«ՆԱՆԸ ԵԿԱՎ»

     Ծեր կինը հաղթահարել զառիվերն ու դիրքապահ զինվորներին հաց էր բերել, կապոցը մեջքից իջեցրել, դրել էր բազմերանգ մամուռով պատված քարի կողքն ու կռթնել քարին: Հոգնել էր: Դիրքի խրամատները դատարկ էին, խոնարհված բլինդաժի ավերակների միջից երևում էր կարմիր կազմով նոթատետրի եզրը: Կինը ցավից ուզեց բարձր գոռալ, բայց ձայնալարերը լռվեցին, լեզուն բերանում անշարժացավ, որովհետև տղաները երկնքում կլսեն ու կանհանգստանան իր՝ հաց բերող կնոջ համար կանհանգստանան, արցունքի շիթը մնաց կնոջ կոպերի տակ, լքված դիրքում լաց լինել չի կարելի, որովհետև դիրքի զինվորները միշտ ծիծաղում էին, և նրանց արյունով օծված հողը արցունքով թրջել ոչ մի դեպքում թույլատրելի չէ: Կինը գոգնոցի փեշով սրբեց աչքերն ու ավելի հարմար տեղավորվեց դարավոր մամուռը վրան քարին, և դիրքը չլքած շունը եկավ, գլուխը դրեց կնոջ գոգը, ու գոգնոցից բուրող ալյուրի հոտից ռունգերը թրթռացին, աշխուժացավ, կինը շոյեց շան գլուխը, շունը երանության մեջ աչքերը փակեց, իսկ կինը չորուկ մատների դանդաղ ու վարժ շարժումներով կապոցը բացեց, կանաչների վրա, մեկ առ մեկ դիրքապահ զինվորների անունները տալով, շարեց խաշած մսի ու տարեկանի հացի կտորները, համոզվեց, որ ոչ մեկը չի մոռացվել, որ նրանք երկնքից տեսնում ու ժպտում են, և հայացքը երկնքից իջեցրեց, ու շան բաժինը դրեց զինվորների բաժինների շարքում, շունը շնորհակալ վնգստաց ու շուլալվեց կնոջ ոտքերին, կինը համոզվեց, որ դիրքի պահապան շունը կհսկի զինվոր տղաների բաժին հացը, և, որ որևէ պիղծ բերան չի կպնի նրանց բաժին նշխար հացին, և, անելիքը ավարտված համարելով, վրան ուղղեց ալրաբույր գոգնոցը, իսկ շունը գետինը հոտոտելով գնաց, բլինդաժի փլատակներից բերեց զինվորի կարմիր կազմով նոթատետրը: Զինվորի չափածո նամակներ էին սիրած աղջկան, ով հիմա պատուհանի առաջ նստած նայում է իր զինվորի վերադարձի ճանապարհին , իսկ ճանապարհն ամայի է: Կինը նոթատետրից փոշին թափ տվեց, գուրգուրանքով սեղմեց կրծքին նայեց ավերված բլինդաժին, աչքի դեմով շարժանկարով անցան քաղաքում օր օրի վեր խոյացող դղյակները, ու մրմնջաց, «գլխներիդ փուլ գա», զգաստացավ, մեղա գալով երեսը դեպի դիմացի բլրի վրայի վանքին երեք անգամ խաչակնքեց, որովհետև էդ դղյակներում կարող են նաև երեխաներ լինել, ապա գրկեց շանն ու շշնջաց, որ ինքը էլի կգա, անպայման կգա, որովհետև զինվոր տղաները մի օր երկնքից կիջնեն, կվերականգնեն խոնարհված բլինդաժը, և ինքը դարձյալ հաց կբերի, և զինվոր տղաները բարձունքներից իրար ձայն կտան՝ «նանը եկա՜վ»...