ՄՈՐ ԿՈՇԻԿՆԵՐԸ
Հայրը երկու տարի առաջ էր գնացել, հիմա էլ մայրը, և դագաղի շուրջը, ձեռքերը գոգերում իրար ագուցած, տխրադեմ կանայք իրար հետ խղճահար հայացքներ փոխանակում, ապա սահեցնում դագաղի վրայով և «խեղճ աղջիկ» ասելով վերադառնում ու քնքշանքով գուրգուրում էին որբացած միամորիկ Մանեին, իսկ բարձրախոսից ծորացող դուդուկի մեղեդին թանձրացնում էր սուգն, ու որբ մնացած աղջիկը դագաղի գլխավերևում մայրիկին հավերժություն ճանապարհելու համար Սերոբի խանութից ապառիկով բերած նոփ-նոր, սև բարձրակրունկ լաքի կոշիկները կրծքին սեղմած էր կծկվել, որովհետև Մանեն բարձրակրունկ կոշիկներ ունենալու ապերասան երազանք ուներ և մոր հագից սև բարձրակրունկ կոշիկները հանել, նրա ամենօրյա կիսամաշ կոշիկները հագցրել և ծածկոցով այնպես էր ծածկել, որ սուգ անող կանայք չնկատեն և հանգուցյալին վերջին ուղի հնամաշ կոշիկներով ճանապարհելը մահացու մեղք ու աններելի անարգանք համարելով բերնի ծամոն չսարքեն, չկամ խոսքի կծիկը ետ չտան, ու մայրիկի անունը չընկնի անհոգի բամբասանքի հյուսած սարդոստայնը, ու Մանեն դառնարցունք ողբում էր մայրիկի կորուստն ու հազարավոր մարդկանց մեջ իրեն սպասվող միայնությունն, իսկ ձեռքերով ամուր ծածկել էր սև բարձրակրունկ կոշիկները, որ աչքերից անընդմեջ հոսող արցունքի որևէ կաթիլ չընկնի մայրիկի սև լաքի կոշիկների վրա, և հորդացող լացի հերթական նոպայից շնչահեղձ էր լինում:
Իսկ դա եղել էր քսան տարի առաջ, տղան՝ Մանեի Հայրը, ուղղորդմամբ գնացել էր հոր ընկերոջ աղջկա հետ ծանոթանալու, և սենյակում, բազմոցին՝ կարճ փեշերի տակից ողորկ ու կլոր ծնկերը ցուցադրած հոր ընկերոջ աղջիկն ու ընկերուհին՝ Մանեի մայրն էին եղել, և տղայի հայացքը աղջիկների չարաճճի խնդմնդացող աչքերից սահել վար, և սերը հոր ընկերոջ աղջկան չէ, ընկերուհու ոտքերին էր խոստովանել, և ծնվել էր ինքը ՝ Մանեն, ով հիմա մայրիկի վերջին ճանապարհի համար Սերոբի խանութից ապառիկով բերած սև փայլուն բարձրակրունկ կոշիկները սեղմել է կրծքին, իսկ քիչ անց քահանան կգա բառերը հանգավորելով ու երկարացնելով հոգեհանգստի կարգ կկատարի, ինքը՝ Մանեն, կուշաթափվի, երեսին ջուր կշփեն, ուշքի կգա, և թևերն ընկած իրեն տուն կտանեն, երկար բարակ կսփոփեն, աջակցության խոստումներ կտան ու կգնան, և ամա տանը կմնան ինքն ու մայրիկի սև փայլուն կոշիկները, ինքը կուզենա հագնել իր երազանքի բարձրակրունկ կոշիկներն ու նրանց վրա շորորալ, բայց կզսպի իրեն, չի հագնի, այլ գիշերները ծոցը կառնի, կշնչի կոշիկներից եկող մոր բույրը, կարբենա, կքնի, և երազում ճեփ-ճերմակ հագած մայրը դուռը անաղմուկ կբացի, ժպտալով կգա կնստի մահճակալի եզրին, ու երկար կզրուցեն, և մայրը նազանքով կուղղի վերմակը, որ ուսը բաց չմնա, ինքը չմրսի, և առավոտյան թեթևացած սրտով կարթնանա Մանեն, ծոցից կհանի կոշիկները, կդնի մահճակալի կողքի զարդասեղանին՝ մայրիկի նկարի առաջ, և կշարունակվի մոր և աղջկա կիսատ մնացած հոգեթով զրույցը:
2024 Օգոստոս