ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ԾԱՂԿԱԾ ԾԱՌԻ ՃՅՈՒՂՈՎ
Մի տղա բալը կերել ու կորիզը նետել էր հողին, և հողի ծոցում կորիզը տաքացել, փափկել, ծոցվորվել ու ծլարձակել, դարձել էր գեղուղեշ սաղարթով բալենի և ամեն գարնան ծաղկել ու նոր բողբոջակալած ծառերի մեջ առանձնացել էր իր ճեփ-ճերմակ հարսնաքողով: Նկարիչ տղան հմայված շուրջը պտտվել, ընտրել էր ամենածաղկուն ճյուղը, որովհետև իր սիրո համար ուզում էր ծառի ծաղկած ճյուղ նկարել, և բալենու մարմնից կտրել էր ամենասիրուն ճյուղը և ամենևին չէր մտածել, որ ինքը հիմա ցավ պատճառեց հարսնացած ծառին, որովհետև չգիտեր, որ ծառը նույնպես շնչում, սնվում և նույնիսկ մտածում է իր տեսակի շարունակականության մասին, այլապես ամեն գարնան չէր ծաղկի ու պտղավորվի, ու նաև նկարիչ տղան չգիտեր, որ մայրամուտին ծաղիկները իրենց թերթիկները իրար վրա հավաքում և քուն են մտնում, որ լուսաբացին արևի հետ արթնանան, բացվեն ու խնդումերես դիմավորեն բզզան մեղուներին, որ նրանք իջնեն ու իրենց թերթիկների տակ կուտակված անուշահամ նեկտարը տանեն, և առէջների փոշին ցանեն վարսանդի վրա, որ իրենք բեղմնավորվեն, որ պտղավորվի ծառը, բար տա, որ կյանքը հարատևի և նկարիչը, որ մի կյանք ծաղիկ է նկարել, չգիտեր նաև, որ մարգագետնից իր պոկած ծաղիկի համար՝ դաշտերի վրայով վազող քամուց համբույր առնելն ու ամոթխած գլխահակ օրորվելը գերադասելի է անշունչ կտավին հավերժանալ ու պատին կախվելուց, որպեսզի նկարչի սեր կամակոր աղջիկը ամեն առավոտ, գիշերվա երազներում իր մենությունը փարատող վերմակին շուլալված, աչքերը ճպճպացնելով նայի մահճակալի դիմացի պատին ոսկեզօծ շրջանակում թախծող «Ծաղկած ծառի ճյուղ» ընծա կտավին և անրջի նկարիչ տղայի մարմնի բույրն ու կրքոտ շոյի պրկված կրծքերին թափված տաք վարսերը, իսկ այնտեղ՝ այգու մի անկյունում, ծառի հյութը կծորա, կկոշտուկվի հատված ճյուղի ծայրին և սպին կնվվա, և բալենու ծաղկազարդ սաղարթում շնկշնկացող քամին թևին կառնի ծառի հառաչանքը, կտանի ու աշխարհին կպատմի ծառի ամենասիրուն ճյուղի կորստի մորմոքը, իսկ նկարիչ տղան դանակը ձեռքին խաղացնելով դարձյալ կհմայվի ծաղկած ծառի ճերմակ նազանքով և հատելու համար նոր ճյուղ կփնտրի:
2024 Հունիս