Գանձը

     Ռիչարդ Հարենգերը երջանիկ մարդ էր։ Ինչ էլ ասեն հոռետեսները քարոզների ժամանակներից սկսած, այնքան էլ դժվար չէ երջանիկ մարդ գտնել մեր դժբախտ աշխարհում. բայց Ռիչարդ Հարենգերը գիտեր, որ երջանիկ է, և դա իսկապես հազվադեպ բան է: Ոսկե միջինը, որն այդքան գնահատում էին մեր նախնիները, այժմ դուրս է եկել մոդայից, և դրան հավատարիմները ստիպված են քաղաքավարի ժպտալով համակերպվել նրանց հետ, ովքեր իմաստ չեն տեսնում ժուժկալության մեջ և առողջ բանականությունը առաքինություն չեն համարում: Ռիչարդ Հարենգերը քաղաքավարի և հեգնական կերպով թոթվում էր ուսերը։ Թող ուրիշները ենթարկվեն վտանգի, այրվեն սուրբ կրակով, խաղադրույք կատարեն իրենց ողջ կարողությունը, քայլեն լարով դեպի փառք կամ գերեզման, կամ վտանգի ենթարկեն իրենց կյանքը ինչ-որ ինչ-որ բանի՝ կրքի կամ արկածների համար: Նա չէր նախանձում այն փառքին, որ բերում էին նրանց սխրագործությունները, և ապարդյուն չէր վատնում խղճահարությունը, երբ նրանց ջանքերն ավարտվում էին անհաջողությամբ:
     Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Ռիչարդ Հարենգերը անսիրտ եսասեր էր։ Ճիշտ հակառակը։ Նա մեղմ մարդ էր և բավականին առատաձեռն։ Նա միշտ պատրաստ էր օգնել ընկերոջը և այնքան գումար ուներ, որ թույլ տա իրեն զգալու հարևանին օգնելու հաճույքը։ Նա ուներ ոչ մեծ կարողություն, բացի այդ, բարձր աշխատավարձ էր ստանում ներքին գործերի նախարարությունում։ Աշխատանքը հենց նրա սրտով էր՝ կանոնավոր, պատասխանատու և հաճելի։ Աշխատանքից հետո ամեն օր գնում էր ակումբ ու մի երկու ժամ բրիջ էր խաղում, իսկ շաբաթ ու կիրակի՝ գոլֆ։ Արձակուրդին նա մեկնում էր արտերկիր ու կանգ առնում լավ հյուրանոցներում, այցելում էր եկեղեցիներ, պատկերասրահներ և թանգարաններ։ Նա թատերական պրեմիերաների մշտական այցելուն էր և հաճախ ճաշում էր իր տնից դուրս: Ընկերները սիրում էին նրան։ Նա հիանալի զրուցակից էր՝ կարդացած, գրագետ, կենսուրախ։ Նա ներկայացուցչական տեսք ուներ՝ ոչ շատ գեղեցիկ, բայց բարձրահասակ, սլացիկ, նիհար, խելացի դեմքով։ Նրա մազերը սկսել էին նոսրանալ, քանի որ նա արդեն մոտ հիսուն տարեկան էր, բայց շագանակագույն աչքերը պահպանում էին իրենց փայլը, և նա չգիտեր, թե ինչ բան է ատամների պրոթեզը։ Նա, բնությունից օժտված էր լավ առողջությամբ, և նա անընդհատ հոգ էր տանում նրա մասին։ Նա բացարձակապես ուրախ չլինելու պատճառ չուներ։ Եթե նույնիսկ այս ամենի հետևում որոշակի ինքնագոհություն կար, ապա դրա բոլոր հիմքերը գոյություն ունեին։
     Նրան հաջողվեց ապահով լողալով անցնել վտանգավոր ու փոթորկոտ նեղուցով, որը կոչվում է ամուսնություն, որտեղ խորտակվեցին այնքան իմաստուն ու բարի մարդիկ: Քսանից մի փոքր մեծ տարիքում ամուսնացավ սիրելով ու մի քանի տարի անսխալ երջանիկ էր: Հետո աստիճանաբար հեռացան իրարից: Նրանցից ոչ ոք չէր պատրաստվում կապել իրեն նոր ամուսնական կապով, ուստի ամուսնալուծության մասին խոսք անգամ լինել չէր կարող (ինչը խիստ անցանկալի կլիներ նրա՝ որպես պետական ծառայողի կարիերայի համար): Հարմարության համար նրանք ընտանիքի փաստաբանի օգնությամբ բաժանեցին գույքը, և դա նրանց թույլ տվեց ապրել ինքնուրույն՝ առանց միմյանց միջամտելու։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ցուցաբերեցին փոխադարձ հարգանք և բարի կամք: