մեկ շնչով դատարկեցի այն։ Եվ ինչպես առաջին անգամ, երբ ձեռքերիցս թափ տվեցի կավիճը, այս հասարակ ժեստը ևս կապիկների վրա թողեց հսկայական տպավորություն և ազդանշան ծառայեց ներկա վակխանալիային։ Դահլիճն ասես խանդավառությունից պայթեց, այնպես, որ չի կարող նկարագրել և ոչ մի գրիչ։ Ես գիտեի, որ հաղթել եմ, բայց չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ կապիկների լսարանը ընդունակ է իր զգացմունքներն արտահայտել այդպես աղմկալից։ Ես խլացել էի ու կուրացել, բայց ոչ այնքան, որ չկարողանայի գտնել այդ անհավանական թնդյունի պատճառը. կապիկները հիանում են այն ժամանակ, երբ տեսարանը նրանց դուր է գալիս, և նրանք ծափահարում են չորս ձեռքերով։ Իսկ այժմ իմ շուրջը մոլեգնում էին այդ սատանայական արարածներից հազարավորները, հազիվ պահելով հավասարակշռությունը, նրանք ծափահարում էին իրենց չորս թաթերով այնպես, կարծես դահլիճի գմբեթը ուր որ է կփլվեր, և այդ ամենը ոռնոցով, բացականչություններով, վայնասունով, որոնց միջից առանձնանում էր գորիլաների խուլ մռնչոցը։ Դա եղավ թերևս իմ վերջին, պարզորոշ տպավորությունը այդ հիշարժան նիստից։ Զգացի, որ ահա-ահա կընկնեմ, տագնապով նայեցի շուրջս և տեսա, որ կատաղած Զայուսը վեր թռավ տեղից և սկսեց քայլել էստրադայում կռացած ու ձեռքերը դրած մեջքին, ինչպես քայլում էր իմ վանդակի առջև։ Կարծես երազում, ես տեսա նրա դատարկ բազկաթոռը և թրմփացի նրա մեջ: Դա ընդունվեց օվացիայի նոր պայթյունով, բայց այստեղ աչքերիս առաջ ամեն ինչ տարուբերվեց, և ես կորցրի գիտակցությունս:

Գլուխ 9

     Ուշքի եկա ոչ միանգամից: Նյարդային ցնցում էի ունեցել: Սթափվեցի անկողնում, անծանոթ սենյակի մեջ: Զիրան ու Կորնելին հոգ էին տարել իմ մասին, երբ ոստիկան գորիլաները զսպել են ժուռնալիստներին ու հետաքրքրասերներին, որոնք փորձել են ինձ մոտ ընկնել:
     - Ամեն ինչ հրաշալի էր, - ականջիս շշնջաց Զիրան: - Դու հաղթեցիր:
     - Ուլի՜ս, - ասաց Կորնելին, - մեզ, քեզ հետ մեկտեղ, մեծ գործեր են սպասում:
     Նա հայտնեց, որ հենց նոր ավարտվել է Սորորայի Մեծ Խորհրդի արտակարգ նիստը, որի ժամանակ որոշում են ընդունել ինձ անմիջապես ազատություն տալու մասին:
     - Որոշ մարդիկ փորձեցին բողոքարկել, - ավելացրեց նա, - սակայն հասարակական կարծիքը ձեր կողմն էր, և նրանք այլ կերպ վարվել չէին կարող:
     Նա հարցրեց, համաձա՞յն եմ համագործակցելու, և ստանալով դրական պատասխան, ձեռքերը շփեց իրար այն մտքի հաճույքից, որ կարող եմ օգնել նրան իր գիտական հետազոտություններում:
     - Դուք կապրեք այստեղ, - շարունակեց Կորնելին: - Հուսով եմ բնակարանը հարմար է: Այն շատ մոտ է իմ բնակարանին: Այստեղ ապրում են միայն ավագ գիտաշխատողները:
     Ես շշմած նայեցի չորս կողմս, մտածելով, որ այս բոլորը երազում եմ տեսնում:
     Սենյակը չափազանց հարմար էր: Ինձ համար սկսվեց նոր դարաշրջան: Ես երկար ու մոլեգնորեն սպասում էի այդ ակնթարթին, բայց հիմա, չգիտեմ ինչու, ինձ պատեց մի տխուր զգացում: Հայացքս հանդիպեց Զիրայի հայացքին, և ես հասկացա, որ նա կռահեց իմ մտքերը:
     - Այո', - ասաց նա երկիմաստ ժպիտով, - այստեղ, իհարկե, Նովան քեզ մոտ չի լինի:
     Կարմրելով, ես թոթվեցի ուսերս, բարձրացա ու նստեցի: Ուժերս վերականգնվում էին, և ուզում էի արագ սուզվել նոր կյանքի մեջ:
     - Ինչպե՞ս ես զգում, - հարցրեց Զիրան: - Չե՞ս հոգնի մի փոքրիկ երեկույթից: Որպեսզի նշենք այս մեծ օրը, մենք հրավիրել ենք մեր ընկերներից մի քանիսին՝ միայն շիմպանզեների:
     Ես պատասխանեցի, որ դա միայն հաճելի կլինի, բայց մերկությունը ձանձրացրել է ինձ: Հենց այդ պահին էլ նկատեցի, որ պիժամա կա հագիս. Կորնելին էր իր պիժամաներից մեկը տվել: Բայց եթե ես կարողացել եմ մի կերպ զոռով վրաս քաշել շիմպանզեի պիժաման, ապա նրա ցանկացած կոստյումի մեջ ծիծաղելի կերևամ:
     - Վաղը լրիվ զգեստներ կունենաս, - հանգստացրեց Զիրան: - Իսկ այսօրվա երեկոյի համար քեզ վայելուչ կոստյում կկտրեն: Ահա և դերձակը:
     Սենյակ մտավ ու նուրբ քաղաքավարությամբ խոնարհվեց մի փոքրիկ շիմպանզե: Ավելի ուշ իմացա, որ դեռ գիտակցու­թյունս կորցրած ժամանակ ամենանշանավոր դերձակները վիճել են ինձ հագցնելու համար: Հաղթել է այս փառաբանված վարպետը, քանի որ նա շորեր է կտրել մայրաքաղաքի ամենախոշոր գորիլաների համար:
     Դերձակի արվեստն ու ճարպկությունը ինձ հիացրին: Երկու ժամից էլ պակաս ժամանակամիջոցում նա ինձ համար կարեց լրիվ ընդունելի երեկոյան կոստյում: Սակայն, երբ հագա, անսովոր թվաց, իսկ Զիրան աչքերը չռելով, հայացքը հառեց ինձ: Մինչ վարպետը ուղղում էր թերությունները, Կորնելին ներս թողեց ժուռնալիստներին, որոնք վաղուց սպասում էին և ես մի ամբողջ ժամ նորից դարձա ընդհանուրի ուշադրության կենտրոնը: Տեղացին հարցերը, կայծկլտացին ֆոտոապարատների լույսերը, նորանոր հետաքրքիր մանրամասնություններ էին ուզում իմանալ: Երկրի մասին, այն մասին, թե այնտեղ մարդիկ ինչպես են ապրում: Ես խոնարհաբար ինտերվյու տվեցի: Ինքս էլ լինելով Ժուռնալիստ, հասկանում էի, թե իմ կապիկ պաշտոնակիցների համար ինչպիսի քաղցր պատառ եմ, բացի այդ, հաշվի առա այն հանգամանքը, որ մամուլը կարող է հսկայական աջակցություն ցույց տալ ինձ։
     Երբ վերջապես ժուռնալիստները գնացին, արդեն ուշ էր, և մենք շտապեցինք Կորնելիի մոտ, ուր մեզ էին սպասում նրա ընկերները։ Բայց հազիվ էինք դուրս եկել սենյակից, երբ հանդիպեց Զանամը։ Հավանաբար վերջին իրադրության մասին ամեն ինչ գիտեր, որովհետև խոնարհվեց գրեթե մինչև հատակը։ Զանամը եկել էր Զիրայի ետևից՝ հայտնելու նրան, որ բաժանմունքում վիճակն այնքան էլ լավ չէ։ Իմ երկարատև բացակայությունից կատաղած, Նովան խիստ մոլեգնել էր։ Նրա կատաղությունը փոխանցվել էր մյուս գերիներին, և հիմա ոչ մի բան նրանց չէր հանգստացնում։
     - Հիմա գալիս եմ, - պատասխանեց Զիրան։ - Իսկ դուք ինձ սպասեք այստեղ։ Ես աղերսանքով նայեցի նրան։ Նա տատանվեց, բայց հետո թոթվեց ուսերը։
     - Եթե ուզում ես գնանք ինձ հետ, ասաց նա։ - Վերջին հաշվով դու այժմ ազատ ես և, ի միջի այլոց, գուցե կկարողանաս նրան ավելի շուտ հանգստացնել, քան ես։
     Զիրայի ետևից ես մտա դահլիճ, որտեղ վանդակներն էին։ Նկատելով ինձ, գերիները հանդարտվեցին, և ընդհանուր աղմուկին և գոռգոռոցներին փոխարինեց լարված լռությունը։ Նրանք ինձ, անկասկած, ճանաչեցին, չնայած, որ հագուստով էի, և թվաց հասկացան, որ իրենք ինչ-որ հրաշքային փոխակերպման վկաներ են։
     Զսպելով դողս, ես ուղղվեցի դեպի Նովայի վանդակը, իմ վանդակը։ Մոտեցա նրան, ժպտացի, խոսեցի հետը։ Ինչ-որ ակնթարթ թվաց, թե նա ինձ հասկանում է և ահա ուր որ է կպատասխանի։ Բայց դա, պարզ է, անհույս բան էր։ Ուղղակի իմ ներկայությունը հանգստացրեց նրան ևս, ինչպես մնացածներին։ Ես նրան տվեցի մի կտոր շաքար և դեռ կրծում էր, երբ ծանր սրտով քայլեցինք դեպի ելքը։
     Այդ երեկույթի մասին, որ Կորնելին կազմակերպել էր մոդայիկ կաբարեներից մեկում, որոշելով ինձ անմիջապես մտցնել կապիկների հասարակության մեջ, քանի որ այդ օրվանից հարկ էր լինելու միշտ շփվել նրանց հետ, ես պահել եմ շատ մշուշապատ և տարօրինակ հիշողություններ:
     Մշուշապատ զգացողությունն սկսվեց երեկույթի հենց սկզբում, ալկոհոլի պատճառով, իմ օրգանիզմը ետ էր սովորել: Իսկ տարօրինակությունը բացատրվում է այն առանձնահատուկ զգացումով, որը հետագայում բազմաթիվ անգամ համակում էր ինձ: Ես կարող եմ դա նկարագրել միայն որպես իմ գիտակցության մեջ այն պատկերացման աստիճանական մարումով, որ ես շրջապատված եմ կապիկներով. ավելի հաճախ ես ընդունում էի նրանց որպես մասնագետներ կամ հասարակության մեջ նրանց ունեցած դիրքով, չմտածելով, որ դրանք գորիլաներ են, օրանգուտանգներ կամ շիմպանզեներ: Օրինակ, մետրդոտելը, որը ստրկամտորեն դիմավորեց մեզ և տարավ սեղանի մոտ, ինձ համար նախ մետրդոտել էր, նոր միայն արու գորիլա: Ծեր, այլանդակորեն ներկված էգ օրանգուտանգին ընկալեցի որպես հին կոկետուհու, և երբ պարեցի Զիրայի հետ, շոշափելով միայն իմ պարընկերուհու ճկուն իրանը, բոլորովին մոռացել էի, որ նա շիմպանզե է:
     Շիմպանզեների նվագախումբը լոկ նվագախումբ էր և սեղանի շուրջը նստած սրախոսող շքեղաշուք կապիկները ինձ համար դարձել էին սովորական քաղքենի սրախոսողներ: Ես մանրամասնորեն չեմ պատմի այն մասին, թե իմ ներկայությունը ինչպիսի զգացումներ առաջացրեց կապիկների մոտ: Միայն ասեմ, որ ես ուշադրության կենտրոնում էի: Հարկ եղավ բաժանել անթիվ ինքնագրեր, և այն երկու հսկիչ գորիլաները, որոնց կանխատեսորեն բերել էր Կորնելին, մեծ դժվարությամբ պաշտպանում էին ինձ ամեն տեսակի ու տարիքի էգերի ամբոխից, որ ձգտում էին ինձ հետ խմել կամ պարել:
     Նստեցինք մինչև ուշ գիշեր: Ես արդեն կիսով չափ հարբած էի, երբ հանկարծ հիշեցի պրոֆեսոր Անտելին: Այդ միտքն իմ մեջ արթնացրեց խղճի ամենադառը խայթ: Քիչ էր մնում ամոթից բարձրաձայն լաց լինեի, մտածելով, որ ես ահա նստած եմ այստեղ, զվարճանում եմ ու խմում կապիկների հետ, իսկ իմ դժբախտ ընկերը կենդանաբանական այգու վանդակում, հարդի վրա դողում է:
     Զիրան հարցրեց, թե ի՞նչն է ինձ այդպես տխրեցնում: Ես նրան բացատրեցի: Այդ ժամանակ Կորնելին ասաց, որ պրոֆեսորի մասին հոգ է տարել, և նա իրեն լավ է զգում: Այժմ ոչ մի բան չի խանգարի նրա ազատագրմանը: Որպես, պատասխան, ես կտրուկ հայտարարեցի, որ այլևս ոչ մի րոպե չեմ կարող սպասել և ուզում եմ նրան շտապ հայտնել այդ նորությունը:
     - Վերջին հաշվով, ինչո՞ւ չէ, - մտածելով համաձայնեց Կորնելին: - Այսպիսի օրը ձեզ ոչինչ չի կարելի մերժել: Գնացինք: Կենդանաբանական այգու դիրեկտորի հետ ծանոթ եմ:
     Մենք երեքով դուրս եկանք կաբարեից և շուտով հասանք կենդանաբանական այգի: Նոր արթնացած դիրեկտորը շտապեց մեզ դիմավորել: Նա արդեն գիտեր իմ պատմությունը: Կորնելին նրան ներկայացրեց վանդակում ցուցադրված մարդկանցից մեկի իսկական ծագումը: Դիրեկտորը չհավատաց ականջներին, բայց ինձ մերժել չհամարձակվեց: Պարզ է. պետք է մեկ օր էլ սպասել, որպեսզի որոշ ձևականություններ կատարվեր պրոֆեսորին ազատելու համար: Սակայն ոչինչ չէր խանգարում նրա հետ խոսել հենց այդ ժամանակ: Դիրեկտորը մեզ ուղեկցեց:
     Արդեն լուսանում էր, երբ մենք կանգնեցինք այն վանդակի առջև, որտեղ, ինչպես անասուն, թշվառ պրոֆեսորն էր ապրում մոտ հիսուն այլ տղամարդկանց ու կանանց հետ: Գերիները դեռ քնած էին տեղավորված զույգերով կամ չորս-հինգ հոգանոց խմբերով: Բայց երբ դիրեկտորը վառեց վանդակի լույսը, բոլորը բացեցին աչքերը:
     Ես անմիջապես գտա դժբախտության իմ ընկերոջը: Ինչպես մնացած բոլոր գերիները, նա պառկել էր կծկված: Հարդի վրա, կողքին կին կար, որն ինձ բավականին երիտասարդ թվաց: Այդ տեսարանից ես ցնցվեցի և քիչ մնաց լաց լինեի ընկերոջս ու իմ վիճակի համար, հիշելով, թե ինչպիսի նվաստացման հասանք այդ չորս ամիսների ընթացքում;
     Ես այնքան հուզված էի, որ չկարողացա խոսել: Սակայն արթնացած մարդիկ բոլորովին էլ չզարմացան: Նրանք արդեն ընտելացած և լավ վարժեցված էին, դրա համար էլ բոլորն սկսեցին կատարել իրենց սովորական տրյուկները, հուսալով ստանալ որևէ, համեղ բան: Դիրեկտորը նրանց շպրտեց մի բուռ նշաթխվածք: Անմիջապես, ինչպես ցերեկը, սկսվեցին հրմշտոցն ու տուրուդմփոցը, իսկ տարիների ընթացքում իմաստնացած ծերերը շտապեցին պպզած տեղավորվել հենց ճաղերի մոտ՝ ձեռքերը աղերսագին մեկնելով մեզ։
     Պրոֆեսոր Անտելը միացավ մուրացողներին: Նա ձգտեց ինչքան հնարավոր է մոտենալ դիրեկտորին և սկսեց նրանից ողորմություն խնդրել։ Այդպիսի ստորացուցիչ վարքագիծը սկզբում ինձ զայրացրեց, բայց շուտով բարկությունս փոխարկվեց խոր անհանգստության: Ես կանգնած էի պրոֆեսորից երեք քայլի վրա, նա ուղիղ նայում էր ինձ և բացահայտորեն չէր ճանաչում։ Դրա հետ մեկտեղ, նրա աչքերը, որոնք դեռ վերջին ժամանակներս այնքան կենդանի էին ու խորաթափանց, այժմ մարել էին ու դարձել դատարկ, ինչպես մյուս գերիներինը. ես դրանց մեջ չնկատեցի բանականության ոչ մի կայծ։ Սարսափով ավելի ու ավելի էի համոզվում, որ պրոֆեսորի մոտ, բացի տարակուսանքից, ոչ մի զգացում չեմ առաջացնում։ Հագուստով մարդու ներկայությամբ նա իրեն պահեց այնպես, ինչպես մյուս գերիները։
     Հրեշավոր ճիգ գործադրելով, ես խոսեցի, որպեսզի, վերջապես, ցրեմ այդ մղձավանջը։
     - Պրոֆեսո՛ր, - ասացի ես, - ուսուցի՛չ, ե՛ս եմ, Ուլիս Մերուն, մենք փրկված ենք։ Ես եկել եմ, որպեսզի հայտնեմ ձեզ այդ մասին...
     Եվ այստեղ շվարած լռեցի։ Լսելով իմ ձայնը, պրոֆեսոր Անտելը գլուխը ներս քաշեց և երերալով ետ գնաց վանդակի ճաղերի մոտից ճիշտ Սորորայի մարդկանց պես։
     - Պրոֆեսո՛ր, պրոֆեսո՛ր Անտել, - աղաչեցի ես համարյա լացակումած։ – Ես եմ, Ուլիս Մերուն, ճանապարհորդության քո ուղեկիցը։ Ես ազատ եմ, և մի քանի ժամ հետո ձեզ նույնպես կազատեն։ Այս կապիկները, որոնց դուք տեսնում եք այստեղ, մեր բարեկամներն են։ Նրանք գիտեն, թե ովքեր ենք մենք և պատրաստ են ընդունել մեզ որպես եղբայրներ։
     Նա ոչ մի բառով չպատասխանեց ինձ։ Թվաց, որ ոչինչ չի հասկանում։ Նա էլ ավելի հեռացավ դեպի վանդակի խորքը, խեղճացած, ինչպես վախեցած կենդանի։
     Ես հուսահատության մեջ ընկա, իսկ կապիկները որոշակիորեն հետաքրքրվեցին կատարվածով։ Կորնելին մռայլվեց, աշխատելով լուծել անսպասելի պրոբլեմը։ Մի պահ մտածեցի, հնարավոր է, որ պրոֆեսոր Անտելը ձևանում է չհասկացող վախենալով կապիկներից։ Դրա համար էլ խնդրեցի նրանց հեռու գնալ և մեզ մենակ թողնել։ Նրանք առանց առարկության կատարեցին խնդրանքս։ Երբ կապիկները այլևս չերևացին, ես պտտվեցի վանդակի շուրջը, որպեսզի ավելի մոտենայի այն անկյանը, որտեղ կծկվել էր պրոֆեսորը, և նորից խոսեցի նրա հետ։
     - Ուսուցիչ, - աղաչեցի նրան, - հասկանում եմ ձեր զգուշավորությունը։ Ես գիտեմ, թե այս մոլորակի վրա ինչն է սպառնում Երկրագնդի մարդկանց։ Սակայն, այժմ մենք մենակ ենք, երդվում եմ, ձեր ամբողջ տանջանքները մնացել են ետևում։ Այդ ես եմ ասում ձեզ, ես, ձեր ուղեկիցը, ձեր աշակեր­տը, ձեր բարեկամը, Ուլիս Մերուն։
     Նա նորից ետ ցատկեց, վախեցած նայելով ինձ։ Ամբողջապես դողալով և չիմանալով ինչպիսի բառերով համոզել նրան, ես կանգնած էի վանդակի մոտ, երբ հանկարծ պրոֆեսորի բերանը բացվեց։
     Մի՞թե ինձ հաջողվեց, այնուամենայնիվ, նրան համոզել։ Շունչս կտրած սպասեցի։ Բայց թե ինչպե՞ս նա արտահայտեց իր զգացումը, ստիպեց ինձ ցնցվել։ Ես ասացի, որ պրոֆեսորի բերանը բացվեց, բայց դա մարդու՝ խոսելու նախապատրաստվող գիտակցական շարժում չէր։ Նրա կոկորդից դուրս եկած ձայնը նման էր այդ մոլորակի վայրենի մարդկանց՝ վախ կամ գոհունակություն արտահայտող ճիչերին։ Ես սարսափից քարացա, իսկ իմ դիմաց, վանդակում, պրոֆեսորը, չշարժելով շուրթերը, չարությամբ քըս-քըս էր անում։

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Գլուխ 1

     Գիշերն անցկացրի անհանգիստ, արթնացա շատ վաղ և երկար ժամանակ շուռումուռ էի գալիս անկողնում, տրորում աչքերս, մինչև որ ուշքի եկա: Արդեն մեկ ամիս էր, ինչ ապրում էի քաղաքակիրթ կյանքով, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում ընտելանալ և ամեն առավոտ արթնանում էի տագնապով, որովհետև չէի լսում հարդի շրշյունը և չէի, զգում կողքիս պառկած Նովայի տաք մարմինը:
     Ահա և վերջնականապես արթնացա: Ես ինստիտուտում զբաղեցնում էի լավագույն տներից մեկը, կապիկները ցուցադրել էին իրենց առատաձեռնությունը: Ես ունեի առանձին լողարանով սենյակ, հագուստ, գրքեր, հեռուստացույց: Կարող էի կարդալ բոլոր թերթերը, ես ազատ էի. կարող էի դուրս գալ, զբոսնել փողոցներում այցելել ցանկացած ներկայացումները: Որևէ հասարակական վայրում իմ հայտնվելը միշտ առաջացնում էր հետաքրքրություն, բայց առաջին օրերի իրարանցումներն արդեն հանդարտվել էին: Այժմ ինստիտուտի գիտական ղեկավարը Կորնելին էր: Զայուսին ազատեցին աշխատանքից. ի միջի այլոց, նրան տվեցին մեկ այլ կարևոր պաշտոն և սփոփելու համար պարգևատրեցին ևս մեկ շքանշանով և նրա փոխարեն նշանակեցին Զիրայի նշանածին: Արդյունքը եղավ գիտական կադրերի երիտասարդացումը և զգալիորեն ավելացավ գիտնական շիմպանզեների թիվը, որը և անմիջապես բոլոր սեկտորներում բարձրացրեց ակտիվությունը: Զիրան դարձավ նոր ղեկավարի գիտնական քարտուղարը:
     Ինչ վերաբերում է ինձ, ապա ես այժմ մասնակցում եմ Կորնելիի փորձերին արդեն, ոչ որպես ենթափորձային նապաստակ, այլ որպես իրավահավասար գործընկեր: Պետք է ասել, որ Կորնելին դրան հասավ դժվարությամբ՝ կոտրելով Մեծ Խորհրդի դիմադրությունը: Ինչպես երևում է, իշխանությունները մինչև հիմա ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել իմ իսկական էությունն ու ծագումը:
     Ես արագ հագնվեցի, դուրս եկա իմ սենյակից և ուղղվեցի դեպի ինստիտուտի շենքը, որտեղ ինչ-որ ժամանակ գերի էի, դեպի Զիրայի սեկտորը, որը դեռ նա շարունակում է ղեկավարել, չնայած որ նոր պարտականություններ ունի: Կորնելիի համաձայնությամբ ես սիստեմատիկորեն հետևում եմ մարդկանց:
     Եվ ահա ես այն դահլիճում եմ, որտեղ վանդակներ են. հանգիստ քայլում եմ դրանք իրարից բաժանող անցուղով ինչպես այդ մոլորակի տերերից մեկը: Հարկ կա՞ ասելու, որ ես գալիս եմ այստեղ հաճախակի, շատ ավելի հաճախ, քան պահանջում է իմ հետազոտական աշխատանքը: Լինում են պահեր, որ կապիկների հասարակությունը սկսում է հոգնեցնել ինձ և այստեղ եմ յուրատեսակ ապաստարան գտնում:
     Բոլոր գերիներն այժմ ինձ հրաշալի ճանաչում են և անառարկելիորեն լսում: Արդյոք իմ, Զիրայի և նրանց կեր բերող հսկիչ գորիլաների միջև, տարբերություն տեսնո՞ւմ են: Կասկածում եմ, բայց ուզում եմ հավատալ: Ահա արդեն մեկ ամիս է աշխատում եմ նրանց հետ, սակայն ինձ դեռ չի հաջողվում սովորեցնել մի բան, որն ավելի բարդ լինի սովորական տրյուկներից, որ մատչելի են լավ վարժեցված ցանկացած կենդանուն: Այնուամենայնիվ, ներըմբռնողաբար զգում եմ, որ նրանք ընդունակ են ավելին անելու:
     Ես փորձում եմ նրանց խոսել սովորեցնել: Դա ինձ համար պատվի հարց է: Հասկանալի է, առայժմ ոչինչ չի ստացվում, այսինքն՝ համարյա ոչինչ, մի քանի գերիների հաջողվում է կրկնել միավանկ հնչյուններ, բայց չէ որ դա կարող են անել և մեր շիմպանզեները: Պարզ է, դա շատ քիչ է; սակայն ես չեմ նահանջում: Ինձ քաջալերում է այն համառությունը, որ գերիները այժմ ձգտում են որսալ իմ հայացքը, նրանց աչքերը վերջին ժամանակներս կարծեք թե փոխվել են, և ինձ թվում է, ես նրանց մեջ որսում եմ գազանային բութ տարակուսանքից տարբերվող հետաքրքրասիրություն:
     Ես անշտապ շրջում եմ դահլիճում՝ կանգ առնելով ամեն մի վանդակի առաջ։ Զրուցում եմ գերիների հետ, խոսում սիրալիր, համբերատար։ Նրանք արդեն ընտելացել են խոսքի, մարդու շուրթերին այնքան անսովոր հնչյուններին։ Այնպես է թվում, որ նրանք ինձ լսում են։ Ես մի քանի րոպե խոսում եմ, այնուհետև հրաժարվում եմ դարձվածքներից և արտասանում եմ առանձին կարճ բառեր, դրանք կրկնում մի քանի անգամ, հույս ունենալով լսել պատասխանը։ Ահա գերիներից մեկը դժվարությամբ արտաբերում է մի վանկ, բայց ավելին կորզել նրանից չի հաջողվում։ Նա արագ հոգնում է, հրաժարվում է այդ գերմարդկային խնդրից և ասես ամբողջ օրվա ուժասպառ աշխատանքից հետո ընկնում է հարդի վրա։ Ես շունչ եմ քաշում ու անցնում հաջորդին։ Վերջապես հասնում եմ այն վանդակին, որտեղ Նովան միայնակ ու տխուր, գորշ կյանք է վարում։ Համենայն դեպս, ինձ, Երկրի մարդուն, թվում է, որ նա պետք է տխուր լինի, և ջանում եմ գտնել այդ զգացումը նրա գեղեցիկ ու անարտահայտիչ դեմքին։
     Ես հաճախ եմ մտածում Նովայի մասին։ Դժվար է մոռանալ նրա հետ անցկացրած ժամերը։ Բայց այլևս ոչ մի անգամ չմտա նրա վանդակը, ինձ ետ է պահում մարդկային արժանապատվությունը։ Չէ որ նա անասունից ավելին չէ։ Այժմ ես բարձր գիտական ոլորտներում եմ, և նման մտերմությունը պարզապես անմտություն է։ Ես կարմրում եմ միայն այն մտքից, որ, վերջերս մտերմություն եմ ունեցել նրա հետ։ Այն ժամանակվանից, երբ տեղափոխվեցի այլ լագեր, ես Նովայի հետ վարվում եմ ճիշտ այնպես, ինչպես նրա ցեղակիցների հետ՝ նրա նկատմամբ չդրսևորելով ոչ մի բարեկամական զգացմունք։
     Ավելին, ստիպված եմ ընդունել, որ նա իրենից ներկայացնում է ենթափորձային հրաշալի նմուշ, և դրա համար գաղտնի ուրախանում եմ։ Նովան մեծ հաջողություններ ունի և առաջ է անցել մնացած բոլոր գերիներից։ Վանդակին մոտենալուն պես գալիս է դեպի ճաղերը, և նրա դեմքը ծամածռվում, աղավաղվում է, որը, ենթադրաբար, կարելի է ընդունել որպես ժպիտ; Մինչև ես կհասցնեմ խոսել, նա ինքը արտասանում է սովորած մի քանի վանկերը։ Եվ ջանում է որքան հնարավոր է լավ արտասանել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա ավելի ընդունակ է մյուսներից։ Թե՞ ինձ հետ ունեցած երկարատև կոնտակտը զարգացրեց նրա ընդունակությունները, և իմ դասերը նրա համար ավելի մատչելի դարձրեց։ Վերջին ենթադրությունը ինձ ավելի է դուր գալիս, շոյում իմ փառասիրությունը։
     Ես արտասանում եմ նրա անունը, հետո իմը՝ մատով ցույց տալով մեկ նրան, մեկ ինձ։ Նա կրկնում է իմ շարժումը։ Բայց հանկարծ տեսնում եմ, թե ինչպես դեմքը աղավաղվում է ժանիքների չար ցուցադրումով և նույն ակնթարթին էլ թիկունքից լսում եմ ցածրաձայն ծիծաղ։
     Այդ Զիրան է որոշել բարեմտորեն ծիծաղել իմ ջանքերի վրա, իսկ նրա ներկայությունը միշտ կատաղեցնում է Նովային։ Զիրայի հետ եկել է Կորնելին։ Նրան խիստ հետաքրքրում են իմ փորձերը և հաճախ այցելում է ինձ, որպեսզի իրազեկ, դառնա արդյունքներին։ Սակայն, այսօր եկել է այլ նպատակով. նա արտաքուստ խիստ հուզված է։
     - Ուլիս, չէի՞ք կամենա ինձ հետ կատարել մի փոքր ճանապարհորդություն:
     - Ճանապարհորդությո՞ւն։
     - Դա բավականաչափ հեռու է, գրեթե մոլորակի մյուս կողմը։ Հնագետներն այնտեղ գտել են, եթե հավատանք նրանց տեղեկագրերին, չափազանց հետաքրքիր փլատակներ։ Սա­կայն, այդ պեղումները ղեկավարում է օրանգուտանգ և հույս ունի, որ կկարողանա այդ գտածոներից ճիշտ եզրահանգումներ անել, խելքս չի կտրում։ Նրանք բախվել են ցնցող հանելուկի։ Եթե այն լուծվի, ուրեմն կարող է իմ հետազոտություններում վճռական դեր խաղալ։ Ակադեմիան ինձ ուղարկում է գործուղման, և կարծում եմ, որ ձեր ներկայությունը նույնպես շատ օգտակար կլինի։
     Ես առայժմ չգիտեմ, թե ինձնից ինչ շահ կարող է լինել, բայց ուրախությամբ համաձայնվում եմ. ես վաղուց ուզում էի տեսնել Սորորայի մյուս շրջանները։ Կորնելին մանրամասն խոսակցության համար հրավիրում է ինձ իր առանձնասենյակը։
     Գործի նման ընթացքը հիացմունք է պատճառում ինձ. ծայրահեղ դեպքում այսօր չենք շարունակի շրջայցելությունը: Իսկ ես դեռ պետք է այցելեի մի գերու ևս՝ պրոֆեսոր Անտելին: Նրա վիճակը մնում է նույնը, դրա համար էլ ազատման մասին առայժմ խոսք լինել չի կարող։
     Այնուամենայնիվ, իմ խնդրանքով Անտելին տեղավորեցին առանձին, բավականաչափ հարմար պալատում: Նրան այցելելն ինձ համար շատ ծանր պարտականություն է։ Նա չի հպատակվում ոչ խնդրանքին, ոչ համոզմանը և իրեն պահում է ինչպես իսկական անասուն:

Գլուխ 2

     Մենք ուղևորվեցինք մեկ շաբաթ անց: Զիրան էլ թռավ մեզ հետ, սակայն մի քանի օր հետո նա պետք է վերադառնար, որպեսզի Կորնելիի բացակայության ժամանակ հսկեր ինստիտուտի աշխատանքը։ Կորնելին նախատեսել էր մնալ պեղումների վայրում շատ ավելի երկար, հասկանալի է, եթե գտածոները իրո՛ք հետաքրքիր լինեն։
     Մեզ հատուկ ինքնաթիռ տրամադրեցին, շատ նման մեր առաջին ռեակտիվ ինքնաթիռներին, բայց ավելի հարմարավետ, առանձին, փոքր սրահներով, որտեղ չէր թափանցում դրսի աղմուկը և որտեղ կարելի էր հանգիստ զրուցել։ Այնտեղ էլ հանդիպեցի Զիրային:
     Ես երջանիկ էի, որ մասնակցում էի այդ ճանապարհորդությանը: Կապիկների հասարակությանն այնքան էի ընտելացել, որ բոլորովին էլ չզարմացա ու չվախեցա, երբ մեր լայների ղեկանիվի մոտ տեսա օդաչու շիմպանզեին։ Ինձ ավելի շատ գրավում էին ցածում փռված բնապատկերներն Բետելհեյզեի ծագելու հրաշալի տեսարանը։ Մենք՝ թռչում էինք մոտավորապես տասը հազար մետր բարձրության վրա: Օդը զարմանալի թափանցիկ էր, և հսկա աստղը, ինչպես մեր արևը, ժանյակե եզրանախշերով հսկա խողովակի պես կանգնել էր հորիզոնի վրա։ Զիրան հիանում էր նրանցով։
     - Ասա, ձեզ մոտ, Երկրում լինո՞ւմ են այսպիսի հրաշալի արևածագեր, - հարցրեց նա: - Կարո՞ղ է քո արևը իր գեղեցկությամբ համեմատվել մերինի հետ։
     Ես նրան պատասխանեցի, որ Արևը այդքան կարմիր ու մեծ չէ, ինչպես Բետելhեյզեն, բայց մենք նրանից միանգամայն գոհ ենք: Փոխարենը մեր Լուսինը Սորորայի գիշերային լուսատուից շատ ավելի մեծ է ու պայծառ:
     Մենք ուրախացել էինք այն աշակերտների պես, որոնց արձակուրդ են տվել, և ես կատակում էի Զիրայի հետ, ինչպես հին, բարի ծանոթի: Եվ երբ մի քանի րոպե հետո մեզ միացավ Կորնելին, ես քիչ էր մնում նեղանայի, որ խանգարեց մեր հաճելի զրույցը։ Կորնելին մտահոգ էր: Ի միջի այլոց, վերջին ժամանակներս նա նկատելիորեն նյարդայնանում էր։ Որպեսզի ձեռնարկած ուսումնասիրությունները մինչև վերջ հասցվեն, հարկ էր լինում աշխատել անհավանականորեն շատ, և երբեմն նա լաբորատորիայում մնում էր ամբողջ օրերով։ Իր աշխատանքի մասին նա ոչ ոքի չէր ասում, և նույնիսկ Զիրան ինձնից ավելին չգիտեր։ Հայտնի էր միայն այն, որ նրան հուզում էր կապիկների ծագման պրոբլեմը և որ գիտնական շիմպանզեների հայացքները գնալով ավելի ու ավելի հեռանում էին համընդհանուր ընդունելություն գտած տեսություններից։ Այդ առավոտ Կորնելին ինձ առաջին անգամ ծանոթացրեց իր մի քանի ըմբռնումների հետ, և ես հասկացա, թե ինչու իմ՝ բանական մարդու համեստ անձը իր համար ներկայացնում է այդպիսի հսկայական արժեք։ Նա սկսեց այն բանից, որի մասին մենք զրուցել և վիճել էինք արդեն հազար անգամ:
     - Դուք ասացիք, Ուլիս, որ ձեզ մոտ, Երկրի վրա, կապիկները իսկական կենդանիներ են, այնպես չէ՞։ Եվ որ, հակառակը, մարդիկ հասել են քաղաքակրթության այնպիսի մակարդակի, որը հավասար է մեր մակարդակին, իսկ շատ ասպարեզներում նույնիսկ գերազանցում է մեզ։ Ինձ վիրավորելուց մի վախեցեք. գիտնականի համար ճշմարտությունը թանկ է ինքնասիրությունից։
     - Այո, շատ բաներում մենք ձեզնից առաջ ենք անցել, դա անառարկելի է։ Եվ դրա լավագույն ապացույցը իմ գտնվելն է Սորորայի վրա։ Դուք, ինձ թվում է, այդ բնագավառում դեռ գտնվում եք...
     - Գիտեմ, գիտեմ, - հոգնած ընդհատեց ինձ Կորնելին։ - Այդ մասին էլ ենք խոսել։ Մենք միայն թափանցում ենք այն բնագավառները, որոնք մեզ համար դադարել են գաղտնիք լինելուց դեռ մի քանի հարյուրամյակ առաջ... Եվ այդ տեսակետից ինձ անհանգստացնում է ոչ միայն ձեր պատմածները, - շարունակեց նա, նյարդայնացած քայլելով փոքրիկ սրահում: - Ահա արդեն երկար ժամանակ ինձ հետապնդում է մի սոսկալի միտք, նույնիսկ ոչ թե միտք, այլ կարծիք, սակայն հաստատված մի քանի կոնկրետ փաստերով։ Ինձ թվում է, որ աշխարհստեղծման այդ գաղտնիքները այստեղ, մեր մոլորակում, արդեն լուծված է եղել հեռավոր անցյալում այլ բանական արարածների կողմից:
     Ես կարող էի նրան պատասխանել, որ այն տպավորությունը, իբր թե կատարում ես ինչ-որ ժամանակ, ինչ որ մեկի կողմից արդեն արված հայտնագործություն, ծագել է Երկրի շատ գիտնականների մոտ: Կարող է պատահել այդ զգացողությունը ընդհանուր առմամբ ընդհանրական է և գուցե հենց դրա վրա է հիմնվում աստծու գոյության մասին պատկերացումը: Սակայն ես սիրտ չարի նրան ընդհատել։ Նա ամբողջովին դեռ չձևավորված, պղտոր մտքերի ազդեցության տակ էր և արտահայտվում էր մեծ զգուշավորությամբ։
     - ... Այլ բանականների՛, - մտահոգ կրկնեց Կորնելին։ - Եվ հնարավոր է, որ դրանք եղել են ամենևին էլ ոչ ...
     Նա անսպասելիորեն լռեց: Դեմքը տանջահար էր, ինչպես այն մարդը, որը շոշափելով մոտենում է իր գիտակցության համար անտանելի ու անընդունելի ճշմարտությանը։ Դուք նաև ասել եք, որ ձեզ մոտ կապիկները օժտված են բարձր զարգացած ընդօրինակման բնազդով, ճի՞շտ է: Նրանք ընդօրինակում են մեզ տառացիորեն ամեն բանում, այսինքն՝ ուզում եմ ասել, բոլոր այն գործողություն ներում, որոնք չեն պահանջում գիտակցական մոտեցում։ Դա նրանց մեջ այնքան զարգացած է, որ «կապկություն» անել բայը մեզ մոտ դարձել է «ընդօրինակել» բայի համանիշը:
     - Զիրա՛, - քրթմնջաց - Կորնելին հուսահատ տոնով, քեզ չի՞ թվում արդյոք, որ մեզ նույնպես հատկանշական է այդ «կապկություն անելու» ոգին։ Եվ հնարավորություն չտալով իր ցեղակցին պաշտպանական խոսք ասել, Կորնելին հուզված շարունակեց.
     - Դա սկսվում է վաղ մանկությունից: Մեր ամբողջ ուսուցումը հիմնված է ընդօրինակման վրա։
     - Բայց դու գիտես, դա օրանգուտանգներ...
     - Այո, դա վերաբերում է նրանց, որովհետև նրանք են դաստիարակում երիտասարդությանը իրենց գրքերով: Նրանք ստիպում են երեխա կապիկին կրկնել մեր նախորդների բոլոր սխալները: Սրանով էլ բացատրվում է մեր առաջադիմության դանդաղկոտությունը։ Ահա արդեն տասը հազար տարի է մենք նույնն ենք մնացել և դոփում ենք տեղում:
     Այստեղ հարկ է մի քանի խոսք ասել կապկային քաղաքակրթության դանդաղ զարգացման մասին։ Ինձ դա ապշեցրեց, Երբ ես ուսումնասիրեցի նրանց պատմությունը, և դրա մեջ էլ տեսա կապիկների ու մարդկանց միջև եղած հիմնական տարբերությունը: Ճիշտ է, մեզ մոտ էլ են եղել լրիվ լճացման ժամանակաշրջաններ: Մենք էլ ենք ունեցել մեր օրանգուտանգները, որոնք կազմել են ապուշային ծրագրեր, հիմարացրել են երիտասարդությանը, ու դա ձգվել է բավական երկար, բայց ոչ այնքան, ինչպես կապիկների մոտ, և, որ գլխավորն է, զարգացման այլ աստիճանում: Լճացման մութ շրջանը, որի մասին բողոքում էր գիտնական շիմպանզեն, այստեղ տևել է տասը հազարամյակ: Այդ ընթացքում ոչ մի բնագավառում նկատելի առաջխաղացում չի կատարվել, բացի վերջին տասնամյակից։ Սակայն այս բոլորի մեջ ինձ համար ամենահետաքրքրականն այն էր, որ նրանց առաջին լեգենդները, առաջին տարեգրությունները, առաջին հիշողությունները պատմում են բարձր զարգացած քաղաքակրթության մասին, որն ըստ էության քիչ է տարբերվում ժամանակակից քաղաքակրթությունից: Տասը հազարամյակ վաղեմություն ունեցող հնագույն փաստաթղթերը վկայում են, որ հին ժամանակների գիտելիքների ու նվաճումների ընդհանուր հանրագումարը լրիվ համեմատելի են այսօրվա գիտելիքների ու նվաճումների հետ։ Իսկ այն մասին, թե ինչ է եղել դրանից էլ վաղ շրջանում, չի պահպանվել ոչ մի գրավոր խոսք, ոչ մի բանավոր ավանդություն, նույնիսկ ոչ մի հուշարձան, լրիվ խավար է ու դատարկություն:
     Կարճ ասած, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կապկային քաղաքակրթությունը ստեղծվել է հրաշքով, միանգամից տասը հազար տարի առաջ և մինչև օրս գրեթե չի փոփոխվել։ Միջին մակարդակի կապիկը դա համարել է սովորական և ոչ մի բանի մասին այլևս չի մտածել։ Սակայն պրպտող մտքերը, ինչպիսին Կորնելին է, չեն կարողացել հաշտվել գոյություն ունեցող այդ գաղտնիքի հետ և տանջվելով փորձել են թափանցել նրա մեջ:
     - Բայց չէ որ կան կապիկներ, որոնք ընդունակ են ստեղծագործական գործունեության, - բողոքեց Զիրան:
     - Այո՛, հայտնվել են, - համաձայնեց Կորնելին, - հատկապես վերջին տարիներս: Ժամանակի ընթացքում միտքը կարող է մարմնավորվել գործողության մեջ։ Այդպես էլ պետք է լինի, քանի որ զարգացման բնական ելքն այդպիսին է... Բայց այն, ինչ ես ուզում եմ, Զիրա՛, ինչին կրքոտ ձգտում եմ, այն է, թե ինչպես է սկսվել ամեն ինչ… Այսօր ինձ արդեն անհավանական չի թվում այն միտքը, որ մեր ամբողջ քաղաքակրթության հիմքում ընկած է հասարակ ընդօրինակումը:
     - Ընդօրինակում ինչի՞ն։ Կամ՝ ո՞ւմ:
     Բայց այստեղ Կորնելին լռեց ու կախեց գլուխը, կարծես ափսոսալով, որ այդքան շատ բան ասաց։
     - Ես դեռ վերջնական եզրակացության չեմ եկել, - վերջապես խոսեց նա։ - Ինձ ապացույցներ են պետք: Գուցե դրանք կգտնենք թաղված քաղաքի ավերակներում: Համաձայն զեկուցագրի, այն գոյություն է ունեցել ոչ թե տասը հազար տարի առաջ, այլ շա՜տ-շատ վաղ, այն ժամանակաշրջանում, որի մասին մենք ոչինչ չգիտենք:

Գլուխ 3

     Կորնելին լռեց. երևում էր, որ նրա համար դժվար էր խոսել այդ թեմայի շուրջը, այնուամենայնիվ, այն քիչն էլ, որ հասցրի հասկանալ նրա դատողություններից, ինձ արտակարգ հուզեց: Հնագետները անապատում հայտնաբերել են շատ կառույցներ, մի ամբողջ քաղաք՝ թաղված ավազի հաստ շերտի տակ: Ցավոք, նրանից մնացել են միայն ավերակները։ Սակայն այդ ավերակները, ես զգացի, պահել են հետաքրքիր գաղտնիք, և երդվեցի անպայման թափանցել դրա մեջ։ Դա անհնարին չէր նրա համար, որ ի վիճակի է դիտարկել և համադրել, սակայն պեղումները ղեկավարող օրանգուտանգը բացարձակ օժտված չէր այդ կարողություններով: Նա ընդունում է Կորնելիին, հարգանք տածելով նրա բարձր աստիճանին, և միաժամանակ հազիվ է թաքցնում ատելությունը, որ անզգուշաբար երբեմն արտահայտում էր նրա երիտասարդության և յուրահատուկ գաղափարների նկատմամբ:
     Հիրավի, պեղումներ կատարելու համար պետք է օժտված լինել հրեշտակային համբերությամբ. ամեն քայլափոխի խրվում ես ու մնում ավազի մեջ, քարերի արանքում, որոնք փոքրագույն հպումից վեր են ածվում փոշու։ Բայց շուտով մեկ ամիս կլինի ինչ մենք զբաղվում ենք այդ գործով։ Զիրան վաղուց մեկնել է, սակայն Կորնելին դեռևս համառում է։ Նա աշխատում է նույնպիսի կրքոտությամբ, ինչպես ես, որովհետև նույնպե՛ս համոզված է, որ հենց այստեղ, այդ հնամենի ավերակների մեջ է թաքնված պատմության մեծ առեղծվածը, որը տանջում է նրան:
     Ինձ միշտ զարմացրել է նրա գիտելիքների բազմաբովանդակությունը: Ամենից առաջ նա ուզում էր որոշել քաղաքի տարիքը։ Այսպիսի դեպքերում կապիկները օգտվում են այնպիսի մեթոդներից, որոնք նման են մեր մեթոդներին՝ հանքաբանական տվյալների համեմատություն քիմիական և կառուցվածքային վերլուծությունների արդյունքների հետ։ Այս բոլոր աշխատանքները ինքնուրույն կատարելով, Կորնելին պետք է համաձայներ պաշտոնական գիտնականների կարծիքին. քաղաքը իրոք շատ ու շատ հին է։ Այն գոյություն է ունեցել տասը` հազար տարուց շատ ավելի վաղ, այսինքն՝ այն միակ հուշարձանն է, որը կարող է ապացուցել հետևյալը. այժմյան կապկային քաղաքակրթությունը չի առաջացել դատարկ տեղում, ոչնչից, ինչ-որ գերբնական ձևով։ Սորորայի վրա վաղ ժամանակներում՝ մինչև այժմյան պատմական ժամանակաշրջանը, ինչ-որ բան գոյություն ունեցել է։ Բայց ի՞նչ։
     Անցավ տենդագին որոնումների ու հետազոտությունների մեկ ամիսը և մեզ, բացի հիասթափությունից, ոչինչ չբերեց: Այնպես էր ստացվում, որ նույնիսկ այդ նախապատմական քաղաքը շատ քիչ բանով էր տարբերվում այսօրվա քաղաքներից: Մենք գտանք շենքերի փլատակներ, արդյունաբերական կառուցվածքների մնացորդներ, որոնք վկայում էին այն մասին, որ այդ հնամենի քաղաքի բնակիչները ունեցել են այնպիսի ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ, ինչպես այժմ կապիկներինն է: Հետևաբար, գիտակցական կյանքը ծնվել է շատ ավելի վաղ, դարերի խորքում: Սակայն, սա բացահայտորեն այն չէր, ինչ փնտրում էր Կորնելին, և բոլորովին ոչ այն, ինչ սպասում էի ես ինքս։
     Այդ առավոտ Կորնելին պեղումների գնաց ինձնից շուտ։ Բանվորները փորել-բացել էին արտակարգ հաստ պատերով երկաթբետոնե մի շենք, որի տեսքը պահպանվել էր մյուսներից լավ։ Ճիշտ է, այն նույնպես լցված էր աղբով ու ավազով, և այժմ հնէաբանները տառացիորեն քրքրում էին այդ խառնուրդը մաղելու աստիճան։ Երեկ նրանք հետաքրքիր ոչինչ չգտան. ինչպես մյուս շենքերի պեղման ժամանակ, երբեմն հանդիպում էին միայն խողովակներ, տնային սպասքների բեկորներ, ամանեղենի կտորտանք։
     Նստելով այն վրանի կողքին, որտեղ տեղավորվել էինք ես և Կորնելին, դիտում էի, թե ինչպես պատվարժան օրանգուտանգը ցուցումներ էր տալիս խմբի ղեկավարին՝ ծաղրալի աչքերով ջահել շիմպանզեին։ Կորնելին անհետացել էր ինչ-որ տեղ։ Բայց հենց նոր բանվորների հետ պեղումի վայրում էր: Նա հաճախ ինքն էր գործի կպչում, վախենալով, որ հանկարծ բանվորները հիմարաբար կամ անզգուշորեն չեն նկատի արժեքավոր գտածոն։
     Ահա և նա: Դժվարությամբ դուրս է գալիս փոսից, և անմիջապես հասկանում եմ, որ նա ապշեցնող հայտնագործություն է արել։ Կորնելին երկու ձեռքով բռնել է ինչ-որ առարկա։ Առանց քաշվելու հրելով ծեր օրանգուտանգին, որը փորձում էր տիրանալ գտածոյին, Կորնելին մեծ զգուշությամբ դրեց ավազի վրա: Նա նայեց իմ կողմն ու թափահարեց ձեռքը։ Երբ մոտեցա, ինձ ապշեցրեց նրա աննկարագրելի հուզմունքը:
     - Ուլիս։ - Միայն նա կարող է ասել։ - Օ՜, Ուլիս։
     Այդ վիճակում երբեք չէի տեսել նրան: Ձայնը կերկերում էր։ Բանվորները փոսից դուրս գալով և հետևելով նրան հավաքվեցին գտածոյի շուրջը, և ես չկարողացա տեսնել: Նրանք մատնացույց էին անում այն, և երևում է գտածոն ուղղակի զվարճացնում էր նրանց։ Մի քանիսը ուղղակի հռհռում էին: Համարյա բոլորն էլ հաղթանդամ գորիլաներ էին: Կորնելին նրանց ստիպեց հեռու գնալ:
     - Ուլի'ս։
     - Ի՞նչ է պատահել։
     Հիմա արդեն ես էլ վերջապես տեսա ավազի վրա պառկած առարկան և միաժամանակ լսեցի Կորնելիի խուլ ձայնը։
     - Տիկնի՛կ է, Ուլիկս, տիկնիկ։
     Այո՛, այն տիկնիկ էր, սովորական ճենապակե տիկնիկ։ Տառացիորեն հրաշքով այն չէր տուժել։ Նույնիսկ պահպանվել էին կեղծծամի մնացորդները և աչքերի վրայի գունավոր ջնարակի թեփուկները։ Ինձ համար դա այնքան սովորական էր, որ սկզբում չհասկացա շիմպանզեի հուզմունքը։ Միայն մի քանի տանջալի վայրկյանից հետո գլխի ընկա... Ես հասկացա։ Եվ անմիջապես կատարվածի անհավանականությունը ցնցեց ինձ մինչև հոգուս խորքը։ Չէ որ այս մարդկային տիկնիկը աղջիկ է պատկերում, երկրային աղջիկ։ Սակայն չէի համարձակվում հավատալ, սա արդեն չափազանց ֆանտաստիկական էր։ Այս հրաշքի մասին բարձրաձայն հայտարարելուց առաջ անհրաժեշտ էր ստուգել բոլոր տարբերակները և հնարավոր է, որ ամեն ինչ բացատրվի շատ սովորական ձևով։ Սակայն այնպիսի գիտնական, ինչպիսին Կորնելին է, անպայման պետք է այդ անի։
     Իրոք, կապիկների երեխաներն էլ խաղալիքներ ունեն։ Նրանց մեջ, թեև ոչ հաճախ, լինում են կենդանիների, նույնիսկ մարդկանց կերպարանքով խաղալիքներ։ Ուրեմն, աղջիկ–տիկնիկը ինքնին չէր կարող գիտուն շիմպանզեին այդչափ հուզմունք պատճառել։ Սակայն, առաջին. կապիկները այդպիսի կերպարանքներով խաղալիքներ չեն պատրաստում ճենապակուց, երկրորդ. դրանք շատ հազվադեպ են հագնված լինում, և, վերջապես, դրանք երբեք հագնված չեն լինում, ինչպես բանական արարածները։ Իսկ այդ տիկնիկը հագած-կապած էր, երդվում եմ ձեզ, ճիշտ այնպես, ինչպես տիկնիկին զուգում-զարդարում են մեզ մոտ՝ Երկրի վրա։
     Նրա մարմնի վրա պահպանվել էին կտորների պատառիկներ, որոնք, անկասկած, եղել են շրջագեստ, իրանակալ, ներքին կիսաշրջազգեստ ու վարտիք։ Տիկնիկը հագցված է եղել հոգատարությամբ, ճաշակով, ինչպես նրան կարող էր հագցնել երկրային աղջնակը կամ ինչպես փոքրիկ կապիկը կհագցներ իր սիրելի տիկնիկ-կապիկին, սակայն երբեք ու երբեք ոչ սա և ոչ էլ մյուսը այդքան խնամքով չէին զգեստավորի կենդանիներին իրենց սեփական հագուստների փոքրացված ընդօրինակությամբ։ Հիմա ես ավելի ու ավելի լավ էի հասկանում իմ խորաթափանց բարեկամ շիմպանզեի հուզմունքը։
     Բայց սա դեռ բոլորը չէր: Բանից պարզվում է, որ գտած խաղալիքը օժտված էր նաև մեկ այլ տարօրինակությամբ, որը զվարճացրեց բոլոր բանվոր գորիլաներին և ստիպեց ժպտալ նույնիսկ գոռոզ օրանգուտանգին` նրանց գլխավոր ղեկավարին: Տիկնիկը խոսում է։ Նա խոսում է այնպես, ինչպես մեր խոսող տիկնիկները։ Կորնելին պատահմամբ սեղմեց անվնաս մնացած մեխանիզմի կոճակը, և տիկնիկը խոսեց: Օ՜, հասկանալի է, նա ասաց շատ քիչ բան. ընդամենը մեկ բառ, կազմված երկու միատեսակ վանկերից։
     «Պա՜-պա՜»: «Պա՜-պա՜», - նորից, թոթովեց ճենապակե աղջիկը, երբ Կորնելին բարձրացրեց նրան և զննեց բոլոր կողմերից, շոշափելով իր արագաշարժ զգայուն մատներով: Այդ բառը հնչում է նույն ձևով և ֆրանսերենով և կապկային լեզվով, այո, հավանաբար, խորհրդավոր տիեզերքի բոլոր լեզուներով և ամեն տեղ ունի նույն նշանակությունը:
     Երևի դրա համար էլ իմ բարեկամ գիտնականի մռութը կարմրատակեց, լցվեց նաև իմ սիրտը, և մեծ դժվարությամբ զսպեցի արցունքներս, մինչև որ Կորնելին քաշեց-տարավ մի կողմ, հետը վերցնելով թանկարժեք գտածոն:
     - Մեծագույն ապուշ, - երկար լռությունից հետո մռթմռթաց նա:
     Ես հասկացա ում մասին է խոսքը և բաժանեցի նրա զայրույթը: Ծեր, վաստակավոր օրանգուտանգը այդ տիկնիկը համարեց սովորական, կապկային խաղալիք, որին վաղ անցյալի մի հիմար վարպետ զվարճության համար դարձրել է խոող։ Նրան ինչ-որ բան բացատրելը անիմաստ էր։ Կորնելին փորձ էլ չարեց, քանի որ միակ, տրամաբանական բացատրությունը, որ ծագել էր գլխում, նրա համար այնքան անսպասելի էր, որ նա գերադասեց լռել։ Նույնիսկ ինձ ոչ մի բառ չասաց, բայց գիտեր, որ ես ամեն բան հասկացա։
     Մինչև օրվա վերջը Կորնելին լուռ մտածմունքների մեջ էր։ Ինձ թվում է, նրա համար այս հետազոտությունները շարունակելը սարսափելի էր, և նա զղջացել էր նույնիսկ այն քանի համար, որ հայտնի էր դարձրել ինձ: Նրա գրգռվածությունը անցավ, և այժմ նա, հավանաբար, դառնորեն ափսոսում էր, որ ես դարձա նրա հայտնագործության վկան։
     Հենց հաջորդ օրը իմ կասկածները հաստատվեցին. իմ ներկայությունը վախեցնում էր Կորնելիին։ Ամբողջ գիշերը նա մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան, խուսափելով նայել աչքերիս, հայտարարեց, որ իմ հետագա ներկայությունը այս փլատակների մեջ աննպատակ է համարում և առաջարկում է վերադառնալ ինստիտուտ, որտեղ ինձ սպասում է ավելի կարևոր աշխատանք։ Ինձ համար ինքնաթիռում արդեն տեղը պատվիրված էր։ Ես թռչելու էի քսանչորս ժամ հետո։

Գլուխ 4

     Ենթադրենք, ասում եմ ինքս ինձ, ինչ-որ ժամանակ մարդիկ եղել են այս մոլորակի լի­իրավ տերերը։ Ենթադրենք, որ ավելի քան տասը հազար տարի առաջ Սորորայում ծաղկել է մարդկային քաղաքակրթությունը՝ նման մերին...
     Սակայն, այժմ դա արդեն անհող վարկած չէ, ընդհակառակը։ Հազիվ ձևակերպելով միտքս, ես տեղնուտեղը զգացի այն յուրահատուկ հուզմունքը, որը համակում է հետախույզին, երբ նա խճճված արահետների մեջ գտնում է միակ ճիշտ ճանապարհը։ Համոզված եմ, որ հենց այդ ուղին էլ տանում է դեպի կապկային էվոլյուցիայի բացահայտման գաղտնիքները։ Իզուր չէր, որ այդ հարցի պատասխանը ենթագիտակցաբար միշտ փնտրում էի մոտավորապես այդ ուղղությամբ։ Կորնելիի քարտուղարի՝ լռակյաց, ինքնամփոփ շիմպանզեի, ուղեկցությամբ ինքնաթիռով վերադառնում եմ մայրաքաղաք։ Ես նրա հետ չեմ էլ ուզում խոսել։
     Ինքնաթիռում միշտ հաճելի է մտորել, խորհել։ Այո՛, դժվար թե ինձ տրվի ավելի լավ հնարավորություն իմ մտքերն ու զգացմունքները հավաքելու համար։
     ...Եվ այսպես, պատկերացնենք, որ անհիշելի ժամանակներում Սորորայի վրա գոյություն է ունեցել մեր քաղաքակրթության նման քաղաքակրթություն։ Հնարավո՞ր է արդյոք, որ բանականությունից զուրկ էակները շարունակեն այն՝ հենվելով միայն ընդօրինակման բնազդի վրա։ Սրան պատասխանելը չափազանց դժվար է, բայց և այնպես, որքան շատ եմ մտորում, այնքան շատ փաստարկներ եմ գտնում, որոնք այդ հարցադրումը հեռու են պահում անհեթեթությունից: Այն միտքը, որ մեզ ինչ-որ ժամանակ կհաջորդեն կատարելագործված ռոբոտները, եղել է Երկրի վրա և, որքան հիշում եմ, բավականին լայն տարածված։ Այդ մտքին համաձայն էին ոչ միայն ֆանտաստներն ու բանաստեղծները, այլ նաև հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները։ Եվ կարող է պատահել, հենց նրա համար, որ այդ գաղափարը ծնվեց հանկարծակի և տարածվեց ժողովրդական մասսաների մեջ, այն հատկապես հուզեց ինտելեկտուալ հասարակության ընտիր խավին: Եվ գուցե նրա համար, որ այդ գաղափարի մեջ կա դառը ճշմարտության մաս։ Ընդամենը միայն մաս, քանի որ մեքենան միշտ մնում է մեքենա, իսկ ամենակատարելագործված ռոբոտը՝ ռոբոտ: Իսկ ի՞նչ ասել այն արարածների մասին, որոնք օժտված են, ինչպես կապիկները, թեկուզև բանականության սաղմով և բարձր զարգացած ընդօրինակման բնազդով։ Այդ դեպքո՞ւմ...
     Ես փակում եմ աչքերս: Շարժիչների բվվոցն օրոր է ասում։ Ինձ անհրաժեշտ է մտածել, քննարկել այդ ամենը, որպեսզի կարողանամ դիրքորոշվել:
     Ի՞նչն է հանդիսանում քաղաքակրթության որոշիչ հատկանիշը։ Ինչ-որ բացառիկ ոգի՞, հանճարեղությո՞ւն։ Հազիվ թե: Ավելի շուտ՝ առօրյա կյանքը: Դե լավ, հոգեկան մշակույթն ընդունենք որպես անհրաժեշտություն։ Ենթադրենք, որ այն պետք է արտահայտվի արվեստի, գլխավորապես գրականության մեջ: Իրոք, վերջինը անմատչելի է մեր մարդանման կապիկներին, իհարկե, եթե ենթադրենք, որ նրանք սովորել են վանկ-վանկ կարդալ բառերը: Իսկ, ըստ էության, ինչի՞ց է բաղկացած մեր գրականությունը։ Գլուխգործոցների՞ց։ Ամենևին ոչ։ Եթե մեկ-երկու հարյուրամյակի ընթացքում հայտնվում է մի ինչ–որ յուրահատուկ գիրք, մնացած գրողները ընդօրինակում են, այսինքն, արտագրում են, և լույս աշխարհ են գալիս հարյուր հազարավոր նոր գրքեր, ավելի կամ պակաս տարբեր անվանումներով, որոնց մեջ խոսվում է նույն բանի մասին՝ արտահայտությունների ավելի կամ պակաս փոփոխված համադրությունների օգնությամբ: Ինչպես երևում է, կապիկներին՝ իրենց բնությամբ հրաշալի ընդօրինակողներին, այդպիսի գրականությունը լրիվ մատչելի է, դարձյալ մի պայմանով, որ նրանք խոսել սովորեն։
     Այլ կերպ ասած, միակ լուրջ առարկությունը մնում է լեզուն։ Այնուամենայնիվ, լինենք զգույշ։ Կապիկներին հարկավոր էլ չէ հասկանալ, որ հատկապես նրանք արտագրում են, որպեսզի միայն մեկ գրքի հիմքի վրա կազմեն հազարավոր նոր հատորներ։ Նրանց այդ պակաս անհրաժեշտ չէ, քան մեզ։ Ինչպես մեզ, նրանց նույնպես բավական է ուղղակի կրկնել նախապես լսած արտահայտությունները։ Իսկ, մնացած գրական ամբողջ պրոցեսը հանգում է մերկ տեխնիկային։ Եվ այստեղ տարբեր ֆիզիոլոգների կարծիքները ստանում են վիթխարի նշանակություն. նրանք պնդում են, որ անատոմիական ոչ մի առանձնահատկություն չի խանգարում կապիկներին խոսել, եթե միայն ցանկանան։ Սակայն միանգամայն կարելի է ենթադրել, որ մի անգամ նրանց մեջ այդպիսի ցանկություն առաջացել է, թեկուզև հանկարծակի մուտացիայի հետևանքով։
     Եվ այսպես, խոսող կապիկների մասնակցությունը մեր գրականության շարունակության մեջ այնքան էլ անընդունելի չէ։ Ենթադրենք, որ հետագայում մի քանի գրականագետ կապիկներ բարձրանան մինչև այժմյան հասկացության։ Ինչպես ասում է իմ բարեկամ Կորնելին, միտքն ամփոփվում է գործողության մեջ, տվյալ դեպքում՝ խոսքի մեխանիզմի մեջ, և, այսպիսով, կապկային աշխարհում կարող են հայտնվել առանձնահատուկ գաղափարներ, չնայած, ինչպես մեզ մոտ՝ Երկրի վրա, հարյուրամյակում՝ մեկը։
     Համռորեն շարունակելով զարգացնել այս վարկածը, ես շուտով եկա այն համոզման, որ լավ վարժեցված կենդանիները կարող են ստեղծել ճիշտ նույնպիսի նկարներ և քանդակներ, որոնցով ես հիացել եմ մայրաքաղաքների թանգարաններում, և ընդհանրապես կարող են դառնալ մարդկային արվեստի ցանկացած ոլորտի, ներառյալ մեր թատրոնն ու կինոն, մասնագետներ։
     Սկզբի համար զննելով բանականության գործունեության բարձրագույն ձևերը, այնուհետև, առանց դժվարության իմ տեսությունը կիրառեցի մյուս բնագավառների նկատմամբ։ Մեր արդյունաբերությունը շատ չդիմադրեց իմ վերլուծությանը։ Ինձ բացարձակորեն հայտնի է, որ ժամանակի ընթացքում այն պաշտպանելու համար չի պահանջվում ոչ մի անձնական նախաձեռնություն։ Նրա հիմքում ընկած է բանվորների աշխատանքը, որոնք կրկնում են նույն շարժումները, սակայն ավելի բարձր մակարդակով, ծառայողների աշխատանքը, որոնք կազմում են նույն հաշվետվությունները և նույն պայմաններում արտասանում են միանման բառեր։ Եվ նրանց, և սրանց կարող են փոխարինել կապիկները, առանց մի փոքր վնաս հասցնելու գործին, բավական է մշակել համապատասխան պայմանական ռեֆլեքսներ։ Ինչ վերաբերում է կառավարման վերին ոլորտներին և վարչապետություններին, ապա այնտեղ կապկություն անելը, ինչպես ինձ թվում է, նույնիսկ անհրաժեշտ է։ Մեր սիստեմը ղեկավարելու համար գորիլաներին բավական է սովորել մի քանի կեցվածք և ճառեր՝ ընդօրինակելով դրանք նույն նմուշից։
     Այսպես ես սկսեցի նոր աչքերով նայել մարդկային գործունեության բազմազան դրսևորումներին, նրանց փոխարեն պատկերացնելով կապիկների։ Ես հաճույքով, չենթարկվելով ոչ մի հոգեկան տվայտանքի, հանձնվեցի երևակայական խաղին։ Այդպես պատկերացրի բազմաթիվ քաղաքական ժողովներ, որոնց ներկա էի որպես ժուռնալիստ։ Հիշեցի շատ անհետաքրքիր շաբլոն զեկուցումները և այն մարդկանց միօրինակ պատասխանները, որոնց հետ հարկ էր լինում հարցազրույց անցկացնել։ Սակայն իմ հիշողության մեջ հատկապես վառ է տպավորվել իր ժամանակին աղմուկ հանած դատական այն պրոցեսը, որը ֊նկարագրեցի ես մեր թռիչքից մի քանի օր առաջ։
     Դատապաշտպանը իրավաբանների շրջանակի ճանաչված ջահերից մեկն էր։ Բայց ինչո՞ւ հենց հիմա նա ինձ պատկերացավ հպարտ արու գորիլայի տեսքով, ի միջի այլոց, ճիշտ այնպես, ինչպես և պակաս հռչակ չունեցող դատախազը։ Ինչո՞ւ նրանց ճառերի և շարժուձևերի հետևողականությունը իմ մեջ զուգորդվում է պայմանական ռեֆլեքսներով, որը երկարատև վարժեցման հետևանք է։ Ինչո՞ւ իմ գիտակցության մեջ դատարանի նախագահը միաձուլվում է ամբարտավան օրանգուտանգի հետ, որը մեքենայաբար արտասանեց անգիր արած արտահայտություններ, ակամա արձագանքելով վկաների այս կամ այն խոսքերին կամ ժողովրդի դժգոհությանը։ Ինչո՞ւ։
     Մինչև մեր ուղևորության վերջը ես չկարողացա ազատվել նման համադրումներից: Բայց երբ մտածում էի մեր ֆինանսական ու պաշտոնական վերնախավի մասին, իմ առջև կանգնեց մաքուր կապկային տեսարան, մեկը նրանցից, որ հատկապես ապշեցրեց ինձ Սորորայի վրա։ Խոսքը Բորսայի մասին է, ուր ինձ անպայման ուզում էր քաշ տալ Կորնելիի ընկերներից մեկը, քանի որ Բորսան համարվում էր մայրաքաղաքի ուշադրության արժանի տեղերից մեկը: Եվ ահա թե ինչը հիշեցի ես անսովոր պայծառությամբ մինչ ինքնաթիռը մոտենում էր վայրէջքի վայրին:
     Բորսան մի հսկա շենք էր: Դեռ չհասած նրան, լսվեց թանձր ու անորոշ գվվոց, որը քանի մոտեցանք, այնքան սաստկացավ, մինչև որ վերածվեց խլացնող խառնաղմուկի։
     Մենք ներս մտանք և անմիջապես հայտնվեցինք տուրուդմփոցի կենտրոնում: Ես թաքնվեցի սյան ետևը։ Առանձին կապիկների արդեն ընտելացել էի, սակայն նրանց բազմաթիվ ամբոխի մեջ դեռ ինձ կորցնում էի։ Իսկ այստեղ ամբոխ կար, այն էլ ինչպիսի՜։ Սրա հետ համեմատած, նույնիսկ հիշարժան կոնգրեսի նիստերում գիտնական կապիկների հավաքը ինձ թվաց տնավարի ու սովորական:
     Փորձեք պատկերացնել անհավանական բարձրության մի հսկա դահլիճ լեփ-լեցուն գոռացող, ձեռածող, հիստերիայի մեջ ընկած կապիկներով, կապիկներ, որոնք վազում են դես ու դեն, սլանում են, թռչկոտում, միմյանց խփում ու վազվզում են ոչ միայն հատակին, այլև վխտում են պատերի վրա՝ մինչև առաստաղը, քանի որ այստեղ ամենուր տեղադրված են աստիճաններ, ցանցեր, ճոպաններ ու ճոճաձողեր, որպեսզի կապիկները կարողանան տեղավորվել բոլոր երեք չափումներում ցանկացած ուղղություններում: Այսպիսով, կապկային այդ խումբը գրավում էր գրեթե դահլիճի ամբողջ ծավալը, որը հիշեցնում էր մի վիթխարի վանդակ այդ քառաթաթերին ցուցադրելու համար մի ինչ-որ անհավատալի մեծության կենդանաբանական այգում:
     Կապիկները տառացիորեն թռչում էին այդ փակ տարածության մեջ, միշտ հասցնելով կառչել ինչ-որ բանից, երբ անկումը թվում էր անխուսափելի։ Եվ այս ամենը բացականչությունների, հարցերի, պատասխանների, ճիչերի և, վերջապես, ուղղակի վայնասունների դժոխային աղմուկի մեջ, որ ոչ մի ընդհանուր բան չուներ բանական խոսքի հետ։ Այնտեղ, օրինակի համար, կային կապիկներ, որոնք հաչում էին, այո՛, այո՛, հենց հաչում էին առանց նկատելի պատճառների՝ պարանի օգնությամբ թռչելով դահլիճի մի ծայրից մյուսը:
     - Դուք երբևէ տեսե՞լ եք նման ինչ-որ բան, - հպարտությամբ հարցրեց ինձ Կորնելիի բարեկամը:
     Ես հաճույքով խոստովանեցի, որ չեմ տեսել: Բայց հարկ եղավ երկար ժամանակ մտաբերել այն ամեն լավը, որ մինչ այդ գիտեի կապիկների մասին, որպեսզի առաջվա նման նրանց վերաբերվեի որպես բանական արարածների, քանի որ ցանկացած մտածող էակ, ընկնելով այդ կրկեսը, անխուսափելիորեն կմտածեր, որ ներկա է խելագարների գիշերաժողովի կամ կատաղած գազանների խրախճանքի։ Այստեղ բոլորն իրար նման էին, և ոչ մեկը չուներ բանականության կայծ անգամ: Բոլորը հագնված էին իրար նման, և բոլորի մռութները ծածկել էր խելագարության նույն դիմակը:
     Հիշելով այդ մասին, ես ցավով զգացի, թե ինչպես արդեն ստեղծված հակադարձ կապի համաձայն, որի շնորհիվ երկրային իրողությունների մասնակիցները իմ գիտակցության մեջ ստացել էին գորիլաների կամ օրանգուտանգների տեսք, այժմ կապիկների այդ խելահեղ ամբոխը իմ առջև կանգնած է մարդկային կերպարանքով: Այդ մարդիկ ոռնում էին, հաչում ու կպչում պարաններից, որպեսզի ճոճվելով ավելի արագ հասնեն դահլիճի մյուս ծայրին։ Անընդհատ նորանոր տեսարաններ էին առկայծում իմ բորբոքված հիշողության մեջ։ Հիշում էի, թե ինչպես երկար դիտարկումներից հետո հաջողվեց բացահայտել որոշ մանրամասներ, որոնք ցույց էին տալիս, որ այս ամբողջ վայրենի իրարանցումը, այնուամենայնիվ, հեռավոր առնչություն ունի առավել կամ պակաս չափով բանական գործունեության հետ։ Գազանային ոռնոցների ու մռնչյունների մեջ երբեմն աննկատելիորեն սպրդում էին հասկանալի բառեր: Արու գորիլան, որը դժվարությամբ հասել ու նստել էր ամենաբարձր տախտակամածին, չընդհատելով հիստերիկ շարժուձևերը, ժամանակ առ ժամանակ ոտքով խլում էր մի կտոր կավիճ ու տախտակին գրում նոր թիվ, որը, հավանաբար, ուներ ինչ-որ նշանակություն: Սակայն նա նույնպես պատկերանում էր մարդկային կերպարանքով։
     Ինձ հաջողվեց այդ հալյուցինացիայից ազատվել միայն այն ժամանակ, երբ ես կամքի ուժով վերադարձա կապկային հասարակության ծագման իմ տեսությանը. Երկրի և Սորորայի ֆինանսիստների ու գործարարների անկասկած նմանությունը միայն հաստատեց իմ ճշմարիտ լինելը։
     Ինքնաթիռը գնաց վայրէջքի։ Ես նորից մայրաքաղաքում էի:
     Զիրան եկել էր օդանավակայան ինձ դիմավորելու: Դեռ հեռվից նկատեցի նրա ուսանողական, ականջներին կպած փոքրիկ թասակը և անկեղծ ուրախացա: Եվ երբ մաքսային բոլոր ձևականություններից հետո նա հայտնվեց իմ առջև, ես հազիվ զսպեցի ինձ, որ չգրկեմ նրան։

Գլուխ 5

     Վերադառնալուց հետո գրեթե մի ամբողջ ամիս ես պառկած էի անկողնում. ինչպես երևում է պեղումների վայրում վարակվել էի ինչ-որ հիվանդությամբ։ Հիվանդությունս ուղեկցվեց ջերմության տատանումներով և նմանվում էր դողէրոցքի: Ֆիզիկական ցավ չէի զգում, սակայն բանականությունս կարծես կրակի մեջ լիներ. հիշողության մեջ անվերջ վերականգնում էի այն բոլոր մանրամասները, որոնք իմ առջև բաց արին ահավոր գաղտնիքի վարագույրը։ Ոչ մի կասկած չկար այլևս այն մասին, որ կապկային թվականությունից շատ առաջ Սորորայի վրա գոյություն է ունեցել մարդկային քաղաքակրթություն, և այդ միտքը հարբեցնում և ահաբեկում էր ինձ։
     Ինչքան մտածեցի, այդպես էլ չկարողացա որոշել իմ վերաբերմունքը այդ փաստի նկատմամբ՝ միաժամանակ զգալով և՛ հպարտություն, և՛ խորախոր ստորացում: Հպարտություն, որովհետև կապիկները, այնուամենայնիվ, ոչինչ չեն ստեղծել և վերջին հաշվով սովորական ընդօրինակողներ են, իսկ ստորացում, որովհետև այդ նույն կապիկները կարողացել են զարմանալի հեշտությամբ յուրացնել մարդկային մշակույթը։
     Այդ ինչպե՞ս, կարող էր կատարվել։ Զառանցանքի ժամանակ ես միշտ անդրադառնում էի այդ հարցին։ Պարզ է, բոլոր քաղաքակրթությունները, մերը նույնպես, անմահ չեն, այդ մասին գիտենք դեռ վաղուց, բայց, այնուամենայնիվ, Սորորայի վրա մարդկային քաղաքակրթության նման լրիվ և անհետ վերացումը ճնշում է բանականությունը։ Ո՞րն է եղել դրա պատճառը։ Հանկարծահաս կործանո՞ւմ։ Կատակլի՞զմ։ Թե՞ մարդկանց դանդաղ դեգրադացիա և կապիկների աստիճանական զարգացում։ Ես համամիտ եմ վերջին վարկածին, քանի որ ժամանակակից կյանքում և կապիկների զբաղմունքների մեջ գտնում եմ նման էվոլյուցիայի համար արտակարգ բնորոշ նշաններ։
     Վերցնենք թեկուզ այն մեծ նշանակությունը, որ նրանք տալիս են կենսաբանական և ֆիզիոլոգիական ուսումնասիրություններին։ Այժմ արդեն ես սկսում եմ հասկանալ. հնամենի ժամանակներում շատ կապիկներ ծառայել են մարդուն որպես օբյեկտ տարբեր լաբորատորիաներում փորձեր անելու համար։ Եվ հատկապես հենց այդ կապիկներն էլ պետք է որ վերցնեին էստաֆետը, հենց նրանց է վիճակվել դառնալ ապագա հեղափոխության նախամարտիկները։ Եվ, բնական է, նրանք են սկսել ընդօրինակել իրենց տերերին, նմանակելով նրանց շարժուձևերը և արարքները։ Իսկ նրանց տերերը եղել են գիտնականներ, կենսաբաններ, ֆիզիոլոգներ, բժիշկներ կամ սանիտարներ ու պահակներ։ Այստեղից էլ մինչև հիմա պահպանվել է որոշակի բնագավառներում ուսումնասիրության յուրահատուկ կիրքը։
     Այո՛, սակայն ինչպիսի՞ն է մարդկանց ճակատագիրը։
     Բավակա՛ն է կապիկների մասին մտածել։ Ահա արդեն երկու ամիս է ես չեմ տեսել կալանավորման ժամանակների իմ նախկին ընկերներին, իմ մարդկային եղբայրներին։ Այսօր ինձ լավ եմ զգում։ Այլևս չեմ դողացնում։ Երեկ արդեն Զիրային ասացի (հիվանդության ժամանակ նա հարազատ քրոջ նման խնամում էր ինձ), որ ուզում եմ վերսկսել աշխատանքը նրա բաժանմունքում։ Ինձ թվաց, որ դա նրան այնքան էլ չուրախացրեց, սակայն չառարկեց: Ժամանակն է այցելել իմ խնամակալության տակ գտնվողներին։
     Եվ ահա ես նորից վանդակներով դահլիճում եմ:
     Դեռ շեմին ինձ մի տարօրինակ հուզմունք համակեց։ Ես այժմ այդ արարածներին տեսնում եմ բոլորովին այլ լույսի տակ: Նախքան նրանց մոտ մտնելը, ցավով հարց եմ տալիս ինքս ինձ. մի՞թե երկու ամիս բացակայելուց հետո նրանք ինձ նույնիսկ չեն ճանաչի: Բայց ճանաչեցին: Բոլորի հայացքներն ուղղվեցին ինձ, ինչպես առաջ, և խնդրեմ, նույնիսկ մեծ ակնածանքով։ Ինձ թվում է, թե նրանք ինձ նայում են նոր ձևով, այլ հայացքով, ամենևին ոչ այնպես, ինչպես նայում են իրենց հսկիչ գորիլաներին։ Ո՛չ, գուցե դա երևակայության խաղ է։ Եվ, այնուամենայնիվ, ես նրանց աչքերում տարբերում եմ հետաքրքրասիրության գրեթե անորսալի կայծեր, անսովոր հուզմունք, հնամենի հիշողությունների ստվերներ, որոնք ձգտում են հաղթահարել կենդանական բթամտության պատնեշը և, կարող է պատահել, նույնիսկ... հույսի թույլ փայլատակում:
     Ինձ թվում է, վերջին ժամանակներս ես անգիտակցորեն նրանց մեջ հույս եմ արթնացնում: Միայն այդ միտքն իմ հոգում ուրախ հուզմունք է ծնում։ Մի՞թե ես, հատկապես ես, բախտի քմահաճույքով մի անհայտ մոլորակի վրա ընկած Ուլիս Մերուս եմ դառնալու այստեղ մարդկային ցեղի վերածնողը:
     Ահա, վերջապես ես հասկացա, թե վերջին ժամանակներս ինչ անորոշ միտք էր տանջում ու անհանգստացնում ինձ: Ինչպես ինչ-որ ժամանակ ասել է մի նշանավոր ֆիզիկոս, տեր աստվածը վեգ չի խաղում։ Տիեզերքում պատահականություններ չեն լինում: Իմ ճանապարհորդությունը Բետելհեյզե նախապես որոշված էր բարձր ոգու կողմից։ Եվ այժմ ես պետք է արդարացնեմ ինձ ցույց տրված վստահությունը և դառնամ այս ընկած մարդկության նոր Փրկիչը:
     Առաջվա պես ես դանդաղ շրջում եմ ամբողջ դահլիճում: Ինձ զսպում եմ, որ վազքով չհասնեմ Նովայի վանդակին։ Բախտի առաքյալը ընտրյալներ ունենալու իրավունք չունի։ Ես դիմում եմ իմ խնամակալության տակ գտնվողներից յուրաքանչյուրին... Նրանք կխոսեն, եթե ոչ այսօր, բայց կխոսեն, և ես դրանով մխիթարվում եմ: Ամբողջ կյանքս կնվիրեմ կատարելու իմ մեծ առաքելությունը։
     Շինծու անտարբերությամբ, աչքի պոչով նայելով, կամաց կամաց մոտենում եմ իմ նախկին վանդակին: Սակայն չեմ տեսնում վանդակի ճաղերի միջով Նովայի ինձ պարզած ձեռքը, չեմ լսում ուրախ աղաղակները, որով նա վերջին ժամանակներս դիմավորում էր ինձ։ Ծանր նախազգացումներ են համակում ինձ։ Ես այլևս ինձ տիրապետելու ուժ չունենալով՝ նետվում եմ առաջ... Վանդակը դատարկ է...
     Կտրուկ տոնով, որից բոլոր գերիները ցնցվում են, ես կանչեցի հսկիչներից որևէ մեկին: Վազելով եկավ Զանամը: Նրան այնքան էլ դուր չի գալիս իմ իշխանությունը, սակայն Զիրան խստորեն հրամայել է կատարել իմ բոլոր կարգադրությունները:
     - Որտե՞ղ է Նովան, - հարցրեցի խիստ տոնով։
     Նա դժկամությամբ պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ: Նրան տարել են առանց որևէ բացատրություն տալու: Ես համառորեն պահանջում էի, բայց անօգուտ։ Վերջապես, բախտի բերմամբ ներս մտավ Զիրան՝ հերթական այցելության։ Նա տեսավ ինձ դատարկ վանդակի մոտ և կռահեց հոգեվիճակս: Սակայն ինչ-որ բան անհանգստացնում էր նրան և սկզբում խոսակցությունը սկսեց այլ թեմայից։
     - Հենց նոր վերադարձավ Կորնելին: Նա ուզում էր քեզ տեսնել:
     Սակայն այդ պահին թքած ունեի Կորնելիի վրա, բոլոր շիմպանզեների, գորիլաների, օրանգուտանգների և երկնքում ու երկրում ապրող այլ հրեշների վրա։ Ես մատնացույց անելով վանդակը՝ հարցրի.
     - Որտե՞ղ է Նովան:
     - Անառողջ է, - պատասխանեց էգ շիմպանզեն։ - Փոխադրել են հատուկ բաժանմունք։ Նա նշան արավ ինձ և, հսկիչից հեռանալով, տարավ իր ետևից։
     - Հարկ եղավ խոստանալ դիրեկցիային, որ ես գաղտնի կպահեմ, - ասաց Զիրան։ - Սակայն, կարծում եմ, որ դու պետք է տեղյակ լինես:
     - Նա հիվա՞նդ է։
     - Ահավոր ոչինչ չկա։ Սակայն, ինքնին այդ եղելությունն այնքան նշանակալից է, որ անհանգստացրել է մեր իշխանություններին:
     - Նովան ծանրացել է։
     - Նովա՞ն... ի՞նչ։
     - Ուզում եմ ասել նա հղի է, - պարզաբանեց Զիրան` հետաքրքրությամբ զննելով ինձ։

Գլուխ 6

     Ես զարմանքից քարացա, դեռ ուժ չունենալով գիտակցել այդ երևույթի բոլոր հետևանքները։ Սկզբում ինձ հեղեղեցին ամենատարբեր մանրուքները և ամենից շատ անհանգստացրեց հետևյալ հարցը. ինչո՞ւ մինչև օրս ոչինչ չեն հայտնել: Զիրան ժամանակ չէր տալիս զայրույթս արտահայտելու: Ես ինքս նկատել եմ ընդամենը երկու ամիս առաջ, ճանապարհորդությունից վերադառնալուց հետո: Գորիլաները ոչինչ չէին հասկացել։ Զանգահարեցի Կորնելիին, իսկ նա իր հերթին երկար խոսակցություն ունեցավ դիրեկտոր - ադմինիստրատորների հետ: Նրանք եկան այն եզրակացության, որ լավ է ամեն ինչ գաղտնի պահել: Այդ իրողությանը տեղյակ ենք ես և նրանք երկուսը: Նովային տեղավորեցինք առանձին վանդակում, և նրա մասին ինքս եմ հոգ տանում:
     Ես Կորնելիի ծածկամտությունը համարեցի դավաճանություն և զգացի, որ Զիրան էլ անհարմար վիճակի մեջ է։ Ինձ թվաց, որ իմ թիկունքում ինչ-որ չար բան է հյուսվում:
     - Մի հուզվիր, - Զիրան աշխատում էր հանգստացնել, նրա հետ լավ են վարվում, նա ամեն ինչ ունի, ես անձամբ հետևում եմ: Դեռ ոչ ոք, ոչ մի ժամանակ այդպես չի պահպանել մարդու հղի էգին։
     Նրա ծաղրող հայացքի տակ ես գլուխս կախեցի ինչպես մեղավոր դպրոցական։ Զիրան աշխատում էր պահպանել հեգնական տոնը, բայց ես զգացի, որ նա հուզված է: Պարզ է, զգացել էի, որ իմ ֆիզիկական մտերմությունը Նովայի հետ դարձավ տհաճ հենց այն պահից, երբ նա կռահեց իմ բանական արարած լինելը: Բայց հիմա նրա հայացքում ես տեսնում էի ոչ թե զզվանք, այլ՝ ինչ-որ ուրիշ բան։ Նա բացահայտորեն անհանգստացած էր։ Երևում էր, այն խորհրդավորությունը, որով շրջապատված էր Նովան, ոչ մի լավ բան չէր նախագուշակում։ Ես կռահեցի, որ Զիրան ամեն ինչ չասաց ինձ. հավանաբար Մեծ Խորհուրդը նույնպես իրազեկ էր սրա գործին և այս առիթով արդեն բարձր մակարդակի խորհրդակցություն է հրավիրվել։
     - Նովան ե՞րբ է ծննդաբերելու, - հարցրի ես։
     - Երեք-չորս ամսից հետո:
     Եվ այստեղ իրադրության ամբողջ տրագիկոմիկականությունը հանկարծ կանգնեց իմ առջև։ Ես հայր եմ դառնալու Բետելհեյզեի համակարգում։ Երեխա եմ ունենալու Սորորա մոլորակի վրա, այն կնոջից, որի նկատմամբ զգում եմ ֆիզիկական անհաղթահարելի հակում, երբեմն խղճահարություն, բայց ոչ ավելին, և որը անասունի ուղեղ ունի։ Երևի ամբողջ տիեզերքում ոչ մի բանական արարած դեռ չի ընկել նման վիճակի մեջ: Ես ուզում էի միաժամանակ և՛ լաց լինել, և՛ ծիծաղել։
     - Զիրա՛, ես պետք է տեսնեմ նրան։
     Նա ինձ պատասխանեց ցավակցող ծամածռությամբ:
     - Գիտեի, որ դու այդ կցանկանաս: Ես արդեն խոսել եմ Կորնելիի հետ և կարծում եմ չի առարկի: Հիմա նա սպասում է քեզ իր առանձնասենյակում:
     - Կորնելին ինձ դավաճանեց, խաբեց:
     - Դու այդպես խոսելու իրավունք չունես։ Կորնելիի սիրտը կիսված է դեպի գիտությունը տածած սիրո և կապկային ցեղի հանդեպ ունեցած պարտականության միջև։ Դու պետք է հասկանաս, որ Նովայի հղիությունը նրան շատ լուրջ երկյուղ է ներշնչում։
     Մինչ ես ինստիտուտի միջանցքով քայլում էի Զիրայի ետևից, իմ տագնապը գնալով մեծանում էր: Ես կռահում էի, թե ինչի մասին էին մտածում Սորորայի գիտնականները. նրանց ահաբեկում էր նոր ռասայի առաջացումը, որը... Սատանան տանի։ Եվ հանկարծ ես հասկացա, թե ինչ ձևով կարող եմ իրականացնել նախախնամության կողմից ինձ վրա դրված առաքելությունը։
     Կորնելին ինձ դիմավորեց բավականին սիրալիր, բայց այնուամենայնիվ, չկարողացավ հաղթահարել մեր մեջ ծագած ձգվածությունը: Ժամանակ առ ժամանակ նա աչքի տակով ինձ էր նայում գրեթե վախով: Ես ամբողջ ուժով ջանում էի անմիջապես չանցնել ինձ ամենից շատ հուզող թեմային։ Նախ հարցրի, թե ինչպես է եղել թռիչքը, ինչպես են ավարտվել քաղաքի պեղումներն անապատում:
     - Արդյունքներն ապշեցուցիչ են, - աշխուժացավ նա։ - Հիմա իմ ձեռքում են ամենաանհերքելի ապացույցները։ Նրա փոքրիկ, խելացի աչիկները կենդանացան ու փայլատակեցին: Զիրան ճիշտ էր ասում. Կորնելին իրոք որ մաս-մաս էր եղել գիտության հանդեպ ունեցած սիրո և կապիկների նկատմամբ պարտքի զգացման միջև: Բայց այդ պահին ինձ հետ խոսում էր գիտնականը, տառապող հետազոտողը, որի համար ամեն ինչից բարձր է իր վարկածների հաղթանակը, ճշմարտության հաղթանակը:
     - Մենք կմախքներ գտանք, - շարունակեց նա։ - Ոչ թե մի կմախք, այլ բազմաթիվ, և այնպիսի դասավորությամբ, որ առանց որևէ կասկածանքի կարող է համոզել նույնիսկ ամենաբութ գլուխներին: Բայց մեր օրանգուտանգները, հավանաբար, ոչինչ տեսնել չեն ուզում, բացի պարագաների տարօրինակ զուգադիպությունից:
     - Եվ ի՞նչ կմախքներ են դրանք:
     - Ոչ կապկային կմախքներ:
     - Հասկանալի է։
     Մենք նայեցինք իրար աչքերի մեջ։ Կորնելիի ոգևորությունն անմիջապես սառավ, և նա շարունակեց դանդաղ, բառերը ձգելով.
     - Չեմ թաքցնելու: Դուք կռահեցիք. դրանք մարդկային կմախքներ են:
     Բացահայտ երևում էր, որ Զիրան ամեն ինչից տեղյակ է, քանի որ նույնիսկ փոքր զարմանք չցուցաբերեց։ Իմ ու Կորնելիի հայացքները նորից հանդիպեցին: Ես սպասում էի։ Վերջապես նա համարձակվեց ցուլին բռնել եղջյուրներից:
     - Այժմ ես համոզված եմ, - ոչ առանց ափսոսանքի խոստովանեց Կորնելին, - որ հին ժամանակներում մեր մոլորակի վրա գոյություն է ունեցել մարդկային ցեղ, որն օժտված է եղել մտածելու ընդունակությամբ, մարդկային ցեղ՝ նման ձեզ և Երկրի վրա ապրող մնացած մարդկանց, այնուհետև դեգրադացիայի է ենթարկվել, և մեր մարդիկ վերածվել են անասունի... Ընդ որում, վերադարձից հետո ես այստեղ գտա իմ ճշմարտությունն հաստատող նոր ապացույցներ։
     - Նո՞ր ապացույցներ։
     - Այո, դրանք գտել է էնցեֆալոգրաֆիայի բաժանմունքի վա­րիչը, մի երիտասարդ, մեծ ապագայով շիմպանզե։ Այն, ինչ նա ձեռք է բերել, գրեթե հանճարեղ է... Չպետք է մտածել,- դառը հեգնանքով շարունակեց Կորնելին, - որ կապիկները միշտ եղել են միայն ընդօրինակողներ։ Մենք գիտության բոլոր ճյուղերում ներդրել ենք հրաշալի նորույթներ և հատկապես մեծ հաջողությունների ենք հասել ուղեղի գործունեության ուսումնասիրության մեջ։ Եթե ինձ չհաջողվի, ես երբևէ ձեզ կծանոթացնեմ արդյունքներին։ Համոզված եմ, որ դուք կապշեք։
     Ես այնպիսի տպավորություն ստացա, որ նա ջանում է ինքն իրեն համոզել, թե կապիկները հանճարեղ են, դրա համար էլ խոսում է ավելորդ կրքոտությամբ։ Բայց չէ որ ես երբեք չեմ էլ փորձել այդ առիթով նրան վիրավորել։ Ընդամենը երկու ամիս առաջ Կորնելին ինքն էր բողոքում կապիկների ստեղծագործական ընդունակությունների բացակայության համար։
     Իսկ այժմ նա կոմիկական հպարտությամբ բարբառեց.
     - Հավատացեք ինձ, կգա օրը, որ մենք բոլոր տեսակետներից և բոլոր բնագավառներում առաջ կանցնենք մարդկանցից։ Պատահական չէ, որ մենք ենք դարձել մարդկային մշակույթի ժառանգորդները, այստեղ ոչ մի պատահականություն չկա։ Այդ կատարվել է էվոլյուցիոն զարգացման նորմալ ընթացքով։ Մտածող, բանական մարդու դարաշրջանն անցել է, և նրան փոխարինելու է եկել առավել կատարելագործված էակը, որին վիճակված է պահպանել մարդկանց ձեռք բերած հիմնական նվաճումները, յուրացնել նրանց երկար տարիներ լճացման ենթարկված քաղաքակրթությունը, որպեսզի դրանից հետո հասնեն զարգացման նոր գագաթների։
     Հարցի այսպիսի մեկնաբանումը ինձ համար նորություն էր։ Ես Կորնելիին կարող էի պատասխանել, որ Երկրի շատ մտածողներ կանխազգացել են ու կանխագուշակել բարձրագույն էակի հայտնվելը, որը ինչ-որ ժամանակ մարդու ժառանգորդը կլինի, սակայն գիտնականներից ոչ ոք, փիլիսոփա թե բանաստեղծ, այդ գերմարդուն չի պատկերացրել կապկային տեսքով։ Բայց չուզեցի վիճել նման դատարկ բաների մասին։ Գլխավորն այն էր, որ կենդանի էակի մեջ միտքը գտներ այլ մարմնավորում, իսկ թե դա ինչ էակ կլիներ, այնքան էլ կարևոր չի, ճի՞շտ է։ Ինձ այժմ զբաղեցնում էր այլ բան, դրա համար էլ ես խոսակցությունը փոխեցի Նովային ու նրա վիճակին։ Կորնելին ոչ մի նոր բան չասաց, բայց աշխատում էր մխիթարել։
     - Մի անհանգստանա։ Հուսով եմ ամեն ինչ բարեհաջող կանցնի։ Հավանաբար դա կլինի սովորական երեխա, այնպիսին, ինչպիսին Սորորայի վրա ծնված բոլոր երեխաները։
     - Իսկ ես հուսով եմ, որ ոչ։ Ես համոզված եմ. երեխան կխոսի։
     Դժվար էր զսպել զայրույթս, և ես չկարողացա ինձ պահել։ Զիրան խոժոռվեց, որպեսզի ստիպի ինձ լռել։
     - Ես ձեր փոխարեն նրան այդ չէի ցանկանա, - մռայլվելով նկատեց Կորնելին։ – Դա ոչ նրան է օգուտ և ոչ էլ ձեզ։
     Եվ ավելի բարեկամական տոնով ավելացրեց.
     - Եթե նա խոսի, չգիտեմ, կկարողանա՞մ առաջիկայում ձեզ պաշտպանել, ինչպես այդ արել եմ մինչև օրս։ Դուք, հավանաբար, ձեզ հաշիվ չեք տալիս, թե Մեծ Խորհուրդը ինչքան է անհանգստացած։ Ես խստագույն կարգադրություն եմ ստացել՝ այդ ծնունդը գաղտնի պահել։ Եթե իշխանությունները իմանան, որ դուք այդ մասին տեղյակ եք, ինձ անմիջապես կազատեն աշխատանքից, Զիրային՝ նույնպես, և դուք կմնաք մեն-մենակ ընդդեմ...
     - Թշնամիների՞։
     Կորնելին հայացքը հեռացրեց։ Ուրեմն, ես ճիշտ հասկացա. ինձ դիտում են որպես կապկային ցեղի պոտենցիալ սպառնալիք։ Այնուամենայնիվ, ինձ համար ուրախալի էր, որ ի դեմս Կորնելիի ունեմ եթե ոչ բարեկամ, ապա, համենայն դեպս, հավատարիմ դաշնակից։ Ինչպես երևում է, Զիրան ինձ պաշտպանել է շատ ավելի համառությամբ ու պերճախոսությամբ, քան կարծում էի, իսկ Կորնելին չի համարձակվում նրան դեմ գնալ ոչ մի հարցում։ Ահա հիմա էլ նա թույլ տվեց ինձ այցելել Նովային, հասկանալի է՝ գաղտնի։
     Զիրան ինձ տարավ փոքրիկ, առանձնացված մի տնակ, որի բանալին միայն ինքն ուներ։ Մենք մտանք մի փոքր սենյակ։ Այնտեղ երեք վանդակ կար. երկուսը դատարկ էին, իսկ երրորդում Նովան էր։ Նա լսեց, թե ինչպես ներս մտանք, և ինչ-որ վեցերորդ զգայարանով իմացավ իմ ներկայությունը, որովհետև դեռ մեզ չտեսած, վեր թռավ և վանդակի միջից ինձ երկարացրեց ձեռքը։ Ես նույնպես մեկնեցի ձեռքերս, դեմքս քսելով նրա դեմքին։ Զիրան արհամարհանքով թոթվեց ուսերը, բայց և այնպես տվեց վանդակի բանալին, իսկ ինքը գնաց հսկելու միջանցքում։ Ինչքան բարի է այդ էգ շիմպանզեի սիրտը։ Որևէ այլ կին կկարողանա՞ր դրսևորել նման նրբանկատություն։ Զիրան կռահեց, որ Նովան ու ես իրար շատ ասելիք ունենք և մեզ թողեց մենակ։
     Իրար շատ բան ասե՞լ։ Ավա՜ղ, ես դարձյալ մոռացել էի, թե ի՞նչ է ներկայացնում իրենից Նովան։ Վազեցի մոտը, գրկեցի, խոսեցի հետը այնպես, ինչպես ինձ հասկացողի հետ, ինչպես կխոսեի Զիրայի հետ։
     Մի՞թե նա ոչինչ չէր հասկանում։ Մի՞թե չէր նախազգում այն մեծ առաքելությունը, որը բախտ է վիճակվել մեզ, որի համար նա ևս հիմա պատասխանատու է, ինչպես ես։
     Ես մեկնվեցի Նովայի կողքին, հարդի վրա, որպեսզի զգույշ շոշափեմ մեր արտասովոր, տարօրինակ սիրո հասունացող պտուղը։ Ինձ թվաց, որ հղիությունը Նովայի մեջ արթնացրել է սեփական արժանապատվության զգացում, տվել է նրան անհատականություն, որն առաջ չուներ։
     Երբ ես ձեռքով կպա նրա որովայնին, Նովան դողդողաց։ Այո, հայացքը դարձել էր լարված, բովանդակալից։ Ես չէի սխալվում։ Եվ հանկարծ նա դժվարությամբ, վանկերով արտասանեց իմ անունը։ Ուրեմն Նովան չի մոռացել իմ դասերը։ Ուրախության մի տաք հոսանք անցավ մարմնովս։ Բայց տեղնուտեղը Նովայի աչքերը խամրեցին, նա շրջվեց մեջքով դեպի ինձ և սկսեց խժռել իմ տարած մրգերը։
     Շուտով վերադարձավ Զիրան, հրաժեշտ տալու ժամանակն էր։ Ես գնացի նրա հետ։ Ինչպես երևում է, զգալով իմ հուսահատությունը, Զիրան որոշեց ուղեկցել ինձ մինչև իմ բնակա­րանը։ Եվ այստեղ, իմ տան մեջ, ես ոռնալով լաց եղա, ինչպես երեխա։
     - Օ՜, Զի՛րա, Զի՛րա, - հեկեկացի ես։
     Նա հանգստացրեց ինձ ու սփոփեց ինչպես մայրը երեխային, իսկ ես գանգատվեցի ու խոսեցի, խոսեցի՝ չթաքցնելով ոչինչ, նրա առջև թափելով իմ բոլոր մտքերն ու զգացմունքները, որոնք Նովան չէր կարող հասկանալ ու գնահատել։

Գլուխ 7

     Օ՜, սքանչելի շիմպանզե։ Զիրայի շնորհիվ ես վերջին ժամանակներս բավականին հաճախ, ինստիտուտի ղեկավարությունից գաղտնի, տեսնվում էի Նովայի հետ։ Ամբողջ ժամերով նստում էի նրա կողքին, նրա հայացքում ագահությամբ որսալով մտքի փոքրիկ կայծերը, և այսպես, երեխայի ծնունդին սպասելով, շաբաթը անցնում էր շաբաթի ետևից։
     Մի անգամ Կորնելին, համենայն դեպս, որոշեց ինձ ցույց տալ էնցեֆալային բաժանմունքը, որի մասին հրաշքներ էր պատմում։
     Նախապես ներողություն խնդրելով, որ չի կարող ինձ ուղեկցել անհետաձգելի գործերի պատճառով, նա ծանոթացրեց բաժանմունքի վարիչի՝ այն հանճարեղ, երիտասարդ շիմպանզեի հետ։ Նրա անունդ Գելի էր։
     - Ես մեկ ժամից կվերադառնամ, - ասաց Կորնելին, - որպեսզի ձեզ ցույց տամ մեր փորձերից ամենանշանավորը, այն, որը մեզ տվել է նոր ապացույցներ։ Հիշո՞ւմ եք, ես այդ մասին ասել եմ։ Մինչև գալս ծանոթացեք օրինակելի փորձարկումներին։ Կարծում եմ դրանք ձեզ կհետաքրքրեն։
     Նա բաժանվեց մեզնից, և ես գնացի Գելիի ետևից։ Մենք մտանք մի մեծ դահլիճ, ուր երկու շարք վանդակներ էին տեղադրված։ Այն նման էր ինստիտուտի մյուս համանման դահլիճներին։ Ներս մտնելուն պես ինձ ապշեցրեց դեղատնային սուր հոտը, նման քլորոֆորմի հոտին։ Ինչպես պարզվեց, դա իրոք անզգայացնող նյութի հոտ էր։ Իմ ուղեկիցը բացատրեց, որ այժմ բոլոր վիրահատությունները կատարվում են անզգայացնելուց հետո։ Այդ հանգամանքը նա շեշտեց մի քանի անգամ, համարելով կապկային քաղաքակրթության բարձր զարգացածության ապացույց, ջանալով ցույց տալ, որ իրենք աշխատում են ցանկացած ենթափորձային կենդանուն, նույնիսկ մարդուն ավելորդ տանջանք չպատճառել։ Իբր ես կարող եմ հանգիստ լինել։
     Սակայն ես ինձ այնքան էլ հանգիստ չէի զգում։ Եվ բոլորովին հուզվեցի, երբ իր խոսքի վերջում Գելին խոստովանեց, որ երբեմն բացառություն է արվում այդ մարդասիրական օրենքներից, որպեսզի հենց ստուգվի տանջանքի մեխանիզմը և տեղայնացվի նյարդային ցավային կենտրոնները։ Սակայն այդպիսի փորձարկումներ նրանք մտադրություն չունեին ցուցադրել ինձ։
     Նման մուտքը չէր կարող չսրել իմ զգայնությունը. այնուամենայնիվ ես մարդ եմ։ Ես անմիջապես հիշեցի, որ Զիրան համառորեն համոզում էր ինձ, որ չայցելեմ այդ հիմնարկությունը, որտեղ նա լինում էր ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
     Ես արդեն ուզում էի մի հարմար պատճառաբանությամբ ետ դառնալ, սակայն Գելին նահանջի ճանապարհը փակեց։
     - Եթե ուզում եք, կարող եք ներկա լինեք վիրահատության, - առաջարկեց նա։ - Այն ժամանակ ինքներդ կհամոզվեք, որ փորձի տակ գտնվողները ոչ մի ցավ չեն զգում։ Չե՞ք ուզում։ Այն դեպքում ես ձեզ ցույց կտամ փորձերի արդյունքները։
     Եվ, ետևում թողնելով փակ սենյակը, որտեղից դեղերի հոտ էր փչում, Գելին ինձ տարավ վանդակների մոտ։ Առաջինը նրանցից տեսա մի երիտասարդի, բավականաչափ գեղեցիկ, բայց զարմանալիորեն նիհար։ Նա փռոցքի վրա կիսապառկած էր։ Նրա առջև, ուղղակի քթի տակ, դրված էր քաղցր շիլայով, որը Սորորայի մարդկանց ամենասիրելի կե­րակուրն էր, թասը։ Երիտասարդը բութ հայացքով նայում էր ուտելիքին, չանելով ոչ մի շարժում։
     - Տեսեք, – ասաց բաժանմունքի վարիչը, - այդ մարդը քաղցած է. նա չի կերել քսանչորս ժամ, այնուամենայնիվ, ոչ մի ձևով ռեակցիա չի տալիս սիրած ուտելիքի նկատմամբ։ Դա արդյունք է ճակատային ուղեղային մասի հեռացման։ Վիրահատությունը կատարվել է մի քանի ամիս առաջ և այդ ընթացքում գտնվում է նույն վիճակում: Նրան սնում ենք արհեստականորեն։ Տեսնում եք նա որքան հյուծված է:
     Գելին նշան արեց սպասավոր գորիլային, որը մտավ վանդակի մեջ և երիտասարդի քիթը խոթեց շիլայի մեջ։ Ենթափորձայինը տեղնուտեղը սկսեց լակել ջրալի շիլան։
     - Դե սա սովորական դեպք է, - շարունակեց Գելին։ - Ահա ավելի հետաքրքիրը: Խաթարված են ենթափորձայիններից յուրաքանչյուրի ուղեղի կեղևի տարբեր մասերը։
     Մենք անցնում էինք վանդակների մոտով, որտեղ նստած էին տարբեր տարիքի տղամարդիկ ու կանայք: Յուրաքանչյուր վանդակի դռան վրա փակցրած ցուցատախտակը հանգամանորեն և մի շարք տեխնիկական մանրամասներով հաղորդում էր, թե ինչ բնույթի վիրահատության է ենթարկվել ենթափորձայինը:
     - Գլխուղեղի կեղևի որոշ մասեր զգում են ոչ պայմանական ռեֆլեքսները, իսկ մյուսները՝ պայմանականը։ Ահա, օրինակ, այս դեպքը...
     Այս ենթափորձայինից, ինչպես հաղորդում է ցուցանակը, հանել են ծոծրակային մասից մի ամբողջ հատված: Այժմ նա չի ընկալում ոչ առարկաների ձևը, ոչ հեռավորությունը: Երբ ծառայողը մոտեցավ նրան, նա անկանոն շարժումներ արեց: Նա չկարողացավ անցնել այն փայտի վրայով, որը գցել էին նրա ճանապարհին: Այդ դժբախտին մեկնած պտուղը վախ ներշնչեց և նա փորձեց փախչել։ Նա չէր կարողանում բռնել նույնիսկ վանդակի ճաղերից և ձեռքերը անմտորեն պարզում էր դատարկությանը:
     - Ահա ևս մեկը, - շարունակեց շիմպանզեն, աչքով անելով, - առաջ սա հիանալի կենդանի էր: Մեզ հաջողվեց նրան սովորեցնել զարմանալի տրյուկներ։ Նա գիտեր իր անունը և կատարում էր որոշ պարզունակ հրահանգներ: Նա փորձերի ընթացքում լուծում էր բավականին բարդ խնդիրներ և նույնիսկ կարողանում էր օգտվել հասարակ գործիքներից: Իսկ այսօր նա բացարձակապես մոռացել է ամեն ինչ: Նա չգիտի իր անունը։ Նա ոչինչ չի կարող անել։ Նա մեր ենթափորձայիններից դարձել է ամենահիմարը: Իսկ ինչո՞ւ: Նրան ենթարկել են շատ նուրբ վիրահատության հեռացրել են քունքային մասերը։
     Այդ բոլոր զարհուրանքներից սրտխառնուք էի զգում և գրեթե չէի լսում ծամածռվող շիմպանզեի բացատրությունները: Իմ առջև, վանդակների մեջ, մարդկանցից ոմանք պառկած էին, ուրիշները՝ նստած, ոմանք անդամալուծված էին մասնակիորեն կամ լրիվ, մյուսները արհեստականորեն զրկվել էին լսողությունից կամ տեսողությունից: Ես տեսա մի երիտասարդ կնոջ, որի մոտ, Գելիի բառերով ասած, շատ ուժեղ զարգացած է եղել մայրական բնազդը։ Հիմա նա կիսագնդերի հիմքի (cortex corvica) վիրահատության պատճառով բոլորովին զրկվել էր դրանից։ Նա ամեն անգամ չարությամբ ու կոպիտ ետ էր հրում իր փոքրիկին, երբ վերջինս ուզում էր սողալով հասնել մորը։ Ինձ համար այս արդեն չափից դուրս էր։ Ես մտածեցի Նովայի մասին, այն մասին, որ նա նույնպես մայր է դառնալու, և կատաղությունից բռունցքներս սեղմվեցին։
     Բախտի բերմամբ Գելին ինձ տարավ ուրիշ դահլիճ, և ես ճանապարհին հասցրի տիրապետել ինձ։
     - Այստեղ, - ասաց գիտնական շիմպանզեն խորհրդավոր տեսքով, - մենք զբաղվում ենք ավելի բարդ փորձարկումներով: Այս փուլում հերձադանակն իր տեղը զիջում է ավելի նուրբ գործիքի։ Խոսքը էլեկտրական հոսանքով գլխուղեղի առանձին մասերի գրգռման մասին է։
     Մեզ հաջողվեց հասնել շշմեցնող արդյունքների։
     - Ասացեք, իսկ ձեզ մոտ, Երկրի վրա, այդպիսի փորձեր դնո՞ւմ են:
     - Այո՛, կապիկների վրա, - գոռացի ես կատաղած։ Շիմպանզեն բոլորովին չվիրավորվեց:
     - Հասկանալի է, հասկանալի է, - ասաց նա ժպտալով։ - Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դուք հասած լինեք այնպիսի հաջողությունների, ինչպես մենք, - ես նկատի ունեմ այն փորձը, որը դոկտոր Կորնելին ուզում է ցուցադրել անձամբ ձեզ: Իսկ այժմ շարունակենք ծանոթանալ սովորական փորձերին:
     Նա ինձ քաշ տվեց այն վանդակներից հեռու, որոնց մեջ կապիկ բժիշկները վիրահատում էին մարդկանց։ Այստեղ ենթափորձայինները պառկած էին յուրօրինակ սեղանների վրա: Գանգի ոսկրաշաղափումը բացում էր ուղեղի այս կամ այն մասը։ Մինչև մի անեսթեզոլոգ կապիկ հետևում էր նարկոզի մատակարարմանը, մյուսը էլեկտրոդներն էր միացնում բաբախող ուղեղին:
     - Տեսնում եք, այստեղ ևս մենք կիրառում ենք ցավազրկումը, - նկատեց Գելին։ - Ճիշտ է, թմրեցումը խորը չի լինում, որպեսզի չխեղաթյուրի արդյունքները, բայց և այնպես օբյեկտը ոչ մի ցավ չի զգում։
     Կախված այն բանից, թե կեղևի որ մասին են հպվել էլեկտրոդները, ենթափորձայինները տարբեր շարժումներ էին անում, ընդ որում, որպես կանոն, գրգռմանը արձագանքում էր մարմնի որևէ մասը։ Առաջին տղամարդը ամեն մի լիցքավորման ժամանակ ծալում էր ձախ ոտքը և անմիջապես ուղղում, երբ հոսանքը ընդհատվում էր: Երկրորդը ճիշտ նույն ձևով արմունկից ծալում ու ուղղում էր թևը։ Երրորդը էլեկտրականության ազդեցության տակ ուսագլխից պտտում էր թևը: Մի քիչ այն կողմ կապիկները ուսումնասիրում էին ծնոտի նյարդային կենտրոնի գործունեությունը: Եթե միացնում էին հոսանքը, փորձարկվողը, տակավին մի պատանյակ, սկսում էր ծամել և ծամում էր անընդհատ, կատաղի, ատամները իրար խփելով և ահավոր ծամածռություններով, իսկ մարմինը բոլորովին անշարժ էր մնում:
     - Տեսեք, ինչ է կատարվում, երբ ավելացնում ենք էլեկտրական հոսանքի ազդեցության տևողությունը, - ասաց Գելին: - Այժմ դուք կտեսնեք այդպիսի փորձարկում՝ հասցված մինչև տրամաբանական ավարտին:
     Այս անգամ փորձարկման ենթարկվողը մի գեղեցիկ աղջիկ էր, որն առանձին գծերով հիշեցնում էր Նովային։ Նրա շուրջն էին հավաքվել մի քանի բժիշկ կապիկներ, արուներ ու էգեր: Էգ շիմպանզեն մտահոգ մռութով տեղավորեց էլեկտրոդներն ու միացրեց հոսանքը։ Անմիջապես շարժվեցին աղջկա ձախ ձեռքի մատները: Սակայն շիմպանզեն չանջատեց հոսանքը, ինչպես սովորական փորձերի ժամանակ: Փորձը շարունակվում էր։ Եվ ահա մատների շարժումներն արագացան, դարձան տենդագին։ Այնուհետև դողաց ու շարժվեց ամբողջ դաստակը։ Եվս մեկ ակնթարթ, և շարժումը տարածվեց մինչև արմունկը, մինչև ուսը և տարածվեց դեպի վերև, ընդգրկելով դեմքի մկանները, ու մարմնով ներքև մինչև ազդրը, սրունքը, թաթը, ընդհուպ մինչև ոտի մատները: Տասը րոպե անց դժբախտ աղջկա ամբողջ ձախ կողմը ցնցվեց անընդհատ արագացող, անընդհատ ուժեղացող կծկումներից։ Սարսափելի էր նայել:
     - Մենք այս անվանում ենք շղթայական ռեակցիայի արդյունք, հանգիստ բացատրեց Գելին։ - Այն բավականաչափ հանգամանորեն ուսումնասիրված է և սովորաբար դրսևորվում է ջղաձգությամբ, ինչպես լինում է էպիլեպտիկ ընկնավորության ժամանակ: Սակայն դա տարօրինակ էպիլեպսիա է, որն ընդգրկում է միայն մարմնի մի մասը, չնայած որ ախտանիշները...
     - Դադարեցրե՛ք, - գոռացի ես, չկարողանալով այլևս դիմանալ:
     Կապիկները վեր թռան անսպասելի բացականչությունից և դժգոհ նայեցին ինձ։ Բախտի բերմամբ այդ պահին ներս մտավ Կորնելին։
     - Ես հասկանում եմ, հասկանում եմ, - ասաց նա, բարեկամաբար ուսիս խփելով։ - Այս փորձերը, մինչև չընտելանաս, բավականին ուժեղ տպավորություն են գործում: Սակայն մտածեք այն մասին, որ շնորհիվ դրանց մեր բժշկությունը, հատկապես վիրաբուժությունը, անչափ առաջ է գնացել ընդամենը ինչ-որ քսանհինգ տարվա ընթացքում:
     Սակայն ինձ այդ փաստարկումը ոչ մի կերպ չհամոզեց, ճիշտ այնպես, ինչպես նման փորձերի հիշողությունները, փորձեր, որոնք ես տեսել եմ մեր երկրային լաբորատորիաներից մեկում, չնայած որ դրանք կատարվում էին շիմպանզեի վրա: Կորնելին թոթվեց ուսերը և ինձ տարավ մի նեղ միջանցք, որը տանում էր մի ավելի փոքր դահլիճ: Նա կանգ առավ շեմին և խորհրդավոր տոնով ասաց.
     - Այստեղ դուք կտեսնեք մի զարմացնող և բոլորովին նոր բան: Այս շինություն իրավունք ունեն մուտք գործել միայն երեք անձ՝ Գելին, որն անձամբ զբաղվում է փորձերով և արդեն հասել է հսկայական հաջողությունների, ես և մի ծառայող գորիլա, որին ընտրել ենք մեծ զգուշավորությամբ: Նա համր է։ Նա ինձ նվիրված է հոգով ու մարմնով, և բացի դրանից, լրիվ հիմար է: Հուսով եմ, դուք հասկանում եք, թե ինչ նշանակություն ենք տալիս այն բանին, որ մեր աշխատանքի մասին ոչ ոք չիմանա: Սակայն ձեզ կծանոթացնեմ, քանի որ դուք, համոզված եմ, կլռեք։ Չէ որ դա ձեր շահերից է ելնում:

Գլուխ 8

     Կորնելիի ետևից մտա մի փոքր դահլիճ և սկզբում ոչ մի արտասովոր բան չնկատեցի, որն արդարացներ նման խորհրդավորությունը: Սարքավորումը նույնն էր, ինչ արդեն տեսել էինք մյուս դահլիճներում. - նույն գեներատորները, տրանսֆորմատորները, էլեկտրոդները: Այստեղ կային ընդամենը երկու ենթափորձային՝ մի կին և մի տղամարդ։
     Նրանք պառկած էին կողք-կողքի զուգահեռ դրված թախտերի վրա, կապված փոկերով։ Երբ ներս մտանք, մեզ դիմավորեցին անսովոր, ինձ զարմացնող սևեռուն հայացքով։
     Ծառայող գորիլան մեզ ողջունեց անհասկանալի գռմռոցով։ Գելին նրա հետ մի քանի խոսք փոխանակեց խուլ-համրերի լեզվով: Դա մի հազվադեպ տեսարան էր. գորիլան և շիմպանզեն բացատրվում էին մատներով։ Չգիտեմ ինչու, դա ինձ այնքան անհեթեթ ու վայրենի թվաց, որ հազիվ զսպեցի ծիծաղս:
     - Ամեն ինչ կարգին է, - ասաց Գելին։ - Նրանք հանգիստ են: Կարելի է անմիջապես անցնել փորձարկման։
     - Տեր աստված, վերջապես ի՞նչ եք ուզում, - ասացի ես:
     - Ես ուզում եմ, որ քեզ համար դա լինի անակնկալ, ծիծաղելով պատասխանեց Կորնելին։
     Ծառայող գորիլան երկու ենթափորձայիններին նարկոզ տվեց, և երբ նրանք հանգիստ քնեցին, սկսեց միացնել տարբեր ապարատուրաներ։
     Գելին մոտեցավ տղամարդուն, զգույշ քանդեց գլխի կապը և գանգի վրա ընտրելով որոշակի կետ, մոտեցրեց էլեկտրոդը: Տղամարդը պառկած էր բացարձակ անշարժ։ Ես հարցական նայեցի Կորնելիին, և այդ պահին հրաշք կատարվեց։
     Տղամարդը խոսեց: Նրա ձայնը այդ փոքր վիրահատական դահլիճում հնչեց այնքան անսպասելիորեն, որ ես վեր թռա տեղից: Ոչ, դա հալյուցինացիա չէր. նա խոսում էր բարձր՝ խլացնելով գեներատորի դժժոցը։ Նա խոսում էր կապկային լեզվով, ինչպես հողեղեն մարդը կամ ինչպես Սորորա մոլորակի կապիկները:
     Երկու գիտնականների դեմքերն էլ պայծառացան: Նրանք նայեցին ինձ, հրճվելով իմ ապշած վիճակով, և նրանց աչքերում շողացին հպարտության ու ինքնավստահության կայծերը։ Ես քիչ էր մնում ճչայի այդ անակնկալից, սակայն նրանք նախապես նշան արեցին՝ լռել ու լսել։ Այն, ինչ ասում էր տղամարդը, անկապ էր ու զուրկ որևէ իմաստից: Հավանաբար, նա երկար ժամանակ էր ինստիտուտում, քանի որ անվերջ կրկնում էր մի արտահայտություն, որը սովորաբար օգտագործում են գիտնականները կամ ծառայողները: Շուտով Կորնելին կարգադրեց փորձարկումը դադարեցնել:
     - Սրանից ոչինչ ավելին ստանալ չենք կարող, ասաց նա։ - Սակայն դուք տեսաք, ավելի ճիշտ, լսեցիք գլխավորը. նա խոսում է։
     - Ցնցո՛ղ է, - մրմնջացի ես։
     - Բայց դուք դեռ ոչինչ չեք տեսել, - նկատեց Գելին։ Նա խոսում էր ինչպես ավտոմատը կամ թութակը: Իսկ այս էգից մենք ստացել ենք շատ ավելին:
     Նա մատնացույց արեց կնոջը, որ խաղաղ քնած էր։
     - Շատ ավելի՞ն։
     - Այո, նրանից մենք ստանում ենք հազար անգամ ավելին, - հաստատեց Կորնելին նույնքան հուզված, որքան և նրա գործընկերը։ - Լսեցեք ինձ ուշադիր։ Այս կինը նույնպես կխոսի, և դուք կլսեք նրան։ Բայց նա չի կրկնում գերության մեջ սովորած արտահայտությունները: Նրա բառերն ունեն բացառիկ նշանակություն: Շնորհիվ ենթափորձայինի ուղեղի վրա էլեկտրա-քիմիական ազդեցության իրո՛ք հանճարեղ համակցության, Գելիին հաջողվել է նրա մեջ արթնացնել ոչ միայն անձնական, այլև ժամանակավոր հիշողություն: Էլեկտրական հոսանքի ազդեցության տակ նրա շուրթերին կենդանանում են հեռավոր նախնիների հիշողությունները, կենդանանում է մարդկային ցեղի մեջ հազարավոր տարիներ առաջ հիմք դրած ատավիստական հիշողությունը: Դուք հասկանո՞ւմ եք, Ուլի՛ս։
     Լսելով Կորնելիին, ես մտածեցի, որ մեծ գիտնականը խելքը թռցրել է. նրա խոսքերը ինձ այնքան անհավանական թվացին։ Ի միջի այլոց, խելացնորության երևույթը բավականին տարածված է կապիկների մեջ, հատկապես` ինտելիգենցիայի շրջանում:
     Մինչ ես խորհում էի, մյուս շիմպանզեն` Գելին, էլեկտրոդները դրեց կնոջ ուղեղին։ Որոշ ժամանակ նա, ինչպես տղամարդը, կյանքի ոչ մի նշան ցույց չտվեց, այնուհետև խորը հոգոց հանեց ու սկսեց խոսել։ Նա նույնպես խոսում էր կապկային լեզվով, Սորորայի լեզվով, խուլ ձայնով: Նրա յուրաքանչյուր բառը տպավորվում էր իմ հիշողության մեջ, կարծես փորագրվում:
     - Կապիկները, նորից այդ կապիկները, - անհանգիստ խոսում էր կինը։ - Վերջին ժամանակներս նրանք բուռն կերպով բազմանում են, չնայած, բոլորովին վերջերս թվում էր, որ նրանց ցեղը ահա ուր որ է կմարի: Եթե հետագայում էլ այսպես շարունակվի, նրանք ավելի կշատանան, քան մենք ենք... Բայց հարցը միայն դրանում չէ: Նրանք գնալով դառնում են անպատկառ։ Նրանք արդեն նայում են մարդկային հայացքով: Մենք իզուր վստահեցինք նրանց և իզուր որպես ծառաների և տնային կենդանիների նրանց ազատություն տվեցինք։ Ընտանիքի սիրելին կամաց-կամաց դառնում է անպատկառ: Վերջերս փողոցում ինձ հրեց ցրիչ շիմպանզեն։ Երբ ձեռքս բարձրացրի, որ խփեմ, նա այնպես չարությամբ ու ահաբեկող հայացքով նայեց, որ չհամարձակվեցի խփել: Աննան, նա, որը աշխատում է լաբորատորիայում, ինձ ասաց, որ իրենց մոտ էլ շատ բան է փոխվել: Նա առանց նախապես ապահովելու իրեն արդեն չի համարձակվում մտնել վանդակները: Հավատացնում է, որ երեկոներն այնտեղ լսվում է քչփչոց և նույնիսկ ծիծաղ։ Գորիլաներից մեկը ձեռ է առնում բժշկին, նմանակելով նրա քայլվածքը։
     Կինը լռեց, մի քանի անգամ ծանր հոգոց հանեց և շարունակեց.
     - Ահա ինչի հասանք։ Կապիկներից մեկը սովորել է խոսել։ Եվ դա հնարանք չէ, ես ինքս կարդացել եմ «Կանանց համար» թերթում։ Այնտեղ կար նրա նկարը։ Դա երիտասարդ շիմպանզե էր։
     - Շիմպանզե։ Առաջինը։ Ես դրանում համոզված էի, - բացականչեց Կորնելին։
     - Իսկ այժմ հայտնվել են ուրիշները, - շարունակեց կինը։ Թերթերը ամեն օր հայտնում են նոր խոսող կապիկների մասին։ Գիտնականներից ոմանք դա համարում են գիտական մեծ նվաճում: Մի՞թե նրանք չեն հասկանում, թե դա ուր կհասցնի մեզ: Որքան գիտեմ, այդ խոսող շիմպանզեներից մեկը շատ զզվելի հայհոյանքներ է անում: Նրանք օգտագործում են խոսքի բարիքները, որ անարգեն տերերին: Նրանք չեն ուզում հնազանդվել:
     Կինը որոշ ժամանակ լռեց, հետո նորից խոսեց, բայց այս անգամ տղամարդու ցածր և խրատական տոնով.
     - Այն, ինչ մեզ հետ կատարվեց, կարելի էր առանց դժվարության կանխատեսել: Մեզ տիրեց մտավոր ծուլությունը: Ոչ ոք այլևս չի կարդում նույնիսկ արկածային վիպակները թվում են հոգեկան մեծ լարվածություն պահանջող ստեղծագործություններ: Այլևս ոչ ոք չի խաղում. ծայրահեղ դեպքում խաղաթղթերը դասավորում են անմեղ ու անվտանգ գուշակախաղի համար: Նույնիսկ մանկական ֆիլմերը թվում են ծայրահեղ հոգնեցնող: Իսկ այդ ժամանակ կապիկները իրենց համար մտածում են: Եվ այդ լուռ միայնակ խոհերի մեջ նրանց ուղեղը զարգանում է... Եվ նրանք արդեն տիրապետում են խոսքին: Օ՜, իհարկե, նրանք մեզ հետ գրեթե չեն խոսում, արհամարհանքով կրծոտում են այն փոքրաթիվ խիզախներին, որոնք դեռ հանդգնում են նրանց կարգադրել։ Գիշերները, երբ բոլորս քնում ենք, նրանք տպավորություններ են փոխանակում և միմյանց պատմում այն, ինչ իմացել են օրվա ընթացքում:
     Հաջորդեց ևս մեկ դադար, հետո ենթափորձայինը խոսեց կանացի տխուր ձայնով.
     - Ինձ համար դա ահավոր էր: Ես այլևս չկարողացա այդպես ապրել: Գերադասեցի տեղս զիջել իմ սպասավոր գորիլային։ Ես փախա իմ սեփական տնից: Նա արդեն մի քանի տարի ապրում էր ինձ մոտ և հավատարմորեն ծառայում: Բայց աստիճանաբար քիչ-քիչ փոխվեց։ Սկսեց երեկոները դուրս գալ, մասնակցել կապիկների ժողովներին: Խոսել unվորեց։ Իսկ հետո հրաժարվեց կատարել որևէ աշխատանք: Մեկ ամիս առաջ նա ինձ կարգադրեց զբաղվել սննդի հարցերով, լվանալ ամանները: Սկսեց ուտել իմ ափսեներից, օգտվել իմ պատառաքաղներից ու դանակներից։ Անցած շաբաթ նա ինձ վռնդեց իմ սենյակից։ Ստիպված եղա գիշերն անցկացնել հյուրանոցում, բազկաթոռի վրա: Ես այլևս չէի համարձակվում ոչ զայրանալ նրա վրա, ոչ պատժել, այլ փորձում էի նրա համակրանքը նվաճել բարությամբ: Նա միայն ծիծաղում էր ինձ վրա, գնալով պահանջները մեծանում էին: Ես ինձ զգում էի բոլորովին դժբախտ, անօգնական։ Եվ ես հանձնվեցի:
     Ես ապաստան գտա քոչվորների բնակատեղում, որը կառուցել էին իմ վիճակում գտնվող կանայք: Այստեղ կան և տղամարդիկ: Շատերն այժմ չեն համարձակվում ապրել նախկին կյանքով: Մենք հիմնավորվեցինք քաղաքի սահմաններից դուրս և քարշ ենք տալիս մեր ողորմելի գոյությունը: Սակայն գրեթե չենք խոսում իրար հետ: Առաջին օրերին ես խաղաթղթերով գուշակություն էի անում, հիմա դա էլ չեմ ուզում, նույնիսկ դրանով զբաղվելու ուժ էլ չկա։
     Կինը լռեց. այնուհետև խոսեց տղամարդու ձայնով.
     - Ինձ թվաց, որ գտել եմ միջոց քաղցկեղի դեմ։ Ես պետք է այն փորձարկեի, ինչպես անում էի յուրաքանչյուր գյուտի ժամանակ: Սակայն կորցրի նախկին զգուշավորությունս: Վերջին ժամանակներս իմ բոլոր կապիկները շատ տհաճությամբ էին թույլ տալիս իրենց վրա փորձ կատարել: Դրա համար էլ մինչև Ժորժի՝ արու շիմպանզեի վանդակը մտնելը ես խնդրեցի իմ երկու ասիստենտներին ինչպես հարկն է նրան կապկպել։ Այնուհետև մոտեցա և ուզեցի նրան սրսկել, ներարկել քաղցկեղի հարուցիչը: Չէ որ դա անհրաժեշտ էր՝ հետո բուժելու համար: Ժորժն այնպիսի տեսք ուներ, կարծես հնազանդվել էր բախտին։ Նա չդիմադրեց, բայց խորամանկ աչիկները հետևում էին իմ թիկունքում կատարվող ինչ-որ բանի: Ես շատ ուշ գլխի ընկա: Գորիլաները, վեց գորիլա, որոնք պահվում էին ժանտախտի փորձարկումների համար, ազատվելու հնարք էին մտածել։ Դա դավադրություն էր: Նրանք մեզ բռնեցին: Ժորժը հրամաններ էր տալիս մեր լեզվով: Նա նույնությամբ ընդօրինակել էր իմ բոլոր շարժումները։ Կարգադրելով գորիլաներին՝ կապել մեզ վիրահատական սեղանին, իսկ նրանք այդ արեցին մի ակնթարթում, նա շպրիցի մեջ քաշեց մահացու հեղուկը և ներարկեց մեր երեքի արյան մեջ: Եվ այսպես, ես քաղցկեղ ունեմ: Դա հաստատ է, քանի որ եթե հակաքաղցկեղային դեղը դեռ չի ստուգվել, ապա քաղցկեղային մահացու շիճուկը վաղուց արդեն ապացուցել է իր ազդեցությունը:
     Ինձ լրիվ դոզա ներարկելուց հետո, Ժորժը բարեկամաբար շոյեց այտս, ինչպես ես սովորաբար անում էի իմ կապիկներին փորձարկումից հետո։ Ախր մենք նրանց միշտ լավ էինք վերաբերվում։ Ես գերադասում էի կառավարել ոչ թե ահաբեկումով, այլ փաղաքշանքով:
     Մի քանի օր անց, վանդակում նստած, որտեղ փակել էին ինձ, ես զգացի հիվանդության առաջին նշանները: Ժորժը նույնպես ճանաչեց քաղցկեղի նախանշանները. ես լսեցի, թե ինչպես նա խոսեց մյուս կապիկների հետ, որ ժամանակն է անցնել բուժման: Դա ինձ սարսափեցրեց: Չէ որ ես գիտեի, թե ինչի էի դատապարտվում: Այժմ արդեն չեմ հավատում այդ նոր միջոցին: Իսկ ի՞նչ կլինի, եթե ես դրանից մեռնեմ ավելի արագ: Ոչ։ Գիշերն ինձ հաջողվեց կոտրել վանդակն ու փախչել լաբորատորիայից։ Ես թաքնվեցի քաղաքից դուրս գտնվող իջևանատանը։ Ես ապրելու դեռ երկու ամիս ունեմ: Խաղաթղթերով գուշակում եմ ու ննջում:
     Նորից դադար, և նորից կանացի ձայն.
     - Ես գազաններ վարժեցնող էի: Ելույթ էի ունենում տասներկու վարժեցված օրանգուտանգների, իսկապես հոյակապ կենդանիների հետ: Իսկ հիմա ինքս եմ նստած վանդակում` կրկեսի մյուս արտիստների հետ։
     Բայց պետք է արդարամիտ լինել: Կապիկները մեզ լավ են վերաբերվում և կերակրում են տրաքվելու չափ։ Երբ մեր տակի ծղոտը շատ է կեղտոտվում, փոխում են։ Եվ ընդհանրապես նրանց չի կարելի համարել դաժան. պատժում են միայն նրանց, ովքեր համառում են և չեն ուզում անել այն տրյուկները, որ օրանգուտանգներն ուզում են, ինչ էլ լինի, սովորեցնել մեզ։ Իսկ ինչպիսին են այդ զվարճալի տրյուկները։ Ես, օրինակ, ջանում եմ կատարել այն ամենը, ինչ ուզում են։ Սողում եմ չորեքթաթ, սալտո անում, քայլում ձեռքերիս վրա։ Եվ նրանք ինձ հետ լավ են վարվում: Ես ինձ դժբախտ չեմ զգում: Հիմա ես ոչ հոգս ունեմ, ոչ պատասխանատվություն, ոչ տխրություն։ Մեզնից մեծ մասը արագ ընտելացավ նոր կյանքին։
     Կինը նորից լռեց և այս անգամ երկար։ Եվ այդ ամբողջ ընթացքում Կորնելին համառորեն նայում էր ինձ, ուղիղ աչքերիս մեջ։ Ես շատ լավ հասկանում էի, թե նա իր համառ հայացքով ինչ է ուզում ասել։ Եթե մարդկային ցեղը իր կյանքն ապրել է և դարձել ողորմելի ու թույլ, եթե նա այդքան հեշտ հրաժարվեց մոլորակի վրա իր տիրապետությունից, մի՞թե արդարացի չէ, որ նրան փոխարինելու եկավ ավելի կենսունակ ու ազնիվ ցեղ։ Ես շիկնեցի ու հայացքս հեռացրի։ Եվ այդ ակնթարթում կինը նորից խոսեց անհույս, վշտոտ ձայնով.
     - Հիմա նրանք գրավել են ամբողջ քաղաքը: Այս ապաստարանում մնացել ենք ընդամենը մի քանի հարյուր հոգի, է մեր վիճակը հուսահատեցնող է: Սա մարդկային վերջին բնակատեղին է քաղաքի արվարձանում, բայց կապիկները թույլ չեն տալիս մեզ ապրել ազատության մեջ, իրենցից այդքան մոտ տարածության վրա։ Մյուս իջևանատներից շատերը փախել են հեռու, ջունգլիները, իսկ մնացածները հանձնվել կապիկներին, որպեսզի կուշտ ուտեն և ոչ մի բանի մասին չհոգան: Իսկ մենք մնացել ենք իջևանատանը ծուլությունից: Մենք ննջում ենք, քնում, ոչ ոք ընդունակ չէ նույնիսկ մտածել դիմադրության մասին...
     Դրանից էլ ես վախենում էի: Բարբարոսական խառնաղմուկը ծվատում է լսողությունը: Իսկական զինվորական քայլերգի ծաղրերգություն... Օ՜, աստված: Փրկեցե՛ք։ Այդ նրանք են, կապիկները: Նրանք շրջապատում են մեզ բոլոր կողմերից: Նրանց մոտ են մեր փողերը, թմբուկները, մեր համազգեստները և, իհարկե, մեր զենքը… Սակայն, զենք չկա, ես չեմ տեսնում… Օ՜, ինչպիսի ամոթ, ինչպիսի՜ զարհուրելի նվաստացում: Ահա մեզ վրա է շարժվում կապիկների բանակը, և նրանք զինված են միայն մտրակներով։

Գլուխ 9

     Գելիի որոշ փորձարկումների արդյունքների մասին տեղեկությունները, վերջ ի վերջո, տարածվեցին։ Հնարավոր է, դրանում մեղավոր էր հենց ինքը՝ գիտնական շիմպանզեն, որ չէր կարողացել զսպել պարծենկոտությունը: Քաղաքում խոսում էին, որ մի հետազոտողի հաջողվել է ստիպել մարդկանց խոսել: Բացի դրանից, անապատում թաղված քաղաքի գյուտը, չնայած մամուլում երևացող բոլոր ստախոսություններին, հուզմունք է առաջացնում: Որոշ ժուռնալիստներ տրամաբանական մտահանգման ճանապարհով հասնում են ճշմարտության: Այդ ամենը կապիկների մեջ առաջացնում է տագնապի և անվստահության զգացում, որն առաջին հերթին անդրադառնում է ինձ վրա: Իշխանությունները ինձ նայում են աճող անվստահությամբ, իսկ իմ հարաբերությունները բնակչության հետ գնալով դառնում են ավելի լարված:
     Կորնելին շատ թշնամիներ ունի։ Դրա համար էլ նա չի համարձակվում ուղղակի հայտարարել իր հայտնագործության մասին: Եվ արդյոք կցանկանա՞, նախապես գիտենալով, որ իշխանությունները դեմ կլինեն։ Օրանգուտանգների ցեղը, Զայուսի գլխավորությամբ, պատրաստ է ամեն ինչ անել, որ խանգարի։ Արդեն լուրեր են պտտվում կապիկների ցեղի դեմ դավադրության մասին, և ինձ հայտարարում են որպես այդ դավադրության գլխավոր կազմակերպիչներից մեկը: Գորիլաները դեռ չեն ընդունել ոչ մի պաշտոնական որոշում, բայց նրանք, անկասկած, դուրս կգան այն ամենի դեմ, ինչը կազդի գոյություն ունեցող կարգերի կայունության վրա:
     Այսօր ես մի խոր ցնցում ապրեցի: Կատարվեց այն, ինչին մենք անհամբերությամբ սպասում էինք: Սկզբում ինձ համակեց անզուսպ ուրախությունը, բայց հետո, խորհելով, դողացի մոտեցող վտանգի նախազգացումից։ Նովան տղա ծնեց։
     Եվ այսպես, ես երեխա ունեմ իմ տղան ծնվեց Սորորա մոլորակի վրա: Ես արդեն նրան տեսել եմ։ Դա այնքան էլ հեշտ չհաջողվեց ինձ: Ձգտելով գաղտնի պահել, ինստիտուտի ղեկավարությունը Նովային շրջապատեց ամեն հնարավոր խստությամբ, և վերջին շաբաթում, ծննդաբերությունից առաջ, ինձ ոչ մի անգամ չհաջողվեց այցելել նրան: Այն, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, հայտնեց Զիրան: Ծայրահեղ դեպքում նրա վրա կարելի է հույս դնել. նա մնում է որպես հավատարիմ բարեկամ: Ես շատ հուզվեցի, երբ Զիրան ինքը որոշեց կազմակերպել իմ հանդիպումը մեր փոքրիկ ընտանիքի նոր անդամի հետ: Սակայն դա նրան հաջողվեց միայն մի քանի օր անց, այն էլ ուշ գիշերին, որովհետև ցերեկը երեխան միշտ հսկողության տակ է։
     Եվ ես տեսա նրան։ Ինչպիսի՜ հրաշք երեխա է։ Նա պառկած է հարդի վրա, մոր կողքին, ինչպես նոր փոքրիկ Քրիստոս։ Տղան նման է ինձ, բայց միաժամանակ ժառանգել է Նովայի գեղեցկությունը: Ի դեպ, երբ դուռը բաց արի, Նովան դիմավորեց ահեղ մռնչոցով: Նա նույնպես զգում է վտանգը և անհանգստանում: Կեռացրած մատները պարզելով առաջ, նա ոտքի կանգնեց` պատրաստ ծվատելու ցանկացած թշնամուն, սակայն հետո, ճանաչելով ինձ, աստիճանաբար հանգստացավ։ Ես համոզված եմ, որ մայր դառնալով, Նովան անմիջապես բարձրացավ էվոլյուցիայի մի քանի աստիճան: Նրա աչքերում բանականության ցոլացող կայծերը դարձել են անմարելի կրակ: Հիացմունքով ու քնքշորեն ես համբուրեցի իմ որդուն, աշխատելով չմտածել մեր գլխին արդեն հավաքվող ամպերի մասին:
     Նա կմեծանա որպես մարդ, իսկակա՜ն մարդ. դրանում ես չեմ կասկածում։ Բանականությունը արտացոլվում է նրա յուրաքանչյուր դիմագծում, հայացքում: Ինձ հաջողվեց նորից վառել մտքի սուրբ կրակը։ Իմ շնորհիվ այս մոլորակի մարդկային ցեղը նորից վերածնվեց և նորից կհասնի ծաղկման։ Երբ իմ տղան մեծանա, կդառնա մի ամբողջ ցեղի հիմնադիր...
     Իմ տղան ե՞րբ կմեծանա։ Ինձ սկսում է հուզել այն միտքը, որ նա հիմա պառկած է վանդակում, հարդի վրա... Իսկ դեռ ինչքա՜ն արգելքներ կհայտնվեն նրա ճանապարհին: Բայց մենք կհաղթենք, մենք երեքով կհաղթահարենք բոլոր արգելքները, ես համոզված եմ: Այո, հենց մենք երեքով, առանց վերապահության, որովհետև հիմա Նովան տեղափոխվել է մեր լագերը: Դրանում համոզվելու համար բավական է դիտել նրան այն պահին, երբ հիանում է իր երեխայով։ Ճիշտ է, դեռ նրան լիզում է, ինչպես Սորորայի բոլոր մայրերը, բայց նրա հայացքը խելամտություն է արտահայտում:
     Ես նորածնին դրեցի հարդի վրա: Այժմ ես նրա համար չեմ անհանգստանում. նա իսկական մարդ է։ Ճիշտ է, դեռ չի խոսում, տե՜ր աստված, նա դեռ երեք օրական է, բայց անպայման կխոսի: Նա արդեն լաց է լինում ցածրաձայն, ճիշտ այնպես, ինչպես երկրային երեխան, և ոչ թե վնգստում գազանիկի պես: Նովան դա հրաշալի հասկանում է, և փոքրիկից չի հեռացնում հիացական հայացքը:
     Զիրան նույնպես այդ անսովոր իրադրության հոտն առել է։ Նա մոտեցավ մեզ, սրելով մազոտ ականջները, մտահոգ տեսքով երկար, ուշադիր զննեց նորածնին: Այնուհետև նա հասկացրեց ինձ, որ արագ հեռանամ: Եթե կողմնակի որևէ մեկը ինձ տեսներ այնտեղ, դա վատ կվերջանար բոլորիս համար։ Սակայն Զիրան խոստացավ իմ տղայի մասին հոգ տանել, և ես համոզված եմ, որ նա կկատարի իր խոսքը։ Բայց միաժամանակ ինձ հայտնի է, որ նրան կասկածում են ինձ հետ համագործակցելու մեջ։ Ես սարսռում եմ այն մտքից, որ Զիրային ամեն րոպե կարող են աշխատանքից ազատել, եթե ոչ ավելին: Ո՛չ, ես իրավունք չունեմ նրան ենթարկել այդպիսի վտանգի։
     Ջերմ բաժանվելով մորից ու երեխայից, ես գնում եմ դեպի մուտքը: Դռան մոտից մեկ անգամ ևս նայում եմ ու տեսնում, որ շիմպանզեն նույնպես մոտեցավ մարդու փոքրիկ տղային, իմ որդուն, կապկային շուրթերը կամաց հպեց նրա փոքրիկ ճակատին և միայն դրանից հետո դուրս եկավ վանդակից։ Եվ Նովան նույնիսկ չընդդիմացավ: Նա դրա մեջ տեսավ դեպի իր երեխան ցուցաբերած քնքուշ վարմունք, որը միանգամայն բնական էր։ Հիշելով, թե առաջ ինչպիսի ատելությամբ էր նա վերաբերվում Զիրային, ես դա ընկալեցի որպես իսկական հրաշք:
     Մենք դուրս եկանք սենյակից։ Ոտքերս ու ձեռքերս դողում էին և տեսա, որ Զիրան հուզված է ինձնից ոչ պակաս:
     - Ուլի՜ս, - բացականչեց նա, սրբելով արցունքները։ - Երբեմն ինձ թվում է, թե դա նաև իմ երեխան է։

Գլուխ 10

     Ժամանակ առ ժամանակ ես տառացիորեն ստիպում եմ ինձ այցելել պրոֆեսոր Անտելին, սակայն ամեն անգամ այդ այցելությունները դառնում են ավելի անտանելի Պրոֆեսորը առաջվա նման գտնվում է ինստիտուտում, սակայն հարկ եղավ նրան տեղափոխել հարմարավետ սենյակից, որտեղ նրան տեղավորել էին իմ խնդրանքով։ Այդ սենյակում Անտելը արագ հյուծվեց, բացի դրանից, սկսեց վայրի կատաղության նոպաներ ունենալ, որոնց ժամանակ դառնում էր ուղղակի վտանգավոր: Նա փորձում էր կծոտել սանիտարներին: Այդ ժամանակ Կորնելին որոշեց փոխել նրա ռեժիմը։ Կարգադրեց պրոֆեսոր Անտելին տեղավորել սովորական, հատակին հարդ փռած վանդակի մեջ և տալ ընկերուհի, հենց այն կնոջը, որի հետ պրոֆեսորը քնում էր կենդանաբանական այգում: Անտելը հին ծանոթուհուն դիմավորեց երջանիկ գազանի ուրախություն արտահայտող աղմուկով և տեղնուտեղը վարքագիծը փոխվեց: Նա նորից կարծես սկսեց զգալ կյանքի համը:
     Ահա այսպիսի իրադրության և այսպիսի հասարակության մեջ եմ տեսնում նրան հիմա ամեն այցելության ժամանակ։ Ինչպես երևում է, նա երջանիկ է։ Համենայն դեպս, պրոֆեսորը գիրացել է և նույնիսկ ջահելացել։ Ես կաշվից դուրս եմ գալիս, որպեսզի կոնտակտի մեջ մտնեմ նրա հետ, բայց իզուր: Ահա այսօր էլ մի ապարդյուն փորձ արի։ Պրոֆեսորին հետաքրքրում են միայն այն կարկանդակները, որոնք բերում են նրան: Ուտելով կարկանդակները, շուռ է գալիս, երանությամբ փռվում ընկերուհու կողքին, և վերջինս սկսում է լիզել նրա դեմքը:
     - Ահա տեսնում եք, բանականությունը ոչ միայն կարելի է ձեռք բերել, այլև կորցնել, - կիսաձայն ասում է ինչ-որ մեկը իմ թիկունքից:
     Ես շրջվում եմ. Կորնելին է։ Պարզվում է, որ նա ինձ փնտրել է, բայց ոչ նրա համար, որ զրուցի պրոֆեսոր Անտելի մասին: Նա ինձ հետ արտակարգ լուրջ գործ ունի։ Ես նրա ետևից գնում եմ դեպի իր առանձնասենյակը, որտեղ մեզ էր սպասում Զիրան: Նրա աչքերն ուռած են, կարմրած, ասես երկար լաց է եղել: Ինչպես երևում է, Կորնելին ու Զիրան շատ կարևոր նորություն գիտեն իմ մասին, բայց ոչ մեկը չի համարձակվում հայտնել:
     - Բա՞ն է պատահել որդուս, - չեմ զսպում ինձ:
     - Նա իրեն լավ է զգում, - աճապարանքով պատասխանում է Զիրան:
     - Նույնիսկ չափազանց լավ, - փնթփնթալով ավելացնում է Կորնելին:
     Ինքս էլ գիտեմ, որ իմ տղան հրաշալի է, բայց արդեն մեկ ամիս է չի հաջողվում նրան տեսնել։ Խստությունն էլ ավելի է սաստկացել։ Զիրան ընկել է կասկածանքի տակ, և հիմա ինստիտուտի ղեկավարությունը հետևում է նրա ամեն քայլին:
     - Նույնիսկ չափազանց լավ, - կրկնում է Կորնելին։ - Նա ժպտում է։ Նա լաց է լինում ինչպես կապիկների երեխաները... Եվ նա արդեն սկսում է խոսել։
     - Երեք ամսականո՞ւմ:
     - Օ՜, դա ընդամենը մանկական թոթովանք է, բայց ապացուցում է, որ տղան կխոսի։ Եվ պետք է ասել, որ ընդհանրապես նա շատ արագ է աճում:
     Ես հպարտությունից փքվեցի։ Սակայն երջանիկ հայրիկի իմ երանելի տեսքը զայրացրեց Զիրային:
     - Մի՞թե դու չես հասկանում, որ դա աղետ է, պայթեց նա։ - Հիմա նրան երբեք ոչ մի դեպքում չեն թողնի ապրելու ազատության մեջ։
     - Ստույգ աղբյուրներից ինձ հայտնի դարձավ, - դանդաղ խոսեց Կորնելին, - որ տասնհինգ օր հետո տեղի է ունենալու Մեծ Խորհրդի նիստը՝ հատկապես ձեր երեխայի մասին կարևոր որոշում ընդունելու համար:
     - Կարևոր որոշո՞ւմ:
     - Արտակարգ կարևոր։ Նրան ոչնչացնելու մասին առայժմ խոսք չի գնում։ Կրկնում եմ, առայժմ խոսք չի գնում: Բայց նրան կխլեն մորից։
     - Իսկ ե՞ս, ես նրան կարո՞ղ եմ տեսնել։
     - Դա բացարձակապես անհնարին է, ձեզ համար՝ առաջին հերթին, - անողոք - արտասանեց շիմպանզեն։ - Սակայն, թույլ տվեք շարունակել: Մենք հավաքվել ենք այստեղ ոչ նրա համար, որ նվնվանք, այլ նրա համար, որ գործենք։ Ես ստացել եմ ստույգ տեղեկություններ: Ձեր որդուն կտեղավորեն յուրատեսակ բերդում, որտեղ նա կգտնվի օրանգուտանգների հսկողության տակ: Այո՛, Զայուսը վաղուց է ձգտում դրան, վաղուց հետաքրքրվում է և այժմ, հավանաբար, կհասնի ուզածին:
     Այստեղ Կորնելին զայրույթով սեղմեց բռունցքները և ատամների արանքից մի քանի անլսելի բառ մռթմռթաց: Այնուհետև շարունակեց.
     - Պետք է ասել, որ Մեծ Խորհուրդը շատ լավ տեղյակ է, թե որպես գիտնական այդ ապուշը իրենից ինչ է ներկայացնում, բայց բոլորը ցույց են տալիս, իբր հավատում են, թե նա իսկապես կարող է ինձնից լավ ուսումնասիրել այդ բացառիկ դեպքը, ցույց են տալիս, իբր այդ դեպքը գնահատվում է որպես սպառնալիք մեր ամբողջ ցեղի համար: Խորհրդի պարագլուխները գտնում են, որ Զայուսը կարող է վճռականորեն փրկել մեզ այդ վտանգից:
     Ես չորացա տեղում։ Մի՞թե իմ տղան պետք է ընկնի այդ չար, դաժան ապուշի ճանկը: Սակայն Կորնելին դեռ չէր ավարտել.
     - Ամենասարսափելին այն է, որ այդ սպառնալիքը կախված է ոչ միայն ձեր որդու գլխին:
     Ուժ չունենալով արտասանել որևէ բառ, ես նայեցի Զիրային, բայց նա կախեց գլուխը։
     - Օրանգուտանգները ձեզ ատում են, որովհետև դուք հանդիսանում եք նրանց, այսպես կոչված, գիտական տեսության սխալի կենդանի ապացույցը, իսկ գորիլաները ձեզ համարում են չափազանց վտանգավոր էակ, որին չի կարելի թողնել ազատության մեջ: Նրանք վախենում են, որ դուք կդառնաք մեր մոլորակի վրա մարդկային նոր ցեղի նախահայրը: Եթե նույնիսկ բացառվի նման հնարավորությունը, նրանք վախենում են, որ միայն ձեր ներկայությունը Սորորայի վրա կապստամբեցնի մեր մարդկանց: Ի դեպ, մի շարք դիտարկումները ցույց են տալիս այն ենթափորձայինների անսովոր գրգռվածությունը, որոնց հետ դուք գործ եք ունեցել:
     Այո՛, դա ճիշտ է։ Վանդակներում գտնվող մարդկանց մոտ կատարած իմ վերջին այցելության ժամանակ ինքս նկատեցի, որ գերիների վարքագիծը բավականին փոխվել է: Կարծես ինչ-որ խորհրդավոր բնազդ նախազգուշացրել է նրանց իմ որդու հրաշալի ծնունդը: Նրանք ինձ դիմավորեցին բազմաձայն աղաղակների ուրախալի համերգով։
     - Կարճ ասած, - խիստ տոնով շարունակեց Կորնելին, - ես շատ եմ վախենում, որ տասնհինգ օր հետո Մեծ Խորհուրդը որոշում կընդունի ձեզ ոչնչացնել... կամ, լավագույն դեպքում, գիտական ուսումնասիրության պատրվակով հեռացնել ձեր ուղեղի մի մասը: Ինչ վերաբերում է Նովային, կարծում եմ, որ կաշխատեն նրան անվտանգ դարձնել, քանի որ նա բավականին երկար է շփվել ձեզ հետ:
     Ո՛չ, դա անմտություն կլինի: Ես արդեն հաստատ հավատում եմ իմ առաքելությանը, գրեթե աստվածային նախորոշմանը, և հանկարծ... Մի ակնթարթ ես երկնքից շպրտվեցի գետին և անմիջապես դարձա էակներից ամենադժբախտը։ Ինձ համակեց անելանելի հուսահատությունը:
     - Կորնելին ճիշտ արեց, որ քեզնից ոչինչ չթաքցրեց, - ասաց Զիրան՝ ուսիս դնելով ձեռքը։ - Դրությունը իրոք որ հուսահատական է: Բայց նա չասաց, որ մենք պատրաստվում ենք բաժանվել քեզնից: Մենք որոշել ենք փրկել ձեր երեքին, և այդ գործում մեզ կօգնեն մեր մի քանի բարեկամները՝ անվեհեր շիմպանզեները։
     - Բայց ես ի՞նչ կարող եմ անել, ես իմ ցեղի միակ ներկայացուցիչն եմ ձեր մոլորակի վրա:
     - Պետք է փախչել։ Հարկավոր է թողնել այս մոլորակը։ Վերադարձիր ձեր Երկիրը: Դա քո և քո որդու փրկության միակ միջոցն է:
     Զիրայի ձայնը դողաց, ահա ուր որ է լաց կլինի: Այնուամենայնիվ, նա ինձ վերաբերվում է նույնիսկ ավելի լավ, քան ես կարող էի մտածել: Ես նույնպես խորապես հուզված էի և նրա վշտի, և այն բանի համար, որ հեռանալով Սորորայից, այլևս երբեք չեմ տեսնի Զիրային։
     - Բայց ինչպե՞ս փախչել ձեր մոլորակից, - հարցրի ես:
     Ինձ պատասխանեց Կորնելին.
     - Զիրան ճիշտ է ասում. ես խոստացել եմ կազմակերպել ձեր փախուստը և խոստումս կկատարեմ, եթե նույնիսկ դա խորտակի իմ կարիերան։ Օգնելով ձեզ, ես միաժամանակ կկատարեմ իմ կապկային պարտքը։ Եթե դուք մեզ համար վտանգ եք ներկայացնում, ապա այդ վտանգը կվերանա, երբ դուք վերադառնաք Երկիր... Դուք ինձ ասել եք, որ ձեր տիեզերական նավը վնասված չէ և որ դուք նրանով կարող եք վերադառնալ Երկիր, ճի՞շտ չէ։
     - Միանգամայն ճիշտ է, պատասխանեցի ես։ - Աստղաթիռում բավականաչափ վառելիք, թթվածին ու մթերք կա, և դրանց պաշարով կարելի է հասնել գալակտիկայի ցանկացած մոլորակը: Բայց մինչև աստղաթիռը ինչպե՞ս հասնել։
     - Այն առաջվա պես պտտվում է Սորորայի շուրջը: Իմ աստղագետ ընկերներից մեկը հայտնաբերել է աստղաթիռը և հաշվարկել նրա ուղեծրի բոլոր տարրերը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես հասնել աստղաթիռին... Ուշադիր լսեք: Ուղիղ տասը օր հետո մենք պատրաստվում ենք բաց թողնել արհեստական արբանյակ, որի մեջ կենդանի էակներ են լինելու, հասկանալի է, մարդիկ, որոնց վրա մենք ուզում ենք ուսումնասիրել մի քանի տեսակի ճառագայթահարման ազդեցությունը... Մի ընդհատեք ինձ: Համաձայն ծրագրի, ենթափորձայինները պետք է լինեն երեք հոգի. տղամարդ, կին և երեխա:
     Կորնելիի պլանն անմիջապես պարզ դարձավ ինձ. ես միայն զարմացա նրա հնարամտության վրա: Բայց ինչքա՜ն արգելքներ պիտի առաջանային մեր ճանապարհին։
     - Արբանյակի բացթողման համար պատասխանատու մի քանի գիտնականներ, - շարունակեց Կորնելին, - իմ մտերիմ ընկերներն են, և ես կարողացա նրանց գրավել մեր կողմը: Արբանյակը բաց կթողնվի ձեր տիեզերանավի ուղեծիրը, բացի դրանից, այն շատ հեշտ ղեկավարվող է։
     Մեծահասակ ենթափորձայինները հատուկ նախապատրաստվել են և կարող են իրականացնել պարզ մանյովրներ. նրանց մոտ մշակվել է պայմանական ռեֆլեքսներ: Բայց ես հուսով եմ, որ դուք նրանցից ավելի հմուտ կգտնվեք... քանի որ ձեր պլանը պետք է լինի հետևյալը. դուք երեքդ կփոխարինեք ենթափորձային ուղևորներին: Այստեղ առանձին դժվարություններ չեն կանխատեսվում։ Ինչպես արդեն ասացի ձեզ, մենք կունենանք հավատարիմ դաշնակիցներ, որովհետև հենց սպանության մասին միտքը անտանելի է շիմպանզեների համար։ Իսկ նրանք, ովքեր գործից անտեղյակ են, նույնիսկ այդ մարդկանց փոխելը չեն նկատի:
     Իրոք, դա շատ հավանական է: Կապիկների մեծ մասի համար մարդը ուղղակի մարդ է և ուրիշ ոչինչ։ Նրանք նույն իսկ առանձին անհատների միջև ոչ մի տարբերություն չեն նկատում:
     - Այդ տասը օրն էլ հարկ կլինի ջանադրաբար մարզվել։ Կկարողանա՞ք դրանից հետո հասնել ձեր նավին:
     Դա ևս հնարավոր բան է։ Սակայն այդ պահին ես չէի մտածում մեզ սպասող դժվարությունների ու վտանգի մասին: Ակամայից հոգիս տխրում էր այն մտքից, որ հավետ պետք է բաժանվեի Սորորայից, բաժանվեի Զիրայից ու իմ եղբայրներից, այո՛, այս մոլորակի իմ մարդկային եղբայրներից։ Նրանց նկատմամբ ես զգում էի ինձ որպես դասալիք։ Սակայն ո՛չ մի ելք չէր մնում ես պետք է առաջին հերթին փրկեի որդուս և Նովային: Բայց ես դեռ կվերադառնամ: Այո՛, ես կվերադառնամ, երդվեցի ինքս իմ առաջ՝ հիշելով վանդակների գերիներին, ես կվերադառնամ ավելի ուշ, երբ բոլոր խաղաթղթերը կլինեն իմ ձեռքում:
     Հուզմունքից ինքնամոռաց վերջին բառերը արտասանեցի ամբողջ ձայնով։
     Կորնելին ժպտաց:
     - Ձեր անձնական ժամանակով հինգ-վեց տարի հետո, խիզախ տիեզերագնաց, - ասաց նա, բայց միայն հազար և ավելի տարի մեր՝ տանը նստողներիս տեղական ժամանակով: Մի մոռացեք, մենք նույնպես մշակել ենք հարաբերականության տեսությունը: Եվ դրա հետ կապված... կարճ ասած, ես այդ հարցը քննարկել եմ իմ բարեկամ շիմպանզեների հետ, և մենք որոշել ենք ռիսկի դիմել։
     Շուտով մենք հրաժեշտ տվինք՝ պայմանավորվելով հանդիպել հաջորդ օրը։ Զիրան առաջինը դուրս եկավ: Մեկ վայրկյան մնալով ուզեցի ջերմ շնորհակալություն հայտնել Կորնելիին: Բայց ինքս ինձ մտածեցի այս ամենն ինչո՞ւ է նա անում ինձ համար։ Կարծես կարդալով միտքս, Կորնելին պատասխանեց.
     - Շնորհակալ եղեք ոչ թե ինձ, այլ Զիրային: Դուք ձեր կյանքով նրան եք պարտական։ Եթե նա չլիներ, չգիտեմ ես կհամարձակվեի՞ այդքան բան անել և այդքան տհաճությունների մեջ ընկնել։ Բայց եթե փորձեի դառնալ, թեկուզև անկախ իմ կամքից, սպանության մասնակից, Զիրան ինձ երբեք չէր ների... Բացի դրանից...
     Կորնելին լռեց: Համոզված, որ Զիրան սպասում է միջանցքում, որտեղից ոչինչ չի լսում, նա խոնարհվեց դեպի ինձ և շատ ցածրաձայն ու արագ ասաց.
     - Իսկ բացի դրանից, և նրա համար, և՛ ինձ համար լավ կլինի, որ դուք ինչքան հնարավոր է շուտ մեր մոլորակից անհետանաք:
     Կորնելին իմ ետևից ծածկեց դուռը։ Ես ու Զիրան մնացինք մենակ: Նրա հետ միջանցքում մի քանի քայլ անելուց հետո, ես շշնջացի
     - Զիրա՜ :
     Ես կանգ առա և նրան ձգեցի դեպի ինձ։ Նա պակաս հուզված չէր և ամբողջ մարմնով դողում էր: Մինչ մենք կանգնած էինք իրար փաթաթված, արցունքը հոսում էր նրա մռութիկի վրայով:
     Տե՛ր աստված, այդ պահին իմ հոգին ձուլվեց նրա հոգուն: Ես փակեցի աչքերս, որպեսզի չտեսնեմ նրա ծաղրանկարային դեմքը, որը հուզմունքից դարձել էր ավելի այլանդակ։ Ես զգացի, թե ինչպես նրա նուրբ մարմինը դողալով սեղմվեց ինձ: Գրեթե առանց ինձ ստիպելու ես հպվեցի նրա այտին։ Սակայն այն պահին, երբ մենք արդեն պատրաստ էինք համբուրվելու՝ ինչպես երկու սիրահարներ, հանկարծ Զիրան բնազդով ետ թռավ և ամբողջ ուժով հրեց ինձ:
     Շշմած կանգնել էի, չիմանալով ինչ անել, իսկ նա՝ այդ անտանելի էգ շիմպանզեն, իր կնճռոտ մռութը թաքցրել էր երկար, մազոտ թաթերի մեջ և արցունքից խեղդվելով, հուսահատ հայտարարեց.
     - Թանկագինս, հարազատս, դա անհնարին է: Ներիր ինձ, ես չեմ կարող: Ախր, դու չափազա՜նց տգեղ ես։

Գլուխ 11

     Եվ այսպես ես նորից տիեզերքում եմ, մեր աստղաթիռում, որը, ինչպես գիսավոր աստղ, աճող արագությամբ սլանում է արեգակնային համակարգի ուղղությամբ։ Եվ ես աստղաթիռում մենակ չեմ։ Ինձ հետ են Նովան և Սիրիուսը՝ մեր միջաստղային սիրո պտուղը. նա արդեն կարողանում է ասել «պապա», «մամա» և մի քանի այլ բառեր: Բացի դրանից, մեր նավում կա մի զույգ հավ, մի զույգ ճագար և բազմատեսակ սորտերի հատիկներ, այն ամենը, ինչ Սորորայի գիտնականները դրել էին արբանյակի մեջ, որպեսզի ուսումնասիրեն տիեզերական ճառագայթների ազդեցությունը տարբեր օրգանիզմների ու բույսերի վրա։ Այդ ամենը մեզ պետք կգա:
     Կորնելիի պլանը հաջողվեց իրականացնել առանց արգելքների, առանց իրարանցման: Մենք երեք ենթափորձայիններին փոխարինեցինք այնպես, որ ոչ ոք ոչինչ չնկատեց: Կինը ինստիտուտում փոխարինեց Նովային, նրա երեխան պետք է հանձնեն Զայուսին։ Գիտնական օրանգուտանգը արագ կապացուցի, որ երեխան խոսելու ընդունակ չէ, և, հետևաբար, հանդիսանում է սովորական անասուն: Կարող է պատահել, դրանից հետո ինձ էլ չհամարեն վտանգավոր և թողնեն կենդանի այն մարդուն, որը փոխարինում է ինձ, և որը, բնական է, նույնպես ի վիճակի չէ արտասանել ոչ մի բառ: Հավանաբար ոչ ոք ընդհանրապես չի կասկածի, որ կեղծիք է կատարված։ Օրանգուտանգները, ինչպես արդեն ասել եմ, մարդկանց չեն տարբերում միմյանցից: Զայուսը կհաղթանակի: Կորնելիին, հնարավոր է, սպասում են ինչ-որ տհաճություններ, բայց այդ ամենը շուտով կմոռացվի... Էհ, ի՞նչ եմ ասում ես՝ շուտով։ Ամեն ինչ արդեն վաղուց մոռացվել է, քանի որ մենք արդեն մի քանի ամիս է թռչում ենք տիեզերքում, իսկ այնտեղ՝ Սորորայում անցել են դարեր: Նույնիսկ իմ հիշողություններն արդեն խամրում են ու աղոտանում, որքան մեծանում է մեզ բաժանող ժամանակի ու տարածության անդունդը, և գերհսկա Բետելհեյզե լուսատուն մեզնից ավելի ու ավելի է հեռանում։ Այդ հրաշք աստղը սկզբում նմանվեց գնդակի, այնուհետև՝ նարնջի և, վերջապես, դարձավ երկնակամարում փայլատակող կետերից մեկը: Այսպես և իմ հիշողությունները Սորորայի մասին։
     Պետք է խելագար լինեմ, որ տանջվեմ խղճի խայթից։ Ինձ հաջողվել է ազատել շատ թանկագին ու մոտ էակների։ Ինչի՞ համար ափսոսամ: Ի՞նչ եմ թողել այնտեղ։ Զիրա՞ն: Այո՛, Զիրա՜ն։ Սակայն մեր մեջ ծագած զգացմունքը անուն չունի ո՛չ Սորորայի, ո՛չ էլ Երկրի վրա. ո՛չ մի տեղ տիեզերքում: Բաժանումը անխուսափելի էր։ Պետք է լիներ: Զիրան շատ շուտով կմոռանա ինձ՝ ամուսնանալով Կորնելիի հետ և դաստիարակելով կապիկ երեխաներին: Պրոֆեսոր Անտե՞լը։ Թող սատանայի գիրկն անցնի պրոֆեսորը։ Ես այլևս նրա համար ոչինչ անել չէի կարող, իսկ նա, ինչպես երևում է, գտել է երջանկության պրոբլեմի լրիվ բավարար լուծումը: Սակայն երբեմն ես ցնցվում եմ այն մտքից, որ եթե Զիրան չլիներ, այդ պայմաններում ես էլ կարող էի դեգրադացիայի ենթարկվել և այդքան ցած գլորվել:
     Արբանյակի կցումը աստղաթիռին հաջող անցավ։ Լրացուցիչ հրթիռներով մանյովրելով, ինձ հաջողվեց աստիճանաբար մոտենալ մեր նավին և արբանյակը մտցնել հանգար, դռները թողնելով բաց, որպեսզի տիեզերական նավակը այնտեղ վերադառնա։ Դրանից հետո ավտոմատ սարքավորումները փակեցին հանգարը: Մենք աստղաթիռում էինք։ Սարքերը գործում էին գերազանց, և էլեկտրոնային հաշվիչը գրանցում էր թռիչքի բոլոր գործողությունները։ Իսկ Սորորայի վրա մեր բարեկամները հայտարարել էին, թե արբանյակը դուրս չի եկել նախատեսված ուղեծիրը և հարկ է եղել պայթեցնել։

***

     Մեր տեղական ժամանակով արդեն մեկ տարուց ավելի է թռչում ենք։ Աստղաթիռը հասավ մոտավորապես լույսի արագության: Մի քանի ժամվա ընթացքում հաղթահարելով հսկայական , տարածություն: Եվ այժմ սկսվել է արգելակման ժամանակաշրջանը, որը կտևի դեռևս մեկ տարի: Մենք ապրում ենք փոքրիկ, մեկուսացված աշխարհում։ Ես չեմ հոգնում իմ սքանչելի ընտանիքով հիանալուց:
     Նովան հրաշալի է տանում ճանապարհորդությունը գնա ով նա ավելի ու ավելի է խելացի դառնում։ Մայրությունը նրա մեջ վերածնության հրաշք կատարեց։ Երանելի ժպիտով նա ժամեր շարունակ հիանում է իր որդով, որը շատ ավելի հաջող մանկավարժ դուրս եկավ, քան ես։ Այն բառերը, որ նա արտասանում է, Նովան կրկնում է գրեթե անսխալ։ Ինձ հետ դեռ չի կարողանում խոսել, բայց մենք մշակել ենք ժեստերի լեզու, որի օգնությամբ հասկանում ենք միմյանց։ Թվում է, թե Նովային ճանաչել ու հետը ապրել եմ իմ ամբողջ կյանքում: Ինչ վերաբերում է Սիրիուսին, ապա նա տիեզերքի մարգարիտն է: Նա արդեն մեկուկես տարեկան է: Չնայած քաշը ավելացել է, բայց ման է գալիս նավի մեջ և անվերջ բլբլում է: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ նրան ցույց կտամ Երկրի մարդկանց:
     Այսօր առավոտյան չափազանց հուզվեցի, նկատելով, որ Արեգակը դառնում է շոշափելի մեծության: Հիմա նա մեզ երևում է բիլիարդի գնդի չափ, որն աստիճանաբար ներկվում է դեղին գույնով։ Ես ցույց տվեցի Նովային ու Սիրիուսին, բացատրեցի, որ դա նրանց նոր աշխարհի լուսատուն է, նրանք ինձ հասկացան։ Սիրիուսն արդեն վարժ խոսում է, Նովան էլ նրանից ետ չի մնում: Նա խոսել սովորեց տղայի հետ միաժամանակ: Օ՜, մայրության հրաշք, հրաշք, որի արարիչը ես դարձա։ Հնարավորություն չունեցա Սորորայի բոլոր մարդկանց դուրս բերել կենդանական անզգայությունից, այնուամենայնիվ, Նովայի հետ կատարած փորձը փայլուն արդյունք տվեց:
     Արեգակը ամեն ժամ մեծանում է: Ես արդեն փորձում եմ աստղադիտակով տեսնել մոլորակները։ Այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է, և հեշտությամբ կողմնորոշվում եմ։ Ահա Յուպիտերը, Սատուրնը, Մարսը... ահա և Երկիրը։ Երկի՜րը։
     Արցունքները հորդում են աչքերիցս: Պետք է տարուց ավելի ապրել կապիկների մոլորակում, որպեսզի հնարավոր լինի հասկանալ իմ զգացմունքները... Ես գիտեմ, Երկրի վրա անցել է յոթ հարյուրից ավելի տարի, և այնտեղ չեմ գտնի ոչ հարազատների, ոչ բարեկամների, բայց ծարավ եմ վերջապես տեսնել իսկական մարդկանց։
     Սեղմված իլյումինատորին, մենք նայում ենք մոտեցող Երկրին։ Արդեն անզեն աչքով կարելի է նշմարել մայրցամաքը: Նավը մոտենում է հիմնական ուղեծրին։ Այժմ մենք պտտվում ենք իմ հին, հարազատ մոլորակի շուրջը։ Ես տեսնում եմ, թե ինչպես մեր ներքևում լողում են Ավստրալիան, Ամերիկան, Եվրոպան... և, վերջապես, Ֆրանսիան։ Գրկախառնվում ենք ուրախության արցունքներով։
     Մենք նստում ենք տիեզերական երկրորդ նավակը և թողնում նավը: Որպեսզի կարողանանք վայրէջք կատարել իմ հայրենիքում, բոլոր հաշվարկները նախապես կատարված էին: Հուսով եմ, վայրէջք կկատարենք ինչ-որ տեղ Փարիզին մոտ:
     Դուրս եկանք` մթնոլորտ: Սկսեցին գործել արգելակող հրթիռները։ Նովան ինձ է նայում ժպիտով: Նա վաղուց արդեն սովորել է ժպտալ և ... լաց լինել: Որդիս հիացմունքից փայլփլող աչքերով ձեռքերը մեկնում է իլյումինատորին։ Ներքևում Փարիզն է: Նույնիսկ Էյֆելյան աշտարակն իր հին տեղում է:
     Ես անցա ձեռքի կառավարման, որպեսզի ավելի ճշգրիտ լինի վայրէջքը: Օ՜, տեխնիկայի հրաշք: Յոթ հարյուր տարի բացակայությունից հետո ինձ հաջողվեց վայրէջք կատարել Օրլիի օդանավակայանում, ճիշտ է, դաշտի ամենածայրին, օդանավակայանի շենքից բավական հեռու, բայց ինձ նկատեցին, և մեզ մնում էր սպասել:
     Ես չէի ասի, որ այստեղ օդային տրանսպորտի աշխույժ շարժում կա. գուցե օդանավակայանը փա՞կ է: Կարծում եմ՝ ոչ ահա այնտեղ կանգնած է մի ինքնաթիռ Աստված իմ, ինչքան նման է իմ ժամանակների թռչող սարքերին։
     Օդանավակայանի շենքից պոկվեց մի ավտոմեքենա և սլացավ մեր կողմը: Լրիվ անջատեցի շարժիչները: Անհամբերությունից դողում եմ: Եթե իմ երկրային եղբայրները գիտենային, թե ի՞նչ պատմություն կպատմեմ նրանց: Հավանաբար, սկզբում չեն հավատա, բայց ես ապացույցներ ունեմ: Ես ունեմ Նովա և Սիրիուս որդի: Մեքենան մեծանում է աչքերիս առջև: Այն բավական հին մոդելի փակ ֆուրգոն է. չորս անիվներով, շարժիչը բացահայտորեն ներքին այրման է: Այդ բոլոր մանրամասները ես նշում եմ մեքենայաբար։ Ինձ թվում է, թե այդպիսի ավտոմեքենաներ պետք է պահպանվեին միայն որպես թանգարանային նմուշներ:
     Անկեղծ ասած, ես ավելի հանդիսավոր ընդունելության հույս ունեի։ Քիչ մարդ է եկել դիմավորելու։ Մեքենայում կարծես թե ընդամենը երկու մարդ են։ Էհ, երևի ես հիմարացել եմ: Որտեղի՞ց իմանան, թե մենք ժամանում ենք։ Բայց որ տեղեկանան...
     Այո, դիմավորողները միայն երկուսն են։ Ես նրանց վատ եմ զանազանում, որովհետև մայր մտնող արևը թափանցում է մեքենայի պատուհաններից ներս, բացի դրանից, պատուհանի ապակիները կեղտոտ են։ Առջևի նստատեղում վարորդն է և ուղևորը: Ուղևորը զինվորական համազգեստով է: Նա հրամանատար է. ես նշմարեցի նրա ուսադիրների ոսկե փայլը: Անկասկած, օդանավակայանի պարետն է։ Մնացածները հավանաբար նրա հետ են։
     Ֆուրգոնը կանգնեց մեզնից հիսուն մետր հեռավորության վրա։ Ես գրկում եմ որդուս և դուրս գալիս մեր տիեզերանավից։ Նովան մի փոքր զգուշավորությամբ հետևում է մեզ։ Նա վախեցած տեսք ունի։ Բայց դա կանցնի, և շատ շուտով։
     Վարորդը դուրս ելավ մեքենայից, բայց մեջքով կանգնեց դեպի ինձ։ Մեզ մեքենայից բաժանող բարձր խոտը կիսով չափ ծածկում է նրան: Բայց ահա նա բաց է անում դուռը, որպեսզի դուրս թողնի ուղևորին: Այո, ես չէի սխալվել. նա հրամանատար է, ամենապակասը՝ մայոր: Ես տեսնում եմ նրա զգեստի բազմաթիվ ոսկեթել կարերի փայլը: Ահա նա թռչում է գետնի վրա: Մի քանի քայլ է անում դեպի մեզ, դուրս է գալիս բարձր խոտից և ամբողջ հասակով կանգնում է իմ առաջ: Նովան վայրենի ճիչով խլում է երեխային իմ գրկից և ակնթարթային արագությամբ թաքնվում տիեզերանավում, իսկ ես մեխվածի պես կանգնած եմ իմ տեղում և չեմ կարող շարժվել, չեմ կարող մի բառ արտաբերել:
     Իմ առջև... գորիլա է»:

Գլուխ 12

     Ֆիլիսն ու Ջինը միաժամանակ վեր բարձրացրին ձեռագրի վրա կախած գլուխները և լռության մեջ երկար նայեցին միմյանց:
     - Ցնցող միստիֆիկացիա է, - վերջապես ասաց Ջինը, ջանալով անհոգ ծիծաղել։ Սակայն Ֆիլիսը դեռ խորհում էր։ Այդ տարօրինակ պատմության մի քանի հատվածները հուզեցին նրան, դրանց մեջ նա ճշմարտության նոտաներ որսաց։ Այդ մասին հայտնեց ընկերոջը:
     - Դա ապացուցում է միայն մի բան, որ բանաստեղծներ կան ամենուր, տիեզերքի բոլոր անկյուններում։ Զվարճախոսներ նույնպես:
     Ֆիլիսը նորից ընկավ մտածմունքի մեջ։ Առարկությունը նրան համոզիչ չէր թվում: Եվ, այնուամենայնիվ, նա ստիպված էր, հոգոց հանելով, համոզվել։
     - Դու իրավացի ես, Ջին։ Ես էլ եմ այդպես մտածում: Բանական մարդի՞կ։ Մարդիկ օժտված իմաստությա՞մբ։ Մարդիկ հոգի ունեցո՞ղ, մտածելու ընդունա՞կ։ Ո՛չ, դա անկարելի է. այստեղ հեղինակը անցել է բոլոր սահմանները։ Բայց ափսո՜ս, իրոք, ափսո՜ս։
     - Քեզ հետ միանգամայն համաձայն եմ, - բացականչեց Ջինը։ - Բայց վերադառնալու ժամանակն է։
     Նա լրիվ բաց թողեց առագաստը, նրա ամբողջ մակերեսը թողնելով երեք արևների լուսային հոսքի ներքո: Այնուհետև սկսեց շարժել ղեկավարման բոլոր լծակները` հմուտ օգտվելով իր չորս ձեռքերից, իսկ Ֆիլիսը աշխույժ թափահարեց մազոտ ականջները, որպեսզի իրենից վանի կասկածանքի վերջին ստվերը, հանեց բուրափոշու տուփը, և քանի որ նավահանգիստը արդեն մոտ էր, թեթև, վարդագույն աղվափնջիկով սպիտակեցրեց էգ շիմպանզեի իր հրապուրիչ մռութիկը: