ԱՆԱՆՈՒՆ ՇՈՒՆԸ

     Ինքը հարուստների թաղամասի՝ երեք կողմից ցանկապատված աղբանոցում էր ծնվել և անուն չուներ, որովհետև շներին անուն տալիս են տերերը, իսկ ինքը անտուն ու անտեր շուն էր, և մայրը, ով նախկինում տան շուն էր եղել, տիրոջ մեծ տանը նույնիսկ իր անկյունն էր ունեցել, և ապրել անհոգ ու ապահով, բայց, երբ տերը հոգնել իրենից ու նոր շուն էր տուն բերել, ինքը՝ անանուն շան մայրը, հայտնվել էր փողոցում, որովհետև բոլոր տերով շները մի օր հայտնվում են փողոցում։
     Անանուն շունը մորն առանձնապես չէր հիշում, որովհետև ինքը դեռ ամսական չկար, երբ աղբանոցում որևէ ուտելիք չգտնելով՝ մայրը գնացել էր քաղաքի սեփական տների բակերից կեր հայթայթելու և այլևս չէր վերադարձել, որովհետև մի հարուստի մառանից միս գողանալիս՝ տան տերը գնդակահարել էր անանուն շան մորը, և, երբ կենդանասերները այս սպանության առթիվ մեծ աղմուկ էին բարձրացրել, մառանի տերն արդարացել էր, թե իրեն թվացել է՝ գայլ է և, որ իմանար՝ շուն է, ինչու՞ պիտի փամփուշտ փչացներ քարով կխփեր, և մենակ մնացած քութիկը ընկերացել էր սարերից երբեմն աղբանոց եկող երիտասարդ շանը ու նրա հետ հեռացել սարերը, ծաղկազարդ լեռների ամպամերձ լանջերին ու անդնդախոր ձորերի քարկիտուկներում որս անելով՝ երջանիկ ու անհոգ ապրել մինչև այն օրը, երբ իրենց սարում հայտնվել էր գայլերի ոհմակը, և անհավասար կռվում երիտասարդ շունը խեղդել էր ոհմակի առաջնորդ գայլին, բայց կռվում ստացած իր վերքերը մահացու էին եղել, և ընկերոջ ընկնելուց հետո, ինքը, թեկուզ միայնակ հալածելով իրենց սարից քշել էր եկվոր գայլերին, բայց միայնությունից ձանձրացել ու վերադարձել էր աղբանոց, սակայն սարերի հովին ու ծաղիկ-ծաղկունքի բուրմունքին սովոր անանուն շունը աղբարկղներից տարածվող գարշահոտությունից անզուսպ փռշտացել ու շնչարգելության նոպաներ էր ունեցել և հրաժեշտ տվել աղբարկղ նետվող տոպրակների համար գզվռտվող ցեղակիցներին, վերադարձել սարերը, բարձրացել մենավոր ժայռին, որի տակ ընկել էր երիտասարդ շունը, դունչը երկինք պարզել, բարձր ու հաղթական ուլուլացել էր, և նրա ուլուլոցը արձագանքվել լեռներում, հասել թերմացքներով սնվող ցեղակիցներին, և աղբանոցից ի պատասխան հնչող ուլուլոցները բազմաձայն բազմապատկվել, բարձրացել երկինք ու երկնի ջինջ կապույտով շղարշված իջել ու նստել էին քաղաքի գորշ տանիքներին և ջրհորդաններով իջել ողողել փողոցներն ու բախել փակ դռներն, ու տներից դուրս եկած ապշահար մարդիկ տեսել էին դեպի լեռները փութացող, աղբանոցների անանուն ու անտուն շների հուսավառ երթը և զարմացած նայել էին իրար:

2024 Մարտ