ՇԻԴՀԱՐԸ

(Առասպել)

     Թափառական Շիդհարը վեր բարձրացրեց մտազբաղ աչքերը, որոնց վրա արևակեզ ճակատի խորունկ խորշոմներն էին իջել։
     Եվ տեսավ զարմանքով, որ ա՛յն վաղեմի ծանոթ ծովը, որի շառաչուն ափերով ինքն անցել էր մի քանի անգամ իր դարավոր թափառումների անկայան ընթացքին, հիմա մի ծարավուտ և տատասկոտ անապատ է դառել։
     Եվ տեսավ, որ նախկին ծովի կանաչ ալիքների փոխարեն, որոնց վրա նավերն էին օրորվում փետուրի պես, - հիմա ավազի դեղին ալիքներն են գալարվում անապատային առյուծի բաշերի պես։
     Եվ նավերի փոխարեն դանդաղ քայլում է քարավանը խուլ ղողանջումով։
     Երկաթեղեն ոտներով մոտեցավ նա քարավանի պետին և խոլաձայն հարցրեց.
     - Քանի՞ ժամանակ է, որ այստեղ անապատ է գոյացել։
     - Խեղճ ծերուկ, խելքդ թռցրել ես, - բարձրաձայն ծիծաղեց առաջնորդը։
     - Ճիշտ եմ ասում, անծանոթ բարեկամս, տարիներ առաջ, երբ անցա, այստեղ մի անեզր ծով կար, իսկ հիմա - անջուր անապատ։
     Եվ նրա ահազդեցիկ ձայնը գալիս էր դարերի մռայլ խորքերից։
     - Սակայն քո աչքերից չի երևու՛մ, թե դու խելագար ես։ Բայց ի՞նչ անհասկանալի բաներ ես ասում։ Մեր պապերի պապերի պապերը անցել են այս տեղով, ու նրանցից էլ շա՜տ առաջ շատերն են անցել, իսկ այս անապատն աշխարհի սկզբից կար ու կմնա...
     Երազի մեջ ես, ծերուկ, երազի մեջ։
     Մի դաժան ծաղր կծկվեց Շիդհարի սևաթույր շրթների անկյունում։ Եվ նորից քայլեց առաջ։

***

     Անցան դարեր, նորից դարեր։
     Թափառական Շիդհարի հարյուր անգամ երկիրը չափող ոտները մի անգամ վերստին ուղղվեցին դեպի անապատը։
     Երբ մոտեցավ ծանոթ վայրի սահմաններին՝ տեսավ, որ երեկվա ամայի անապատում հիմա մի մարդաշատ քաղաք է եռում։
     Մոտեցավ քաղաքի մեծ դռանը և միամտորեն հարցրեց դռնապանին.
     - Ի՜նչ շուտ շինեցիք այս քաղաքը։
     Դռնապանը շատ տարօրինակ գտավ այս հարցը։
     - Ինչպե՜ս թե... շինեցինք։ Վաղո՜ւց, վաղո՜ւց գոյություն ունի այս քաղաքը. մեր պապերի պապերի պապերը չգիտեն անգամ, թե ո՞վ և ե՞րբ ձգեց այս քաղաքի հիմերը։ Այս քաղաքն այնքան հին է, որքան աշխարհը։
     Մռայլներով լեցուն աչքերը մեծ թափառականը նետեց քաղաքի վրա - փողոցներում և շուկաներում խռնվում էին այրեր, կանայք և երեխաներ։
     Ոմանք աճապարում էին մտահոգ, ոմանք արևի տակ զվարճանում էին անհոգ, և երեխաները զվարթ խաղ էին անում աղբյուրների շուրջը։
     Կանայք՝ պճնված վարդերով ու գոհարներով, հրապուրում էին այրերին, և նրանց երազուն հայացքները սիրո անվախճանությունն էին խոստանում։
     Հրապարակների վրա պերճախոսները որոտում էին հավերժական ճշմարիտի և գեղեցիկի մասին, մարդու տիեզերական արժեքի և նրա գերագույն նպատակների մասին...
     Նորից մի դաժան ծաղր գալարվեց՝ անապատի օձի պես՝ Շիդհարի մթագին շրթների վրա.
     «Ա՛յն թռչող վայրկյանը, որ մարդիկ կյանք են անվանում, հավերժական է թվում այս խեղճերին... Սակայն, ո՛վ փրկարար պատրանք... Իրենց խխունջից տիեզերական օվկիանի խորհուրդներն են լուծում և օրենքներ են սահմանում անհունին և անսահմանին... Անապատի վրայից սահող ամպի ստվերից ավելի ստահոդ է ձեր էությունը... Սակայն տեսնենք վաղը ի՞նչ է լինելու...»։
     Եվ վերստին քայլեց անդուլ դարերի թափառականը։

***

     Անցան դարեր, նորից դարեր, և եկավ վաղը։
     Հիշեց Շիդհարը վաղեմի քաղաքը և ուզեց այցելել նրան։
     Երբ հասավ նրա սահմաններին՝ տեսավ, որ քաղաքի տեղը հիմա փռվում է մի դաշտավայր՝ ծաղկավետ և գարնանագեղ։ Գետակի ափին պարում էին ու երգում նորաբողբոջ աղջիկները։ Եվ հովիվը արածացնում էր խաշների հոտը սրնգի դայլայլների տակ։
     - Ո՞ւր գնաց այստեղից քաղաքը, - հարցրեց նա հովվին։
     - Ի՞նչ քաղաք, – ապշեց հովիվը։
     - Տարիներ առաջ իսկ և իսկ այս կողմերն էի. մի մարդաշատ քաղաք էր եռում այստեղ։ Նրա մասին է խոսքս...
     Հովիվը քար - կտրած նայում էր Շիդհարին։
     - Ե՞րբ առաջ եկավ այս դաշտը,– հարցրեց Շիդհարը։
     - Ի՞նչ սարսափելի բաներ ես ասում, ես քեզ չեմ հասկանում... մեր պապերի պապերի պապերը, և էլի առաջ, այստեղ իրենց հոտերն են արածացրել։ Այս դաշտը կար աշխարհի սկզբից և կմնա ...
     Հինավուրց թափառականի մռայլ շրթները նորից գալարվեցին. և արգահատանքի մի հայացք, դաշույնի պես, շողաց նրա աչքերում։
     «Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը... Երգում են և պարում, և չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու...»։
     Եվ նորից քայլեց Շիդհարը։ Ձյունաթույր մազերը ալեկոծվում էին նրա մթին ճակատի վրա։ Քայլում էր և հոգու խորքում դառնագին խորհում մարդու միամտության և նրա գոյության ակնթարթի վրա և բոլոր իրերի գահավեժ հոսման վրա ...