ՈՎ է ԱՊՐՈՒՄ

     Շա՜տ դարեր առաջ արևելքում մի փառատենչ իշխան է լինում։ Անունը մոռացվել է, բայց գործը հիշվում է։ Անհանգիստ ու կռվազան է լինում։ Շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր, և դավերի ու կռիվների մեջ հաջողելով՝ դարձել է բոլորից մեծ ու բոլորից ուժեղ պետությունը մյուսների հանդեպ։
     Այդ կռվասեր իշխանը շրջապատի իշխանությունները փոքրացնելուց և հարկատու դարձնելուց հետո ելնում է աշխարհակալության։
     Ստվար և հզոր բանակի գլուխն անցած՝ հարձակվում է մի թագավորությունից մյուսի վրա։ Մի անգամ, հանկարծակի, խուժելով մի հեռավոր իշխանության սահմաններից ներս, ամրոցից ամրոց գրավելով, հաղթանակից հաղթանակ անցնելով, հասնում է երկրի մայրաքաղաքի փակ դռների առաջ։ Պաշարում է քաղաքը, բանակը զետեղում է ամրակուռ պարիսպների շուրջը, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ՝ օր ու գիշեր հնարներ ու դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար։

***

     Մի օր, իշխանը զորքի մեջ քննական պտույտ անելուց հետո վերադառնում էր իր վրանը։ )Ճանապարհն անցնում էր քաղաքի ընդարձակ գերեզմանատան միջով։ Հնադարյան այդ մեռելաստանը ծավալվում էր լայնանիստ դաշտի վրա և ծածկում էր բլուրները։
     Իշխանը քաշեց նժույգի սանձը, կանգ առավ և դիտեց անծայրածիր գերեզմանները։ Դիտում էր և խորհում իր սրտի մեջ -ինչքա՜ն հուշարձաններ կան, ինչքա՜ն մամռոտած շիրիմաքարեր, ինչքա՜ն, ինչքա՜ն, ավելի բազմաթիվ քան իրեն զինվորներն են։ Հարկավ ամեն մի քարի տակ մի հանգած կյանք կա, մի մեռած անհատ - անշուշտ, նրանց մեջ քաջ ռազմիկներ, զորավարներ, իշխաններ, մեծատուններ, գիտուններ... ապրող ներկա անհատների պես - մտքերով և կրքերով, զգացումներով և կամքերով նույն և նման։ Ներկա ապրող աշխարհից առաջ մի անցած ապրող աշխարհ...
     Սանձը հանձնեց թիկնապահներից մեկին, ինքը իջավ նժույգից։ Մոտեցավ առաջին շիրիմաքարին և կարդաց արձանագիրը. - անուն, տոհմանուն, մեծահարուստ վաճառական, ծնվեց այս թվին, մեռավ այս թվին, չապրեց և ոչ մի օր։
     Ի՜նչ տարօրինակ խորագիր։
     Կարդաց մի ուրիշը. - անուն, տոհմանուն, հռչակավոր զորապետ, միշտ հաղթական, ծնվեց - մեռավ, ապրեց միայն մի օր։ Իշխանը զարմացած շարունակեց ընթերցումը հաջորդ մահարձանի. - մեծափարթամ կալվածատեր, ծնվեց - մեռավ, ապրեց յոթը տարի։
     Մոտեցավ մի ուրիշ հուշարձանի. - անուն, տոհմանուն, մարդասպան - ավազակ, ծնվեց - մեռավ, ապրեց երեք տարի։ Ավելի զարմացավ իշխանը, և շիրիմաքարից շիրիմաքար անցնելով՝ կարդաց մի այլ արձանագիր. - անուն, տոհմանուն. խորիմաստ հեղինակ ծնվեց - մեռավ. ապրեց իր կյանքի բոլոր օրերը։
     Իշխանը մտահույզ կանգ առավ. ի՞նչ կնշանակե այս, ի՞նչ խորհուրդ ունեն այս գրությունները։ Մտածեց, մտածեց և անկարող եղավ լուծելու այս գաղտնիքը։ Հրամայեց գտնել - բերել տեղացի մի մարդ՝ գիտակ այս առեղծվածին։ Ցրվեցին թիկնապահները ամեն կողմ, և մի պահ անցած բերին մի ծերունի մարդ, որ բնակվում էր գերեզմանի ծայրին, մի հյուղակի մեջ։
     - Կարո՞ղ ես բացատրել ինձ այս տապանագրերի իմաստը, - հարցրեց իշխանը։
     - Ես այս գերեզմանատան հինավուրց պահապանն եմ, ով մեծ իշխան, և ճանաչում եմ յուրաքանչյուր մահացածին, որ փոշի է դառնում այս քարերի ներքո։
     - Հապա մեկնիր ինձ, ի՞նչ է ուզում ասել, օրինակի համար, այս գիրը։
     Ծերուկը հենվելով ցուպին, առանց նայելու մատնանշված շիրիմին, խորշոմած աչքերը հառելով իշխանի աչքերին.
     - Կես դար է , - ասաց, - դեգերում եմ այս մեռելաքաղաքի բնակիչների մեջ։ Այստեղ հանգչում են հայրերը և նրանց կողքին իրենց որդիները, իսկ թոռները հիմա մարտնչում են քո դեմ։
     Ես գիտեմ այս մեռելաքաղաքի գործերը - մահի և կյանքի առևտուրը։ Կյանքը իր ծնած ժամից գրավ է դրված մահի մոտ։ Մահը խիստ և հզոր պարտատեր է ։ Ո՛չ հաղթապանծ իշխանը կազատվի այդ պարտքից, ո՜չ պարտված ստրուկը... Կյանքը սուտ է, միայն...
     Իշխանը մեղմով կտրեց ծերունու խոսքը։
     - Այո՜, այո՛, բայց խնդրում եմ ինձ մեկնես այս գրերի խորհուրդը։
     Ծերունին մի պահ տրորեց ճակատը և խամրած ձայնով ասաց.
     - Հնուց, դարերի մեջ սրբագործված մի սովորություն կա մեր քաղաքում։ Երբ մեռնում է մի քաղաքացի, դատի են նստում քաղաքի իմաստուն ծերունիները։ Քաջություն, խելք, հարստության անարժեք են, երբ չի գործվում ուրիշի համար։ Իրեն անձի համար ապրած օրերը նժարի մեջ կշիռք չունեն, բարիք գործած օրերն են ապրած համարվում։ Ուրիշի համար ապրողն է ապրում։ Որովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է ։ Եվ այսպես հաշվում են ննջեցյալի բարիք գործած օրերը և թիվը գրում տապանի վրա։
     Եվ առանց նայելու մատնանշված շիրիմաքարին, շարունակեց ծերունին.
     - Այս քարի տակ հանգչում է մեր ժողովրդի հռչակավոր իմաստունը։ Իր մանուկ օրերից հրաժարվեց նա աշխարհի հաճույքներից։ Խոր զգաց թշվառի և զրկվածի տանջանքները, տառապեց քաղցածի և կեղեքվածի տառապանքներով։ Ամփոփվեց իր աղքատիկ խցի մեջ, օր ու գիշեր, ամեն ժամ խորհեց՝ ուղի գտնելու թշվառների փրկության համար։ Գրեց ու երգեց, և նրա սրտից բխած խոսքն ու երգը մխիթարեցին տառապողին, ըմբոստացրին լքվածին և սաստեցին կեղեքողին և հարստահարողին։ Նա մեր մարգարեն է, իմաստուն առաջնորդը դեպի արդար և բարի կյանքը։
     Եվ մեր ծերունիները հաշվեցին նրա կյանքի բոլոր օրերը - ապրած օրեր, զուր չգնացած։
     - Իսկ այս մյուս մահարձա՞նը, - հարցրեց իշխանը։
     - Սա մեծ ճանապարհների վրա կողոպտող և սպանող ավազակ էր։ Բայց մի օր զղջաց իր ոճիրները, կոտրեց սուրը։ Հեռավոր վայրերից աղբյուր տարավ երկրի ամենից ջրազուրկ ճանապարհի վրա և ինքն էլ աղբյուրի մոտ իր խշտին դրեց։ Առավոտից մինչև երեկո գավաթը ձեռքը՝ սառը ջուր էր մատուցում ծարավի ճամփորդներին։ Այսպես նա ապրեց ուրիշների համար թվով երեք տարի։
     - Այդ մատնանշածդ մեր քաջ զորապետն էր, հաղթողը մեր երկրի թշնամիներին, բայց նրա սխրագործությունները հաշվի չառան, այլ այն միակ արարքը, որ սիրո և բարության ծնունդ էր։ Նա պատերազմում մի անգամ թշնամի մի վիրավոր զինվորի պատսպարեց իր վրանում, վերքերը կապեց և խնամեց մի օր։ Այդ միակ օրը մեր իմաստունները հաշվեցին ապրած օր։
     - Իսկ այս մահարձանի տակ պառկած է քաղաքի մեծահարուստ մեկը։ Իր կյանքում նա միայն մի բան գիտեր - գանձ դիզել։ Եվ ո՛չ մի մարդու և ո՛չ մի վայրկյան չկարեկցեց. աննշան բարիք իսկ չարեց և ո՜չ մեկի համար։ Նրա օրերը զուր անցան, ծխի պես ունայն։ Եվ գրեցին նրա տապանի վրա - չապրեց և ո՜չ մի օր։
     Իշխանը գոհացավ ծերունու խոսքերից, առատ վարձատրեց նրան, և հետիոտն, գլուխը քարշ, դանդաղ քայլերով գնաց վրանը։
     Բոլոր գիշերը մինչև լույս, նա առանձնացած, գլուխն առավ ափերի մեջ, ո՛չ քնեց և ո՛չ հանգստացավ, մտածեց ու մտածեց։
     Երբ լույսը ծագեց՝ փոխանակ ռազմակոչ շեփոր զարկելու կռիվը նորոգելու համար, նահանջի հրաման արձակեց։ Պաշարումը վերացրեց, վերադարձավ իր երկիրը, բանակը ցրեց և ձեռնարկեց բարի և խաղաղարար գործերի՝ մնացած կյանքը ապրելով ուրիշների բարօրության համար։
     Ավանդությունը հիշատակում է, որ նա, ամեն առավոտ զարթնելիս և ամեն երեկո քուն մտնելիս, կրկնում էր. - Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա։