ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արամիկը տվայտանքների մեջ էր, և իր գիշերները մղձավանջի էին վերածվել, որովհետև ինքը սիրահարվել էր դպրոցի առաջին գեղեցկուհի Արուսյակին, ով ավարտական դասարանում էր և այս տարի կավարտի ու կգնա քաղաք սովորելու, մինչդեռ ինքը դեռ հինգ տարի է՜լ ունի և մինչև դպրոցն ավարտի Արուսյակը կամուսնանա այն տղայի հետ, ում ձեռքը բռնած ամեն օր դպրոց է գալիս, իսկ ինքը հեռվից-հեռու ուղեկցում է նրանց, և Արուսյակը իրեն չի էլ նկատում, որովհետև ինքը փոքր է, և երկարատև մտատանջություններից հետո Արամիկը գտավ իր անհույս սիրո փրկությունը, որովհետև Արուսյակի նման սիրուն աղջիկը պիտի որ իրենից փոքր, Արամիկի տարիքի, քույր ունենար և դասերի ժամանակ ու նաև տանը սկսեց նամակներ գրել, թղթե սավառնակներ սարքել ու իրենց թոնրատան երդիկից նետել նրանց գյուղի ուղղությամբ, բայց, քանի որ նույնիսկ հանդիպակաց քամու դեպքում էլ իր նամակ սավառնակները կարճատև թռիչքից հետո կործանվում ու ընկնում էին իրենց բոստանը, սկսեց նամակ-նավակներ սարքել և գետափին տախտակի և թիթեղի կտորտանքից իր հավաքած նավամատույցից իջեցնել ջուրը, որովհետև նրանց գյուղի մոտ գետը մեջք է տալիս, և առաջացած գետախորշից Արուսյակի փոքր քույրը կվերցնի նամակ-նավակն ու կրծքին սեղմած կնստի իրենց այգու մեծ խնձորենու տակ և ծիտիկների ծլվլոցի ուղեկցությամբ կկարդա ու անրջանքով կնայի այգու երկնքով շարվե-շարան անցնող ճեփ-ճերմակ ամպերին ու նրանց մեջ կփնտրի իրեն՝ Արամիկին, և այս մտքից Արամիկի շնչառությունը հաճախանում, այտերը կարմրում էին, և հաջորդ նամակն ավելի սիրառատ ու երկարաշունչ էր ստացվում: Սակայն Արամիկի հովվերգական օրերը հանկարծահաս ավարտվեցին, որովհետև, երբ Արուսյակը դպրոցն ավարտեց, պարզվեց, որ ինքը ոչ մի քույր էլ չունի, և ընկճախտահար Արամիկը օրերով նստում գետափին, իր սարքած նավամատույցում, ակնապիշ նայում էր վազող ջրերին, և խայտացող ալիքներից իրեն էին նայում Արուսյակի ծեքծեքուն աչքերն, ու ինքը ամենուր անցնող-դարձող կանանց մեջ փնտրում էր իր Արուսյակին, և, երբ թվում էր, թե իր անհույս սիրո տվայտանքները մարել էին ամուսնացել էր դասարանցի Գոհարի հետ, բայց պարզվել էր, որ Արուսյակը այսպիսի սուրճ երբեք չէր պատրաստի, իսկ ճաշերն էլ կամ շատ աղի էին, կամ շատ անալի, անկողնում էլ Գոհարը բոլորովին Արուսյակ չէր, և մեղրամիսը չլրացած բարեկամաբար բաժանվել էին: Հետո Արամը մի քանի անգամ էլ էր ամուսնացել, որոնք ավելի կարճատև էին եղել, որովհետև կանանց ու Արամի միջև անկողնում, թե սեղանի շուրջ միշտ ներկա էր եղել սեթևեթող Արուսյակը, իսկ Արամի ամենակարճատև ամուսնությունը եղել էր վաղեմի ծանոթ Մարիի հետ, երբ ամուսնության առաջին գիշերվա առավոտյան միջանցքի հայելու վրա Արամը կարդացել էր կարմիր շրթներկով գրված, «Դու է՜լ, քո Արուսյակն էլ» գրությունը և ճակատագրին հլու գնացել խոհանոց՝ ավանդական կաթով սուրճը պատրաստելու, և շարունակել էր հանդիպող կանանց մեջ փնտրել ԻՐ Արուսյակին, իսկ այդ ամառային օրը շոգը հեղձուցիչ էր եղել, և շիկացած ասֆալտը մազութի գոլորշիներ էր արտաշնչել, զբոսայգու ծառերի տերևները ջրազրկվել, սմքել ու կռկվել էին, հատ ու կենտ զբոսանքի ելածները պատսպարվել ծառերի ստվերում անկապ ու անթեմա էին զրուցել, երբ ծառուղուց դուրս եկել ու գոտկատեղից ներքև հասնող մազերը արևի տակ փողփողացնելով Արամի կողքով անցել էր ՆԱ, և ինքը «Արուսյա՜կ» մրմնջալով գայթելով վազել էր նրա հետևից, և, երբ արդեն հասել ու մատների ծայրով հպվել էր ՆՐԱՆ, մազերն առագաստվել էին և հանկարծահաս պտտահողմը ՆՐԱՆ իր մեջ առել բարձրացրել էր վեր, շենքերի կտուրների բարձունքից կինը ձեռքով էր արել Արամին, և սատանի քամու թևին սուրացել վեր ու անէացել էր տիեզերքի անհունում, և Արամի «Արուսյակս» հոգոցները բազմապատկվել էին քաղաքի բարձրահարկ շենքերի լաբիրինթոսում, իսկ այգում շոգից ճլորած ծառերն էին և ձեռնափայտին օրորվող շփոթահար Արամը:
Տապը հեղձուցիչ էր:
2024 Հունիս