ՔՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՆԱՐՈՂԻ՜...

     Կյանքը սար ու ձորում ոչխարի հոտի ետևից քայլելով մաշած Տերտերանց Չիլ Անդրեասը կովը մսուրին կապել, հորթն առանձնացրել, գոմի դուռը վրա դրել, ջարդված սողնակին նայել ու «հանկարծ չբացվի» ասելով ամեն օրվա պես քարը դռանը հենել, դուրս եկել, նստել էր պատի տակի քարին, մեջքը ջանասիրաբար պատին քորել, չիբուխը լցրել, մի քանի անգամ փստացրել, աչքերը փակել ու ոչխարի հոտը դեմն արած բարձրացել Սուրբօվանես սարի լանջերն ի վեր։ Շուրջբոլորն անեզր զմրուխտ կանաչն էր ու ծաղկաբույրը վերևում անամպ կապույտ երկինքը, օդում՝ սարվոր թռչունների հանգերգն ու սարերում մշտապես ներկա` քամուց օրորվող մարդաբոյ մանդակի թփերի սոսափյունը, իսկ քարկիտուկի ձորակում՝ մորի հավաքող ալ ու ալվան փողփողացող փուշիներով կանանց երամն ու նրանց մեջ` Մոսոյենց Քերոբի աղջիկ Փեփիկը, և երբ իր աչքը նրա աչքին էր առել, սիրտը թփրտացել, մարմնով դող ու ջերմություն էր անցել, իսկ Քերոբի աղջիկը մորուց էլ կարմիր շառագունել ու ծաղկանախշ փուշիի ծայրով բերանն էր փակել, ինքը՝ ոչխարի չոբան Չիլ Անդրեասը, նշանը դրական գնահատել, երջանիկ ժպտացել ու, հռեե՜ հա՜, սուրուն քշել էր Ավելուկոտ աղբյուրի լանջը, նստել աղբյուրի մոտ, տոպրակից հանել հացն ու պանիրը, ծարավը հագեցրել տերևների տակից ծլծլացող անապակ ջրով, հիշել իր հովվության տարիների միակ թշնամուն՝ գորշ գայլին, որը մտել էր հոտի մեջ ու մի քանի ոչխար ջարդել, մինչև իր հավատարիմ գելխեղդ Չամբարը մյուս շների հետ հասել, ու քշել էին անիրավին։
     Տերտերանց Չիլ Անդրեասի դեմքին միայն մի ակնթարթ ժպիտն առկայծել ու մարել էր:
     Հեյ վա՜խ... Քու պատերազմ հնարողի՜...
     Մեծ պատերազմի հաղթական ավարտի ավետիսի հետ, Մուշեղից ու Ռուբենից հետո երրորդ որդու՝ Հովսեփի զոհվելու բոթը գուժող սև թուղթը ստանալուց հետո Քերոբի աղջկա աչքը չէր չորացել, անկողնում իրեն մեջքով էր շուռ եկել, և այլևս երբեք փորով չէին շփվել։ Ինքը չէր հակառակել, ու մի տան մեջ երկուսով, բայց ամեն մեկն ինքն իր հետ միայնակ էր մնացել, ու հիմա, երբ կնոջը՝ Քերոբի աղջկան, սրտում մակարդված վիշտը տարել էր երկինք ու միացրել պատերազմ հաղթանակած որդիներին, ինքը մնացել էր միս-մենակ, ու ամեն երեկո գոմի դուռը քարով ամրացնում էր, որ գիշերը որևէ գել ու հարամի գոմը չմտնի։ Չիլ Անդրեասը չիբուխը մի երկու անգամ էլ փստացրել, քարի վրա հարմար տեղավորվել ու գլուխը հակել էր կրծքին։
     Առավոտյան գյուղացիք նախիրը նախրքաշ տանելիս պատի տակի նստելաքարին տեսել էին հանգած չիբուխը ափի մեջ անշարժացած ծերունուն, իսկ պոկված ծխնիներից կախ ընկած դռան արանքից ներս մտած քամին սուլոցով դուրս էր եկել գոմի երդիկից, մի քանի անգամ պտտվել Չիլ Անդրեասի տան վրա, ապա անփեղկ պատուհանից ներս մտել, ծեծել տան պատերն ու պտտահողմի վերածվելով` սրընթաց դուրս եկել, և գյուղի վրա կախվել էր Չիլ Անդրեասի սրտակեղեք հառաչանքը. «Քու պատերազմ հնարողի...»: